Սյունիքում` նոր ստատուս քվո

29.07.2013 13:06
2752

 

Մարզում ներ է դրվում տարածքային կառավարման օլիգարխիկ (օլիգարխիական) համակարգ, եւ մեծ է հավանականությունը, որ մարզպետարանը կդառնա այդ համակարգի հերթական ու շարքային ենթակառույցներից մեկը

 

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հուլիսի 4-ի նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել Վահե Հակոբյանին: Հուլիսի 10-ին կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀԿ գործադիր մարմնի որոշումը, նրան նշանակեց Սյունիքի մարզպետ: Հուլիսի 11-ին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նորանշանակին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմին: Նոր մարզպետի պաշտոնակալությունը տեղի ունեցավ առանց ավելորդ արարողությունների: Վահե Հակոբյանը հրաժարվել էր մարզի սահմանագլխին եւ Կապանի մատույցներում իրեն դիմավորելու միջոցառումից, ինչն այդպիսի դեպքերում պարտադիր էր եւ օգտագործվել էր նախորդ մարզպետների պաշտոնակալության ժամանակ (բացի Ռոման Նավասարդյանի պաշտոնակալությունից, ով ընդհանրապես կողմնակից չէր փքաշուք արարողությունների): Կառավարությունն էլ, կարծեք, չէր կարեւորել նորանշանակի պաշտոնակալումը, ինչի համար էլ Սյունիք էր գործուղել երկրորդական նշանակության մի չինովնիկ: Ժամանակին Սուրեն Աբրահամյանին ներկայացնելու էր եկել գյուղնախարար Աշոտ Ոսկանյանը, Ռոման Նավասարդյանին` տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը, Էդիկ Բարսեղյանին` տարածքային կառավարման նախարար Լեոնիդ Հակոբյանը, Սուրեն Խաչատրյանին` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

 

Մոտ մեկ ամիս տեւեց նոր մարզպետի փնտրտուքը: Թվում էր, թե բարձր իշխանությունն իրոք որոնումների մեջ է, ծանրութեթեւ է անում եղած թեկնածուներին: Ըստ էության, սակայն, այդ ձգձգումն ինքնանպատակ չէր եւ ոչ էլ փնտրտուք է եղել առհասարակ: Այդ մեկ ամսում շրջանառության մեջ դրվեց մարզպետի հնարավոր թեկնածուների (հավակնորդների) մոտ քսան անուն: Շրջանառվող անունների մի մասն ուղղակի վկայում էր, որ պրոցեսը զավեշտի է վեր ածվում, մանավանդ որ հավակնորդներից մի քանիսն իրենց ծաղրածուի պես պահեցին: Այդ ամենը, մինչդեռ, խնամքով մշակված սցենարի տպավորություն էր թողնում, մանավանդ որ մայրաքաղաքային առաջատար լրատվամիջոցներն այդ թեմայի շուրջ բուռն քննարկումներ էին ծավալում` շրջանցելով գլխավոր հավակնորդի անունը: Պարզագույն այդ տեխնոլոգիան առավել պարզագույն մի հարց պիտի լուծեր` բոլոր այդ անունների համապատկերի վրա հետո պիտի բացականչեինք` եթե սրանք են թեկնածուները, ապա ամենահարմարը Վահե Հակոբյանն է: Եվ բացականչեցինք: Նույնիսկ երեկվա հավակնորդները` զավզակացած (ու այդ նպատակով խաղի մեջ ներդրված), պոռացին` այս պահի համար ամենահարմար թեկնածուն Վահե Հակոբյանն է…

 

 Նոր մարզպետի նշանակումից անմիջապես հետո հանրության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ ասպարեզ նետեցին հարցադրումների մի ամբողջ շարք: Հարցադրումներից մեկն այսպիսի բովանդակություն ուներ` որքանո՞վ էր ճիշտ Վահեի նշանակումը, արդյո՞ք նա այն արժանավորն է, ով պիտի զբաղեցներ մարզպետի աթոռը: Իրականում, սակայն, այդ հարցադրումը սխալ է եւ ոչ տրամաբանական: Հայաստանում, հատկապես կադրերի ընտրության եւ տեղաբաշխման գործում, ինչ-որ հաստատուն սկզբունքներ, չափանիշներ, դասական կանոններ ու մոտեցումներ չկան: Այդ մասշտաբի կադրերը նշանակվում են անձամբ նախագահի կողմից, որի թեկնածության օգտին էլ, որպես կանոն, միաձայն (առանց մտածելու եւ աչք թարթելու) քվեարկում են իշխող կուսակցության ղեկավար մարմնի անդամները: Այլ հարց է, թե ինչ սկզբունքով է նախագահն առաջնորդվել Սյունիքի հերթական մարզպետ նշանակելիս (դրան կանդրադառնանք քիչ հետո): Այնպես որ Վահե Հակոբյանի արժանավորության հարցի քննարկումը (կասկածի տակ դնելը) տեղին չէ, քանի դեռ անուն առ անուն չենք քննարկել մյուս մարզպետների, նախարարների, փոխնախարարների, քաղաքապետերի, գյուղապետերի, պետական կառույցների ու գերատեսչությունների ղեկավարների արժանավորության հարցը: Եվ ուրեմն` այսօր եւ ընդմիշտ հրաժարվենք Վահե Հակոբյանի արժանավորության (համապատասխանության) հարցը քննարկելուց, մանավանդ որ ծիծաղելի ու ողորմելի են դառնում բոլոր նրանք, ովքեր ուզում են (փորձում են) այդ հարցին պատասխանելու պատրանք ստեղծել: Ընդ որում Վահե Հակոբյանին գնահատելու (արժեւորելու) գլուխկոնծիների շքերթն ունենում է նույն դրսեւորումները, ինչ տեսել ենք նախորդ բոլոր մարզպետերի նշանակման ժամանակ (նույն գնահատականները կհնչեին, անշուշտ, եթե մարզպետ նշանակվեր միանգամայն այլ անձնավորություն): Խնդիրն այն է, որ հայր եւ որդի Հակոբյանները կարող են հանկարծ լուրջ ընդունել այդ փառաբանություններն ու նոր գլխապտույտի մեջ ընկնել (եթե արդեն չեն ընկել):

 

 Նույն տրամաբանությամբ անհարկի է նաեւ հարցադրումը, թե կկարողանա Վահե Հակոբյանը կատարել մարզպետի պարտականություններն ու պատշաճ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերել, մանավանդ որ նրան նախորդել է գործարար հատկանիշներով իրոք անգերազանցելի Սուրեն Խաչատրյանը: Ներկա մթնոլորտում այդ հարցադրումն էլ, իսկապես, անեհեթեթ է: Հայաստանում կա՛մ քեզ հանդուրժում են տվյալ պաշտոնում, կա՛մ չեն հանդուրժում: Այնպես որ Վահեն աշխատելու է եւ աշխատելու է այնպես, ինչպես աշխատում են հանրապետության վարչապետը, նախարարները, փոխնախարարները, մարզպետերը, քաղաքապետերը, գյուղապետերը: Հայաստանում կարելի է եւ չաշխատելով լավ աշխատողի համբավ ձեռք բերել: Այլ հարց է, թե մարզում ինչ է անելու նորանշանակ մարզպետը: Ասենք անմիջապես. հիմնարար գործեր, բնականաբար, չեն կատարվի, համակարգը թույլ չի տա, եթե նույնիսկ նա փորձի նման գործեր ձեռնարկել: Մարզպետն իր պաշտոնական պարտականությունները (ձեւակերպված ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրով) չի կարող լիարժեք կատարել, թեկուզ եւ այն պատճառով, որ մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող ամենակարեւոր ոլորտները` հանրակրթությունն ու առողջապահությունը, համընդհանուր ճգնաժամի մեջ են ու բարձիթողի վիճակում:

 

Մարզային խնդիրների շուրջ էլ մարզի բնակչության հասարակական, քաղաքական ուժերի կոնսոլիդացիա (բնականաբար) չի լինի: Նման կոնսոլիդացիայի համար հայր եւ որդի Հակոբյաններին հարկ կլինի ապացուցել անապացուցելին՝ մարզպետի աթոռն իրենք վերցրել են ոչ թե սեփական ունեցվածքը պահպանելու, ոչ թե ունեցած միջոցներով փառքի պատվանդան բարձրանալու, այլ Սյունիքի առջեւ ծառացած հիմնախնդիրներից գոնե մեկը լուծելու համար:

 

Միաժամանակ կառավարության պահուստային ֆոնդից ժամանակ առ ժամանակ կատարվող հատկացումներով, ինչպես եւ Քաջարանի կոմբինատի ներդրումներով ընթացիկ մանր-մունր հարցեր կլուծվեն… Եվ գրեթե ամեն օր կլսենք երախտագիտության խոսքեր հոր եւ որդու բարեգործությունների ու իմաստուն քաղաքականության մասին:

 

 Մեկ ուրիշ հարց, մինչդեռ, չի կարելի անտեսել. ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել նախագահը Սյունիքի օրվա մարզպետ նշանակելիս: Ըստ էության նույն սկզբունքով, ինչ սկզբունքով 2004-ին, 2007-ին եւ 2012-ին Վահե Հակոբյանը նշանակվեց ԱԺ պատգամավոր. Վահեն Քաջարանի կոմբինատի տնօրենի որդին է, դրանով ամեն ինչ ասված է: Եվ նախագահը, նոր մարզպետ նշանակելով, հերթական ինդուլգենցիան է տվել հանրապետության ամենաշահութաբեր ընկերության սեփականատերերից մեկին, ով նաեւ ընկերության տնօրենն է: Չի բացառվում նույնիսկ, որ այս պահին ոչ թե հայր եւ որդի Հակոբյաններն են ցանկացել վերցնել մարզպետի աթոռը, այլ նախագահն է կամեցել այդ աթոռը տալ նրանց` ոչ պետական սեփականություն հանդիսացող պղնձամոլիբդենային հսկային ավելի մոտ կանգնելու, սեփականատերերի հետ նոր թելերով կապվելու համար:

 

Սույն նշանակումն ունի մեկ այլ շարժառիթ եւս` Սյունիքը հանքահումքային բազա դարձնելու պետական քաղաքականությունը նոր եւ ակտիվ փուլ է թեւակոխում: Եվ Սյունիքի մետաղական ռեսուրսներն արդյունահանելու գործում Սյունիքի մարզպետարանը պետք է լինի հավելյալ (օժանդակ) գործիք այն քչերի ձեռքում, ովքեր արդեն իսկ տիրապետում են մարզի ընդերքի այդ հատվածին: Եվ Սյունիքի մարզպետը պետք է լիներ մի անձնավորություն, ով, նախեւառաջ, այդ քաղաքականության զավակն է եւ Սյունիքն ասպատակելու հաշվին (ի թիվս մի քանի հոգու) անձնական շահույթ է ստանում ու շահագրգռված է այդ քաղաքականության շարունակականության մեջ:

 

Այդ ամենի արդյունքում (դրանով) մարզում հռչակվեց կառավարման նոր մոդելի (հանրապետությունում նախօրինակը չունեցող)` օլիգարխիկ (օլիգարխիական) կառավարման ներդրման սկիզբը: Կառավարման այդ ձեւի առանձնահատկությունները պարզաբանելու մտադրություն չունենք, քանզի հարցն ավելի մատչելի եւ հաջող պարզաբանվել է բազմաթիվ հանրագիտարաններում ու մասնագիտական գրքերում: Կառավարման այդ ձեւի էությունն ավելի ընկալելի դարձնելու համար պարզապես հիշենք հանրագիտարանային մի ձեւակերպում. «Օլիգարխիա - քչերի իշխանություն, կառավարման ձեւ, որի դեպքում պետական իշխանությունը տնօրինում է մարդկանց փոքր, որպես կանոն, տնտեսապես առավել հզոր խումբ: Տերմինն առաջին անգամ օգտագործել են Արիստոտելը, Պոլիբիոսը եւ հին աշխարհի այլ իմաստուններ: Կառավարման այդ ձեւը համարվել է պետական համակարգի այլասերման արդյունք: Օլիգարխիան կառուցվում է առավելապես ընտանեկան-դինաստիական հիմքի վրա: Օլիգարխիական կառավարման նպատակն է սեփական ունեցվածքի անձեռնմխելիության ապահովումը եւ նոր կապիտալի կուտակումը, քանի դեռ հնարավոր է, քանի դեռ իրենց ունեցվածքը չեն խլել, ինչպես իրենք են խլել ուրիշների ունեցվածքը»:

 

Սյունիքի կառավարումն այդ ամենի հետ մեկտեղ կունենա առանձնահատկություն: Սովորաբար «Բարձր դուռը» մարզերում պահում եւ քաջալերում է միմյանց հետ հակամարտող, միմյանց հակակշռող առնվազն երկու կլան` տարածքն ավելի կառավարելի պահելու համար (իրեն վերապահելով գերագույն արբիտրի դեր): Սյունիքի մարզի օրինակը` ահավասիկ: Դա Հռոմի ժամանակներից կիրարկվող ձեւ է` «Բաժանի՛ր, որ տիրես», որը նաեւ պարսից արքաները ժամանակին կիրառում էին Հայաստանում` ստեղծելով համապատասխան ավանդույթներ: Սյունիքում էլ անկախության շրջանում կիրառվեց այդ մեթոդը: Դրա տիպիկ օրինակը Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ ժամանակ առ ժամանակ Երեւանից հրահրվող կռիվներն էին ու դրանց հաջորդող սիրախաղերը: Սյունիքում Մաքսիմ Հակոբյանի միաբեւեռ եւ միահեծան իշխանության ստեղծմամբ, սակայն, «Բարձր դուռը» չի հրաժարվի «Բաժանի՛ր, որ տիրես» գործելակերպից (քանզի կառավարման այլ սկզբունք առայժմ հարգի չէ մեզանում): Դրա համար ռեզերվում կպահվի (կքաջալերվի) մեկ կամ երկու սյունիքյան կլան (թայֆա), որը Երեւանից հրահանգ ստանալու դեպքում կապստամբի Մաքսիմյան իմպերիայի դեմ: Չի բացառվում նաեւ, որ, մարզպետական կառույցը Սյունիքում Մաքսիմ Հակոբյանի ընտանիքի ոտքերի տակ մատաղ անելով, «Բարձր դուռը» գնա հանքարդյունաբերության մեջ այդ կլանի ունեցած բաժնեմասերի նվազեցման հայկական ավանդական ճանապարհով՝ իբրեւ փոխհատուցում:

 

 Քաղաքական առումով Վահե Հակոբյանի վիճակը, վերը շարադրվածով հանդերձ, շատ հակասական է եւ կշարունակի այդպես մնալ: Ճիշտ է, նա ունի երկրի նախագահի անթաքույց հովանավորությունը, նա ֆինանսական հսկայական միջոցներ տիրապետող կլանի ներկայացուցիչ է, բայց… Բաժանարար գծերն են Սյունիքում շատացել տարիների ընթացքում, եւ դրանք ներկայումս հնարավոր չէ վերացնել դյուրությամբ:

 

Նախ` Սյունիքի իրական շահերի (շարքային սյունեցիների շահերի) եւ իշխող վարչախմբի շահերի միջեւ կա անհաղթահարելի ջրբաժան: Իշխող վարչախումբը, հակառակ սյունեցիների կամքի, պետական քաղաքականության մակարդակով քաջալերում է Սյունիքի ընդերքի հոշոտումը` անուղղելի, անվերականգնելի վնաս հասցնելով շրջակա միջավայրին, մարդկանց կյանքին եւ առողջությանը: Այս հակադրության մեջ նոր մարզպետը չի կարող չպաշտպանել վարչախմբի շահերը: Դա էլ ամենամեծ բաժանարար գիծն է նոր մարզպետի եւ Սյունիքի բնակչության հիմնական մասի միջեւ:

 

Երկրորդ: Նոր մարզպետն առաջին հայացքից լեռնահանքային արդյունաբերության աշխատողների (հանքագործների) ներկայացուցիչն է նախեւառաջ: Իրականում, սակայն, Վահե Հակոբյանն ամենամեծ հակասությունն ունի հանքագործների հետ: Միայն Քաջարանում մոտ երկու հազար հանքագործ Մաքսիմ Հակոբյանին մեղադրում է այն բանում, որ կոմբինատի մասնավորեցման ժամանակ իրենց զրկել է հասանելիք 20% փայաբաժնից, իսկ նոր մարզպետը չի կարող մտնել այդ խնդրի մեջ: Հետեւաբար, հազարավոր քաջարանցիներ (նաեւ նրանց ժառանգորդները) համարում եւ համարելու են, որ Վահեն միլիարդատեր է դարձել բացառապես իրենց անձնական միջոցներով:

 

Երրորդ: Բուն մարզկենտրոնում էլ իրերի դրությունը սովորական չէ: Քանի տարի է, ինչ Կապանի անշարժ գույքի շուկայում եւ մանր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում գլխավորապես վխտում են (քիչ բացառությամբ) քաջարանյան կլանի յասաուլները: Այնպես որ այդ կլանի եւ մարզկենտրոնի բնակիչների միջեւ ստեղծվել է մի բաժանարար, որն այլեւս ոչ ոք (անգամ Սերժ Սարգսյանը) չի կարող վերացնել: Այս դեպքում էլ Վահեն հայտնվել է բարիկադի այն կողմում:

 

Չորրորդ: Մոտ ինը տարի պատգամավորի մանդատը կրող անձնավորությանն ընտրողները տեսնում էին միայն ու միայն ամանորի տոպրակներ բաժանելիս (երեւի դա նկատի ուներ վարչապետը, որ Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելիս հայտարարեց. «Նրա հրապարակային գործունեությանը ծանոթ ենք»): Մինչդեռ նա աշխատավարձ էր ստանում հարկատուների միջոցներով եւ գոնե մեկ անգամ հարկ չհամարեց ընտրողներին ասել, թե ինչով է զբաղված օրենսդիր մարմնում: Այդ հանգամանքը, ուզենք-չուզենք, հավատի դեֆիցիտ է ստեղծում նրա կերպարի հանդեպ: Առավել անհուսալի եւ խորթ է դառնում նորանշանակի կերպարն աղքատության ճիրաններում հայտնված եւ գործազուրկ դարձած տասնյակ հազարավորների համար, քանի որ այլեւս գաղտնիք չէ նրա` պատգամավորական տարիներին ու համընդհանուր ճգնաժամի օրերին միլիարդատեր դառնալու առեղծվածային իրողությունը: Նոր մարզպետը լուրջ գործընկեր չի կարող լինել նաեւ զինվորականության եւ զորակոչային տարիքի երիտասարդության համար: Ի պաշտոնե նա կլինի մարզի զորակոչային եւ զորահավաքային հանձնաժողովի նախագահը եւ ջահելներին բանակում ծառայելու կոչեր կանի ժամանակ առ ժամանակ: Եվ դա այն դեպքում, երբ ինքը բանակում չի ծառայել:

 

Հինգերորդ: Վահե Հակոբյանի հանդեպ, այդ բոլորով հանդերձ, ամենամեծ ընդդիմությունը կգործի հարազատ կուսակցության նկուղային հարկերում: Կարիերիստ ՀՀԿ-ականները երբեք չեն ների, որ իրենցից հետինը` Վահեն, ընդամենն արծաթի զորությամբ ավելի առաջ է անցել, եւ կոնսպիրատիվությամբ ամեն ինչ կանեն նրան վարկաբեկելու համար, ինչի նշանները, ի դեպ, վաղուց երեւում են:

 

Կան այլ բաժանարար գծեր եւս, բայց Վահե Հակոբյանը (իմա` Մաքսիմ Հակոբյանը) ունի նաեւ կողմնակիցներ, ովքեր էլ հանդիսացել են ու կհանդիսանան նրա (նաեւ ամբողջ կլանի) սոցիալական ու քաղաքական հենարանը: Դրանք նախեւառաջ մանր ու միջին ձեռնարկատերերն են, ովքեր կոմբինատի այսպես կոչված արբանյակ ձեռնարկությունների սեփականատերն են եւ աշխատում են Քաջարանի կոմբինատի պատվերով: Այդ խավը, իսկապես, կշարունակի մնալ կլանի երդվյալ հենարանը:

 

Շատ շուտով Վահե Հակոբյանի քաղաքական ու սոցիալական հենարան կդառնա քաղաքային ու գյուղական համայնքների, հոգեւոր-մշակութային ու կրթական հաստատությունների ղեկավարների մի մասը, որոնց (նաեւ գոյություն ունեցող կեղծ հիմնադրամների միջոցով) ժամանակ առ ժամանակ դրամական մուծումներ կարվեն կոմբինատից` իբր այս կամ այն ծրագրի իրականացման նպատակով` լայն միջանցք թողնելով, միաժամանակ, որ այդ մուծումներից կանոնավոր ու սահուն լվացումներ կատարվեն` մարզպետի հանդեպ լոյալություն պահպանելու եւ տեղական հարթակներից հայր ու որդի Հակոբյաններին փառաբանելու պայմանով:

 

Բնականաբար, սոցիալական եւ քաղաքական հենարան չեն լինելու մարզպետարանի աշխատակիցները, հանրակրթական դպրոցների վարիչները: Կյանքը ցույց տվեց որերորդ անգամ, որ այդ խավը կրիտիկական իրավիճակներում առաջինն է տարանջատվում եւ փախչում մարզպետից: Այդ խավը, ինչպես մինչեւ հիմա, միջոցառումների ժամանակ ցանկալի ֆոն է ընդամենն ապահովելու եւ փորձելու է մարզպետին հավատացնել, որ անգամ արեգակն ամեն օր չէր ճառագի, եթե մարզպետը Վահեն չլիներ…

 

Զգուշավոր վերաբերմունք է պահպանվելու քաղաքապետերի հետ հարաբերություններում, քանզի նրանք, կանգնած լինելով իրավական ավելի ամուր հենքի վրա, կարող են եւ ընդվզել (այդպիսի մի քանի օրինակ ունենք), ինչը ցանկալի չէ Մաքսիմյան իմպերիայի համար:

 

Խրախուսվելու են ճորտության երգասանները, պրոֆեսիոնալ քծնողները: Իսկ բոլոր նրանք, ովքեր աշխարհին չեն նայի Մաքսիմյան պատուհանից՝ կհայտնվեն ֆինանսատնտեսական շրջափակման մեջ:

 

Նշված հենարաններն ու միջոցառումները, բնականաբար, շատ քիչ են լինելու նորանշանակ մարզպետի համար: Եվ նոր դաշնակիցների փնտրտուքը, կարծում ենք, լինելու է նրա գերխնդիրներից մեկը: Այդ բոլորով հանդերձ, սակայն, առանց նախագահի անմիջական ու հետեւողական աջակցության դժվար է լինելու նոր ստատուս քվոյի պահպանումը Սյունիքում:

 

Վահե Հակոբյանի գլխավոր խնդիրներից մեկը, ըստ էության, կլինի մարզպետարանի հեղինակության վերականգնումը, որը, խոստովանենք, դժվարագույններից մեկն է լինելու: Խնդրի առանձնահատկությունն այն է, որ մարզպետարանի հեղինակազրկման գործում անցած տարիներին հեքիաթային դեր է խաղացել (եւ ահռելի միջոցներ ծախսել) ինքը` Մաքսիմ Հակոբյանը: Վերհիշենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերից մի քանիսը:

 

Այսպես` 2008-ին «Սյունյաց երկրին» պատերազմ հայտարարվեց միայն այն «հանդգնության» համար, որ Քաջարան քաղաքին նվիրված համարում թերթը զետեղել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խոսքն ու լուսանկարը: Եվ տասնյակ մարդկանց ներկայությամբ բացականչեց` ո՞վ է մարզպետը, ի՞նչ կապ ունի մարզպետը Սյունիքի հետ, մի՞թե չգիտեք, որ մարզպետարանը քրեական հանցագործների որջ է… Եվ այդ օրվանից արգելվեց թերթի տպաքանակի (բաժանորդագրված տպաքանակի) մուտքը կոմբինատ: Այնտեղ արգելվեց թերթի հետագա բաժանորդագրությունը: Փոխարենը հովանավորել սկսեց մայրաքաղաքային մի քանի թերթի եւ կայքի` իր եւ որդու հանդեպ հանդուրժողականություն պահպանելու համար, ինչը եւ դարձավ նրա` առայսօր շարունակվող մարտավարության բաղադրիչներից մեկը:

 

Սյունիքի մարզպետարանի վարկաբեկման արշավում գրեթե սառեցրեց հարաբերությունները բոլոր տնտեսվարողների հետ, ովքեր (անգամ աշխատանքի բերումով) համարձակվում էին գեթ մեկ անգամ մտնել մարզպետարանի շենք:

 

Տեւական ժամանակ (մոտ չորս տարի) սառեցրեց ներդրումները մարզի տարածքում` փոխարենն ակտիվացնելով ներդրումները Հայաստանի մյուս շրջաններում:

 

Անցանկալի անձ հայտարարվեցին բոլոր նրանք, ովքեր, անգամ հուղարկավորությունների ժամանակ, պատահաբար հայտնվում էին մարզպետի կողքին:

 

Քաջալերվում եւ խրախուսվում էին նրանք, ովքեր մարզպետի ու մարզպետարանի հետ առճակատման էին գնում:

 

Կոչ էր արվում իր կողմնակիցներին` Սյունիքի մարզպետին անվանել ոչ թե Սուրեն Խաչատրյան, այլ պարզապես Սուրիկ:

 

Ստեղծված իրավիճակը, բնականաբար, լրջագույն խոչընդոտ էր ՀՀԿ-ի համար` 2012թ. մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունները մարզում հաջող կազմակերպելու համար: Խնդիրը հարթելու նպատակով 2012թ. մարտի 6-ին ՀՀ նախագահը Կապան գործուղեց Հովիկ Աբրահամյանին, ինչից հետո էլ Մաքսիմ Հակոբյանը (չորսամյա ընդմիջումից հետո) սկսեց ելումուտ անել մարզպետարան` Սուրեն Խաչատրյանին առիթ-անառիթ անվանելով Սյունիքի թագավոր` այդպես էլ չհասկանալով, թե ինչ ասել է Սյունիքի թագավոր (Սյունիքի վերջին թագավորը, ի դեպ, Հասան գեռաքարեցի «կտրիճն» էր, ով էլ 1170 թվականին` սելջուկների հարձակման ժամանակ, առաջինը փախավ Կապան մայրաքաղաքից): Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը չորս տարի առաջ էլ` 2008-ին, դարձյալ եկել էր Սյունիք: Այն ժամանակ նա խնդիր ուներ Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ բորբոքելու կռիվ, ինչի համար էլ Սիսիանում կազմակերպվել էր հակամաքսիմյան ստորագրահավաք: Հովիկ Աբրահամյանն այդ խնդիրը լուծեց փայլուն կերպով, բայց եւ ստիպեց Մաքսիմ Հակոբյանին «բարեգործություն» կատարել Արտաշատում կառուցվող ինչ-որ շինությունների օգտին` խոստանալով ընթացք չտալ ստորագրված թղթերին:

 

Հիմա Մաքսիմ Հակոբյանը որոշակիորեն պիտի հնձի այդ տարիների ցանածը, նաեւ արմատական քայլեր ձեռնարկի Սյունիքի մարզպետարանի դեմքին իր իսկ ձեռքով քսած մուրը մաքրելու համար: Նա պետք է հանրությանը համոզի նաեւ, որ մարզպետարանը, այնուամենայնիվ, չարիքի աղբյուր չէ, որ Սյունիքի մարզպետը ոչ թե Վահեն է, այլ Վահե Հակոբյանը:

 

Շատ հետաքրքիր էր լրատվամիջոցների (առանձնապես կայքերի) արձագանքը, որոնք, շատ դեպքերում անստորագիր էին կամ կեղծված ստորագրությամբ:

 

«Արմնյուսը», ասենք, գրեց. «Սյունիքի մարզպետ առաջադրված Վահե Հակոբյանը կդառնա Հայաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզպետը»: Ծպտված հեղինակին հիշեցնում ենք` Հայաստանի պատմությանը հանգիստ թողեք, քանի որ Հայաստանի հազարամյակների պատմությունը, ինչպես նկատում ենք, ձեզ համար անծանոթ եւ խորթ ոլորտ է: Հայաստանի պատմության մեջ մարզպետ եւ մարզպետարաններ չենք ունեցել: Մարզպետարան ունեցել ենք միայն 1995թ. դեկտեմբերից, մարզպետ` 1996թ. հունվարից:

 

Կառավարության նիստում Վահեին մարզպետ նշանակելուց անմիջապես հետո լրագրողները շրջապատեցին նրան (որքան էլ փորձեց ճողոպրել) եւ ամենատարբեր հարցեր ուղղեցին: Ե՛վ հարցերը, ե՛ւ պատասխանները չենք ուզում քննարկել, քանի որ նա առաջին անգամ էր կյանքում հայտնվել նման իրավիճակում եւ, հնարավոր է, շփոթված էր եւ ուրախությունից հուզված (չէ՞ որ տասը տարի շարունակ թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր մեթոդներով պայքար էր մղվել մարզպետի աթոռի համար): Մի դրվագ, այնուամենայնիվ, չենք կարող շրջանցել: Լրագրողը` «Ազատություն» ռադիոկայանից, ահա այսպիսի երկխոսության մեջ է ներքաշում նորանշանակ մարզպետին. « Լրագրող - Եթե Սուրիկ Խաչատրյանը վերադարձավ մարզ ապրելու, դա խնդիրնե՞ր կարող է առաջացնել:

 

Վահե - Իհարկե ոչ: Լավ կլինի, որ ինքը մարզում էլ ապրի, ես տենց խնդիր չեմ տեսնում:

 

Լրագրող – Իսկ ինչի՞ համար լավ կլինի:

 

Վահե - Որքան ուզում ա` թող ապրի….»:

 

Եվ այս խոսակցությունը (նորանշանակի քրքիջի ուղեկցությամբ) հեռարձակվեց հուլիսի 10-ի երեկոյան թողարկման ժամանակ: Մի կողմ թողնենք լրագրողի` հարցեր ձեւակերպելու ակնհայտ անկարողությունը, թողնենք նաեւ նրա անտեղյակությունը (Սուրեն Խաչատրյանը մարզից չի տեղափոխվել, որ հիմա էլ վերադառնա): Զարմանալին այն է, որ լրագրող կոչվածը, օգտագործելով «Ազատություն» ռադիոկայանի հեղինակավոր լսարանը, տպավորություն է ստեղծում, որ մարզպետը պետք է որոշի, թե ով կարող է Սյունիքում բնակվել: Երեւի Սուրեն Խաչատրյանը երախտագիտություն կհայտնի Վահեին, որ մեծահոգաբար իրեն թույլատրել է բնակվել Սյունիքում… Կատակը` կատակ, բայց ամաչում ենք լրագրողի այդ պահվածքի համար: Ապշած ենք նաեւ, թե ինչու, այնուամենայնիվ, Սյունիքին ծաղրելու պետական քաղաքականությանը հաճույքով լծվել են որոշ լրատվամիջոցներ եւս: Մենք այդկերպ մտածող լրագրողներին կոչ ենք անում` մի՛ անհանգստացեք եւ Սյունիքում ապրելու իրավունք մարզպետից մի՛ կորզեք մեզ համար, ինքներս մի կերպ կլուծենք այդ խնդիրը (երեւի մարզպետն էլ մեծահոգաբար թույլ կտա, որ ապրենք մարզում): Իսկ դուք, այդկերպ մտածողներ (ինչպես կասեր մեր մեծ հայրենակից Սերո Խանզադյանը), դմակ ունեք` ձեր բաց քամակը ծածկեք:

 

…Հետո էլ ասում են, թե ստրկամտությունը Երեւանից չի ծորում:

 

Դե Մաքսիմ Հակոբյանի հայտնի հայտարարությունը` Վահեի հետագա կարիերայի հետ կապված, որեւէ ժանրում տեղավորել հնարավոր չէ: Եվ նա ճիշտ է. եթե երբեւէ ու մի հրաշքով հանրապետության նախագահի աթոռն էլ վաճառքի հանվի, ապա վճարունակ գնորդներից մեկը (եթե ոչ առաջինը) ինքն է լինելու: Մնում է հայ ժողովրդին համոզել, որ նախագահի աթոռն աճուրդի հանվի: Բայց Վահե Հակոբյանը մի քանի օր անց հայտարարեց. «Ես նախագահ դառնալու հավակնություն չունեմ»: Դրանից առաջ էլ Մաքսիմ Հակոբյանն էր հայտարարել` եթե նույնիսկ ինձ խնդրեն, միեւնույն է, ես Ռուսաստանի նախագահ չեմ դառնա:

 

Շատ ափսոս, բա ի՞նչ ենք անելու, ի՞նչ է անելու ռուս ժողովուրդը, չէ՞ որ նա կորցնում է նոր Պետրոս Մեծ ունենալու պատմական շանսը…

 

Առհասարակ Վահեն պետք է ավանդույթ դարձնի մտածելն ու նոր միայն խոսելը: Այլապես դժվար է լինելու: Տեսեք` հայտարարում է, թե «Կադրային ջարդ չի լինելու»: Իսկ մենք ասում ենք` որեւէ մարզպետ չի կարող իր ղեկավարած մարզում կադրային ջարդ կատարել թեկուզ եւ այն պատճառով, որ իր ենթակայության տակ գտնվող կառույցներում մեծ մասամբ քաղծառայողներ են եւ ընտրովի պաշտոնյաներ: Պարտադրված հրաժարականներ էլ չեն կարող լինել, քանի որ մարդիկ, կարծեք, ծանոթ են իրենց իրավունքներին: Այ, եթե այդ միտքը հնչեր մի տասը տարի առաջ, ուշագրավ կլիներ: Կամ ասում է` Սյունիքի մարզպետի աթոռն արյունոտ է, եւ չեմ ուզում զբաղեցնել այդ աթոռը, բայց մի քանի օր հետո գալիս եւ բազմում է արյունոտ (իր իսկ բնութագրած) աթոռին: Եվ վերջին դիտարկումը` հանրության հետ շփումների առումով ընդհանրապես պետք է այնպես արտահայտվել, որ ասվածը հասկանալի լինի առանց թարգմանչի օգնության եւ առանց լրացուցիչ ջանք գործադրելու: Առաջին իսկ հրապարակային ելույթում ահա թե ինչ ասաց նորանշանակը. «Իմ կուսակցության հանդեպ պիտի ունենամ պատասխանատվություն, բայց դա չի նշանակում, որ կուսակցության պահանջն իմ ավելի լավ աշխատելը չէ կամ դուրս է իմ գործառույթների շրջանակից: Որքան մեծ է պատասխանատվությունն իմ քաղաքական թիմի առաջ, նույնքան մեծ է այն` իրենց հույսերն արդարացնելու առումով` ամեն մի համայնքի, ամեն բնակչի համար տարվող աշխատանքների մասով»: Եթե որեւէ մեկը հաջողի վերծանել այս բառակույտը, ապա թող մեզ գրի, եւ մենք անպայման կներկայացնենք մեր մարզպետի ասելիքը:

 

Դեռեւս 2004-ին, երբ Վահե Հակոբյանը նշանակվեց Ազգային ժողովի պատգամավոր, Մաքսիմ Հակոբյանը չթաքցրեց երազանքը: Նա երազում էր այնպիսի իրավիճակ, երբ իրեն կճանաչեն Վահեի միջոցով եւ իրեն կանվանեն Վահե Հակոբյանի հայր Մաքսիմ Հակոբյան: Տարիների ընթացքում, սակայն, լրջագույն եւ բնական այդ երազանքը չիրագործվեց: Եվ պատգամավորական ինը տարվա կենսագրություն ունեցող մարդուն, Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությանը շարունակում են ներկայացնել այսպես` Քաջարանի կոմբինատի տնօրենի որդի Վահե Հակոբյան: Սա, իհարկե, պարտության պես մի բան է, բայց, կարծում ենք, չպետք է ամեն ինչ ավարտված համարել: Վահե Հակոբյանը, թեկուզ եւ ուշացումով, կարող է հոր անկատար երազանքն իրագործել…

 

Քաղաքագիտական մի իրողություն էլ կա, որ կուզենայինք հիշեցնել: Հնարավոր է ունենալ շատ փող, հնարավոր է գլխավերեւում ունենալ երկրի նախագահի անխոցելի հովանին, հնարավոր է զբաղեցնել Սյունիքի մարզպետի աթոռը եւ ունենալ իշխանության այլ լծակներ, հնարավոր է ամեն օր իր սֆաթը տեսնել հեռուստաէկրանին, բայց չլինել հանուրի (գոնե մեծամասնության) համար ընդունելի անձնավորություն, լիդեր, հանրության հարգանքն ու պատկառանքը վայելող ղեկավար…

 

Վահե Հակոբյանն առաջին իսկ քայլերից պետք է ապացուցի, որ մեզ նման մտածողները, իրավիճակը մեզ պես ընկալողները սխալ են (տա Աստված, որ սխալ լինենք մեր նկատառումներում), որ ինքը պրոտեկցիայի մոնումենտ չէ, պլուտոկրատիայի նորագոյացություն չէ, մեծ եւ անազնիվ գործարքի մանրադրամ չէ, քաղաքական կոռուպցիայի արդյունք չէ: Նա պետք է ապացուցի, որ իր հորը (կոմբինատի տնօրենին, իմա` փողի քսակին) տարիներ շարունակ շրջապատած ու շրջափակած կարիերիստների, ջեբկիրների ու կանացիական աշխարհից վաղուց զորացրված հայտնի կուրտիզանուհիների պատանդը չէ: Վահե Հակոբյանը պետք է Ազգային ժողովի մոխրակույտից եւ Սյունիքն ասպատակողների երթից դուրս գա ու հառնի իբրեւ Սյունիքի մարզպետ (ոչ որպես մարզպետի աթոռի պահապան, այլ ինքնուրույն գործիչ), իբրեւ Սյունիքի մարզպետարանի խամաճիկային դերակատարությունը մերժող գործիչ, իբրեւ վերկուսակցական ու վերթայֆայական գործիչ, հոր տիեզերական քինախնդրությունից ոչինչ չժառանգած գործիչ, իբրեւ Սյունիքի հիմնախնդիրները տեսնող եւ այդ հիմնախնդիրների վերաբերյալ սեփական ու ողջամիտ դիրքորոշում ունեցող, կշռադատող ու մտածող (հատկապես խոսելուց ու գործելուց առաջ), պատգամավորական իր անփառունակ գործունեությունը խարազանող գործիչ: Ահա այսպիսի Վահեի է ուզում տեսնել Սյունիքը՝ մարզպետական աթոռին: Այդպիսի Վահեի մարզպետական գործունեությանը չսատարելն արդեն իսկ անարդարացի կլիներ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կապան համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելություն էր

04.10.2024 23:49

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

04.10.2024 21:29

Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ

04.10.2024 20:42

Կնշվի Ագարակ քաղաքի 75-ամյակը

04.10.2024 20:00

Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ

04.10.2024 16:20

Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը, չմոռանաք՛ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը․ Ալիև

04.10.2024 15:51

Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հանգիստ չեն տա Իսրայելին. Խամենեի

04.10.2024 15:49

Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

04.10.2024 14:32

Ինչպես ավտոմեքենայով գնալ Իրան, և որքան է պետք վճարել. պարզաբանում է CPD–ի ներկայացուցիչը

04.10.2024 12:58

Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն

04.10.2024 12:46

Նոր սարքով կբացահայտվեն ձեռագրագիտական նոր շերտեր

04.10.2024 11:41

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները

04.10.2024 11:31