Սյունյաց թագավորության բերդերը

21.06.2024 15:39
380

Մեզ հայտնի աղբյուրները Սյունյաց թագավորության բերդերի, վանքերի և գյուղերի վերաբերյալ պարունակում են բավականին մեծ թվեր: Որքան մեզ հայտնի է՝ այդ մասին գոյություն ունի և մեզ է հասել միայն երկու աղբյուր: Բերենք այդ աղբյուրների համապատասխան վկայությունները. ա) «... և ի վեցհարիւր վաթսուն և ութ թուին առնու (Իվանեն–Թ. Հ.) զՈրոտն, և զմերձակայ դղեակսն, թէպէտ ոչ զբովանդակ. քանզի երբ ունէին զնա Հայկազունքն, քառասուն և երեք բերդք էին նշանաւորք, և հազար չորեքհարիւր գեղք, և քառասուն և ութ վանորեայք. որոց սկիզբն աւերման եղև ի հինգ հարիւր յիսուն և երկու թուին...»1: Նույն Վարդան վարդապետի պատմության այլ հրատարակության մեջ ասված է.

բ) «Ի վեց հարիւր վաթսուն և ութ թուին առնու զՈրոտն և զմերձակայ դղեակն՝ թէպէտ ոչ զբովանդակն. քանզի երբ ունէին զնա Հայկազունքն՝ քսան և երեք բերդք կային նշանւորք, և գեօղք հազար և չորս հարիւր, քսան և ութ վանորայք2, որոց սկիզբն աւերման եղև ի հինգ հարիւր յիսուն և երկու թուին...»3:

Ստեփանոս Օրբելյանի պատմության թե՛ Փարիզի և թե՛ Թիֆլիսի հրատարակություններում (վերջինս արտատպված է Փարիզի հրատարակությունից) բերդերի, վանքերի և գյուղերի վերաբերյալ բերված են միևնույն թվերը. «Ահա՛ այս իսկ եղև սկիզբն աւերման աշխարհին, և օր ըստ օրէ սկսաւ նուազիլ և պակասիլ` իշխանութիւնն այն որ ունէր ընդ ձեռամբ բերդս 43. և անուանիքն ի նոցանէ 12. և վանորայս 48, և գիւղս 1008. և մայրաքաղաք զԿապանն. այս Բաղաց իշխանութիւնն է»4: Մոսկվայի հրատարակության մեջ ևսՊատմութիւն տանն Սիւնեաց», 1861, էջ 245) բերդերի և վանքերի միևնույն թվերն են տրված:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում պահպանված Օրբելյանի պատմության բոլոր ձեռագրերում, որոնց թիվը 9 է, հիշատակված են 43 բերդ և 48 վանք5:

Դժվար չէ նկատել, որ բերված վկայություններում թվերը իրար համապատասխանում են, բացառությամբ Վարդանի պատմության Մոսկվայի հրատարակության մեջ եղած թվերի: Այստեղ բերդերի քանակը 23 է, իսկ վանքերինը` 28: Մոսկվայի հրատարակության համար հիմք ծառայած ձեռագրի այդ թվերը, որոնք անշուշտ սխալ են, արդյունք են ձեռագրական աղավաղումների: Դրա համար էլ չափազանց հավանական ենք համարում Սյունյաց թագավորության մեջ 43 բերդերի և 48 վանքերի գոյությունը: Այժմ այդ հարցը քննության ենթարկենք առանձին-առանձին:

Բերդերը։ Միջին դարերում հայտնի բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում, առավել մեծ չափերով տարածում ունեին բերդերը: Յուրաքանչյուր նախարարական (ֆեոդալական) տուն իր գրաված գավառը կամ աշխարհն անվտանգ դարձնելու նպատակով կառուցել էր մի շարք բերդեր և ամրոցներ, որոնցից համեմատաբար ավելի մեծ հռչակ ունեցող բերդը, ամրոցը կամ բերդաքաղաքը հանդիսանում էր նրա ոստանը (իշխանանիստը):

Սյունիքը լինելով պատմական Հայաստանի արևելյան սահմանամերձ աշխարհներից մեկը և ստրատեգիական տեսակետից իշխող դիրք ունենալով Այրարատի նկատմամբ, բնականաբար պետք է ամրացվեր: Մեր պատմիչները Սյունյաց երկրի անմատչելիությունը ցույց տալու համար հաճախակի անվանում են այն «անառիկ», «անձուկ» և այլն: Սյունիքին տրված այդ ածականները, մեր կարծիքով, պայմանավորված են ոչ միայն երկրի անտառապատ և խիստ լեռնային լինելով, այլև այն բազմաթիվ բերդերի ու արհեստական ամրոցների առկայությամբ, որոնցից շատերը (Երնջակ, Որոտն, Բաղաբերդ) հռչակված էին դեռ 4-րդ դարում:

«Զօրանամակ»-ում հիշատակված6 նախարարական տների մեջ ամենամեծ թվով ձիավոր զորք տալիս էր Սյունիքը: Այս երևույթը, մեր կարծիքով, պետք է բացատրել ոչ թե նրանով, որ իբր Սյունիքում բնակչության թիվն անհամեմատ գերազանցում էր կենտրոնական շրջաններին, այլ գլխավորապես նրանով, որ նա ուներ սահմանային դիրք7:

Սյունիքի դիրքի ստրատեգիական առավելությունները չէին կարող վրիպել Սասանյան Պարսկաստանի արքաների ուշադրությունից: 10-րդ դարի սկզբների արաբական հեղինակ Իբն-ալ-Ֆակիհն իր «Գիրք երկրների մասին» աշխարհագրական բնույթի աշխատության մեջ վկայում է, որ Խոսրով Անուշիրվանը Սիսաջանում (Սյունիք) կառուցել է մի շարք բերդեր և ամրոցներ, այդ թվում և մեզ հայտնի ՇահապոնիքըՇահբուշ») և Վայոց ձորըՎայ»): Իմիջիայլոց, նույն այդ արաբ հեղինակը վկայում է նաև, որ ամրոցներում ու բերդերում բնակեցվեցին սիսաջանցիներ (սյունեցիներ), որոնց նա անվանում է «խիզախ» զինվորականներ8:

Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ նրան կցված Տաթևի եպիսկոպոսական թեմին տրվող հարկի ցուցակում կան բազմաթիվ գյուղերի անուններ, որոնք բարդված են «բերդ» բառով, իսկ նրանցից մի քանիսն ուղղակի կոչվում են «Բերդ», «Բերդիկ» և այլն։ Պատմիչն իր պատմության Գ գլխում, ամբողջ Սյունիքում հիշատակելով 24 նշանավոր բերդեր, ավելացնում է. «...և այլ ևս յոլովս, զորս աւելորդ համարեցաք գրել...»9:

Սյունյաց թագավորության բերդերի քանակի վերաբերյալ պատմիչների հաղորդած տեղեկությունների ճշտություն պարզելու համար նպատակահարմար համարեցինք դուրս հանել ինչպես մյուս պատմիչների նշած, այնպես էլ Օրբելյանի պատմության և եկեղեցական հարկի գյուղացուցակում եղած բոլոր բերդերի անունները, ներառյալ նաև այն գյուղերի անունները, որոնք սկսվում կամ վերջանում են «բերդ»-ով՝ վերջիններիս բերդ կամ ամրոց լինելը համարելով չափազանց հավանական:

Մեր կազմած բերդերի և ամրոցների ցանկը, որ բերում ենք ստորև, վերաբերում է միայն Արևիք, Կովսական, Բաղք, Ձորք, Ծղուկք, Հաբանդ գավառներին, այսինքն այն գավառներին, որոնք մտնում էին Սյունյաց թագավորության մեջ:

Արևիք գավառ

1. Կարճաւան

2. Մեղրու բ.

3. Կաքավաբերդ

Կովսական գավառ

4. Գիլաբերդ

5. Գրհամ

Բաղք գավառ

6. Անդոկաբերդ

7. Բարկուշատու բ.

8. Բերդ

9. Բերդիկ

10. Պահու բ.

11. Կկուաքար կամ Կըկոց քար

12. Բղենոյ բ.

Ձորք գավառ

13. Բաղաբերդ

14. Բաղակամ քար կամ Քար Բաղակու

15. Գեղի

16. Շլորուտ

Ծղուկք գավառ

17. Բորտի Վերին

18. Բորտի Ներքին

19. Եզնաքար

20. Որձաբերդ

21. Որձաքար բ.

22. Որոտն բ.

23. Սյունյաց բ.

24. Ցուրաբերդ

25. Բերդն

Հաբանդ գավառ

26. Խոժոռաբերդ

27. Հաբանդի կամ Ձագեձորի բ.

28. Հայրաբերդ

Այս բոլոր բերդերն ու ամրոցները մտել են Ալիշանի կազմած Սյունյաց աշխարհի բերդերի ցուցակի մեջ: Հեղինակը ամբողջ Սյունիքում թվարկել է 69 բերդ՝ առանց նրանց գավառները ցույց տալու10: Դրանցից, ինչպես տեսնում ենք, 28-ը գտնվում էին Սյունյաց թագավորության տերիտորիայում։

Ալիշանի կողմից բաց թողված բերդերի ու ամրոցների թիվը մեր հաշվումներով հասնում է 8-ի: Դրանք են.

1. Դաստակերտ (Քաշունիքում)

2. Երվանդակերտ (Քաշունիքում)

3. Դռնակերտ (Կովսականում)

4. Վասակակերտ (Ծղուկքում)

5. Դաստակերտ (Ծղուկքում)

6. Շաղատի բ. (Ծղուկքում)

7. Կապան բերդաքաղաք (Ձորքում)

8. Շնհեր (Հաբանդում)

Այս 8 տեղանունները Օրբելյանն ուղղակի բերդեր չի անվանում, ինչպես և բերդ կամ ամրոց չի անվանում նաև նշված 28 տեղանունները: Ութ տեղանուններից 5-ը (Դռնակերտ, Վասակակերտ, Դաստակերտ, Երվանդակերտ, Դաստակերտ) ունեն «կերտ» վերջավորություն:

Առանց մեծ սխալ գործելու կարելի է ասել, որ ոչ միայն Սյունիքում, այլև Հայաստանի մյուս նահանգներում մեր պատմիչների կողմից հիշատակված «կերտ»-ով վերջացող տեղանունները, գրեթե առանց բացառության, միաժամանակ եղել են բերդեր. օրինակ՝ Տիգրանակերտը, Վաղարշակերտը, Երվանդակերտը, Կարկաթիոկերտը, Հադամակերտը և այլն: Ճիշտ է, դրանք չափազանց տարբեր բնույթի պատմա-աշխարհագրական վայրեր էին, բայց դա չի խանգարում Սյունիքում եղած «կերտ»-ով վերջացող վայրերը` համարելու այնպիսի վայրեր, որտեղ պաշտպանական նպատակներով կատարված են եղել որոշ կառուցումներ: Դա ավելի հավանական է դարձնում այն փաստը, որ նրանցից երկուսի անունները (Վասակ-ա-կերտ, Երվանդ-ա-կերտ) առաջացել են իշխանների (Վասակ, Երվանդ) անուններից, որոնց համար այդ բերդագյուղերը, հավանաբար, ծառայել են որպես ամրոց կամ դղյակ:

Այնուհետև, Կապան քաղաքը պատմագիտական և աշխարհագրական մի շարք աշխատությունների մեջ նույնացված է նրանից 3-4 կմ հեռու գտնվող Բաղաբերդի հետ: Ալիշանն էլ հավանաբար այդպես վարվելով, Կապան բերդաքաղաքը չի նշել բերդացուցակի մեջ: Կապան քաղաքի մասին ավելի մանրամասն խոսելը թողնենք Ձորք գավառի նկարագիրը տալիս, նշենք այստեղ միայն այն, որ Կապանը մայրաքաղաք լինելով հանդերձ, եղել է նաև ամուր բերդ: Նրա բերդի աշտարակների մնացորդներն անգամ այժմ նշմարելի են: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Կապան քաղաքին տված բնութագրի տակ («...մատնեաց Տէր զանառիկն ի մարդկանէ զԿապան քաղաք...»11) պետք է հասկանալ ոչ միայն Կապանի բնական հարմար դիրքը, այլև արհեստական կառուցումները, որոնք էլ ավելի անառիկ էին դարձնում քաղաքը:

Շաղատ ավանը երկար ժամանակ հանդիսացել է Սյունյաց իշխանների ոստանը: Միջնադարյան Հայաստանում բոլոր նախարարական տների ոստաններն անկասկած միաժամանակ բերդեր կամ ամրոցներ էին12: Շաղատում բերդ լինելու մասին ուղղակի հիշատակություն ունի Մովսես Կաղանկատվացին, որը ոչ ոքի կողմից նկատի չի առնվել «Ի նոյն ամի (821 թ.) ասպատակեաց Սևադայ աշխարհաւերն Տաճիկ, որոյ Աւառանշան անուն ճանաչէր, ի սահմանս Հայոց. և յաւարի առեալ զաշխարհն ամենայն դառնայ ի Սիւնիս, և ամրանայ ի բերդատեղի աւանին Շաղատու, որ է ի գաւառին Ծղկաց»13: Այսպիսով, Շաղատը ևս պետք է ավելացնել վերը նշված բերդացուցակում: Շնհերը, որ ըստ Տաթևի եպիսկոպոսական թեմին տրվող հարկացուցակի՝ Հաբանդ գավառի մյուս գյուղերից ավելի շատ հարկ էր տալիս14, թե՛ իր մեծությամբ և թե՛ բնույթով տարբերվում էր Հաբանդի մյուս գյուղերից: Օրբելյանը վկայում է. «Եւ ապա էր մեծ Վասակայ որդի մի Փիլիպպէ անուն, որ ունէր զՇնհեր և զՀամբանդ»15: Դժվար չէ նկատել, որ Հաբանդ գավառը բաժանվում էր երկու մասի, որից մեկը կոչվում էր Շնհեր: Շնհերի բերդ կամ ամրոց լինելն տարակույս չի առաջացնի, եթե հաշվի առնենք, որ 18-րդ դարում հռչակված16 այդ բերդի այժմյան ավերակներն իրենց վրա կրում են հնության կնիքը:

Այսպիսով, Սյունյաց և Բաղաց թագավորության տերիտորիայում հիշատակված բերդերի ու ամրոցների թիվը մոտավորապես հասնում է 36-ի: Հետևաբար, պատմիչների վկայությունը՝ թագավորության տերիտորիայում 43 բերդերի գոյության մասին անհավանական չէ:

Հնարավոր է, որ մեր կազմած ցուցակում տեղ գտած լինեն այնպիսի վայրերի անուններ, որոնք բերդեր կամ ամրոցներ չէին, սակայն և կլինեն այնպիսիները, որոնք բոլորովին չեն հիշատակվել պատմիչների կողմից կամ հիշատակված են, սակայն դժվար է դրանք տարբերել մյուս տեղանուններից:

Սյունյաց թագավորության տերիտորիայում եղած 43 բերդից նշանավոր էին, ինչպես վկայում է Օրբելյանը17, միայն 12-ը, որոնք քաղաքական դեպքերի կապակցությամբ հիշատակված են նրա մոտ18:

Դրանք են՝ Որոտն (Ծղուկք գավառում), Բղեն և Կկոց քար (Բաղքում), Բաղաբերդ, Բաղակու քար, Գեղի, Շլորուտն և Կապան (Ձորքում), Գրհամ (Կովսականում), Կաքավաբերդ, Կարճևան և Մեղրի (Արևիքում): Մնացած բերդերը, ինչպես երևում է Օրբելյանի հիշատակությունից, երկրորդական նշանակություն ունեին19:

Եվ իրոք, մեր բերած ցուցակում եղած բերդերի մոտ մեկ երրորդ մասը միայն կարելի է բառիս իսկական իմաստով բերդ կոչել: Իսկ նրանց գերակշիռ մեծամասնությունը սովորական գյուղեր էին և, հավանաբար, բնական անառիկ դիրք ունենալու հետևանքով են միայն կոչվել բերդ կամ ամրոց:

Սյունյաց թագավորության գլխավոր բերդերի մեծ մասի ավերակները մինչև այժմ էլ պահպանվել են, որովհետև 800-900 տարվա ժամանակամիջոցը չի բավականացել քայքայման ենթարկելու հաստապատ պարիսպներն ու աշտարակները: Մինչդեռ այն բազմաթիվ գյուղերը, որոնք մենք հաշվել ենք բերդեր և որոնց մի մասի ավերակները պահպանվել են մինչև օրս, չունեն բերդին հատուկ կառուցումներ: Այլ կերպ ասած՝ աղբյուրներում նշված 43 բերդերի գերակշիռ մասը ամուր և անառիկ դիրք ունեցող սովորական գյուղեր պետք է ենթադրել, որովհետև այս երկրում բնակավայրերի ճնշող մեծամասնությունը գտնվում էր կամ բարձր ժայռերով պատած խոր ձորերում և կամ դժվարամատչելի լեռների բարձունքներում20:

Ծանոթագրություններ

1. Վարդան վարդապետ, Հաւաքումն պատմութեան, էջ 140-141:

2. Էմինի մոտ եղած ձեռագրի օրինակում «քառասուն և ութ վանորայք» են, էջ 185:

3. Մեծին Վարդանայ Բարձրբերդեցւոյ պատմութիւն տիեզերական, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, էջ 185:

4. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Փարիզ, 1859, գիրք II, էջ 78, նույնը Թիֆլիս, 1910 թ., էջ 334:

5. Ձեռագիր № № 6271, 15-րդ դար (սա Երևանի ձեռագրատանը գտնվող Օրբելյանի պատմության ամենահին ձեռագիրն է), էջ 225 բ, 2698, 17-րդ դար, էջ 116 ա. 5501, 1683 թ., էջ 276. 1488, 18-րդ դար, էջ 142 բ, 2869, 19-րդ դար, էջ 150 ա, 6546, 1849 թ., էջ 127 ա. 2868, 1854 թ., էջ 175, 2924, 1864 թ., էջ 100 բ. 7503, 1865 թ., էջ 150 ա:

6. Տեքստը տե՛ս Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, էջ 251-252:

7. Զորքի այդպիսի մեծ քանակությունը, թվում է, կարելի է բացատրել նրանով, որ Սյունիքում ֆեոդալիզմը չափազանց դանդաղ է իր վերջնական ձևավորումն ստացել և «Զօրանամակ»-ի ժամանակներում այնտեղ համեմատաբար ազատներ ավելի շատ կային, քան թե կենտրոնական շրջաններում: Իսկ, ինչպես հայտնի է, ձիավոր զորքը կազմվում էր ազատներից:

8. Տե՛ս Караулов, Сведение арабских писателей о Кавказе, Армении и Азербайджане, Сборник мат. Для описан. местн. и племен Кавказа, էջ 15-17:

9. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 13-14:

10. Տե՛ս Ալիշան, Սիսական, էջ 7-8:

11. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 334:

12. Այսպես՝ Բագրատունիների Դարոյնք, Տարոնի Մամիկոնյանների Ողական, Արծրունիների Հադամակերտ ոստանները միաժամանակ հռչակված ամրոց-բերդեր էին:

13. Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Թիֆլիս, 1912, էջ 374-375:

14. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 516-517:

15. Նույն տեղը, էջ 298:

16. Տե՛ս Ստեփանոս Վրդանեսյան (Շահումյան), Դաւիթ բէգ, Վաղարշապատ, 1871, էջ 6-7:

17. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 334:

18. Տե՛ս նույն տեղը, էջ 334-335:

19. Տե՛ս նույն տեղը, էջ 334:

20. Հետաքրքիր է, որ այդ լեռնային երկրում, ժողովրդական զրույցների համաձայն (միայն վերաբերում է այժմյան Ղափանի շրջանին), դեռ հնագույն ժամանակներից սկսած յուրաքանչյուր գյուղ ունեցել է իր «տիրք»-երը (դիրք), որոնք տեղադրված են եղել բարձրադիր տեղերում և իրենցից ներկայացրել են փոքրիկ ու շատ հասարակ աշտարակներ: Դրանք, ժողովրդի ասելով, կառուցվում էին դեպի տվյալ գյուղը տանող ճանապարհների վրա և ծառայում էին իբրև պաշտպանական կետեր ընդդեմ արտաքին վտանգի:

«Սյունիքի թագավորությունը»,

Թ. Խ. Հակոբյան

Երևան 1966

 

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57