Սյունիքը տնքում է ցավից… եւ հուսադրվում, գոտեպնդվում իր քաջարի զավակներով. երկուսը՝ ահավասիկ

24.10.2022 11:30
3590

Վարդանասարում հիմա ուրիշ ամպեր են նստում: Լեռան գագաթից Բասուտայի հովիտ իջնող երբեմնի մոլորված կածանների փոխարեն թշնամին ճանապարհներ է կառուցում, լեռնալանջերին՝ մարտական դիրքեր, թեեւ դիվանագետները շարունակում են պնդել, թե իբր նոր-նոր պետք է սահմանազատում ու սահմանագծում կատարվեն…

Իսկ թշնամու դեմ հանդիման կանգնած Ներքին Հանդում եւ մերձակա գյուղերում պատրաստվում են արժանապատվորեն արձագանքել հրադադար կոչվածի ամեն մի փխրումի, ինչը, Ադրբեջանի պես հակառակորդի դեպքում, հնարավոր չէ բացառել…

Մեծ անորոշության այս հանդեսում, փուլ եկած իրականության մեջ, երբ մեր սարերն ու ձորերն են հառաչում եւ հոգոց հանում, առաջնայինը երկրի պաշտպանությունն է, ինքնապաշտպանական մեր ներուժի վերակազմակերպումը, հույսներս նախեւառաջ մեզ վրա դնելը:

***

Օրեր առաջ էինք Ներքին Հանդում. բնակիչներից ու զորականներից դրվատանքի խոսքեր լսեցինք ԵԿՄ Կապանի եւ Քաջարանի կառույցների ղեկավարներ Հրայր Եփրեմյանի ու Դավիթ Գալստյանի մասին:

Հոկտեմբերի 21-ին նրանց հանդիպեցինք Կապանի մերձակայքում: Եվ կամեցանք ոչ միայն մոտիկից ճանաչել, այլեւ նրանց աչքերով նայել իրականությանը: Չէ՞ որ թշնամու դեմ հանդիման կանգնելը մի ուրիշ հոգեվիճակ  է ենթադրում, ինչը թույլ է տալիս  բացել մեր կյանքի չվերծանված ծալքերը…

Հրայր Եփրեմյանը,  ծնված 1975 թ., «Աժդանակ» ՍՊԸ-ում հերթափոխի վարպետ է, մասնակցել է Արցախյան առաջին, 2016 թ. ապրիլյան, 2020-ի 44-օրյա պատերազմներին: Առաջին պատերազմի ժամանակ 18 տարեկան էր, գեներալ Մանվել Գրիգորյանի  փառապանծ բրիգադում հետախույզ էր, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների: Ներկայումս ԵԿՄ Կապանի բաժանմունքի նախագահն է, ռազմի դաշտում՝ երկրապահների կապանյան ջոկատի հրամանատարը:

Դավիթ Գալստյանը, ծնված 1975 թ., դարձյալ «Աժդանակ» ՍՊ ընկերությունում է աշխատում՝ անվտանգության պետ: Նույնպես մասնակցել է  Արցախյան երեք պատերազմներին: Ներկայումս ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի նախագահն է, մարտադաշտում՝ երկրապահների քաջարանյան ջոկատի հրամանատարը:

Կապանում եւ Քաջարանում ԵԿՄ կառույցները գործում են կանոնավոր, ավելին՝ մարտական գործողություններին  պատրաստ:

Մարդիկ կամավոր են անդամագրվել եւ անդամագրվում կիսառազմական այդ կառույցին: Ու, որքանով հասկացանք, նաեւ սերնդափոխություն է տեղի ունենում ջոկատներում, կան 20-21 տարեկան երիտասարդներ, բանակից զորացրվածներ, ովքեր հաճույքով են անդամակցում ԵԿՄ տեղական կառույցներին:

2022-ի սեպտեմբերյան եռօրյա պատերազմի ժամանակ եւ հետո Կապանի ու Քաջարանի կամավորական ջոկատներն ընդգրկված էին ԵԿՄ՝ Ներքին Հանդի պաշտպանությունը ստանձնած գումարտակներում:

Հրայրն ու Դավիթն ափսոսանք են հայտնում, որ սեպտեմբերի 9-ից (հերթափոխման նկատառումով) իրենց գումարտակը դուրս էր բերվել սահմանագծից՝ «Բոլոր դիրքերը կարելի էր պահել, զոհեր էլ քիչ կունենայինք…»:

Մեզ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում էր, թե զրուցակիցներս ինչպե՞ս են գնահատում Ներքին Հանդի շուրջ սեպտեմբերի 13-ից հետո ստեղծված իրավիճակը:

-Իրավիճակը լարված է, նրանց կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքները մտահոգիչ են, իշխող բարձունքներում իրենք են, եթե մարդիկ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն՝ ի՞նչ գնահատականի մասին կարող է խոսք լինել,- պատասխանում են հրամանատարները:

Այդքանով հանդերձ կամավորականների հրամանատարները հուսահատ չեն եւ իրավիճակն անելանելի չեն համարում՝ «90-ականներին էլ թշնամին նույն այդ բարձունքները գրավել էր, մտել էր Ներքին Հանդ ու մերձակա գյուղեր: Այն ժամանակ էլ իրենք առավելություններ ունեին ե՛ւ տեխնիկայով, ե՛ւ մարդկային ռեսուրսներով, բայց կարողացանք հաղթել, կարողացանք ազատագրել մեր հողերը, կարողացանք, որովհետեւ միասնական էինք, սեւ-սպիտակ չկար, կար գաղափար, որի շուրջ միավորված էինք եւ հանուն այդ գաղափարի կռվում էինք, 44-օրյա պատերազմում էլ զինվորը չպարտվեց, վերջին եռօրյա պատերազմում էլ մեր զինվորները հրաշքներ գործեցին, բայց…»: Այդպես են անցյալը հիշում եւ ներկայի հետ զուգահեռներ անցկացնում հրամանատարները՝ հավելելով. «Այսօր էլ կարող ենք հետ բերել կորցրածը…»:

Ի՞նչ է պակասում մեզ, ի՞նչ անել:

-Ազգ-բանակ բանաձեւը պետք է կյանքի կոչել. պետք է միասնական լինել՝ բանակ+աշխարհազոր+ԵԿՄ եւ մյուս կամավորականներ: Հիմա էլ կան լավ զորահրամանատարներ, նվիրյալ զինվորականներ, կան հնարավորություններ. դրանք պետք է ի մի բերել, մեկտեղել, առողջ հուն մտցնել: Պետք չէ, որ բոլորն ընդգրկվեն կամավորական ջոկատներում կամ աշխարհազորային ստորաբաժանումներում, ընդհակառակը՝ յուրաքանչյուրն իր գործը պետք է անի. եթե մարդ թիկունքում իր գործը լավ է կատարում, ուրեմն արդեն աջակցություն է բանակին, սահմանին կանգնած տղաներին: Երկրի պաշտպանական գործում չափազանց կարեւորություն պիտի տալ մասնագիտական մտքին: Միգուցե պարզունակ թվա, բայց խրամատ պատրաստելն անգամ մասնագիտական մոտեցում է պահանջում եւ ոչ սիրողական: Նեղ մասնագետներն են պահանջված. պատահում է  իրավիճակ, երբ զենք ենք ունենում, բայց արդյունավետ գործածել չենք կարողանում. այդտեղ է, որ նեղ մասնագետները վրա են հասնում: Մի ուրիշ հարց էլ՝ կամավորականներին, աշխարհազորայիններին պետք է տեղաբաշխել իրենց տարածաշրջաններին մոտ վայրերում՝ տեղանքին ի սկզբանե քաջածանոթ լինելը կարեւոր հանգամանք է: Հակառակորդին էլ չպետք է թերագնահատել. դա էլ լուրջ չէ, ինչո՞ւ չնկատել, որ նրա զինվորն ամենից առաջ կոնկրետ գաղափարի կրող է: Իսկ ամենագլխավորը մեր միասնությունն է, վերկուսակցական-ազգային մտածելակերպն ու գործելակերպը, ինչով հատկապես պետք է առաջնորդվի զենք վերցնող յուրաքանչյուր հայ զորական,-այդպես են մեր հարցին պատասխանում հրամանատարները:

Անհանգիստ այս օրերում, բնականաբար, կարող է եւ լինել ազնիվ զայրույթ, բայց ոչ նեղացածություն:

-Հայրենիքը հարազատ ծնողի պես սրբություն է, հայրենիքից չի կարելի նեղանալ, ինչպես որ չի կարելի նեղանալ ծնողից,-ասում է Հրայր Եփրեմյանը: -Բայց օգտակար առաջարկություններ անելը, ակնհայտ բացթողումները վեր հանելն ու մատնանշելը ոչ միայն նեղացածություն չէ, այլեւ անհրաժեշտություն: Երբ զինվորն ապրում է լեռնաշխարհի ցավերով, ուզում է քիչ բացթողումներ տեսնել, քանի որ խոսքը հայրենիքի պաշտպանության մասին է:

Ստեղծված իրավիճակում, անտարակույս,  վճռորոշ է սահմանը պահող տղաների տրամադրությունը, ոգին:

-Ուժեղ ենք, մարտական վիճակում ենք, ուրիշ կերպ չի էլ կարող լինել,-ասում են կամավորականների հրամանատարները:-Երկու-երեք օր է՝ մեզ փոխարինել են, բայց մտքով այնտեղ ենք, այս պահին էլ ամեն ինչով պատրաստ ենք՝ մեկնելու սահման, սպասում ենք…

Զրուցակիցներս քանիցս գնահատանքի խոսքեր հնչեցրին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ «Աժդանական» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Ղազարյանի հասցեին՝ նշելով նրանց դերակատարությունը կամավորական ջոկատների բնականոն գործունեությունը, մարտական պատրաստվածությունն ապահովելու, ինչպես եւ ենթակառույցների պատրաստման գործում:

Հիացական խոսքեր լսեցինք N զորամասի հրամանատարի տեղակալ Արման Կոստանյանի մասին, ով դեռեւս 44-օրյա պատերազմում (լինելով դիրքերի հրամանատար) արժանապատիվ վարք է դրսեւորել:

Եվ, աստիճանաբար, հասնում ենք զրույցի գագաթնակետին՝ «Պատերազմը դաժան երևույթ է, որեւէ մեկը պատերազմ չի ուզում, բայց մենք՝ ազգովի,  ստիպված ենք պատրաստ լինել պատերազմի, քանի որ թշնամին անընդհատ նոր տարածքներ է ուզում զավթել, իսկ մենք….Մենք հետ գնալու, նահանջելու տեղ այլեւս չունենք: Մենք հայրենի հողում ենք եւ ամեն գնով պիտի տեր կանգնենք մեր դիրքերին, նաեւ առաջ գնանք՝ կորցրածը վերականգնելու վճռականությամբ»,-հայտարարում են կամավորականների հրամանատարները:

-ԱԹՍ-ներից պաշտպանվելու բազմաթիվ ձեւեր կան, բայց շարունակում ենք դրանց ամենազորության, դրանցից պաշտպանվելու անհնարինության մասին կեղծ լեգենդներ հյուսել: Կամ ռազմաճակատում գտնվող մարտիկի մոտ հեռախոսի առկայությունը. գիտե՞ք, թե որքան վնաս են բերել ու բերում հեռախոսները,- մտահոգված են զրուցակիցներս:

-Կամավորական ջոկատները մի առանձնահատկություն էլ ունեն՝ մենք մի ընտանիք ենք, համերաշխ ընտանիք, նույն գաղափարի շուրջ համախմբվածներ, որը չափազանց անհրաժեշտ գործոն է մարտական գործողությունների ընթացքում,-ասում է Դավիթ Գալստյանը:

Երկու հրամանատարն էլ մեծագույն հիացմունքով ու երախտագիտությամբ են պատմում իրենց ջոկատի ամեն մի մարտիկի, նրանց հայրենանվեր վարքի մասին. «Յուրաքանչյուրն իսկական հերոս է, սահման գնալիս գիտակցում են, որ կարող է եւ հետ չգան, բայց զենքը վերցնում եւ առաջնագիծ են շտապում ոգեւորությամբ, հայ մարդու պարտքի հստակ գիտակցումով, հայրենիքի ցավը տանելու պատրաստակամությամբ ու վճռականությամբ»:

Կապանի եւ Քաջարանի կամավորականների հրամանատարների հետ զրույցի վերջում ցանկանում ենք լսել նրանց խոսքը՝  ուղղված տարեկիցներին, հայրենակիցներին առհասարակ:

-Կարգին տղան չի կարող անտարբեր անցնել այն ամենի կողքով, ինչ կատարվել եւ կատարվում է մեր սահմաններում: Պետք չէ լաց լինել ու մտածել՝ այս չունենք, այն չունենք: Սպարապետ Վազգենի օրերում էլ համարյա ոչինչ չունեինք, բայց ոգի կար, եւ կարողանում էինք հակառակորդի ունեցածը մերը դարձնել: Սյունիքը մեր հայրենական տունն է՝ հազարամյակների խորքից եկող, եւ մեծագույն խայտառակություն է թշնամու կողմից հորինված ինչ-որ քարտեզների հիման վրա Սյունիքից տարածքներ պոկելը…Պատրաստ լինենք իրադարձությունների հետագա զարգացումներին եւ հույսներս մեզ վրա դնենք: Հավատացեք, մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք …

***

Դե ինչ, օրհնաբանենք մեր երկու հրամանատարին՝ Հրայր Եփրեմյանին ու Դավիթ Գալստյանին, նաեւ նրանց հայրենապահ ջոկատների յուրաքանչյուր մարտիկին:

Օրհնաբանենք բոլոր նրանց, ովքեր գործնական քայլերով աջակցում են Սյունիքի ինքնապաշտպանական ներուժի վերակազմակերպմանը:

Սամվել Ալեքսանյան

 

Արտակ Աղաբեկյանը Վլադիվոստոկից վերադարձավ ոսկե մեդալով

26.11.2024 00:28

G7-ը «փորձում է միասնական դիրքորոշման հասնել» Նեթանյահուի ձերբակալության օրդերի վերաբերյալ

25.11.2024 20:18

Հովիկ Աղազարյանը վայր չդրեց մանդատը, դեռ վերջնական որոշում չի կայացրել

25.11.2024 20:17

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

25.11.2024 18:56

Ծառատունկ՝ Կապանի Գործարանային փողոցում

25.11.2024 17:40

«Արի Կապան». պատմում են դիմանկարները

25.11.2024 16:56

Արցախցիներին տրվող աջակցությունը 2025-ին աստիճանաբար կնվազեցվի. Կառավարության նոր որոշումը

25.11.2024 16:50

«Россияне»-ն 30 տարեկան է

25.11.2024 14:53

Ձերբակալության օրդերը բավարար չէ, Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի

25.11.2024 14:41

Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել

25.11.2024 13:43

ԲՐՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՒՐԱԿ

25.11.2024 13:16

Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին

25.11.2024 10:56