Սվետլանա Իսախանյան. «Հիմնական նպատակս մեր ունեցած կադրերին արժանի փոխարինողներ գտնելն է եւ բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման գործն ավելի բարձր որակով եւ ժամանակի պահանջներին համապատասխան կազմակերպելը»

08.07.2015 15:45
2964

Առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի, համակարգում առկա խնդիրների, հիվանդանոցում կատարվելիք աշխատանքների մասին է զրույցը «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նորանշանակ տնօրեն, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյանի հետ:


- Տիկի՛ն Իսախանյան, 2015թ. հունիսի 9-ից «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի  տնօրեն եք նշանակվել: Ի՞նչ ժառանգություն ստացաք:

- 2014թ. հոկտեմբերի 9-ից նշանակվել էի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2015թ. հունիսի 9-ից՝ տնօրեն: Եթե հակիրճ ասեմ, լավ ժառանգություն եմ ստացել, այստեղ աշխատում են բարձր կատեգորիայի հմուտ եւ բարեխիղճ բուժաշխատողներ. սա ավանդույթներ ունեցող հիմնարկ է, որտեղ ստացել եմ իմ աշխատանքային մկրտությունը: Ինչ վերաբերում է շենքին եւ տեխնիկական հագեցվածությանը, այստեղ բարեկարգման, բարեփոխումների ու վերանորոգման լուրջ խնդիրներ կան:

- Քաջարանի հիվանդանոցի հետ կապված մեծ աղմուկից հետո ստուգվել են տարածաշրջանի բոլոր հիվանդանոցները: Ինչպիսի՞ բացթողումներ արձանագրվեցին Սիսիանի բժշկական կենտրոնում:

- Հիվանդանոցում ստուգումների ընթացքում անուղղելի թերություններ, մեծ բացթողումներ չեն արձանագրվել: Ընթացիկ հարցեր էին՝ հիմնականում պայմանավորված թղթարարությամբ, որոնք արդեն շտկվել են: Հաստատության բուժաշխատողները երկու անգամ մանրամասն հետազոտվել են, եւ որեւէ վարակ չի  հայտնաբերվել: Ներհիվանդանոցային վարակի դեպքեր չեն գրանցվել: Հիվանդանոցի բացթողումներից էր նաեւ թթվածնի կենտրոնացված մատակարարման համակարգի բացակայությունը: Ներկայումս այդ հարցն արդեն լուծված է մեր հնարավորության սահմաններում: Ինչպես բոլոր հիվանդանոցներում, բժշկական թափոնների տեղափոխման խնդիր ունենք, որ առաջիկայում, կարծում եմ, կկարգավորվի:

- Թվարկեք Սիսիանի հիվանդանոցի հիմնախնդիրները:

- Եթե առաջնահերթության կարգով նշելու լինեմ, ապա կառանձնացնեմ երեք հիմնախնդիր՝ երիտասարդ կադրերով համալրում, շենքի հիմնանորոգում եւ տեխնիկապես վերազինում, եղած մասնագետների որակավորման բարձրացում: Բարեբախտաբար, մեր հիվանդանոցի հատկապես երիտասարդ կադրերը ձգտում ունեն իրենց որակավորումը բարձրացնել: Հունիս ամսին մեր ռեանիմատոլոգ-անեսթեզեոլոգ Լիլյա Թադեւոսյանը վերապատրաստվել է Մոսկվայում, իսկ սոնոգրաֆիստ Անուշ Դովլաթյանը՝ Երեւանում:

- Ինչպիսի՞ն է պատկերը բժշկական կադրերի հարցում:

- Սիսիանի հիվանդանոցն ունի 171 աշխատող, որից 33-ը՝ բժիշկ, ընդ որում հինգ հոգի՝ բժշկական գիտությունների թեկնածու: Ինչպես շատ մարզերում, մեզ մոտ նույնպես խնդիր է երիտասարդ կադրերով համալրումը: Հիմնական նպատակս մեր ունեցած կադրերին արժանի փոխարինողներ գտնելն է: Հիվանդանոցի բժշկական ներուժը լավն է եւ շարունակում է համալրվել անհրաժեշտ մասնագետներով`  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ (բժշկական գիտությունների թեկնածու), երիտասարդ եւ հմուտ երկրորդ նեոնատոլոգ: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը ղեկավարում է մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սուրեն Վարդանյանը: Ընդհանուր թերապեւտիկ ծառայության բաժանմունքի վարիչն է սիրված եւ փորձառու բժիշկ Լյուբա Թամրազովան, (խմբ. սրտաբանական ծառայությունը համակարգում է մարզում համբավ ունեցող սրտաբան` բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյանը), վիրաբուժական բոլոր կարգի վիրահատությունները կատարում է բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Փիրուզյանը: Պետք է նշեմ, որ հիվանդանոցում մանկաբարձ-գինեկոլոգների պակաս կա: Նպատակ ունեմ մանկաբարձ-գինեկոլոգների մասնագիտական հերթապահություն սահմանել, քանի որ սա այն բնագավառն է, որտեղ այն անհրաժեշտ է: Դիմել եմ Պաշտպանության նախարարության բուժվարչություն, որպեսզի թույլատրվի մեր տարածաշրջանում գործող զինվորական հոսպիտալի գինեկոլոգին համատեղության կարգով հերթապահել նաեւ մեզ մոտ: Ֆունկցիոնալ դիագնոստիկայով զբաղվող բժիշկների համալրման կարիք ունենք:

- Ավանդույթ է դարձել, որ մշտապես հետաքրքրվում են բժիշկներով, ի՞նչ կասեք միջին բուժաշխատողների մասին, որոնց գիտելիքները եւ պատրաստվածությունը պակաս կարեւոր չեն:

- Այդ առումով կարող եմ ասել, որ լուրջ կադրային խնդիր չունենք: Ուրախալի է, որ շատ լավ պատրաստված երիտասարդ բուժքույրեր ունենք: Նպատակ ունեմ անհետաձգելի եւ վերակենդանացման բուժօգնություն ցուցաբերելու համար շուրջօրյա հերթապահությամբ միջին բուժաշխատողներից առանձին խումբ ձեւավորել:

- Ի՞նչ հաճախականությամբ են բուժաշխատողները վերապատրաստվում:

- Վերապատրաստման համար պետությունը որոշակի աշխատանքներ է կատարում, բայց հիմնականում բուժաշխատողները վերապատրաստվում են սեփական միջոցների հաշվին: Բժիշկներ ունենք, որ այս պահին վերապատրաստման կուրսեր են անցնում, միջին բուժաշխատողների համար նախատեսել ենք վերապատրաստում կազմակերպել: Տեղում նույնպես կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ:

- Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել երիտասարդ կադրերով համալրման հարցը:

- Ներկայումս յուրաքանչյուր բժիշկ ազատ կարող է ընտրել իր աշխատանքի վայրը, մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար մեկնել արտասահման: Նախկինում նման ազատություն չկար: Կարծում եմ՝ պիտի որոշակի, միգուցե օրենքով ամրագրված մեխանիզմ մշակել մարզերի հիվանդանոցները երիտասարդ կադրերով համալրելու համար: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խիստ հետեւողական է մեր բնագավառի յուրաքանչյուր հարցի լուծման գործում, կարծում եմ, այս հարցը նույնպես վաղ թե ուշ լուծում կստանա:

- Կարծեք, մեզանում մի երեւույթ է սկսել արմատավորվել. այսօր մարզերից հաճախ են հղիները մեկնում մայրաքաղաք թե՛ հետազոտվելու, թե՛ ծննդաբերելու համար: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ միգուցե անվստահությամբ տեղական կադրերի հանդեպ, միգուցե անհրաժեշտ սարքավորումների պակասով կամ հիվանդի վիճակից ելնելու անհրաժեշտությամբ:

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել ուրիշ հիվանդանոցների մասին, միայն կարող եմ ասել, որ մեր հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը 1-ին մակարդակի է, որ նշանակում է՝ սահմանված կարգով հղիության ընթացքում ունեցած լուրջ պաթոլոգիաների դեպքում մենք պարտավոր ենք հիվանդին ուղարկել ավելի բարձր մակարդակի հիվանդանոց: Իսկ մակարդակները որոշվում են մանկաբարձ-գինեկոլոգների թվով, մասնագիտական մակարդակով, տեխնիկական վերազինմամբ եւ այլն: Կեսարյան հատմամբ ծննդաբերությունների թիվը մեզ մոտ ցածր չէ: Շատ դեպքերում իրավունք չունենք տեղում վիրահատություն անել, բայց հիվանդը չի ցանկանում մեկնել մայրաքաղաք՝ վստահելով մեզ: Այս վերջին մի քանի տարիներին հիմնականում ծննդաբերում են պատերազմի տարիներին՝ 1990-95թթ. ծնված կանայք, ովքեր ավելի շատ սթրեսներ են տարել (խմբ.՝ Մեր այցելության պահին հիվանդանոցում վեց նորածին կար. բաժանմունքի վարիչ Սուրեն Վարդանյանի հավաստմամբ՝ հղիության արհեստական ընդհատման թիվը պակասել է, մյուս կողմից էլ ավելացել են պաթոլոգիաները: Չեն գերակշռում նաեւ երրորդ երեխայի ծնունդները):

- Եթե ամփոփենք 2015թ. առաջին կիսամյակը, ծնելիության եւ մահացության մակարդակը բարձրացե՞լ է:

- 2013թ.-ի համեմատ 2014թ. նորածինների թիվն ավելացել էր. մեր հիվանդանոցում լսվել է 319 նորածնի ճիչ: 2015թ. առաջին կիսամյակում գրանցվել է 136 ծնունդ, ծնվել է 137 նորածին, որից աղջիկ` 64, տղա` 73 եւ երրորդ եւ ավելի` թվով 30: Մեր բժշկական կենտրոնում վերջին 3 տարում գրանցվել են 2013թ.` 6 հիվանդանոցային եւ 134 ամբուլատոր մահ, 2014թ.` 9 հիվանդանոցային եւ 157 ամբուլատոր մահ, իսկ 2015թ. առաջին կիսամյակում` 2 հիվանդանոցային եւ 67 ամբուլատոր մահ:

- Եթե կա նման վիճակագրություն, կարո՞ղ եք նշել մահացության առավել շատ պատճառ հանդիսացող հիվանդությունները:

- Ըստ վիճակագրության՝ մեր տարածաշրջանում հիմնականում մահացության պատճառ են սրտանոթային եւ ուռուցքային հիվանդությունները: Ցավալիորեն պիտի արձանագրեմ, որ հատկապես երիտասարդների շրջանում են գերակշռում ուռուցքային հիվանդությունները:

- 2015թ. մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը: Սիսիանից քանի՞ հիվանդ է ծրագրի շրջանակներում արդեն բուժօգնություն ստացել:

- «Կյանքի ստենտ» ծրագիրը մեծ ձեռքբերում է բոլորիս համար: Ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության դեպքում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով: Հստակեցվել է, թե բժշկական որ ցուցումների եւ էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել եւ որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա: Սիսիանից 13 հոգի արդեն օգտվել է այս ծրագրից: Տեղում ախտորոշելով պետության կողմից սահմանված հիվանդություններից մեկը (օրինակ՝ սուր ինֆարկտ)՝ հիվանդին ուղարկում ենք կա՛մ Գորիսի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն, կա՛մ երբեմն էլ հիվանդի պահանջով` մայրաքաղաքի համապատասխան հիվանդանոց:

- Լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Աղիտուի զինվորական հոսպիտալը եւ Սիսիանի հիվանդանոցը պիտի միավորեն: Որքանո՞վ են հավաստի այդ խոսակցությունները, եւ կարո՞ղ ենք ասել, որ մրցակցային դաշտ է ստեղծվել:

- Զինվորական հոսպիտալի հետ մշտապես համագործակցում ենք, իսկ միավորման մասին պաշտոնական տեղեկատվություն չունեմ: Հատկապես բժշկության բնագավառում առողջ մրցակցությունը գովելի է, եւ այլընտրանքային հնարավորությունից շահում է նախեւառաջ քաղաքացին: Մրցակցության դեպքում հիվանդանոցների մասնագետները սկսում են ավելի լրջորեն վերաբերվել իրենց մասնագիտական որակավորման բարձրացմանը: Ներկայումս հոսպիտալում աշխատող բժիշկներից մի քանիսը նախկինում մեր հիվանդանոցում են աշխատել: Այստեղ կարեւոր է նաեւ այն փաստը, որ հոսպիտալում բժշկական ծառայությունը հիմնականում պետպատվերի շրջանակներում է իրականացվում, իսկ մեզ մոտ պետպատվերը սահմանափակ է: Վճարունակության առումով մի փաստ կարելի է արձանագրել. մայրաքաղաքում հիվանդը պատրաստ է ամեն գին վճարել, իսկ այստեղ, միգուցե բժիշկներին իրենց ավելի ծանոթ եւ հարազատ համարելով, կարծում են, որ կարելի է սակարկել օրենքով նախատեսված վճարումների համար:

- Ի՞նչ ակնկալիք ունեք հիվանդանոցի հիմնանորոգման հետ կապված. չէ՞ որ մարզի հիվանդանոցները, բացի Սիսիանի հիվանդանոցից, հիմնանորոգվել են, կամ էլ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:

- Սպասում եմ, որ մինչեւ տարվա վերջ շենքի հիմնանորոգման հետ կապված համապատասխան որոշում կկայացվի: Փորձում եմ գտնել նաեւ այլ ներդնողներ, միգուցե կլինեն անհատներ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել հիվանդանոցի նորոգմանը:

- Ո՞ր կազմակերպությունների հետ եք համագործակցում:

- Ներկայումս համագործակցում ենք «Վորլդ վիժն» կազմակերպության հետ: Վերջինիս աջակցությամբ ստեղծել ենք մայրության դպրոց, որտեղ հղիներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ համապատասխան մասնագետներից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հիվանդանոցում ստեղծվել է նաեւ ծնողական կրթության կենտրոն, որտեղ նախօրոք կազմված գրաֆիկով դասընթացներ են անցկացվում երիտասարդ ծնողների հետ երեխային առողջ մեծացնելու, ինչպես նաեւ հիվանդ երեխայի խնամքի վերաբերյալ:

- Ընտանեկան բժիշկների ինստիտուտը կայացման ո՞ր փուլում է: Այն ի՞նչ առավելություններ եւ թերություններ ունի:

- Ամենագլխավոր առավելությունն այն է, որ բժիշկը պետք է ավելի լավ ճանաչի իր հիվանդին, կարողանա ուղղորդել նրան համապատասխան մասնագետի մոտ: Թերություններից ամենամեծը թղթարարությունն է:

- Այսօր հաճախ ենք քաղաքացիներից դժգոհություն լսում շտապ օգնության ծառայության հետ կապված: Տարածաշրջանին սպասարկում է ընդամենը մեկ շտապ օգնության բրիգադ:

- Սիսիանի հիվանդանոցը սպասարկում է բացի Սիսիան քաղաքից եւս 13 գյուղական համայնք: Շտապ օգնության չորս բրիգադ ունենք, օրական հերթապահում է մեկը: Կարծում եմ, դժգոհելու մեծ շարժառիթ չկա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մեկ բրիգադը հիմնականում հասցնում է սպասարկել: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կանչում ենք նաեւ մեկ այլ բրիգադ: Այլ հարց է, որ շտապօգնության մեքենաները հին են, եւ կարիք կա նորերով համալրելու: Սիսիանի տարածաշրջանի մյուս գյուղական համայնքների բնակիչների անհետաձգելի բուժօգնությունն իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոնների միջոցով, բայց քիչ չեն նաեւ մեր կողմից սպասարկված դեպքերը:

- Եթե չենք սխալվում, ոչ վարակիչ որոշ հիվանդությունների նախնական հայտնաբերման համար պետպատվերի շրջանակներում ստուգումներ են իրականացվում:

- Պետպատվերի շրջանակներում երեք մեծ կանխագելիչ ծրագիր է իրականացվում՝ արգանդի վզիկի քաղցկեղի, շաքարային դիաբետի եւ սրտանոթային հիվանդություններից զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման ուղղությամբ: Ինչպես գիտենք, մեր հասարակությունում ընդունված չէ ժամանակին բժշկի գնալ, հայտնաբերել հիվանդությունը վաղ շրջանում: Հաշվի առնելով հանրապետությունում առավել շատ տարածված հիվանդությունների վիճակագրական տվյալները՝ պետությունն ընդգրկել է հատկապես այդ հիվանդությունները: Կոչ եմ անում քաղաքացիներին օգտվել այս հնարավորությունից եւ հիվանդության վաղ շրջանում հայտնաբերել եւ համապատասխան բուժում ստանալ: Ի դեպ, ծրագրերը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը:

- Որպես ամփոփում ի՞նչ կասեք Ձեր աշխատակիցներին, քաղաքացիներին:

- Նախեւառաջ, մեր հիվանդանոցում պետք է լիարժեք կայանա թիմային աշխատանքը, որպեսզի յուրաքանչյուր տարվա բուժաշխատողին նվիրված տոնը նշանավորվի ձեռքբերումներով: Նույն բնագավառի բժիշկները հիվանդին սպասարկելիս պետք է համագործակցեն միմյանց հետ, ընդհանուր հայտարարի գան բուժման կուրսն անցկացնելիս: Հիվանդներին մաղթում եմ առողջություն, սիսիանցիներին՝ վստահություն մեր բուժհաստատության հանդեպ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21