«Սյունյաց երկիր»-ը 14 տարեկան է

29.09.2017 10:46
1520

Հոկտեմբերի 1-ին «Սյունյաց երկիր» թերթը դառնում է տասնչորս տարեկան:


Շնորհավորում եմ խմբագրակազմի իմ սիրելի գործընկերներին, պարբերականի եւ կայքէջի հազարավոր ընթերցողներին, մաղթում նրանց հաջողություններ՝ ակնկալելով հետագա համագործակցություն:


Շնորհավորանքս եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր անցած տարիներին աշխատել են խմբագրությունում. ասել եմ՝ անկախ ամեն ինչից խմբագրությունն այսօր էլ նրանց համար պապոնց տուն է, հայրենի օջախ, որտեղ, ինչպես ասում է Գուսան Աշոտը, «հիշատակ կա», «կենաց սիրտ կա», «չմարող վառ կրակ կա»:


Շնորհավորանքս բոլոր նրանց, ովքեր ե՛ւ բարոյական, ե՛ւ նյութական աջակցություն են երբեւէ ցուցաբերել թերթին:


Այդ տարիների ընթացքում թերթը, հիրավի, դարձել է Սյունիքի հոգեւոր-մշակութային, հասարակական-քաղաքական կյանքի անքակտելի բաղադրիչը. դա շատերի կարծիքն է:


Հանրապետության գիտական շրջանակներում էլ թերթը վաղուց Սյունիքի նորագույն շրջանի պատմության սկզբնաղբյուրի ընկալում ունի: Իսկ գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի դիտարկմամբ՝ ««Սյունյաց երկիր» թերթն այսօր դարձել է Սյունյաց աշխարհի դեմքը եւ կարող է իր հերթին եղանակ թելադրել ընդհանուր գրական-մշակութային ասպարեզում:


«Սյունյաց երկիր» թերթն այս ձեւով ես տեսնում եմ որպես Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմության» շարունակություն»:


Թերթի գլխավոր նպատակը եղել եւ մնում է նույնը՝ լինել սյունիքյան իրականության ճշմարիտ վավերագրողը, փաստագրողը. այդ առաքելությունը հռչակել ենք դեռեւս 2003 թվականին թերթի անդրանիկ համարում:


Ինքներս մեզ համարել ենք (եւ համարում ենք) մեր փոքր հայրենիքի ե՛ւ տերը, ե՛ւ մշակը, ե՛ւ ծառան ու պատվախնդիրը:


Առաջնորդվել ենք արթուն խղճով, երբեք չենք տառապել ուղղափառությամբ, առավել եւս՝ ուղղափառ անհանդուրժողականությամբ:


Փորձել ենք տեսնել այսօրվա օրը պատմության մեջ, զգալ գալիք օրերի շունչը, տագնապել, մաքառել, հուսալ:


Մեր ընդհանուր թերությունների, բացթողումների, մեղքերի համար առաջինն ենք ամաչել, հոգսերի համար՝ մտահոգվել, հաղթանակների եւ հաջողությունների համար՝ ուրախացել, հպարտություն ապրել:


Երբեք կռիվ չենք փնտրել, այլ՝ միաբանություն, համերաշխություն, միասնություն «սպիտակների» եւ «կարմիրների», հների եւ նորերի, տարբեր հավատամք եւ դիրքորոշում ունեցողների միջեւ:


Մեզ համար կարեւոր է եղել խոսքը, խոսքի մաքրությունը, հայերենի հարստության պատշաճ գործածումը, ոճը, պատասխանատվության զգացումը, փաստերի հավաստիությունը, քանի որ, ինչպես ասված է, երկրի վրա ինչ-որ լինում է՝ լինում է նախ խոսքի մեջ: Եվ, ի վերջո, երկիրը հայրենիք է դառնում խոսքով, նաեւ (ու անպայման) լրագրողական խոսքով, եթե, իհարկե, կարողանում ես խոսքդ կառուցել պատշաճ ձեւով, առանց պարտադրանքի եւ ոչ նման այն աշակերտի, որ ընդամենն առաջադրանք է կատարում: Եվ եթե լրագրողն անկեղծորեն կամեցել է մեր փոքր հայրենիքը, նաեւ մեր հանրապետությունը գոնե մի քիչ բերել իր ուզած տեսքին, ապա իրեն օգնական է համարել բարձր խոսքը: Չգիտեմ՝ կարողացե՞լ ենք այդ բարձրությանը հասնել, թե՞ ոչ, բայց ձգտել եւ ձգտում ենք:


Ու այդ ամենի պատճառով ենք ժամանակ առ ժամանակ հայտնվել ու հայտնվում թիապարտի նստարանին, այդ ամենով ենք դարձել ոչ միայն մեր ժամանակի ճշմարիտ վկան, այլեւ ժամանակը կերտողներից մեկը մարզում:


Թերթն իր կյանքի 15-րդ տարին է թեւակոխում ե՛ւ բարոյապես ու հոգեպես, ե՛ւ տնտեսապես կայուն վիճակում, իր առաքելության ու արժանապատվության հստակ գիտակցումով:


Թերթն իր գործունեության հերթական տարեշրջան է թեւակոխում ստեղծագործական բազում հետաքրքիր եւ սպասված ծրագրերով:


Թերթի լսարանն աստիճանաբար, բայց եւ անընդհատ նոր սահմաններ է ընդգրկում: Միայն վերջին երեք-չորս ամսում կայքէջի ընթերցումների թիվն ամսական վեց հազարից հասել է մոտ երկու հարյուր հազարի (սեպտեմբեր ամսվա արդյունքներով):


Թերթի խմբագրությունը, առանց չափազանցության, անցած տարիներին եղել, հիմա էլ մնում է լրագրողական կադրերի իսկական դարբնոց մարզում: Խմբագրությունում մեկ-երկու տարի աշխատած լրագրողը եւ անգամ մեքենագրուհին (համակարգչային օպերատորը) չափազանց պահանջված են մարզի տարածքային կառավարման մարմնում եւ մարզի խոշորագույն տնտեսվարողի գրասենյակում. բազմաթիվ օրինակներ ունենք:


Բայց մոտ մեկուկես տասնամյակը քիչ ժամանակ չէր, հարկավոր էր դիմանալ մարտահրավերներին, քննություն բռնել տեղեկատվական դաշտի անսահմանության մեջ:


Այդ ընթացքում միայն մարզկենտրոնում հիմնադրվեց եւ փակվեց յոթ պարբերական, որոնք, ի դեպ, գործում էին ֆինանսական ապահովության մեջ եւ իշխանական բարձր հովանու ներքո, բայց «Սյունյաց երկիր»-ը կա եւ գործում է:


Հիմնախնդիրները, այդուհանդերձ, ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ, մեզ ուղեկցել են գրեթե բոլոր տարիներին:


Իսկ այսօր… Անցյալի արգահատելի որոշ դրսեւորումներ՝ առավել գռեհիկ եւ վայրենի արտահայտությամբ, հայտնվել են մեր առօրյայում:


Մարզային իշխանության գլխին հայտնված միջակների եւ պռատների փաղանգը պատերազմ է հայտարարել «Սյունյաց երկրին»: Բայց նրանց գրոհի այս պահին մենք չենք տրվում անհույս տխրության, այլ՝ ինչ-որ առումով, հպարտանում եւ գոտեպնդվում ենք՝ նկատի ունենալով, որ անկախ Հայաստանում մարզային մի լրատվամիջոցի դեմ պայքարելու համար ոտքի են հանվել այդքան ուժեր՝ ֆինանսական եւ իշխանական աներեւակայելի մեծ լծակներով. ուրեմն թերթն իր տեղում է եւ ճիշտ ճանապարհի վրա է:


Եվս մեկ անգամ ասեմ՝ բոլոր այդ ուժերը՝ միասին վերցրած, չեն կարող շեղել-խաթարել պարբերականի կայուն, աներեր, հստակ ընթացքը:


Բայց թերթի հավատամքը եւ անունը՝ ընդօրինակած Պատմահոր ձեւակերպումին, թույլ չեն տալիս, այդուհանդերձ, որ մենք խռովենք, նեղանանք որեւէ մեկից, որեւէ մեկի հանդեպ քինախնդրությամբ լցվենք:


Հրանտ Մաթեւոսյանն է ասում՝ «Նույն տան որդիները կարող են չսիրել միմյանց եւ կարող են նույնիսկ իրենց հորը չսիրել, բայց հայրն իրեն իրավունք չի տալիս նրանց վերաբերմամբ նույնպիսին լինել…»:


Այնպես որ ՝ շատերը կարող են միանալ մեզ հայտարարված պատերազմին (իրենց գործն է), բայց մենք նեղանալ չենք կարող, նրանցից օտարվել չենք կարող, քանի որ բոլորինն ենք, բոլոր սյունեցիներինը, նաեւ մեզ չսիրողներինը, նաեւ մեր մասին անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութեր տարածողներինը:


Այո՛, երբեմն որոշներին կշտամբանք ենք ցույց տալիս, բայց թշնամանք, կույր ատելություն՝ երբեք:


Եվ նման աշխարհայեցողությամբ, ձեզ հետ միասին, սիրելի՛ ընթերցող, ոտք ենք դնում «Սյունյաց երկրի» ստեղծագործ երթի 15-րդ տարում:


Ծնունդդ շնորհավոր, «Սյունյա՛ց երկիր»:


Մի՛ մոռացիր՝ հազարավոր մարդիկ Սյունիքում եւ մարզից դուրս ամեն օր քո խոսքին են սպասում:
Քո ազնիվ ընթացքին՝ անվախճանություն՝ հանուն Սյունիքի եւ Հայաստանի Հանրապետության:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57