Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

14.03.2023 12:04
2605

Այցեքարտ

Ծնվել է 1947 թ հունվարի 15-ին Կապանի շրջանի Եղվարդ գյուղում ծառայողի ընտանիքում։

1954-65 թթ սովորել և ավարտել է Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցը։

1965 թվականին ընդունվել և 1970 թվականին ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեներ-մեխանիկի որակավորում։ Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Սկզբում աշխատել է ճոպանուղում՝ հերթափոխի էլեկտրիկ, ապա՝ վարպետ։

1972-74 թթ ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո կրկին աշխատանքի անցել Զանգեզուրի կոմբինատի ճոպանուղում՝ արդեն որպես գլխավոր էներգետիկ։

1985 թվականին նշանակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն, ապա՝ գլխավոր ինժեներ։

1994-1998 թթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն էր։

1998-2000 թթ եղել է Սյունիքի մարզպետ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ։

- Պարոն Նավասարդյան, շնորհակալ ենք հանդիպման հնարավորության համար: Մեր զրույցը սկսենք ակունքներից՝ որտեղի՞ց են գալիս Նավասարդյան գերդաստանի արմատները։

- Ես եմ շնորհակալ, կփորձեմ հնարավորինս օգտակար լինել և պատասխանել Ձեր հարցերին։

Ծնունդով Եղվարդ գյուղից եմ, տեղի բնակիչներն այդտեղ եկել են և հաստատվել Պարսկաստանի Ղարադաղի շրջանից (hին հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Իրանի տարածքում կազմավորված առաջին հայաշատ գավառ)։ Մայրս` Արաքսյա Սևաչյանը, վաստակաշատ մանկավարժ էր, ասեմ, որ աշակերտներին սեփական երեխաներից չէր տարբերում, ֆանատորեն սիրում էր իր աշխատանքը։ Հայրս Մեծ հայրենականի հաշմանդամ էր, երեք եղբայրն էլ պատերազմի մասնակից էին, ցավոք պատերազմից վերադարձել են երկուսը։

Պապս գյուղի կոլտնտեսության նախագահն էր: 1946 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմից հետո՝ սովի տարիներին, գյուղի պահեստներից  հանել է հացահատիկի սերմացուն և որոշ մասը բաժանել գյուղացիներին, ինչի համար էլ պատասխանատվության է ենթարկվել՝ 10 տարի ազատազրկմամբ։ Իր ճակատագրից երբևէ չբողոքող, չտրտնջացող մարդ էր։ Երբևէ չբարձրաձայնեց, որ պատժվել է սովամահ լինող մարդկանց փրկելու համար, կամ որ՝ երեք տղան պատերազմի բովով են անցել։ Այդքանը՝ իմ գերդաստանի մասին։

- 1960-ականներին Կապանի «Լեռնագործ» ֆուտբոլային թիմի դարպասապահն էիք, ինչպիսի՞ն էր այդ տարիների հայկական ֆուտբոլը։

- Իմ պատանեկության տարիներին բոլոր բակերում սպորտով զբաղվող պատանիների և երիտասարդների թիվն օրեցօր էր աճում։

Ես շատ սիրեցի ֆուտբոլը, 16 տարեկանում՝ 10-րդ ավարտական դասարանում, «Լեռնագործ» ֆուտբոլային թիմի դարպասապահն էի։ Եվ 1963 թվականին, առաջին անգամ մեր թիմը  նվաճեց Հայաստանի գավաթը։

Հետագայում ևս իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել սպորտը այն պայքարել էր սովորեցնում, անխնա աշխատել և արդյունքի հասնել։

Մեզանից շատերը սպորտում հաջողության հասնելու մեծ պոտենցիալ ունեին, սակայն խորհրդային ժամանակներին բնորոշ՝ առաջնային էր կրթությունը, սպորտն ուղղակի հոբբի էր, որ սովորեցրեց ձգտել և հասնել առավելագույնի՝ կյանքի ամենատարբեր ոլորտներում։ 

- Կոմբինատում Ձեր աշխատանքային առաջին  քայլերը...

- Լենինգրադում բուհն ավարտելուց հետո գործուղվեցի Քաջարանի կոմբինատ։ Ծնողներս այստեղ էին, և ես մտադիր էի հետ գալ, աշխատել, նրանց մոտ լինել։

 Սկսեցի բանվորությունից Էլեկտրիկ, հերթափոխի պետ, ապա՝ էլեկտրամեխանիկ, գլխավոր էներգետիկ։ Քաջարանում կանանց աշխատանքով ապահովելու խնդիր կար, առաջարկ ստացա համակարգել տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատանքները։ Այնուհետև կրկին կոմբինատ՝ որպես փոխտնօրեն, գլխավոր ինժեներ, ապա՝ կոմբինատի տնօրեն։

- Տասնամյակների հետ, բնականաբար, առաջընթաց է գրանցվել կոմբինատում, տեխնոլոգիական գործընթացի վերազինում և աշխատակազմի փոփոխություն, ո՞ւմ և ի՞նչ կհիշեք։

- Գիտե՞ք, ես համարում եմ, որ իմ կարիերայի հիմնական «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ՝ թե՛ մասնագիտական և թե՛ մարդկային առումներով։ Նրանք այնքան նվիրված էին ձեռնարկությանը, որ մնում էր նույն նվիրվածությամբ աշխատել ու ղեկավարել։ Այդպիսի միջավայրում, բնականաբար, հաճելի էր աշխատանքը, որտեղ բարեխղճությունն ու նվիրումը վեր էին ամեն բանից այդ սկզբունքները կոմբինատի ստեղծման ակունքներից են եկել։

Հավանաբար լսել եք կոմբնատի ճոպանուղու տեղամասի մասին, որն ապամոնտաժվեց հետագայում։ Այն հանքաքարն օդային ճանապարհով տեղափոխում էր ջարդման տեղամաս։

Այդտեղ աշխատանքը, ինչպես և մյուս արտադրական օբյեկտներում, ուշադրություն ու անվտանգության կանոնների հստակ պահպանում էր պահանջում։ Վթարի դեպքում, երբ ճոպանուղին կանգնում էր, արտադրական պրոցեսը խաթարվում էր։ Գիշեր-ցերեկ բանվոր ու ղեկավար անքուն մնալով՝ արտադրական պրոցեսի դժվարություններն էին հաղթահարում՝ ընդհանուր գործն առաջնային համարելով։

Եվ ողջ իմ պրակտիկայում մի անգամ էլ չլսեցի, որ վարձատրություն պահանջեն հավելյալ աշխատաժամանակի դիմաց։ Նման մարդկանց հետ ճանապարհ անցնելը հաճելի էր և պարտավորեցնող։

- Աշխատանքային հաջողությունների Ձեր բանաձևը:

Հաջողության գրավականը՝ մասնագետ լինելն է։ Միջակությունը յուրաքանչյուր աշխատանքում ընդունելի չէ, այն տանում է կործանման կամ հակառակ դեպքում՝ տեղում դոփելու։

Երկրորդ կարևորագույն պայմանը աշխատանքդ սիրելն է։ Եվ դա վերաբերում է ցանկացած ոլորտի։ Սիրել աշխատանքդ և նվիրվել այս պարագայում գործում է բումերանգի էֆեկտը։

Հինգ տարի եղել եմ կոմբինատի փոխտնօրեն, տասը տարի գլխավոր ինժեներ, գրեթե հինգ տարի՝ կոմբինատի տնօրեն։ Աշխատանքային առումով բավարարվածության զգացողություն ունեցել եմ միայն գլխավոր ինժեներ աշխատելու տարիներին։ Ասեմ ինչու՝ արտադրությունում անբասիր ու մաքուր մարդկանց հետ ես աշխատում։ Դա այն միջավայրն է, որտեղ երբեք քո խղճի դեմ ոչինչ չես անում։

- 1990-ականներին, երբ բարդ տարիներ էին կոմբինատի և հանրապետության համար առհասարակ, ինչպե՞ս հաջողվեց «փրկել» կոմբինատը, որոշակի պարապուրդից հետո շատ կարճ ժամանակամիջոցում վերագործարկել այն։

- Կոմբինատը ես չեմ «փրկել», այլ բանվորները։ Հսկա ձեռնարկությունը պարապուրդի տարիներին օր ու գիշեր հսկել են բանվորները։ Եվ կատարել են գործը՝ այնպիսի պատասխանատվությամբ, որ երկու տարի պարապուրդից հետո կարողացանք կոմբինատը վերագործարկել մեկ շաբաթում։ Ստեղծման օրվանից կոմբինատի հիմքերն այդպես են դրվել պետք էր շարժվել ըստ նրա դրվածքների, ավանդույթների, հարազատորեն։ Այդ դեպքում՝ կոմբինատը  քեզ կզգա և կընդունի։

- Ձեր ղեկավարման տարիների բացթողումներն ու դժվար ժամանակները։

- Իհարկե, արտադրական հսկան ղեկավարելը հեշտ չէր։ Լինում էին պահեր, երբ իրավիճակը դուրս էր գալիս հսկողությունից, կամ, օրինակ, նույն 1990-ականներին՝ էլեկտարէներգիայի սակավության պատճառով եղել են արտադրական բազում պարապուրդներ և այլն։ Քաղաքը հոսանքազրկվում էր՝ էներգիան կոմբինատին փոխանցելու պատճառով, իսկ արտադրական հսկայի աշխատանքը երկրի քայքայված տնտեսության համար ստրատեգիական նշանակություն ուներ։

- 2022 թվականին լրացավ ընկերության գործարկման 70-ամյակը։ Ձեր մաղթանքը կոլեկտիվին։

- Ինչպես արդեն նշեցի, երջանիկ եմ, որ այդ կոլեկտիվի ներկայացուցիչ եմ եղել, անդամագրվել եմ 22 տարեկանից, մեծացել ու կոփվել եմ այդ միջավայրում։

Այն այսօր էլ հարազատ է ինձ։

Մաղթում եմ բոլոր աշխատակիցներին քաջ առողջություն, թող կարողանան պահպանել ի վերուստ կոմբինատի գործունեության հիմքում դրված բոլոր կանոնները։ Ձեռնարկությունը միակն է, որ ստեղծման օրվանից պետության հանդեպ իր պարտքը կատարել և շարունակում է կատարել։ Ինչպես գիտեք, դեռևս 1966 թվականին կոմբինատն արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։ Կարծում եմ՝ ժամանակն է այժմ էլ կառավարության մակարդակով ըստ արժանվույն գնահատել ընկերության ավանդը՝ կրկին երկրի բարձրագույն պարգևի արժանացնելով։

Առողջություն՝ բոլորին, խաղաղություն՝ մեր երկրին։

Հարցազրույցը՝ Լիլիթ Իսրայելյանի

Լուսանկարները՝ Հայկ Թադևոսյանի

 

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26