Սյունիք-Արցախ պատմական առնչությունները (IX-XII դդ.)

10.04.2024 16:14
867

Միջնադարյան Հայաստանի առանձին նահանգների, մասնավորապես Սյունիք-Արցախ պատմական առնչությունների ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուրներ են վիմական արձանագրությունները: Փորձենք գլխավորապես վիմագրերի՝ իբրև «գրչական աղավաղումների և եղծումների չենթարկված ամենահավաստի աղբյուրների»1 տվյալների հիման վրա ներկայացնել այս երկու հարևան նահանգների առավել հզոր իշխանական տների փոխհարաբերությունների զարգացման պատկերը IX-XII դդ.: Այն ընտանեկան մերձեցումներով ամրապնդված և իրական անհրաժեշտությամբ պայմանավորված լինելով` այդ տարածաշրջանում հետագայում մեր ժողովրդի գոյապայքարի գրավականը հանդիսացավ:

Աղբյուրները ցույց են տալիս, որ ինչպես հնում, այնպես էլ միջնադարում, բացառությամբ ոչ էական ընդմիջումների, քաղաքական ու տնտեսական իմաստով հիշյալ նահանգները կազմել են մի ամբողջություն, ինչը հաստատվում է նաև մշակութային ընդհանրությամբ: Պատահական չէ, որ թե՛ Արցախում և թե՛ Սյունիքում առանձին բնակավայրեր, երբեմն էլ գավառներ կոչվել են միևնույն անուններով:

Մատենավիմագրական տվյալները բացահայտում են, որ երկու դրացիների փոխհարաբերություններն առանձին ժամանակներում տարբեր կերպ են արտահայտվել: Դրանցում եղել են վայրէջքներ ու միջավատական հակասություններ, որոնք հատուկ են միջնադարյան բոլոր քաղաքական կազմավորումներին առհասարակ: Ավելի քան մեկ և կես հարյուրամյակ է պահանջվել, որպեսզի հարթվեն Սյունիք-Արցախ այն տիրութային տարաձայնությունները, որոնք վերստին ծագել էին IX դ. սկզբներին2:

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում՝ պատմական Սոդք գավառում3, Գրիգոր Ատրներսեհյանը 881 թ. խաչքար է կանգնեցրել՝ իրեն «Սիւնեաց և Աղուանից իշխան»4 հիշատակագրելով: Սա ցայժմ հայտնի միակ վիմական սկզբնաղբյուրն է, որտեղ միևնույն անձնավորությունն իրեն անվանում է երկու նահանգների իշխան միաժամանակ: Նրա հայր Ատրներսեհը որդին էր Սահլի «... որ էր ի տոհմէն Հայկայ՝ տէր Սիւնեաց5, որոյ բռնազբօսութեամբ կալեալ էր զգաւառն Գեղամա...»6: Գեղարքունյաց Գրիգոր Սուփան Ա իշխանը չէր կարող դիմակայել իր ավատական տիրույթների նկատմամբ Սահլ իբն Սումբատի (Սահլ որդի Սմբատի) հավակնություններին, քանի որ վերջինս արկածախնդիր Բաբանին գերեվարելուց հետո վայելում էր արաբների համակրանքն ու վստահությունը: Եվ պատահական չէ, որ «...ընդ վաստակոցն առնու... իշխանութիւն ի վերայ Հայոց, Վրաց և Աղուանից՝ տիրեալ... ամենեցուն արքայաբար»:7 Այս հիշատակությունից ակներև է, որ Սահլ Սմբատյանը հայոց տան մեջ գերագահության համար մրցակցել է Բագրատունի հզոր իշխանների հետ: Նրա Ատրներսեհ որդին ամրապնդում է իր դիրքերը՝ կառուցելով «զբերդն Հանդու, և զապարանս իւր եդեալ ի գիւղն, որ կոչի Վայունիք (Ծար-Արցախ - Ա. Մ.), ուր և բաղանիք արքունական են... Տիկինն Սպրամ յառաւել բարեգործութիւնս յաճախէր և մեծածախ տենչմամբ շինէ զՆորավանս ի գաւառին Սոդէից (Սոդք-Սյունիք - Ա. Մ.) ամենապայծառ զարդարուք...»8: Ահա այս տիրույթները ժառանգելով է, որ Գրիգոր Ատրներսեհյանը վերոհիշյալ արձանագրության մեջ իրավունք է վերապահում իրեն կոչելու «Սիւնեաց և Աղուանից իշխան»:

Ի դեպ, Արցախն ու Սյունիքը ոչ հայկական տարածքներ, հայերին եկվորներ, իսկ մշակույթն աղվանական հայտարարող բունիյաթովական դպրոցի ներկայացուցիչ Դ. Ախունդովին այս արձանագրությունը, ինչպես Գ. Գրիգորյանն է նկատում, առիթ է տվել Գրիգոր Ատրներսեհյանին հռչակելու պատմության մեջ գոյություն չունեցած «Ներին՝ աղվանական իշխան» հորջորջմամբ, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նրա պապ Սահլը սերում էր «ի տոհմէն Հայկայ», այսինքն՝ հայ է եղել9:

Պատմագիտության մեջ Գրիգոր Ատրներսեհյանը նույնացվում է Աղվանից Համամ Բարեպաշտ թագավորի հետ10, որի՝ 1241 թ. վերստին դրված տապանաքարին արձանագրված է «...Հա |մամ| թգաորի Աղվ| անի| ց...»11: Բ. Ուլուբաբյանը մեջբերում է արևելագետ Ա. Կրիմսկու այն կարծիքը, թե «Գրիգոր (որ նշանակում է «արթուն», «զգոն», «հոգատար») մկրտչական անունը թարգմանվել է արաբերեն «համամի» հետ, որն ունի նույն արմատը՝ լինել զգոն, հոգատար»12: Իսկապես, արաբերենում ունենք همام (համմամ) ձև, որը նշանակում է «զգոն», «անխոնջ», «անդուլ»: Կա նաև همام (հոմամ)՝ «մեծահոգի», «բարեհոգի», «բարեպաշտ», որի առաջին վանկի ’ ձայնավորն արտաբերման պահին արտասանվում է «ա», «ը»:

Բայց կա նաև կոշտ հ բաղաձայնով սկսվող همام (համամ), որը թարգմանվում է «աղավնի»: Վերջինս անմեղության, խաղաղասիրության, բարեպաշտության խորհրդանիշն է: Հենց Համամ թագավորն է 894 թ. Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսին ազատել արաբական գերությունից: Արդյոք այս պատճառո՞վ չէ նա ստացել Համամ պատվական անունը: Պատմիչը հաղորդում էր, որ «...Գրիգոր շինէ զՀաւախաղացին բերդն, և յայն կողմն ձգէ զձեռն իւր իշխանութեանն»13: Արդյոք Գրիգորն իր մականունո՞վ չի անվանել իր իսկ կառուցած ամրոցը: Չէ՞ որ «հաւ» կամ «հաւք» նշանակում է «թռչուն» ընդհանրապես14: Թռչունի հետ կապված անձնանունների՝ նրա հետնորդների մեջ հանդիպում ենք Արցախ-Խաչենի XIII դ. սկզբների արձանագրություններում: Դրանցում արդեն օգտագործվում է «Սակռ» (قاحل) արաբերեն ձևը, որը հայերեն թարգմանությամբ նշանակում է «բազե»15: Իսկ Գրիգորի տոհմն էլ այդ ժամանակաշրջանում ընդունված էր կոչել Վախտանգյան – Սակռյաններ:

Գրիգոր-Համամի նույնության հաստատումն է նաև Տաթևի 906 թ. վավերագիրը: Այստեղ Աղվանքի իշխանների շարքում առաջինը հիշատակվում է Գրիգորը16: Նախ՝ Գրիգորը պաշտոնական փաստաթղթում, անշուշտ, պետք է հանդես գար իր մկրտության անունով, և երկրորդ՝ ո՞վ կհանդգներ ամենայն հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունու ներկայությամբ իրեն արքա կոչելու: Նրանք թագավորներ էին իրենց տիրույթներում, իսկ հայոց արքայի մոտ՝ սոսկ իշխաններ: Ի դեպ, այդ վիճակին վերջ տալու նպատակով հետագայում, Աշոտ Բ Երկաթից սկսած, 922 թ., ի նշանավորումն խալիֆայության համար վտանգավոր դարձած Ատրպատականի Սաջյան Յուսուֆ ամիրայի դեմ նրա տարած հաղթանակի, հենց իրենք՝ արաբները, հայոց Բագրատունի թագավորներին ճանաչում էին որպես «շահանշահեր» (պրսկ. الإهتمامات)ª «արքայից արքա»17:

Տաթևի Մեծ տաճարի նավակատիքի առիթով հավաքված հայոց մեծամեծների 906 թ. ժողովը մեր ժողովրդի միաբանության վկայությունն է, որտեղ թագավորի շուրջ համախմբվել էին երկրի բոլոր գլխավոր իշխանները: Դա, բնականաբար, չէր կարող վրիպել արաբների ուշադրությունից: Արաբական խալիֆայությունը, ձգտելով իր ազդեցությունը պահպանել նորանկախ պետություններում, դրանք պառակտելու դիտավորությամբ թագեր էր ուղարկում նահանգական գահերեց իշխաններին: Եվ պատահական չէ, որ Տաթևի ժողովից ընդամենը երկու տարի անց՝ 908 թ., Ատրպատականի Յուսուֆ ամիրայի ձեռքով թագադրվում է Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Արծրունին: «...Նախ Արծրունիքն, և թագ կապեցին ընդդեմ Սմբատայ՝ Հայոց թագաւորի, թագ կապեաց և Ատր-Ներսէհ՝ Վրաց բդեաշխն, թագ կապեաց և Աղվանին Համամ18: Մեծարէ Ափշինն զՎասակ Սիւնի թագ կապեալ. և նա ոչ կամեցաւ ապստամբական անուն ժառանգել: Ապա ի նուազել տէրութեանն Բագրատունեաց, և ի զօրանալ ձեռինն իսմայէլականի` հատեալ, բաժանեալ եղեն ամենայն գահք գլխաւոր նախարարացն Վասպուրականին և Վրացին և Աղվանին և Ձորոյգետացիքն, որ Կիւրիկեանքն կոչին, նաև Կարուցն և Վանանդայն, որ Բասեանք կոչի»19: Եթե այստեղ մեծ հայրենասեր Ստեփաննոս Օրբելյանը դատապարտում է գահերեցների թագավոր դառնալու հանգամանքը և դրվատում Սյունյաց Վասակ իշխանի նվիրվածությունը հայոց գահին (թեև Կեչուտի 886 թ. արձանագրությունը20 հակառակն է վկայում.- Ա. Մ.), ապա Խորասանի սուլթանից Սիսականի տեր Սմբատի թագ ստանալու պարագայում փորձում է արդարացնել իր հայրենակցին՝ պատճառաբանելով Սյունիքի կտրվածությունը Անի-Այրարատից՝ գրելով հետևյալը. «և զի յայնմ ժամանակի Բագրատունիքն իշխէին միայն Շիրակայ և Այրարատու մինչ ի Գեղամ և մինչ ի յՈւխտիսն և մինչ ի Կարին և մինչ ի Վասպուրականի սահմանն և մինչ ի Ձորոյ գետն և մինչ ի Գարդման, և Սիւնիք կտրեալ էր ի նոցանէ, վասն որոյ ոչ ինչ քրէական մեղս համարեցաւ Սմբատ...»21:

Այսպիսով, նահանգներում ստեղծվում են ավատական քաղաքական կազմավորումներ, որոնք թեև մատենավիմագրական աղբյուրներում կոչվում են թագավորություններ, իսկ գահերեցները՝ թագավորներ, սակայն ենթարկվում էին Բագրատունի արքայից արքաներին: Սյունյաց թագավորության հիմնադիր Սմբատ Ա-ն (970-988) փորձ արեց վերահաստատել IX դ. սկզբներին ժամանակավորապես խաթարված Սյունիք-Արցախ դաշինքը: Վիմագրության մեջ այն արտացոլվում է Սմբատ-Շահանդուխտ ամուսնական կապով: Շահանդուխտ Ա թագուհին, որը Գրիգոր Ատրներսեհյանի որդի Սահակ Սևադայի դուստրն էր, հիմնարկել է Վաղադնի վանքի ս. Ստեփանոս եկեղեցին՝ արձանագրելով հետևյալը. «Շինեցաւ հրամանով թագաւորին Սնպատա ի ձեռն Շահանդխտո բարեպաշտ թագուհոյ...»22: Նա «վասն հոգեաց բարեպաշտ և աստուածասէր թագաւորին Սմպատայ»23 998 թ. Տաթևի վանքին է նվիրաբերել Հաբանդ գավառի Տեղ գյուղը՝ ընծայելով նաև 6000 դրամ: Այս դաշինքը, որի հիմքում ընկած էր Գանձակի ամիրայության ասպատակություններից Արցախի պաշտպանությանը սատարելու՝ Սյունիքի պատրաստակամությունը, չամրապնդվեց: Այն պատմական դառնալ չէր կարող, որովհետև հետագայում երկու հզոր իշխանությունների կենտրոնախույս նկատառումները, անշուշտ, կվտանգեին հայկական ուժեղ պետականության միասնությունը: Դա նաև պայմանավորված էր Փառիսոսում և բուն Արցախում Սահակ Սևադայի ու նրա հաջորդների դիրքերի ժամանակավոր թուլացմամբ:

Այդ ընթացքում Արցախի քաղաքական կյանքում վեր է բարձրանում Դիզակի իշխան Գագիկը: Նա, եթե «Ջոխտ պռավածառի» վանքի 997 թ. խաչքարի վրա հիշատակվում է «Աղուանից իշխանաց իշխան»24 տիտղոսով, ապա Տումի գյուղի «Կարմիր եղցի» եկեղեցու 1000 թ. արձանագրության մեջ հանդես է գալիս իբրև Աղվանից թագավոր:25 Սրանից դժվար չէ կռահել, որ Գագիկ Ա Բագրատունին (990-1020) կենտրոնախույս իշխաններին պատժելուց հետո Արցախում նախապատվությունը տվել է Գագիկ Դիզակեցուն:

Ընդհանուր թշնամի սելջուկ-թուրքերի դեմ միաբանված պայքարելու անհրաժեշտությունն Արցախ-Սյունիք դաշինքի ստեղծման հիմք է դառնում: Կենտրոնացված հայկական պետականության անկումից հետո առանձին նահանգներ կամ թագավորություններ միայնակ ի զորու չէին դիմակայելու օրեցօր հզորացող թշնամուն: Այս իրողությունն էր, որ Սյունյաց Գրիգոր Ա թագավորին (1051-1072) և Փառիսոս-Աղվանքի թագավորազն Սևադային (XI դ. կեսեր) ստիպեց համախմբելու իրենց ուժերն ընդհանուր թշնամու դեմ` դրանով իսկ հիմք դնելով Սյունիք-Արցախ դաշինքին: Այն ամրապնդվում է Գրիգորի և Շահանդուխտի ամուսնությամբ: Շահանդուխտ Բ թագուհին հայտնի է իր բարեգործությամբ: Նա Սյունյաց հոգևոր կենտրոն Վահանավանքում կառուցում է եկեղեցիներ. «...Ես Շահանդուխտ դուստր Սևադայի՝ Աղուանից արքաի և ամուսին Գրիգորոյ` որդո Աշոտկայ, ի նեղութեան ժամանակիս մերում բազում և ծանր աշխատութեամբ ես և սիրելի քոյր իմ Կատայս շինեցաք զեկեղեցիքս զ Հարութիւն և Սիոն... ի յիշատակ յաւիտենից Գրիգորոյ...»26: Շահանդուխտը մինչ այդ ավարտին է հասցնում կրկնահարկ դամբարան-եկեղեցին՝ վիմագրելով. «Ի: Շլե: (1086) թվականիս ես Շահանդուխտ դուստր Սևադաի Աղվանից թագաւորի և ամուսին Գրիգոր թագաւորի` որդո Աշոտկա, վասն ոչ գալո մեր ի միասին ժառանգ ըստ մարմնո, ես և քոյրս իմ Կատայս շինեցաք զ Աստուածածինս փոխարեն գթոց նորա...»27: Այս հիշատակագրից հայտնի է, որ Գրիգորն ու Շահանդուխտը ժառանգ չեն ունեցել, և ինչպես պատմիչն է նշում. «...ածեն յԱղվանից զՍենեքերիմ՝ եղբայրն նորին Շահանդխտոյ թագաւորազն մանուկ, յոյժ գեղեցիկ տեսլեամբ և առոյգ հասակաւ, հանճարեղ և իմաստուն...»28: Ինչպես տեսնում ենք, այս դեպքերից շուրջ 200 տարի հետո ապրած Ստեփաննոս Օրբելյանը վկայում է, թե Սենեքերիմին բերում են Աղվանքից: Մինչդեռ Շահանդուխտի եկեղեցու մուտքի մոտ կանգնեցված կոթողի վրա առկա է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հետևյալ հիշատակությունը.

«...Նեղեալ ի տաճկաց եկա և հանգեայ աստուածասէր թագուհեայ Շահանդխտին և Կատաին շինած եկեղեցոյս գաւիթս...»29:

Վահանավանքի 1966-1970 թթ. պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի արձանագրություն՝ «Յիշեայ Քրիստոս զՍևադա և զիւր կենակիցն»30 փորագրությամբ: Գ. Գրիգորյանը ենթադրում է, որ դա Սենեքերիմի հայր Սևադան է31: Այս վանքի 1970-1978 թթ. պեղումների արդյունքում գտնվում է տապանաքար՝ «Սոփի Աղուանից թագուհի, զոքանչ Գրիգոր թագաւորի՝ որդո Աշոտկա, մայր Շահանդխտո: Թվականին :ՇԼ: (1081)» արձանագրությամբ32: Արդ, եթե Աղվանից կաթողիկոսը, թագավորն ու թագուհին և շատ ուրիշ արցախցի իշխաններ «ի նեղութեան ժամանակիս», «նեղեալ ի տաճկաց» եկել էին Սյունյաց լեռնաշխարհում իրենց հարազատին ապավինելու, ապա ինչո՞ւ նրանց հետ չպետք է գար նաև «թագաւորազն մանուկ» Սենեքերիմը: Հիշենք հենց իր` պատմիչի այն վկայությունը, թե Վահանավանքում թաղված են «բազում թագաւորք և թագուհիք Աղվանից և Բաղաց, և բազում իշխանք փառաւորք Սիսական աշխարհիս»33: Դա են հիմնավորում հայտնաբերված բազմաթիվ արձանագրությունները34: Ուրեմն, Սենեքերիմին ոչ թե բերել են Աղվանքից, այլ նա վաղուց իր ծնողների ու մյուսների հետ եկել էր Կապան: Դժվար չէ ենթադրել, որ Արցախի իշխանավորները հետապնդվում էին Գանձակում հաստատվող թուրք-սելջուկներից, որոնք աստիճանաբար բռնազավթում էին Արցախը:

Սյունյաց Սենեքերիմ թագավորը (1072-1096) Տաթևի նվիրատվական արձանագրություններից մեկում իրեն ներկայացնում է հայոց թագավոր և ավելացնում, որ «կացեալ ի Սիսական ու Բաղաց աշխարհիս»:35 Ապա Տաթևի վանքին է նվիրաբերում «արեան գինք գաւառացս ի Ծղուկ նահանգի զԱրիտն աւան»-ը36: Սյունյաց մեծ իշխան Հասանը Գանձակի Ֆադլուն (Փատլուն) ամիրայից ազատագրում է «զԿովսական գաւառը»37 և վճռում նվիրատվություններ կատարել վանքին38: Սենեքերիմը հաստատում է իր զորապետի վճիռը, «որ ի Տաճկաց թափեալ էր իւր արեամբն»39: Սենեքերիմի մահից հետո Սյունյաց թագավորությունը, անկում ապրելով, հետզհետե կուլ էր գնում սելջուկներին:

Գիտենք, որ Սիսական նախավերջին թագավոր Գրիգոր Բ-ն (1096-1166)՝ Սենեքերիմի որդին, գահաժառանգ չունենալու պատճառով և, իհարկե, ինչպես ներքևում կտեսնենք, սելջուկյան տիրապետությունից հերոսաբար ազատագրվող Արցախի օգնությանն ապավինելու համար, «ետ ածել ի Խաչենոյ իշխանացն մանուկ մի` Հասան անուն ի Գեռաքարեցեացն. և ետ զդուստր իւր Կատայն նմա ի կնութիւն. և կացոյց ժառանգ թագաւորութեան իւրոյ»40:

Հայտնի է, որ Գրիգորն ու նրա եղբայր Սմբատը 1166 թ. մահանում են: 1170 թ. սելջուկները պաշարում են Բաղաբերդը: Հասանն իր ընտանիքի հետ գիշերով հեռանում է հարազատ Խաչեն, և Բաղաբերդի անկումով վերանում է Սյունյաց 200-ամյա թագավորությունը: Այնուհետև պատմական աղբյուրներն այս Հասանի մասին լռում են: Սակայն «որտեղ լռում են պատմագիրները, այնտեղ աղաղակել են սկսում վեմերը»41: Հասանի մասին տեղեկություններ են պահպանվել Արցախ-Խաչենի վիմագրերում: Առաջին հայացքից թվում է, թե դա այն Հասանն է, որը Խաչենի հոգևոր կենտրոն Գանձասարի վանքում խաչքար է կանգնեցրել՝ արձանագրելով. «Թիւն :ՈԼ: (1181), Էր ես Հասան, որդի Վախտանգա կանգնեցի զխաչս ի տապանի դստեր իմո Խաթունին և մաւր իւր թագուհո, դստեր թագավորին Բաղաց»42: Նույն վայրում մեկ այլ խաչքարի վրա կարդացվում է «Թիւն :ՈԻԳ: (1174) էր, Վախտանգ Խաչինո յերիտասարդ հասակի փոխեցաւ ի: Ես Նրջիս՝ դուստր Հասանա, թոռն Աբասա թագաւորին, և կանգնեցի զխաչս...»43: 1216 թ. Վախտանգի մյուս որդին խաչքար է կանգնեցրել՝ վիմագրելով. «...Սմբատ..., եղբէր արքէին Հասանայ...»44: Վկայակոչված արձանագրություններից հետեվում է, որ Հասան Խաչենեցին պետք է Սյունյաց վերջին թագավորը լինի, քանի որ գործունեության ժամանակը նույնն է, կինը Բաղաց թագավորի դուստրն է, իսկ ինքն էլ հիշատակվում է որպես արքա:

Սակայն դա այդպես չէ, քանի որ այս Հասան Խաչենեցու թոռն է XIII դարի հայ իրականության խոշորագույն գործիչ, «ինքնակալ բարձր և մեծ Արցախական աշխարհի»45 Հասան Ջալալ-Դոլան, որի կին Մամքանը, ըստ որոշ արձանագրությունների, Բաղաց թագավորի դուստրն է,46 իսկ համաձայն այլոց՝ թոռը47: Գանձասարին մոտակա Հավապտուկում կա մի արձանագրություն48, որում XII դ. կեսերի Խաչենի իշխանավորներ են հիշատակվում Հասանը (որդի Վախտանգա) ու Մամքանը: Իհարկե, կարելի է արձանագրության թվականը՝ :ՈԺԲ: (1163), դարձնել :ՈՁԲ: (1233)49 և ստանալ Հասան-Ջալալ ու Մամքան, սակայն հիշատակությունում գործող մյուս անձինք՝ հոգևոր հայրեր Յոհանը, Գրիգորը և Գևորգը, հանդես են գալիս նաև վանքի XII դ. կեսերի վիմական ուրիշ աղբյուրներում ևս50: Այստեղից հետևում է, որ Հասան Վախտանգյանը Խաչենում իշխել է 1163 թվականից կամ դրանից առաջ: Նրա դուստր Նրջիսը պետք է հասուն տարիքում լիներ, որպեսզի խաչքար կանգնեցներ իր պապ Վախտանգի հիշատակին, ինչը և արել է վերջինիս մահվանից շատ ուշ՝ 1174-ին: Հասան Խաչենեցու կինը՝ Մամքան թագուհին, հնարավոր է՝ դուստրն է Բաղքի Սենեքերիմ թագավորի51: Բ. Ուլուբաբյանը դա բացառում է՝ պատճառ դարձնելով ժամանակահատվածի մեծությունն ու Սենեքերիմի և Ներքին Խաչենի իշխանների տոհմակցական-ազգակցական խանգարիչ կապը, հետո իրավացիորեն նկատում, որ այն մի քանի սերունդ հեռացել էր և, նույնիսկ կրոնական ամենախիստ օրենքով անգամ նրանց խնամիությունը չէր կարող արգելվել52: Բայց չպետք է մոռանալ, որ ոչ թե այս Վախտանգյաններն էին անմիջապես տոհմակից նրան, այլ Հաթերքի Վախտանգյան-Սակռյանները՝ Գրիգոր-Համամի անմիջական սերունդները: Ինչ վերաբերում է ժամանակահատվածի մեծությանը, ապա ինչո՞ւ Սենեքերիմի երկարակյաց որդիներ Գրիգորն ու Սմբատը կգործեին մինչև 1166 թ., իսկ նրանց քույրը՝ ոչ: Հասանը Սմբատի արձանագրության53 մեջ, հավանաբար, արքա է կոչվում սելջուկների դեմ ունեցած իր ռազմական հաջողությունների, ուժեղ ու կայուն իշխանության, ինչպես նաև մայրական կողմով Կյուրիկյան Աբաս Բագրատունու թոռը լինելու և Բաղքի թագավոր Սենեքերիմի դստեր հետ ունեցած ամուսնական կապի պատճառով:

Այս Հասան Վախտանգյան Խաչենեցու ժամանակակիցն է Վերին Խաչենի գահերեց իշխան Հասան Վախտանգյան-Սակռյանը՝ «տէր Հաթերո և Հանդաբերդո, Խաչինաբերդո և Հաւախաղացին, կացի յաւագութեան ամս :Խ: (40) շատ պատերազմաւ և յաղթեցի թշնամեաց իմոց աւգնութեամբն և եղեն ինձ :Զ:/6/ որդի, զբերդերս և զգաւառս ետու նոցա և եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս ի Գրիգորէս և եղէ կրաւնաւոր... ՈԼԱ /1182/ թուիս»54:

Ինչպես տեսնում ենք, այն ազգանվեր գործը, որի սկիզբը Հայաստանի հյուսիսում դրեցին Զաքարյանները, արևելքում՝ Արցախում, վաղուց սկսել էին Համամ թագավորի քաջարի հետնորդները: Զաքարե ու Իվանե եղբայրներին մնում էր իրենց շուրջը համախմբել լեռնային կռիվներում վաղուց արդեն թրծված արցախյան մարտական ջոկատները:

Ի դեպ, ինչպես Բ. Ուլուբաբյանն է նշում ու անհավանական համարում, Ղ. Ալիշանը, հանձին այս Հասան Հաթերցու, տեսնում է Բաղաց վերջին թագավորին՝ Ստեփաննոս Օրբելյանի հաղորդած հայտնի խոսքերում, Հասանից հետո, փակագծերում ավելացնելով (որդի Վախտանգայ Սակռեանց), ինչպես նաև «ի Գեռաքարեանցն» փոխելով, դարձնելով «ի Գետաքարեանցն»55: Միգուցե Ղ. Ալիշանը չի՞ սխալվում, այլ միայն շփոթո՞ւմ է: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ սխալվեր Ստեփաննոս Օրբելյանը՝ ավելի քան 100 տարի հետո շարադրելով Բաղաց թագավորության վախճանի պատմության անցքերը:

Հովհաննավանքի տապանաքարերից մեկի վրա հիշատակվում է.

«ՈԻԷ /1178/ թվ. Շուշիկ դուստր Գրիգորո թագաւորին Բաղաց56 հալածեալ ի մերմէ գաւառե եկի յաշխարհս Հայոց ի Վանս Յոհան, յորում զկատարումն և զթաղումն առի մարբ իմով»57: Վախտանգ Սակռի որդին՝ Դադիվանքի հոգևոր առաջնորդ տեր Գրիգորէսը «Թվին ՈԼԹ» /1190/ խաչքար է կանգնեցրել մոր՝ Շուշիկի հիշատակին58: Վախտանգի և Շուշանի (Շուշիկի) որդիների շարքում արձանագրություններում հանդիպում ենք Սմբատ59 և Գրիգորիկ60 անունների: Արդյոք պատահականությո՞ւն է սա: Հնարավո՞ր է, որ Սյունյաց պատմիչը Վախտանգ-Շուշան ընդունելի կապը շփոթած լինի Հասան-Կատայով: Բայց այս դեպքում չեն համընկնում Վախտանգ Սակռի և Բաղաբերդի անկման ժամանակները: Ուրեմն, քանի որ ընդունում ենք Ստեփանոս Օրբելյանի տեղեկության հավաստիությունը՝ հենվելով «Պատմութիւն տանն Սիսական»61 երկի մոսկովյան և թիֆլիսյան հրատարակությունների վրա, ապա, ինչպես մեծավաստակ հայագետ Գարեգին Հովսեփյանն է ենթադրել62, Հասան թագավորին, համաձայն պատմիչի հաղորդման, պետք է փնտրել Գեռաքարում՝ Խաղբակյան իշխանական տոհմի նստոց-բնակավայրում: Հասանն իրենց հոգևոր կենտրոն Հավապտուկում մի գեղաքանդակ խաչքար է կանգնեցրել՝ վիմագրելով. /«:ՈԼԳ: /1184/ Ես Հասան, որդի Խաղբակայ/63 կանգնեցի զխաչերս ի վերա տապանի... »64: Թե ո՞ւմ տապանի վրա է կանգնեցված հեծյալի պատկերաքանդակով խաչքարը, հայտնի չէ:

Այնուամենայնիվ, կարելի է կարծել, որ Խաղբակի որդի Հասանն է Սյունյաց վերջին թագավորը, հավանաբար, որի թոռն է Մամքանը՝ Հասան Ջալալ-Դոլայի կինը65: Այն արձանագրություններում, որտեղ Մամքանն իրեն հիշատակում է «դուստր Բաղաց թագավորին», ըստ երևույթին, ընդգծում է իր անմիջական կապը Սյունյաց թագավորական ընտանիքի հետ:

Հասանի եղբայրն է Զաքարյանների բանակի նշանավոր զորապետ Վասակ Խաղբակյանը՝ սելջուկ-թուրքերից Վայոց ձորի և Սյունյաց մի շարք այլ տարածքների անմիջական ազատագրողը, կողմնապետը «Ի Գառնոյ մինչև Բարգուշատ»66: Արդյոք նա իր երեք որդիներով՝ «արք քաջք և անուանիք, որ յահէ նոցա դողայր ամենայն զօրն տաճկաց»67, չէ՞ր եկել Սյունիք՝ վրեժխնդիր լինելու և տեր կանգնելու իր եղբոր՝ Բաղաց վերջին թագավորի կորսված տիրույթներին:

Այսպիսով, միջնադարյան Հայաստանի Սյունիք-Արցախ նահանգների փոխառնչությունների զարգացմանը սույն վիմագրագիտական անդրադարձը երևան է հանում այդ երկու հարևանների միջև պատմականորեն ստեղծված մի դաշինք, որը ձևավորվել էր XI դ. կեսերին՝ հայոց պետականության անկումից անմիջապես հետո, և պայմանավորված էր ընդհանուր թշնամու՝ սելջուկ-թուրքերի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությամբ: Այդ դաշինքը, որը լեռնաշխարհին շնորհեց ապրելու իրավունք, հետագա դարերում է՛լ ավելի ամրապնդվեց և ցայտուն արտահայտվեց հատկապես Սյունիք-Արցախում XVIII դ. հայ ազգային-ազատագրական շարժումների ժամանակ:

 

Ծանոթագրություններ

1. Ուլուբաբյան Բ. Ա., Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Ե., 1975, էջ 11:

2. Այդ անհամաձայնությունների պատճառը մի շարք վիճելի գավառների՝ Ծար-Վայկունիքի, Աղահեջ(ճք)ի, Բերձորի, նաև Սոդքի պատկանելության շուրջ Սյունյաց և Աղվանից աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև վեճն է, որն առաջացել էր դեռևս Vդ., երբ բուն Աղվանքի թագավորությունն իրեն էր ենթարկել Արցախ նահանգը: Այդ խնդրի անարդյունք կարգավորմամբ փորձել են զբաղվել հայոց շատ կաթողիկոսներ: Ի վերջո, 1006 թ. Սարգիս հայրապետի կոնդակով ճշտվում են Սյունիք - Արցախ նահանգների սահմանները (տե՛ս Բարխուդարյանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 1-2, «Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Թիֆլիս, 1910, էջ 308-311):

3. Հայտնի է, որ Սոդքը Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից հինգերորդն էր (Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Ե., 1963, էջ 117):

4. Դիվան հայ վիմագրության (այսուհետև՝ Դիվան), պրակ IV, կազմեց Բարխուդարյան Ս. Գ., Ե., 1973, էջ 334:

5. Մի շարք ուսումնասիրողներ Սահլին համարում են «Եռանշահիկ», իսկ «Սիւնեաց» ասելով` հասկանում են «Փոքր Սիւնեաց» (Արցախ-Խաչեն): Տե՛ս Ուլուբաբյան Բ., նշվ. աշխ., էջ 67, 71:

6. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983, էջ 340: Գեղարքունիքի Սյունիներին խնամիացած Բագրատունի թագավորները IX դ. վերջերին Սոդք գավառը վերադարձնում են նախկին տերերին, բայց Աշոտ Բ Երկաթը (914-928) այն միացնում է արքունական տիրույթներին:

7. Մովսես Կաղանկատվացի, էջ 330:

8. Նույն տեղում, էջ 340:

9. Ахундов Д. А., Архитектура древнего и раннесредневекового Азербайджана, Баку, 1986, с. 248-249. Григорян Г. М., Историческое значение армянских лапидарных надписей Арцаха и Сюника (Լրաբեր հասարակական գիտությունների (այսուհետև՝ ԼՀԳ), 1990, № 1, էջ 4, նույնի` Очерки истории Сюника IX-XV вв., Е., 1990, с. 28 (տողատակ):

10. Ուլուբաբյան Բ. Ա., նշվ. աշխ., էջ 76:

11. Դիվան, պրակ V, կազմեց Բարխուդարյան Ս. Գ., Ե., 1982, էջ 151:

12. Ուլուբաբյան Բ. Ա., նշվ. աշխ., էջ 76:

13. Մովսես Կաղանկատվացի, էջ 340-341:

14. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. երրորդ, Ե., 1974, էջ 308 և 314:

15. Թռչունին առնչվող նաև հատուկ անունների և տեղանունների ենք հանդիպում Արցախում`Հավապտուկ, Կաչաղակաբերդ, Աղավնո գետ: Ի դեպ, Լաչինը թուրքերեն նույնպես բազե է նշանակում:

16. Ստեփաննոս Օրբելյան, էջ 234:

17. Յովհաննէս Դրասխանակերտցի, Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1912, էջ 315:

18. Համամը թագադրվել է ավելի վաղ՝ Աշոտ Ա Բագրատունու (885-890) օրոք (Մովսես Կաղանկատվացի, էջ 335): Ստեփաննոս Օրբելյանը նույնպես նշում է գերությունից Համամի միջնորդությամբ Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի (877-897) ազատվելու մասին (Ստեփաննոս Օրբելյան, էջ 281):

19. Ստեփաննոս Օրբելյան, էջ 299:

20. Դիվան,պրակ III, կազմեց Բարխուդարյան Ս. Գ., Ե., 1967, էջ 21:

21. Ստեփաննոս Օրբելյան, էջ 300:

22. Դիվան, պրակ II, կազմեց Բարխուդարյան Ս. Գ., Ե., 1960, էջ 100:

23. Ստեփաննոս Օրբելյան, էջ 291:

24. Դիվան, պրակ V, էջ 169:

25. Նույն տեղում, էջ 173:

26. Գրիգորյան Գ., Վիմագրություններ Վահանավանքի 1970-1978 թթ. պեղումներից (Պատմաբանասիրական հանդես (այսուհետև՝ ՊԲՀ), 1980, № 2, էջ 156:

27. Դիվան, պրակ II, էջ 138:

28. Ստեփաննոս Օրբելյան, էջ 318:

29. Դիվան, պրակ II, էջ 139:

30. Գրիգորյան Գ., Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները (ԼՀԳ, 1970, №

10, էջ 92):

31. Նույն տեղում:

32. Գրիգորյան Գ., Վիմագրություններ Վահանավանքի 1970-1978 թթ. պեղումներից (ՊԲՀ, 1980, № 2, էջ 162):

33. Ստեփաննոս Օրբելյան, էջ 240:

34. Դիվանի պրակ II-ում ամփոփված և Գ. Գրիգորյանի հայտնաբերած արձանագրությունները, զետեղված վերը՝ տողատակում նշված նրա երկու հոդվածներում:

35. Ստեփաննոս Օրբելյան, էջ 322:

36. Նույն տեղում, էջ 325:

37. Հարևան հանրապետության Զանգելանի շրջանը մինչև 1993 թ. կեսերը:

38. Ստեփաննոս Օրբելյան, էջ 326:

39. Նույն տեղում, էջ 327:

40. Նույն տեղում, էջ 337:

41. Ավդալբեկյան Թ., Մի գաղտնիք հայ վիմագրության մեջ, Ե., 1927, էջ 34:

42. Դիվան, պրակ V, էջ 67:

43. Նույն տեղում, էջ 69:

44. Նույն տեղում, էջ 84: Ըստ Բ. Ուլուբաբյանի (նշվ. աշխ., էջ 174)՝ Հասան Ջալալ-Դոլան է, սակայն, չենք կարծում, որ նա այդքան երիտասարդ հասակում արքա կոչվեր:

45. Դիվան, պրակ V, էջ 38:

46. Կոստանյան Կ., Վիմական տարեգիր (այսուհետև՝ Վիմական տարեգիր), Ս. Պետերբուրգ, 1913, էջ 92, 93, 96:

47. Դիվան, պրակ V, էջ 41, 80:

48. Նույն տեղում, էջ 33:

49. Վիմական տարեգիր, էջ 76-77:

50. Դիվան, պրակ V, էջ 33, 34:

51. Ստեփաննոս Օրբելյանը հայտնում է, որ Սենեքերիմն ուներ երեք որդի ու մի դուստր՝ առանց նշելու վերջինիս անունը (Ստեփաննոս Օրբելյան, էջ 319):

52. Ուլուբաբյան Բ., նշվ. աշխ., էջ 137-139:

53. Դիվան, պրակ V, էջ 84:

54. Նույն տեղում, էջ 198:

55. Ուլուբաբյան Բ., նշվ. աշխ., էջ 26, Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 16: Հայտնի է, որ Հասան Հաթերքցու կինը Մաման է` Կյուրիկե Բ Բագրատունու (1145-1185) դուստրը:

56. Գ. Գրիգորյանը, Կատայից բացի, այս Շուշիկին համարում է Գրիգոր Բ -ի դուստրը, որի մասին չի հիշատակել Ստեփաննոս Օրբելյանը (Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք, Ե., 1981, էջ 40):

57. Ղաֆադարյան Կ., Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե., 1948, էջ 77:

58. Դիվան, պրակ V, էջ 213:

59. Նույն տեղում, էջ 202:

60. Նույն տեղում, էջ 213:

61. Ստեփաննոս Օրբելյան, Մ., 1861:

62. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս Ա, Վաղարշապատ, 1928, էջ 32:

63. Նույն տեղում:

64. Դիվան, պրակ V, էջ 34:

65. Մամքանի ծագումն անհայտ է (Ուլուբաբյան Բ., նշվ. աշխ., էջ 209-211):

66. Դիվան, պրակ III, էջ 123:

67. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, Ե., 1961, էջ 205:

Մանուչարյան Ա. Գ.

«Լրաբեր հասարակական գիտությունների»,

2005, №1, էջ 198-207

 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29