Սյունեցի աշուղների տեղն ու դերը հայոց աշուղական արվեստում

22.04.2022 17:18
894

Աշուղական երաժշտության մասին է  Վահրամ Օրբելյանի զրույցը ժողովրդական և աշուղական երգերի փառահեղ կատարող, ՀՀ ժողովրդական արտիստ,  բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանի հետ:

 

-Պարոն Պողոսյան, Դուք միշտ էլ բարեհաճությամբ եք արձագանքել մեր լրատվամիջոցի խնդրանքին կամ առաջարկությանը, երբ կարիք է եղել լսել Ձեր խոսքը մեր լսարանին հետաքրքրող հարցերի շուրջ...

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի հերթական համարը նվիրված է երաժշտական Սյունիքին՝ միջնադարից մինչև մեր օրեր:

Համարում որոշակի տեղ է հատկացվում աշուղական երաժշտությանը. այդ առիթով էլ կուզենայինք մի քանի հարցի պատասխան ստանալ ձեզանից:

Նախ՝ ի՞նչ ասել է  աշուղական երաժշտություն կամ աշուղական արվեստ, և երբ է այն սկիզբ առել մեր մշակութային տիրույթում. ոմանք 16-17-րդ դարերն են մատնանշում:

-Աշուղական արվեստը համաարևելյան երևույթ է, արմատները գնում են արաբական աշխարհ, մեզանում այն սկսվել է տարածվել 15-րդ դարից, դեռևս 12-րդ դարում Ներսես Շնորհալին աշուղական դասական ալիֆլամա ձևով, այսինքն՝ այբբենական, գրել է «Առավոտ լուսո» և «Աշխարհ ամենայն» տաղը. «Առավոտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լույս ծագեա...» և այլն: Բայց Ներսես Շնորհալին տաղերգու էր, ուղղակի արևելյան  աշուղական այդ  ալիֆլամա ձևը երևի դուր էր եկել, ինչը լավագույնս ստացվել է իր մոտ:

Մեզանում բուն աշուղական արվեստը տարածվել է 15-16-րդ դարերում: Հնագույն աշուղը, ում անունը մեզ հայտնի է, Ղուլ օղլի Երզնկացին է, ապա և Նահապետ Քուչակը: Վերջինս բառացիորեն որևէ առնչություն չունի  հայրենների հետ: Նա եղել է հայ աշուղական արվեստի դասական ներկայացուցիչ, լավագույն աշուղ, ով դեռևս կենդանության օրոք պաշտամունքի առարկա է դարձել: Նրա գերեզմանը, որ գտնվում է Վասպուրականի Խառակոնիս գյուղում, դարձել է սրբատեղի: Հատկապես հղի հարսները գնում էին, իրենց փորը  քսում  նրա գերեզմանաքարին, որպեսզի նա բարեխոս լինի Աստծո առաջ, որ իրենք հեշտ ազատություն ունենան: Նահապետ Քուչակից   մեզ հասել են առավելապես  թրքալեզու  խաղեր, որովհետև Թուրքիայի սուլթանը  հրովարտակ էր արձակել, որով արգելել էր  հասարակական վայրում  բացի թուրքերենից որևէ լեզվով խոսել: Իսկ հասարակական վայր  էր համարվում  երեք  հոգու ներկայությունը:

Ըստ բանասիրական գիտությունների դոկտոր Շավիղ Գրիգորյանի՝  Արևմտյան Հայաստանում  ունեցել ենք 900-ից ավելի աշուղ, որոնց ստեղծագործությունները հասել են մեզ, բացառապես թուրքալեզու են:

Պիտի ասեմ, որ մեկ դարից պակաս ժամանակաշրջանում խառնաշփոթ է առաջացել գուսան և աշուղ եզրույթների մեջ: Բայց սա թյուրիմացության  արդյունք խառնաշփոթ է: Մեզանում գուսաններն ապրել են 3000 տարուց մի քիչ ավել, մի քիչ պակաս ժամանակաշրջանում: Նրանք եղել են պալատական երգիչներ, գովերգել են թագավորներին, աստվածներին, իշխաններին, զորավարներին: Եվ մեզ հասցրել են պատառիկներ. Պատմահայր Խորենացու «Արա Գեղեցիկ  և Շամիրամ» առասպելը, «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշեսի, տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթենիկանն» և ամենահայտնի գործը՝  «Երկներ երկիր, երկներ երկինք, երկներ և ծովն ծիրանի...»: Սրանք  տաղաչափական որևէ  առնչություն չունեն  աշուղական արվեստի հետ, և ազատ կառուցվածքով ստեղծագործություններ են, իսկ աշուղական արվեստը թրծված, կատարելագործված  աշուղական տաղաչափությամբ գրված ստեղծագործությունների ամբողջություն է: Պարզապես  1939 թվականին Հայաստանից  պատվիրակություն է մեկնում Մոսկվա՝ մասնակցելու  հայ մշակույթի տասնօրյակին: Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահը բանավոր հրահանգ է անում, ասելով՝ այնտեղ մեր աշուղներին գուսան կհայտարարեք, որ Ադրբեջանից եկած աշուղների հետ չշփոթեն: Շավիղ  Գրիգորյանն ասում է՝ թերթերը գրեցին՝  հայ աշուղները մեկնեցին Մոսկվա որպես աշուղ, վերադարձան որպես գուսան: Քանի որ ստալինյան կոշտ իշխանության շրջանն էր, որևէ մեկը չի համարձակվել ասել.  «Պարոն վարչապետ,  դրանք տարբեր բաներ են, և սխալ է 500 տարվա մշակույթը տանել խառնել երեք հազար տարվա հետ»:

Եվ շատ աշուղներ, որոնց երգերը հրատարակվել էին՝ գործածելով աշուղ բառը, ստիպված փոխեցին ու դարձրին գուսան: Եվ այդպես՝ աշուղ Աշոտը դարձավ գուսան Աշոտ, աշուղ Շահենը՝  գուսան Շահեն, աշուղ Հավասին՝ գուսան Հավասի և այլն:

Նույնիսկ վաղուց մահացած աշուղներին ասում էին գուսան՝  գուսան Ջիվանի, գուսան Շիրին և այլն: Էլ չեմ ասում գուսան Սայաթ-Նովա՝ զավեշտական մի բան...

 

- Սյունիքի աշուղների տեղն ու դերը հայոց աշուղական արվեստում:

 

- Աշուղական արվեստն ունեցել է  երեք  հնագույն դպրոց՝ պարսկահայ, վիրահայ, տաճկահայ: Նման բաժանում կատարել է Գարեգին Լևոնյանը՝ Ջիվանու ավագ որդին: Պիտի նշեմ, որ մի տեսակ անտեսվել է Հայաստանի աշուղական դպրոցը, որը նաև մեծ արժեք ու հետևորդներ է ունեցել: Հայաստանն այդ առումով  բաժանվում է տարբեր տարածաշրջանների, այդ թվում՝ Սյունիքը, որն իր մեջ ներառում է և Նախիջևանը: Բազմաթիվ աշուղներ ենք ունեցոլ Սյունյաց աշխարհում, որոնց ամենաերևելի ներկայացուցիչը եղավ աշուղ Աշոտը: Նա իր հետևորդներն ունեցավ հայ իրականության մեջ...

- Սովորաբար Նաղաշ Հովնաթանը չի հիշատակվում սյունեցի մեծահամբավ աշուղների շարքում, չնայած ինքը Սյունյաց աշխարհի զավակ է՝ ծնված Երնջակ գավառի Շոռոթ գյուղում: Միգուցե պարզություն մտցնենք այդ հարցում, թեև նման մեծություններն ամբողջ հայ ժողովրդին են պատկանում ու կարևոր չէ ամենեվին, թե ով որտեղ է ծնվել:

-Այո, բայց ինքն ամբողջ կյանքն ապրել է Թիֆլիսում, նկարազարդել է Էջմիածնի Մայր Տաճարը, Թիֆլիսի բազմաթիվ հայկական և վրացական տաճարներ, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Մայր տաճարը և այլն, եղել է աշուղ, եղել է Վրաստանի թագավորական պալատի երգիչը Սայաթ-Նովայից առաջ: Կյանքի վերջին մի քանի տարիները վերադարձել և ապրել է  ծննդավայր Շոռոթ գյուղում, որտեղ էլ հանգչում է նրա լուսեղեն գերեզմանը:

-Երբ «Սյունյաց երկիր» թերթը աշուղ Աշոտի ծննդյան 110-ամյակի առիթով հատուկ համար էր հրատարակում, Դուք հարցազրույց ունեցաք մեր լրատվամիջոցի լրագրողի հետ և գնահատանքի խոսքն ասացիք...

Նաև տեղյակ ենք, որ Ձեր երկացանկում մշտապես եղել են ու կան երգեր աշուղ Աշոտից: Այսպես՝  «Սյունյաց սարեր»,  «Հով սարեր», «Լուսնի շողը պատուհանից ներս ընկավ», «Հով գիշեր»...

  Որքանով տեղյակ ենք՝ առանձնակի սեր եք ունեցել (և ունեք) «Ո՞ւր է» երգի հանդեպ:

Եվ մեկ անգամ կուզենայինք լսել Ձեր խոսքն աշուղ Աշոտի մասին:

-Ասեմ՝  «Ո՞ւր» է երգը, որ հիմա երգվում է «Ով դու Գուսան, չես իմանում, էն քո սիրած յարն ուր է», հին տպագրության մեջ գրված է՝  «Ով դու աշուղ, չես իմանում, էն քո սիրած յարն ուր է», բայց 1939 թվականից հետո՝ սարսափած իշխանություններից, աշուղ Աշոտն էլ է փոխել և դարձրել  «Ով դու Գուսան, չես իմանում...»: Աշուղ Աշոտը հիմնաքարային արժեք ունի հայ աշուղական արվեստի բնագավառում, նրա երգերը սիրված են ոչ միայն մայր հայրենիքում, այլև համայն Սփյուռքում.  ով չգիտի նրա «Սյունյաց սարեր» չքնաղ ստեղծագործությունը, ով չգիտի նրա «Օջախում» երգը, «Սարի սիրուն յար» սքանչելի երգը և այլն: Եվ մենք մեր սփյուռքյան ելույթների ժամանակ նույնպես ծրագրում  պարտադիր ընդգրկում ենք աշուղ Աշոտի երգերը:

-Հետաքրքիր է՝ աշուղ Աշոտի ո՞ր երգերն են մտել Ձեր նախաձեռնությամբ հրատարակվող աշուղական երգերի ընտրանու՝ «Գանձարանի» մեջ:

Ծագումով սյունեցի աշուղներից ուրիշ ո՞ր մեկի երգերն են տեղ գտել կամ գտնելու «Գանձարանում»:

-Ղարաբաղի աշուղ Գրիգոր ունենք, որի երգերն ընդգրկվելու են առաջիկա հատորներից մեկում, աշուղ Աթայի «Ընծա հավը» հայտնի և սիրված երգը պարտադիր ընդգրկվելու է հենց  առաջիկա հատորների մեջ: Երկու գրքով է լինելու՝ առաջին և երկրորդ հատորներ: Հիմա էլ Արցախից  ունենք հայտնի աշուղ Ապան, որի երգերը շատ սիրված են և նույնպես մեր ծրագրերում կան:

- Ուրիշ շատ աշուղներ էլ ենք ունեցել Սյունիքից, որոնց ստեղծագործությունները, կարծեք, մոռացության են մատնված՝ Աշուղ Աթա, Աշուղ Ղազար, Թառսյունի (Տաթևիկ Սազանդարյանի պապն է) և ուրիշներ...

Իհարկե, դժվար է որևէ համույթի կամ կատարողի պարտադրել նրանց երգերի կատարումը, բայց... Արդյո՞ք կարիք չկա շատ թե քիչ նշանավոր աշուղների ստեղծագործությունները հավաքել մի բազմահատորյակ ժողովածուի մեջ, որպեսզի դրանք մոռացության չմատնվեն, չէ՞ որ խոսքը մեր ժողովրդի մշակութային ժառանգության մի ամբողջ ոլորտի մասին է:

-Աշուղ Սեյադը (Պետրոս Մադաթյանց) ցարական բանակի գնդապետ, երկու անգամ ընտրվել է Սյունյաց աշխարհի Եղեգնաձորի տարածաշրջանի ղեկավար, և մենք վերականգնել ենք աշուղ Սեյադի՝ Վայոց Ձորի մասին գրված մի շատ գեղեցիկ ստեղծագործություն...

Եղեգնաձորը, բնականաբար,  եղել է Սյունիքի մեջ, իսկ Պետրոս Մադաթյացնը եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ նաև, որից մեզ են հասել երկու հատոր ստեղծագործություններ...

Գիտե՞ք, չէ, աշուղ Շիրինը գրում է. «Դու Շիրին, օրը հարյուր քաղցր ու անուշ բան մտածես, քո հայերեն խաղերը Սեյադի նման չի լին»:

- Քիչ առաջ նշեցինք Ձեր՝  «Սյունյաց երկրի» լրագրողի հետ 2017թ. տված հարցազրույցի մասին: Այդ զրույցում Դուք այսպիսի միտք եք արտահայտել՝  «Աշուղ Աշոտի երգերի մեջ մեղեդի հյուսելու ձևը, բնույթը, ճաշակը Սյունիքինն է, Սյունյաց աշխարհինն է»:

Արդյո՞ ք դա նշանակում է, որ հայոց աշուղական արվեստում Սյունիքյան դպրոցն իր առանձնահատկություններն ունի:

-Միանշանակ, աշուղական արվեստը՝ լինելով համընդհանուր երևույթ, ամեն տարածաշրջան առանձնացել է իր լեզվի առանձնահատկություններից բխող տեսակով և ընդհանրապես՝ որևէ ազգի ազգային երաժշտությունը բխում է տվյալ ժողովրդի լեզվի հնչերանգից: Հայ ժողովրդի ազգային երաժշտության հիմքը հայոց լեզուն է, հնագույն արմատը մեր ժողովրդական և հոգևոր երգերն են, որոնք բխում են հայոց լեզվի առոգանությունից...

-Դուք տեղյակ եք, որ Սյունիքը 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ռազմաքաղաքական նոր իրավիճակում է հայտնվել:

Ըստ Ձեզ՝ ի՞ նչ   առաքելություն կարող է ունենալ կամ ունի հայոց երգն այս իրավիճակում:

- Արցախյան շարժման ժամանակ  հայ երգը շատ մեծ նշանակություն ունեցավ... Մեր զինվորները, մեր ֆիդայիները տարածքներ էին ազատագրում, և հնչում էր մի երգ, որը մենք դեռ բեմից չէինք կատարել, բայց երգը թռել, հասել էր Արցախ, ու զինվորները՝  գյուղեր ազատագրելով, մեքենայի վրայից երգում էին՝ «Արի դու քաջ Դրո, բազկիդ ուժը բեր...»:

Տեսեք՝ ինչ թևեր ունի երգը, երգն ինչպես է թռչում շուրթից շուրթ, սրտից սիրտ և հասցնում հայ մարդուն՝ իր երազանքների իրականացմանը:

Ես ներկայիս իրավիճակը գնահատում եմ թյուրիմացություն.... Բայց  հավատում եմ հայոց մեր բանակի, հայ զինվորի նվիրվածությանը, հայրենասիրությանը և մեր սահմաններն անսասանորեն պահելու մեր երազանքին...

 

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19