Հարցազրույց ՀՀ գյուղնախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Սեւադա Իվանյանի հետ
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն իսկ սկիզբ են առել մարզի հարավային ու ցածրադիր վայրերում: Բարձրադիր գոտում էլ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին:
Մեկնարկած աշխատանքներում, բնականաբար, զգալի տեղ են զբաղեցնում դաշտային աշխատանքներն ու հատկապես հացահատիկային մշակաբույսերի ցանքսը: Պատկերացնելու համար այդ աշխատանքների ծավալը` ասենք. մարզի 43,6 հազար հա վարելահողերից մոտ 10 հազար հա-ն (մոտավորապես) դրվում է գարնանացանի տակ: Այս տարի, դրա հետ մեկտեղ, գարնանացանի ցանքատարածությունները մոտ 500 հա-ով ավելացնելու խնդիր է դրվել մարզի գյուղացիական տնտեսությունների առջեւ` նկատի ունենալով, որ առկա է վառելիքի, սերմերի համապատասխան ռեսուրս:
Անշուշտ, այդ մտադրությունը խրախուսելի է: Ճիշտ է, 2014-ի արդյունքներով մարզում կատարվել է մոտ 17 հազար հա աշնանացան (600 հա-ով ավելի, քան 2013-ին), բայց փաստ է եւ այն, որ մոտ 8 հազար հա վարելահող (տարբեր պատճառներով) գյուղացին չի օգտագործում կամ օգտագործում է այլ նպատակով:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների առանցքային հարցերից է որակյալ սերմերով գյուղացիական տնտեսությունների ապահովվածությունը: Ուստի եւ անհրաժեշտ համարեցինք խնդրո առարկայի շուրջ զրուցել ՀՀ գյուղնախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Սեւադա Իվանյանի հետ:
– Պարոն Իվանյան, կուզենայինք, նախեւառաջ, որոշակի պատկերացում կազմել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի նպատակների, հիմնական խնդիրների մասին:
– Կառույցի նպատակը մարզի տարածքում ցանվող բոլոր տեսակի հացահատիկային ու կերային մշակաբույսերի սերմերի ծլունակության, մաքրության լաբորատոր վերահսկողությունն է:
Սյունիք ներկրվող բոլոր սերմերն անցնում են այստեղով. ստուգվում եւ տրվում է լաբորատոր վկայական:
Միաժամանակ աշխատում ենք մարզի այն շահառուների հետ, ովքեր զբաղվում են էլիտային եւ սուպեր էլիտային սերմերի մշակությամբ:
– ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանման կառուցվածքը, աշխատակազմը…
– Ի սկզբանե կառույցի նստավայրը Սիսիանում է. հավանաբար նկատի են ունեցել հանգամանքը, որ վարելահողերի ու ցանքատարածությունների մեծ մասը գտնվում է Սիսիանում եւ Գորիսում:
Կառույցը Սիսիանի տարածքում` Շաքեի տեղամասում, ունի 15 հա վարելահող` նոր սորտերի փորձարկման եւ շրջանառության մեջ դնելու համար:
Մենք այստեղ երկուսով ենք, բայց մեզ օգնում են ՊՈԱԿ-ի մասնագետները, ովքեր ժամանակ առ ժամանակ, անհրաժեշտության դեպքում, այցելում են մարզ:
Ունեցած հողերի մշակման համար ունենք համապատասխան տեխնիկա եւ գյուղգործիքներ:
– Մեր զրույցի ընթացքում երկուստեք օգտագործում ենք շահառու հասկացությունը: Մի փոքր ավելի հանգամանալից` այդ մասին. ովքե՞ր են Ձեր ծառայության շահառուները մարզում:
– Դաշտավարությամբ զբաղվող բոլոր գյուղացիական տնտեսությունները, կարելի է ասել, մեր շահառուներն են: Բայց առանձին ծրագրեր ունեն իրենց կոնկրետ շահառուները: Այսպես` 2010թ. Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրվել էլիտային ցորեն (բարձր վերարտադրության ցորեն), որի մի մասը հատկացվել է Սյունիքի մարզին: Այդ ծրագիրն աշխատել է 2011-14թթ.: Առաջին տարում` 2011-ին, ծրագրում ընդգրկվել է 39, 2012-ին` 74, 2013-ին` 40, 2014-ին` 8 շահառու:
Սերմը տրվել է գյուղացիական այն տնտեսություններին, որոնք մշակել են 7 եւ ավելի հա ցանքատարածություն:
– Ծրագիրն ավարտվել է, կուզենայինք իմանալ արդյունքների մասին` ընդհանուր գծերով:
– Այդ ծրագրով մարզի տարածք է ներկրվել հացահատիկային մշակաբույսերի 9 սորտ` «Կոլլեգա», «Յուբիլեյնայա-100», «Յասաուլ», «Բատկո», «Նոտա», «Տանյա», «Կրասնոդար-99», «Գրոմ» եւ «Վասսա»:
Ամեն տարի 260-300 տոննա բարձրորակ սերմ է մտել մարզ, ինչը բավական է եղել տարեկան հազար հա ցանք անելու համար:
Նշված սորտերից երեքը` «Յուբիլեյնայա-100», «Կոլլեգա», «Բատկո», չեն ընտելացել մեր տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին, ինչի համար եւ դուրս են մղվել: Իսկ մնացած սորտերը մեր պայմաններում (բնականաբար` տարվա եղանակից կախված) բարձր բերք են ապահովվել` հա-ից միջին հաշվով` անջրդի վարելահողերում` 37-40 ց, ոռոգելի հողերում` մինչեւ 70 ց:
– Թույլ տվեք ընդհատել եւ փոքր-ինչ ճշտել ասվածի հավաստիությունը. մեկ հա-ից 70 ցենտնե՞ր, մեկ-երկու օրինակ, եթե կարելի է:
– Օրինակ, Արարատ Թանգյանը ջրովի հողատարածքից Բռնակոթում ստացել է այդքան բերք: Գագիկ Խաչատրյանը` դարձյալ ջրովի տարածքից, ստացել է մինչեւ 55 ց բերք: Իսկ անջրդի հողատարածքներից` մինչեւ 40 ց բերք ստանալու օրինակներ շատ ունենք` Մովսես Բաբաջանյան, Վլադիկ Արզումանյան` Նորավանից, Իլիչ Շողունց` Աղիտուից…
– Բայց եւ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, եղել են ծրագրի ձախողման փաստեր, այսինքն` նույն սերմը մեկ ուրիշը ցանել է, սակայն ստացել է մինչեւ 15 ց բերք: Ինչպե՞ս բացատրել:
– Պատճառը, իմ կարծիքով, ագրոտեխնիկական կանոնների ոչ ճիշտ կիրառումն է: Հիմնականում խախտում են ցանքսի ժամկետները, չի օգտագործվում ցանքակից պարատանյութ, ցանքատարածությունն ախտահանվում է ոչ ճիշտ եւ այլն:
– Եվ շա՞տ են ձախողման կամ, որ ավելի ճիշտ է, ցածր բերքատվության օրինակները:
– Շատ են… Գյուղական համայնքների մեծ մասում չկան ախտահանիչ սարքավորումներ, կատարվում է չոր ախտահանում, որը նպատակին չի ծառայում, եւ գլխավորը` օգտագործվում են ժամկետանց, ոչ պիտանի թունաքիմիկատներ…
– Դարձյալ Ձեզ պետք է ընդհատենք, մեր օրերում մի քիչ տարօրինակ է հնչում վերը նշված արտահայտությունը` «օգտագործվում են ժամկետանց, ոչ պիտանի թունաքիմիկատներ»:
– Սկսեմ նրանից, որ մարզում կան թունաքիմիկատների վաճառքի կետեր, որոնցից եւ ոչ մեկը չունի լիցենզիա, չունի մասնագետ վաճառող, ով պետք է գյուղացուն բացատրի տվյալ քիմիկատի օգտագործման կանոնները: Մեկ վաճառքի կետ կա Սիսիանում, մեկը` Գորիսում, Կապանում եւ Մեղրիում չկա, աշխատում են անհատներ, ովքեր նույնպես չունեն լիցենզիա:
Արտադրությունից դուրս եկած թունաքիմիկատների մասին: Մեկ օրինակ. «Գրանոզա» ախտահանիչը, որ սնդիկ է պարունակում, 1990-ականներից դուրս է եկել արտադրությունից, բայց մինչեւ հիմա օգտագործվում է: Մինչդեռ, դրա փոխարեն, պետք է օգտագործել «Ռաքսիլ», «Դիվիդենտ» եւ այլ դեղեր:
Հաճախ գյուղացին չի էլ պատկերացնում իր անելիքը: Օրինակ` ստացված սերմն ի՞նչ թունաքիմիկատով ախտահանի, ինչի՞ դեմ ախտահանի` փոշեմրրիկի՞, քարամրրիկի՞…
Քիչ առաջ ես շեշտեցի ցանքակից պարարտացման կարեւորությունը: Մեր մարզի տարածքում աշնանացանի լավագույն ժամկետը համարվում է օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը: Ցանքակից պարարտացման նպատակն է նպաստել բույսի լիարժեք թփակալմանը:
– Ձեր ասածից տպավորություն ենք ստանում, որ հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող գյուղացին շատ հաճախ չի էլ իմանում իր անելիքը, օգտագործում է թունաքիմիկատ, որն օգուտ չի տալիս, սերմը գցում է հողի մեջ` չիմանալով դրա ծլունակության կամ խոնավության աստիճանը, ցանքսը ժամանակին չի կատարում` չիմանալով դրա հետեւանքները: Իսկ մեզ թվում էր, թե ԳԱՄԿ կոչված կառույցը` իր բազում մասնագետներով ու խորհրդատվությամբ, շատ թե քիչ օգնում է գյուղացուն:
– ԳԱՄԿ-ն խորհրդատվական կազմակերպություն է, բայց ավելի ճիշտ կլիներ այդ կազմակերպության մասին խոսել ԳԱՄԿ-ի պատասխանատուների հետ:
– Քիչ առաջ Դուք ասացիք, որ մարզ ներկրված սորտերից մի քանիսը քննություն է բռնել մեր տարածքում: Ի՞նչ առավելություն ունեն այդ սորտերը մեզանում ավանդաբար օգտագործվող սերմերի նկատմամբ, չէ՞ որ տասնամյակներ շարունակ ունեինք տեղական սորտեր եւ ամենեւին էլ վատ բերք չէինք ստանում:
– Դեռեւս խորհրդային տարիներից Սյունիքի շրջաններում օգտագործվում էին «Բեզոստայա-1», «Կրասնոդար-99» եւ այլ սորտեր: Մինչեւ այսօր էլ դրանք օգտագործվում են: Մեր պայմանների համար ընտրված սորտեր են` տասնամյակներով քննություն բռնած: Բայց անջրդի վարելահողերի պայմաններում դրանց առավելագույն բերքատվությունը 40 ց է: Իսկ վերը նշված «Գրոմ», «Վասսա», «Տանյա» եւ մյուս սորտերն անհամեմատ ավելի բերքատու են:
Նշված երեք սորտերը 15-20 օր շուտ անցնում են ձմեռացման եւ այդքան ժամանակ էլ շուտ դուրս են գալիս ձմեռացումից, ինչը նշանակում է, որ ապահովված են աշնանային հնարավոր ցրտահարությունից:
– Արդեն իսկ ավարտված ծրագրի հետ կապված եւս մեկ հարց կուզենայինք քննարկել, նկատի ունենք սերմերը գյուղացուն տալու պայմանները:
– Սերմերը տրվել են մեկին երկու հետ վերադարձնելու պայմանով: Վերադարձված սերմը, մեր կողմից վկայական եւ հավաստագիր ստանալուց հետո, հատկացվել է մարզի գյուղացիական տնտեսություններին` մեկ կգ` 160 դրամով: Իսկ ստացված էլիտային սերմի մեկ կգ-ի արժեքը եղել է 330-350 դրամ` չտալու դեպքում` գումարը կրկնակի վճարելու պայմանով:
– Ոչ բոլոր շահառուներն են, որքանով տեղյակ ենք, կատարել այդ պայմանները: Ավելի ճիշտ` ոչ բոլոր գյուղացիներն են հնարավորություն ունեցել` կատարելու այդ պայմանները:
– Երեք շահառու չի կատարել` բերք չստանալու պատճառով: Գործը մտել է դատարան, եւ ստացածը գումարի տեսքով վերադարձնելու վճիռ է կայացվել: Սակայն, 2012 թվականին սկսված դատական վեճը մինչեւ հիմա շարունակվում է: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` մեկ կգ-ի դիմաց (վերջնական որոշմամբ) պետք է շահառուն վճարի 200 դրամ:
– Մեր կարծիքով` դատական նման քաշքշուկներ չէին լինի, եթե պայմանագրերում ֆորս-մաժոր նախատեսված լիներ…
– Միայն դա չէ պայմանագրի թերությունը: Մեկ կիլոգրամի դիմաց երկու կգ վերադարձնելու պայմանը, իմ կարծիքով, չափազանց ծանր բեռ է գյուղացու համար, քանի որ սերմը կրկնակի չափով վերադարձնելուց բացի գյուղացին պետք է կատարի այլ ծախսեր` քամհարում, զտում, ախտահանում, պարկավորում… Կարծում եմ` մեկ կգ-ի դիմաց 1,2 կգ վերադարձնելն ավելի ողջամիտ կլիներ:
Ինչ վերաբերում է պայմանագրում ֆորս-մաժորի բացակայությանը, ապա դա անընդունելի է, քանի որ, մեր պայմաններում հատկապես, ցրտահարությունը, երաշտը, հարավային քամիները, կարկուտը, հիվանդություններն անխուսափելի են:
– Սերմարտադրության բարելավման նպատակով հանրապետությունում ներկայումս նոր ծրագիր իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ:
– 2012-15թթ. համար իրականացվել է սուպեր էլիտայի ծրագիր: Մարզից ծրագրում ընդգրկվել է 3 շահառու` Գագիկ Խաչատրյան, Արարատ Թանգյան, Սեւադա Իվանյան: Ծրագիրն աշխատում է մեկ կգ-ի դիմաց երկու կգ վերադարձնելու պայմանով: Յուրաքանչյուր ֆերմերի հատկացվել է 5-6 հա-ի համար սերմացու` տարբեր սորտերով` «Գրացիա», «Վասսա», «Նոտա», «Տանյա»:
Ի՞նչ կարող եմ ասել ծրագրի արդյունավետության մասին: Աշխատող ծրագիր է, բայց էլիտայից եւ սուպեր էլիտայից ստացված բերքի տարբերությունը չի գերազանցել 5 ցենտները:
– Իսկ ընթացիկ գարնանացանի հետ կապված ի՞նչ կարող եք ասել:
– Մարզին հատկացվել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող գարնանացան գարու 250 տոննա սերմացու` «Ռադնիկ» սորտը, կորնգանի 40 տոննա, առվույտի 5 տոննա սերմացու: Մեկ շաբաթվա ընթացքում սերմացուները կլինեն մարզում, եւ առաջինը կբաշխվի Կապանի շրջանում` կլիմայական նկատառումներից ելնելով:
Գարու սերմի մեկ կգ-ն 130 դրամ է, կորնգանինը` 370 դրամ, առվույտինը` 1500 դրամ:
Բաշխումը կկատարի Սյունիքի մարզպետարանը` սահմանված գումարը վճարելու պայմանով:
– Թեեւ ֆորս-մաժոր չէր նախատեսվել նախորդ ծրագրերի պայմանագրերով, բայց հանրապետության կառավարությունը 100-ից ավելի շահառուի հարցում գնաց զիջման, որոնց թվում, որքան էլ տարօրինակ է, Սյունիքի մարզից միայն երեք հոգի էր ընդգրկված, ինչը նշանակում է, որ մենք ստացված սերմը վերադարձնելու խնդրի լուծման դատական ճանապարհին ենք առայժմ նախապատվություն տալիս:
– Իրականում այդ շահառուներն ակնկալվող բերքը չեն ստացել` բնակլիմայական ոչ բարենպաստ պայմանների պատճառով: Ես այդպես գիտեմ: Կառավարության որդեգրած չափանիշներով միայն այդ երեք շահառուն (մեր մարզից) պետք է մեկ կգ-ը վերադարձնեն 200 դրամով` ի սկզբանե նախատեսված 700 դրամի դիմաց:
Ավելի անկեղծ լինեմ. ծրագրի պատասխանատուներն էլ մեղք ունեն այն բանում, որ գյուղացին ակնկալվող բերքը չի ստացել: Պետք է ավելի կշռադատված մոտենային սորտերն ըստ տարածաշրջանների բաշխման ժամանակ:
– Մեզանում մի կարծիք է իշխում, որ հանրապետության ներսում արտադրված սերմերը պետական ծրագրերով բաշխելիս միշտ էլ միեւնույն գյուղացիական տնտեսություններից են գնումներ կատարվում: Այդ մոտեցումը հաճախ տարակույսների տեղիք է տալիս:
– Իսկապես, Սյունիքի մարզում արտադրված սերմերից գնումներ կատարվում են հիմնականում միեւնույն մարդկանցից. դրանք էլիտային եւ սուպեր էլիտային սերմերի մշակությամբ զբաղվող ֆերմերներն են, ովքեր խորացած են սերմնաբուծության մեջ: Եվ նման որոշումները մեկ օրում ու հանկարծակի չեն կայացվում: Դրանց նախորդում են դաշտերի պարբերական հետազոտությունները (աբրոբացիա), սորտային մաքրության ուսումնասիրումը… Եվ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն են վերջնական եզրակացություն հայտնում, որից հետո գյուղնախարարությունը գին է առաջարկում: Ֆերմերի համաձայնությունը լինելու դեպքում նոր միայն պայմանագիր է կնքվում:
– «Սյունիքի սերմ արտադրողների միություն» ՍՊԸ-ն, ըստ էության, նույն գործունեությամբ է զբաղված, ինչ-որ Ձեր կառույցը: Կարողանո՞ւմ եք համատեղել երկու այդ կառույցների գործունեությունը, արդյո՞ք չեք խոչընդոտում միմյանց:
– Մենք էլ նախկինում այդ միության մեջ ենք եղել: Հիմա` համագործակցում ենք, իրար օգնում, իրար փոխլրացնում: Ներկայումս էլ կան շատ ֆերմերներ, ովքեր մտնում են այդ միության մեջ:
– Վիճակագրական տվյալները` մեր մարզի կտրվածքով, կարծեք խոսում են այն մասին, որ 2014-ին Սյունիքում ավելի շատ աշնանացան է կատարվել, քան, ասենք, 2013-ին: Մինչդեռ, երբ շրջագայում ենք մարզում, ակնհայտ երեւում է, որ աշնանացանի ցանքատարածությունները նախորդ տարիների համեմատությամբ պակասել են: Կարծեք` գյուղացին երբեմնի շահագրգռվածությունը չունի հացահատիկ մշակելու գործում:
– Գյուղատնտեսությանն առնչվող վիճակագրությունն իրականությանը մոտեցնելու խիստ անհրաժեշտություն կա. այդ հարցում ձեզ հետ համաձայն եմ: Այնուհետեւ` բոլոր դեպքերում ամեն ինչ որոշվում է վերջնական արդյունքի հիման վրա, գյուղացուն հետաքրքիր է վերջնական արդյունքը: Այդ առումով 2014թ. արդյունքները չեն կարող գոհացնել գյուղացուն: Ցորենի կգ-ը դարձել էր 125-130 դրամ, հազիվ ծախսն է փակվում, տակը բան չի մնում: Դրան ավելացավ դրամի արժեզրկումը: Ուրեմն` մթերման ցածր գին, դրամի արժեզրկում… Մի ուրիշ հանգամանք էլ. 2013-ին մեկ կգ ցորենի արժեքը 150 դրամ էր, հացի գինը` 200 դրամ: 2014-ին` ցորենի գինը` 125 դրամ, հացի գինը` 220 դրամ: Ակնհայտ անոմալիա: Այդ ամենից հետո, բնականաբար, գյուղացին չի կարող շահագրգռված լինել ցորենի մշակման հարցում: Դրա համար ճիշտ կլիներ, որ գյուղացին հացահատիկի մշակության հետ մեկտեղ կարեւորեր ոսպի, լոբու, սիսեռի, եգիպտացորենի մշակությունը. դրանց պահանջարկը կա եւ լինելու է:
Դե գյուղացին էլ իր վերաբերմունքը պետք է փոխի ցորենի արտադրության հանդեպ: Մեր լաբորատորիայում, օրինակ, ամենաժամանակակից մեթոդներով որոշվում է սերմի ծլունակությունը, ծլման էներգիան, խոնավությունը, հազար հատիկի կշիռը, հիվանդությունը, վարակվածությունը… Եվ մենք, համայնքների ղեկավարների աջակցությամբ, ձգտում ենք, որ բոլոր գյուղերում սերմը, հողի մեջ դնելուց առաջ, լաբորատոր հետազոտության ենթարկվի: Բայց դա, խոստովանեմ, միշտ չէ, որ ստացվում է: Գյուղացին հաճախ նույնիսկ չի կարեւորում սերմի պահպանության պայմանները: Նման դեպքերում լավ արդյունք, իհարկե, չի կարելի սպասել: Միայն լաբորատոր ուսումնասիրության արդյունքում կարելի է ասել, օրինակ, թե մեկ հա-ի համար քանի կգ սերմ է պետք:
– Մենք արդեն անդրադարձանք գյուղատնտեսական ոլորտի վիճակագրական տեղեկությունների ոչ միշտ հավատ ներշնչելու իրողությանը: Հիշո՞ւմ եք` խորհրդային տարիներին Սյունիքի մարզն ընդգրկող շրջաններում 25-30 ց բերք ստանալու դեպքում մարդիկ արժանանում էին պետական ամենաբարձր պարգեւների, որովհետեւ դա հացահատիկի արտադրության ոլորտում իրոք բարձր ցուցանիշ էր: Իսկ հիմա… հողը ճիշտ չենք մշակում, պարարտանյութ չենք տալիս, ախտահանում չենք կատարում, հնձի ժամանակ ունենում ենք բերքի անհամեմատ շատ կորուստ (հացահատիկահավաք կոմբայնները բավականին հնացած են), բայց վերջում (անգամ անցյալ տարվա պես ոչ բարենպաստ եղանակային պայմանների արդյունքում) հայտարարում ենք, թե մեկ հա-ի միջին բերքատվությունը կազմել է 28-30 ց, էլ չենք ասում, որ հացի որակն էլ համընդհանուր մտահոգության առարկա է դարձել:
– Ես արդեն ասացի, որ գյուղատնտեսության վիճակագրությունը պետք է արտացոլի իրականությունը, ինչը բխում է ե՛ւ գյուղացու, ե՛ւ պետության շահերից: Թղթի վրա պետք է արտացոլվի այն, ինչ որ կա իրականում, մինչդեռ… Մասնավորեցումից հետո, կարծեք, այդ ոլորտը դուրս է մնացել ուշադրությունից: Ինչ վերաբերում է հացի համընդհանուր անորակությանը, ապա դա, ինքներդ շատ լավ գիտեք, կապ չունի ո՛չ սերմի, ո՛չ ստացված բերքի հետ: Դրա պատճառներն ուրիշ տեղ պետք է փնտրել:
Հարցազրույցը`ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ