Սյունիք՝ իրականություն, ցավ, կարոտ և սպասում․ մենք 21 տարեկան ենք

01.10.2024 10:15
883

2003 թ հոկտեմբերի 1-ին լույս տեսավ «Սյունյաց երկրի» անդրանիկ համարը, որը շարունակությունն է  մինչ այդ հրատարակված «Սյունիք» և «Սյունյաց աշխարհ» մարզային պարբերականների։

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի լրատվամիջոցի վիճակված չէր անցնելու այնպիսի փորձությունների միջով, ինչպես «Սյունյաց երկրին»։

Ոչ միայն դիմացանք ու տեր կանգնեցինք մեր արժանապատվությանը, մեր հավատամքին, այլև եղանք Սյունյաց աշխարհի նորագույն շրջանի բարեխիղճ տարեգիրը։

Միևնույն ժամանակ՝ Սյունիքի հազարամյակների պատմությունը հուշում էր՝ մեր երկրամասի լինելիությունը պայմանավորված է ոչ միայն անվտանգային համակարգով, այլ մեր ինքնությունն անաղարտ պահելով,  մեր ազգային, հոգևոր–մշակութային արժեքներին տեր կանգնելով։

Եվ այդ ուղղությամբ բազում գործեր կատարեցինք...

Միայն ընթացիկ տարում կատարվածն ու կատարելիքը հիշենք՝ հերթական համարներին զուգահեռ («Սյունյաց երկիր մշակութային» հանդեսի հետ մեկտեղ) հատուկ թողարկումներ՝ նվիրված մեր մեծ քնարերգու Համո Սահյանին՝ 110-ամյակի կապակցությամբ, հայոց արձակի անհասանելի գագաթ Ակսել Բակունցին՝ 125-ամյակի առիթով, Սյունիքի կամ Բաղաց կամ Կապանի թագավորությանը, Սյունիքի հնագույն կրթօջախի՝ Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին, Սյունիքի թանգարաններին, Սյունիքի քանդակագործներին, Սյունիքի մանրանկարչությանը, Սյունիքի մարզաշխարհին...

Այո, այդքանը միայն ընթացիկ տարում։

Այդքանը մեր փոքրաթիվ կոլեկտիվի նվիրյալ անդամների իմացության շնորհիվ ու ջանքով...

Տարիների ընթացքում, սակայն, դժբախտություն ունեցանք ականատեսը և մասնակիցը լինելու 2020 թ Հայրենական պատերազմի, որի ընթացքում նահատակվեցին 230 սյունեցի քաջեր։

2020 թ դեկտեմբերի 18–ին երկրամասի արևելյան առաջապահ դիրքերն ու  Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն մայրուղիները հանձնվեցին թշնամուն՝ այդկերպ խոցելի դարձնելով դարերով աննվաճ մեր երկրամասը։

2021-ի առաջին օրերին՝ երբևէ Ադրբեջանի մաս չկազմած Շուռնուխը երկատվեց։

2021 թ մայիսին Սյունյաց աշխարհի մարգարիտ Իշխանա լիճը հանձնվեց թուրքին։

Նույն ժամանակ Գորիսի հյուսիսային բարձունքները բռնազավթվեցին։

Հետո բռնազավթվեցին Իշխանա մեծ սարը՝ արևմտահայաց լանջերով, ապա Ներքին Հանդն ու մերձակա անտառները՝ հարյուրավոր հեկտարներով, ապա Տեղ գյուղի արևելյան հանդերը։

Դժբախտություն ունեցանք տեսնելու հայոց աշխարհի ամենահայկական երկրամասի՝ Արցախի կործանումն ու պապենական իրենց օջախներից արցախցիների բռնի վտարումը։

Իսկ Արցախը Փոքր Սյունիքն էր՝ մեր երկրամասի արևելյան հատվածը, ինչի համար էլ ողբում ենք՝ Սյունիքն այրիացավ…

Մի խոսքով՝ մեր աչքի առջև դարեր փլվեցին ու շարունակում են փլվել, մեր լուռ հայացքի ներքո դարերով կառուցված բարեկամության կամուրջներ քանդվեցին ու շարունակում են քանդվել, մեր աչքի առջև մեր ազգային ու հոգևոր արժեքներից շատերը պղծվեցին ու շարունակում են պղծվել։ Մեր աչքի առջև հայոց պետականությունն ու ինքնիշխանությունն են փորձությունների մեջ ներքաշվել։

Ցավոք, այդ ամենի վերջը չի երևում, այդ վերքերին բալասան չենք կարողանում դնել։ Դեռ ավելին, Սյունիքի շուրջ կասկածելի քննարկումները շարունակում են զբաղեցնել աշխարհի քաղաքական և ուժային կենտրոններին։

Այդ ամենի համապատկերի վրա կամ այդ ամենին զուգահեռ՝ Սյունիքում, սակայն, տոնակատարություններ-ներկայացումներ էինք խաղում՝ չգիտեմ ինչո՞ւ ցուցանելով, թե սյունեցին անհաղորդ է հայոց նորօրյա ողբերգությանը։ Անգամ Արցախի դաժան շրջափակման օրերին, երբ մեր հայրենակիցները սովամահ էին լինում այնտեղ, այստեղ խոհանոցային փառատոներ էինք կազմակերպում։

Տեղի ունեցած այդ ներկայացումները, մինչդեռ, որևէ կապ չունեին և չունեն իրական Սյունիքի հետ...

Իրական Սյունիքն ատամները կրճտացնում էր, թախծում, լցվում վրեժխնդրությամբ...

Բայց և սյունեցին չէր սոսկում, տոկում էր, նաև ստեղծագործում ու արարում մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ հավատացած լինելով՝ հայոց Սյունիքի երթն անվախճան է։ Այդպես է նաև այսօր, երբ ներսից ու դրսից ամեն օր հնարավոր պատերազմի սպառնալիքներով են մեզ վախեցնում։

Այս պայմաններում, որը և բնական է,  սյունեցին կարոտում է իր հայրենական տարածքները, որոնք բռնազավթված են, որոնց վերադարձի մեր երազանքն ի կատար ածելու փոխարեն (զարմանալիորեն) ապավինում ենք ցեղասպան երկրի բարեգթությանը, որն առնվազն ցնորք է։

Ներքին հանդեցին կարոտում է գյուղի տաճարը, նախնյաց գերեզմանները։

Գորիսեցին կարոտում է Սև լիճն ու Իշխանասարը։

Սյունեցին կարոտում է Գորիս–Կապան մայրուղին, որին  (ոչ մի չափանիշով) չի կարող փոխարինել որևէ նորաշեն ճանապարհ։

Իրական Սյունիքի և իրական սյունեցիների հետ այդ մտածումներով ու զգացումներով է ապրում նաև «Սյունյաց երկիրը»։ Եվ ոչ միայն, մեր պարբերականը եղել ու մնում է այդ ցավերի, հույզերի, կարոտների, սպասումների արտահայտիչը...

 «Սյունյաց երկիրն» իր էլեկտրոնային հարթակներով՝ syuniacyerkir.am  կայքով ու կայքի Syuniacyerkir Newspaper ֆեյսբուքյան էջով դարձել է երկրամասի ամենամեծ լսարանը։ Օրվա բոլոր ժամերին գործող այդ հարթակները հետևողականորեն լուսաբանում են Սյունիքին առնչվող կարևոր իրադարձությունները։

Ծննդյան օրվա խորհուրդը թույլ է տալիս ասել՝ մեր կենսունակության աղբյուրը նախևառաջ մեր հայրենակիցներն են՝ սյունեցիները, ովքեր «Սյունյաց երկիրը» իրենց խոսափողն են համարում, իրենց գործընկերն ու բարեկամը։

Մեր կենսունակության աղբյուրն են մեր լեռնաշխարհի բոլոր այն գործիչները, ովքեր ջատագով  են ազատ խոսքի և բազմակարծության, ովքեր բարձր են գնահատում Սյունիքի հոգևոր–մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը՝ այդ ամենը համարելով կարևոր ճակատ՝ թշնամու կողմից մեր պատմությունն ու արժեքներն աղավաղելուն միտված աննախադեպ արշավում։

Գնահատում ենք մեր քննադատներին՝ մեր ամենօրյա գործունեությանը մանրախնդրորեն հետևելու համար։

Հանրային այդ մեծ հետաքրքրությունը, հավատն ու գնահատությունն են նաև մեզ ստիպում՝ այսուհետ նույնպես հավատարիմ մնալ 21 տարվա ընթացքում ձևավորված դիմագծին ու վարքին։

Ամենակարևորը՝ ընթերցողի հետ, մեր բոլոր գործընկերների հետ կլինենք անկեղծ, ինչպես եղել ենք տարիներ շարունակ։ Ու երբեք չենք օրորվի իրականության հետ առերեսվելիս։

Եվ, իհարկե, համոզված ենք՝ ամենամղձավանջային գիշերներին անգամ հաջորդում են լուսաբացն ու արևագալը։

Ծնունդդ շնորհավոր, «ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ»։

Սամվել Ալեքսանյան

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00