Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները դրվում են արհեստավարժ հիմքերի վրա

03.07.2026 14:06
1499

Կյանքի դժվարին իրավիճակների, ընտանեկան խնդիրների պատճառով կամ արտակարգ իրավիճակների հետևանքով դրսում մնացած մարդիկ անշուշտ ունենում են ժամանակավոր կացարանի անհրաժեշտություն։ Կապանում հենց այդ նպատակով էլ կառուցվում է և շուտով շահագործման կհանձնվի անօթևանների համար նախատեսված կացարանը։ 

Այդ նպատակով Կապանի համայնքապետարանը ստացել է ԵՄ ծրագրով նախատեսված 29 միլիոն դրամի չափով դրամաշնորհ, որը համայնքապետարանին փոխանցել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն և ևս 21 միլիոն 640 հազար դրամ հատկացրել է Կապանի բարեգործական հիմնադրամը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը նշեց, որ հնարավորություն կար Կապանում դրամաշնորհների միջոցով ընդլայնել սոցիալական ծառայությունները։

«Վերջին տարիներին մեր աշխատանքային փորձը ցույց տվեց, որ լինում էին դեպքեր, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով հայտնվում էին դրսում, իսկ ամբողջ մարզում չկար մի կենտրոն, որտեղ հնարավոր լիներ այդ մարդկանց ապահովել ժամանակավոր կացարանով, հետևաբար որոշեցինք Կապանում հիմնել այդպիսի հաստատություն։ Քանի որ մեզ համար վաղուց նպատակ էր դարձել նման կենտրոն ունենալը, ուստի մենք պատրաստ էինք այդ ծրագրի իրականացման համար կատարել համապատասխան ներդրումներ։ Այս դեպքում մեզ օգնեց Կապանի բարեգործական հիմնադրամը, որովհետև սա շատ կարևոր ծրագիր է ու անհրաժեշտ մեր համայնքի համար»,- ասաց Թադևոսյանը։

Նա «Արմենպրես»-ի ստեղծագործական խմբին ուղեկցեց կառուցվող կացարան՝ ծանոթացնելով ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին և ապագա կառույցի կարողություններին։ 

Ժամանակավոր կացարանը գործելու է Կապան համայնքի սոցիալական աջակցությամբ՝ «Կենտրոն» ՀՈԱԿ-ի կազմում, որն իր հերթին ունի սոցիալական ծառայություններ մատուցող մասնագետներ։ Անօթևանների համար նախատեսված ժամանակավոր կացարանը բաղկացած է լինելու վեց սենյակներից, խոհանոցից, և լվացքատնից։ Կենտրոնն, անշուշտ, կունենա պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում մարդկանց կենցաղվարությունն ապահովելու հնարավորություն, իսկ մասնագետները տեղում այդ մարդկանց կցուցաբերեն անհրաժեշտ հոգեբանական և սոցիալական աջակցություն։

Հարկ է նշել, որ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ»  ծրագրի շրջանակում ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն ժամանակավոր կացարանի կարիք ունեցող անձինք, այլև հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող տարեց մարդիկ, ովքեր պետք է լինեն մշտական խնամքի ներքո։

«Արմենպրես»-ն այցելեց Արծվանիկում ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված  համայնքային փոքր տուն։ Մեզ հետ զրույցում «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչ և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված փոքր տան տնօրեն Լյուդմիլա Պողոսյանը նշեց, որ փոքր տունը  գործում է 2023 թվականի դեկտեմբերի 25-ից։ Այժմ այնտեղ բնակվում են 11 շահառուներ, որոնց աջակցում են թվով  ինը աշխատակիցներ՝ սոց սպասարկողներ, սոցիալական աշխատողներ և խմբավար։ ԵՄ դրամաշնորհի ավարտից հետո՝ կազմակերպությունը իր ծառայությունը շարունակում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրամաշնորհի միջոցներով։

«Մեր նպատակն է մարդկանց համար այստեղ ստեղծել ընտանեկանին մոտ պայմաններ, բարելավել նրանց կարողությունները և սովորեցնել ինքնուրույն ու անկախ կյանքով ապրել։ Մեր շահառուները զբաղվում են այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, մասնակցում են տարաբնույթ խմբակների աշխատանքներին։

Այգու բերքն արդյունավետ օգտագործվում է․ դրանից պատրաստվում են չրեր, մի մասը պահեստավորվում է սառցախցիկներում՝ ձմռան ամիսների համար, իսկ առօրյա սննդակարգում նախապատվությունը տրվում է էկոլոգիապես մաքուր սննդամթերքին։

Շատ լավ կլինի, եթե նման համայնքային փոքր տների թիվն ավելանա, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ապրել իրենց համայնքներում՝ պահպանելով իրենց սոցիալական կապերն ու ծանոթ միջավայրը։ Նման ծառայությունների կարիքն իսկապես մեծ է։

Ներառականություն ունեցող անձանց պետք է նախապատրաստել լիարժեք, արժանապատիվ ու ազատ կյանքի, հետևաբար ձգտում ենք բարձրացնել նրանց կյանքի որակը, որպեսզի կարողանան ինքնուրույն ապրել»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ համայնքային փոքր տան շահառուներն ունեն հաղորդակցության, ջերմության կարիք, նրանք հայտնվել են դժվար իրավիճակում, բայց այստեղ նրանց վերաբերվում են հարազատի պես, տարեցներն իրենց իսկապես լավ են զգում։

«Յուրաքանչյուր ոք պետք է ապրի արժանապատիվ՝ լինի ծեր, թե երիտասարդ։ Հատկապես ներառական խմբերի հանդեպ հասարակությունը պետք է լինի առավել ուշադիր։ Մեզ մոտ շատ այցելուներ են լինում՝ դպրոցականներ, ուսանողներ, կոլեկտիվներ։ Մեր բոլոր միջոցառումներն անցնում են շատ գեղեցիկ ձևով։ Մարդկանց այցերից մեր շահառուներն իրենց լավ են զգում, բնական շփումը նրանց երջանկացնում է»,- ասաց Պողոսյանը։  

Ուրախալի է արձանագրել, որ Սյունիքի մարզում արդեն արհեստավարժ հիմքերի վրա են դրվել սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները, որոնք միտված են անօթևանների և հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի պայմանները բարելավելուն։    

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ` Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում:

«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համատեղ ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ պետությունները՝ Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։

Armenpress

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05