Տեղ-Ջաղազուր սահման. մի կտոր իրականություն

29.07.2021 18:21
5446

Տեղ գյուղացի Գագիկ Էլյազյանը մեր օրերի իրական հերոսներից է, թեեւ չնկատված…

Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ մի ամբողջ օր ականատես էինք նրա՝ հիացմունք պատճառող գործունեությանը: Հետո էլ՝ ժամանակ առ ժամանակ, նրա խիզախ վարքի մասին տեղեկություններ էինք ստանում:

«Սյունյաց երկրում»  այդ ժամանակ մեր տպավորությունները հանրայնացրինք (հղումը՝ https://syuniacyerkir.am/evs-mek-angam-chanachenq-mer-herosnerin-gagik-elyazyan-tekh-gyukhits):

2021 թ. հուլիսի 26-ին Տեղ գյուղում կրկին հանդիպեցինք Գագիկ Էլյազյանին. ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա զբաղված է գյուղի ինքնապաշտպանությամբ, մարտական հարցերով համայնքապետարանի պատասխանատուն է:

Նրա ուղեկցությամբ այցելեցինք Տեղ գյուղի եւ Լաչինի շրջանի Ջաղազուր գյուղի սահմանագծում գտնվող այն դաշտամասը, որտեղ օրեր առաջ տեղի էին ունեցել կոմբայնի ու կոմբայնավարի պատմությունը, ինչպես եւ տրակտորի ու դաշտում աշխատող գյուղացիներին պատկանող «Նիվա» մակնիշի երկու մեքենայի առեւանգման փորձերը:

Դա Սյունիքի արեւելյան սահմանագծի մի փոքրիկ հատվածն է…

Անկեղծորեն՝ չէինք կամենա սահմանի այդ հատվածում տիրող իրավիճակով դատողություններ անել Սյունիքի արեւելյան սահմանների ընդհանրական վիճակի ու պաշտպանվածության մասին, բայց եւ չենք կարող որոշ տպավորություններ ու դիտարկումներ չհայտնել:

Նախ՝ առերեւույթ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ ասել է հայ-ադրբեջանական պետական սահման… Ընդամենը գութանի խոփով հողը ցել են արել՝ 2-3 մ լայնությամբ, մոտ 2 կմ երկարությամբ՝ հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք: Արգելակող, նախազգուշացնող, պաշտպանող, դիտարկող ոչ մի կահավորանք…

Երկու կողմի տեղական իշխանավորների փոխհամաձայնությամբ ցել արված բարակ հողաշերտը, մինչդեռ, որոշ լրատվամիջոցներ շտապեցին անվանել սահմանազատում կամ սահմանագծում, ինչը մեծագույն անլրջություն է:

Ջաղազուրի եւ Տեղի հարակից դաշտամասերի բաժանարար այդ ակոսի վերջնամասում՝ հյուսիս-արեւմտյան հատվածում խոյացող բլրի վրա Ադրբեջանի սահմանապահների մարտական դիրքն է: Ասում են՝ այնտեղից էլեկտրոնային միջոցներով դիտարկվում է հարակից ամբողջ տարածքը:

Եվ եթե որեւէ մեխանիզատոր, որեւէ դաշտավար կամ հովիվ (չպատկերացնելով հերկված բարակ հողաշերտի «պետական» նշանակությունը) ակոսից մի քանի քայլ արեւելք է անցնում, րոպեներ հետո ասկյարների զինված ջոկատ է հայտնվում՝ հարայ-հրոցով: Ու եթե դեմ չառնեն մեր տղաների խրոխտ ու ձիգ պահվածքին, թուրքի դոշից բռնելու հակադարձումին՝ ավելի սանձարձակ կլինեն…

Սոսկալի մի տեսարան էլ՝ ցել արված բարակ հողաշերտից անդին… 60 հա հասկահաս ու հասկագեղ ցորենի դաշտեր՝ գյուղացի տիրոջը մոտ մեկ ամիս իզուր սպասող, բերքահավաք կոմբայնի հռնդյունին կարոտ:

Թուրքը թուրք չէր լինի, եթե թողներ, որ Տեղ գյուղացին հնձի 2020-ի աշնանը՝ վարկի զորությամբ, իր իսկ մշակած արտը:

Եվ վաղուց հասունացած հասկերից ցորենի հատիկներն են թափվում…

Ցորենի թափվող հատիկների հետ էլ, կարծեք, խամրում է գյուղացու հույսի վերջին շողը:

Այսպիսի խաղաղություն եւ հարեւանություն ենք կերտում Սյունիքի արեւելյան քարափներում:

Իսկ սահմանային միջադեպերին, որքանով հասկացանք, առաջինն արձագանքում է գյուղի ինքնապաշտպանական ջոկատը՝ պետականորեն զենք ու զինամթերք ստացած: Եվ գյուղի կամավոր պաշտպանները երբեմն ստիպված են լինում գիշերներ անցկացնել սահմանի մատույցներում, որպեսզի հանկարծ…

Հիմա, սակայն, մի փոքր այլ է ինքնապաշտպանության գործում ընդգրկված տղաների կարգավիճակը…

Նախկինում երկրապահ էին կոչվում, հետո՝ աշխարհազորային, բայց նրանց հանապազօրյա հոգսերը ոչ թե պակասեցին, այլ ավելացան: Մի բան է անփոփոխ եւ հաստատուն մնացել՝ սահմանապահ գյուղի տղաների՝ երկրի տիրոջ զգացումը, հայրենի եզերքին անմնացորդ նվիրվածութունը:

Գագիկ Էլյազյանն այդ նվիրյալներից է, նրանց քաջարի ներկայությամբ է մեր երկրամասի արեւելյան սահմանը շատ թե քիչ կանգուն:

Մինչդեռ՝ այդպիսի նվիրյալներին ըստ արժանվույն գնահատել այդպես էլ չսովորեցինք, նույնիսկ պատերազմում ստացած վերքերին համահունչ սոցիալական կարգավիճակ դժվարությամբ ենք տալիս կամ չենք տալիս: Գնահատված լինելու համար էլ, կարծեք, սխրանքներ չեն պահանջվում այլեւս, գնահատվողների եւ դափնեկիրների շարասյունն ի սկզբանե է որոշված լինում, ինչպես եւ մեղավորների փաղանգը…

 

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40