«Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված Մովսես Տաթեւացուն (Խոտանանցուն) (շարունակություն)

14.09.2015 12:25
2609

Մովսես Տաթեւացին՝ Հայոց եկեղեցու բարեփոխիչ

Ներսես Ակինյանը, հիմք ընդունելով Գրիգոր Դարանաղեցի ականատեսի վկայությունը, գրում է. «Երբ կը հիմնէր Մովսէս կաթողիկոս վանքեր եւ դպրատուններ, իր գլխաւոր նպատակն էր պատրաստել Եկեղեցւոյ համար հոգելից եւ լուսամիտ առաջնորդներ եւ պաշտօնեաներ: Բայց կային հրապարակի վրայ անթիւ եպիսկոպոսներ, վարդապետներ եւ երէցներ, որոնք ձեռնադրուած նախորդ կաթողիկոսներեն սիմոնականութեամբ, գրաւած էին քաղաքներու եւ գիւղերու մէջ աթոռներ, եւ դարձեալ կը վխտային մէջտեղ բազմաթիւ վանականներ, որոնք հեռացած վանքերէ կը պարապէին վաճառականական գործերով եւ կալուածատիրական ձգտումներով» (Մովսէս Գ. Տաթեւացի Հայոց կաթողիկոսն եւ իր ժամանակը, Վենետիկ-Ս. Ղազար, 1992, էջ 223):

Եվ Մովսեսը, նախեւառաջ, պարտադրեց «անառակ եպիսկոպոսաց» մեկուսանալ անապատներում (բացի առաջնորդ եպիսկոպոսների):

Մովսեսը սրանց դեմ իսկական պատերազմ հայտարարեց, հարկ եղած դեպքում նաեւ բռնի միջոցների դիմեց:

Նա անաչառ էր նաեւ թերուս եւ թափառական վարդապետների հանդեպ:

Անարժան եպիսկոպոսներին ու աբեղաներին համակրում էին գործող կաթողիկոսները եւ հատկապես Մելքիսեդը՝ Մովսեսին սպառնալով բանադրանքով: Դա էլ պատահական չէր. ըստ Գրիգոր Դարանաղեցու՝ հենց Մելքիսեդն ու Դավիթն էին մրցում սուտ եպիսկոպոսներ ձեռնադրելու մեջ, ովքեր, եկեղեցական գործերը թողած, զբաղված էին իրենց ունեցվածքի բազմապատկմամբ: Այնպես որ՝ Մովսեսի բարեկարգություն չէր կարող ընթանալ առանց ընդդիմության:

Խաչատուր վարդապետ Կեսարացու՝ 1642-ին տպագրված Ժամագրքից իմանում ենք, որ Մովսես վարդապետը կարեւոր դեր կատարեց եկեղեցական պաշտամունքի վերանորոգության մեջ: Նա, փաստորեն, Հայոց եկեղեցին պայծառացրեց հարմար եւ հաստատուն ժամակարգությամբ, այսինքն՝ կարգավորեց հասարակաց աղոթքը, վերականգնեց խաթարված կարգերը:

Նրան է պատկանում մի կարգադրություն՝ կապված «Օրհնություն» շարականի հետ: Խաչատուր Կեսարացի վարդապետի վկայությամբ՝ նա սահմանել է օրհնության տասը շարական՝ հենվելով Ստեփանոս Սյունիի պատրաստած տասը պատկերով «Ավագ» օրհնությունների վրա:

Մովսեսը չէր կարող ուշադրության կենտրոնում չպահել թեմերի գործունեությունն ու նրանց ներքին բարեկարգությունը: Այդ նպատակով էլ թեմերի առաջնորդ էր նշանակում իր ձեռքի տակ մարզված առաջնորդներ: Իսկ եթե խոհեմությունը թույլ չէր տալիս փոփոխություններ անել, հրահանգներ էր գրում տեղական առաջնորդներին: Նման հրահանգչական կոնդակների թիվը պիտի որ մեծ եղած լիներ, բայց պահպանվել է միայն Մաղարադայ Ս.Նախակվա վանքին հղած կոնդակը: Ըստ երեւույթին վանքի առաջնորդի եւ ժողովրդի միջեւ հին վեճ է գոյություն ունեցել հատկապես թեմի սահմանների հարցում: Եվ կաթողիկոսը փորձել է կարգավորել այդ վեճը: 1631թ. նոյեմբերի 11-ին գրված կոնդակը, որն իր տեսակի մեջ եզակի է, սույն համարում ներկայացնում ենք ամբողջապես:

Հռոմի հետ հարաբերությունները

Մովսես Տաթեւացուն են վերագրվում Հռոմի հետ ունեցած ինչ-ինչ հարաբերություններ: Դրանց մեծ նշանակություն են տալիս հատկապես հռոմեադավանները՝ փորձելով շահարկել թե՛ նրա անունը, եւ թե՛ համբավը:

Հայտնի է հատկապես Հռոմի պապ Ուրբանոս Ը-ին հղած երկու նամակը: Ցավոք, մինչեւ հիմա այդ նամակներն ըստ պատշաճի եւ բազմակողմանի քննության չեն առնվել:

Մի բան կարող ենք ասել այդ առիթով՝ պետք է տարբերել նամակների մեջ ասված քաղաքավարական արտահայտությունները պաշտոնական դավանաբանական հարցերից: Մովսեսը, որ այնքան ջանք էր թափել Մայր աթոռը բարձրացնելու համար, չէր կարող որեւէ զիջում կատարել հռոմեական եկեղեցուն:

Այդ ամենը, սակայն, չի նշանակում, որ նա փորձ չի արել ձեռք բերելու պապականության բարյացակամությունը: Նա այդ անում էր, մասնավորապես, նոր իրողությունները հաշվի առնելու՝ կապված կաթոլիկ եկեղեցու՝ արեւելքում ունեցած դերակատարությանը, ինչպես եւ Եվրոպայի հայ համայնքների դիրքը պաշտպանելու համար, ասել է թե՝ հայապահպանության շահերից ելնելով: Այդ ժամանակ հատկապես սրված էր Լեհաստանի հայ համայնքի (Լվովի թեմ) վիճակը: Ըստ էության ներեկեղեցական մի քանի հարցերում եւս Մովսեսը կարիք ուներ Հռոմի աջակցության:

Մովսեսը կարող էր անգամ հայտարարել Հռոմի եկեղեցու հետ սիրո միաբանության մասին, բայց Հայոց եկեղեցին սիրո միաբանություն պահպանում էր բոլոր եկեղեցիների հետ:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ միաբանության հարցը միշտ էլ եղել է օրակարգում Քաղկեդոնի տիեզերական ժողովից (451թ.) հետո:

Պետք է հիշել, որ մինչեւ Մովսես Տաթեւացին, Սուրբ Ներսես Շնորհալին էր միաբանական խոսակցություն սկսել Կ.Պոլսի աթոռի հետ՝ Բյուզանդիայի կայսեր միջոցով (Նամականի ԺԲ դար, Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ, Սբ Ներսես Շնորհալի, Ս. Էջմիածին-2011): Եվ ոչ միայն Շնորհալին: Իսկ 1439-ին Ֆլորենցիայում Հայոց եւ Հռոմի եկեղեցիների միջեւ կնքվել էր միաբանական դաշինք:

Միաբանություն ասվածն էլ յուրովի էին ընդունում Հայոց, Հունական եւ Հռոմեական եկեղեցիները:

Ինչպես նշում է Մաղաքիա Օրմանյանը. «Հայոց եկեղեցին միաբանութիւնը հասկացավ միշտ բառին ճիշդ եւ սեղմ նշանակութեամբ: Նա միաբանութիւն ըսելով, ուզեց եկեղեցիներու միջեւ ունենալ հոգեւորական հաղորդակցութիւն, փոխադարձ հարաբերաթիւն, եւ իրարու դիրքին հանդէպ յարգանք. իւրաքանչիւին համար իւր շրջանակին եւ սահմաններուն մէջ ազատութիւն, եւ ամէնուն վրայ տիրապետող քրիստոնէական սուրբ սէրը: Նա երբեք չուզեց հանդուրժել, որ միաբանութիւնը տիրապետութեան փոխուի. եւ մարդորսութեան վերածուի» (Հայոց եկեղեցին, էջ 80):

Հունական եւ Լատինական եկեղեցիները, օգտագործելով իրենց քաղաքական դիրքը, եկեղեցիների միաբանությունն այլ կերպ էին ընկալում: Ավելի ճիշտ՝ միաբանություն ասելով նրանք տիրապետություն էին հասկանում, թեեւ մեթոդները տարբեր էին:

Հայ եկեղեցին, մինչդեռ, երբեք իր ուղղությունը չփոխեց եւ հաստատուն մնաց իր դավանությանն ու վարդապետությանը:

Վերոգրյալ եզրակացություններն ուղղակիորեն վերաբերում են նաեւ Մովսես կաթողիկոսի գործունեության շրջանին:

Այո՛, Մովսեսը բարեկամական հարաբերություններ էր պահպանում Սպահանի եւ Նախիջեւանի ունիթորների (միարարների) հետ:

Այո՛, Մովսեսին Պապի անունից հանձնվեց շուրջառ՝ ի նշան բարյացակամության:

Այո՛, թույլատրվեց, որ երկու եկեղեցիների միջեւ փոխհաղորդակցություն հաստատվի:

Այո՛, Մովսեսի նախաձեռնությամբ «Ո՜վ հրաշալի նախահարք» շարականի հինգ հնավանդ տներին ավելացված երեք տոնը 1629-ին կամ 30-ին հանվեց, որ նզովք է եղել Քաղկեդոնի ժողովին:

Եվ, այդ բոլորով հանդերձ, կարելի է առանց վերապահումի ասել՝ Հայոց եկեղեցին Մովսես Գ Տաթեւացու գահակալության շրջանում հավատարիմ մնաց Նիկիայի տիեզերական ժողովի (325), Կ.Պոլսի տիեզերական ժողովի (381), Եփեսոսի տիեզերական ժողովի (431) որոշումներին եւ որեւէ զիջումի չգնաց դավանության ու վարդապետության հարցերում: Որեւէ փոփոխություն չեղավ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայոց եկեղեցու որդեգրած դիրքորոշման մեջ, որ արտահայտվել էր Դվինի 506թ. ժողովում. այդ ժողովում Հայաստանյայց առաքելական եկեղեցին հավատարիմ էր մնացել առաջին երեք տիեզերական ժողովների վարդապետությանը՝ դատապարտելով Քաղկեդոնի տիեզերաժողովի (451) որոշումները:

Իսկ ի՞նչ էին վճռել երեք տիեզերաժողովները:

Ըստ Մաղաքիա Օրմանյանի՝ «Երեք նախընթաց ժողովներ վճռեցին Յիսուսի Քրիստոսի աստուածութիւնը, Հոգւոյն Սրբոյ աստուածութիւնը եւ Մարդեղութեան իսկութիւնը, որ է աստուածութեան եւ մարդկութեան միաւորութիւնը: Երեք ժողովներու վճիռներով լրացած էին հիմնական հաւատալիքները, որ քրիստոնէական կրոնքին իսկութիւնը եւ իւր էական խորհուրդները կը կազմեն՝ Երրորդութիւն, Մարդեղութիւն եւ Փրկագործութիւն» (Հայոց եկեղեցին, էջ 132):

Փորձենք շատ համառոտ համեմատել Սուրբ Երրորդության, Մարդեղության հանդեպ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու եւ Մովսես Տաթեւացու կարծիքները:

Գրիգոր Նարեկացի (ըստ «Մատյան ողբերգության» պոեմի)

«Խոստովանում, դավանում ենք,

Պաշտում ենք ու երկրպագում

Ամենասուրբ Երրորդության

Միասնությունը զուգափառ… » (էջ 206):

Կամ՝ «Լիակատար մարդ եւ անպակաս աստվածություն», «Մեկը երեք անձնավորությունից». սա էլ Որդու մասին է (էջ 208):

Կամ՝ «Մշտապես օրհնում, բարեբանում ենք

Հոր եւ Որդու հետ

Նրանց էակից Հոգուն» (էջ 210):

Ներսես Շնորհալի (ըստ Հոռոմների թագավոր Մանուելի խնդրանքով գրված նամակի)

«Խոստովանում ենք… Հոր առանձնավորական հատկությունը՝ (որ Նա) անծին է եւ անսկիզբ, եւ Որդունը՝ որ անսկիզբ Հոր անստեղծ եւ անժամանակ ծնունդ է, այլեւ Հոգունը՝ որ Հորից անճառ բխում, ելում եւ արտառաքում է»:

«Խոստովանում ենք նաեւ, որ այս երեք Անձերը մեկ աստվածություն են ժողովված ու միավորված՝ ո՛չ որպես միմյանցից բաժան, այլեւայլ բնություններ… այլ հավատում ու ճանաչում ենք, որ Ամենասուրբ Երրորդությունը մեկ բնություն, մեկ տերություն, մեկ զորություն եւ մեկ փառք ունի»:

«…. Անձերը երեք ենք դավանում, երեքից ո՛չ ավել, ո՛չ պակաս, եւ բնությունը՝ մեկ եւ ոչ թե երեքի բաժանված՝ ըստ անձերի: ….Երեք համապատիվ (Անձերից) ոչ մեկն Իր հետ կարգվածներից մեծ չէ բնությամբ….»:

Հիմա՝ Մովսեսի դիրքորոշման մասին:

Ուրբանոս Ը պապին գրված երկրորդ նամակում Մովսեսը, իբրեւ կաթողիկոս, այսպես է դիմում. «Հիսուսավանդ ողջույն եւ սուրբ համբույր ենք (մատուցում)…. մեծությանդ իբրեւ պաշտոնակցի ու գործակից հոգեւոր հոր եւ եղբոր….»:

Այնուհետեւ՝ «Մի է Քրիստոսի եկեղեցին, եւ մի է եկեղեցին»:

Ապա գրում է՝ «մեկ է Տերը, մեկ է հավատը, մեկ է մկրտությունը….»:

«Հավատով Ընդհանրական եկեղեցունն ենք, ու նզովում ենք բոլոր հերձվածողներին….»:

«….Մեր կողմերում եւս ազգությամբ հայ եւ դավանությամբ ֆռանկ շատ քրիստոնյաներ կան, մենք նրանց…. իբրեւ եղբայր ենք ընդունում եւ մեծարում»:

Իսկ առաջին նամակում, որ գրվեց Խաչատուր Կեսարացու եւ Արիստակես վարդապետի հետ միասին, Մովսեսը հիշեցնում է հայերի ու լատինների միջեւ, դեռեւս Հռոմի սուրբ Սեղբեստրոս պապի եւ Գրիգոր Լուսավորչի ժամանակից, եղած հնավանդ սիրո մասին: Նաեւ հորդորում է՝ «մեկմեկու սիրենք հոգեւոր սիրով»:

«Մենք ոչ թե հերետիկոս կամ հերձվածող ենք, ինչպես կարծում եք դուք, այլ ուղղափառ ենք, համաձայն մեր հոգեւոր հայրերի դավանության, եւ անուն առ անուն նզովում ենք բոլոր հերետիկոսներին….»:

Խոսելով Քրիստոսի բնության մասին, Մովսեսը գրում է. «Մենք ասում ենք՝ մեկ անշփոթ բնություն, եւ դուք ասում եք՝ երկու անբաժանելի բնություն, եւ երկու խոսքերի իմաստը նույնն է, եւ ճշմարիտ է»:

Այնուհետեւ՝ «Իսկ տարվա տոների եւ պահոց օրերի ետեւառաջությունը վնասակար չէ, որովհետեւ ազգային ավանդույթներն են, որոնք (կարող են) այսպես կամ այնպես լինել»:

Եվ այդուամենայնիվ՝ «մենք ընթանանք սիրո հետ»:

Ինչպես տեսնում եք՝ ոչ մի զիջում դավանության ու վարդապետության հարցում:

Եվ, այդուհանդերձ, մի քանի հարցի ճշտման եւ հետազոտման կարիք ունենք:

Իբր 1625-ին Մովսես արքեպիսկոպոսը եւ նրա պաշտոնյաները ծածուկ, վկաների առջեւ, հավատքի դավանություն են տվել Կաթողիկե (կաթոլիկ) եկեղեցուն: Իբր 1630-ին Մովսես կաթողիկոսը եպիսկոպոսական ժողով է գումարել Հռոմի եկեղեցու հետ եկեղեցական հաղորդակցության վերաբերյալ: Ի դեպ, հայ աղբյուրները եւ ժամանակագիրները տեղյակ չեն Մովսես կաթողիկոսի կողմից գումարված նման մի ժողովի, առավել եւս՝ ծածուկ հավատքի դավանության մասին:

Լվովի հայ թեմի խնդիրը

Մովսես Տաթեւացու կաթողիկոսությունը, ինչպես ասացինք, համընկավ Լվովի հայ թեմի դեմ պապականության եւ Լեհաստանի կաթոլիկների գրոհի սաստկացմանը:

17-րդ դարի առաջին կեսին Հայ եկեղեցու դեմ ձեռնարկած կատաղի գրոհներում կաթոլիկ եկեղեցին օգտագործեց բարձրաստիճան հայ հոգեւորականությանը:

1626թ. Էջմիածնից փախած կաթողիկոս Մելիքսեդեկն ապաստան գտավ Լվովում: Այնտեղ նա լեհահայության եպիսկոպոսի ընտրությունը վերածեց խայտառակ դրամաշորթության: Մեծ կաշառք ստանալով լվովահայ մեծահարուստ Թորոսովիչների ընտանիքից՝ նա տեղի հայ հասարակությունից գաղտնի 1627թ. հունվարի 8-ին եպիսկոպոս ձեռնադրեց 21-ամյա Նիկոլ (Նիկոլայ, Նիկողայոս) Թորոսովիչ աբեղային եւ նրան նշանակեց լեհահայ թեմի առաջնորդ. Լվովի թեմը թափուր էր 1625 թվականից:

Այդ գործարքը մեծ զայրույթ առաջացրեց հայ բնակչության մեջ: Ոչ միայն Լվովի, այլեւ մյուս բոլոր քաղաքների հայերը վճռականորեն հրաժարվեցին Նիկոլին ճանաչել որպես թեմի օրինական առաջնորդ: Զայրացած բնակչությունը գրավեց Լվովի հայոց եկեղեցին եւ Թորոսովիչին թույլ չտվեց այնտեղ մտնել: Իսկ քաղաքի հայոց դատարանը, Էջմիածնի կաթողիկոսարանի նվիրակ Խաչատուր Կեսարացի վարդապետի մասնակցությամբ, նիստ գումարեց, որպեսզի դատի Նիկոլին: Խաչատուր վարդապետը, սակայն, փորձում է հաշտեցնել երկու կողմին՝ ամբողջ գաղութը փրկելու համար: Լվովի հայ ավագները մերժում են վարդապետի այդ միջամտությունը: Նիկոլն էլ իր հերթին սպառնում է դիմել արքունի դատարան եւ հարկադրել՝ իրեն հնազանդվելու:

Լեհահայերի զայրույթի պատճառը ոչ միայն եպիսկոպոսի անօրինական ու խարդախ ճանապարհով ձեռնադրվելն էր, այլեւ Նիկոլի թեկնածության միանգամայն անընդունելի լինելը:

Պայքարի ամենասուր պահին Նիկոլին օգնության հասան ճիզվիտները եւ քաղաքային իշխանությունները, որոնք, օգտվելով հարմար առիթից, փորձեցին հարվածել հայ գաղութին, սահմանափակել նրա իրավունքները, վերացնել հայերի առեւտրական ու տնտեսական մրցակցությունը:

Հռոմի եկեղեցու գործակալները Նիկոլին խոստացան օգնություն ցույց տալ միայն այն դեպքում, եթե վերջինս ընդունի կաթոլիկություն:

Նիկոլն ընդունում է այդ պայմանը, որից հետո ճիզվիտները, եւ Լվովի քաղաքային իշխանությունը զինված ուժի միջոցով հայերին ստիպեցին թողնել եկեղեցին ու հանձնել ապօրինի եպիսկոպոսին:

Լվովցի հայերն իրենց ներկայացուցչին ուղարկեցին Էջմիածին՝ Մովսես կաթողիկոսի մոտ, եւ խնդրեցին նրա օգնությունը: Մովսեսը նամակով դիմեց Լեհաստանի Վլադիսլավ թագավորին, լեհերի արքեպիսկոպոսին, Հռոմի պապին եւ խնդրեց չնեղել լեհահայերին ու եկեղեցին վերադարձնել նրանց: Ստանալով կաթողիկոսի նամակը՝ Վլադիսլավ թագավորը հրամայում է եկեղեցին վերադարձնել հայերին, սակայն ճիզվիտներն ամեն կերպ դիմադրում են՝ հայտարարելով, որ թագավորն աշխարհիկ իշխանավոր է, իսկ եկեղեցին պատկանում է Հռոմի պապին, հետեւաբար միայն պապն է իրավասու տնօրինելու այդ հարցը:

Կաթոլիկ եկեղեցու եւ ճիզվիտների կողմից քաջալերվելով՝ Նիկոլ Թորոսովիչը հրաժարվում է հնազանդվել հայ ինքնավար մարմիններին եւ սկսում անխնա վատնել եկեղեցու հարստությունները:

Ճիզվիտները եռանդուն գործունեություն են սկսում լեհահայերի եկեղեցական միությունն իրականացնելու նպատակով: Հռոմի թելադրանքով եւ օգնությամբ նրանք ձգտում են կաթոլիկական դավանանքը հայերի մեջ տարածել իրենց իսկ՝ հայերի միջոցով: Այդ նպատակով Լվովում հիմնվում է դպրոց՝ հայոց եկեղեցու համար սպասավորներ պատրաստելու նպատակով:

Խտրություն չդնելով միջոցների միջեւ՝ կաթոլիկները փաստորեն իրենց ձեռքը վերցրին Լվովի հայոց եկեղեցու կառավարման գործը:

Նիկոլ Թորոսովիչի մահից հետո Լվովի հայ եկեղեցու առաջնորդ ձեռնադրվեց Վարդան Հունանյանը, ով 1689թ. հոկտեմբերի 10-ին պապական նվիրակ Գանդելմիի նախագահությամբ հրավիրեց լեհահայ եկեղեցու ժողով, որտեղ էլ Լեհաստանի եւ Արեւմտյան Ուկրաինայի հայոց եկեղեցին պաշտոնապես եւ վերջնականապես հայտարարվեց Էջմիածնի մայր աթոռից անկախ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացված:

Մոտ կես դար տեւեց լեհահայերի պայքարը Հռոմի եւ Լեհաստանի կաթոլիկական ռեակցիայի միացյալ ուժերի դեմ: Թեեւ պայքարը տեղի էր ունենում եկեղեցու եւ դավանանքի շուրջ, սակայն իր էությամբ ազգապահպանության համար մղվող պայքար էր:

Հիմա՝ դարեր անց, մի հարց շարունակում է հնչել՝ կարո՞ղ էր Մովսես Տաթեւացին Լվովի հայ թեմի խնդիրը լուծել հօգուտ Հայ առաքելական եկեղեցու եւ կասեցնել կաթոլիկության տարածումը Լեհաստանի եւ Ուկրաինայի գաղթօջախներում:

Այդ հարցը, ըստ էության, մեկ պատասխան ունի՝ չէր կարող, թեեւ իրենից կախված ամեն ինչ արեց:

Դրվագներ համարի նախապատրաստության ընթացքից

1625 թվականն էր, երբ Խոտանան գյուղում ոմն գրիչ՝ Ղազար անուն, պատգամեց իր ժամանակակիցներին ու գալիք սերունդներին. «Արդ աղաչում եմ բոլոր հայրերին ու եղբայրներին, վարդապետներին ու քահանաներին, իմաստասեր գիտուններին…., ձեր մաքրափայլ աղոթքներում հիշեցեք սրբասնունդ ու պատվական Մովսես վարդապետին եւ նրա ծնողներին»:

Հետագայում, սակայն, տարբեր պատճառներով, այդ պատվիրանը չկատարվեց պատշաճ ձեւով, իսկ խորհրդային տարիներին գրեթե մոռացության մատնվեց Հայոց մեծ Մովսեսը: Դրա լավագույն վկայությունը կարող է լինել Հայկական սովետական հանրագիտարանը, որտեղ այսպես է ներկայացված. «….ծն.թ.անհտ.-1632, Հայոց կաթողիկոս 1629-ից: Հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցուն: Մինչեւ կաթողիկոս ձեռնարդրվելը հիմնադրել է Հարանց անապատի եւ Հովհանավանքի դպրոցները, զբաղվել հայկ. դպրոցների բարեկարգման հարցերով: Օգտագործելով պարսից Շահ Աբաս 1-ի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները՝ Էջմիածնի վանքն ազատել է հարկից, վերանորոգել վանքը, վեհարանը, պարիսպները, օժանդակ կառույցները: Թաղվել է Երեւանի Կոզեռնի գերեզմանոցում» (հ. 8, էջ 40):

Մոռացության փոշին մաքրելու համար էլ , ինչպես նշեցինք, հրատարակում ենք «Սյունյաց երկրի» սույն համարը:

Կատարված աշխատանքներից մի քանիսն արժանի ենք համարում հիշատակել:

Առաջին. Մովսես Տաթեւացու դիմապատկերը ժամանակին չի ստեղծվել: Նման փորձեր արվել են վերջին տարիներին, եւ հիմա ունենք չորս տարբերակ, երեքը՝ Սուրբ Զորավոր եկեղեցու նախաձեռնությամբ հորինված: Սակայն դրանով չենք բավարարվել, եւ ստեղծել ենք մի նոր դիմանկար: Հեղինակը կապանցի գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանն է: Դիմանկարը ստեղծելու համար հիմք են ընդունվել բազմաթիվ սկզբնաղբյուրներում տեղ գտած նկարագրությունները եւ առաջին հերթին ոմն գրիչ Ստեփանոսի 1655թ. մի հիշատակություն (Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ, հ. Գ., Երեւան, 1984, էջ 648): Օգտակար էին նաեւ Եսայի Կարճեւանցու հիշատակությունները: Դիմանկարը զետեղվել է սույն համարի 1-ին էջում (շապիկի վրա):

Երկրորդ. Երեւանի պետական համալսարանի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի եւ հատկապես ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի աջակցությամբ, կարելի է ասել առաջին անգամ, ստեղծվել է Մովսես Տաթեւացու մատենագիտությունը: Հեղինակը տեր Արարատ քահանա Պողոսյանն է, ով Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2013թ. նոյեմբերի 1-ից Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամարա Մանուկյան» մատենադարանի տնօրենն է:

Պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանին եւ Արարատ քահանա Պողոսյանին մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Մինչ այդ Մովսես Տաթեւացու մատենագիտությունը ստեղծելու փորձ է արել տաթեւացիագիտության երախտավորներից մեկը՝ Ներսես վրդ Ակինյանը՝ «Մովսէս Գ. Տաթեւացի Հայոց կաթողիկոսն եւ իր ժամանակը» հիմնարար աշխատության մեջ (Վիեննա, Մխիթարեան տպարան, 1936):

Երրորդ. խնդիրներից մեկն էլ հայոց մեծահամբավ այդ վարդապետի շիրիմի հարցն է, որը, կարելի է ասել, շարունակում է մնալ անհայտության մեջ:

Մովսես Տաթեւացու շիրիմի շուրջ ստեղծված վիճակի հանդուրժումը մեր օրերում, հիրավի, բացատրություն չունի այլեւս: Այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նամակ հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ առաջարկելով պատշաճ վերաբերմունք մատուցել Մովսես Տաթեւացու շիրիմին՝ նվիրական այդ վայրը բարեկարգելով, ուխտատեղին վայելուչ տեսքի բերելով: Որպես խնդրի լուծման մեկ այլ տարբերակ՝ նշվել է Մովսես կաթողիկոսի՝ Սուրբ Էջմիածնում կամ Տաթեւի վանքում վերաթաղելու տարբերակը (նամակը հրապարակվում է թերթի սույն համարում, մինչ այդ հրապարակվել է «Սյունյաց երկրում», N14 (357), 15 մայիսի 2015թ.):

Չորրորդ. մի հարց եւս, որ ավելի պարզաբանվեց ու հստակեցվեց:

Մեզանում ընդունված է, որ Մովսես Տաթեւացին Հայոց ազգային-եկեղեցական վերջին սուրբն է: Այդ մասին նշված է նաեւ «Ամենայն հայոց կաթողիկոսները» ժողովածուի Ա պրակում (Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2008), ինչպես եւ մի շարք այլ գրքերում: «Վարք սրբոցը» եւս (Երեւան, 1988) հաստատում է այդ իրողությունը՝ նշելով. «Հայ եկեղեցու կողմից կանոնացված վերջին սուրբն է, որն այդ պատվին է արժանացել իր բեղուն հոգեւոր գործունեությամբ ու մի շարք բարենորոգությունների համար, որովհետեւ դրանք իրագործվել են մեր եկեղեցու անկումային, կարելի է ասել ամլացած տարիներին»:

Այդ բոլորով հանդերձ, հարցի վերաբերյալ ոչ միանշանակ կարծիք է եղել մատենագիտության մեջ:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ս.թ. ապրիլի 23-ին, երբ սրբադասվում էին Հայոց ցեղասպանության նահատակները, մեր հոգեւոր հայրերի աղոթքներում եւ խոսքերում քանիցս վերահաստատվեց փաստը, որ Մովսես Տաթեւացին, իսկապես, եղել է Հայոց ազգային-եկեղեցական վերջին սուրբը: Վկայակոչվեց Սիմեոն Երեւանցին, ով առաջինն էր պաշտոնապես հռչակել այդ գնահատությունը:

Սիմեոն Երեւանցին, ով Հայոց կաթողիկոս էր 1763 թվականից, լրացրել, կարգավորել եւ հրապարակել է հայ եկեղեցու «Տօնացոյցը» (հ. 1-2)՝ նպատակ ունենալով միաձեւություն մտցնել ծեսերի ու արարողությունների մեջ (գործադրվել է 1777-ից), որտեղ էլ նշվել է Մովսես Տաթեւացու անունը:

Սիմեոն կաթողիկոս Երեւանցու այդ գնահատությունը հանդիպում ենք նաեւ նրա կոթողային «Ջամբռ» գրքում (Վաղարշապատ, 1873, էջ 21). «Սա էր այր հոգեընկալ, առաքինազարդ, եւ բնակարան շնորհած Հոգւոյն սրբոյ, սիրեցեալ յԱստուծոյ եւ ի մարդկանէ, որ ի նստիլն յԱթոռս սուրբ, որպէս թէ նոր ի նորոյ ի հիմանէ նորոգեաց զսուրբ Աթոռս եւ պայծառացոյց հոգեւորական կարգօք եւ մարմնական պիտոյիւք: Որ գրեթէ զկնի Լուսավորիչին մերոյ եւ թոռանց նորին եւ թարգմանչացն մերոց, յայլոց Հայրապետացն ոչ ոք եղեւ երախտաւոր եւ բարերար սրբոյ Աթոռոյս եւ Ազգիս մերոյ նման սորին»:

Հարցը, սակայն, դրանով չի փակվում, մանավանդ որ մի շարք պատմագիրներ, այդ թվում Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը (Ազգապատում) պնդում է. «….ոչ տօնացոյցը եւ ոչ յասմաւուրքը չեն արձանագրած»: Ավելի ճիշտ՝ Մաղաքիա Օրմանյանը երկակի մոտեցում է ցուցաբերում. մեկ վկայակոչում է Ավետիս վարդապետ Պերտերյանի «Պատմություն հայոցը» (Կ.Պոլիս, 1871, էջ 1), մեկ էլ թերահավատություն ցուցաբերում (Ազգապատում, հ. 2, էջ 3587):

Շնորհք արքեպիսկոպոս Գալստյանը «Հայազգի սուրբերը» աշխատության մեջ նույնպես այլ կարծիք է հայտնում. «Հայ եկեղեցու եւ ազգի իսկական վերազարթնումը սկսվեց Մովսես կաթողիկոսով, ուստի միջնադարից դուրս գալուց հետո արդի ժամանակների մեր երախտիքին արժանի եւ մեծ դեմքերի շարքը բացում ենք իրենով, որը թեեւ ամեն ինչով արժանի էր տոնելի սրբոց շարքն անցնելու, բայց, դժբախտաբար, չի անցել»:

Սբ Զորավոր եկեղեցու ծիսական խորհրդի նախաձեռնությամբ հրատարակված «Տաթեւացուց մինչեւ Տաթեւացի» գրքույկում (Երեւան, 2002) նշվում է. «Մովսես Տաթեւացու, նրա աշակերտների՝ Փիլիպոս Սքանչելագործի եւ այլոց, նաեւ Տաթեւացու ընկերակից Պողոս Մոկացու եւ… Հարանց անապատի հայրերի՝ սրբոց դասում չկարգվելը պայմանավորված է եղել զուտ այն պատճառով, որ Սբ Գրիգոր Տաթեւացուց հետո, այդ երկդարյա «խավարի» շրջանում, սրբոց կարգին դասելու կանոնակարգը մոռացվել, անտեսվել եւ կորել է՝ դրա չկիրառման եւ համապատասխան անձանց բացակայելու հետեւանքով, իսկ նշված այրերը, ըստ պատմիչների, բոլոր արժանիքներն ունեին սրբոց շարքում դասվելու» (նշված գրքույկի էջ 19):

Առկա տարակարծությունը հուշում է, որ դեռեւս անելիք ունենք «Տօնացոյցի» ուսումնասիրության ուղղությամբ:

Ավելի հստակ է եղել Մովսես Տաթեւացու հիշատակի հանդեպ եկեղեցու վերաբերմունքը: Մայիսի 14-ը նրա հիշատակի օրն է: Նրա անունը հիշվում է սուրբ պատարագի ժամանակ՝ մեծամեծ սրբերի, եռամեծ հովիվների ու հովվապետերի շարքում:

Ահա թե ինչ է ասում այդ կապակցությամբ Մաղաքիա Օրմանյանը. «….Մեծագույն եւ բացառիկ պատիվ է արել եւ անում նրան եկեղեցին՝ նրա անունը հանապազօր հիշելով Պատարագի մեջ՝ եռամեծ հովվաց եւ հովվապետաց կարգում, եւ կցելով նրան մի ուրիշ լուսավոր անվան՝ զույգ հիշատակում է անում Գրիգոր եւ Մովսես Տաթեւացիների անունները, քանզի Մովսեսն էլ Գրիգորի համանման՝ եղավ լուսատու տանս Արամյան» (Ազգապատում):

Հինգերորդ. ամենամեծ անելիքը, սակայն, եղել եւ մնում է Մովսես Տաթեւացու կյանքի եւ գործունեության այն հատվածի ուսումնասիրման, հետազոտման ոլորտում, որ կապված է Հռոմի եկեղեցու հետ նրա առնչություններին եւ, առհասարակ, դավանաբանական մի քանի սկզբունքային հարցերի հանդեպ նրա դիրքորոշման հետ:

Այսօր էլ այդ հարցերը շահարկվում են, քանի որ հրապարակի վրա առայժմ (եւ հիմնականում) հռոմեադավան պատմագիրների խոսքն է:

Սակայն դա այն հարցը չէ, որ կարողանայինք հիմնովին ու սպառիչ լուծում տալ «Սյունյաց երկրի» սույն համարի պատրաստման շրջանակում:

Վեցերորդ. Մովսես Տաթեւացուն առնչվող գիտական գրականության գերակշռող մասը ոչ արդի հայերենով է, ինչը մեզ մեկ այլ խնդրի առջեւ կանգնեցրեց: Անհրաժեշտ եղավ, որ որոշ գործեր, գոնե մասնակիորեն, փոխադրենք արդի հայերենի, որպեսզի ընթերցողին առավել հասկանալի դարձնենք մատուցվող նյութը: Եվ մեր թերթի վաղեմի բարեկամ Հակոբ Քյոսեյանի միջոցով արդի հայերենի փոխադրեցինք մի շարք նյութեր:

Ահա դրանք՝

1. Ղեւոնդ վարդապետ Ալիշան, Սիսական, հատվածներ,

2. Միքայել վարդապետ Չամչյան, Հայոց պատմություն, հատված,

3. Զաքարիա Քանաքեռցի, Մովսես կաթողիկոսի (կյանքի) կարճ պատմությունը,

4. Գրիգոր վարդապետ Կամախեցի (Դարանաղեցի), Ժամանակագրություն, հատված,

5. Զաքարիա Էջմիածնեցի (Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ, հ. Բ, Երեւան, 1978, էջ 175-176),

6. Գրիչ՝ Ղազար, վայր՝ Խոտանան (Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ, հ. Բ, Ե., 1978, էջ 177-179),

7. Գրիչ՝ Եսայի սարկավագ, վայր՝ Երեւան (Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ, հ. Բ, Ե., 1978, էջ 177-179),

8. Գրիչ՝ Ստեփանոս քահանա, վայր՝ Էջմիածին (Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ, հ. Գ, Ե., 1984, էջ 648),

9. Թուղթ Մովսէս Գ. կթղ.-ի, Խաչատուր եպս. Կեսարացիի եւ Արիստակէս վրդ.-ի առ Ուրբանոս Ը. պապ (1626, օգոստոսի 17), (Կարապետ եպս. Ամատունի, Ոսկան վրդ. Երեւանցի եւ իր Ժամանակը, Վենետիկ, Ս. Ղազար, 1975),

10. Թուղթ Մովսէս Գ. կթղկս.-ի առ Ուրբանոս Ը. պապ (1632, օգոստոս 19), (Կարապետ եպս. Ամատունի, Ոսկան վրդ. Երեւանցի եւ իր Ժամանակը, Վենետիկ, Ս. Ղազար, 1975),

11. Կարապետ եպս. Ամատունի, Մովսէս Գ. Տաթեւացի Կաթողիկոս Էջմիածնի, հատվածներ, Վենետիկ, Ս. Ղազար, 1992,

12. Հ. Ներսես Վ. Ակինեան, Մովսէս Գ. Տաթեւացի Հայոց կաթողիկոսն եւ իր ժամանակը, հատվածներ, Վիեննա, 1936:

Գրական ժառանգությունը

Մովսես Տաթեւացին, որ իր ամբողջ կյանքը նվիրել է քարոզչական, ուսուցչական, շինարարական եւ վարչական գործունեության, չէր կարող զբաղվել նաեւ զուտ մատենագիտությամբ: Ինչպես Ներսես Ակինյանն է նշում. «Իր գրքերն են իր աշակերտները, իր շինարարական գործերը, ամբողջ հայ կեանքի վերազարթնումն եւ հայ Եկեղեցւոյ կազամկերպումն: Զարմանալի է, որ անոր ձեռքով գրուած եւ ոչ մէկ ձեռագիր ծանօթ է հրապարակի վրայ. թէպէտ կան անոր հրամանով գրուած գրչագիրներ»:

Այդունահանդերձ կարող ենք ասել, որ նա մեծ թվով գրական ժառանգություն է թողել: Այդ շարքում, իհարկե, առաջինը «Ողբ ի մահն Սրապիոն վարդապետի» ստեղծագործությունն է՝ գրված մասամբ արձակ եւ մասամբ չափածո: Նվիրված է Սրապիոն վարդապետ Ուռհայեցուն, ով 1603-ին օծվեց Էջմիածնի կաթողիկոս իբրեւ Գրիգոր ԺԳ, բայց 1606-ին հրաժարվեց ու վերադարձավ Ուռհա, եւ նույն տարում մահացավ Ամիդում: Սրապիոնը Մովսեսի ուսուցիչն էր: Մովսեսն այդ ողբի մեջ արտահայտում է իր զգացմունքները սիրելի ուսուցչի մահվան կապակցությամբ:

Նրա մատենագիտական ժառանգության մաս են կազմում հետեւյալ փաստաթղթերը՝ Թուղթք առ Ուրբանոս Ը, Թուղթ առ Վլատիսլաւ թագաւոր, Թուղթ առ Գրիգոր Կեսարացի, Թուղթ առ Աւգոստինոս Բաջենց, Թուղթք երկու առ Գրիգոր Վ. Դարանաղցի, Օրհնութիւն եւ Քաղուածք տօնից եւ տէրունականաց եւ ամենայն սրբոց, Կոնդակ Մաղարադայ վանքի: Ըստ Հրաչյա Աճառյանի՝ Մովսեսը հեղինակ է նաեւ մի գանձի ու մի տաղի:

Տարակարծություններ մի քանի տարեթվերի հարցում

Տարակարծություններ կան Մովսես Տաթեւացու կյանքի եւ գործունեության մի քանի տարեթվերի հարցում:

Դրանց մի մասում հստակություն մտցնելը, կարծում ենք, անհրաժեշտ է:

Նախ՝ ծննդյան թվականի մասին: Ըստ շրջանառվող առաջին վարկածի՝ ծնվել է 1577 կամ 78 թվականին: Իբրեւ հիմք կարող ենք վկայակոչել «Վարք սրբոց» գիրքը, Հայ եկեղեցու հանրագիտարանը… Կարող ենք վկայակոչել Կարապետ եպիսկոպոս Ամատունուն, Ներսես Ակինյանին եւ այլոց:

Երկրորդ վարկած. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կարծիքով՝ երբ 1600թ. աբեղա եւ քահանա ձեռնարդվեց՝ 15 տարեկան էր, ասել է թե՝ ծնվել է 1585թ.:

Կա նաեւ երրորդ վարկածը, ըստ որի՝ ծնվել է 1573 թվականին: Այդ վարկածի համար հիմք են ծառայում մի քանի ձեռագրեր: Օրինակ՝ «Ժողովածու» կոչվող ձեռագիրը (վայր՝ Էջմիածին, ստացող՝ Մովսէս աբեղա): Սույն ստացողն էլ հիմք է ընդունել N507 ձեռագրի հիշատակարանի վկայությունը: Դրա համաձայն՝ Մովսես Տաթեւացու մահը տեղի է ունեցել 1633թ. մայիսի 21-ին (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 6):

Մովսեսի՝ 1633թ. մայիսի 21-ին 60 տարեկանում մահանալու մասին է վկայում «Ճաշոց» կոչվող ձեռագիրը (վերը նշված հիշատակարանի էջ 646-650), որտեղ նշված է նաեւ՝ ծնվել է 1573 թվականին:

Մահվան տարեթիվը. քիչ առաջ մատնացույց արեցինք երկու աղբյուր, որոնց համաձայն Մովսեսը մահացել է 1633թ. մայիսի 21-ին: Մյուս կողմից՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական պատմագրությունը կողմնակից է վարկածին, որի համաձայն Մովսեսը մահացել է 1632թ. մայիսի 14-ին: Ի դեպ, Հրաչյա Աճառյանն էլ (Հայոց անձնանունների բառարան, Երեւան, 1946) մահվան տարեթիվ է համարում 1632-ը:

Մահվան տարեթվի երրորդ տարբերակի հիմք է Ուրբանոս Ը պապին հղած երկրորդ նամակը, որի տակ նշված է՝ 1632, օգոստոս 19, ինչը նշանակում է, որ այդ տարվա մայիսի 14-ին նա չէր կարող մահացած լինել: Նամակն ավարտվում է այսպիսի տողով. «Ես Մովսէս կաթողիկոս գրեցի ձեռամբ իմով»: Դրանից հետո՝ նույն տարվա օգոստոսի 30-ին, Մովսեսը նամակ է հղել Լեհաց Վլադիսլավ թագավորին:

Մովսեսի ժամանակակիցը՝ Գրիգոր վարդապետ Կամախեցին (Դարանաղեցին), իր Ժամանակագրության մեջ նշում է 1633 թվականը՝ գրելով նաեւ, որ «Սուրբ Գրիգորի աթոռին նստեց չորս տարի»:

Ներսես վարդապետ Ակինյանն էլ Մովսեսի մահվան տարեթիվ է համարում 1633թ. մայիսի 21-ը՝ նշելով՝ «Մենք ստուգագոյն կը համարենք Մովսիսի մահուան տարին եւ օրը՝ 1633 մայիսի 21, այն է՝ ըստ նոր տօմարի՝ մայիսի 31»:

Ղեւոնդ Ալիշանն էլ մահվան տարեթիվ է համարում 1633թ. մայիսի 14-ը:

Հատկապես մահվան տարեթվի շուրջ առկա խառնաշփոթը տարակարծություն է առաջացրել նաեւ Մովսեսի կաթողիկոսության ժամանակի հարցում: Առաջին վարկած՝ կաթողիկոսության մեջ մնաց երեք տարի չորս ամիս: Երկրորդ վարկած, որ առավել հավանական է, կաթողիկոսության մեջ մնաց չորս տարի չորս ամիս:

Հիացական արտահայտություններից եւ գնահատականներից մի քանիսը

Մովսես Տաթեւացու կյանքի, գործունեության, նաեւ մարդկային նկարագրի մասին պատկերացումն ամբողջացնում են դրվատանքի, գնահատանքի անթիվ արտահայտությունները, որ հանդիպում ենք մատենագիտության մեջ:

Դեռեւս կենդանության օրոք էր արժանացել «Երկրորդ լուսավորիչ հայոց» պատվանունին: Եվ դա, կարելի է ասել, նրա գործունեության ամենաբարձր գնահատականն էր:

Հիշենք մի քանի բնութագրական արտահայտություններ եւս:

Առաքել Դավրիժեցի

«Եվ Մովսես կաթողիկոսը Սյունյաց երկրից, որ եղավ լուսավորիչ մեր երկրի արեւելյան մասի համար եւ նորոգող Սուրբ Էջմիածնի….»:

«….Մեծահավատ սուրբ հայրապետ Մովսես կաթողիկոսը»:

«….Հայոց ողջ ազգը՝ արեւմուտքցիներ եւ արեւելքցիներ, միաբանվեցին եւ Մովսես վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս»:

Գրիգոր վարդապետ Կամախեցի (Դարանաղեցի)

«….Տէր Մովսէս վարդապետն, որ եղեւ կաթողիկոս եւ վերջին լուսաւորիչ տանս թորգոմական….»:

«…. Տէր Մովսէս կուսակրոն սուրբ վարդապետն լուսաւորիչն արեւելեան եւ կարգաւորիչն ամենեցուն՝ եկեղեցականաց եւ աշխարհականաց, վանաց եւ անապատականաց….»:

Երեմիա Կարճավանցի

«….Մովսես վարդապետ քաջ րաբունին. նա լուսավորում է Հայկազյան ազգս»:

Գրիչ Ղազար

«Մովսես քաջ րաբունապետ, որ լցված էր իմաստության շնորհով ու գերազանց ամեն տեսակ առաքինի գործերով» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Բ, էջ 177):

Գրիչ Եսայի սարկավագ

«…. Քաջ ուսուցիչ Մովսես վարդապետ, որ լուսավորում է Հայկազյան ազգիս» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Բ, էջ 179):

Դավիթ Բաղիշեցի

«…. Կրկին լուսաւորիչ ամենայն Հայոց» (Մանր ժամանակագրություներ, XIII-XVIII դդ., հ. II, էջ 358):

Հակոբ Կառնեցի

«….Երիցս երանեալ տեառն տեառն գերազանց Մօսես աստուծապսակ կաթողիկոսն ամենայն Հայոց» (Մանր ժամանակագրություներ, XIII-XVIII դդ., հ. II, էջ 566):

Ստեփանոս քահանա գրիչ

«….Երանելի հայրն մեր եւ պայծառ ջահն եկեղեցւոյ սրբազան հայրապետն Հայոց մեծն Մովսէս» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 648):

Մովսես աբեղա (ստացող)

«….Սրբազան եւ երջանիկ հայրապետ Մովսէս…. զոր ոչ ոք կարասցէ ըստ քանիօնութեան նորայ արտավրիպել, եւ զի՞ է քեզ, կալջիր նպատակ զ Պարթեւն Սահակ կամ զմեծն Ներսէս, ըստ բնության բարուցն, ըստ մաքրութեան կենացն, ըստ ուղղութեան ընթացիցն» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 5-6):

Յոհան սարկաւագ (գրիչ, ծաղկող)

«….եւ աշակերտ եղ է Մովսէս րաբունապետի, որ եւ կոչի անյաղթ փիլիսոփայ, քանզի բազում աշխատութիւն արար ի վերա իմ՝ թէ գրի եւ թէ ծաղկի….» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 553):

Փիլիպոս կաթողիկոս

«….Մեծ եւ սրբազան Մովսէս կաթողիկոս եւ կրկին լուսաւորիչ տանս խաւարեալ ազգիս….» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 564):

Սիմեոն Լեհացի

«Նա՝ Մովսեսը, շատ խոնարհ ու հեզ էր, առաքինի, սուրբ եւ ընտիր, որ առանց ութ կանոն սաղմոսի ոչ մի օր չէր անցկացնում, ոչ մի ժամ պարապ չէր մնում, այլ ցերեկ ու գիշեր հսկում ու տքնում էր աղոթքներով՝ անձանձիր ոտնկացությամբ» (Ուղեգրություն):

Հայր Միքայել Չամչյան

«Նա (Մովսես Տաթեւացին) եղավ ջահը ուղիղ վարդապետության Հայոց աշխարհի»:

Մաղաքիա Օրմանյան

«Նրա կաթողիկսությունը Հայ եկեղեցու համար դարագլուխ է կազմում, եւ իրոք նրանով է փակվում այն աղետալի եւ եղկելի շրջանը…. Այս կետից սկսելով կերպարանափոխ է լինում Հայոց հայրապետության վիճակը»:

Ներսես Ակինյան

«Ուներ ռազմագետի շրջահայացություն, հեռատեսություն, կորով եւ խոհականություն՝ խիզախությամբ հանդերձ: Մեծախորհուրդ էր, ատակ համախմբելու ամբոխը, կառավարելու այն եւ նպատակին խրախուսելու: Իր հաջողությունների գաղտնիքն իր անձնազոհության մեջ էր: Ոչ թե իր անձը, այլ հասարակության շահն էր փնտրում իր գործերի մեջ: Այս անձնազոհությանը խրախուսում էր հասարակությունը եւ արծարծում էր նրա վստահությունը: Ոչ ոք չխնայեց իր լուման, երբ կաթողիկոսը պահանջեց այն. ընդհակառակը, հարուստ եւ աղքատ ինքնակամ դնում էին իրենց ուժերը նրա տրամադրության տակ, որովհետեւ արդյունքը հրապարակատես էր: Նրանց համագործակցությամբ սրբվեց Էջմիածնի տաճարը, կանգնեցին ավերակ եկեղեցիները, բացվեցին դպրատներ, վանքեր եւ կուսաստաններ, փրկվեցին գերիներ եւ մխիթարվեցին աղքատներ: Ազգի եւ Եկեղեցու բարօրության համար չագահացավ Մովսեսը, չխնայեց անձը, կատարեց հեռավոր ճանապարհորդություններ՝ բախելու համար բռնապետների դռները, նրանց գութն աղերսել Ազգի համար, Ժողովրդի համար, Եկեղեցու համար: Եվ բախտն ամենուրեք նրա անբաժան ընկերը եղավ: Այսպես անշնչությունից ի շնչառություն բերեց ոչ միայն կաթողիկոսական Աթոռը, այլեւ Ազգը՝ հոգեպես եւ նյութապես:

Ի տես Մովսես կաթողիկոսի վաստակներին, ժամանակակիցները միաբերան նրան, իբրեւ շնորհակալություն, երախտամտություն եւ գնահատանք, տվեցին «Երկրորդ Լուսավորիչ Հայոց» պատվո անունը: Եվ մենք այս հորջորջանքը չափազանցության չենք համարում: Ի՞նչ պիտի լիներ Հայոց Եկեղեցին, եթե նախախնամությունը չհարուցաներ մի Մովսես ժԷ (17-րդ) դարի առաջին քառորդի քաոսի մեջ: Ինձ դժվար է պատասխանել այս հարցմանը, բայց կարող եմ ասել, թե առանց Մովսեսի չպետք է ծնվեր մի Փիլիպոս: Իսկ Մովսեսն ու Փիլիպոսը երկու փողփողուն աստղերը եղան ժԷ (17-րդ) դարի հայ երկնակամարի վրա» (էջ 151-152):

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19