Շուռնուխի հենակետը․ Նվիրյալ աշխատանք՝ անկախ դժվարություններից

24.06.2022 11:49
2330

2021 թվականի օգոստոսից Ադրբեջանը վերահսկում է Սյունիքի մարզի Գորիս-Որոտան ճանապարհի մի հատվածը, ինչի պատճառով մինչ օրս Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերը քաղաքի հետ հաղորդակցման խնդիր ունեն։

Երթեւեկությունը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը սկսեց այլընտրանքային ճանապարհի վերանորոգում։ Դժվարանցանելիության պատճառով 6 ամիս շարունակ երեք գյուղի բնակիչներին հաց էր մատակարարում Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Այս տարվա ապրիլից ծրագիրն ավարտվեց, հիմա հացի խնդիրը լուծում է Որոտանում բացված հացաբուլկեղենի փուռը։

Թե ինչ խնդիրներ են ունենում Որոտան-Գորիս վերանորոգվող ճանապարհով երթեւեկողները, մեր նկարահանող խումբը զգաց սեփական մաշկի վրա։ Թեթեւ մարդատար մեքենաները սակավ են օգտվում այդ ճանապարհից, իսկ տաքսու վարորդները 13 կիլոմետրի համար աստղաբաշխական գումար են պահանջում։

Օգնություն խնդրեցի Շուռնուխի փրկարարական հենակետից, որտեղ անցած տարվա փետրվարից հերթապահում են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։ Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանի հրահանգով՝ հերթափոխը կատարվեց երկու ժամ ուշացումով՝ դեպի Գորիս մեզ անվտանգ հասցնելու համար։

Շուռնուխի հենակետը վագոն-տնակ է՝ ամեն հարմարությամբ, քնելատեղով, վառարանով, փրկարարական ու առաջին օգնության անհրաժեշտ գույքով։ Այստեղից երեւում է 44-օրյա պատերազմից հետո հաստատված ողջ իրականությունը․ տարբեր բարձունքներից ծածանվում են միաժամանակ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի դրոշները։

Տեղավորվեցինք փրկարարական «ՈւԱԶ» մեքենայում ու ճամփա ընկանք։ Մեզ ընկերակցեց նաեւ շուռնուխցի մի ազատամարտիկ, որը ջոկատի լավ բարեկամն է։ Այն օրվանից, երբ փրկարարները սկսեցին հաց մատակարարել գյուղերին, մարդիկ ճարահատյալ նրանց միջոցով էին պարեն ու դեղորայք ուղարկում ճանապարհի մյուս կողմում գտնվող իրենց հարազատներին։

Ջոկատի ավագ վարորդ, փ/ծ ավագ Արթուր Մարգարյանի համար ծանոթ է ամեն քար ու թուփը․ հմտորեն շրջանցում է բոլոր դարուփոսերը։ Ասում է՝ հիմնական խնդիրը ձմռանն է լինում։ Մեկուկես տարվա գործունեության ընթացքում հենակետ ահազանգել են հատկապես ՃՏՊ-ների դեպքում, ինչպես նաեւ Բարձրավանից Գորիսի բուժկենտրոն հիվանդ երեխաներ տեղափոխելու նպատակով։

Գորիսի ՀՓՋ-ի սպասարկման գոտում անանցանելի ու վտանգավոր տեղեր շատ կան։ Վերհիշում ենք տարիներ առաջ ձորն ընկած ցիստեռնի պատմությունը, երբ վարորդը հրաշքով փրկվել էր։ Փրկարարները դժվարությամբ կարողացել էին պատգարակով դուրս բերել տուժածին։ «Վարորդը շոկի մեջ էր, բղավում էր, որ ոչ մեկ իր մեքենային չդիպչի։ Ուզում էր անձամբ դուրս բերել, բայց մեքենան արդեն մի քանի կես էր դարձել»,- պատմում է մեր շուռնուխցի ուղեկիցը, որը ականատես է եղել դեպքին ու փրկարարների հետ մասնակցել տարհանման աշխատանքին։

Վարորդին հարցնում եմ՝ հերթափոխից հետո ինչո՞վ է սովորաբար զբաղվում։ Հանգիստ առօրյան փրկարարի համար չէ։ Չես կարող անտարբեր տանը նստել, երբ ընկերներդ կրակի դեմ կռիվ են տալիս, ինչպես, օրինակ, Խնածախում տեղի ունեցած մեծ հրդեհի դեպքում։ Այրվում էր միանգամից երեք տուն, կրակը տարածվում էր վայրկենական։ Հրդեհաշիջման աշխատանքները տեւել են գրեթե մեկ օր։

Արթուրը կատակում է՝ երբ հասցնում է, ուղիղ տուն է գնում։ Ջոկատն էլ է մի տուն, որի հարկի տակ ապրում է 35 հոգի։

Հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տիգրան Պողոսյանը համակարգում է 5 տարի։ Տնտեսագետ է, թեեւ երբեւէ այդ մասնագիտությամբ չի աշխատել։ Գործից դուրս զբաղվում է գյուղատնտեսությամբ․ ազնվամորի է մշակում։ Վերջերս է ընտանիք կազմել, գորիսցի աղջկա է կնության առել։ Ծիծաղում է՝ բա էլ ո՞րտեղից։ Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան գյուղերում ընտանիք կազմելու ու դեմոգրաֆիկ խնդիրներն ակնհայտ են։ Աղջիկները հասունանալուն պես տեղափոխվում են քաղաք, իսկ քաղաքաբնակները հրաժարվում են այդքան մեկուսացված գյուղեր հարս գնալ։

«Մարդկանց մեջ վախ կա՝ հինը նորոգելու, նորը կառուցելու։ Իսկ եթե նորից պատերազմ լինի՞։ Ամեն դեպքում համախմբվել ու լավատես լինել է պետք»- ասում է Տիգրանը։

Պատերազմի օրերին Գորիսի ՀՓՋ-ից 10 ծառայող էր մեկնել Արցախ՝ ԱԻՆ համահավաք գումարտակի կազմում։ Պատերազմից հետո բոլորն անխտիր մասնակցել են զոհված զինծառայողների դիերի որոնման ու տեղափոխման աշխատանքին։ Այս դժվար օրերն էլ անցան։

Օղակի հրամանատար, փ/ծ ավագ Հայկ Պապյանը ջոկատի փորձառուներից է։ 21,5 տարի ծառայում է այստեղ։ Իր անցած ուղու մասին խոսել չի սիրում, միայն հավելում է՝ փրկարարի համար մարդու կյանքը գերակա արժեք է։ Եթե այդ գիտակցումն ունես, ապա ամեն ինչ հաղթահարելի է։ Բացի դրանից՝ ջոկատի գույքը բավականին նորացվել է․ վերջին տարիներին ստացել են երկու «Իսուզու» եւ «Կամազ» մակնիշի մեքենա, որոնք արձագանքումն ավելի արդյունավետ են դարձնում։

Երկու զավակ ունի․ որդին՝ 9-ամյա Գոռը, արդեն կարողանում է բոլոր փրկարարական հանգույցները կապել։ Սիրում է հոր համազգեստով լուսանկարվել։ Հայկ Պապյանը նկատում է՝ նոր սերունդը շատ լավն է, ակտիվ, նախաձեռնող։ Պետք է ամեն ինչ անել, որ արտագաղթ չլինի․ սերտացնել սահմանային գոտում ապրող մարդկանց կապը, հարգել միմյանց՝ անկախ տեսակետից։ Աշխարհաքաղաքական միտումներն անընդհատ կփոխվեն, բայց եթե հայ ազգը միասնական լինի, եւ ամեն մեկն իր աշխատանքը կատարի պրոֆեսիոնալի պես, ամենալավ ապագան հնարավոր կլինի մեր երկրում կառուցել։

13 կմ ձգվող քարուքանդ ճանապարհին հաջորդում է Հայաստանի ասֆալտապատ «ողնաշարը»՝ M2 միջպետական ճանապարհը։ Բաժանվում ենք ջոկատի բակում, որտեղ տղաներն արագ հերթափոխ են կատարում։ Գործը սպասել չի կարող։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Գորիս-Երեւան

https://911tert.am/

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26