Ստեղծվում է կենսոլորտային համալիր

13.09.2013 16:47
2814

Կառավարությունը պատրաստում է նոր որոշում, որով կմիավորվեն «Շիկահող» պետական արգելոցը եւ «Արեւիկ» ազգային պարկը` ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը:
Նախագիծն իրականացնելու համար գերմանական KFW բանկը պատրաստ է 8.2 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել:

Արգելոցը բնության հատուկ պահպանվող տարածք է, որը պահպանման ավելի բարձր մակարդակ ունի, քան ազգային պարկը: Օրինակ, արգելոց մուտք գործելու իրավունք ունեն միայն գիտական եւ ճանաչողական նպատակով` հատուկ թույլտվությամբ:

Նախապատրաստվող որոշմամբ, մինչդեռ, ստեղծվում է մի նոր մարմին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը եւ թե՛ արգելոցի, թե՛ ազգային պարկի կառավարումը տրվում է այս նոր մարմնին:

«Կառավարումը լիովին անցնում է այդ համալիրի տնօրինությանը, այսինքն` որպես արգելոց ինքը որոշում կայացնելու իրավունք չի ունենում: Դառնում է այդ համալիրին ենթակա ինչ-որ մարմին, մասնաճյուղ: Այո, արգելոցի իր կարգավիճակը պահպանում է, սակայն միայն թղթի վրա, գործնականում որոշումներ կայացնելու իրավունք չի ունենում: Մենք ունենք արդեն կայացած արգելոց, կայացած ստրուկտուրա, դրա հետ «խաղ ու պարը» մի քիչ վտանգավոր է», – ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Արսեն Գասպարյանը:

Բացի այդ, կան նաեւ օրենսդրական բացեր: Եթե օրենքով հստակ սահմանված է, թե ինչ գործունեություն կարելի է եւ ինչ չի կարելի իրականացնել արգելոցում կամ արգելավայրում, ապա կենսոլորտային համալիրի մասին «Հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում, բնապահպանների խոսքով, մի քանի պարբերություն է եւ հստակ սահմանումներ չկան:
«Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով` Սյունիքի մարզում ավելի քան 50 հանքի շահագործման եւ ուսումնասիրության լիցենզիաներ են տրված: Հենց Շիկահող գյուղի մոտ կա ուսումնասիրվող մի հանք, 4-5 հանք էլ արդեն ունեն շահագործման լիցենզիաներ «Արեւիկ» ազգային պարկի բուֆերային գոտում:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը միավորելու է իրարից հեռու գտնվող այդ տարածքները: Դա պետք է լինի էկոլոգիական միջանցքներով, սակայն, բնապահպանների խոսքով, եթե այդ միջանցքներում հանքեր են շահագործվելու` դա այլեւս կենսոլորտային համալիր չէ:
Օրենքի համաձայն` շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ցանկացած նախագիծ պետք է անցնի հասարակական լսումներ: Բնապահպանների պնդմամբ` հասարակական լսումներ եւս չեն անցկացվել:

Իրենց մտահոգություններով երկու նամակ Էկոլոգիական հասարակական դաշինքի անունից հղել են ՀՀ բնապահպանության նախարարությանը: Այնտեղից պատասխանել են, թե «նախագծերը գտնվում են քննարկման փուլում եւ ներկայացված են շահագրգիռ կողմերին` կարծիքի համար: Սահմանված կարգով անցկացվել են հասարակական լսումներ»:

«Որտե՞ղ են անցկացվել այդ քննարկումները, ո՞ւմ հետ: Ոչ ոք դրան չի մասնակցել, ոչ մի հայտարարություն այդ մասին նախարարության կայքում չի եղել», – նշեց դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը` հավելելով, որ Էկոլոգիական հասարակական դաշինքը սեպտեմբերին կկազմակերպի կոնֆերանս` KFW բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:

azatutyun.am

Հ.Գ. Խնդրո առարկայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք «Շիկահողի» պետական արգելոցի եւ «Արեւիկ» ազգային պարկի տնօրեններ Ռուբիկ Մկրտչյանին եւ Սուրիկ Հովհաննիսյանին, ինչպես նաեւ «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանին: «Սյունյաց երկիր» թերթին «Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Սուրիկ Հովհաննիսյանը փոխանցեց, որ այդ մասին ինքը պաշտոնական գրություն չի ստացել եւ տեղին չհամարեց արգելոցի եւ ազգային պարկի միավորման մասին խոսել:

ՌՈՒԲԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Շիկահողի» պետական արգելոցի տնօրեն

Տեղյակ եմ նման ծրագրի, ըստ որի «Շիկահող» պետական արգելոցի եւ «Արեւիկ» ազգային պարկի միաձուլվելով ստեղծվելու է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ոչ առեւտրային կազմակերպությունը` դրանում ներառելով «Արեւիկ» ազգային պարկը, «Շիկահողի» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Բողաքար» եւ «Սեւ լիճ» պետական արգելավայրերը: Ինձ համար այնքան էլ հստակ չէ, թե այս բոլորը միասին ինչպես պիտի գոյատեւեն որպես «Զանգեզուր կենսոլորտային համալիր»: Կողմնակից եմ այն բանին, որ հասարակական լսումներ կազմակերպվեն, եթե դրական արդյունքները բարձր լինեն, թող ստեղծվի այդ համալիրը: Բայց պիտի ասեմ, որ «Շիկահող» պետական արգելոցը կայացած կառույց է, 2003 թվականից անհրաժեշտ աշխատանքներ են կատարվել, որոնք միտված են եղել նրա զարգանալուն, կայունանալուն: Կատարվել է տարածքի քարտեզագրում, սահմանների ճշտում, արգելոցն ունի կադաստրի վկայական, 2004-ի մայիսին կառավարության որոշմամբ «Սոսիների պուրակի» պահպանությունը հանձնվեց «Շիկահողի» արգելոցին, որին 2011թ. միացրել են նաեւ «Զանգեզուր» պետական արգելավայրը, դարձյալ կառավարության որոշմամբ: Նաեւ մասնակցել ենք «Խուստուփ» արգելավայրի ստեղծման աշխատանքներին:

Ինձ համար, նորից եմ կրկնում, գոնե այս պահին անհասկանալի է, թե ինչպիսին պիտի լինի այդ տարածքների միավորումը որպես «Զանգեզուր կենսոլորտային համալիր»: Այդ միավորման մասին դրական կարծիք չեմ կարող հայտնել:

ՎԼԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ

Հայաստանի հարավում «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» ստեղծումը 2000 թվականից ի վեր արծարծվող թեմա է, եւ այդպիսի հատուկ պահպանվող վայրերն աշխարհում ընդունված են: Բայց այս դեպքում խնդիրն այն է, որ միանում են ոչ միայն «Շիկահող» պետական արգելոցը եւ «Արեւիկ» ազգային պարկը, այլեւ Սյունիքի հարավում գտնվող բոլոր հատուկ պահպանվող տարածքները` «Սեւ լճից» մինչեւ «Արեւիկ» ազգային պարկ: Այս միավորումը, ըստ իս, երկար կյանք չի ունենալու: Որոշ ժամանակ հետո նորից անջատվելու են: Դրա նախադեպը եղել է 1960-ականներին, երբ Գորիսի, Ղափանի, Մեղրու անտառտնտեսությունները գրչի մի հարվածով միացրեցին իրար, ինչը երկար կյանք չունեցավ: Պիտի նշեմ, որ անտառային պահպանությունն այն բնագավառն է, որ ամենօրյա հսկողության կարիք ունի: Նորաստեղծ կառույցի տնօրենը, եթե ծառայողական ուղղաթիռ էլ ունենա, չի կարող համալիրի ողջ տարածքը վերահսկողության տակ առնել:

Ինձ թվում է, որ ավելի նպատակահարմար կլինի «Զանգեզուր» արգելավայրը միացնել «Արեւիկ» ազգային պարկին` Մեղրու տարածաշրջանը Քաջարանի ձորով դարձնել մի տնտեսություն, իսկ նոր ստեղծվող «Խուստուփ» արգելավայրը միացնել «Շիկահողի» արգելոցին: «Սեւ լճի» մասին դժվարանում եմ ասել: Դուք պատկերացնո՞ւմ եք, նոր ստեղծվող համալիրի տնօրենը որպեսզի հսկողություն իրականացնի, մի ոտքը Մեղրիում պիտի լինի, մի ոտքը` «Սեւ լճում»: Հատուկ պահպանվող տարածքներն ամենօրյա հսկողության կարիք ունեն: Այդ մեխանիզմը չի աշխատելու: Խիստ բացասական եմ վերաբերվում նման խոշորացմանը:

Պատրաստեց ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԸ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08