Սյունիքի մարզաշխարհը. հարցազրույց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ

13.03.2024 12:15
451

«Սյունիքի մարզաշխարհ. անցյալն ու ներկան» խորագրով «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի նախապատրաստության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ զրուցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ:

Մեր նպատակն էր՝ նախ՝ ընդհանուր գծերով ծանոթանալ ֆիզկուլտուրայի և սպորտի դրվածքին հանրապետությունում, ծանոթանալ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը:

Միևնույն ժամանակ՝ Սյունիքի մարզաշխարհում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնց լուծման ճանապարհին անհրաժեշտություն է առաջացել որոշակիացնել ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը, որը կարևոր հանգամանք է մեր երկրամասում ֆիզկուլտուրայի և սպորտի հետագա զարգացումն ապահովելու համար:

Իսկ ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը մերօրյա Սյունիքի գլխավոր առաջնահերթություններից է: Խոսքը մարդկանց առողջության ամրապնդման մասին չէ սոսկ, այլ երկրի պաշտպանության գործին ակտիվ մասնակցել կարողացող սերնդի ձևավորման մասին:

 

– Պարոն Գիլոյան, «Սյունյաց երկիր» թերթը, որ հատուկ թողարկումների հարուստ փորձ և ավանդույթներ ունի, հերթական հատուկ համարը նվիրում է Սյունիքի մարզաշխարհին:

Եվ, այդ կապակցությամբ, Ձեզ հետ զրուցելու անհրաժեշտություն է առաջացել:

Առաջին հարցով կուզենայինք իմանալ (ընդհանուր գծերով)՝ ի՞նչ պատկեր ունի ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտը հանրապետությունում, որ օրենքներով է կարգավորվում ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը:

Ո՞ր մարզաձևում եք առաջընթաց նկատում և որոնցո՞ւմ տակավին կան լուծման կարոտ հիմնախնդիրներ:

Ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը կարգավորվում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքով: Հենակետային մարզաձևերը, ինչպիսիք են՝ ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, ինչպես և սպասվում էր ու մեր ցանկությունն է, զարգանում են: Իսկ մյուս մարզաձևերից աճը բասկետբոլում է ամենանկատելին:  Իհարկե, կան մարզաձևեր, հատկապես ձմեռային մարզաձևերը, որոնց առումով դեռ կաղում ենք, դեռ այնքան էլ լավ չէ, բայց ունենք զարգացման ծրագրեր կամ ռազմավարություն, որի համաձայն կփորձենք իրավիճակը շտկել այդ մարզաձևերում նույնպես:

– Ձեր գնահատականը հանրակրթական դպրոցներում և առհասարակ կրթական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման դրվածքի մասին:

Ցավոք, առանձին դեպքերում բախվում ենք իրավիճակների, երբ այդ առարկայի հանդեպ վերաբերմունքը հեռու է  լրջությունից: Հաճախ էլ այդ առարկայի դասաժամերը տրվում են այլ առարկաների մասնագետների՝ նրանց ժամաքանակի պակասը լրացնելու նպատակով:

Մյուս կողմից՝ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերը շաբաթական երեք ժամ են, տարրական դպրոցում՝ երկու ժամ, տարվա կտրվածքով՝ համապատասխանաբար 102 և 68 ժամ: Ժամերը բաշխվում են ըստ մարզաձևերի: Ընդ որում՝ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում (տարբեր պատճառներով) դասապրոցեսն իրականացնել ըստ ծրագրի:

Ի՞նչ անել, որ «Ֆիզիկական կուլտուրա» առարկան դասավանդվի ոչ ձևականորեն, ըստ պետական ծրագրի ու կարգի՝ նկատի ունենալով նաև, որ յուրաքանչյուր մարզաձև ունի իր առանձնահատկությունները:

– Շատ բան է պետք փոխել, բայց ամենաառաջինը ենթակառուցվածքներն են, երբ նոր կառուցվող դպրոցներն ունենան միջոցներ, հնարավորություններ՝ սպորտը զարգացնելու, ֆիզիկուլտուրա առարկան նորմալ, պատշաճ դասավանդելու: Այն ժամանակ արդեն ավելի բազմազան կդարձնենք զարգացման ծրագրերը: Այս պահին, մասնավորապես, քննարկվում է բասկետբոլի Junior NBA ծրագրի ներդրումը դպրոցներում: Եվ միայն դա չէ, այլ մարզաձևերի առնչությամբ նույնպես քննարկումներ են արվում: Օրինակ, դահուկային սպորտ ունենք, լեռնամագլցում ունենք, ձյուդո ունենք, ֆուտբոլ ունենք և այլն: Դասի ժամանակ կիրականացնենք այդ ծրագրերը: Ենթադրենք ձյուդոն են դարձնում դասաժամի առարկան... Եվ դրանով ավելի լիարժեք ու հագեցած է դառնում դասաժամը:

– Վերջերս մեր խորհրդարանը ոչ նպատակահարմար գտավ պատվավոր կոչումների հետագա շնորհումը:

Հետաքրքիր է՝ մարզական կոչումները նույնպե՞ս կվերացվեն. ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ:

Միջազգային կոչումները, որոնք շնորհում են համապատասխան մարզական ֆեդերացիաները, թողնենք մի կողմ, քանզի դա հանրապետության իրավասությունից դուրս է:

– Որոշ կոչումներ կվերացվեն, որոշ կոչումներ կմնան, մասնավորապես սպորտի վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, սպորտի վաստակավոր վարպետ, այդ կոչումները կմնան, բայց այն կոչումները, որոնք ներառված են այդ նույն որոշման մեջ, այսինքն՝ վաստակավոր մարզիչ, գործիչ, դրանք դուրս կգան: Եթե սա մի նախարարություն է, ուրեմն ծրագրերը նույնն են լինելու բոլորի համար: Այնպես որ՝ եթե մշակույթում, մյուս բնագավառներում դրանք հանվում են, հանվում են նաև սպորտում:

– Վերջին տարիներին հանրապետությունում սահմանվել է նոր կարգ մանկավարժի, մարզչի որակավորման համար: Եվ այդ ատեստավորման արդյունքների հիման վրա էլ սահմանվում է յուրաքանչյուրի դրույքաչափը:

Մինչդեռ՝ կան վաստակավոր մարզիչներ, ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են սպորտի տասնյակ վարպետներ, Հայաստանի չեմպիոներ, միջազգային խաղերի, Եվրոպայի և աշխարհի մասշտաբով հաղթողներ, մրցանակակիրներ, ովքեր (տարիքի պատճառով) ի վիճակի չեն անգիր անել ատեստացիայի ընթացքում առաջադրվող հարցերի պատասխաններըը և հաղթահարել նվազագույն շեմը: Իսկ երիտասարդ մասնագետը, ով դեռևս վաստակ չունի, փորձ չունի, պատասխանում է հարցերին և, ի վերջո, ավելի բարձր աշխատավարձ ստանում: Ընդ որում՝ դա  մեր նկատառումը չէ, այլ բազմաթիվ մարզիչների:

Ի՞նչ է ստացվում՝ այն մասնագետները, ովքեր այսօր էլ նպաստում են հավաքականների կազմի համալրմանը, հանրապետության մարզական վարկանիշն աշխարհում բարձր պահելուն, ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան նրանք, ովքեր դեռևս որոշիչ դերակատարություն չունեն ոլորտում:

Արդյո՞ք ողջամիտ է այդ գործելակերպը: Իսկ միգուցե ատեստավորման ժամանակ հիմք ընդունվի յուրաքանչյուրի ավանդը մարզական ոլորտում:

– Վստահեցնում եմ՝ անգիր անելու խնդիր չկա: Եթե մարզիչն իսկապես բազմափորձ է և ունի պրակտիկ գիտելիքներ, ատեստացիան կարող է անցնել: Ինչ վերաբերում է այս պահին, թե ինչպես է գնահատվում նրա վաստակը, ապա ասեմ, որ յուրաքանչյուր չեմպիոնի պատրաստելու համար նա առանձին վարձատրվում է զանազան պետական ծրագրերով: Այնպես որ՝ այդ վաստակը  չի ուրացվում ու չի մոռացվում, ատեստացիան այլ բան է, պահանջվում է այլ որակներ, դրա համար անհրաժեշտ է, որ դրան նույնպես պատրաստ լինեն, որպեսզի ավելի շատ վարձատրվեն: Բայց այլ ծրագրերով արդեն ինքը, եթե լավ մարզիկ ունի պատրաստած, լավ մարզիչ է, շատ գումար է ստանում:

– Հանրապետության գրեթե բոլոր մարզադաշտերը սեփականաշնորհվել են: Սակայն այդ թվում կան մարզադաշտեր, որտեղ տասնամյակներ ի վեր ներդրումներ չեն կատարվել, անմխիթար վիճակում են և վաղուց իրենց նպատակին չեն ծառայում: Ի՞նչ անել:

– Այսօր, այս պահին պետական այդպիսի մարզադաշտ չկա: Եթե սեփականաշնորհված է՝ արդեն այդտեղ բան չենք կարող անել: Ինչ վերաբերում է մասնավորեցումից հետո ստեղծված իրավիճակին, ապա պետությունը չի կարող դրան միջամտել: Բայց հիմա մենք՝ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, մշակում և իրագործում ենք որոշակի ծրագրեր՝ օժանդակելու նպատակով: Կառուցվելու են նոր մարզադահլիճներ, նոր մարզադաշտեր, եղածներին էլ՝ հնարավորության դեպքում, օգնելու ենք, որ կարողանան վերականգնել իրենց ներուժը:

– Սյունիքի մարզը (գրեթե ամբողջությամբ) սահմանամերձ է: Մենք ծանոթ ենք սահմանամերձի կարգավիճակ ունեցող համայնքների  համար սահմանված արտոնություններին: Չե՞ք կարծում, որ սահմանված արտոնությունները պետք է լրացվեն մարզչին, մանկավարժին տրվելիք արտոնություններով:

– Այդ հարցը քննարկման կարիք ունեցող հարց է, հուսամ դրա պատախանը շուտով կունենանք:

Մարզադպրոցների աշխատակիցների սոցիալական պաշտպանության մասին... Ե՛վ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող մարզադպրոցը, և՛ ՀՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող մարզադպրոցը նույն գործն են անում:

Այդ դեպքում ինչու՞ պետք է ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող մարզադպրոցի մարզիչն օգտվի պետական սոցիալական աջակցությունից, իսկ ՀՈԱԿ-ի մարզիչը՝ ոչ:

– Ուրեմն, միանշանակ չէ այդ ամենը, ես ձեզ վստահեցնում եմ՝ կան ՀՈԱԿ-ներ, որոնք ՊՈԱԿ-ից էլ բարձր աշխատավարձ են տալիս: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի մարզադպրոցներում շատ բարձր աշխատավարձ է սահմանված, շատ լավ վաստակում են, այստեղ (այսպես ասած) տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ ծրագիրն է կարևոր: Կան, որ շատ լավ են անում այդ ամենը, որոշներն էլ լավ չեն անում, մենք ի՞նչ անենք:

– Մարդկանց հետաքրքրում են ՀՀ զինված ուժերում գոյություն ունեցող սպորտային վաշտի ձևավորման գործող սկզբունքները, ինչը ոչ միանշանակ է ընդունվում: Գուցե լո՞ւյս սփռեք խնդրո առարկայի վրա:

– Այսպես ասեմ՝ ամեն ինչ նորմալ է ընդունվում, եթե նորմալ է ներկայացվում: Այնպես որ՝ թող իզուր տեղը խնդիրներ չստեղծեն: Բանն այն է, թե ով ինչպես է փորձում վերարտադրել, հասկանալ այդ ամենը: Իրականում որևէ խնդիր չկա, եթե լավ նայենք՝ ամեն ինչ նորմալ է: Եվ մենք պարբերաբար ավելի ու ավելի անթերի ենք փորձում դարձնել: Եթե որևէ խնդիր նկատում ենք, արագորեն այն փոխում ենք:

– Ֆիզիկական կուլտուրայի դասավանդման մասնագետների, սպորտի տարբեր ձևերի համար պրոֆեսիոնալ մարզիչների պատրաստման դրվածքը հանրապետությունում: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտից բացի ի՞նչ ունենք հանրապետությունում:

– Հանրապետությունում ունենք Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որը նույնպես պատրաստում է մարզիչներ, ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչներ, պետական քոլեջն այդ գործառույթն իրականացնում է և բավական լավ:

– Մանկական սպորտի վիճակը հանրապետությունում, ի՞նչ ծրագրեր ունեք այն զարգացնելու ուղղությամբ:

Դպրոցական տարիքի երեխաների շրջանում ժամանակին ռազմամարզական, ռազմահայրենասիրական խաղեր էին կազմակերպվում հանրապետության մասշտաբով, տարածաշրջանների մասշտաբով:

Արդյո՞ք դրանց նոր շունչ տալու, վերականգնելու կարիք չկա:

– Հիմա կան բազմաթիվ նոր ծրագրեր, մասնավորապես «Վարչապետի գավաթ» մի քանի մարզաձևից, որ մենք պարբերաբար անցկացրել ենք մեծահասակների համար: Հիմա, որպեսզի այն ավելի արդյունավետ դառնա, ընտրելու ենք նաև դպրոցականների միջավայրը: Եվ այդ դեպքում շատ ավելի վստահ ենք, որ լավ կլինեն սեղանի թենիսն ու հեծանիվը: Մինչ այդ էլ ունեինք դպրոցականների թիմային խճուղավազք, այնպես որ՝ բավական շատ են, և վստահ ենք, որ ինքն իր ազդեցությունը կունենա, իր դրական խոսքը կասի:

– Մարզական բազայի և հնարավորությունների մասին... Գորիսի օրինակը. 150 տարվա քաղաքում չկա ու չի եղել լողավազան:

Գրեթե ոչինչ չկա աթլետիկայի համար:

Ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում տարիներ շարունակ չի հիմնանորոգվում անմխիթար վիճակում հայտնված մարզադաշտը:

Գործում է երկու մարզադպրոց, երկուսն էլ՝  կարիքների մեջ խեղդված:

Ի՞նչ անել:

– Վարչապետի անմիջական հրահանգով ենթակառուցվածքների ծրագիր ենք իրականացնում, Գորիսում նույնպես նախատեսել ենք կառուցել ֆիտնես կենտրոն ու լողավազան:

Մարզական մամուլ՝ ֆիզիկական կուլտուրան և սպորտը ներկայացնող լրատվամիջոցներ, սոցիալական հարթակներ...

Հետաքրքիր ավանդույթներ ունեինք՝ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը, «Շախմատային Հայաստան» հանդեսը, այլ պարբերականներում գործող մարզական սյունյակները:

Ի՞նչ ունենք այսօր:

– Էլեկտրոնային հարթակում բազմաթիվ են այդ լրատվամիջոցները, նաև շատ են հեռուստաալիքները, որոնք իրենց հաղորդումների ցանցում ունեն մարզական լուրեր և զանազան սպորտային հաղորդումներ, այնպես որ՝ այս բացը համարում ենք լրացված:

– Մարզական մրցումներն ազգային մասշտաբով, առավել ուշագրավ մրցումները հանրապետությունում, մեր մարզական օրացույցում տարվա ընթացքում նախատեսվող և անցկացվող մրցումները:

Մեզ հաճախ են հարցնում՝ մի՞թե հնարավոր չէ ազգային մրցումների անցկացման վայրն ընտրել ոչ միայն մայրաքաղաքը, այլև մարզերը, այդ թվում (բնականաբար) Սյունիքը:

Պատասխանը (ենթադրում ենք) այսպես կլինի՝ համապատասխան պայմաններ չկան: Բայց մինչև ե՞րբ:

– Ուրեմն, ինչպես գիտեք «ՀՀ վարչապետի գավաթ» շարքի բոլոր մրցումներն անցկացվում են մարզերում: Սյունիքում առայժմ այդպիսի մրցում չկա, բայց շուտով նախատեսում ենք շատ լուրջ մրցում՝ «Tour the Armenia» հեծանվաարշավը, որը համաշխարհային մակարդակի մրցում կլինի: Ինչ վերաբերում է այլ պրոֆեսիոնալ մրցումներին, ապա ասեմ, որ մենք օգնել ենք քաղաքապետարաններին: Մասնավորապես՝ Կապանում նվիրել ենք  սպորտային մարմնամարզության թանկարժեք գորգ: Նախանշված ծրագրով էլի նոր գույքեր ենք հատկացնելու: Պետական ծրագրում ընդգրկված է նաև Կապանի քաղաքային մարզադաշտը սեփականատիրոջից հետ գնելու գործընթացը և այն համայնքին կամ ֆեդերացիային հատկացնելու նպատակով: Վարչապետի հրահանգով բազմաֆունկցիոնալ մարզադահլիճների կառուցումը հնարավորություն կտա Սյունիքում նույնպես ունենալ ենթակառուցվածք և ապագայում այն օգտագործել հանրապետական ու միջազգային կարգի մրցումներ անցկացնելու համար:

– Մարզադաշտ, մարզական կառույցներ՝ ներկայիս ընկալմամբ. ի՞նչ ունենք Սյունիքում:

Կուզենայինք ծանոթանալ ոլորտի ֆինանսավորման սկզբունքներին, այդ թվում՝ ըստ մարզերի, ասենք՝ Սյունիքի օրինակով:

– Ըստ մարզերի ֆինանսավորում չունենք, մենք ֆինանսավորում ենք ֆեդերացիաներին ու ծրագրերը, իսկ մարզերում ենթակառուցվածքներ ենք ստեղծելու, որին շուտով ականատես կլինեք:

– Կապանում զարգացած է աթլետիկան, տեղի մարզադպրոցի սաները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային մրցումների: Մինչդեռ մարզումային պայմաններն անբավարար վիճակում են:

Արդյո՞ք ոլորտի զարգացման ծրագրերում կա նախատեսում՝ Կապանում աթլետիկական մանեժ կառուցելու վերաբերյալ:

– Համագործակցում ենք Կապանի համայնքապետարանի հետ, օժանդակում ենք՝ մանեժ կառուցելու սուբվենցիոն ծրագրին: Այժմ այդ ծրագիրը պետգույքի կառավարման դաշտում է: Ամեն ինչ անում ենք, որ արագացնենք և սուբվենցիայի օգնությամբ Կապանում կառուցենք ձմեռային աթլետիկական մանեժ, որը կհամապատասխանի անգամ Եվրոպայի ձմեռային առաջնություն անցկացնելու պայմաններին:

– Քաջարանում ԿԳՄՍ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ն է գործում՝ «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց»: Շենք չունի, պարապմունքներն անցկացվում են «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ համալիրում, հանրակրթական դպրոցների մարզադահլիճներում, Քաջարանի արհեստագործական ուսումնարանի մարզադահլիճում:

Միևնույն ժամանակ՝ քաղաքի Լեռնագործների փողոցի № 16 շենքի առաջին հարկում ծանրամարտի դահլիճն է՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող: Տարիներ շարունակ փորձ է արվում այդ տարածքը հատկացնել մարզադպրոցին, բայց ոչինչ չի ստացվում:

Մյուս կողմից՝ բանվորական այդ խոշոր միջավայրում լողավազան չկա:

Ձեր նկատառումները քաջարանյան հիմնախնդիրների վերաբերյալ:

– Մենք քննարկումներ ենք ունեցել Քաջարանի համայնքապետարանի հետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության ղեկավարության հետ: Ասում էին, որ շատ բարձր կարգի սպորտային համալիր են նախատեսում կառուցել՝ և մենք հույս ունենք, որ այդ համալիրը կկառուցվի, և նման խնդիրները կվերանան: Բայց այդ ծրագիրն առայժմ չի իրականացվում... Բայց էլի պետք է նշեմ՝ մեր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրով բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրների կառուցմամբ այդ հարցերը համայնքներում կկարգավորենք:

– Որքան էլ տարօրինակ է, բայց ուզում ենք փաստել՝ պետական մակարդակով Մեղրիի տարածաշրջանում՝ մարզական առումով, ոչինչ չկա:

Միևնույն ժամանակ՝ վերջին տարիներին այդ համայնքում պետական որևէ ծրագիր՝ ոլորտին առնչվող, չի իրագործվել:

Կա միայն համայնքային ենթակայության «Մարզամշակութային կենտրոն»  ՀՈԱԿ՝ սպորտային խմբակներով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ:

Մարզադաշտ կա և՛ Մեղրիում, և՛ Ագարակում (համայնքային ենթակայության), բայց երկուսն էլ ծայրահեղ անմխիթար վիճակում են:

Ըստ էության չկա նաև համագործակցություն ԿԳՄՍ նախարարության ու Մեղրու համայնքային իշխանության միջև՝ մարզական ոլորտում:

Ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի շտկումը:

– Ցավոք, այսօր պետական միջոցառումներ չեն անցկացվում ոչ միայն Մեղրիում, այլ նաև Ստեփանավանում, Գավառում, Վարդենիսում, Ամասիայում, Արմավիրում և մյուս քաղաքներում կամ խոշորացված համայնքներում: Ընդհանրապես սպորտը բազմակենտրոն չէ: Ցավոք՝ ենթակառուցվածքներ չունենալու, ավանդույթներ չլինելու, դպրոցներ չունենալու պատճառով: Վերը նշված հարցերը, եթե կարողանանք կյանքի կոչել, ապա  կունենանք ենթակառուցվածքներ, ու այդ քաղաքներում նույնպես կանցկացնենք միջոցառումներ:

– Սիսիանում համեմատաբար լավ վիճակում են մարզադաշտը, մարզադպրոցը, բայց... Հրաշալի մի կառույց կա՝ մոտ տասը տարի առաջ կառուցված՝ փակ մարզադաշտը, որն Ազգային օլիմպիական կոմիտեին է պատկանում, բայց անտերության է մատնված և ըստ նպատակի չի օգտագործվում:

Համայնքային իշխանությունն ուզում է այդ մարզադահլիճի հիման վրա ՀՈԱԿ ստեղծել ու այդկերպ եղած հնարավորություններն օգտագործել ըստ նպատակի:

Ինչո՞ւ է ձգձգվում խնդրի լուծումը:

– Սիսիանի այդ կառույցը հանձնելու ենք համայնքին, օլիմպիական կոմիտեն պատրաստ է այն նվիրել պետությանը, պետությունն էլ համայնքին է տալու, այնպես որ այն կլինի համայնքային և իր նպատակին կծառայի:

Այդ գործընթացը ձգվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի՝ այսպես ասած ոչ հետևողականության պատճառով: Իրենք երկար ժամանակ չէին կարողանում ավագանու նիստ հրավիրել, վերջապես ավագանին ձևավորվել է, և այդ հարցը, կարծում եմ, շուտով կկարգավորվի:

– Մարզի ֆուտբոլային ակումբներից երկուսը՝ «Սյունիք» և «Գանձասար», խաղում են հանրապետության ֆուտբոլային առաջնության առաջին խմբում  և մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:

Սյունիքից ուրիշ ի՞նչ թիմ կամ ակումբ (այլ մարզաձևերից) կարող եք վկայակոչել:

– Տպավորիչ է Սյունիքի քինգբոքսինգի դպրոցը, որը լավ արդյունքներ է ցույց տալիս, տպավորիչ է աթլետիկան, բավականին լավ արդյունքներ ունի, մյուս ասպարեզներում, ցավոք, ուշագրավ ոչինչ չունենք:

– Մեր հանրապետության ներգրավվածությունը միջազգային ֆեդերացիայում և կազմակերպություններում:

– Սպորտի ռազմավարության մեջ, որ ընդունվեց 2023 թ. դեկտեմբերին, հստակ նշված է, որ ամեն ինչ արվելու է միջազգային ֆեդերացիաներում ու սպորտային կազմակերպություններում մեր ներկայությունն ամրապնդելու և ավելացնելու համար: Այդ ուղղությամբ փորձում ենք խթանել միջազգային մրցավարների աճը, ովքեր իրենց ֆեդերացիաների կողմից կսպասարկեն ամենաբարձր կարգի մրցումներ: Որոշ ֆեդերացիաներում անգամ գործկոմի անդամ ունենք, զանազան հանձնաժողովների անդամներ: Բավական լավ ենք ներկայացված ՎԱԴԱ-ում՝ հակադոպինգային գործակալությունում, իսկ ընդհանուր առմամբ, այո, ամեն ինչ անելու ենք ավելի ներկայացված լինելու համար:

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25