Արտասովոր իրավիճակ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհին

04.08.2023 20:12
2245

Վերջին օրերի հորդառատ տեղումների հետեւանքով առաջացած հեղեղումները մեծ վնաս են պատճառել Խոտ-Որոտան կառուցվող ճանապարհին: Անձրեւաջրերի կատաղի ու արագ հոսքը բազմաթիվ տեղերում առաջացրել է փլվածքներ, փոսեր, որոշ հատվածներում էլ հսկայածավալ լեռնազանգվածները պոկվել եւ գլորվել են ցած: Քանդվել են ճանապարհի ենթակառուցվածքներ, բազմաթիվ տեղերում (լեռան լանջերին) նոր ձորեր ու ձորակներ են առաջացել…

Արդյունքում՝ առնվազն երկու հատվածում ամբողջապես փլուզվել կամ փակվել է Խոտ-Որոտան՝ այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը, որը Գորիս-Կապան մայրուղու՝ Էյվազլարի հատվածն ազերիների կողմից բռնազավթելուց հետո, դարձել էր կյանքի յուրօրինակ ճանապարհ Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերի համար:

Շուրջ յոթ օր, փաստորեն, փակ էր Խոտ-Որոտան ճանապարհը:

Եվ միայն երկու օր առաջ՝ ճանաչված շինարար Էդուարդ Բեզոյանի գլխավորած «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ի ջանքով, առաջին եւ խոշոր փլվածքի տեղանքով մեքենաների համար (ժամանակավոր)  անցանելի ճանապարհ  բացվեց:

Ավելի խնդրահարույց է քանդվածքի երկրորդ հատվածը, որտեղ մեքենաների անցանելիությունը դեռեւս ապահովված  չէ: Ու, դարձյալ նույն շինկազմակերպության նախաձեռնությամբ, միակողմանի եւ շրջանցիկ ուղի  բացվեց այգեմիջյան ճանապարհներով՝ Որոտան հասնելու համար:

Շրջանցող այդ ուղին, սակայն, անցանելի է ոչ բոլոր մեքենաների համար՝ ոչ միայն նեղության, այլեւ ցեխաջրերի, քարակույտերի ու ցեխացած հողային շերտի առկայության պատճառով:

Այդ ամենի հետեւանքով է, որ Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ առայժմ հիմնական կապն ապահովում է Թասի լեռնանցք-Բարձրավան ճանապարհով, որտեղից էլ՝ նորակառույց ճանապարհով՝ Քաշունիի խաչմերուկում, միանում է Տաթեւ-Կապան մայրուղուն:

Խոտ-Որոտան ճանապարհի երկարությանը գրեթե չորս-հինգ անգամ գերազանցող ճանապարհով են հիմա շինարարները Գորիսից Որոտան հասնում կամ այնտեղ շինանյութ տեղափոխում: Այդ ճանապարհով է երթուղայինը Գորիսից Որոտան հասնում: Այդ ճանապարհով են Տաթեւհէկի աշխատակիցները Գորիսից գործատեղ հասնում…

Որոտանցիներին (եւ ոչ միայն) հետաքրքրում է՝ ե՞րբ է, ի վերջո, վերականգնվելու-վերաբացվելու Խոտ-Որոտան ճանապարհը, մի՞թե վերջին օրերի լռությունն ու անտարբերությունը վերջ չպիտի ունենան:

Մեկ այլ հարց էլ ուղղակի ապշեցնում է որոտանցիներին. պետական միջամտությամբ Որոտան գյուղում հացաթխման կետ է հիմնվել Մ2-ի օկուպացումից հետո, որը բարձրորակ հաց է մատակարարում Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի բնակիչներին, ճանապարհ լինելու դեպքում՝ նաեւ խոտեցիներին, բայց… Որոտանում՝ հացաթխման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ծառայություն իրականացնող մեր զինվորականների համար հաց են բերում 60 կմ հեռավորությամբ գտնվող Կապանից…

Որոտանից վերադառնալուց հետո հեռախոսազրույց ունեցանք «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի հետ: Ուրախացնող էր նրա լավատեսությունը. Խոտ-Որոտան ճանապարհին, որի հողային աշխատանքները վաղուց պետք է ավարտված լինեին, երեք անգամ սողանք է արձանագրվել՝ հարյուրավոր մետրեր ընդգրկող, մեկ-երկու անգամ՝ հեղեղ՝ կատարված աշխատանքի արդյունքները որոշակիորեն ի չիք դարձնելով: Բայց ինքն այլ կերպ է  մտածում. «Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ սողանքները, հեղեղումները տեղի ունենային այն ժամանակ, երբ ավարտված կլիներ ճանապարհի շինարարությունը, երբ շահագործման հանձնված կլիներ այն: Այն ժամանակ ոչ միայն քանդվածքներ կունենայինք, այլեւ (միգուցե)՝ մարդկային կորուստներ: Այնպես որ՝ «լավ» է, որ շինարարության այս փուլում են աղետներ տեղի ունեցել եւ ի հայտ եկել տարածքի խնդրահարույց հատվածները…»:

Լավատեսությամբ էլ իր խոսքն ավարտեց Էդուարդ Բեզոյանը՝ «Ինչ էլ լինի, ինչ էլ պատահի՝ Խոտ-Որոտան ճանապարհը կառուցելու եմ, եւ այն լինելու է բարձրակարգ մայրուղի…»:

Իհարկե, լավ է, որ ճանապարհաշինական կազմակերպության փորձառու ղեկավարն այդպես է մտածում եւ գործում…

Սակայն, մենք շարունակում ենք մնալ կարծիքին, որ արտահայտել ենք դեռեւս երեք տարի առաջ, երբ նոր-նոր մեկնարկում էր Խոտ-Որոտանի կառուցումը. քանի դեռ ջրերի հոսքը կառուցվող ճանապարհի ողջ երկարությամբ չի կառավարվում եւ չի կասեցվում, դժվար է լինելու (գուցե եւ անհնար) սողանքներից խուսափելը…

Ստեղծված ոչ սովորական իրավիճակում, ըստ էության, բոլորից առաջ եւ բոլորից շատ մտածելու խնդիր ունեն նախագծողները. երեք տարում այդպես էլ նրանք չկարողացան Խոտ-Որոտան ճանապարհի համար այնպիսի երթուղի նախանշել, որ բացառվեն հնարավոր սողանքները: Եվ դա այն դեպքում, երբ (նաեւ տեղացիների կարծիքով) Խոտից Որոտան ճանապարհ  կառուցելու համար ավելի հուսալի երթուղիներ գոյություն ունեն…

Սամվել Ալեքսանյան

2027-ից ուժը կորցրած կճանաչվի էլեկտրոնային համակարգերի պահանջները սահմանող որոշումը

12.10.2026 12:35

Հուշամրցաշար՝ զոհված մարտիկի հիշատակին

12.10.2026 12:18

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

12.10.2026 11:56

Հայոց ազգային բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ

12.10.2026 10:41

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և 9 մարզերում

12.10.2026 10:32

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40