Սամվել Ալեքսանյանի ելույթը Գորիսի պետական համալսարանի 55-ամյակին նվիրված գիտաժողովում

28.10.2022 15:55
2264

Հոկտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» խորագրով հանրապետական երկրորդ գիտաժողովը՝ նվիրված կրթօջախի հիմնադրման 55-րդ տարեդարձին:

Գիտաժողովի բացմանը ելույթ է ունեցել նաեւ «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Ելույթի ամբողջական տեքստը՝ ստորեւ…

***

Հարգելի պարոն Վանդունց

Հարգելի հյուրեր, բարեկամներ

Կարծում եմ՝ գիտաժողովի օրակարգն ու պատշաճությունը խախտած չեմ լինի, եթե հիշեմ ու հիշեցնեմ տարիներ առաջ՝ այսօր, հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ մեր ազգային առաջնորդներն ու պետության ղեկավարները գնդակահարվեցին Հայոց խորհրդարանում, որից հետո ստույգ ճանապարհ բացվեց մեր ձախողումների՝ առայսօր շարունակվող շքերթի համար:

Հարգանք Կարեն Դեմիրճյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ մյուս զոհերի հիշատակին…

Ողբերգական այդ իրադարձության հերթական տարելիցի եւ գիտաժողովի օրվա զուգադիպումը, սակայն, որեւէ կերպ չի կարող ստվերել գիտաժողովի նշանակությունը, որին կանդրադառնամ:

Մինչ այդ… Վերջին ամիսներին առիթ չեմ ունեցել այցելել Գորիսի պետական համալսարան եւ հրապարակային խոսք ասել կարեւոր մի իրադարձության առիթով: Մայիսի 30-ին Գորիսի պետական համալասարանի ռեկտոր է ընտրվել Տիգրան Վանդունցը, ում, մեր խմբագրակազմի եւ ընթերցողների անունից շնորհավորում եմ եւ հաջողություններ մաղթում:

Ողջունում եմ գիտաժողովի բոլոր մասնակիցներին. շատ հաճելի է հանրապետության գիտական հանրույթի այսքան ներկայացուցիչների միանգամից տեսնել Գորիսում:

Ակնկալում ենք արդյունավետ աշխատանք:

Ակնկալում ենք զեկուցումներ եւ ելույթներ, որոնք ներդրում կլինեն գիտաժողովի թեմայի  հետագա ընդհանրացման գործում, որոնք նոր եւ այժմեական հայացք կլինեն մեր երկրամասի կրթական եւ մշակութային անցյալին, նաեւ այսօրվա վիճակին:

Հաճելի է տեսնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ներկայությունը, ում խոսքին մենք հետեւում ենք Սյունիքում, ում խոսքից եւ քաղաքացիական դիրքորոշումից հույսի ճառագայթներ են շողարձակում: Ուզում եմ նաեւ պարոն Բաբայանին փոխանցել հազարավոր սյունեցիների հստակ դիրքորոշումը՝ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Գիտաժողովը նվիրված է Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին: Ուստի եւ պարտք ունենք հարգանքի տուրք ընծայել բոլոր այն գիտնականներին՝ սկսած մեծանուն Վիկտոր Համբարձումյանից, որոնց ջանքով կերտվել է կրթօջախի արգասավոր ուղին:

Ուզում եմ բարձրաձայնել վերաբերմունքս գիտաժողովի թեմային՝ «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ». ընտրված է շատ պահանջված թեմա:

Նորություն ասած չեմ լինի, եթե երիցս փաստեմ՝ Սյունիքը դարերի փորձությանը դիմացել է նաեւ հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ ունեցած հավատամքի շնորհիվ: Կրթությունը, մշակույթը եւ հոգեւորն առհասարակ՝ պատմության մի շարք վճռորոշ հանգրավաններում, մեր զինական ուժին եւ այրուձիին հավասար դեր են խաղացել:

Վերցրեք կրթության ու մշակույթի ցանկացած ոլորտ եւ կտեսնեք՝ Սյունիքն ունեցել է բացառիկ դերակատարություն համազգային մասշտաբով:

Ենթադրում ենք, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձներ կլինեն թեմային առնչվող բազմաթիվ հարցերի:

Այդ ամենի հետ մեկտեղ ակնկալում ենք լսել նաեւ նկատառումներ Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական նոր իրողությունների եւ առկա անորոշությունների վերաբերյալ: Մշակութային եւ կրթական անցյալն ու ներկան չեն կարող դիտարկվել մերօրյա իրողություններից դուրս, քանզի այսօրվա գիտաժողովը նախեւառաջ մտավորականության յուրօրինակ հավաք է:

Թշնամական երկիրը շրջափակել է մարզի տարածքով անցնող առնվազն երեք տրանսպորտային մայրուղի:

Թշնամին Մեծ Իշխանասարում է, Սեւ լճում է, Գլուխ Ձագեձորո լեռան գագաթին է, Շուռնուխում է, Ներքին Հանդում է…

Թշնամական պետությունը չի թաքցնում իր հավակնությունները հայոց Սյունիքի հանդեպ՝ շրջանառության մեջ դնելով հորինված եւ իրավական հիմքերից զուրկ քարտեզներ:

Գրեթե ամեն շաբաթ Սյունիք այցելող օտարերկրյա դեսպանների կարեկցական խոսքերին, ժպիտներին, նույնիսկ հասցեական հայտարարություններին կոնկրետ գործեր չեն հաջորդում:

Ու թեեւ մեզանում կարեւորում են սպասվող սահմանազատումն ու սահմանագծումը, ագրեսորը` չսպասելով այդ գործողություններին, անգամ սեպտեմբերի 13-ին բռնազավթած տարածքներում ամրաշինական աշխատանքներ է իրականացնում:

Ստեղծված իրավիճակում Գորիսում գիտաժողով անցկացնելով՝ դուք յուրօրինակ ազդակ եք հնչեցնում՝ Սյունիքը կա եւ լինելու է հայոց պետության ողնաշարն ու վեմ քարը, Սյունիքից բռնազավթած տարածքները վերադարձվելու են՝ ինչ գնով էլ լինի….

Եվ ուրեմն՝ որքա՜ն գնահատելի կլիներ, եթե գիտաժողովի արդյունքում, որեւէ ձեւաչափով, դուք՝ գիտական մտավորականության ներկայացուցիչներդ, ընդհանրական դիրքորոշում հայտնեիք:

Կարեւոր կլիներ նաեւ այն տեսակետի ամրագրումը, որ բուհերի խոշորացման թափ առնող հանդեսը չպետք է իր ջրապտույտի մեջ առնի սյունիքյան բուհերը, ինչի համար կան ծանրակշիռ կռվաններ:

Մի արձանագրում եւս՝ օրվա թեմային (գուցե եւ ոչ ուղղակիորեն) առնչվող. մեր հազարավոր հայրենակիցներ չեն մոռացել, որ հարյուրամյակներ առաջ հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման բնօրրաններից մեկը հենց Սյունյաց աշխարհն է եղել, եւ մենք գնահատում ենք հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, պատրաստակամություն հայտնում շարունակելու այն:

Վերջում՝ կրկին ողջունում եմ յուրաքանչյուրիդ եւ արդյունավետ աշխատանք ցանկանում գիտաժողովին:

***

Գիտաժողովի փակմանը նվիրված լիագումար նիստում՝ հոկտեմբերի 28-ին, մասնախմբերի նախագահների հաղորդումները լսելուց հետո, իր նկատառումներն է արտահայտել նաեւ Սամվել Ալեքսանյանը՝ մասնավորապես նշելով. «Հարգելի բարեկամներ, միանում եմ գիտաժողովին տրված դրական գնահատականներին: Այդ բոլորով հանդերձ՝ մի քանի դիտարկում:

Գորիսի պետական համալսարանը հիմնադրվել է համասյունիքյան առաքելությամբ: Ուստի եւ գիտաժողովների թեմատիկան մշակելիս պետք է նկատի ունենալ նաեւ Մեղրու, Կապանի, Սիսիանի տարածաշրջաններին առնչվող թեմաները:

Հաճելի է տեսնել, որ զեկուցողների մեջ ծանրակշիռ տեղ են զբաղեցնում տեղի դասախոսները: Սակայն հասկանալի չէր Գրիշա Հարությունյանի բացակայությունը, ով  Գորիսի տարածաշրջանի կրթության եւ մշակույթի  անմրցելի գիտակն է, մանավանդ որ գիտաժողովի թեման Սյունիքի կրթությունն ու մշակույթն էր՝ առանցքում ունենալով Գորիսի տարածաշրջանը:

Ցանկալի էր գիտաժողովում տեսնել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին, քանի որ ներկաներից ոմանք՝ ոչ Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող, ակնարկներ հնչեցրին դավանաբանական հարցերին առնչվող:

Կուզենայինք զեկուցումների շարքում տեսնել այս տարվա սյունիքյան ամենախոշոր իրադարձությանն առնչվող խոսք: Նկատի ունենք Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պայքարի 300-ամյակը: Եթե զուտ պատմական թեմաների մեջ խորանալու նպատակ չեք ունեցել, ապա կարելի էր ներկայացնել պատմական այդ իրադարձության մշակութային անդրադարձները՝ գեղարվեստական գրականություն, երաժշտություն, բեմարվեստ, կինո, կերպարվեստ եւ այլն:

Եվ մի շատ կարեւոր հանգամանք. 2020-ի Արցախյան երրորդ պատերազմից հետո միանգամայն նոր իրողություններ են Սյունիքում՝ աշխարհագրական, ինչ-որ չափով ժողովրդագրական… Մեր աչքի առաջ Արցախյան երրորդ պատերազմի պատմությունը շարադրելուն միտված փորձեր են արվում՝ շատ հաճախ իրար հակասող տրամաբանությամբ: Մինչդեռ՝ անցած երկու տարում հայագիտությամբ զբաղվող մեր երեւելի գիտնականները, նաեւ ամբիոններն այդ թեմայի շուրջ հիմնավորված խոսք չեն ասել: Եվ նման գիտաժողովներում, նման հարցերին անդրադառնալու փոխարեն, արծարծում ենք քանիցս ներկայացված թեմաներ, որոնք վաղուց նորություն չեն եւ պատմական այս հանգրվանում չպահանջված: Ժամանակն է, որ մենք՝ մեր նախնիների փառքով հպարտանալուց առաջ, մեր ներկա ընթացքի մասին խոսենք:

Գիտաժողովի բացման ժամանակ ցանկություն հայտնեցինք՝ վերջում լսել ձեր՝ գիտական մտավորականության ներկայացուցիչներիդ ընդհանրական կարծիքը Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների  վերաբերյալ, սակայն նման քայլ չկատարվեց:

Սյունիքի մասին այսօր խոսում են բոլորը՝ ամերիկացին, գերմանացին, ֆրանսիացին, պարսիկը, թուրքը, ռուսը, բայց դուք չկամեցաք ընդհանրական խոսք ասել եւ ձեր դիրքորոշումը հայտնել՝ գտնվելով այստեղ՝ Սյունիքում….»:

***

Գորիս պետական համալսարանի 55-ամյակին նվիրված գիտաժողովի մասին ամբողջական տեղեկատվությունը՝ հաջորդիվ:

 

 

 

 

 

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34