«Սյունյաց երկիր. մշակութային». այսպիսի անվանումով նոր պարբերական է լույս աշխարհ գալիս Լեռնահայաստանում

17.03.2021 10:31
155838

Սյունիքում նոր լրագիր է ծնվում…
Կկոչվի «Սյունյաց երկիր. մշակութային» եւ կհրատարակվի եռամսյա պարբերականությամբ՝ յուրաքանչյուր համարը` ինը տպագրական մամուլ ծավալով:
Նոր պարբերականը ծնվում է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ: 2021 թ. համար նախատեսված չորս համարը, առնվազն, կհրատարակվի հենց այդ համագործակցության շնորհիվ:
Նոր պարբերականի թողարկումը չի անդրադառնա «Սյունյաց երկիր» լրագրի՝ դեռեւս 2003 թվականին որդեգրած գծին: Եվ ոչ էլ կհամարվի այդ պարբերականի հավելված: Ոչ էլ պատճառ կդառնա, որ «Սյունյաց երկիրը» հրաժարվի հասարակական-քաղաքական-մշակութային ավանդական ուղղվածությունից, առավել եւս թեմատիկ թողարկումներից:
Նոր պարբերականը մշակութային Սյունիքը ներկայացնելու հատուկ առաքելություն ունի։ Եվ ազգային ու սյունիքանպաստ այդ գործը գլուխ կբերի հիմնականում «Սյունյաց երկրի» խմբագրակազմը, որն առավել հանգամանալից է տիրապետում երկրամասի հոգեւոր-մշակութային ժառանգությանը, առկա հիմնախնդիրներին: Այդ ամենը, անշուշտ, ոլորտի մասնագետների, գիտական եւ մշակութային հանրության ներկայացուցիչների հետ:
Ինչո՞վ է պայմանավորված «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականի ծնունդը կամ ի՞նչ հանգամանքների թելադրանքով ծնվեց նոր պարբերականը:
Սյունիքում դարեր շարունակ, մեր պատմության ամենադժվարին ժամանակներում անգամ, ամուր վեմի վրա է եղել հոգեւոր-մշակութային ընթացքը, միշտ էլ հարգի են եղել դպրոցը, մշակույթը, ճարտարապետությունը…
Քրիստոնյա Հայաստանում Սյունիքն առանձնահատուկ տեղ է ունեցել եւ ունի:
Հարկ ենք համարում մեկ անգամ եւս արձանագրել, որ քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել առաքյալների ժամանակներում՝ կապված Թադեոս եւ հատկապես Բարդուղիմեոս առաքյալների հետ, ովքեր սուրբ ավետարանի ճշմարիտ ուսմունքի քարոզումը սկսեցին Սյունիքից:
Ապա՝ Սյունյաց մեծ իշխանը Թորգոմա տան ընտիր իշխանների, կուսակալների, կողմնակալների մեջ էր, որոնց հավաքեց աստվածապսակ Տրդատ թագավորը եւ ուղարկեց Կեսարիա քաղաք, որպեսզի տանեն Գրիգորին ու Հայոց երկրի քահանայապետ ձեռնադրեն:
Վերադառնալիս Սյունյաց մեծ իշխանն առաջիններից էր, ով իր գնդով Եփրատում լուսավոր մկրտություն ստացավ:
Մատենագրական վկայությունները եւ Ագաթանգեղոսի տվյալները հաստատում են, որ Լուսավորչի կողմից է հիմնվել Սյունյաց եպիսկոպոսությունը, որի անդրանիկ առաջնորդը երանելի Գրիգորիսն էր՝ ձեռնադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից:
Սյունյաց Անդոկ իշխանն էլ (հայոց ուրիշ իշխանների գլուխ անցած) Ներսես Մեծին ուղեկցեց Կեսարիա՝ ձեռնադրելու Ամենայն Հայոց կաթողիկոս: Ապա մեծ ժողովով Սյունիքի եպիսկոպոսությունը հռչակվեց Սյունյաց մետրոպոլիտություն, Սյունիքը՝ պատրիարքի նախաաթոռ, որ հունարեն լեզվով կոչվում է պրոտոֆրոնտես Մեծ Հայքի:
Իսկ Սուրբ Սահակի եւ Մեսրոպի կողմից՝ գրքերի մեկնության ու թարգմանության իրավունքը միայն Սյունիքի մետրոպոլիտությանը շնորհվեց:
Հետագա դարերում էլ Սյունիքն անգերազանցելի դեր խաղաց ունիթորության, քաղկեդոնության դեմ պայքարում: Չլիներ Սուրբ Հովհան Որոտնեցու եւ Սուրբ Գրիգոր Տաթեւացու գործունեությունը, միգուցե եւ Հայ առաքելական եկեղեցին անդառնալի կորուստներ ունենար պապության նվաճողական ձգտումների ժամանակներում:
Նույն չափ բացառիկ էր Սյունյաց աթոռի դերակատարությունը դեգերումների մեջ հայտնված Հայոց եկեղեցական աթոռն Էջմիածնում վերահաստատելու գործում: Սյունյաց եպիսկոպոսությունն էր, տիեզերահռչակ Գրիգոր Տաթեւացու գլխավորությամբ, որ պայքարում էր Վաղարշապատում վերականգնված տեսնել կաթողիկոսի գահը, ինչն էլ իրականացվեց եռամեծար փիլիսոփայի եւ աստվածաբանի աշակերտների կողմից՝ 1441-ին, որով եւ ավարտվեց Հայոց կաթողիկոսական աթոռի հազարամյա աստանդական ու դեգերումներով լեցուն շրջանը:
Ոչ պակաս հիշարժան է Սյունիքի դերը 17-րդ դարասկզբին, երբ Մայր աթոռը կանգնած էր լինել-չլինելու սպառնալիքի առջեւ: Եվ միայն Մովսես Տաթեւացի (Խոտանանցի) բարեփոխիչ կաթողիկոսի ջանքերով չեզոքացվեց Հայ Առաքելական եկեղեցու պառակտման վտանգը:
Չմոռանանք աստվածության գանձարան, Սիսական տան բոլոր վանքերի գլուխ եւ շնորհաբաշխության աղբյուր Տաթեւի, ինչպես եւ Սյունյաց 49 վանքի մասին, որոնք դարեր շարունակ արթուն են պահել Քրիստոսի ուսմունքը, որոնցից հավատ եւ հույս է հորդում մինչեւ այսօր:
Եվ եթե Սյունիքը դիմացել է դարերի փորձություններին, ապա շնորհիվ նաեւ իր հոգեւոր-մշակութային էության:
Սյունիքը միշտ էլ առաջնագծում է եղել, երբ հարկ է եղել պայքարել մեր ազգային-հոգեւոր արժեքների անաղարտության համար:
Ու դարերի ընթացքում բազմիցս արձանագրված մեր զենքի հաղթանակը, առանց չափազանցության, պայմանավորված է եղել նախեւառաջ գրի հաղթանակով, լույսի հաղթանակով:
Սակայն վերջին տարիներին եւ հատկապես 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո առաջ եկած համատարած շփոթում կորցրինք եւ շարունակում ենք կորցնել մեր ազգային գոյատեւման բարոյական, հոգեւոր, արժեքային կարեւոր կռվանները:
Վատթարացած մեր օրերում տեսնում ենք, որ բազմաթիվ քրիստոնեական սրբավայրեր մնացել են թշնամական պետության տիրապետության ներքո, տեսնում ենք, որ դրանք պղծվում են այլադավանների կողմից: Տեսնում ենք նաեւ, որ քրիստոնեական բազում սրբավայրեր, պատմամշակութային վայրեր, նաեւ դիտարժան տեղեր ուխտագնացների ու զբոսաշրջիկների համար վտանգավոր են դարձել՝ գտնվելով անմիջապես սահմանին կամ սահմանամերձում:
Մի խոսքով՝ վտանգված է Սյունիքի պատմական ժառանգությունը՝ մեր նախնիների կողմից հազարամյակների ընթացքում ստեղծված: Եվ այդ վտանգն առավել սպառնալից է դառնում, երբ փորձ է արվում հատկապես աճող սերնդին զրկել պատմական հիշողությունից:
Հենց այդ հարցերն ու սպառնալիքներն են, որ մեզ պարտավորեցրել են՝ հիմնելու մշակութային պարբերական՝ դրանով իսկ արթուն պահելու մեր պատմական հիշողությունը` նաեւ առկա խնդիրները պահելով պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:
Եվ նպատակահարմար գտանք այդ կերպ առանձնահատուկ կամ տարբերակված մոտեցում ցուցաբերել փառահեղ պատմական ճանապարհ անցած Սյունիքի հոգեւոր-մշակութային հարցերին՝ հիմնելով եռամսյա պարբերական՝ ըստ մեր կարողության, յուրաքանչյուր համարում շարադրելով մատնացույց անել իրերի դրությունը, պատմական ժառանգության պահպանման հարցում ծագած հիմնախնդիրները, որ առաջ են եկել ռազմաքաղաքական նոր իրավիճակում, ձգտելով թույլ չտալ, որ վերացվեն, մերժվեն կամ պղծվեն Սյունիքի հոգեւոր-մշակութային ժառանգության վկայությունները, մեր նախնիների գրավոր ու նյութական հիշատակները:
Այնպես որ՝ մենք կանգնած ենք հայոց պատմական ժառանգությանը տեր լինելու նոր մարտահրավերներին դեմ հանդիման, մենք կրկին կանգնած ենք մեր հոգեւոր-մշակութային-ազգային արմատներին դառնալու հրամայականի առջեւ…
Հիմնադրվող պարբերականը համեստ ներդրում կլինի այդ ճանապարհին:
Արարվող մատյանը, համոզված ենք, անջնջելի հուշարձան ու գովելի հիշատակ կլինի գալիք ժամանակների համար:
Իհարկե, մենք չենք մոռացել աստվածաշնչյան ամփոփումներից այս մեկը նույնպես. «Այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, եւ այն ինչ կատարվել է, նույնն էլ պիտի կատարվի: Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո…» (Ժողովող 1:9,10): Բայց եւ նոր բան չասելով ու չանելով` մենք պետք է լինենք առաջին շարքում այն ուժերի, մտավորականների, հասարակական-քաղաքական կառույցների, որոնց նպատակն է տեր կանգնել Սյունյաց աշխարհի պատմական ժառանգությանը:
Սրտանց շնորհավորում ենք եռամսյա պարբերականի ստեղծագործական անձնակազմին, ընթերցողին՝ լույս աշխարհ եկող պարբերականի առիթով:
Բարի երթ մեր նոր լրագրին….


Սամվել Ալեքսանյան

Լուսանկարում՝ Սռի եղցին, որտեղ Մովսես Խորենացու ենթադրյալ գերեզմանն է

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36