Սյունիքյան իրականության հետ առերեսվելը հեղափոխության թիվ 1 հրամայականն է (Հարցազրույցի հրավեր Սյունիք այցելող Նիկոլ Փաշինյանին)

26.05.2019 17:18
1552

Մեծարգո պարոն վարչապետ

Տեղյակ ենք, որ Սյունիքում կազմակերպվող բիզնես-ֆորումին մասնակցելու համար մայիսի 27-ին ժամանում եք մարզ:

Դա Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր երրորդ այցն է, ինչը ողջունում ենք:

Նախորդ այցերի ժամանակ նույնպես, օգտվելով առիթից, Ձեր ուշադրությունն ենք հրավիրել սյունիքյան հիմնախնդիրների վրա, բայց ինչ-ինչ պատճառով չեք պատասխանել այդ հարցերին:

Այս անգամ էլ նպատակահարմար գտանք Ձեզ հրավիրել հարցազրույցի՝ նախապես ուղարկելով հարցաշարը, որ ներկայացնում ենք ստորեւ:

Հարցազրույցի գաղափարը գուցե եւ չծնվեր, եթե Դուք մինչ այսօր անդրադարձած լինեիք այդ մտահոգություններին:

Ահա եւ հարցերը, որոնք մեծամասամբ «Սյունյաց երկրի» կողմից նախկինում Ձեզ ուղղված հարցերի կրկնությունն են:

***

1. Թավշյա հեղափոխությունը շատերի ընկալմամբ, նախեւառաջ, հանրության ազնիվ պոռթկումն էր՝ հանուն մարդու իրավունքների եւ ազատությունների, ընդդեմ պետական պաշտոնյաների կամայականության:                                                                                     

Սյունիքի նախկին մարզպետը բազմաթիվ մարդկանց աշխատանքից ազատել է՝ բացառապես իր անձնական քմահաճույքներից ելնելով, Հայաստանի Հանրապետության օրենքները շրջանցելով:

Իրենց ոլորտներում եւ իրենց մասնագիտության մեջ համբավ ունեցող, մարզում համընդհանուր հեղինակություն վայելող այդ մարդիկ հեղափոխությունից մեկ տարի անց անգամ չեն կարողանում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները:

Կառավարման համապատասխան ատյանների պատասխանատուները մեկ տարվա ընթացքում չհանդգնեցին առերեսվել իրականության հետ, չհամարձակվեցին մարդկանց իրավունքները վերականգնել վարչական ճանապարհով, այլ բոլորին ուղարկեցին դատարան, որտեղ էլ չի երեւում առասպելական քաշքշուկի վերջը:

Մինչ այդ` Սյունիքին պատիվ բերող այդ կադրերն ու մասնագետները շարունակում են կրել նյութական եւ բարոյական զրկանքներ՝ զրկված մնալով իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից:

Կարո՞ղ են այդ մարդիկ, գոնե ուշացումով, ակնկալել Ձեր ուշադրությունն ու միջամտությունը:

2. Ամենեւին զարմանալի չէ սյունեցիների զգալի մասի չթուլացող հետաքրքրվածությունը Քաջարանի կոմբինատով:

Մեր մարզում եւ հատկապես Կապանի տարածաշրջանում թավշյա հեղափոխության էության, նպատակների, հաջողության, մաքրության, ազնվության չափորոշիչներից գլխավորը եւ բարոմետրը համարվում է այդ ձեռնարկության հանդեպ նոր իշխանությունների վերաբերմունքի կերպը:

Աշխարհի մոլիբդենի հաշվարկված պաշարների ութ տոկոսին տիրապետող ընկերության սեփականատերերը համառորեն ու հետեւողականորեն թաքցվում են հանրությունից` ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:

Բա չիմանա՞նք, թե ովքեր են Սյունիքի արդյունաբերության մոտ 80 տոկոսի տնօրինողները:

Ինչպե՞ս է Քաջարանի կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերությունը դարձել 75 տոկոսի սեփականատեր:

Ո՞ւմ սեփականությունն է (15 տոկոսի չափով) փոխանցվել «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերությանը եւ ի՞նչ ճանապարհով:

Ովքե՞ր են «Քրոնիմետ մայնինգ» ընկերության սեփականատերերը կամ ո՞ր ընկերություններն են մտնում «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մեջ:

Տնտեսվարող ո՞ր սուբյեկտներն են ներկայումս տիրապետում Քաջարանի կոմբինատի մնացյալ 25 տոկոսին, ովքե՞ր են այդ սուբյեկտների սեփականատերերը, եւ ինչ ճանապարհով է սեփականությունը նախկին տերերից փոխանցվել նոր տերերին:

Ինչպե՞ս կարող են օտարերկրյա ներդնողները վստահել մեզ, եթե չենք ասում, թե ի՞նչ ճանապարհով են վերջին մի քանի տարում փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերը:

Մի՞թե սեփականատերերի բացահայտումը պետական կամ ռազմաքաղաքական գաղտնիք է, որ ժողովրդավարական արժեքներ  դավանած երկրում հանրությունից թաքցվում է:

Ի դեպ, տասնյակ լրագրային հրապարակումներ, որոնցում արծարծվում են ազգային ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր ու առնչվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, շարունակում են մնալ պատկան մարմինների ուշադրությունից դուրս՝ պատճառ դառնալով ամենատարբեր տարակույսների եւ անվստահության…

3. Համայնքների խոշորացման՝ դրսից պարտադրված ծրագիրն առաջինը կիրառվեց  Սյունիքում:

Մոտ մեկ տարի առաջ՝ 2018-ի հուլիսի 5-ին, Դուք Սիսիանում հայտարարեցիք, թե դադարեցնում եք համայնքների խոշորացման գործընթացը՝ մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորում: Հայտարարեցիք նաեւ, որ վաղաժամ է գնահատական տալ խոշորացման արդյունավետությանը:

Սակայն կարճաժամկետ (թեեւ երկու-երեք տարին կարճաժամկետ չի կարելի համարել) դիտարկումների արդյունքը եւ ամենամոտավոր հաշվարկները վկայում են այն մասին, որ Մեղրիում, Կապանում, Գորիսում ու Սիսիանում համայնքների խոշորացման հետեւանքով ավելի է խորացել լեռնային գյուղերի հոգեվարքը:

Գյուղապահպանության խնդիրը, հատկապես լեռնային եւ սահմանամերձ վայրերում, ամենաբարձր մակարդակով խորությամբ ու բազմակողմանիորեն քննարկման կարիք ունի:

4. Բնապահպանական անվտանգության առումով Հայաստանի ոչ մի քաղաք այնքան խոցելի չէ, որքան Կապանը:

Մահասփյուռ պոչամբարները, որ օղակել են քաղաքը, անկառավարելի եւ անվերահսկելի վիճակում են:

Հարցրեք, խնդրեմ, Ձեր նախարարներին, եկող-գնացող մարզպետներին, Կապանը երբեւէ ղեկավարած համայնքապետերին. համոզված ասում ենք՝ ոչ ոք չի կարող ստույգ պատասխանել, թե ո՞ւմ հաշվեկշռում է Արծվանիկի պոչամբարը, որքա՞ն է այդ պոչամբարի տարողությունը, որքանո՞վ է այն լցված…

Քաջարանի կոմբինատի տնօրենը հայտարարում է, թե Արծվանիկի պոչամբարը փակելու ծրագիր ունի, բայց այս պահին (եւ տարիներ շարունակ) առանց իրավական հիմքերի ընդլայնվում է պոչամբարի տարածքը:

Հայտարարում են պոչամբարի փակման մասին, բայց, միաժամանակ, Արծվանիկի ենթաշրջանում 608 հա, Քաջարանի ենթաշրջանում 339 հա հավելյալ հողատարածք վերցնում:

Երեւան վերադառնալուց պահանջեք, խնդրեմ, տեղեկանք առ այն, թե ի՞նչ պատճառներով են առավելապես մարդիկ մահանում Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում, ի՞նչ հիվանդություններով են մարդիկ առավել շատ տառապում, եւ ինքներդ կհամոզվեք բնապահպանական ներկա վիճակը հանդուրժելու անթույլատրելիության մեջ:

5. Ձեր պաշտոնավարման ընթացքում Սյունիքում խոսքի ազատության դեմ պայքարը նոր դրսեւորումներ է ձեռք բերել:

Միայն մեկ օրինակ. Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատասխանատուները Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում «Սյունյաց երկիր» թերթի դեմ 13 քաղաքացիական հայց են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան:

Եվ թերթը թիրախավորվել է միայն այն պատճառով, որ տարիներ շարունակ ու հետեւողականորեն բարձրաձայնում է մարզում, ինչպես եւ այդ ընկերությունում տեղ գտած արատավոր երեւույթների մասին:

Բայց դա չէ արտառոցը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Էդիկ Ավետիսյան) 2018 թ. հուլիսի 4-ին, իբրեւ հայցի ապահովման միջոց, դիմել է անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քայլի՝ քաջարանյան կլանի անդամներից մեկի մասով դադարեցնելով ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի գործողությունը Սյունիքում:

Հիշեցնենք՝ տվյալ փաստաթղթերի նշված հոդվածներով հռչակված է մարդկանց՝ կարծիք արտահայտելու իրավունքը, որը մաս է կազմում մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների համամարդկային սկզբունքների:

Հիշեցնենք նաեւ՝ ո՛չ ՀՀ վճռաբեկ դատարանը, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման նախադեպ չունեն:

6. Խոսքի ազատության դեմ պայքարի ոչ պակաս արտառոց երեւույթ է Սյունիքի մարզային «Սոսի» հեռուստատեսության հետ տեղի ունեցած ամոթալի պատմությունը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Սյունիքի մարզին, ինչպես եւ հանրապետության մյուս մարզերին, տրվել է թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային մեկ հեռուստաընկերություն ունենալու հնարավորություն:

Եվ այդ նպատակով 2011-ին անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել «Սոսի» հեռուստաընկերությունը, որի լիցենզիան (հեռուստածրագրերի եթերային հեռարձակման համար) գործողության մեջ է մինչեւ  2021թ.:

Ու չնայած դրան՝ թվային հեռարձակման ցանցից Սյունիքում օգտվում է ոչ թե մրցույթում հաղթած եւ լիցենզիա աստացած «Սոսի» ընկերությունը, այլ  «Զանգեզուր TV» անունով ինչ-որ հեռուստաընկերություն:

Հիշեցնում ենք՝ գործող օրենսդրությամբ լիցենզիայի զիջում չի թույլատրվում:

Այդ ամենի մասին տեղեկացրել ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, որն էլ մինչեւ հիմա ալարում է զբաղվել այդ հարցով:

Ստացվում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը Սյունիքի մարզում ստորադասվել է ինչ-որ մարդկանց անձնական  շահին:

7. 2016-2018 թթ. Սյունիքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք, որքան էլ տարօրինակ է, քաղաքական գնահատական չեն ստացել մինչեւ հիմա:

Պետական պաշտոնյանների եւ հանրային գործիչների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ (ինչի մասին տեղյակ ենք պահել հանրապետության պատկան մարմիններին ու մնացել անպատասխան), պատվերով քրեական գործերի հարուցում, սեփական կարծիք եւ արժանապատվություն ունեցող մարդկանց հալածում, կամայականություններ…Եվ այդ օրերի մարզպետի գործունեությանը գնահատական չի տրվել:

Բացատրություն չի պահանջվել Սյունիքում նրա հեքիաթային հարստացման աղբյուրների վերաբերյալ:

Պատասխան չի տրվել Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի, ինչպես եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական գործունեության շուրջ մամուլում քանիցս բարձրացված աղմկահարույց հարցերին:

8. Հայաստանի ֆուտբոլային կենտրոններից մեկը՝ Կապանը, բացառապես մեկ մարդու անձնական քմահաճույքներից ու ֆինանսական հետաքրքրություններից ելնելով, զրկվեց տասնամյակների պատմություն ունեցող «Կապան-Գանձասար» ֆուտբոլային ակումբից:

Եվ Դուք 2018 թվականի հուլիսի 5-ին խոստացաք կարճ ժամանակամիջոցում Կապանի ֆուտբոլային ակումբը վերադարձնել Կապան:

Ձեր խոստումը վերահաստատեցիք սյունիքյան երկրորդ այցի ժամանակ, մինչդեռ…

9. 2018թ. ապրիլ-մայիսյան համազգային զարթոնքի օրերին Սյունիքում տեղի ունեցան Ձեր գլխավորած հեղափոխական շարժմանն արձագանքող եւ սատարող իրադարձություններ:

Դրանցից շատերը, սակայն, ունեցան դրամատիկ դրսեւորումներ:

Ապրիլի վերջին օրերին, օրինակ, Կապանի ցուցարարների դեմ Քաջարանից վարձկաններ բերվեցին, իսկ մարզի ղեկավարի թիկնազորը ձեռք բարձրացրեց ցուցարարների վրա, որն արտացոլող տեսանյութերը մինչեւ հիմա պտտվում են սոցիալական ցանցերում: Ու, որքան էլ տարօրինակ է, մինչեւ հիմա այդ միջադեպերին իրավական գնահատական չի տրվել: Եվ այդ ամենը հանդուրժող իրավապահները շարունակում են պաշտոնավարել մարզում:

10. 2015 թ. Քաջարանում լույս աշխարհ է եկել մի նոր խոշոր հարկատու՝ «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր»:

Առանց որեւէ ներդրման լույս աշխարհ եկած այդ ընկերության սեփականատերերը նույնպես դիմակավորված են, իսկ գործունեությունը մշուշապատ է:

Միգուցե Դուք ասեք՝ ովքե՞ր են այդ ընկերության սեփականատերերը, ինչպե՞ս է ծնվել այդ խոշոր հարկատուն՝ չկատարելով մեկ լումայի ներդրում անգամ:

11. Արդյո՞ք կառավարությունը չի կամենում քաղաքական գնահատական տալ   Քաջարանի կոմբինատում տեսչական ստուգումների արդյունքներին:

Եվ, ի վերջո, ինչպե՞ս եղավ, որ Քաջարանի կոմբինատը ստուգող տեսչական խմբի ղեկավարը ստուգման վերջին օրը պաշտոնանկ արվեց:

Ի դեպ, այլեւս նախկին այդ պաշտոնյան, ճանաչված բնապահպանը ստուգումներից հետո Զանգեզուրի պղնձամոլիաբդենային կոմբիատը որակեց «պետություն պետության ներսում»:

12. Կարո՞ղ ենք Ձեր օգնությամբ տեղեկություններ ստանալ «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲ ընկերության վերջին երեք-չորս տարվա գործունեության մասին:

Արդյո՞ք այդ ընկերությունն առնչություն ունի հանրապետության մի քանի լրատվամիջոցների, ինչպես եւ հասարակական-քաղաքական որոշ ուժերի հետ ու նրանց համար սովորական ստնտու է:

13. Հավանաբար տեղյակ եք, որ 2018 թ. դեկտեմբերի վերջին ԶՊՄԿ-ում կատարվել է ստուգում հարկային մարմինների կողմից, որը, ինչքան էլ տարօրինակ է, տեւել է մեկ օր:

2019 թ. 1-ին եռամսյակի արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակում ԶՊՄԿ-ն չկար, իսկ մի քանի օր անց վերահրատարակվեց այդ ցուցակը, որում կոմբինատը զբաղեցում է 3-րդ հորիզոնականը:

2018 թ. հուլիսի 5-ին կոմբինատ կատարած Ձեր այցից հետո ԶՊՄԿ-ի կողմից պետությանը տրվող եռամսյակային հարկը (2-րդ եռամսյակի արդյունքներով) միանգամից ավելացավ 20 մլրդ
դրամով (1-ին եռամսյակի համեմատությամբ):

Չե՞ք կարծում, որ այդ «վրիպակները», որոնց վերաբերյալ պատկան մարմինները պատշաճ բացատրություն չեն տալիս, նորանոր տարակույսներ է ծնում հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկատիրության գործունեության վերաբերյալ:

14. 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան Կապանում հրկիզել են «Սյունյաց երկրի» խմբագրության ավտոմեքենան:

Առաջին իսկ րոպեներից հրշեջներն ու ոստիկանները, նաեւ Քաջարանին սպասարկող ոհմակը, շրջանառության մեջ դրեցին վարկած, թե իբր մեքենան ինքնահրկիզվել է:

Երեւանից ժամանած փորձագետներն էլ «եզրակացություն» մոգոնեցին՝ հնարավոր է, որ 15 ժամ շարունակ տեղում կանգնած մեքենան ինքնահրկիզվել է ակումուլյատորի լարերի հպումից:

Սակայն շուտով ի հայտ եկավ տեսանյութ, որում արտացոլված է ինչ-որ ենիչերիի կողմից մեքենան հրկիզելու պահը:

Եվ դրանից հետո անգամ Կապանի ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում հանցագործին ու պատվիրատուին ի հայտ բերելու ուղղությամբ, թեեւ հարուցված է քրեական գործ:

Իմիջիայլոց, տեսանյութի ի հայտ գալուց հետո անգամ փորձագետները վախենում են թղթին հանձնել ճշմարտությունը:

Ի՞նչ անել:

15. 2018 թ. օգոստոսի 13-ի Կապանում հարձակում է կատարվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա:

Հարձակվողը փախուստի է դիմել, բայց նրան տեսել են բազմաթիվ մարդիկ, ոստիկանությունը նույնիսկ տեղեկություններ է ունեցել, թե ով է այդ րոպեներին գտնվել խմբագրության մուտքի մոտ, բայց…

Մինչեւ այսօր հանցագործը «չի հայտնաբերվել», իսկ հարուցված քրեական գործը կասեցվել է:

Եվ մարզային թերթի հանդեպ գործած այդքան հանցագործությունների չբացահայտվածության պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում խոսքի ազատությունը Սյունիքում:

16. Մեկ տարի առաջ՝ 2018 թ. հուլիսի 5-ին, երբ Դուք հանդիպում էիք քաջարանցիների հետ, այսպիսի հարց ուղղեցին Ձեզ՝ « Որպես մանկավարժ, ուզում եմ խոսել մի հարցի շուրջ: Մանկավարժի համար շատ կարեւոր է սեպտեմբերին ընդունել առողջ եւ ամառային հանգիստ անցկացրած աշակերտներ: Մեր քաղաքից ներքեւ՝ գեղատեսիլ բնության գրկում, ունեցել ենք ճամբարներ, որոնք ժամանակին հյուրընկալել են հազարավոր երեխաների, ինչն ամառային սեզոնում նաեւ աշխատատեղ էր մարդկանց համար: Մեր ցանկությունն է, որ Ձեր միջամտությամբ կրկին գործեն այդ ճամբարները»:

Տեղյա՞կ եք, որ դրանից հետո ոչինչ չի փոխվել, որ դրանից հետո նույնպես դպրոցականների համար կառուցված այդ ճամբարները շարունակում են մնալ մի քանի հոգու խրախճանքի վայր:

17. Մեկ տարի առաջ՝ 2018 թ. հուլիսի 5-ին, երբ հանդիպում էիք կապանցիների հետ, վաստակաշատ Վոլոդյա Աբրահամյան թոշակառուն այսպիսի հարց ուղղեց Ձեզ՝ «… Ինչո՞ւ կոմբինատում քաջարանցիներին պաշտոնից հանել են եւ դրսից մարդիկ բերել, ովքեր 30-40 անգամ ավելի աշխատավաձ են ստանում, քան տեղացիները:

Հիմա Քաջարանի կոմբինատի տնօրենը ստանում է 40 մլն դրամ, իսկ էքսկավատորավարը՝ 400 հազար դրամ, ո՞րն է պատճառը»:

Ի՞նչ է  փոխվել մեկ տարվա ընթացքում այդ առումով:

18. Մոտ մեկ տարի առաջ մենք հաղորդում ենք ներկայացրել Ձեզ՝ հանցագործության մասին, որում արտացոլված էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ա. Հակոբյանի  գործունեության որոշ դրսեւորումներ:

Այդ դիմումը հասցեագրվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Անցել է մեկ տարի, բայց ոչ մի արդյունք:

Կարո՞ղ ենք Ձեր օգնությամբ տեղեկություններ ստանալ կատարվող հետաքննության ընթացքի մասին, եթե, իհարկե, հետաքննություն է իրականացվում:

 

 ***

Մեծարգո պարոն վարչապետ

Ձեր ներողամտությունն ենք հայցում հարցազրույցի այսկերպ առաջարկության եւ հարցերի բազմազանության համար:

Հավատացեք, առաջադրված հարցերից յուրաքանչյուրի պատասխանը շատ կարեւոր է Սյունիքում ապրողներիս համար, անչափ կարեւոր հայոց պետականության եւ օրվա իշխանությունների, մասնավորապես Ձեր գլխավորած կառավարության հանդեպ մարդկանց հավատն արթնացնելու եւ ամրապնդելու համար:

Սպասում ենք Ձեր պատասխանին:

Կանխավ շնորհակալություն «Սյունյաց երկրի» հարցերին պատասխանելու համար:

 

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

26 մայիսի 2019 թ.

 

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04