Սիսիանում նախընտրական թեժ օրեր են, և ոչ միայն այդ մասին

21.02.2023 17:56
1900

Շարունակում ենք զրույցն Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ, ով փետրվարի 18-ին Սյունիք էր այցելել պատգամավորական խմբի կազմում:

Սա երկրորդ զրույցն է, իսկ թեման Սիսիան համայնքում մարտի 26-ին կայանալիք ընտրությունն է:

- Պարոն Թորոսյան, նախ՝ փորձենք հետադարձ հայացք ձգել 2022-ի սեպտեմբերյան ընտրությանը. «ՔՊ» կուսակցության թիմը փաստորեն ամենաշատ ձայները ստացավ, նույնիսկ համայնքապետ ընտրեց, բայց ընտրված համայնքապետը՝ Արմեն Հակոբջանյանը, չկարողացավ անցնել իր պարտականությունների կատարմանը՝ երդման արարողությանն ավագանու անդամների պատշաճ քվորում չլինելու պատճառով:

- Որպեսզի հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Սիսիանում 2022-ի սեպտեմբերին, մի քիչ հետ պետք է գնանք ու հասկանանք, թե ուժերի ինչ դասավորություն կար տվյալ ժամանակաշրջանում և ինչ տեղի ունեցավ քաղաքական առումով:

Դեռևս 2021 թվականի աշնանը, կոնկրետ ժամանակը չեմ հիշում, նշանակվեց Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար, քանի որ գործող համայնքապետն ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր, որից հետո դադարեցրել համայնքապետի իր լիազորությունները: Եվ օրենքով սահմանված կարգով վարչապետը համայնքապետի պաշտոնակատար նշանակեց Արմեն Հակոբջանյանին:

Ժամանակի ընթացքում տեսնելով, որ Արմեն Հակոբջանյանն արդյունավետ կառավարիչ է, կուսակցությունը որոշեց ընտրություններում համայնքապետի թեկնածու առաջադրել հենց նրան:

Զուգահեռ աշխատանք էինք տարել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այլ թեկնածուներ կան, թե՞ ոչ: Հանդիպել էինք տարբեր անձանց հետ, որոնցից ոմանք նույնպես ընտրապայքարին մասնակցեցին: Արդյունքում եկանք եզրակացության, որ թե՛ իր ունակություններով ու գործելակերպով, թե՛ հաղթելու հնարավորություններով Արմեն Հակոբջանյանն է նախընտրելի թեկնածուն:

Ինչ տեղի ունեցավ հետո: Որոշ գործընկերներ, ովքեր այս կամ այն կերպ հարում էին իշխանություններին կամ առնվազն հայտարարում էին, թե հարում են (ես անձամբ կասկածում էի նրանց մտադրություններին)՝ կարծեցին, թե կկարողանան նաև իշխանությունների կատարած աշխատանքն իրենց վերագրելով՝ ընտրողների քվեները ստանալ: Եվ աննախադեպ մի իրավիճակ ստեղծվեց…

Հայաստանի 18 համայնքում այդ ժամանակ ընտրություններ էին, և միայն Սիսիանում էր, որ նախընտրական պայքարի դուրս եկավ յոթ քաղաքական ուժ: Մի մասը գործող կուսակցություններ էին՝ որոշակի հետագիծ ունեցող, մյուս մասն էլ ինչ-որ շինծու դաշինքներ էին՝ հավաքովի: Մենք գիտեինք՝ նրանց հետևում ովքեր են կանգնած, ասենք՝ նախկին հանրապետականներ և այլն: Ու ստացվեց այնպես, որ մոտավորապես 300 հոգի միայն ավագանու թեկնածու առաջադրվեց նախընտրական ցուցակներով: Եվ եթե հաշվենք, որ նրանցից ամեն մեկը գոնե 10-15 ձայն կարող է բերել, ստացվում էր՝ 4-5 հազար ձայն: Եվ շատ դժվար էր 50+ շեմը հաղթահարել: Ու հիմնական պատճառը, որ չկարողացանք այդ շեմը հաղթահարել, հենց դա էր:

Այդքանով հանդերձ մենք ստացանք ամենաշատ թվով ձայներ…

Ընտրությունից հետո, երբ ձայները բաշխվեցին, քաղաքական աշխատանք տարվեց այլևս ընտրված ավագանու անդամների ու կուսակցությունների հետ, ու, եթե չեմ սխալվում, երկրորդ փուլով Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքապետ: Բայց որպեսզի տեղի ունենար պարտականությունների ստանձնում՝ ահնրաժեշտ էր երդման արարողություն:

Անկեղծ ասած՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչու է «Ընտրական օրենսգրքում» նման կարգավորում մտցվել. եթե ընտրվել է, ապա պետք է կարողանա իր պարտականությունները կատարել:

Ինչևէ, ունեցանք այնպիսի իրավիճակ, որ ընտրված համայնքապետը չկարողացավ ստանձնել պարտականությունների կատարումը և, հետևաբար, մնաց համայնքապետի պաշտոնակատար: Ընտրություններին մասնակցած և ժամանակից շուտ իրենց հաղթող հայտարարած քաղաքական ուժերը հասկացան, որ իրենց պլանը չի աշխատել ու որոշեցին ամբողջական ցուցակներով ավագանու անդամի մանդատները վայր դնել: Իսկ նման դեպքում օրենքը նախատեսում է նոր ընտրություն:

Այնպես որ՝  այդպիսի ճանապարհ ենք անցել… Եվ կուսակցության վարչությունը քննարկել ու որոշել է՝ մարտի 26-ի ընտրություններում մեր թեկնածուն նույնն է՝ Արմեն Հակոբջանյանը:

- Փորձեք ընդհանուր գծերով նկարագրել Արմեն Հակոբջանյանին, ում երկրորդ անգամ է կուսակցությունն առաջադրել:

- Արմեն Հակոբջանյանը պարկեշտ անձնավորություն է, ապրում է Սիսիան խոշորացված համայնքի հոգսերով. նաև ինձ հետ է քանիցս քննարկել իր մտահոգությունները: Բայց պետք է հաշվի առնել կարևոր մի հանգամանք՝ դա միայն Արմեն Հակոբջանյանի ընտրությունը չէ, դա համայնքի ամբողջ ավագանու ընտրությունն է, որի մեջ նաև ուրիշներն են ներգրավված, ովքեր նույնպես Սիսիանի հոգսերով են ապրում:

Ասել է թե՝ քաղաքացիներն ընտրում են ոչ միայն Արմեն Հակոբջանյանին, այլև կուսակցությանը, որը տեր է կանգնելու Սիսիանի համայնքային կառավարմանը՝ բոլոր առումներով, սկսած զուտ համայնքային կառույցներից՝ ՀՈԱԿ-ներ, տրանսպորտային, աղբահանության ծառայություններ և այլն, վերջացրած այն ամենով, ինչ կարող է անել կառավարությունը՝ մարզային ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզների շինարարություն և այլն:

Արմեն Հակոբջանյանը մեկուկես տարվա ընթացքում ապացուցել է, որ իր միակ նպատակը Սիսիանն ավելի լավ համայնք դարձնելն է, որպեսզի քաղաքացիները ցանկանան ապրել այդ համայնքում, որ փողոցները լուսավոր լինեն, մաքուր լինեն, տանիքները վերանորոգված լինեն: Ու մենք էլ ամբողջ թիմով կանգնած ենք նրա կողքին: Կրկնում եմ՝ նա միայնակ չի գնում առաջիկա ընտրությանը, և տրված խոստումների համար պատասխանատու է նաև կուսակցությունը:

- Նախորդ ընտրություններում տպավորություն էր ստեղծվել, թե «ՔՊ» կուսակցության սիսիանյան թիմը պառակտված է կամ, ավելի ստույգ, համայնքապետի թեկնածուներից մի քանիսն էին ներկայանում «ՔՊ»-ի անունից:

Դուք բացառո՞ւմ եք, որ մեկնարկած ընտրարշավում դարձյալ «ՔՊ» կուսակցության անունից այլ ուղղությամբ քարոզիչներ կհայտնվեն:

- Կարծում եմ՝ խաղաքարտերն այնքան պարզվեցին 2022-ի սեպտեմբերի 26-ի ընտրությունից հետո՝ առնվազն այն մարդկանց մասով, ովքեր հանրությանն այդպես էին ներկայանում… Եթե իրենք ընտրողներին ներկայանում էին «ՔՊ» կուսակցության անունից, ապա կարող էին, օրինակ, միանալ «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուին և կոալիցիա կազմել կամ առանց կոալիցիա կազմելու ընտրել Արմեն Հակոբջանյանին, բայց դա տեղի չունեցավ: Եվ կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան է հասունացել քաղաքականապես, այնքան է իմաստնացել, որ թացը չորից տարբերում է: Ու եթե նույն մարդիկ նորից գան ու ասեն՝ մենք այսինչ բանն ենք ուզում անել, կասեն՝ եղբայր, դու հինգ ամիս առաջ կարող էիր դա անել, ինչո՞ւ չարեցիր: Նաև մտածում եմ, որ ամոթից դրդված ու խայտառակ լինելուց խուսափելու համար չեն էլ մասնակցի ընտրությանը…

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր քաղաքական թիմի հնարավորությունները Սիսիանի առաջիկա ընտրությունում, մանավանդ որ նախկին երկու ազդեցիկ թիմերն այս անգամ ընտրապայքարին չեն մասնակցելու:

- Առաջադրման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 19-ն է, դրանից հետո պարզ կլինի… Ամեն դեպքում տրամադրված ենք ժողովրդի հետ անկեղծորեն խոսելու՝ նրա քվեն (հնարավորինս մեծ թվով) ստանալու տեսանկյունից, ու եթե ընտրողը կգնահատի՝ մենք հիսուն տոկոսից ավելի քվե կստանանք: Եվ այդ դեպքում համայնքապետ ինքնըստինքյան կդառնա նախընտրական ցուցակի առաջին համարը: Եթե կլինի քվեների այլ պատկեր՝ մենք կհաշտվենք իրավիճակի հետ, քանզի դա կլինի ժողովրդի ընտրությունը: Բայց մինչ այդ ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քաղաքացու բացատրենք, թե ինչու պետք է սեպտեմբերի 26-ին ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ:

- Ձեր քաղաքական ուժը, իշխանության գալուց ի վեր, որդեգրել է արդար ընտրությունների գաղափարը, բայց…

Վարչական ռեսուրս կոչվածը, կարծեք, միշտ եղել է, կա ու կլինի:

Մայրաքաղաքային մամուլը մարզպետի սիսիանյան վերջին տուրնեն հենց այդ տրամաբանության մեջ տեսավ:

Կարո՞ղ եք սիսիանցի ընտրողին հավաստել, որ մարտի 26-ի ընտրությունն այդ առումով (և ոչ միայն) խոցելի չի լինի, մի խոսքով՝ կունենանք ազատ և արդար ընտրություն: Բնականաբար, ընտրական հանձնաժողովների, ընտրությանը մասնակցող մյուս քաղաքական ուժերի հետ մեկտեղ:

- Անկեղծորեն՝ չեմ կիսում մարզպետի շրջագայության հետ կապված տեսակետը, ասեմ ինչու: Մենք թերանում ենք հաճախակի այցեր կատարել մեր բնակավայրեր, համայնքներ, խոսել բնակիչների հետ և պարզել նրանց խնդիրները: Եվ եթե մարդն ի պաշտոնե, որ պարտավոր է այդ խնդիրներով զբաղվել, այցելում է բնակավայրեր, մենք ոչ թե պետք է քննադատենք նրան, այլ ողջունենք: Հակառակ իրավիճակը պետք է քննադատենք, թե ինչո՞ւ, օրինակ, որևէ մարզպետ պարբերաբար չի այցելում մարզի բոլոր գյուղերը: Ես մտածում եմ՝ եթե լինեի մարզպետ, ապա պարբերաբար կայցելեի գյուղեր: Եվ եթե Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիանի գյուղեր, ապա դա տրամաբանական պետք է համարել:

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի թեմային, ապա հետևյալը կասեմ՝ արդար ընտրությունները ոչ միայն մեր կուսակցության սկզբունքի հարց են, այլև ազգային անվտանգության խնդիր: Եկեք ճիշտ հասկանանք՝ մեր երկիրը հիմա ունի անվտանգային մարտահրավերներ, որոնց կարողանում ենք ինչ-որ ձևով դիմակայել միայն այն պատճառով, որ ժողովրդավար երկիր ենք, և ժողովրդավար աշխարհը, հատկապես Եվրոպան, միայն այդ իրողությունը գնահատելով են մեզ ձեռք մեկնում շատ հարցերում, օգնում մեր անվտանգային հարցերը կառավարել:

Ընդ որում՝ օրինակները բազմաթիվ են, թե ինչպես չենք օգտագործել վարչական ռեսուրսը նախորդ ընտրություններում:

Միանշանակ կարող եմ հավաստիացնել՝ այս անգամ ևս խոսք լինել չի կարող վարչական ռեսուրսի օգտագործման մասին: Եվ դա դատարկ ու սին հավաստիացում չէ, այլ առնվազն երկու համապետական ընտրություններով, նաև 2021 և 2022 թվականների ՏԻՄ ընտրություններով ապացուցված գործելակերպ: Այդ ընտրություններից ոչ մեկի ժամանակ տեղ չենք թողել, որ խախտվի ընտրողի կամարտահայտության հնարավորությունը: Կրկնեմ՝ դա ոչ միայն մեր կուսակցության որդեգրած սկզբունքն է, այլ մեր երկրի ազգային անվտանգության հարցը: Դա նաև կոչ է մյուս բոլոր քաղաքական ուժերին՝ երբեք կասկածի տակ չդնել Հայաստանում անցկացվող ընտրությունների թափանցիկությունը, անաչառությունը:

- Եվս մեկ հարց, որը միայն ընտրություններին չի առնչվում:

Բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում իշխող քաղաքական ուժը (հասկանալի պատճառով) գայթակղիչ է եղել…

Ինչպե՞ս եք վերաբերվում երևույթին, որ «ՔՊ»-ին երեկ հայհոյող կամ բոլորովին այլ կուսակցության «զինվորագրված» մարդիկ փորձում են հիմա էլ մտնել «ՔՊ»-ի շարքերը, և  հաճախ նրանց հաջողվում է:

- Ես անձամբ կարծում եմ՝ մենք պետք է բծախնդիր լինենք նման մարդկանց կուսակցության շարքերն ընդունելու հարցում: Պատիվ և առիթ եմ ունեցել անցյալ տարի հազարավոր դիմումատուի հետ անձամբ հանդիպել, ովքեր ցանկություն են հայտնել մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը: Եվ ինձ հաճախ համեմատել են քննությունից կտրող դասախոսի հետ, որովհետև ինձ համար տվյալ անձնավորության նախորդ տարիների քաղաքական դիրքորոշումներն են նույնիսկ կարևոր եղել: Կարևոր է եղել, թե ինքն ինչու է ուզում մտնել կուսակցության շարքերը: Ուզում է աշխատանք կամ պաշտոնի բարձրացո՞ւմ, թե՞ իրապես հավատում է այն արժեքներին, գաղափարներին, որ կրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Եվ, այդուհանդերձ, Դուք ճիշտ եք նկատում, նման մղումներ կան, դրա պատճառով է, օրինակ, որ  կուսակցությունը 2018 թվականին որոշել էր՝ մոտ մեկ տարի ոչ մեկին չընդունել կուսակցության շարքերը, և այդպես էլ եղավ:

Մենք անցյալ տարի ենք սկսել լայն թափով կուսակցության շարքերի ընդունելություն կատարել: Սակայն, այդ բոլորով հանդերձ, չենք հավակնում դառնալ մասսայական կուսակցություն, ինչպիսին Կոմունիստական կուսակցությունն է եղել, Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը և այլն, ովքեր հայտարարում էին, թե հարյուր հազարավոր անդամներ ունեն, բայց գիտենք՝ դա ինչպես է եղել. եկել է դպրոցի ուսուցչուհին, նրան տոմս են տվել ու ասել՝ դու արդեն կուսակցական ես: Մենք ոչ միայն չենք անում նման բան, չենք էլ խրախուսում, որ ապաքաղաքական մարդիկ քաղաքականությամբ զբաղվեն: Կարծում ենք՝ կուսակցականը պետք է լինի լուրջ քաղաքական գործիչ, պատրաստ լինի թե՛ կուսակցության արժեքներն առաջ տանել, թե՛ պատասխանատվություն կրել կուսակցության քայլերի համար: Բայց այո, Ձեր նշած վտանգը միշտ էլ կա:

Այդ ամենի հետ մեկտեղ ցույց ենք տվել, որ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ տոլերանտ ենք, բռնաճնշումներ չենք գործադրում: Այսպիսի օրինակ բերեմ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայիս պատկերը ցույց է տալիս՝ համայնքների գրեթե կեսում հաղթել են քաղաքական այլ ուժեր, և մենք դրա հետ հաշտ ենք, որովհետև դա է ժողովրդավարությունը: Մենք չենք պատրաստվում այդ համայնքներին պատժել, ասել՝ տեսեք՝ քանի որ մեզ չեք ընտրել, դուք այսինչ բանը չեք ստանա: Ընդհակառակը՝ փորձում ենք մեր աշխատանքով ցույց տալ, որ եթե հաջորդ ընտրություններին մեր կուսակցությանն ընտրեք, ապա  կարող ենք ավելի լավ աշխատել:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառույցները Սյունիքում՝ Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան… Ի՞նչ պատկեր ունեն:

- Սյունիքում շատ կուսակցական կառույցներ, ցավոք սրտի, չունենք: Այս պահի դրությամբ ունենք միայն Մեղրիում և Կապանում: Այնտեղ են ձևավորված եղել կորիզները, բջիջները՝ այսպես ասած: Այդ կազմակերպություններում ունենք ինը հոգուց բաղկացած խորհուրդ և մեկ վերահսկող խորհուրդ, բայց նաև պատրաստվում ենք տարածքային կազմակերպություններ հիմնել Սիսիանում ու Գորիսում: Որքան գիտեմ՝ Քաջարանը Կապանի հետ է միացված, ամեն դեպքում կազմակերպչական բնույթի այդ գործը շարունակելու ենք…

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

18 փետրվարի 2023 թ.

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34