Շենաթաղ. հարցերի հարցն անբարեկարգ ճանապարհն է

03.07.2014 14:36
4394

Սիսիանի տարածաշրջանի Շենաթաղ գյուղը շատերին հայտնի է Ակսել Բակունցի արձակից, ավելի ստույգ` «Ծիրանի տափը» սքանչելի պատմվածքից: Շենաթաղ եւ հարեւան գյուղի միջեւ մի քանի սահմանամերձ հողակտորների պատկանելության հարցը մոտ երկու հարյուր տարի դարձել էր թշնամության եւ արհամարհանքի պատճառ: Բակունցն ընդամենը մի այցելության ընթացքում կարողացել է հարթել երկու գյուղի դարավոր վեճը (հողաչափը հենց ինքն էր` Զանգեզուրի գավառային հողբաժնի գյուղատնտեսը, ով հսկայական հեղինակություն ուներ բովանդակ Սյունիքում):

Սիսիանի Ձորերի ենթաշրջանի գյուղերը եզրափակվում են Շենաթաղով (Դարբաս-Գետաթաղ-Լոր-Շենաթաղ), հեռավորությունը մարզկենտրոնից` 139կմ, Սիսիան քաղաքից` 35կմ: Սրանով է մեծապես պայմանավորված անասնապահական մթերքների վատ իրացումը: Ծովի մակերեւույթից բարձր է 1760մ, լեռնային համայնքի կարգավիճակ ունի, բայց` ոչ մի արտոնություն: Բնակլիմայական առանձնահատկություններ ունի նաեւ Շենաթաղը: Հունիսի կեսին կեռասը դեռ չի հասունացել:

Հեռավոր այդ գյուղ հասնելը բնավ էլ դյուրին չէ: Մինչեւ Շամբի խաչմերուկը ճանապարհը բարեկարգ է, բայց այլ փաստի ես բախվում, երբ մեքենան ուղղություն է վերցնում դեպի Դարբաս գյուղը: Տեղատարափ անձրեւներից ջրաբերուկներով լցվել են ճանապարհները` դարձնելով նվազ անցանելի: Լոր գյուղով անցնելիս հանդիպում ենք եվրաչափանիշներով նորոգված Սահյանի հայրական տանը, որ վերածվել է թանգարանի: Վերջինիս բացումն անվերջ հետաձգվում է: Ասում են պատճառը դեպի Լոր տանող անբարեկարգ ճանապարհն է:

Երբ մոտենում էինք Շենաթաղին, առաջինը, որ գրավեց մեր ուշադրությունը, թեքությունների վրա գտնվող հողամասերում աշխատող մարդիկ էին: Երեւում էր` կարտոֆիլի ցանքեր են:

Սարերի մեջ պարուրված գյուղ է Շենաթաղը: Հետո պարզեցինք, որ այստեղ խմելու եւ ոռոգման ջրի խնդիր չկա: Նախ ծանոթանում ենք գյուղապետ Երջանիկ Մուսայելյանի հետ: Խորհրդային բանակում ծառայելուց հետո գյուղ է վերադարձել, նախ` ֆերմայի վարիչ էր, հետո` ղեկավարել է գյուղի կոլտնտեսությունը: 1996-ից, երբ ստեղծվեցին տեղական ինքնակառավարման մարմինները, ընտրվել է գյուղապետ, եւ մինչեւ օրս ղեկավարում է համայնքը: Անցնում ենք թվերի լեզվին. 107 ծուխ ունի Շենաթաղը` 407 բնակչով: Գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, նաեւ մեղվապահությամբ, անասնագլխաքանակը հետեւյալ պատկերն է ներկայացնում. խոշոր եղջերավոր անասուն` 571, որից 250-ը` կով, 1527` մանր եղջերավոր, ունեն 520 մեղվաընտանիք: Սիսիանի տարածաշրջանի գյուղերի համար խնդիր է անասնապահական մթերքների իրացումը: Կաթը հանձնում էին հարեւան Լոր գյուղի ընդունման կետ, այս տարի անհատներն են գալիս տանում, որոշ մարդիկ էլ տնական պայմաններում յուղ ու պանիր են պատրաստում, վաճառում: Ավելի լուրջ է մսի իրացման խնդիրը: «Եզդին, եթե եկավ, եկավ, չէ` չէ, – այսպես են կարճ ներկայացնում իրավիճակը, – չլուծվող հարց է դա, եզդին էլ խոշոր եղջերավորն է տանում, ոչխարի իրացումը պրոբլեմ է, այսօր վաճառելու բան շատ կա, բայց ո՞վ է տանողը, եթե այդպիսին էլ լինում, ջրի գին է առաջարկում, որ գյուղացուն ձեռնտու չէ»: Եվ այն դեպքում, որ գյուղում կան կայացած ֆերմերներ` Հովիկ Հովհաննիսյան, որ մոտ 50 գլուխ խոշոր եղջերավոր ունի, որից 20-ը` կթու կով, Սերյոժա Սարջանյան, Ավետիք Մկրտչյան, այս վերջին երկուսը եւս մեծ տնտեսություն ունեն: Ընդհանրապես գյուղում մատների վրա կարելի է հաշվել ընտանիքները, որ երկու կամ երեք կով ունեն, մյուսները` համեմատաբար ավելի շատ:

Շենաթաղի տեղական բյուջեն 13 միլիոն դրամ է, որից վեցը պետության հատկացրած լրավճարն է, մյուսը մասն արտադրական նշանակության համար հողերից գանձվող գումարն է, մասնավորապես, հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողատարածություններից (մոտ վեց հարյուր հեկտար): Գյուղի տարածքում հետախուզական-որոնողական աշխատանքներ է իրականացնում «Ռակ միներալզ մեթալս ինվեսթսենթս Արմենիա» ՍՊ ընկերությունը:

Համայնքային բյուջեն մեծ գումար չէ, բայց, ինչպես հավաստիացնում է գյուղապետը, դրանով էլ հնարավոր է որոշ խնդիրներ լուծել. փողոցային լուսավորություն է անցկացվել, կենցաղի տունն է նորոգվել, հանգստի տաղավար է կառուցվել, գյուղի թանգարանի նորոգումը ընթացքի մեջ է: Այս ամենն իրականացնելիս օգտագործվում է գյուղի աշխատուժը, միայն շինարարական նյութերի վրա է գումար ծախսվում: Անկեղծ զրույցի բռնվելով` փորձեցինք իմանալ գյուղապետի երեք ցանկություն: Եվ այսպես` Երջանիկ Մուսայելյանը համայնքի անդամներին նախ առողջություն է մաղթում, որ կարողանան իրենց տնտեսության գործերն առաջ տանել: Երկրորդ` պետությունը նեցուկ լինի գյուղացուն` գյուղմթերքների իրացման հարցում, երրորդ ցանկությունն այն է, որ բարեկարգ լինի Շենաթաղ տանող ճանապարհը: Այս ամենից հետո մի դրական փաստ հայտնեց զրուցակիցս. օրական երկու անգամ ավտոբուսը գյուղ է մտնում, այնպես չէ, որ կտրված են արտաքին աշխարհից…

Գյուղապետարանից քիչ հեռու Սբ Մարտիրոս եկեղեցին է (1704թ.): Չորս տարի առաջ պատերին առաջացած ճեղքերի պատճառով այն կիսով չափ փլվել է, եւ հիմա տխուր պատկեր է ներկայացնում:՛ Համայնքային իշխանությունը հայտարարությամբ դիմել է նախանձախնդիր մարդկանց գյուղի հավատի տաճարը վերականգնելու խնդրանքով, բայց առայժմ ոչ մի արձագանք…

Գյուղի նշանավոր մարդիկ

Երբ պլանավորվում էր Շենաթաղի մասին հրապարակում պատրաստել, մինչեւ գյուղում լինելը՝ փորձեցի ճշտել, թե մյուսներից ինչով է փոքրիշատե առանձնանում այդ համայնքը: Հուշեցին, որ Շենաթաղի մասին հրապարակվող նյութը թերի կլինի, եթե նրանում տեղ չգտնվի բնակավայրի նշանավոր անձանց մասին տեղեկությունների համար:

Իսկ այդպիսիք եղել են նաեւ անցյալ դարերում: Շենաթաղի ծնունդ են Սյունյաց թեմակալ առաջնորդներ Հովհաննես Շենաթաղցին, Սողոմոն Շենաթաղցին: Այս երկու եպիսկոպոսներն էլ երեւելի գործեր են կատարել: Սյունյաց թեմի հոգսերը թեթեւացնելու նպատակով Հովհաննես Շենաթաղցին բնականոն հարաբերություններ է հաստատել պարսիկների հետ: Սողոմոնը կառուցել է տվել վանքի հյուսիսային կողմի պարիսպը եւ մի քանի օժանդակ շինություններ: Շենաթաղի երեւելի զավակներից են եղբայրներ Գեւորգ եւ Եգոր Հարությունյանները: Գեւորգը պետական գործիչ է, ՀՀ վաստակավոր երկրաբան, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, որ 1950 թվականին նրան շնորհվել է Քաջարանի եւ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրերի հայտնաբերման եւ երկրաբանական ուսումնասիրման համար (գիտնականների եւ երկրաբանների խմբի հետ): Եգոր Հարությունյանն առողջապահության գործի հմուտ կազմակերպիչ էր, հանրապետության վաստակավոր բժիշկ: Եղել է ՀՀ առողջապահության չորրորդ գլխավոր վարչության պետ եւ նախարարի տեղակալ:

Առողջապահության եւս մի նվիրյալ է Շենաթաղի զավակ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իսահակ Իսահակյանը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Էվակոհոսպիտալի գլխավոր վիրաբույժ: Պատերազմից հետո, պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանի գլխավորությամբ, հիմնադրել է հանրապետության կոտրվածքաբանության եւ ոսկրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ սկզբում եղել է բաժնի վարիչ, իսկ մինչեւ 1967 թվականը` ինստիտուտի տնօրեն: Իսահակ Իսահակյանը Երեւանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, ոսկրաբուժության եւ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր էր եւ սիրով էր իր գիտելիքները հաղորդում ապագա բժիշկներին:

Ճանաչված իրավաբան Գեորգի Սարկիսովը ծնվել է Բաքվում, Սիսիանի Շենաթաղ գյուղից այնտեղ տեղափոխված նավթագործ-բանվորի ընտանիքում: Սա եւս մի ապացույց է, որ ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով բազմաթիվ սյունեցիներ, այդ թվում սիսիանցիներ, բռնել են նավթարդյունաբերության կենտրոն Բաքվի ճանապարհը: Ինչեւէ, այնտեղ ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ աշխատանքի անցել Հայաստանի դատախազության համակարգում: Համարվում է իրավաբանության համեմատաբար նոր ճյուղ հանդիսացող կրիմինալոգիայի հիմնադիրներից մեկը Հայաստանում, հրատարակել է 50-ից ավելի գիտական գործ: Շենաթաղում է ծնվել նաեւ Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգոր Սարգսյանը:

Գյուղը դպրոցով է կանգուն

Շենաթաղի հիմնական դպրոցը տեղակայված է համայնքի մշակույթի տան երկրորդ հարկում եւ նորոգվել է գյուղապետարանի միջոցներով: Գյուղի դպրոցը կառուցվել էր 1935-1940 թվականներին, հողաշեն էր, խոնավ: 1996-ին համայնքի ավագանու առաջին նիստի ժամանակ որոշում կայացվեց դպրոցը տեղափոխել մշակույթի տան երկրորդ հարկ, այժմ կրթօջախը զբաղեցնում է 12 սենյակ, որ նախանցյալ տարի հիմնանորոգվել է: Քսաներեք աշակերտ ունի դպրոցը, որից երկուսն ավարտված ուստարում հրաժեշտ են տվել հարազատ դպրոցին եւ մանկավարժներին: Կրթօջախի տնօրեն Ռուբեն Զաքարյանը հայոց լեզվի եւ գրականության մասնագետ է, 1984-ին ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը, գործուղել են Շենաթաղ, եւ ցայսօր կրթում է գյուղի մանուկներին: Աշխատանքի ընդունվելուց երկու տարի հետո նշանակել են դպրոցի տնօրեն: Ասում է, որ վերջին տարիներին կոլեկտիվում սերնդափոխություն է կատարվել: Եթե չասեր էլ, իսկույն կնկատեինք` տեսնելով երիտասարդ մանկավարժների քանակը: Դպրոցում կա յոթ գերազանցիկ, վեց հարվածային, իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո, մանավանդ վերջին յոթ-ութ տարում շենաթաղցի դպրոցականն ուսումը շարունակում է հարեւան Լոր գյուղի միջնակարգ դպրոցում: Մեր դիտարկմանը, թե դպրոցն ի սկզբանե լինելով ավանդապահ կառույց, շա՞տ չեն փորձարկումներ անում նրա վրա, տնօրենը մասամբ համաձայնեց: Նա, իրոք, համաձայնեց, որ անցյալ դարի 90-ականներից մինչեւ հիմա կրթական համակարգի վրա փորձարկումներ են արվում, որը հիմնականում բացասական ազդեցություն է թողնում: «Չեմ կարծում, որ դրանք պարզապես արդյունք տված լինեն, բայց իրականում վերջին տարիների փոփոխությունները ոնց որ առաջընթաց են արձանագրել»:

Գյուղական ուսուցիչն անտեսված է, եւ ցածր է նրա աշխատավարձը: Այսպիսի եզրահանգման եկանք մանկավարժական կոլեկտիվի հետ մեր զրույցից: Բացի այդ, մանկավարժների փոխանցմամբ` գյուղական այս կրթօջախի նյութատեխնիկական բազան աղետալի է: Առկա նյութերը հնարավոր չէ օգտագործել քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիայում: Վերջին տարիներին իրականում ոչ մի ներդրում տեղի չի ունեցել: Երբ աշակերտները շատ էին, վերեւներին առաջարկվել է դպրոցի շենք կառուցել: Նախագիծը կար, դպրոցական մասնաշենքի տեղը որոշված էր, բայց…

«Ձեր թերթի միջոցով հարց բարձրացրեք, որ մեզ համար դպրոցական շենք կառուցեն». – մտահոգություն է հայտնում ռուսերենի երիտասարդ ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը: Տարեց մի ուսուցչուհի էլ կողքից ավելացնում է, որ մարզադահլիճ էլ չունեն, միայն ձյուների մեջ վազվզելով երեխան ինչի՞ կհասնի: Այս դեպքում էլ խոսքը դեռահասի ֆիզիկական դաստիարակության մասին է: «Սյունյաց երկիր» թերթը ընթերցում են Շենաթաղի հիմնական դպրոցում, բայց մանկավարժներից մեկը նկատեց, որ նրանում մանկավարժական թեմաներով հոդվածներ սակավ են հանդիպում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19