Աշխարհաքաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում հայտնված Սյունիքը ներսից զորանալու և ամրապնդվելու կարիք ունի, ստեղծագործ աշխատանքի կարիք։
Իսկ դա պահանջում է կոնկրետ և գործնական քայլեր հատկապես տնտեսության ոլորտում։
Այդ առումով գնահատելի և ընդօրինակման արժանի է Գարիկ Ղազարյանի դերակատարությունը։
Վերջին տասը տարում նրա նախաձեռնությամբ ստեղծվել են մի քանի տնտեսվարող սուբյեկտներ կամ ընկերություններ, որոնցում ընդգրկված աշխատողների թիվը հասնում է մոտ 1700-ի։
Դրանցից առավել հիշատակելի են «Աժդանակ», «Mig Motors», «Գարգրուպ» և «Թրամփ» ՍՊ ընկերությունները, որոնցից առաջինը վաղուց հանրապետության խոշոր հարկատուների առաջին հարյուրյակի մեջ է։
Այսօր արդեն՝ առանց այդ ընկերությունների դժվար է պատկերացնել Սյունիքի և մասնավորապես Կապան ու Քաջարան համայնքների տնտեսական նկարագիրը։
Այդքանով հանդերձ՝ այդ ընկերությունները շարունակում են նոր աշխատատեղեր ստեղծել և նոր ծառայություններ ու արտադրություններ կազմակերպել։
***
«Գարգրուպ» ՍՊ ընկերության ջանքերով այս օրերին կյանքի ուղեգիր է ստանում Սյունիքի շինարարական նյութերի փորձարկման «Պրոֆ լաբ» լաբորատորիան, որը նախօրինակը չունի մարզում, որի լույս աշխարհ գալուն սպասում էին մարզի շինարարական կազմակերպությունները։
Ինչպե՞ս հղացավ լաբորատորիայի ստեղծման գաղափարը, ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը։
Մոտ տասը տարի շինարարական գործունեությամբ զբաղվող «Աժդանակ» ընկերությունը վերջին երեք տարում էապես ընդլայնել է գործունեությունն այդ ոլորտում՝ ստեղծելով նաև համապատասխան ենթակառույցներ՝ ասֆալտգործարան, բետոնագործարան, ջարդիչ տեղամաս, բետոնե սալիկների և եզրաքարերի արտադրամաս․․․
Զուգահեռաբար կազմավորվել է նաև ինժեներատեխնիկական որակյալ թիմ։
«Աժդանակը» շինարարության մեջ գլխավոր չափանիշ է հռչակել որակը։
Գարիկ Ղազարյանի ուշագրավ ձևակերպմամբ՝ «Շինարարությունը նախևառաջ բարոյականություն է ենթադրում, ազնվություն և պատասխանատվություն...»։
Եվ ուրեմն՝ լաբորատորիայի ծնունդը պայմանավորված էր նախևառաջ «Աժդանակի» շինարարական գործունեության ընդլայնմամբ և որակի հարցում որդեգրած սկզբունքային դիրքորոշմամբ։
Իսկ բարձրորակ շինաշխատանքների իրականացումն անհնար է պատկերացնել՝ առանց շինանյութերի որակի ստուգման և հսկողության, ինչի համար էլ անհրաժեշտ էր լաբորատորիա՝ արհեստավարժ մասնագիտական թիմով և, իհարկե, արդիական սարքավորումներով։
Մյուս կողմից՝ նման լաբորատորիայի ստեղծումը ժամանակի հրամայականներից էր Սյունիքում։ Մարզում մեծածավալ շինաշխատանքներ են իրականացվում ամեն տարի, և օգտագործվող նյութերի որակը ստուգելու համար դրանց նմուշները տարվում են մայրաքաղաք, ինչը պահանջում է հավելյալ ծախս և ժամանակ։
Այսինքն՝ նման լաբորատորիայի ստեղծումը սպասված իրադարձություն է մարզում։
Լաբորատորիայի մասնագետներից երկուսի կարծիքը․․․
Ասթինե Մարտիրոսյան. «Ինքս մասնագիտությամբ քիմիկ եմ։ Լաբորատորիայի մեր բլոկում իրականացնում ենք ցեմենտի, գրունտի և բիտումի ցուցանիշների որոշում:
Եթե, օրինակ, ցեմենտի նմուշ են բերել, ապա պետք է ճշտել՝ համապատասխանո՞ւմ է ներկայացված մարկային, թե՞ ոչ։
Եթե դրսի համար է ցուցանիշներ որոշվում, ապա պետք է համապատասխանեն միջազգային նորմատիվներին։
Սարքավորումները ժամանակակից են՝ իտալական MATEST ֆիրմայի արտադրության»։
Հասմիկ Առաքելյան. «Ֆիզիկաքիմիական փորձարկումների բլոկում ավազի, խճի, ասֆալտի, ասֆալտբետոնի նմուշների փորձարկումներ ենք կատարում։
Նորմատիվային բոլոր փաստաթղթերն ունենք։
Եթե որևէ նմուշ չի համապատասխանում սահմանված նորմերին, ապա բացասական եզրակացություն է տրվում։
Գործընկերներիս հետ փորձի փոխանակումների ենք մասնակցել Բելառուսում հավատարմագրված լաբորատորիաների հետ։
Մեր աշխատանքներն առավելապես ավտոմատացված են ու տրամաչափարկված, ստուգված՝ կա ճշտության չափ, սխալվելու չափ, ասել է՝ բոլոր հաշվարկներն արված են»։
Շնորհավորում ենք Սյունիքի շինարարական նյութեր փորձարկման «Պրոֆ լաբ» լաբորատորիայի ծնունդը և հիշեցնում մարզի շինարարական կազմակերպություններին՝ այսուհետ կարող եք օգտագործվող շինանյութերի որակը ստուգել հենց Կապանի լաբորատորիայում, ինչն ավելի որակյալ և հուսալի կդարձնի շինաշխատանքները։
Լաբորատորիայի հասցեն է՝ ք. Կապան, Բաղաբերդ 34։
***
Այս օրերին կյանքի ուղեգիր է ստանում մեկ այլ ձեռնարկություն ևս՝ Չոր խառնուրդների արտադրման գործարանը, որը գտնվում է Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի 2/19 հասցեում։
Հիմնադիրն է «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։
Գործարանի ստեղծումը որոշակի նախապատմություն ունի։
– Երբ «Աժդանակ» ընկերությունը որոշում կայացրեց շինարարական գործունեության ընդլայնման վերաբերյալ, մենք կազմակերպեցինք քարի ջարդման տեղամաս, – ներկայացնում է Գարիկ Ղազարյանը։ – Աշխատանքների ընթացքում բնապահպանական խնդիրներ առաջացան՝ փոշու արտանետման հետևանքով։ Ու ստեղծեցինք համակարգ՝ առաջացող փոշին մի տեղ հավաքելու և դրա մշակման ձեռնարկություն ստեղծելու նպատակով։ Եվ այդ գաղափարը՝ մեկ տարի առաջ հղացած, իրականություն է դարձել։
Նորահիմն ձեռնարկությունը՝ Չոր խառնուրդների գործարանը, թվով 40 արտադրատեսակ թողարկելու ներուժ ունի, բայց առայժմ թողարկվում է 11 արտադրատեսակ։
Դրանք են՝ սալիկի սոսինձ սպիտակ GG 200, սալիկի սոսինձ GG 50, սալիկի սոսինձ GG 100, սալիկի սոսինձ GG 500, գիպսային հիմքով ծեփամածիկ, ցեմենտային հիմքով ծեփամածիկ, գիպսային հիմքով սվաղ ունիվերսալ, գիպսային սվաղ, հավասարեցնող շերտ հատակի համար 0-90 մմ, ինքնահարթեցվող լցվող հատակ 0-10 մմ, ինքնահարթեցվող բարակաշերտ հատակ 0-6 մմ։
Ընդ որում՝ արդեն իսկ կան առաջին արձագանքները, որոնք միայն դրական են։
Մինչ շուկա դուրս բերելն էլ՝ մոտ երեք ամիս, «Աժդանակ»-ն այդ նյութերն օգտագործել է իր կողմից իրականացվող շինարարական աշխատանքներում։
Մի քանի օր է՝ արտադրատեսակները վաճառքի են հանվել Կապանի առևտրի կենտրոններում։
Իրացման ցանցն առաջիկայում ավելի կընդլայնվի...
Առաջին արձագանքները ցույց են տալիս նաև, որ թողարկվող արտադրատեսակները մրցունակ են ու պահանջված հայաստանյան շուկայում։
Որոշ ժամանակ անց նաև արտադրատեսակների արտահանում կկատարվի, քանզի, ըստ մասնագետների, որակական հատկանիշներով այն չի զիջում շուկայում գտնվող, նաև արտասահմանյան ծագումով նմանատիպ արտադրատեսակներին։
Հետաքրքիր մի հանգամանք էլ. թողարկվող արտադրանքի նմուշներն օգտագործելուց կամ վաճառքի հանելուց առաջ փորձաքննություն են անցնում Սյունիքի շինարարական նյութերի փորձարկման «Պրոֆ լաբ» լաբորատորիայում։
Գնահատելի է, որ նորաստեղծ գործարանը պատրաստվում է առաջիկայում՝ ս.թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը իր արտադրատեսակները ներկայացնել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվելիք «Շինարարություն և ինտերիեր–2025» ցուցահանդեսում։
Ըստ ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Գալստյանի՝ «Այդ էքսպոյին ներկայանալու ենք մեր ամբողջ արտադրանքով, հիմնական թեման բուն շինարարությունն է լինելու ՀՀ–ում։ Տարբեր արտադրողներ, ինչպես նաև սպառողներ հանդիպելու են այնտեղ, ունենալու ենք բավականին մեծ տաղավար կենտրոնական հատվածում։ Սա առաջին ցուցահանդեսը կլինի, որին կմասնակցենք որպես արտադրող, բայց իբրև սպառող բազմաթիվ ցուցահանդեսների ենք մասնակցել մինչև այդ՝ Ռուսաստանում, Չինաստանում, Իրանում»։
Դիտարկելով Չոր խառնուրդների արտադրման գործարանի ասպարեզ իջնելը՝ չենք կարող չնկատել մի քանի դրվատելի առանձնահատկություն։ Այն ոչ միայն բնապահպանական խնդիրներ չի առաջացնում, այլ՝ ընդհակառակը՝պահպանում է շրջակա միջավայրի անաղարտությունը՝ նաև օրինակ ծառայելով տարածաշրջանի այլ տնտեսությունների համար։ Այն քիչ ձեռնարկություններից է, որ հիմնված է բացառապես տեղական հումքի վրա։ Այն ձեռնարկություններից է, որի արտադրանքը նախևառաջ մեծ պահանջարկ ունի և կունենա Սյունիքի մարզի բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքներում։
Ողջունում ենք հրաշալի այդ գործարանի ծնունդը և մաղթում հաջողություններ։
Վստահ ենք՝ սյունեցի շինարարները մեծ պահանջարկ ունեցող այդ ապրանքատեսակներն այլևս ձեռք կբերեն Չոր խառնուրդների արտադրման գործարանից։
***
Այդ ամենը ներկայացնելուց հետո, բնականաբար, հարց է ծագում՝ իսկ ո՞վ է Գարիկ Ղազարյանը։
Հարցին նախ ինքն է պատասխանում՝ «Ինձ բոլորը ճանաչում են որպես գործարար, Արցախյան երեք պատերազմի բովով անցած, իմ բնօրրան Սյունիքը սիրող անձնավորություն»։
Կրթությամբ լինելով հանքարդյունաբերության մասնագետ՝ նախկինում՝ մոտ չորս տարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արտադրական թիմն է ղեկավարել, ինչը, ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ, լավ է ստացվել։ Այդ տարիներին կոմբինատի արտադրական հատվածում ստեղծվեց մոտ 1200 նոր աշխատատեղ, որի սոցիալական նշանակությունը մեր տարածաշրջանում դժվար չէ պատկերացնել։
Առանձնահատուկ գնահատանքի է արժանի նրա հիմնադրած ընկերությունների գործունեությունն Արցախյան պատերազմների ժամանակ, նաև հիմա՝ Սյունիքի արևելյան սահմանների ամրակայման, ինժեներական ենթակառուցվածքների պատրաստման ուղղությամբ։
Ոչ պակաս գնահատելի է այդ ընկերությունների սոցիալական քաղաքականությունը, կարիքավոր մարդկանց աջակից լինելու վարքը, որը խոսակցության առանձին նյութ է։
Հարցին, թե ո՞րն է իր հաջողության բանաձևը կամ գաղտնիքը՝ ասում է՝ «Նախևառաջ պետք է շատ սիրես քո ծննդավայրը, պետք է միշտ առաջ նայես ու երբեք չմտածես, որ Սյունիքի լինելիությունը երբևէ կդադարի։ Եվ, իհարկե, պետք է լինես ու գործես քո սիրած ոլորտում։ Ես արտադրության մարդ եմ, դա է իմ ոլորտը, ինչն էլ գործով եմ ապացուցում։ Քաղաքականությունն իմը չէ, երբեք ինձ չեմ պատկերացրել այդ ոլորտում»։
***
Գարիկ Ղազարյանի գլխավորած ընկերությունները, կարծեք, չեն բավարարվում արած–դրածով, ինչի մասին են վկայում առաջիկա անելիքներն ու ծրագրերը…
Դրանցից յուրաքանչյուրի մասին, որքան հասկացանք, կիմանանք ժամանակի ընթացքում, երբ իրագործված կլինի։
Բայց գլխավոր նպատակները հռչակված են...
Նախ՝ ձգտել, որ հիմնադրված ընկերությունները, գոնե 80 տոկոսով, որևէ մեկից կախված չլինեն՝ բոլոր առումներով, նաև ֆինանսական, ինչին հասել են մոտ 70 տոկոսով։
Որևէ մեկից կախված չլինելը կամ ինքնաբավությունը, իհարկե, չի նշանակում հրաժարվել այլ տնտեսվարողների հետ համագործակցությունից։ Ընդհակառակը՝ մի շարք ընկերությունների հետ ակտիվ համագործակցության մեջ են, այդ թվում՝ Չինաստանում և Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Ավելին՝ վստահելի և հուսալի գործընկերոջ համբավ են ձեռք բերել։ Դրա բազմաթիվ վկայություններից միայն մեկը՝ ներկայումս քննարկվում է իրանցի գործընկերների առաջարկը՝ Կապանում հիմնելու նավթամշակման գործարան՝ հիմնական հումք ունենալով մաշված ավտոդողերը։
Գլխավոր նպատակներից մեկն էլ ձգտումն է՝ հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծել մարզում, ինչի շնորհիվ բնակչության զբաղվածության խնդիրը որոշակիորեն կլուծվի, երիտասարդները չեն հեռանա մարզից, արդյունքում՝ Սյունիքն ավելի կենսունակ կդառնա։
Դա նպատակ է, որն աստիճանաբար կյանքի է կոչվում։ Վերոնշյալ լաբորատորիայի և գործարանի հիմնադրմամբ, օրինակ, ստեղծվել է մոտ 50 աշխատատեղ։ Կամ՝ միայն շինարարության ոլորտում կարող են աշխատանքի ընդունել մոտ 100 հոգի՝ 280-ից 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ընկերություններում կարևորվում է ինժեներատեխնիկական անձնակազմի մշտական վերապատրաստումը, ոլորտի զարգացման միտումներին, առաջավոր փորձին հաղորդակից լինելը։
Աշխատողները հանրապետությունում և ՀՀ–ից դուրս պարբերաբար մասնակցում են դասընթացների, սերտիֆիկացվում։
Ձեռք բերվող նոր տեխնիկան արդյունավետ բանեցնելու օգնում են դրանք արտադրող ընկերությունների մասնագետները։
Արդյունքում՝ ըստ Գարիկ Ղազարյանի՝ «Ունենք լուրջ մասնագիտական թիմ, որի ներկայացուցիչները, վստահ եմ, իրենց նախընտրած ոլորտի առաջին գծում են։ Ինքս էլ՝ առանց չափազանցության, ցանկացած տեսակի քարից կարող եմ պահանջարկ ունեցող ապրանք ստեղծել, ինչը ենթադրում է ինքս ինձ վրա աշխատելու, ինքնակրթությամբ զբաղվելու հետևողականություն»։
Աշխատանքային այսպիսի արարումների հեղինակը, բնականաբար, չի կարող իր երազանքները չունենալ։
Երազանքներից երկուսը, համոզված ենք, հոգեհարազատ ու նվիրական են արժանապատիվ ամեն մի հայորդու համար՝
– խաղաղություն տարածաշրջանում և կայունություն Հայաստանում,
– հայոց Արցախի հնարավորինս շուտ վերադարձ։
Ահա այսպես է ապրում, արարում, երազում Գարիկ Ղազարյանը, որի նախընտրած կերպարը կամ հերոսը եղել և մնում է Սպարապետ Վազգեն Սարգսյանը...
Մարի Նավասարդյան