Քրիստոնեական յոթ սրբավայր Շիկահողում, որից երկուսը՝ գերության մեջ

20.10.2026 17:24
90

Շիկահողը Սյունիքի այն բնակավայրերից է, որ հազարամյակների ընթացքում չի լքվել։

Մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Շահավուզ, Շեկահող, Շիկահողս, Շիկահողք և այլ անվանումներով։

Հանդիպում ենք նաև Շիկահող Մյուս կամ Շիկահող Վերին գյուղի մասին հիշատակություն, որը, ըստ որոշ աղբյուրների, գտնվել է Ծավ գյուղի մոտ կամ գուցե հենց նրա տեղում։

Առաջին գրավոր հիշատակությունը Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում է՝ Շիկահողք անվամբ, Կովսական գավառում՝ Տաթևի վանքին տրվող 12 միավոր հարկաչափով։

Շիկահողին անդրադարձել է նաև Ղևոնդ Ալիշանը՝ «Սիսական» տեղագրության մեջ։

Ահա՝ «Գետահովտի միջնահատվածում՝ մի գետակի կից, որը հյուսիսից (ձախակողմից) է, կա Շախաուզ կոչված գլխավոր գյուղը, որը ըստ իս Շիկահող կամ, համաձայն Հին ցուցակի, Շիկահողքն է։ Ելնելով հարկի (12 բեռ) չափից՝ սա փոքր չի եղել...»։

Գյուղը Կապան քաղաքի հարավ–արևելյան կողմում է, քաղաքից մոտ 22 կմ հեռավորության վրա։

1831-ին ուներ 254, 1897-ին՝ 703, 1926-ին՝ 909, 2011-ին՝ 229 բնակիչ։

Շիկահողին խորհրդային տարիներին միացվել է նաև Գյումանտ Առաջին գյուղը (1897-ին ուներ 42, 1914-ին՝ 242 բնակիչ)։

Բնակավայրը Մեղրու լեռնաշղթայի արևելյան ճյուղավորություններից մեկի լանջին է, շրջապատված՝ անտառածածկ լեռներով, որոնց գագաթներն ալպյան գոտում են։

Գյուղից 3-4 կմ արևմուտք Շիկահողի գլուխ կամ Շախաուզ, Շահավուզ լեռնագագաթն է՝ 2164 մ բարձրությամբ։

Գյուղամիջով է հոսում Շիկահող գետակը, որն Արաքսի ձախակողմյան Ծավ (Բասուտ) վտակի ձախ օժանդակն է։ 17 կմ երկարությամբ գետակը սկիզբ է առնում Խուստուփի լեռնազանգվածի հարավ–արևելյան լանջերից, հոսում է հարավ–արևելք և Ներքին Հանդ գյուղից հյուսիս միանում Ծավին (Բասուտին)։

Շիկահող գետակը գյուղը բաժանում է երկու մասի. արևկող մասը՝ Պառակ, մյուսը՝ Շեն։

Շիկահողը Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակութային օջախներից է, ինչը հաստատվել է ճանաչված հնագետ Օնիկ Խնկիկյանի կողմից 1974-ին գյուղի տարածքում կատարած պեղումների ընթացքում։ Հնագետի ուսումնասիրությունների արդյունքներին կարելի է ծանոթանալ «Պեղումներ Տանձավեր և Շիկահող գյուղերում» հոդվածում։

Գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան բազմաթիվ գյուղատեղիներ, գերեզմաններ (17-18-րդ դարեր), կամուրջ (19-րդ դար), քարարկղային դամբարաններ (7-6-րդ դարեր մ.թ.ա.), բերդի ավերակներ (գյուղի արևմտյան կողմում), որը հավանաբար եղել է Մելիք Նուբարի բերդը։

Հիշարժան են նաև «Սպիտակ հողեր», «Կապեն արտ», Քրկտոր կոչվող և մյուս վայրերում հայտնաբերված նյութերը։

Շիկահող անվամբ է կոչվում 1958-ին հիմնադրված պետական արգելոցը, որ սահմանակից է Շիկահող, Ծավ, Շիշկերտ, Ներքին Հանդ, Սրաշեն գյուղական բնակավայրերին, զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանը։

Իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ), Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները։

Շիկահողում կան նաև բնության բազմաթիվ հուշարձաններ՝ Շիկահող գետի վերին հոսանքում գտնվող ջրվեժը, Սուրբ քար կոչվող լողավազանը, որի մեջ պառկեցնում են կապույտ հազով հիվանդին և բուժում։

Գյուղի նշանավոր վայրերից է Շարու քարը, որը կարևոր դեր է խաղացել 1905-06, 1918-20 թթ․ հայ–թուրքական բախումների, ինչպես և 1991-93 թթ․ Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ։

Նշանավոր է Բերդի քար միջնադարյան ամրոցը՝ համանուն լեռան գագաթին, որի հետ կապված բազմաթիվ զրույցներ կան՝ հատկապես Դավիթ Բեկի ժամանակներին առնչվող։

Շիկահողի տարածքում եղել են քրիստոնեական բազմաթիվ սրբավայրեր, որոնցից յոթն է մեզ հայտնի։

1. Պեխնի խութի մատուռը

11-12-րդ դարերի այդ սրբավայրը, որ հիմա ավերակ վիճակում է, գտնվում է գյուղից 5 կմ արևելք, բարձունքի վրա, անտառի մեջ, դժվար հասանելի վայրում։

Ականատեսները պատմում են, որ այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտը։

Ցավոք, այդ սրբավայրը 2020-ի պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի տիրապետության ներքո։

2. Շաթարուզի եկեղեցին

Բազիլիկ ոճի այդ կառույցը հիմնադրվել է 16-րդ դարում։

Կիսով չափ թաղված է հողի մեջ։

Ավերվել է 1992 թվականին՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով։

Աստծո այդ տաճարը ևս 2020-ի պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի տիրապետության ներքո։

3. Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Գտնվում է գյուղամիջում։

16-րդ դարում կառուցված միանավ բազիլիկ եկեղեցի է։

Բեմին ագուցված մի վիմագրից երևում է, որ եկեղեցու տեղում  եղել է 13-րդ դարում (1215 թ.) կառուցված մեկ այլ տաճար։

Եկեղեցին հատկապես տուժել է խորհրդային տարիներին, երբ օգտագործվել է տնտեսական նպատակներով։

Որպես ճարտարապետական կառույց այն բնորոշ է վաղ միջնադարին, այդ շրջանից պահպանվել են որոշ խաչքարեր, արձանագրություններ։

2016 թվականին վերաբացվել են եկեղեցու դռները։

Վերանորոգող ճարտարապետն էր երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը, շինարարական աշխատանքներն իրականացրել է «Հրակարսիմ» ՍՊ ընկերությունը։

«Երկիր և մշակույթ» կազմակերպության նախաձեռնությամբ ու միջոցներով է վերականգնվել եկեղեցին, որի վերաօծման և վերաբացման արարողությունը (6 օգոստոսի 2016 թ․) կատարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ մասնակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի և Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի։

Եկեղեցու վերականգնմանը մասնակցել են նաև բարերարներ Հայկ և Հիլդա Մանջիկյանները։

Եկեղեցում և նրա հարակից տարածքում՝ մինչև վերականգնողական աշխատանքների իրականացումը, կատարվել են պեղումներ, որի վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ է հաղորդում Արման Նալբանդյանը՝ «Շիկահողի Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու պեղումների արդյունքները» հոդվածում (26 փետրվարի 2025 թ.)։

4. Եկեղեցի «Ձորի» կամ Ծերիգղեցի՝ Գեղցահանդ գյուղատեղիում

Գեղցահանդ Ներքին և Գեղցահանդ Վերին գյուղերը գտնվել են Շիկահող գյուղից 3-4 կմ արևելք՝ անտառապատ ձորալանջին։

Նշմարվում են շինությունների ավերակները, գերեզմանների հետքեր։

Պատմում են, որ այդ գյուղերի բնակիչներն  վերաբնակվել են Շիկահողում։

Ձորալանջին գտնվող ուշ միջնադարյան եկեղեցին ավերված է, անտառի մեջ՝ գրեթե աննկատ։

2.5մ x 6 մ չափերով ավերված եկեղեցու մեջ վաղուց ծառեր են աճել, փորձեցինք հնարավորինս մաքրել։

Գեղցահանդ գյուղատեղի այցելեցինք Շիկահող գետի ձախ ափով՝ դաշտամիջյան ճանապարհով։

Սրբավայրը շատ մոտ է հայ–ադրբեջանական շփման գծին։

Երևում է՝ շատ վաղուց այնտեղ մարդիկ չեն այցելել, որևէ արահետ չկար։

Չլինեին մեր հայրենագետ ուղեկցողները՝ Անդրանիկ Մարգարյանը և Մանվել Արզումանյանը, անհնար կլիներ գտնել սրբավայրի ավերակները։

5. Խրավանդ սրբավայրը

Գտնվում է Շիկահողից 4 կմ հյուսիս–արևմուտք։

Պահպանվել են միայն հիմքի քարերը։

Մինչև 1960-ական թվականներն այդ սրբավայր էին այցելում ուխտավորներ։

1970-80-ականներին Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան եկեղեցու հյուսիսային կողմում այգի հիմնելու մտադրություն ուներ և այդ նպատակով մելիորացիոն աշխատանքներ ձեռնարկեց 2 հեկտարի վրա։

Տեղացիները, այդուհանդերձ, եկեղեցու հիմնահատակ ավերված վիճակը չեն համարում մելիորացիոն աշխատանքների հետևանք։ Ու իբր ինքն իրեն է փլվել՝ անտառը հաղթել է եկեղեցուն։

Սրբավայրը, որ գտնվում է չափազանց գեղեցիկ անտառամասում, նաև տեսարժան վայր է եղել։ Գյուղ այցելած նշանավոր հյուրերին հաճախ հենց այդտեղ են հյուրասիրել։

Մերձակայքում 200 տարեկան բոխին է՝ խոշոր փչակով։

6. Կոտրած խաչ սրբավայրը

Սրբավայր հասանք Խրավանդ ավերակված եկեղեցու հարավային մասով ձգվող ճանապարհով՝ Շիկահող գետակի հունն ի վեր։

Շիկահող գյուղից մինչև Կոտրած խաչ 6.5 կմ է։

Գտնվում է Կռնաս կոչվող անտառի ամենավերին մասում։

Գյուղի մերձակայքում հարյուրավոր (եթե ոչ ավելի) հեկտար զբաղեցնող անտառներ են և, կարծեք, զարմանալու ոչինչ չկա։ Սակայն Կոտրած խաչ բարձրանալիս անցնում ենք բոխու բացառիկ անտառաշերտով, որն առանձնահատուկ հիացմունք է առաջացնում։

Ճանապարհին անցանք ևս մեկ ուշարժան վայրով՝ մեծածավալ մի քարաբեկորի կողքով։ Շիկահողցիները դրան անվանում են Վերցակի քար, որից մի փոքր արևելք հին գյուղատեղիի հետքեր են։

Վերցակի քարի հետ կապված ավանդազրույցը հիշեցնում է՝ իբր այդ քարին թառած աքլորի կանչով են գյուղի բնակիչները տեղեկացել թուրք հրոսակների վերահաս հարձակման մասին։

Եվ ահա Կոտրած խաչ սրբավայրում ենք...

Մենավոր այդ խաչն իսկապես կոտրված է։ Ե՞րբ է կոտրվել, ի՞նչ հանգամանքներում է կոտրվել՝ չգիտեն։

Եղծված է քարի վրա քանդակված խաչը, երևում է՝ շատ հին է։

Գյուղացիները պատմում են, որ մինչև վերջին տարիները շիկահողցիները ուխտագնացություն էին կատարում այդ սրբավայր և այդտեղից աղոթք բարձրացնում առ Աստված, նաև մոմավառություն կատարում...

7. Քամու խաչը, որ նաև Վարդավառի խաչ է կոչվում

Ուխտագնացության հաջորդ երթուղին մեզ հասցրեց Քամու խաչ կամ Վարդավառի խաչ կոչվող սրբավայր։

Շիկահող գյուղից հյուսիս–արևմուտք է՝ 3 կմ հեռավորության վրա, Բերդի քարից՝ արևմուտք։

Ճանապարհին անցանք Մխոտի գետակով, որն ամռան վերջին փոքրիկ առվակի է վերածվում։

Բարձրացանք Խուստուփաձոր կոչվող խոր ձորի երկարությամբ։

Եվ, ի վերջո, հասանք Քամու խաչ կամ Վարդավառի խաչ կոչվող սրբավայր։

Գտնվում է Ճակատենի ու Շիկահողի միջև ընկած լեռան հարավային լանջին։

Նայում ենք սովորական թվացող, բայց սրբացված քարին ու զարմանում՝ ինչպիսի՜ հավատով են մեր նախնիները կապված եղել քրիստոնեական սրբավայրերի հետ, ինչպիսի՜ խնամքով են դրա հետ կապված ավանդազրույցները փոխանցվել սերունդներին...

Մինչև 1980-ականները Շիկահողցի ուխտավորները գալիս էին այդ սրբավայր։

Ասում են՝ բուժիչ նշանակություն է ունեցել։

Հատկապես կարմիր քամիով հիվանդները գալիս էին ու հաղորդվում զորավոր քարին...

Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ կոնկրետ մի պատմություն ներկայացրեց, թե ինչպես է հիվանդը (գյուղի տարեցներից մեկի հորդորով) հասել Քամու խաչ ու ապաքինվել։

Սրբավայրը նշանավոր է մեկ այլ առումով ևս. այդտեղ են շիկահողցիները նշել Վարդավառի տոնը, ինչի համար էլ սրբավայրը նաև Վարդավառի խաչ է կոչվում։

***

Շիկահողի սրբավայրեր մեր ստեղծագործական խումբն ուխտագնացություն կատարեց երկու անգամ՝ 2026 թ. սեպտեմբերի 18-ին և սեպտեմբերի 23-ին։

Ստեղծագործական խմբի մեջ էին Սամվել Ալեքսանյանը, Մարի Նավասարդյանը, Արմինե Մարգարյանը, Շուշաննա Հարությունյանը և Իզա Ասծատրյանը։

Շիկահողում մեզ ընդունեցին և ընկերակցեցին հրաշալի երկու անձնավորություն՝ Անդրանիկ Մարգարյանը և Մանվել Արզումանյանը։

Տպավորված ենք նրանց իմացությամբ. արահետներից ու ճանապարհներից զուրկ անծայրածիր անտառում նրանք ազատորեն կողմնորոշվում էին ու մեզ հասցնում փնտրվող սրբավայրեր։

Մեր երախտագիտությունն Անդրանիկ Մարգարյան ու Մանվել Արզումանյան՝ իսկապես հայրենագետ այրերին։

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

Քրիստոնեական յոթ սրբավայր Շիկահողում, որից երկուսը՝ գերության մեջ

20.10.2026 17:24

«TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ

20.10.2026 16:11

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցը վերակառուցված է. վարչապետ

20.10.2026 15:41

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

20.10.2026 15:34

Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

20.10.2026 15:33

ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ՀՀ գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 մլն դոլարի

20.10.2026 15:27

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով

20.10.2026 15:16

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

20.10.2026 12:48

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այսօր Օսլոյում կհանդիպի Զելենսկու հետ, որից հետո կմեկնի Մոսկվա. Axios

20.10.2026 12:38

Ես պատրաստ եմ, եթե նրանք ցանկանում են. Թրամփը՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման մասին

20.10.2026 12:36

Կարճատև անձրևներ և ամպրոպ․ եղանակի տեսությունը Հայաստանում

20.10.2026 12:32

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ Բռնակոթ բնակավայրի օրվա կապակցությամբ

20.10.2026 12:18