Գյազբել-Արամազդի առեղծվածն ու խորհուրդը

25.01.2022 14:18
4060

Արաբի համար աստվածային խորհուրդ է անապատը, հայի համար՝ սարը: Նրանցից յուրաքանչյուրն իր դավանանքը ոչ մի բանի հետ չի էլ համեմատի, ինչ մնաց՝ թե փոխի: Մեր հայրենիքի 9/10 մասը՝ աստվածային չքնաղագեղ սարերով, գերի մնաց ոսոխին: Գերի մնաց մեր սիրտ ու հոգի Արարատի հետ միասին, սար, որ համաշխարհային ջրհեղեղից փրկել է երկրագնդի մարդկությանը: Հիմա ինքը գերի է, իսկ մենք՝ հայերս, առայժմ, ստիպված ենք բավարարվել այստեղի ունեցածով՝ Արագածով, Խուստուփով, Արամազդ-Գյազբելով՝ նրանց շուրջ հյուսելով հեքիաթային մեր երազանքներն ու ապագայի տեսլականները:

Հայոց աշխարհի մյուս սարերի նման Գյազբելն էլ իր առանձնահատուկ խորհուրդն ունի՝ հրաշք բնաշխարհով հանդերձ: Նրա լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային հարուստ բուսականությամբ:

Անունը ծագել է հեթանոս հայերի Արամազդ (պահլավերեն՝գերագույն իմաստություն) աստծո անունից:

«Ասում են՝ Գյազբել սարի ամենաբարձր տեղում մի ճեղքվածք կա, ուր ապրում են երկնքի փերիները: Երբ սարերը թխպում են (ամպամած են դառնում), նրանք դուրս են գալիս՝ իրար հետ կռվում մի տղայի համար, ով հաղթում է՝ մեկ տարով դառնում է տղայի կինը: Երկնքի որոտը փերիների թրերի ձայնն է, կայծակն էլ՝ նրանց թուրը»: (Աղբյուրը՝ Արամ Ղանալանյան, Ավանդապատում):

Ամեն ամռան չէ, որ նրա 3399 մ բարձրության լեռնագագաթի ձյունն ամբողջությամբ հալվում և հորդացնում է իր իսկ լանջերից բխող՝ արցունքի պես ջինջ մի քանի տասնյակ աղբյուրները, որոնք սառնորակ ջուր են տալիս նրա փեշերից կախված բազմաթիվ բնակավայրերին, այդ թվում՝ Տաթևին, Սվարանցին ու Տանձատափին, միաժամանակ կազմում Աղանձու և Սվարանցի գետակները, որոնք գլգլալեն իջնում ու Տանձատափի հինավուրց ջրաղացի թիկունքին իրար են խառնվում և անցնելով խորախոր կիրճերով՝ թափվում Որոտան գետ:

Իրականում կուսական են այստեղի մարգագետինները՝ անչափ գեղեցիկ և բուսական աշխարհով շատ հարուստ: Եթե մի ժամանակ (խորհրդային տարիներին) Գյազբելի լանջեր նախիրների և ոչխարների բազմաթիվ հոտեր էին բարձրանում, սարվորները՝ վրաններ դնում ու ավելի քան չորս ամիս բարձր որակի մթերքներ արտադրում, հնձվորներն էլ խոտի պաշար կուտակում ձմեռվա համար, հիմա այդ չքնաղ տարածքներում ողջ ամառվա ընթացքում որևէ կենդանի շնչի դժվար է հանդիպել՝ չհաշված վայրի կենդանիները՝ արջ, եղնիկ, աղվես, գայլ և այլն:

Մի ժամանակ Գյազբելի քարափների պենդուտներում նաև վայրի ոչխար կար: 1960-1970-ական թվականներին կատարված լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներից հետո այդ կենդանատեսակն այլևս այդտեղ չի երևում: Ասում են, թե քաշվել, գնացել են դեպի Խուստուփ, որտեղ իրենց ավելի ապահով են զգում: Ինչքանով է սա իրական՝ դժվար է ասել, բայց հաստատ է, որ Գյազբելի վրա իրեն վտանգված է համարել, այլապես չէր հեռանա հեքիաթային վայրերից:

Բնաշխարհն այդտեղ իր փթթման գագաթնակետին է հասնում մայիսին: Սարն ուղղակի ծածկվում է հարփեզ-նարգիզների սպիտակամանուշակագույն գորգով, և այդ ծաղկունքը շուրջ մեկ ամիս բուրմունք է արտաշնչում սրբազան վայրերին: Գյուղերի բնակիչները, հատկապես դպրոցական երեխաները, միշտ էլ մեծ սիրով փնջեր են կապում այդ ծաղիկներից՝ զարդարում իրենց տները, նաև նվիրում դրսից եկողների:

Գյազբելի անչափ հարուստ բնաշխարհը գերում է ամենքին, իսկ Սյունյաց աշխարհի մեծ քնարերգու Համո Սահյանին ուղղակի խենթացրել է.

«Գնամ Գյազբելիս զմրուխտով հարբեմ,

Ելնեմ երկնքոտ ժայռերը նրա

Եվ ներշնչանքիս խորհուրդով չափեմ

Արծվի ճախրանքը վիհերի վրա:

Գնամ շուրթերը համբուրեմ նրա

Ծաղիկների մեջ ծվարած ձյունի

Փռվեմ Գյազբելիս փեշերի վրա

Ու խղճամ նրան, ով Գյազբել չունի»:

Գյազբելի մասին խոսք են ասել նաև մեծն Ակսել Բակունցը և ուրիշներ:

Գարնանը շրջակա գյուղերի բնակիչներից ոմանք նրա լանջերից ավելուկ, սինդրիկ, իծիկոթ, բոխի, տարբեր տեսակի դեղաբույսեր, իսկ աշնանը՝ մասուր, կծուխուր (ծորենի), ներքևի հատվածներից՝ հաղարջ և վայրի տանձ են հավաքում: Հատկանշական է, որ բարիքները ներկայացնելու, մատուցելու ժամանակ գյուղի բնակիչները պարտադիր ընդգծում են, թե Գյազբելից են հավաքել, որը նշանակում է՝ որակական առումով անմրցելի մթերքներ են: Եվ իրոք այդպես է:

Այստեղի մասուրը սովորականից առնվազն երկու անգամ խոշոր է, փշերից ու մազիկներից զուրկ ու ողորկ, որն այլ տեղերում չես հանդիպի: Սինդրիկի ու մյուս բանջարների մասին չեմ ասում, կարճ ասած, էլիտար են, անվիճելի: Նույնը նաև մնացած խոտաբույսերն ու դեղաբույսերն են: Երկրաբան հետախուզողները Գյազբելի վրա աշխատել են բավական երկար: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նրանք հայտնաբերել են երկաթահանքի զգալի պաշարներ: Վերջերս մի լրագրային հրապարակումից իմացա, որ հանքի շահագործումը չի կատարվել Խորհրդային Հայաստանի ղեկավարների շրջահայացության շնորհիվ, որպեսզի այն մնա հաջորդ սերունդներին: Եվ այդ հեռատես որոշումը կայացվել է՝ նաև հայ ժողովրդի հանճարեղ զավակ Վիկտոր Համբարձումյանի խորհրդով:

Այնպես որ՝ Գյազբելը և´ ներսից, և´ դրսից համակ հարստություն է, և մեր հոգու ու սրտի հպարտությունը: Նա մեր հնամյա ժողովրդի անդավաճան ուղեկիցն է: Ինչեր ասես, որ չի տեսել հազարամյակների ընթացքում, ու միշտ էլ թիկունք է եղել նրան: Զարմանալին այն է, որ Գյազբելը միշտ կա որպես առեղծված ու անվերծանելի՝ նաև իր կրծքին հազարամյակներով բնակվողների համար: Համոզված եմ՝ միշտ էլ կմնա այդպիսին, թե չէ էլ ինչ Գյազբել...

Ժամանակին զուգընթաց, բոլոր սարերի նման, Արամազդն էլ ապրում է, շնչում, ենթարկվում փոփոխությունների, գրում կենսագրություն: Իրականում նա կենդանի օրգանիզմ է, բնական մյուս երևույթների նման ունի իր զարգացման ու գոյատևման օրենքները: Չխորանանք, քանի որ այն մեր շոշափած թեման չէ, ուղղակի անդրադառնանք մի քանի անցուդարձի, որոնք տեղի են ունեցել Գյազբելի վրա՝ վերջին մի քանի տասնամյակներին, և, կարծում եմ, հետաքրքիր են ու հիշատակման արժանի:

***

Ինչպես սկզբում նշեցի, խորհրդային տարիներին սարի արևելյան լանջին ամռանն արածում էին Տաթև, Սվարանց և Տանձատափ գյուղերի ավելի քան երկու հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունների նախիրներ ու մի քանի հազար գլուխ ոչխարների հոտեր: Մայիսից մինչև հոկտեմբեր անասնապահներն ու ֆերմաների մյուս սշխատողները լինում էին սարում: Չես ասի, թե նրանց 

համար ցանկալի պայմաններ կային, բայց նվազագույնը տնտեսություններն անում էին: Դրան էլ գումարվում էր Գյազբելի անզուգական բնաշխարհը՝ սառնորակ աղբյուրները, հարուստ բուսականությունը, մաքուր զովաշունչ օդը և այլն, որոնք հանգստություն էին պարգևում ֆերմաների աշխատողներին:

1960 թվականին Տաթևի կովաբուծական ֆերմայի զոոտեխնիկը երիտասարդ մասնագետ Վոլոդյա Արշակյանն էր: Հերթական անգամ, երբ գործերով Գյազբել պետք է բարձրանար, որոշում է հետը տանել նաև իրենց առաջնեկով հղի կնոջը՝ Նոյեմին: Նպատակ ուներ իր գեղեցկուհուն Գյազբելը ցույց տալ, նրա հետ 1-2 օր վայելել այդ գեղեցկությունները, զուլալ ջրերը:

Իմանալով այդ մասին՝ Վոլոդյայի մայրը՝ մեր Սառա մորաքույրը, ընդդիմացել է, թե հարսի ծննդաբերելու օրերը մոտ են, չի կարելի այդպիսի ռիսկի դիմել: Բայց որդին իրենն է պնդել, և առավոտյան սար գնացող ավտոմեքենայով զույգը բարձրացել է Գյազբել: Ամբողջ օրը Վոլոդյան և Նոյեմը շրջել են աղբյուրներով, վայելել անարատ մթերքներ, հանգստացել իրենց ուզածով: Երեկոյան՝ սարվորների հետ զրույցից հետո, ամուսիններով քաշվել են իրենց վրան՝ քնելու:

Գիշերվա կեսին հարսն իրեն վատ է զգացել և այդ մասին հայտնել է ամուսնուն: Ինչ պետք է անեին՝ սարում ավտոմեքենա չկար, իսկ ձիով անհնար էր հղի, ցավերի մեջ գտնվող Նոյեմին տեղափոխել գյուղ:

Երբ հեռու հորիզոնում արշալույսը սկսեց շառագունել՝ Գյազբելի լանջին՝ համակ անդորրի և խաղաղության մեջ լսվեց նորածնի առաջին ճիչը:

Եվ ձայնը գնա՜ց, գնա՜ց բարձրացավ լանջերն ու քարափներն ի վեր՝ մինչև բարձրաբերձ գագաթ, այնտեղից էլ անցավ Աղոթարան և արձագանքեց տիեզերքի խորքերում:

Ողջ Գյազբելը զարմանքի մեջ էր, նման իրողություն էլի էր եղել, թե ոչ, որևէ մեկը չէր կարող ասել, բայց այս մեկը կատարվել էր: Ծնունդն էլ ընդունել էր երիտասարդ հայրիկը:

Այդ արշալույսը՝ 1960թ օգոստոսի 26-ի առավոտը, մինչ այդ եղածներից ոչ մեկի նման չէր: Արևը ոսկեգույն շողերով ներկել էր ողջ Գյազբելը, աղբյուրների կարկաչը համակ երաժշտություն էր, ծաղիկները զմայլանքով նազում էին, չափ չկար սարվորների ուրախությանը:

Ծնողները նորածնին կոչեցին Սարմեն: Եթե փորձենք վերծանել՝ երևի կլինի սարի տղա, կամ սարի որդի, սարի զավակ և այլն, ուրիշ էլ ինչ:

Այդ օրվանից նա իր մեջ հավաքեց ողջ Գյազբելի խորհուրդն ու հզորությունը և հավատարիմ մնաց նրան: Ոսկե մեդալով ավարտեց Տաթևի Ս.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա կարմիր դիպլոմով՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը և վերադարձավ հայրենի գյուղ: Հնարավորություն ունենալով աշխատանքի անցնել քաղաքներում՝ Երևան, Գորիս,Կապան և այլն, բայց հավատարիմ մնաց ծննդավայրին, և դա չխանգարեց, որ ճանաչվի Սյունիքի մարզի լավագույն թերապևտ, լավագույն ընտանեկան բժիշկ: Հանդիսանալով Տաթև համայնքի ութ բնակավայրի ընտանեկան բժիշկ՝ բարձր պատասխանատվությամբ կատարեց այդ պարտականությունները՝ միաժամանակ հարստացնելով իր գիտելիքները ժամանակի բժշկական նորություններով: Ու դրանում նրան ոչնչով չխանգարեց գյուղաբնակ լինելը:

Ուժերի բուռն ծաղկման, անվան ու հեղինակության վերելքի, բոլորի կողմից՝ հատկապես բնակչության և բժշկական հանրության մեջ սիրված և լիարժեք ընդունված լինելու շրջանում՝ դեռ չբոլորած 48 –ը՝ Սարմեն Արշակյանը 4.03.2008թ. ցավալիորեն հեռացավ մեզնից, իր հարազատ Գյազբել սարից:

Նա Գյազբելի հետ միասին թողեց իր անչափ բարի անունն ու նվիրական ծառայությունը հայրենի եզերքին, ու մի գեղեցիկ ընտանիք, որն իր օրինակով շարունակում է ծառայել մեր ժողովրդին:

***

Գյազբելի առեղծվածները վերծանել չի լինի, այնքան է հարուստ ու բազմազան, լի անակնկալներով, որ դժվար թե որևէ մեկին հաջողվի լիարժեք տիրապետել նրա գաղտնիքներին: Ինչքան ամռանը սարը կանչող-հրավիրող է, հեքիաթային հաճույքներ պատճառող իր զովաշունչ բնաշխարհով՝ արցունքի պես ջինջ սառնորակ ջրերով, բնակերտ պատկերներով և այլն, ձմռանը, որը վրա է հասնում հոկտեմբերին, բազմապատիկ ցրտաշունչ է, հողմառատ և դաժան: Թվում է, թե նրա բարձունքներում ցրտաշունչ օրերին որևէ կենդանի շունչ չի կարող գոյատևել:

Բայց պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ:

Որ գարնանամուտից մինչ աշուն սարի վրա որսորդ էր շրջում՝ բոլորին է հայտնի, բայց տեսեք, որ ձմռանն էլ այդտեղ որսի գնացողներ են լինում:

Հիմա չգիտեմ, սար բարձրացողներ կա՞ն, թե՞ ոչ, բայց հին որսորդներից տաթևացի Բագրատ Հայրապետյանը ձմեռային որսի մասին ինձ մի պատմություն է արել:

-Շատ տարիներ առաջ էր: Նոր տարվա նախօրյակին երեք ընկերով գնացինք Գյազբել որսի: Փոսորակներում ձյունը շատ էր, քամին բարձունքներից հավաքել կուտակներ էր արել: Արևկող լանջերի մի մասը բաց էր, ձյուն չկար, մենք հենց այդ հատվածներում էլ պետք է որս փնտրեինք...

Երբ նրան հարցրի, թե ի՞նչ որս կարող էր հանդիպել, պատասխանեց.

-Հնարավոր էր քարայծ, բայց համոզված էինք, որ ավելի շուտ արջի որսը կհաջողեր:

Հարցրի, մի՞թե ձմռանն արջերը խոր քուն չեն մտնում բներում, նա ասաց՝

-Ի՞նչ ես ասում, Գյազբելն այնպիսի արևկող լանջեր ունի, որ արևոտ օրերին արջերը դուրս են գալիս իրենց ղաներից (որջերից) և պառկում արևի տակ ու ջերմանում: Իմ աչքով եմ տեսել՝ արջը մեջքի վրա պառկած արևկող է անում, այնպես էր հաճելի տաքից թուլացել, որ անգամ վերջույթների ճանկերը բացվել էին, և երանելի հանգիստ էր վայելում:

Ապա նա շարունակեց իր պատմությունը:

-Այդ օրը մեզ հետ դժբախտ պատահար եղավ, և մենք այլևս որսի մասին չէինք էլ մտածում: Մեր երիտասարդ ընկերը, ով պակաս փորձով էր, ցանկացավ մեծ թեքության վրայի փոսորակն անցնել կուտակված ձյունի վրայով: Զգալով ձյունահոսքի վտանգ, հեռվից ձայն տվի նրան, որ այդպիսի ռիսկի չդիմի: Նա ինձ չլսեց, որոշել էր կարճ անցում անել, և չհասած փոսորակի կեսին, արևից ջերմացած ձյան մի խոշոր հատված պոկվեց ոտքերի տակից և նրան էլ իր հետ տարավ դեպի խոր ձորակ: Ձյունահոսքը նրա հետևից էլի շարւնակվեց, և ձորը լցվեց ձյան հաստ շերտով:

Մեր ջանքերը՝ աղետի ենթարկված երիտասարդին փրկելու ուղղությամբ, արդյունք չտվեցին: Մենք կորցրինք նրան: Նոր տարին էլ հարամ դարձավ մեր գլխին...

Այսպես էր, Գյազբելի վրա որս անելն ամեն մեկի բանը չէ, հատկապես ձմռան ամիսներին: Նման դեպքեր սարի վրա էլի եղել են, բայց մեկ է, էլի որսի գնացողներ լինում էին:

***

Մենակ ձմռանը չէ, որ Գյազբելը վտանգներ ունի: Գարնան վերջին, ամռան անձրևոտ ու մառախլապատ օրերին այստեղ այնպիսի որոտներ են լսվում, և այնպիսի կայծակներ խաչվում, որ հատուկ է միայն Գյազբելին:

Երկինքն ու երկիրն այդ պահերին խառնվում են իրար, քարափներն ու ձորերն ահից դողում են, ամեն կենդանի շունչ փորձում է գլուխը թաքցնել որևէ ապահով խորշում: Փորձ ունեցող անասնապահները, երբ կանխազգում են, որ եղանակը կարող է վատանալ, բարձունքներից 

անասունները ժամանակին իջեցնում են ցածի հովիտներ, որտեղ անհամեմատ որոտ-կայծակի վտանգը շատ ավելի պակաս է:

Ցավալի է, բայց այնպես է լինում, որ որոշ անասնապահներ չեն իմանում այս մասին կամ էլ թեթևամտորեն կարծում են, թե ոչինչ էլ չի պատահի, և վրա է հասնում աղետը:

2003 կամ 2004 թվականի ամռանը՝ ստույգ թվականը, օրը չեմ հիշում, հորդառատ անձրևից, որոտ-կայծակից հետո Սվարանց գյուղի խոշոր եղջերավոր անասունների մատղաշի նախրապանը՝ հերթն ավարտելուց հետո չի վերադարձել գյուղ: Նրան փոխարինողը բարձրացել է սար, հավաքել ցաքուցրիվ եղած անասունների մի մասին, բայց անասնապահին չի գտել: Գյուղից էլի մարդիկ են գնացել Գյազբել, երկար որոնումներից հետո բարձունքի մի նեղ հատվածում գտել են կայծակնահարված մի քանի անասունի դի և գունդ ու կծիկ դարձած մի այրված ու մոխրացած գոյացություն:

Այդ ժամանակ ես, որպես Գորիսի տարածաշրջանը սպասարկող դատախազ՝ դատաբժշկական փորձագետի, ոստիկանության բաժնի օպերատիվ խմբի հետ գնացել եմ դեպքի վայր: Այն, ինչ տեսանք, երբևէ մարդու մտքով չէր անցնի: Երկնային աղետն ինչ ուժով էր հարվածել, քանի հազար վոլտ լարումով՝ չես կարող ասել:

Անասնապահը՝ Սվարանցի բնակիչ Արթուր Գրիգորյանը, ով աղետի պահին փորձել էր պահվել ինչ-որ տեղ ու չէր հասցրել, ձորակով իջնելիս կայծակի էպիկենտրոնում էր հայտնվել, ու նրանից մնացել էր ֆուտբոլի գնդակի չափ սևացած ու մոխրացած մի զանգված: Միայն փորձագետի մասնագիտական կարողությունների շնորհիվ հնարավոր եղավ ճշտել, որ դա մարդկային մարմին է:

Այնպես որ՝ Գյազբելի հետ չի կարելի կատակել: Այսպիսի վտանգը մեծ է նաև այն պատճառով, որ սարը երկաթահանք ունի ընդերքում: Մնացածն արդեն պարզ է...

***

Իմ սերունդն արդեն, ինչ-որ չափով, առաջացած տարիք ունի: Երբ հետ ենք նայում՝ լինելով բնաշխարհի սիրահար, տեսնում ենք, որ ապրած տարիների ընթացքում ոչ կարգին շրջել, տեսել, ուսումնասիրել ենք այն, ոչ էլ բավարար օգտվել նրա բարիքներից: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրն իր ապրած օրերի ծանրակշիռ մասը պետք է անցկացնի բնության գրկում, վայելի նրա բարիքները, ուղղակի ձուլված լինի նրան: Սա կենսական անհրաժեշտություն է մարդու համար, չէ՞ որ ինքն էլ այդ բնության մասնիկն է: Մինչդեռ տեսնում ենք, որ հիմնականում՝ լայն չափանիշով, մարդն օտարվել է նրանից: Ու նաև դրանով պետք է բացատրել մարդկանց ֆիզիկական ու հոգեկան որոշակի տկարությունը, զանազան հիվանդություններով հաճախակի տառապելը, և բազմաթիվ այն բացասական զարգացումները, որոնց ենթարկվում է նա: Մինչդեռ կարող ենք, և իհարկե լիովին պահանջված է, օր առաջ վերանայել այսպիսի վերաբերմունքն ու, ինչպես հարկն է, կապվել բնությանը:

Առավել հետաքրքիր առօրյա դժվար է պատկերացնել, ինչու՞ մեզ լիովին չնվիրենք նրան՝ անզուգական բնաշխարհին, երկրի հնություններին, ընդհանրապես նրա պատմությանը: Այսպիսի նյութի պաշար չափազանց շատ ունենք մեր երկրում ...

Նշվածի ուղղությամբ մեր «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը բազմաթիվ խրախուսելի նախաձեռնություններ է արել և արդյունքները հրապարակել թերթի էջերում: Համաձայնեք, որ դրանք արժեքավոր և շատ էլ պահանջված ու հետաքրքրություն շարժող նյութեր են: Բայց նպատակս դրանց գնահատական տալը կամ վերլուծելը չէ: Ուշադրության արժանի է այն, որ Ս. Ալեքսանյանը՝ կատարած շատ հետաքրքիր շրջագայություններին ընդգրկում է ոչ միայն խմբագրության աշխատակիցների, դրանով հետաքրքրվողների, ընկերական, բարեկամական շրջապատի մարդկանց, այլ տանում է նաև իր անչափահաս՝ 12-14 տարեկան թոռնուհիներին:

Պատկերացրեք՝ 4.08.2019թ. նա իր Մարիամի ու Սոֆիի հետ բարձրացել է Արամազդի 3399մ բարձրության լեռնագագաթ և այնտեղից երեխաների աչքերով նայել Սյունյաց լեռնաշխարհին, նրա հրաշք բնաշխարհին: Կարո՞ղ եք ավելի հաճելի ու բարձր ապրում պատկերացնել, երբ վերելքն էլ հաղթահարել են ձիով ու ոտքով: Այս և ուրիշ երեխանեի հետ գնացել են նաև Մեծ Իշխանասար, Ուխտասար և այլ բարձունքներ, պատմական հնավայրեր, կառույցներ, եղել անտառներում, բազմաթիվ այլ տեսարժան վայրերում: Սա այն է, ինչի մասին նշեցի սկզբում՝ բնաշխարհի հետ կապի մասին: Համոզված եմ, երեխաների մտածողությունը, մտահորիզոնը նման ակցիաների արդյունքում ոչ միայն ավելի են ընդլայնվելու, այլ շատ ու շատ ավելին է տալու նրանց ներաշխարհին:

Պատկերացրեք՝ իրենց տարիքակիցներին մոտ երեխաներն այդ մասին ինչ հպարտությամբ են պատմելու, ինչ նկարագրություններով... Եվ այդ կրակը կբորբոքեն մյուս երեխաների սրտերում նույնպես:

Անկեղծ եմ ասում՝ բարի նախանձով եմ նայում պարոն Ալեքսանյանի այդ արածներին, անչափ կարևոր ու բարձր եմ գնահատում այն, միաժամանակ ցավում, որ խնդիրների պատճառով չեմ կարողանում մասնակցություն ունենալ նման շրջագայություններին:

Հնարավորություն ունեցողներին՝ հատկապես երիտասարդներին խորհուրդ եմ տալիս՝ մասնակցել այդպիսի ուղևորություններին, արշավներին և լիուլի ըմբոշխնել մեր անչափ հետաքրքիր բնաշխարհը, նրա աստվածատուր հմայքը:

Գնացեք Գյազբել-Արամազդ... ՈՒ հեքիաթներ հյուսեք ձեզ համար:

ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34