Սյունյաց աշխարհի մեծանուն զավակ Աշոտ Մինասյանին, որ չարչարանաց ճանապարհին է

29.12.2025 11:14
1583

Մեծարգո Աշոտ Հրանտի, քաջակորով հրամանատար «Սիսական» ջոկատի

Ժամեր հետո հրաժեշտ կտանք 2025 թվականին և ոտք կդնենք 2026 տարվա՝ մեգ–մշուշով պատած ճանապարհին...

Մտքերով Ձեզ հետ եմ։ Հիշում եմ մեր առաջին հանդիպումը Շինուհայրում էր, 1992-ին, փետրվարյան ձյունառատ մի երեկո, լուսահոգի Ռուբիկ Ալեքսանյանի հյուրընկալ օջախում։

Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր՝ Արցախյան ազատամարտի ճանաչված զորահրամանատարների հետ։ Սպարապետը կամեցավ, որ Դուք Չարենց արտասանեք։

Եվ սկսեցիք՝ «Ես իմ անուշ Հայաստանի...»։

Սպարապետը չկարողացավ իր հուզմունքը թաքցնել, երբ ավարտեցիք վերջին քառատողը.

«Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,

Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»։

Այդ օրվանից ի վեր՝ սխրանքներով լեցուն քո անցած ճանապարհն աչքիս առաջ է...

Իսկ հիմա Ձեզ եմ փոխանցում հազարավոր սյունեցիների, մեր խմբագրակազմի և անձամբ իմ սրտաբուխ շնորհավորանքն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։

Մաղթանք էլ ունեմ ստեղծված իրավիճակում պիտի որ առաջին հերթին ցանկանայի տոկունություն, կամք․․․ Բայց ոչ, այդ մաղթանքի կարիքը Դուք չունեք, քանզի ինքդ ես՝ անվհատ վարքով, հայրենանվիրությամբ, քաղաքացիական պահվածքով այդտեղից մեզ տոկունության, անկոտրում կամքի դասեր տալիս։

Ուստի և աղոթում եմ միայն Ձեր առողջության համար...

Նաև ուզում եմ հիշեք՝ Ձեզ սպասում են ոչ միայն մանկահասակ և բժշկական հոգածության մշտական կարիք ունեցող երկու զավակդ, ինչպես և մյուս որդիներդ ու մերձավորներդ։

Ձեզ սպասում է Սիսական աշխարհը։

Սպասում են մարտական ընկերներդ, ովքեր քաջերի «Սիսական» ջոկատով երկիրը հայրենիք դարձրին, հայրենիքը՝ պետություն, անկախ պետություն։

Երկնային թագավորությունից Ձեզ հետևում ու Ձեր ազատության համար աղոթում են արևաբույր և լույսի համբույր, Աստծով լցված և հաղթանակած մեր տղերքը, ովքեր նահատակվեցին հայոց Արցախի ու հայոց արժանապատվության համար, որոնց թվում՝ դյուցազնական Աղվան եղբայրդ՝ իր ավիշով Սյունյաց սահմաններն օծած մարտիրոսը։

Ուզում եմ, որ համոզված լինեք նաև՝ հայոց պատմությունը, Սյունիքի պատմությունը ոչ ոք չի կարողացել ու չի կարողանալու սրբագրել, վերաշարադրել։ Եվ զինվորի ու հրամանատարի Ձեր փառապանծ կերպարը, օրինապահ քաղաքացու, ազգանվեր ու պետականանվեր գործչի Ձեր անունը եղել, կա ու մնալու է ընդօրինակման արժանի։

Ճակատագրի դառը հեգնանքով Դուք այսօր հայոց անկախ պետության զնդանում եք, այն պետության, որի անկախության, արժանապատվության, ինքնիշխանության և լինելիության համար ոչինչ չեք խնայել ու քանիցս հայտնվել մահվան դեմ հանդիման։

Եվ այսօրվա հորինված կարգավիճակդ, որքան էլ տարօրինակ ու անբնական է, նորովի է մյուռոնում քաջազնական Ձեր կերպարը և մոտեցնում լուսաբացը։

... Ու մինչև կիջնի 2025-ի վարագույրը, և կբացվի նոր տարվա դուռը՝ կուզենայի հիշեցնել մեր բազում զրույցներից մեկը՝ հայոց մեծ քնարերգու Համո Սահյանի, ավելի ճիշտ՝ նրա հայրենասիրական քնարերգության մասին...

Մարգարեաբար ու սարսափով տեսնում էր տեղի ունեցող իրադարձությունների բուն էությունը

«Մեզ ասում են – Դուք մերը չեք,

Մինչև անգամ դուք ձերը չեք,

Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք,

Դուք տերը չեք ձեր երդերի,

Տաճարների ու բերդերի...»։

Իսկ «Գերված աղբյուր Գյուլիստանի» գրական սրտափշուր ասքը․․․

Հայոց պատմական Գյուլիստանի գերված աղբյուրը շնչավորվում և զրույցի է բռնվում բանաստեղծի հետ

«– Նախշուն աղբյուր Գյուլիստանի,

Աչքս առանց քեզ ի՞նչ անի։

– Աչքդ, ասեմ, ուր էլ գնաս,

Հեռվից–հեռու պահիր վրաս։

Աչքալուսանք կտանք շուտով՝

Ես ցուրտ, իսկ դու՝ տաք շշուկով»։

Չհավատալու պատճառ չենք ունենա (եթե բարձրանանք ծնկած վիճակից), որ հանճարեղ բանաստեղծի այդ երազանքն ու Գյուլիստանի լեզու առած աղբյուրի պատվիրանն ի կատար են ածվելու։

Ուրեմն, պատվելի հրամանատար, հետևիր առողջությանդ և աչքդ հետ պահիր...

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

 

Սամվել Ալեքսանյան

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00