Մեծարգո պարոն Փարսյան
Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյան
Հարգելի ներկաներ
Նախ ընդունեք մեր խմբագրակազմի, մեր պարբերականի հետևորդների սրտաբուխ շնորհավորանքը Կապանի օրվա կապակցությամբ։
Մաղթանքս մեկն է՝ թող հարատևի Սյունյաց աշխարհի և նրա կենտրոն Կապանի՝ գալիքին միտված արգասավոր երթը։
Մեզ համար պատիվ է, որ վերջին տարիներին Կապանի համաքաղաքային տոնի առիթով՝ ամեն անգամ, կարողանում ենք հրատարակել «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ օրվա թեմային պատշաճող։
Նկատի ունեմ Զանգեզուրի ինքնապաշտպանության հերոս Պողոս Տեր-Դավթյանին, Սյունիքի կամ Բաղքի կամ Կապանի թագավորությանը, ինչպես և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին նվիրված համարները։
Այսօրվա տոնը նույնպես նշանավոր է այդ տեսակետից։
Ավելին, տոնի գլխավոր դեմքերը կամ գլխավոր հերոսները Կապանի մեծահարգ երախտավորներն են՝ ավագ սերնդից, որոնցից յուրաքանչյուրին նաև մենք ենք ներկայացնում՝ բոլորին միասին նվիրելով թերթի հերթական հատուկ համարը։
Կապանի երախտավորներին պարբերականի հատուկ համար նվիրելու, յուրաքանչյուրին ըստ պատշաճի ներկայացնելու և գնահատելու նախաձեռնության հեղինակը, ինչպես նախորդ (նշված) դեպքերում, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է։
Գաղափարը կամ միտումը հստակ էր՝ Կապանի ամենամեծ հարստությունը, որ բացարձակ արժեք է, նրա բնակիչներն են և հատկապես նրանք, ովքեր անձնվիրաբար մասնակցել են Կապանի զարգացմանը, ովքեր այսօր էլ մեր ընթացքի առաջնագծում են։
Եվ եթե Կապանը Հայաստան աշխարհի չքնաղագույն անկյուններից մեկն է, ապա շնորհիվ նաև նրանց, որոնց ներկայացնում ենք, որոնց՝ տոնական այս օրը, հարգանքի տուրք է մատուցում ամբողջ համայնքը։
Համարի գաղափարը ծնվել է մեկ այլ հանգամանքից կամ իրողությունից ևս։
Սովորաբար մարդիկ (առնվազն համայնքի կտրվածքով) ապրում են կողք-կողքի, արարում՝ միմյանց լրացնելով, ձգտում՝ մեծ ժամանակի իրենց բաժին ժամանակի ընթացքում հետագիծ թողնել։
Այդքանով հանդերձ՝ յուրաքանչյուրի արած-դրածը հաճախ չենք էլ նկատում։ Կամ ուշացած ենք նկատում ու գնահատում, որը, ըստ էության, ձևական է լինում ի վերջո և տվյալ անձնավորությանը ոչինչ չտվող։
Մինչդեռ յուրաքանչյուր արժանավորին գնահատելու, յուրաքանչյուրի կատարածն իմաստավորելու կարիք ունի հանրությունը։
Նման մոտեցումը և՛ մարդկային է ու բարոյական, և՛ դաստիարակչական՝ հաջորդող սերունդների համար, և՛, իհարկե, բնական ու տրամաբանական։
Իհարկե, ճիշտ չէր լինի ասել, թե համայնքում 70 և ավելի տարիք ունեցող երախտավորները միայն նրանք են, ում ներկայացնում ենք այսօր։
Նրանց թիվն իրականում ավելի շատ է, բայց թերթային ձևաչափը, եթե նույնիսկ ավելի ծավալուն դարձնեինք համարը, չէր կարող ներառել բոլորին։
Իսկ թե ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքով են շատերից ընտրվել միայն 62 երախտավոր՝ դա նույնպես գաղտնիք չէ։
Այդ հարցում ևս, խոստովանենք, պարոն Փարսյանը հավատարիմ է մնացել իր վերկուսակցական, վերանձնական գործելակերպին, իր քաղաքական ու մարդկային ճաշակին։
Ասել է թե՝ նախևառաջ առավել արժանավորներին...
Ասել է թե՝ բոլորս մենք ենք...
Ցավոք, համարի նախապատրաստման ընթացքում նախատեսված անձանցից երեքը հեռացան երկրային կյանքից և տեղ չգտան սույն թողարկման մեջ։ Խոսքը Գրիշա (Յուրի) Հայրապետյանի, Ռոման Ստեփանյանի և ճանաչված պատմաբան Կլիմենտ Հարությունյանի մասին է, որոնց վերաբերյալ հիշատակի խոսք է ասվել պարբերականի հերթական համարներում։
Այդպես է լույս աշխարհ եկել «Սյունյաց երկրի» հերթական հատուկ համարը։
Պատշաճ եմ համարում անպայման նշել մեր ստեղծագործական թիմի անդամների անունները, ովքեր իրենց նվիրական աշխատանքով կարողացել են ծնունդ տալ նախադեպը չունեցող, հանրագիտարանային և սկզբնաղբյուրային նշանակության համարին՝ Վահրամ Օրբելյան, Մարի Նավասարդյան, Իզա Ասծատրյան, Գայանե Բաղդասարյան, Շուշաննա Հարությունյան, Արմինե Մարգարյան և, իհարկե, Գրիգորի Սահակյան։
Երախտավորներից յուրաքանչյուրի դիմանկարը ստեղծելու համար անհրաժեշտ է եղել և՛ արխիվային նյութերի փնտրտուք, և՛ տվյալ անձանց հետ հանդիպումներ, և՛ ամեն մեկի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրում։
Դիմանկարը կամ դիմանկարի ուրվագիծը, իբրև լրագրային ժանր, ուրիշ կերպ չէր էլ կարող ստեղծվել։
Համարը, եթե հասցրել եք ծանոթանալ, կառուցվել է ըստ ոլորտների, իսկ ներկայացվող անձանց հերթականությունը՝ այբբենական կարգով։
Կառուցվածքային մի առանձնահատկություն ևս․․․
Երախտավորների մեծ մասի դիմանկարին ծանոթանալիս կտեսնեք, որ ներկայացվող կերպարի միջոցով ինչ-որ չափով լույս է սփռվում նաև համայնքային կյանքի տվյալ ոլորտի վրա, բացահայտում ուրիշ անձանց ևս, որոնց մի մասը, ավաղ, մեզ հետ չէ այլևս։
Այսինքն՝ եթե ընդհանրացնենք համարի ամբողջ բովանդակությունը, ապա կարելի է առանց վերապահումի արձանագրել՝ համարն արտացոլում է Կապանի վերջին 50 տարվա պատմության ուրվագիծը։
Մեկ ուրիշ խնդիր ենք նաև լուծել․․․
Ավագ սերնդի մեր համերկրացիներին ներկայացնելով՝ փորձել ենք՝ գոնե շատ համառոտ, ցույց տալ Կապան քաղաքի ընդհանրական պատկերը, որի այսօրվա դիմագծում ներդրում ունի օրվա հերոսներից յուրաքանչյուրը։
Ընտրել ենք մատուցման ոչ ստանդարտ ձևեր․ Կապանը՝ գեղանկարներում, Կապանը՝ լուսանկարներում։
Լուսանկարային լուծումներով առանձնացրել ենք պատմական մի քանի դրվագ ևս, որոնք, առանց չափազանցության, դարակազմիկ նշանակություն ունեն՝ Դավիթ Բեկի հուշարձանի բացումը 1978 թ․ հոկտեմբերի 8-ին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու նավակատիքն ու օծումը 2001 թ․ դեկտեմբերի 1-ին, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի հուշակոթողի բացումը 2001 թ․ դեկտեմբերի 8-ին, Զանգեզուրի ինքնապաշտպանության լեգենդար հրամանատարներից մեկի՝ Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանի բացումը 2022 թ․ օգոստոսի 20-ին, ինչպես և Կապանի երաժշտական փառատոնը՝ չորս տարի շարունակվող, որը, հիրավի, միջազգային հնչեղություն է ձեռք բերել։
Կապանի մասին Մարի Առաքելյանի հրաշալի բանաստեղծություններն ենք ներկայացնում։
Հայոց մեծերից Րաֆֆու, Ավետիք Իսահակյանի, Գարեգին Նժդեհի խոսքերն ենք ներկայացնում՝ Կապանի ու կապանցու մասին։
Հիշեցնում ենք գիտական տեսակետն առ այն, որ ժամանակին Կապանի տարածաշրջան է այցելել հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր, լուսավորիչ-դեմոկրատ Խաչատուր Աբովյանը։
Համարը եզրափակում ենք Հալիձորի բերդը՝ Հայոց գահերեց իշխան Դավիթ Բեկի գլխավոր ամրոցը և Սյունիքի իշխանության 1720-ականների կենտրոնը, ինչպես և Վահանավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ներկայացնելով՝ այդկերպ հարգանքի տուրք մատուցելով մեր փառավոր նախնիների հիշատակին, ովքեր դարեր շարունակ աննվաճ են պահել հայոց Սյունիքը և իբրև ժառանգություն փոխանցել մեզ:
Մի խոսքով՝ այդպես ենք կարողացել ներկայացնել մեր արժանավոր ավագներին...
Տա Աստված, որ մեզանից հետո՝ երբևէ, ստեղծագործական ուրիշ խմբեր այս թեման ավելի ընդգրկուն, ավելի խորն ու նորովի ներկայացնեն ընթերցողին։
Օգտվելով պատեհ առիթից՝ կուզենայինք ընդգծել մեկ այլ հանգամանք նույնպես։
Իհարկե, նորություն ասած չեմ լինի, եթե բարձրաձայնեմ՝ հոգևորն ու մշակույթը Սյունիքի և մասնավորապես Կապանի լինելիության առանցքային բաղադրիչն են եղել դարեր շարունակ, նաև այսօր։
Բայց հարկ է արձանագրել, որ հոգևոր-մշակութային կյանքը վերջին տարիներին, շնորհիվ Գևորգ Փարսյանի հետևողական գործունեության, մի նոր աստիճանի է բարձրացվել, ինչին ականատես ենք արվեստի և հոգևոր կյանքի բոլոր ոլորտներում։
Ապացույցներից մեկն էլ թերթային այն չորս համարն են, որոնց մասին նշեցի, որոնք լույս աշխարհ եկան համայնքապետի նախաձեռնությամբ, որոնցից յուրաքանչյուրն իսկապես հանրագիտարանային նշանակություն ունի։
Հաջորդ թողարկումը՝ այդ շարքում, նվիրված կլինի համայնքի տարածքում գտնվող քրիստոնեական սրբավայրերին:
Այսօր ներկայացվող համարն էլ, հավատացեք, տարիներ, տասնամյակներ շարունակ սկզբնաղբյուր կլինի բոլոր այն հետազոտողների համար, ովքեր կհետաքրքրվեն Կապանի նորագույն պատմությամբ, ում կհետաքրքրի ձեզանից յուրաքանչյուրի կյանքն ու գործունեությունը։
Հենց դա է տպագիր մամուլի կամ ավանդական մամուլի արժեքներից մեկը, որի պատշաճ գիտակցումը տեսնում ենք Կապան համայնքում։
Եվ, իբրև խոսքիս ամփոփում, կուզենայի վերստին արժևորել քաղաքի տոնն ամեն տարի կազմակերպելու բարի ավանդույթը, այն էլ՝ այսպիսի մակարդակով։
Բախտորոշ ժամանակներ ապրող Սյունիքում նման տոնակատարությունները լույսի և հույսի յուրօրինակ կանթեղ են, որի շողերի ներքո որոշակիորեն խամրում են մեր երկրամասի շուրջ հյուսվող խարդավանքներն ու անորոշությունները։
Շնորհավոր տոնդ, Կապան