Տաթեւ-Լծեն-Շամբ ճանապարհը կերպարանք է առնում. գլխավոր դերակատարը «ԱԱԲ» պրոյեկտն է

10.10.2022 14:22
3176

Երկրորդ տարին է՝ Սյունիքի մարզում հաղորդակցության ուղիների նախադեպը չունեցող ցանց է ձեւավորվում: Ու եթե այդ ամենը պայմանավորված չլիներ Արցախյան երրորդ պատերազմում մեր կրած պարտությամբ, ապա կարող էինք հիացմունքով ու հպարտությամբ փաստել՝ Սյունիքում դարակազմիկ գործեր են արվում ճանապարհների կառուցման ուղղությամբ:

Բայց եւ, մյուս կողմից, կա իրողություն` ազգովի կանգնած ենք կոնկրետ մարտահրավերների դեմ հանդիման: Ուստի չենք կարող չկարեւորել այն աշխատանքները, որոնք կատարվում են մարզի ճանապարհաշինության ոլորտում:

Ոչ սովորական մեր ժամանակներում Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների գլխավոր դերակատարներից է «ԱԱԲ» պրոյեկտ ընկերությունը:

Ճանապարհաշինական այդ կազմակերպությունը մեր երկրամասում հայտնի է դեռեւս 2019 թվականից: Սատանի կամուրջ-Տաթեւ 6,6 կմ երկարությամբ ճանապարհի՝ բացառիկ որակյալ կառուցումն այդ ընկերության ու նրա թիմի հանդեպ հիմնավոր վստահություն են առաջ բերել: Այդ ճանապարհը, հիրավի, լավագույն  օրինակն է, թե ինչպես կարելի է  ոչ սովորական ռելիեֆ ունեցող լեռնալանջերով ճանապարհ կառուցել. մոտ չորս տարվա ակտիվ շահագործումից հետո՝ ոչ մի քանդվածք, ասֆալտբետոնե շերտի ոչ մի փոփոխություն:

Ներկայումս «ԱԱԲ» պրոյեկտ ընկերությունը չորս խոշոր ծրագիր է իրականացնում մարզում՝ Տաթեւ-Լծեն ճանապարհի առաջին մասի կամ հարավարեւելյան հատվածի կառուցում, Լաչինի միջանցքի նոր երթուղու՝ Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ ճանապարհի առաջին հատվածի կառուցում, Մ-12-Գորիս-Տեղ ճանապարհի միջին նորոգում եւ Շամբ-Լծեն ճանապարհահատվածի կառուցում:

Վերջին շրջանում հնարավորություն ենք ունեցել ծանոթանալ ընկերության աշխատանքներին  Շամբ-Լծեն հատվածում և Լաչինի միջանցքը Սյունիքին կապող նորակառույց ճանապարհին:

Այսօր խոսքը Տաթեւ-Լծեն ճանապարհի շինարարության ընթացքի մասին է:

***

Հոկտեմբերի 5-ին այցելեցինք Տաթեւ-Լծեն ճանապարհի կառուցման շինհրապարակներ...

Ճանապարհի այդ հատվածի կառուցումը մեզ հետաքրքրում էր մի քանի առումով: Հետաքրքիր էր, օրինակ, թե Կապան-Տաթեւի ո՞ր հատվածից է ճանապարհը թեքվելու եւ բարձրանալու սարերն ի վեր՝ դեպի Լծեն:

Եվ կարծեք ուշագրավ լուծում է գտնվել՝ կառուցվող ճանապարհը սկսվում է Տաթեւ գյուղի հարավային եզերքով ձգվող ձորից (այդ ձորաբերանի ձախ մասում  Տաթեւի վանքն է): Եվ ձորն ի վեր ձգվում է դեպի արեւմուտք, ապա՝ հյուսիս-արեւմուտք:

Ձորը, որով անցնում է նորակառույց ճանապարհը, տաթեւացիներն անվանում են Ծածարդի ձոր կամ Ճաղացի (Ջրաղացի) ձոր: Այդտեղով է հոսում Գինական գետը, որը Որոտանի աջակողմյան վտակներից է, որը Ղեւոնդ Ալիշանը նույնացնում է Տաթեւի-ջուր գետին:

Հնում այդ վայրերում նաեւ Գինական ու Ծածարդ (Ծածարթ) գյուղերն են եղել, երկուսն էլ՝ Տաթեւի վանքին հարկատու:

Ուստի և հարց է առաջանում՝ արդյո՞ք կառուցվող ճանապարհն առնչվում է պատմամշակութային որեւէ հնավայրի:

 

«ԱԱԲ» պրոյեկտ ընկերության տեղամասի պատասխանատու Արմեն Խաչատրյանը պատասխանում է՝ նման խնդիր չկա:

Այդ ձորում նաեւ Տաթեւի բնակիչների սեփական հողատարածքներն են, եւ մոտ 40 ընտանիքի հողամաս մասամբ կամ լրիվ ճանապարհի տակ է ընկել, գյուղացիներն էլ փոխհատուցում են պահանջում կառավարությունից:

- Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի այցի ընթացքում նաեւ այդ հարցն է քննարկվել,-ասում է Արմեն Խաչատրյանը:-Հողային աշխատանքներն ավարտելուց հետո կկատարվեն համապատասխան գնահատումներ եւ փոխհատուցումը կկատարվի:

***

Տաթեւ-Լծեն կառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 20 կմ է, որից 10,5 կիլոմետրը կառուցում է «ԱԱԲ» պրոյեկտ ընկերությունը:

Մեր առաջին կանգառն ընկերության՝ Գորիսի տարածաշրջանի Սվարանց գյուղի մոտ խարիսխ ձգած բազան էր: Մի հայացք ձգելով՝ նախևառաջ աչքի է զարնում գերմանական արտադրության՝ ժամում 35 խորանարդ մետր արտադրողականությամբ բետոնախառնիչը: Քիչ այն կողմում հզոր քարջարդիչն է, ճանապարհի հողախառնուրդից դուրս եկած քարերն այդ տեխնիկայի միջոցով  մանրացվում են, ստացվում է լավորակ խիճ, որն օգտագործվում է և՛ ճանապարհի ավազակոպճային շերտը տեղադրելիս, և՛ ասֆալտբետոնե ծածկ ստանալու համար: Այդտեղ նաև ջրահեռացման խողովակներ են պատրաստվում: Հետո իմանում ենք, որ 35 վայրում այդպիսի խողովակներ պիտի տեղադրվեն, որպեսզի ջրահեռացում կատարվի. նաև ակամա հիշում ենք ճանապարհաշինարարների շրջանում տարածված ձևակերպումը՝ ջուրը ճանապարհի թշնամին է:

Մեզ հանդիպած առաջին ճանապարհաշինարարը Գարեն Առաքելյանն է՝ Տաթև գյուղից. չորրորդ ամիսն է՝ ճանապարհաշինարարությունում է, իր իմացածի չափով մեզ տեղեկություններ է հաղորդում: «Կամրջի համար սյուներ ենք պատրաստում, նաև ջրահեռացման խողովակներ», - ասում է և գոհունակություն հայտնում, ապա սահուն անցնում մաղթանքի. «Ցանկանում ենք մեր երկրին խաղաղություն. քայլենք կանաչ ճանապարհով, ապրենք խաղաղ երկնքի տակ, պատերազմ չլինի, պայծառ ապագա՝ հայ ժողովրդին»:  Գերքաղաքականացված մեր ժամանակներում բանվոր մարդու անկեղծ մաղթանքը որոշ ոգևորություն է պատճառում: Ինչևէ:

Քիչ հետո մեզ է միանում տեղամասի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, ով վեց տարի է՝ «ԱԱԲ» պրոյեկտ ընկերությունում է, որտեղից էլ, ինչպես ինքն է ասում, սկսել է ճանապարհաշինարարական կարիերան: Նրա փոխանցմամբ՝ հարյուրից ավելի մարդ է աշխատում շինարարությունում, 30-ից ավելի տեխնիկա գործում: Աշխատողների 70 տոկոսը տեղացի է, միայն 30 տոկոսը՝ Տաթևից, մյուսները՝ հարակից գյուղերից: Շինարարությունը սկսել են անցած տարվա հոկտեմբերից, բայց այս տարվա փետրվարից, նախագծում փոփոխություններ կատարելու պատճառով, չորս ամիս աշխատանքները դանդաղել են: Աշխատանքները դանդաղել են նաև սեպտեմբերի 13-15-ի հայտնի իրադարձությունների պատճառով:

Հողային աշխատանքներն ավարտական փուլում են, երկու կիլոմետրի վրա երկշերտ ասֆալտ են փռել, ևս մի շերտ պիտի լինի. դա արդեն՝ 2023-ին: Ճանապարհի ասֆալտապատ մասը կունենա 6,6 մետր լայնություն, ոչ պակաս կարևոր են կողնակները (обочина)՝ 1,5 մետր լայնությամբ` յուրաքանչյուր կողմից: Տվյալ պահանջը ևս կատարվում է, դեռ մի բան էլ ավելի:

Այդ ամբողջ տեղեկատվությունը ստանում ենք ոտքի վրա, այնուհետև մեքենայով շարժվում ենք նոր կառուցվող ճանապարհով: Տաթևի վանք չհասած՝ թեքվում ենք ձախ, և մեր առջև ճանապարհաշինական տպավորիչ պատկեր է բացվում:  Շինտեխնիկան հատել է քարակոփ լեռնալանջը, որի բարձրությունը մոտ 20 մետր է: Հեռվից լսվում է հիդրավլիկ մուրճի հարվածների միալար ձայնը: Մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ երբեմն մինչև 9-ը աստիճանի գրունտի են հանդիպել: Գործին խանգարում է այն, որ աշխատանքները տվյալ հատվածում ավարտելուց հետո փլվածքներ են լինում: Իսկ ընդհանուր առմամբ մինչև այժմ մոտ 800 հազար խորանարդ մետր հողային հանույթ են ունեցել:

Տեղ-տեղ անցնում ենք հիմնական ճանապարհին զուգահեռ կառուցված այլընտրանքային ճանապարհով. դեղին փոշու թանձր ամպ է բարձրանում, բայց հասցնում ենք լուսանկարներ անել, որի առիթն անընդհատ լինում է. ճանապարհաշինական նման պատկերների քիչ կհանդիպես:

Արմեն Խաչատրյանը նկատելով մեր հետաքրքրությունը՝ փոխանցում է, որ դժվարությունները ժայռերի հետ են կապված, նաև սողանքային գոտիներ կան, գրունտային ջրեր, որ գործին խանգարում են…

Բարձրադիր տեղանքով անցնող այդ ճանապարհի ամենաբարձր նիշը ծովի մակարդակից 2130 մետր է, ձմռան ամիսներին ճանապարհի փակվելու տխուր հեռանկար կա, այդ կողմերում բքառատ երևույթներն անպակաս են.  արդյո՞ք չենք ունենա երկրորդ Սելիմի լեռնանցք, բայց դա խոսակցության այլ թեմա է…

Հասնում ենք Տաթև եւ Լծեն գյուղերի վարչական տարածքների բաժանարար գծին, այն հատվածը, որտեղից սկսվում է հարեւան շինկազմակերպության աշխատանքների սկիզբը, որտեղ արդեն ասֆալտի շերտ է երևում:

Հետդարձի ճանապարհին հանդիպում ենք ընկերության նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանին: Մասնագիտական կրթություն ունի, Ճարտարապետաշինարարական համալսարանն է ավարտել:

Նա գոհունակություն է արտահայտում ճանապարհի կառուցման ընթացքի վերաբերյալ...

Այնուհետև ցանկանում ենք իմանալ վերը հիշատակված Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհահատվածում բարձր որակ ապահովելու «գաղտնիքը»: Դա բացատրվում է, որքանով հասկացանք, խճի լավ որակով, այն խճի, որ ստանում են վերը հիշատակված բազայում՝ հողից դուրս եկած քարերից:

Վահրամ Պետրոսյանը նաև անհրաժեշտ բացատրություններ է տալիս. «Ընդհանրապես ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը նուրբ գործ է, կողքից թվում է՝ տեխնիկան աշխատում է և վերջ: Բայց միայն տեխնիկայի խնդիր չէ, կան մասնագիտական նրբություններ, որ մշտապես նկատի պիտի ունենալ: Դրան հետևում ենք, ինչի շնորհիվ մեզ մոտ լավ է ստացվում»:

Տեղեկանում ենք, որ ընկերության ասֆալտգործարանը Մ-2-Նորավան խաչմերուկում է՝ Իշխանասարի ստորոտում: Հատկապես վերջին իրադարձություններից հետո  այնտեղ աշխատելը բարդացել է, ռիսկային դարձել…

Արդեն նշեցինք կատարված նախագծային  փոփոխությունների մասին, որ արվել են շինարարության ընթացքում: Նոր նախագիծ է կազմվել, ինչի հետևանքով բետոնային աշխատանքների ծավալներն են եռապատկվել, բայց շինարարության ավարտի ժամկետը մնացել է նույնը: Մեր զրուցակիցները չեն ասում, բայց կռահում ենք, որ նրանք բացառում են գրոհայնությունն ու շտապողականությունը. «Հիմա նախագիծը վերջնական է, փորձում ենք դրա բոլոր կետերն իրականացնել: Ավելի լավ է նախատեսված ժամկետից փոքր-ինչ հետ ընկնենք, բայց որակը չտուժի»:

Այդ համատեքստում նշվում է, որ «Հայճաննախագիծը» ե՛ւ ճանապարհն է նախագծում, ե՛ւ հետեւում կառուցման որակին:

Վահրամ  Պետրոսյանն այնուհետև ճանապարհաշինարարների համար առաջ եկած դժվարությունների մասին է խոսում՝ «Աշխարհում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների հետեւանքով ե՛ւ լոգիստիկ դժվարություններ են առաջ եկել, ե՛ւ հիմնական շինանյութերի գներն են շեշտակիորեն բարձրացել, նկատի ունեմ հատկապես մազութը, դիզվառելիքը, ցեմենտը: Դիզվառելիքի գինը, օրինակ, 350-ից հասել է 600 դրամի: Բայց մենք՝ չսպասելով վերահաշվարկների, փոխհատուցումների, չնայելով այդ դժվարություններին, շարունակում ենք աշխատել եւ աշխատանքի տեմպը չխաթարել: Անկեղծորեն՝ այս դեպքում եւ ընդհանրապես սյունիքյան կառույցներում՝ ֆինանսական շահույթից առաջ  մեզ հետաքրքրում է երկրի շահը, Սյունիքի մարզի հաղորդակցության ուղիների որակյալ կառուցումը»:

***

Մեր շրջագայության ընթացքում քանիցս կանգ առանք շինարարական տարբեր տեղամասերում եւ զրույցներ ունեցանք ճանապարհաշինարարների հետ:

Չէր կարելի չնկատել գլխավորը՝ պատասխանատվության զգացումը, որը, կարծեք, առկա է բոլորի մեջ՝ թիմի ներկայացուցիչներից մինչեւ բանվոր:

Չէր կարելի չնկատել մարդկանց պատրաստակամությունն ու վճռականությունը՝ մայրուղին  կառուցել այնպիսի որակով, որ չզիջի Սատանի կամուրջ-Տաթեւ օրինակելի ճանապարհին:

Չէր կարելի չնկատել, որ շինընկերությունը «մարտադաշտ» է դուրս բերել արդիական տեխնիկա եւ, իհարկե, փորձառու մասնագետների մի ամբողջ փաղանգ:

Ստեղծված իրավիճակում, սակայն, չի կարելի բացառել գրոհայնությունը, քանի որ խնդիր է առաջադրված՝ աշխատանքները (ասֆալտբետոնե երկու շերտով) ավարտել առաջիկա մեկ ամսում, այն էլ՝ եղանակային անակնկալներով լեցուն այս օրերին:

Վահրամ Պետրոսյանն ու Արմեն Խաչատրյանը, մինչդեռ, բացառում են գրոհայնությունն ու հապճեպությունը, որը կարող է էականորեն անդրադառնալ ճանապարհի որակին: Եվ ուրեմն՝ նախ որակ, հետո՝ ժամանակացույց: Իսկ տղաների լրջախոհ պահվածքը հավատ է ներշնչում, մնում է, որ վերադաս մարմինները նույնպես հաշվի առնեն ոչ երկրորդական այդ հանգամանքը:

Այդպիսի տպավորությամբ էլ բաժանվեցինք ճանապարհաշինարարներից…

Հ.Գ.1

«ԱԱԲ» պրոյեկտի սյունիքյան կառույցներում լրացուցիչ աշխատողների կարիք է զգացվում՝ մեխանիզատորներ, բետոնագործներ, բանվորներ: Այդ մասին մեզ տեղեկացրեց Վահրամ Պետրոսյանը եւ ցանկացողներին խորհուրդ տվեց հեռաձայնել Գրիգոր Սահակյանին (094-71-81-87) և Պատվական  Պետրոսյանին (098-61-66-66):

Հ.Գ.2

Տաթեւ-Լծեն ճանապարհը, ինչպես նշեցինք, բարձրադիր վայրերով է անցնում եւ ձյունառատ օրերին, անտարակույս, հատուկ խնամք է պահանջելու:

Տարվա մյուս եղանակներին երթուղին, համոզված ենք, գայթակղելու է զբոսաշրջիկներին (դա, իհարկե, մեր երազած լավ օրերին), քանզի այնտեղով անցնելիս հանդիպում ենք մեր լեռնաշխարհի բնության անզուգական գեղեցկությունների նորանոր պատկերների:

Բարձունքից նկատվում է ոչ միայն Տաթեւի վանքի Պողոս-Պետրոս տաճարի գմբեթի տիրական ներկայությունը: Երևում են հրաշք Տաթեւն ու ոչ պակաս հրաշք Հարժիսը՝ Որոտանի կիրճի պռնկին բազմած: Երեւում են Արամազդը, Աղոթարանը, Ուխտասարը եւ, իհարկե, մեր գերված-պատանդված Իշխանասարը…

Եվ սրբազան այդ վայրերին հայացք ձգելով՝ ավելի է ամրապնդում մեր համոզմունքը՝ հայերեն են գալու Սյունյաց աշխարհի վաղվա օրերն ու գալիք դարերը…

Սամվել Ալեքսանյան

 Վահրամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53