Տիգրան Գրիգորյանը, ով քսան տարի գլխավորել է Գորիսի շախմատի դպրոցը   

26.03.2024 10:13
548

 

Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանը, պարզվում է, նաև որոշակի ներդրում ունի Գորիսում շախմատի զարգացման, մասսայականացման գործում. մոտ քսան տարի գլխավորել է Գորիսի շախմատի դպրոցը։

Այնպես որ՝ նրա հետ զրուցելն անհրաժեշտ էր, քանի որ թերթային հատուկ համարով ներկայացվող Սյունիքի մարզաշխարհը չի կարող ամբողջական լինել, եթե լույս չսփռենք շախմատային Սյունիքի վրա։

– Պարոն Գրիգորյան, քչերը գիտեն, որ ճանաչված բանաստեղծ Տիգրան Գրիգորյանը շախմատի երախտավորներից է առնվազն Գորիսի տարածաշրջանում։

Կուզենայինք ծանոթանալ Ձեր շախմատային կենսագրությանը՝ սկզբից ի վեր։

– Մանկությանս տարիներին շախմատային կրթություն չեմ ստացել։ Բավականին հասուն տարիքում՝ ինստիտուտում սովորելու ժամանակ եմ հրապուրվել շախմատով։ Դպրոցական տարիների ընկերս՝ Խաչիկ Խաչատրյանը պատճառ դարձավ, որ տարվեցի շախմատով։ Արդեն երրորդ կուրսի ուսանող էի, երբ ամառային արձակուրդների ժամանակ նա որոշակի մատային կոմբինացիաներով գեղեցիկ պարտիաներ ցուցադրեց, որն էլ առիթ հանդիսացավ շախմատային խաղի գաղտնիքների մեջ իմ խորամուխ լինելուն։ Նրանից իմացա, որ այդ խաղի նրբությունները լուսաբանող գրականություն գոյություն ունի։ Առաջին գիրքը, որով սկսվել է իմ մուտքը շախմատային աշխարհ, եղել է գրոսմայստեր Լեվենֆիշի հեղինակած «Սկսնակ շախմատիստի դասագիրք»-ը։ Հետագայում շախմատային խաղի տեսական հարուստ ինֆորմացիա պարունակող այլ հեղինակների գրքեր էլ ձեռք բերեցի։

Մեկ տարի անց, երբ 19-րդ տարեդարձս նոր էի նշել, առաջին անգամ մասնակցեցի Գորիսի ուսուցչի տանն անցկացվող շախմատի առաջնության մրցաշարին ու կարողացա դառնալ մեր քաղաքի չեմպիոն։ Նույն՝ 1975 թվականի գարնանը Գորիսի սպորտկոմիտեի նախագահ Արմենակ Մանգասարյանն ինձ առաջին անգամ ուղարկեց Հայաստանի շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցելու։ Առաջնությունն այդ տարի անց էր կացվում Կիրովական քաղաքում։ Առաջին տուրերում առաջատարների մեջ էի, բայց փորձի պակասի պատճառով Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերել չկարողացա։ Սակայն որպես նորեկ բավականին լավ արդյունք ցույց տվեցի. 33 մասնակիցների մեջ կիսեցի 8-11-րդ տեղերը։ Հարկ եմ համարում նշել, որ ինձնից բացի մրցաշարի մնացած մասնակիցները վարպետության թեկնածուներ ու առաջին կարգայիններ էին։ Պիտի ասեմ նաև, որ առաջին կարգայինների ու վարպետության թեկնածուների հետ առաջին անգամ այդ մրցաշարում էի խաղատախտակի առջև հանդիպում։

Մի խոսքով՝ առաջնության փակման արարողության ժամանակ մրցաշարի կազմակերպչական հարցերը կանոնակարգող Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչը, ուղեգրեր նվաճած մրցանակակիրներին շնորհավորելուց հետո անդրադառնում է նաև իմ ցուցադրած խաղին. նախ` շնորհավորում է ինձ առաջին կարգայինի նորմա լրացնելու կապակցությամբ, ապա հնչեցնում հետևյալ նախադասությունը. «Առաջին անգամ եմ հանրապետական կարգի մրցաշարում տեսնում Տիգրան Գրիգորյան անվամբ շախմատիստի և պիտի ասեմ, որ նրա հասուն ու գեղեցիկ խաղով հիացած եմ»։

Իմ շախմատային կենսագրության առաջին երեք տարվա ընթացքում կարողանում եմ երեք անգամ լրացնել վարպետության թեկնածուի նորմա։ Խորհրդային տարիներին շախմատի վարպետության թեկնածուի կոչումը շախմատիստին շնորհվում էր պահանջվող նորման երեք անգամ լրացնելուց հետո միայն։ 

Հանգամանքների բերումով՝ հետագայում դադարել եմ ակտիվորեն մասնակցել հանրապետական մրցաշարերին։ Միայն իմ հայրենի քաղաքում՝ Գորիսում եմ մասնակցել քաղաքային առաջնություններին և բազմակի անգամ հռչակվել մեր քաղաքի չեմպիոն։

Խորհրդային տարիներին մեր քաղաքում շախմատի դպրոց չի եղել, սակայն շախմատի խմբակներ եղել են։ Հայաստանի անկախացումից հետո խմբակների գործունեությունն էլ էր դադարել։ Այսինքն շախմատային խաղի պրոֆեսիոնալ ուսուցման ոչ մի կառույց այլևս չկար մեր քաղաքում։ Միայն այդ խաղին սիրահարված ավագ սերնդի ներկայացուցիչներն էին ցուրտ եղանակներին Գորիսի ուսուցչի տանը, իսկ արևոտ ու տաք օրերին մեր քաղաքային զբոսայգում միմյանց հետ իրենց ուժերը շախմատային խաղատախտակի առջև չափում։

Ամռան ամիսներին մեր զբոսայգու խաղացողների խմբերին էին միանում երևանաբնակ այն գորիսեցիները, ովքեր նույնպես շախմատային խաղի սիրահարներ էին և աշխատանքային արձակուրդներն անց էին կացնում իրենց ծննդավայրում։ Իր հայրենիքում աշխատանքային արձակուրդները հաճախակի վայելող շախմատասերներից մեկն էլ երջանկահիշատակ Ալբերտ Օրդյանն էր։ Նա մաթեմատիկական գիտությունների թեկնածու էր, Երևանի պետական համալսարանի դասախոս, որ հասարակական հիմունքներով զբաղեցնում էր նաև Հայաստանի վետերան շախմատիստների միության նախագահի պաշտոնը։ Ամառվա ընթացքում երբեմն ես ու նա էլ էինք զբոսայգում շախմատի խաղատախտակի առջև միմյանց հետ մեր ուժերը չափում։ Մեր այդ հպանցիկ հանդիպումների ժամանակ նա հաճախ էր նույն մտահոգությունը բարձրաձայնում՝ ասելով, որ երբ Երևանում գնում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ Հայաստանի պատանիների առաջնություններին հետևելու, ոչ մի անգամ Գորիսի պատանի ներկայացուցչի չի տեսնում այնտեղ։ Եվ Գորիսը համարելով բոլոր ժամանակներում Հայաստանի ամենաշախմատասեր ու շախմատային քաղաքներից մեկը՝ առկա իրականության հետ չէր համակերպվում։

Վերջապես օրերից մի օր Ալբերտ Օրդյանը Գորիսում շախմատի դպրոց հիմնելու հարցով դիմում է և՛ Սուրեն Խաչատրյանին, ով այդ ժամանակ Գորիսի տարածաշրջանի պատգամավորն էր Հայաստանի Ազգային Ժողովում, և՛ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին։ Նախաձեռնությունը նրանց կողմից հավանության է արժանանում։ 2000 թվականի դեկտեմբերի վերջին շախմատի դպրոց բացելու հարցը դրվում է Գորիսի ավագանու տարեվերջյան նիստում և միաձայն հաստատվում ավագանու անդամների կողմից։ Տնօրեն նշանակում են ինձ։ Որպես մարզիչներ աշխատանքի եմ ընդունում Կարեն Պետրոսյանին և Մհեր Զաքարյանին։

Այդ ժամանակ մատաղ սերնդի մեջ շախմատ խաղալ սովորել ցանկացողները քիչ էին։ Շախմատային խաղի մասսայական ընկալման համապատկերում այսօրվա իրականությունն այլ է, քանի որ այսօր շախմատը որպես առարկա հանրակրթական դպրոցներում դասավանդվում է։ Այնուամենայնիվ, մեկ ամսվա ընթացքում կարողանում եմ բավականաչափ աշակերտներ հավաքագրել. սկզբնական շրջանում դպրոցում ընդգրկված սաները հիմնականում մտավորական խավի ընտանիքների երեխաներ էին։ Իմ տնօրեն նշանակվելուց մեկ ամիս անց՝ 2001թ. փետրվարի 1-ից դպրոցը որպես ինքնուրույն ուսումնական կառույց սկսում է լիարժեքորեն գործել։

Այսօր առանց այլևայլությունների կարող եմ պարզապես արձանագրել, որ Գորիսում շախմատի դպրոց ունենալու նախաձեռնությունը պատկանում է Ալբերտ Օրդյանին և այն իրականություն է դարձել հենց նրա նվիրական ջանքերի շնորհիվ։

Սյունիքի քաղաքներից երկրորդը եղավ Գորիսը, որտեղ շախմատի դպրոց բացվեց։ Մինչ այդ Սյունիքում միայն Սիսիան քաղաքն ուներ շախմատի դպրոց և, բնականաբար, Սյունիքի մարզից հիմնականում Սիսիանի պատանիներն էին կարողանում հանրապետական մրցաշարերում ուշագրավ արդյունքներ ցույց տալ...

Դպրոցի բացումից մեկ տարի անց մեր դպրոցի սան Արտուր Խոջաբաղյանին, ով դարձել էր դպրոցում անցկացված մրցաշարի չեմպիոն, ուղարկում ենք Երևան՝ Հայաստանի պատանիների առաջնության՝ մինչև տասնչորս տարեկանների կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցելու։ Նա այդ մրցաշարում փայլուն արդյունք է ցույց տալիս՝ նվաճելով մրցաշարի չեմպիոնի կոչումն ու Հայաստանի պատանիների եզրափակիչ առաջնությանը մասնակցելու ուղեգիր ձեռք բերում։ Այդ ժամանակ ներկայիս հաղորդակցության տեխնոլոգիաները գոյություն չունեին։ Արտուր Խոջաբաղյանի չեմպիոն դառնալու լուրը, վերջին տուրը դեռ չավարտված, գծային  հեռախոսակապի միջոցով մայրաքաղաքից մեզ հայտնում է լուսահոգի Ալբերտ Օրդյանն ու ինքնաբավ ցնծությամբ շնորհավորում բոլորիս։

Ալբերտ Օրդյանը շախմատային աշխարհում ունեցած իր հարգանքն ու հեղինակությունն օգտագործելով՝ տարվա մեջ առնվազն երկու անգամ որևէ անվանի շախմատիստի հետ այցելում էր մեր դպրոց։ Նրա հետ Գորիս են այցելել գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Վանիկ Զաքարյանը, ովքեր միաժամանակյա խաղի սեանսներ են անցկացրել մեր դպրոցի սաների, մարզիչների և մեր քաղաքի շախմատասերների հետ։ Նա շատ էր կարևորում խաղատախտակի առջև միաժամանակյա խաղի սեանսի միջոցով երեխաների շփումն անվանի գրոսմայստերների հետ։

Ցավոք, 2003թ.՝ մեր դպրոցի հիմնադրումից երեք տարի անց, Ալբերտ Օրդյանը հանկարծամահ եղավ։ Հաշվի առնելով շախմատի դպրոցի հիմնադրման ու կայացման գործում Ա. Օրդյանի վաստակը՝ Գորիսի քաղաքապետարանի որոշմամբ մեր դպրոցն անվանակոչվեց նրա անունով։

Մեր դպրոցի գործունեությանը հարազատի ջերմությամբ հետևելու, ծագած խնդիրներին անմիջապես արձագանքելու ալբերտօրդյանական ավանդույթը նրա մահից հետո նույն սրտացավությամբ իր գործունեության օրակարգում ընդգրկեց նրա եղբորորդի՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանը։

Դպրոց բացելուց կարճ ժամանակ անց Գորիսը մարզում շախմատային ցուցանիշներով դարձել էր երկրորդ քաղաքը։ Հետագայում՝ տարիներ կային, երբ մրցաշարերում մեր սաների ցուցադրած արդյունքներով մարզում առաջինն էինք։ Մի քիչ ավելի ուշ դպրոցներ ու շախմատի խմբակներ բացվեցին նաև Կապանում, Մեղրիում, Ագարակում։

Դպրոցի բացվելուց հետո շախմատային կյանքը Գորիսում սկսել էր վերստին աշխուժանալ։ Դպրոցի պարապմունքները սկզբնական շրջանում անց էինք կացնում խորհրդային տարիներին մեր քաղաքի համար որպես Ուսուցչի տուն ծառայող տարածքում։ Սակայն պարզվեց, որ այն սեփականաշնորհված է և արդեն քաղաքապետարանին չի պատկանում։ Քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին առաջարկեցի, որ քաղաքի կենտրոնական մասերում քաղաքապետարանի բալանսում գտնվող մի հիմնական տարածք տրամադրի շախմատի դպրոցին։ Առաջարկս շատ կարճ ժամանակահատվածում դրական արձագանք գտավ։ Սակայն հատկացված տարածքի տանիքը վերանորոգման կարիք ուներ, իսկ տարածքի արևելյան մասում գտնվող պատշգամբը՝ լրիվ վթարային վիճակում էր գտնվում։  Երբ 2004 թվականին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը Գորիսում մասնաճյուղ բացելու նպատակով այցելեց մեր դպրոց, նրան խնդրեցինք, որ դպրոցի վերանորոգման հարցով նա, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, դիմի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այն տարիների գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով այդ ժամանակ նաև Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահն էր. Լպուտյանի միջնորդությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր դպրոցը վերանորոգելու համար  14 մլն դրամ է հատկացնում, որը հնարավորություն է ընձեռում դպրոցը մասնակիորեն վերանորոգել. շենքի տանիքն ու պատշգամբը նորոգում ենք, գործող դասասենյակները նորմալ տեսքի ենք բերում ու նաև դպրոցի կոմունալ հարմարությունների խնդիրն ենք այդ գումարով կարողանում լուծել։

Տարիների ընթացքում ունեցել ենք 500-ից ավելի աշակերտ։ Շատ աշակերտներ են մասնակցել հանրապետական մրցաշարերի ու գրավել պատվավոր տեղեր։ Սյունիքի պատանիների առաջնություններում մեր դպրոցը տարբեր տարիքային խմբերում մեծ թվով մարզի չեմպիոններ է տվել։

Հետագայում որպես հիմնական մարզիչ դպրոցում աշխատելու հրավիրեցի շախմատային տեսական հարուստ գիտելիքներ ամբարած և մարդկային լավագույն որակներով օժտված մեր նախկին սան Վարդան Քարամյանին։ Իր մարզչական հմտություններով այսօր նա Հայաստանի լավագույն մարզիչների կողքին է կանգնած։ Այդ մասին են վկայում վերջին տասնամյակում թե՛ մարզային, թե՛ հանրապետական մրցաշարերում նրա սաների գրանցած արդյունքները։ Այսօր նույն պատասխանատվությամբ ու նվիրումով նա իր մարզչական գործունեությունը շարունակում է իրականացնել իմ մասնակցությամբ հիմնադրված շախմատի դպրոցում, որը ներկա պահին Գորիսի մարզադպրոցին կցված կառույցի կարգավիճակով է գործում։ Ու հենց վերջերս ավարտված (10.03.2024թ.) Սյունիքի մարզի  պատանի շախմատիստների առաջնությունում նրա աշակերտները տարբեր տարիքային խմբերում ձեռք են բերել Հայաստանի կիսաեզրափակիչ մրցաշարերին մասնակցելու հնարավորություն ընձեռող, այդ առաջնությունում խաղարկվող 14 ուղեգրերից 5-ը, ընդ որում՝ նրա սաներից Հենրի Սարգսյանն իր ուղեգիրը ձեռք է բերել մինչև տասը տարեկանների տարիքային խմբում չեմպիոնի կոչումը նվաճելու արդյունքում։

2021 թվականին դպրոցը լուծարեցին։ Այդ ժամանակ ես թոշակի անցնելու տարիքում էի գտնվում։ Փաստորեն այնպես ստացվեց, որ ես եղա նրա առաջին ու վերջին տնօրենը։ Գորիսի համայնքապետարանը կանոնադրական փոփոխություններ կատարեց, դպրոցի կարգավիճակը փոխեցին՝ այն դարձնելով Գորիսի մարզադպրոցին կից կառույց։

- Ձեր կարծիքը՝ հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցման մասին։

- Հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցման հարցում ես նախընտրում եմ Ռուսաստանում կիրառվող տարբերակը։ Շախմատը մասսայականացնող քայլեր Ռուսաստանի Դաշնությունն էլ իրականացնում է։ Շախմատային ունակություններով օժտված շնորհալի երեխաներին հայտնաբերելու և նրանց ընդունակությունները զարգացնելու նպատակ հետամտելով՝ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում շախմատն ընդգրկված է, բայց ոչ որպես բոլորի համար պարտադիր դասավանդվող առարկա, այլ ֆակուլտատիվ առարկայի տարբերակով է այն ներառված ուսուցման պրոցեսում։ Մանկահասակ տարիքից բոլոր երեխաներին համատարած այդ լրջագույն խաղով ծանրաբեռնելը ճիշտ մոտեցում չեմ համարում։ Ինձ թվում է՝ շախմատը տարրական դասարանների դպրոցական ծրագրերում ընդգրկողները միայն մեկ առաջնային նպատակ են հետապնդել. այդ ճանապարհով շախմատային ընդունակություններով օժտված բացառիկ երեխաներին փորձել վաղ տարիքում հայտնաբերել, որովհետև այսօրվա շախմատային իրականության մեջ այդ խաղի նրբությունների հետ տասնմեկ տարեկանում ծանոթանալը, կարելի է ասել, շախմատիստ դառնալու համար արդեն բավականին «ծեր» տարիք է համարվում։ Ծեր բառն ավելի ընկալելի դարձնելու համար՝ պիտի պարզապես ասեմ, որ տասնմեկ տարեկանում աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն արդեն վարպետության թեկնածու էր։

Կարճ ասած՝ տարիների փորձն ինձ բերել է հետևյալ համոզմունքին, որ երեխաների ճնշող մեծամասնության մոտ շախմատային խաղի գաղտնիքներն ավելի հասկանալի ու հրապուրիչ են դառնում մանկահասակ տարիքից դուրս գալուց հետո։ Գուցե ճիշտ կլիներ հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան մի քիչ ավելի բարձր դասարաններում դասավանդվեր, որպեսզի մանկահասակ տարիքից դուրս եկած, մի քիչ ավելի գիտակից տարիքում գտնվող երեխաների ընդհանուր զարգացվածության և աշխարհընկալման վրա շախմատը կարողանար իր առավել հիմնավոր դրական ազդեցությունն ունենալ։ Իսկ շախմատային եզակի ընդունակություններով օժտված մանկահասակ երեխաներին կարելի է պարզապես վաղ տարիքից շախմատի դպրոցների պարապմունքներում ընդգրկել և այդ ճանապարհով նրանց համար շախմատային աշխարհում ինքնադրսևորվելու հնարավորություն ստեղծել։

- Մենք այդքան կադրեր ունե՞նք, որ հանրակրթական դպրոցներում շախմատ ուսուցանենք։

- Հանրակրթական դպրոցներում շախմատը որպես առարկա մտցվելուց հետո՝ սկզբնական շրջանում, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, կարելի է ասել, անձամբ էր մասնակցում կադրերի ընտրության գործընթացին, քանի որ այդ ժամանակ, լրացուցիչ դասաժամեր ունենալու ակնկալիքով, շախմատ առարկան պարապելու համատարած հավակնություն էին դրսևորել հանրապետության դպրոցների երևի թե ֆիզկուլտուրայի բոլոր ուսուցիչները։ Ինձ թվում է՝ կադրերի ընտրության համար ժամանակի սղություն կար, և Լպուտյանը ստիպված ընտրությունն իրականացնում էր հետևյալ կերպ. տվյալ տարածաշրջանի դպրոցներում շախմատ պարապելու հայտ ներկայացրած ուսուցիչների և ուսուցչուհիների հետ միաժամանակյա խաղի սեանս անցկացնելու միջոցով փորձում էր նրանց խաղային մակարդակի մասին պատկերացում կազմել և ըստ այդմ էլ՝ ընտրություն կատարել։ Գորիսում նման կարգի, այսպես կոչված՝ «ստուգարքային» սեանսի ժամանակ բավականին զավեշտալի մի միջադեպ տեղի ունեցավ. ֆիզկուլտուրայի ուսուցիչներից մեկին նրա կատարած ընդամենը երկրորդ քայլից հետո Լպուտյանը կտրուկ շարժումով դուրս հրավիրեց՝ հայտարարելով, որ նա դպրոցում շախմատ դասավանդելու մասին պիտի առհավետ մոռանա։

Այսօր կադրեր ընտրելու հարցն ավելի կանոնակարգված հիմքերի վրա է դրված ու կադրերի սղության հարց երևի թե չկա։ Հաճախակի սեմինարներ են անցկացվում։ Շախմատ պարապող մանկավարժներն այդ առարկան դասավանդելու համար լիցենզավորման փուլ են անցնում։ Վերջին տարում լիցենզավորվելու գործող կարգի մեջ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել. կարծես հարցերի քանակն է ավելացվել։  Մինչ այդ լիցենզիա ստանալու համար ուսուցիչները քսան հարցից բաղկացած թեստերի էին պատասխանում, որոնցում մասնագիտական հարցերին զուգահեռ ընդգրկված էին լինում նաև հոգեբանական հարցեր։ Այնուհետև, ըստ վաստակած միավորների, նրանք որոշակի ժամկետով լիցենզավորվում էին։

- Փորձեք շախմատը ներկայացնել որպես երևույթ, որպես մարզաձև. դրա դերը երեխայի դաստիարակության, ձևավորման գործում։

- Շախմատը հիանալի ճանաչողական զարգացման միջոց է՝ ընդլայնում է աշխարհայացքը, սովորեցնում է մտածել, համեմատել, ընդհանրացնել, կանխատեսել սեփական գործողությունների արդյունքները, զարգացնում է տրամաբանական մտածողությունը։

Շախմատային խաղը հիանալի դաստիարակչական միջոց է։ Այն երեխաների էությանը ներարկում է նպատակասլացություն, կամային որակներ, ինչպես նաև կենտրոնացվածություն և հավաքվածություն։

Շախմատը երեխաների աշխարհընկալման մեջ վաղ տարիքից պատասխանատվության զգացում է նաև արթնացնում. շախմատ խաղացող երեխան վաղ հասակից է սկսում գիտակցել, որ իր արած քայլի հետևանքով առաջացած իրավիճակի համար ոչ ոք, բացի իրենից, չի կարող պատասխանատու կամ մեղավոր կոչվել։

Շախմատն այն եզակի բանական խաղն է, որը միանշանակ հարստացնում է երեխաների ներաշխարհն ու զարգացնում նրանց երևակայությունը, իսկ շախմատային հիասքանչ կոմբինացիաները կարողանում են հոգևոր գեղեցկությունն ընկալելու ունակություն ներարկել երեխաների էությանը։

Շախմատը երեխաների մոտ զարգացնում է ոչ միայն անալիտիկ մտածողությունն ու ակտիվացնում նրանց ստեղծագործական կարողությունները, այլև նպաստում է այնպիսի որակի ձևավորմանը, ինչպիսին ճանաչողական ունակությունների տրամաբանված զարգացումն է։

Շախմատով զբաղվող երեխան հետագայում ինչ գործունեությամբ էլ զբաղվի՝ ի վիճակի կլինի ըմբռնել ցանկացած բարդության հիմնախնդիր։

Զրույցը՝

Մարի Նավասարդյանի

 

 

 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29