Սամվել Մուրադյան. «Գուսան կամ աշուղ Աշոտն էլ հայ իրականության այն արվեստագետներից մեկն է, ով իր երգերով անմահացրել է մեր ժողովրդին եւ ինքն էլ անմահացել մեր ժողովրդի հետ»

25.04.2017 11:41
3388

Հայ իրականության մեջ գուսանների դերի, աշուղական արվեստի որոշ առանձնահատկությունների եւ գուսան կամ աշուղ Աշոտի երգարվեստի մասին է ներկայացնում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը:

Գուսա՞ն, թե՞ աշուղ…

Հայ իրականության մեջ անհիշելի հեռավոր ժամանակներից գոյություն են ունեցել գուսանները եւ գուսանական արվեստը: Դեռեւս 5-րդ դարում Մովսես Խորենացին գրել է. «Մենք մեր աչքով տեսանք եւ մեր ականջով լսեցինք, թե ինչպես գինեվետ Գողթան գավառի գուսանները երգում էին այս երգը Վահագնի մասին եւ նվագում էին փանդիռների վրա», այսինքն՝ 5-րդ դարում Պատմահայրը վկայում է գուսանների մասին, բայց չգիտի, թե ինչ է աշուղը:

Հաջորդ գրավոր հիշատակությունը գուսանների մասին հանդիպում է «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսում, որը թեեւ շատ հին պատմություն ունի, բայց իր վերջնական ձեւավորումն է ստացել 8-10-րդ դարերում: Այստեղ նշվում է, որ Խանդութը գուսաններին հանձնարարում է գնալ Սասուն եւ կտրիճ փահլեւան Դավթի մոտ իր գեղեցկության գովքն անել: Գուսանները Վաչոյ-Մարջոյի թագավորությունից գալիս հասնում են Սասուն, որտեղ նախ հանդիպում են Քեռի Թորոսին, ով Սասնա չարաճճի ճժերի հարձակումներից փրկում է նրանց, բայց երբ հասկանում է, թե ինչի համար են եկել, անարգում է նրանց, ծեծում, ջարդում նվագարանները, եւ գուսանները փախչում են: Մինչ այդ, սակայն, Քեռի Թորոսն էր սասունցի երեխաների չարաճճի ոտնձգություններից պաշտպանել գուսաններին՝ ասելով. «Իմկնի Սասունա ծռեր,/Էդ գուսա՛ն է, սա՛զ է./Ձեն կ’էլնի մոտեն, անո՜ւշ-անո՜ւշ:/Դուք իսկի բան չեք տեսե,/Էդոնք սազ կզարկեն, խաղ կասեն….»: Երբ ծեծված-ջարդված, նեղացած գուսանները հեռանում էին Սասունից, հանդիպում են Դավթին, սակայն չեն ճանաչում եւ չեն հավատում, որ նա՛ է իրական Դավիթը, քանի որ մեկ անգամ արդեն սխալվել էին, երբ Քեռի Թորոսն ասել էր, թե ինքն է Դավիթը: Եվ երբ սկսել էին Խանդութի գովքն անել, դա դուր չէր եկել նրան, քանի որ Դավթին նշանել էին Չմշկիկ Սուլթանի հետ, եւ գիտեր, որ երբ Դավիթը լսի գուսաններին, կարող է մտքափոխվել: Դավիթը հարցնում է գուսաններին, թե ո՛վ է նրանց այդպես ծեծել-ջարդել, նրանք էլ պատասխանում են, որ այստեղ մի ծուռ Դավիթ կա, նա է արել: Դավիթն ասում է, որ նրանք իր քեռուն են հանդիպել, եւ հանում փող է տալիս, որ գնան նոր հագուստ գնեն, նվագարանները նորոգեն եւ գան իր մոտ: Գալիս են գուսանները եւ սկսում Խանդութի գովքն անել. «Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին./Էնոր բոյ գյռլու էղեգ նման է:/Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին./Էնոր սրտիկ Քուռկիկ Ջալալու մեյդանն է,/Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին./Էնոր բերան մեղրով բացած է:/Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին./Էնոր ատամներ մարգըրիտ շարած է:/Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին./Էնոր աչքեր գինու կթխա է:/Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին….»: Եվ այդպես շարունակ գուսանները գովում են Խանդութին, որից հետո Դավիթը, ողջունելով գուսաններին, ասում է. «Գուսաննե՛ր, դուք բարով էկաք./Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,/Մերան թալիք, մակարդիք:/Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,/Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք:/Իմ սիրտ քանց աշունքվա գետ զուլալ էր,/Գարնան հեղեղի նման պղտորիք:/Գուսաննե՛ր, դուք ինձի հալիք, մաշեցիք,/Դեհ ձեր Խանդութ խանում ինձի քաշեցեք»: Այս ամբողջը վկայում է ժողովրդի վրա արվեստի ներգործուն ուժի ու ազդեցության մասին. ինչո՞ւ ժողովրդի, որովհետեւ մեր էպոսի հերոս Սասունցի Դավիթը մարմնավորում է հայ ժողովրդին:   

Փաստորեն դեռեւս 8-10-րդ դարերում հիշատակվում է գուսանների մասին. չնայած մեր էպոսը կարող է վերաբերել եւ ավելի վաղ ժամանակներին, որովհետեւ իրոք այն միայն այդ դարերի ստեղծագործությունը չէ, պարզապես այդ ժամանակաշրջանում է ավարտական տեսք ստացել: Ավետիք Իսահակյանը հետաքրքիր ձեւակերպում ունի դրա վերաբերյալ. «Մեր իմաստուն ժողովուրդը կարծես թե քանդել, իրար է խառնել քրիստոնեական եւ հեթանոսական տաճարները եւ նրանց խառը քարերից ստեղծել մեր էպոսը», իսկ Հովհաննես Թումանյանն ավելի առաջ անցնելով գրել է. «Սասունցի Դավիթը նույն ինքը Հայկ Նահապետն է», այսինքն՝ մեր էպոսը հայ ժողովրդի կազմավորման շրջանի գեղարվեստական պատմությունն է:

Մինչ սելջուկ-թյուրքերի եւ մոնղոլ-թաթարների արշավանքները Հայաստան հայ իրականության մեջ աշուղի մասին խոսակցություն անգամ չկա: Բայց արաբական լծի թոթափումից հետո, երբ Հայաստանն ընկնում է կարա-կոյունլու եւ ակ-կոյունլու թուրքմենական ոչխարապահ ցեղերի ազդեցության տակ, եւ սրանք աստիճանաբար դառնում են տիրապետող, հայությանը պարտադրում են իրենց արվեստը: Փաստորեն մինչեւ 15-րդ դար մեր իրականության մեջ աշուղ արտահայտությունն անգամ չի հանդիպում: Շավիղ Գրիգորյանը հորինելով պնդում է, որ մեր առաջին աշուղը Ղուլ օղլի Երզնկացին է, որ անհիմն ու չփաստարկված վարկած է: Իմ խորին համոզմամբ՝ հայ առաջին աշուղը Նաղաշ Հովնաթանն է (17-րդ դար): Աշուղ բառի բացատրությունը նախեւառաջ տալիս է Հովհաննես Թումանյանը, ըստ որի՝ աշուղը երգիչ է եւ միեւնույն ժամանակ սիրահար (աշղ, էշխ, աշուղ նշանակում է սիրահար): Մի խոսքով՝ այդ ժամանակներից սկսած արեւելյան այս արվեստը գուսանականին զուգահեռ տարածվել է հայ իրականության մեջ, որ ժամանակի ընթացքում ավելի է ընդլայնվել՝ մինչեւ անգամ փոխարինելով գուսանական արվեստին:

Ավանդական գուսանականն արվեստի մի տեսակ է, որը ստեղծում են առանձին հեղինակներ, ովքեր անհատ կատարողներ են, երբեմն հանդես են գալիս խմբերով եւ սովորաբար երգում են իրենց ստեղծագործությունները՝ իրենց իսկ հորինած մեղեդիներով: Այսինքն՝ գուսանները ե՛ւ մեղեդին են հորինում, ե՛ւ բանաստեղծությունը, իսկ աշուղները ստեղծում են բանաստեղծություն՝ այն հարմարեցնելով, համապատասխանեցնելով արեւելյան բոլոր աշուղների համար պարտադիր այսինչ կամ այնինչ եղանակին: Սա է ամենաէական տարբերությունը գուսանի եւ աշուղի:

Հաջորդ տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ գուսանը բանաստեղծական տեքստում անպայման իր անունը նշելու պարտավորություն չունի, բայց աշուղը պարտավոր է ստեղծագործության վերջին տան մեջ անպայման նշել, ներկայացնել հեղինակի անունը:

Բացի դրանից՝ հատկանշական է նաեւ այն, որ արեւելյան աշուղական արվեստի մի շարք տաղաչափական ձեւեր, որոնք բազմազան են եւ օտարանուն, ինչպես օրինակ, սեմայի, դաստան, մուխամմազ, ղոշմա, դաստա բեդաստա, վուջութլամա, զնջիլլամա, ուչլամա, ղազալի-գազել, գալենտերի եւ այլն, թափանցել են նաեւ հայ իրականություն: Սրանք ժամանակին օգտագործել է Սայաթ-Նովան, ով իրեն աշուղ է համարել, քանի որ պահպանել է աշուղական արվեստի բոլոր կանոնները, բայց չմոռանանք, որ, աշուղ լինելով հանդերձ, նա նաեւ մեծագույն բանաստեղծ է:

Չկենտրոնանալով Սայաթ-Նովայի ստեղծագործության առանձնահատկությունների վրա՝ նշենք, որ աշուղական մի քանի դպրոցներ ենք ունեցել, որոնք գործել են ոչ միայն Հայաստանում, այլեւ հայկական գաղթավայրերում: Բնական է, որ գաղթավայրերի աշուղական դպրոցների վրա իրենց ազդեցությունն է ունեցել տվյալ երկրի արվեստը, ինչպես օրինակ՝ Նոր Ջուղայում ստեղծված աշուղական դպրոցը բնականաբար պարսկականի ազդեցությունը պետք է ունենար, Կոստանդնուպոլսում ստեղծվածը՝ թուրքականի եւ այլն: Իսկ Թիֆլիսում վրացական աշուղական դպրոց չի եղել, այդտեղ այն ստեղծել են հայերը, որոնց հետագայում վրացիներն են ընդօրինակել: Հայաստանյան աշուղական դպրոցն ավելի շատ պարտական է Ջիվանուն, ով 19-րդ դարի երկրորդ կեսին դարձավ հայ աշուղական երգարվեստի զարգացման նոր փուլի հիմնադիրը: Ինչո՞ւ, որովհետեւ անգամ Սայաթ-Նովան գրել է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն եւ թուրքերեն: Այստեղ ամենալուրջ սայաթնովագետներից Հենրիկ Բախչինյանը ճիշտ դիտողություն է անում՝ ասելով, որ Սայաթ-Նովան՝ որպես հայ մարդ, հայ բանաստեղծ եւ աշուղ, բնականաբար իր գեղարվեստական մտքի առավելագույն ուժը դրսեւորել է հենց հայերենով գրված բանաստեղծություններում, դրա համար էլ լավագույնները հայերեն գրված ստեղծագործություններն են՝ մոտ 68 կամ 70 խաղ: Հաջորդը. Սայաթ-Նովան գրել է 33-34 վրացերեն խաղ՝ վրաց արքունիքի պալատական պահանջները բավարարելու համար, իսկ թուրքերեն՝ 120 խաղ՝ մեջլիսի պահանջների համար: Սրանց միջեւ տարբերությունն իր հիմքերն ունի. Սայաթ-Նովայի հայրը՝ սալմաստեցի Ղուլ Հարություն անունով աշուղը, ամուսնացել է Նաղաշ Հովնաթանի դստեր հետ, եւ ծնվել է Սայաթ-Նովան, որի դաստիարակները եղել են քեռիները՝ Հակոբ եւ Հարություն Հովնաթանյան նկարիչները, քանի որ Ղուլ Հարությունն արվեստի կամ արհեստի բերումով տարվա մեծ մասը բացակայել է տանից: Այսինքն՝ Սայաթ-Նովան հայրական դաստիարակություն գրեթե չի ստացել: Սա աշուղական աշխարհի գաղտնիքներից մեկն է:

Քուչուկ Նովա անունով աշուղ ենք ունեցել, որի կինը նվագարանները ջարդել է, վառել բոլոր ձեռագրերը, որպեսզի տղաները հոր ճանապարհը չընտրեն: Սա նշանակում է, որ աշուղների կյանքը հեշտ չի եղել:

Այստեղ կուզենամ համառոտ խոսել նաեւ Սայաթ-Նովայի՝ երեք լեզվով ստեղծագործելու մասին: Սայաթնովագետ Լյուդվիգ Դուլյանը, ով, ճիշտ է, մահացել է 80 տարեկանում, բայց համարում եմ, որ ժամանակից շուտ է մահացել, բառացի է թարգմանել Սայաթ-Նովայի թուրքերեն խաղերը: Նա այն եզակի անձանցից է, ով գիտեր ոչ միայն ադրբեջաներեն, այլեւ օսմանյան թուրքերեն, վրացերեն, մասամբ պարսկերեն, արաբերեն, իսկ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները միայն թուրքերենին տիրապետողը չի կարող ճիշտ թարգմանել, որովհետեւ այնտեղ կան նաեւ պարսկերեն, արաբերեն, ինչպես նաեւ թուրքերեն բառեր, որոնք, բացի բառարանային իմաստներից, ունեն նաեւ բառային միջավայրում արտահայտվող այլ իմաստներ: Իհարկե, ժամանակին շատերն են փորձել թարգմանել նրա թուրքերեն խաղերը, սակայն դա արել են առանց իմանալու կամ նկատելու, որ դրանցում Սայաթ-Նովան թաքցրել է գաղտնագիր-ծածկագրեր: Արդյունքում այդ ծածկագրերը կորել են, մոռացության մատնվել, եւ այդ թարգմանված տաղերը հարմարեցրել, համապատասխանեցրել են նրա՝ Թիֆլիսի բարբառով գրված հայերեն խաղերին: Շատերն են փորձում այդ ծածկագրերը վերծանել, բայց՝ անհաջող:

Մեկ կարեւոր հանգամանք եւս պետք է հաշվի առնել. թուրքերենի եւ ադրբեջաներենի տառային համակարգերը տարբեր են. մեկը 29 տառ ունի, մյուսը՝ 31: Բնական է, որ այդ տառերն ունեն իրենց թվահամարները, եւ դրանք գործածվում են իրենց թվային արժեքով ու նշանակությամբ: Եթե մենք, ասենք, Սայաթ-Նովայի ստեղծագործությունը մեկնաբանում ենք արաբական տառերի թվային արժեքով, սխալներ ենք թույլ տալիս, որովհետեւ նա գործածել է օսմանյան թուրքերենը (1730թ. նրա հայրը Պոլսում հիմնել է հայ-թուրքական աշուղական դպրոց, որտեղ 1732թ.-ից սովորել է Սայաթ-Նովան, այսինքն՝ Սայաթ-Նովան օսմանյան թուրքերեն սովորել է Պոլսում՝ իր հոր աշուղական դպրոցում): Հետեւաբար այդ խաղերը ոչ մի կապ չունեն ադրբեջաներենի հետ, պարզապես խորհրդային ժամանակաշրջանում, իրականացնելով Ստալինի հրամանը, այն է՝ ցույց տալ, որ ադրբեջանցիները նույնպես մշակութային արժեք ունեն, գրել են, թե իբր Սայաթ-Նովան ստեղծագործել է անդրկովկասյան երեք ժողովուրդների լեզուներով (հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն) հավասարապես:

Գուսա՞ն, թե՞ աշուղ Աշոտ

Գուսան Աշոտը 20-րդ դարի երեւույթ է, եւ իր ստեղծագործական ամբողջ ճանապարհն անցել է խորհրդային ժամանակաշրջանում: Նա թեեւ երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն չուներ, բայց բնատուր շնորհներով օժտված բացառիկ երաժիշտ էր եւ բանաստեղծ միեւնույն ժամանակ, եւ կարելի է ասել, որ այս երկու երեւույթները գոյակցում էին Գուսան Աշոտ անձնավորության մեջ: Չգիտեմ նույնիսկ՝ նա նախ բանաստեղծությո՞ւնն էր ստեղծում, հետո՝ մեղեդին, թե՞ հակառակը: Այս իմաստով, երբ ուսումնասիրում ենք Գուսանի ստեղծագործությունը, տարակուսանքի առաջ ենք կանգնում. ի վերջո, նա գուսա՞ն է, թե՞ աշուղ: Նույնիսկ հեղինակն ինքը չգիտի այդ հարցի պատասխանը: Օրինակ՝ Աշոտը հրատարակել է «Գուսանի սերը» վերնագրով գիրք, որում զետեղված «Աշուղ եմ» վերնագրով երգ-բանաստեղծության մեջ իրեն անվանել է Աշուղ Աշոտ. «Քո մորը մատաղ, որ նա քեզ ծնեց,/Աշխարհիս սիրուն մի փերի հանձնեց,/Աշուղ Աշոտիս նա երգիչ դարձրեց»:

Բայց շատ երգերում հիշվում է որպես գուսան Աշոտ, ինչպես օրինակ՝ «Ո՞ւր է» ստեղծագործության «Ով դու գուսան, չես իմանում էն քո սիրած յարը ո՞ւր է,/Չէ՞ որ քեզ հետ խնդում էր միշտ, հիմա էլ խնդալու օր է» կամ «Գուսան Աշո՛տ, սիրտդ յարիդ միշտ կանչում է օր ու գիշեր,/Նրա ման եկած տեղերը կանաչում են օր ու գիշեր», կամ «Մոր սերը» ստեղծագործության «Գուսա՛ն Աշոտ, որբ մնացիր դու մորից,/Սիրտդ վառվեց, մթագնեց այն օրից,/ Անցավ գնաց, էլ չի դառնա նա նորից,/Անուշ ձայնով երգի՛ր, հարգի՛ր մոր սերը» տողերում:

«Ո՞ւր է» բանաստեղծության մեջ նա կիրառել է աշուղական բանաստեղծական չափեր, բայց միեւնույն ժամանակ նկատում ենք, որ թե՛ բանաստեղծությունն է իրենը, թե՛ մեղեդին: Նա չի ստեղծել ղոշմա, մուխամմազ, դուբեթ եւ այլն, բայց օգտագործել է հայտնի աշուղական եւ իր իսկ ստեղծած տաղաչափական ձեւերը, որոնց էլ հարմարեցրել է իր մեղեդիները: Եթե բնութագրենք նրա ստեղծագործությունը բանաստեղծական տեքստի եւ մեղեդու համապատասխանության սկզբունքներով, ապա այս դեպքում Գուսան Աշոտը կշահի, որովհետեւ այն բացառիկ արվեստագետներից է, որի ստեղծագործություններում իսկապես կա բանաստեղծական տեքստի եւ մեղեդու կատարյալ ներդաշնակություն: Նրա մեղեդին արտահայտում է խոսքի էությունը, խոսքը համապատասխանում է մեղեդու բովանդակությանը. սա է Գուսան Աշոտի եւ մեր գուսաններից մի քանիսի արվեստի կարեւոր առանձնահատկությունը:

Գուսան Աշոտի արվեստի մի քանի առանձնահատկություն

Երկար կարելի է խոսել Գուսանի երգերի բանաստեղծական տեքստերի գեղարվեստական արժեքի մասին, քանի որ մեր առաջ կանգնած է նախեւառաջ բանաստեղծ Աշոտը, ով գեղարվեստական պատկերներ է ստեղծում: Հենց այնպես մեղեդուն համապատասխան բռնազբոսիկ տեքստ չի գրել: Հավանական է՝ մեղեդին եւ բանաստեղծությունը հյուսվել են միաժամանակ: Նրա երգերի տեքստերից յուրաքանչյուրն իրոք մի կատարյալ բանաստեղծություն է: Որպես օրինակ բերեմ «Պախրա» երգը, որն ի դեպ, իմ ամենասիրելի երգերից մեկն է: Սա համարյա թե հայկական օպերային մոտեցող մի շատ հետաքրքիր երաժշտական աշխարհ է, որ ներառում է Սյունյաց աշխարհի, Զանգեզուրի անտառների, գետերի, աղբյուրների ու առվակների ձայնային ելեւէջները, Սյունյաց սարերի, անդնդախոր ձորերի վեհությունը, պատկերում զանգեզուրյան բնության ողջ գեղեցկությունը, եւ մանավանդ մարդ-բնություն, մարդ-կենդանական աշխարհ փոխհարաբերությունները: Պախրան՝ բնության այդ գեղեցիկ կենդանին, ինչպես է դարձել երգի քնարական հերոս, մարդկայնացել, կամ ինչպես գրականագիտության մեջ են ասում՝ անձնավորվել:

Մեր մով սարերում, ամռան առավոտ
Մի պախրա տեսա կաթնաղբյուրի մոտ.
Իջել էր ձորը մթին անտառից
Ու ջուր էր խմում զուլալ աղբյուրից:
Իրեն տեսել էր ջրի հայելում,
Սարերի անուշ բույրն էր վայելում.
Արդյոք խմո՞ւմ էր, թե՞ համբուրում էր,
Իր տեսքով տարված գուցե հարբում էր:

Ասի՝ ա՛յ պախրա, մեր այս լեռներում
Ես յար եմ կորցրել, նա չի երեւում.
Իջել էր ձորը՝ մեղմիկ նազերով,
Գառնուկների հետ ջրին վազելով:
Իրեն տեսել էր ջրի հայելում,
Սարերի անուշ բույրն էր վայելում.
Արդյոք խմո՞ւմ էր, թե՞ համբուրում էր,
Իր տեսքով տարված գուցե հարբում էր:

Ասի` Աշոտն եմ, աղաչում եմ քեզ,
Իմ կորած յարից, թե խաբար բերես.
Ոչ մի որսկանի գնդակ չի առնի՝
Ո՛չ քո ձագերին, ո՛չ քո սիրածին:
Իրեն տեսել էր ջրի հայելում,
Սարերի անուշ բույրն էր վայելում.
Արդյոք խմո՞ւմ էր, թե՞ համբուրում էր,
Իր տեսքով տարված գուցե հարբում էր:

Այսպիսի պատկերավոր չափածո խոսք, այն էլ երաժշտական չափերի ու տաղաչափական ձեւերի մեջ դրված, մեր մեծերից շատերը կուզենային ստեղծել: Նկարագրությունն ավարտվում է, բայց շարունակվում է մարդկային դրաման, ով տագնապում է ե՛ւ իր՝ մարդկային ճակատագրի, ե՛ւ այդ կենդանու բախտի համար…

Գուսանի արվեստի հաջորդ կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ նրա երգերում ժողովրդական առողջ կենսափիլիսոփայության դրսեւորումն է, որ անպայման ավելի բարձր է առօրյա ողջախոհությունից: Մարդկային հարաբերությունները, սիրո դրսեւորումները նա մեզ ներկայացնում է բարձր արվեստով, որ շատ բնորոշ է այդ հող ու ջրում ծնված, այդ բնությանը սիրահարված մեր մյուս արվեստագետներին՝ անկախ նրանից Ակսել Բակունցն է, Համո Սահյանը, թե Գուսան Աշոտը, որոնցից յուրաքանչյուրն անհատականություն է՝ իր կերտած աշխարհով: Չնայած նույն միջավայրն է, բայց Բակունցը բոլորովին ուրիշ գեղարվեստական աշխարհ է ստեղծել՝ իր երանգներով, կենսաճանաչողությամբ, հերոսների ճակատագրով, գեղագիտական խնդիրներով ու նպատակներով, Սահյանը՝ այլ…

Գուսան կամ աշուղ Աշոտի հատկապես սիրո երգերով, որոնք մարդկային զգացմունքի եւ բնության նկատմամբ ազնիվ վերաբերմունքի ներդաշնակություն են, մեր առջեւ այլ աշխարհ է բացվում: Սիրած աղջկան նա դրախտի փերի է անվանում, իսկ այդ դրախտը Սյունյաց աշխարհն է. «Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում,/Քեզանից սեր առնել, միշտ եմ փափագում,/Անքուն-անդադար, ես քեզ եմ կանչում,/Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում….»:

Սովորական ընթերցողը կամ ունկնդիրը չի կարող նկատել Գուսանի անմիջական կապը Գրիգոր Նարեկացու արվեստի հետ: Նարեկացին «Մեղեդի ծննդյան» տաղում ներկայացնում է գեղեցկուհու պատկերով քայլող Տիրամորը, որի ծոցը լուսափայլ վարդով է լցված, իսկ քայլելիս ոտքերից շող է կաթում: Հիմա տեսեք, թե ինչ է ասում Գուսան Աշոտը. «Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում». արդյո՞ք գեղարվեստական կամ պատկերային մտածողության ընդհանրություն, գեղարվեստական պատկերի նմանություն չի՞ նկատվում: Եվ շարունակությունն այդ պատկերի. «Երկնային հրեշտակ,/Դու իմ երազն ես,/Քեզնով եմ ապրում,/Սրտիս մուրազն ես,/ Ծառերը ծաղկում են,/Տարին մեկ անգամ,/Բայց դու գարունն ես,/Հավերժ անթառամ»:

Գուսանի կամ աշուղ Աշոտի (գիտակցաբար եմ երկու եզրաբառն էլ օգտագործում, որովհետեւ ինձ համար թե՛ Հավասին, թե՛ Շահենը, թե՛ Աշոտը եւ շատ ուրիշներ հավասարապես գուսան են եւ աշուղ) երգերից հայրենասիրություն է ծորում: Նրա երգերում հաճախակի ենք հանդիպում հայրենի բնության պատկերներ: Որպես օրինակ վերցնենք թեկուզ «Սյունյաց սարեր» հրաշալի երգը, որ ժողովուրդը կատարում է մեծ ոգեւորությամբ: Առհասարակ նա այն բացառիկ հեղինակներից է, ում պետք չէ պարտադրել լսել, մարդիկ ինքնաբուխ ուզում են լսել Գուսան Աշոտի երգերը որեւէ երգչի կատարմամբ:

Հեղինակին ճիշտ ներկայացնելու գործում անչափ կարեւոր է նաեւ կատարողի դերը, որի մեկնաբանությունից է կախված երգի հաջողությունը: Օրինակ՝ համեմատենք «Սերս վանքում Տաթեւի» երգը Օֆելյա Համբարձումյանի եւ Նորայր Մնացականյանի կատարմամբ: Երկուսն էլ հրաշալի են մատուցում, բայց յուրաքանչյուրի կատարման մեջ կա մի կարեւոր նրբերանգ, ինչով էլ պայմանավորվում է երգի մեկնաբանությունը, որով էլ միմյանցից տարբերվում են: Այդ առումով պարտական ենք մեր երգիչ-երգչուհիներին, ովքեր ժամանակին բարձր մակարդակով «մեկնաբանել» են նրա երգերը:

Աշոտի արվեստի բովանդակային հետաքրքիր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իր ժամանակի բոլոր կարեւոր իրադարձությունները կարծես թե արձագանքվել են նրա երգերում: Այս իմաստով իրավունք ունենք Գուսանին դիտել թե՛ իր ժամանակի մեջ, թե՛ իր ժամանակից դուրս: Իր ժամանակի մեջ դիտարկվում են այն երգերը, որոնք ստեղծվել են ժամանակի պահանջով, բայց հենց այդ երգերում էլ կան այնպիսիք, որոնք ճեղքել են ժամանակի սահմանները եւ դուրս հորդել: Անցյալ դարի կեսերին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված երգերից «Մարտիկի երգը» (խոսք՝ Գեղամ Սարյանի, երաժշտություն՝ Աշոտ Սաթյանի) մինչ օրս էլ պահպանում է իր արդիականությունը, հուզականությունը եւ հաճելի զգացումներ արթնացնում: Գուսանի երգերից «Արի մեկ տեսնեմ» երգը, որ Մուշեղ Հարությունյանն էր հրաշալի կատարում, վերջին ժամանակներս կարծեք էլ չի հնչում՝ չնայած հիշում եմ, որ իմ մանկության տարիներին ամենասիրված երգերից մեկն էր, եւ Հայրենական մեծ պատերազմից վերադարձած սերունդը, այդ թվում՝ նաեւ հայրս, հաճույքով էին լսում այդ երգերը. «Իմ մայր Հայաստանի, մայր հողից ծնված,/Աննման գեղեցիկ, արի մեկ տեսնեմ,/Հայրենիքիս զով հովերով փայփայված,/Ծաղիկներից ծաղիկ, արի մեկ տեսնեմ./Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,/Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ»: Այս երգում շատ կարեւոր է հաջորդ տունը. «Քո սիրուդ թեւերով շատ սարեր անցա,/ Շատ մարդ տեսա, սակայն քեզ չմոռացա,/Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,/Աշխարհիս անուշիկ, արի մեկ տեսնեմ,/Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,/Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ»:

Աննման է Գուսան Աշոտի մեղեդիական աշխարհը, ինչը նրա արվեստի ամենամեծ առավելությունն է. ոչ մի մեղեդի նախ իր ստեղծագործության մեջ նման չէ մյուսին եւ երկրորդ՝ ընդհանրապես աշուղագուսանական արվեստի մեջ եւ ոչ մեկին նման չէ: Նա մեր ժողովրդի այն ազնիվ զավակներից է, ով ստեղծել է բազում երգեր, այն էլ՝ սրտալի երգեր: Եղիշե Չարենցը, ժամանակին դժգոհելով պրոլետ բանաստեղծներից, ասում էր. «Հիմի շատ են երգիչները, սրտի ուզած խաղը չկա», բայց ահա Գուսանի երգերը հենց սրտի ուզած խաղեր են, երգեր: Մարդը տխուր է, ուրախ է, կարոտում է, ուզում է առանձնանալ կամ բնության գեղեցկությամբ հիանալ, լսում է նրա երգերը…
Մոտավորապես եթե այս սկզբունքով մոտենանք Գուսանի արվեստին, կարող ենք ասել, որ նա այն բացառիկ անհատականություններից է, ով Չարենցի ասած երգն է տվել ժողովրդին, որ այդ երգով անմահանա:

Չարենցի՝ 1937թ. նոյեմբերին բանտից Ավետիք Իսահակյանին գրված վերջին բանաստեղծության մեջ կա հետեւյալ տողերը. «Սիրտդ կարող է վեհանալ,/Որ անսալով նրա սրտին՝/Երգ ես տվել ժողովրդին,/Որ իր երգով անմահանա»: Գուսան կամ աշուղ Աշոտն էլ հայ իրականության այն արվեստագետներից մեկն է, ով իր երգերով անմահացրել է մեր ժողովրդին եւ ինքն էլ անմահացել մեր ժողովրդի հետ միասին…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

01.11.2024 22:26

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է. Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է

01.11.2024 22:23

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք

01.11.2024 22:06

1967 թվականի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը

01.11.2024 21:39

Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր. Սուրենյան

01.11.2024 19:57

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 1-ին

01.11.2024 19:50

Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է իրանցիների նկատմամբ. Արաղչի

01.11.2024 19:41