Տիգրան Փարվանյան. «Ամենակատարյալ զինտեխնիկան զինվորի մարտական ոգին ու նվիրվածությունն է»

03.05.2016 11:51
2293

Երկրորդ անգամ լինելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան գոտում, նախ՝ այցելեցինք ՀՀ զինված ուժերի առաջին զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանին՝ փորձելով տեղեկություններ ստանալ, ինչպես ասում են, առաջին ձեռքից:


- Պարո՛ն Փարվանյան, նախ՝ ովքեր իմացան, որ այցելելու ենք հարավարեւելյան շփման գոտի, խնդրեցին իրենց մաղթանքները փոխանցել Ձեզ եւ Ձեր հրամանատարության ներքո եղած սպաներին ու զինվորներին, բոլորը մի բանում համոզված են, այսօրվա հերոսը 18-20 տարեկան զինվորն է եւ նրա հրամանատարը, երկրորդ՝ կուզեինք իմանալ օպերատիվ իրավիճակի մասին:

- Շնորհակալություն մեզնով հետաքրքրվողներին եւ մաղթանքների համար, իրավիճակը կարելի է գնահատել, ինչպես նախորդ զրույցի ժամանակ ասացի, կայուն լարված, այստեղ հիմնականում զբաղված ենք ճամբարային հավաքներով, շփման գծից աստիճանաբար հետ ենք քաշում ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրեր, նաեւ ուսումնասիրվում են նոր ստացված հեռահար հրետանային միջոցները: Ճամբարային վարժանքների ժամանակ աչքի ընկածները խրախուսվել են, ասվածին կավելացնեմ, որ ճամբարային հավաքներն անցկացվում են ըստ նախատեսված գրաֆիկի եւ բարձր մակարդակով: Ամեն ինչ նորմալ է, աստիճանաբար տեխնիկան հետ կքաշենք մշտական տեղակայման վայրեր:

- Ինչպես ամեն անգամ, մեզ հետաքրքրում են զինվորների տրամադրությունը, մարտական ոգին:

- Երկար տարիներ ծառայել եմ զինված ուժերում, միշտ հայ զինվորի ոգին բարձր է եղել, բայց նման բարձր ոգու, նման նվիրվածության, նման կազմակերպվածության այսքան տարիների ընթացքում առաջին անգամ եմ ականատես լինում: Այդ ոգին ասես հասել է կատարելության գագաթնակետին, բայց ներքուստ զգում եմ, որ էլի տեղ ունի աճելու:

- Կուզեինք իմանալ զինվորի սննդի, նրա կենցաղային պայմանների մասին, վերջին շրջանում, կարծեք, շահարկումներ կան՝ կապված այդ ամենի հետ:

- Կարող եք հենց հիմա դուրս գալ եւ սեփական աչքերով տեսնել. յուրաքանչյուր ստորաբաժանման մոտ, յուրաքանչյուր վրանի մոտ թող զինվորները պատմեն այդ ամենի մասին, թե ոնց են սնվում, իրենց կենցաղը տեսեք: Վերջապես, հիմա դաշտային պայմաններում են իրենք գործում, ի վերջո, ութերորդ հարկում բազմոցի վրա նստած չեն եւ սպասում, որ իրենց սուրճ մատուցեն: Այս պահին դաշտում ենք եւ պիտի հարմարվենք դաշտային պայմաններին ու կենցաղին: Եվ պիտի այդ դաշտային կենցաղը բարելավենք այն աստիճան, որ զինվորն իրեն լավ զգա. պարապմունքի ժամանակ պարապի, հանգստանալու ժամանակ հանգստանա, մի խոսքով՝ դաշտը մնում է դաշտ: Եվ անձրեւ կլինի, եւ արեւ, եւ անբարենպաստ եղանակ: Դա չի նշանակում, որ զինվորի կենցաղը վատ է: Ազգի մասին, բանակի մասին մտահոգ լրագրողները կգան այստեղ, կտեսնեն իրականությունը, կգնան ճշմարտություն կգրեն, ոչ թե իրենց տանը նստած՝ վայրիվերո դատողություններ կանեն: Ձեր օրինակը, ահավասիկ, եկել եք այստեղ եւ հետաքրքրվում եք զինվորի սննդով ու կենցաղով եւ ոչ թե հեռվից դատողություններ ենք անում, գնահատականներ տալիս…

- Այս մասին էլ գրվեց՝ չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ էական տարբերություն կա ադրբեջանական եւ հայկական բանակների սպառազինությունների միջեւ:

- Այդպիսի մեծ տարբերություն չեմ տեսնում: Հիմնականում նույն զինատեսակներն ու զինամթերքներն ունեն կողմերը՝ միեւնույն երկրից ձեռք բերված: Ադրբեջանական կողմն ունի նաեւ թուրքական եւ իսրայելական զինատեսակներ, որոնք էականորեն տարբերվում են մեր ունեցածից, բայց որ պիտի երկյուղ ունենանք դրանցից, այդպիսի բան չկա, ամեն ինչի դեմ կարելի է կռվել, «հակաթույն» գտնել: Եթե մարդու ուղեղը ստեղծել է մի զենք, անպատճառ դրա դեմ պայքարելու զենքն էլ է ստեղծում:

- Վերջին շրջանում էլ շատ են շրջանառվում ասեկոսեներ, թե անօդաչու թռչող սարքն այստեղ երեւաց, մի այլ տեղ երեւաց: Դա  հայտնաբերելն ու վնասազերծելն իրո՞ք այդքան դժվար է…

- Առաջնագծում մեր տղաները խփել են ձեր ասած թռչող սարքերից, այսինքն՝ անհնար ոչ մի բան չկա:

- Կարելի է ենթադրել, որ անօդաչու թռչող սարքերի դեմ արդեն հակամիջոցներ ունենք:

- Այդպես չէ, որ անհնար է պայքարել դրա դեմ: Հակամիջոցները, նախեւառաջ, մեր զինվորի զգոնությունն է, մեր զինվորի աչալրջությունը, դիպուկ կրակելը: Խոսք կա, չէ՞, սատանան այդքան սարսափելի չէ, որքան պատկերացնում են: Չի կարելի ամեն ինչ ուռճացնել, իրերն իրենց անուններով պիտի կոչել:

- Մի քանի խոսք էլ դիրքապահ կամավորականների մասին:

- Առաջին օրերին, երբ սահմաններում իրավիճակը կտրուկ սրվեց, եկել, իրենց օժանդակությունն են ցուցաբերել, բայց, տեսնելով, որ զորամիավորումը զբաղվում է իր գործով, ի վիճակի է լուծել իր առջեւ դրված խնդիրները, վերադարձել են իրենց ընտանիքները:

- Զորամիավորման հրամանատարի խոսքին բոլորն են սպասում, ի՞նչ կմաղթեիք մեր թերթի ընթերցողներին:

- Մաղթում եմ ուրախ տրամադրություն, գարնանային տրամադրություն, մայիսը գարնան ամիսներից ամենածաղկունն է, ցանկանում եմ յուրաքաչյուրը լծվի իր աշխատանքին, քանզի գարնան ամեն մի օրը տարի է կերակրում: Աստված մի արասցե, եթե անհրաժեշտություն ծագի, ամեն գործ թողնելու ենք եւ պաշտպանելու ենք մեր սուրբ հողը: Ամենահզոր զենքը, ամենակատարյալ զինտեխնիկան զինվորի մարտական ոգին ու նվիրվածությունն է: Եթե կան նվիրվածությունն ու ցանկությունը, ամեն ինչի կարելի է հասնել: Եթե հակառակորդն իր ձեռքին ամենահզոր զենքն ունի եւ չգիտի, թե դրանով ինչ պիտի անի, ապա նրա ձեռքին այդ զենքը դառնում է մի կտոր մետաղ:

- Ձեր ասածից կարելի է եզրահանգման գալ, որ զինվորի գրագիտությանը, զենքին տիրապետելու ունակությանն ամենալուրջ ուշադրությունն է դարձվում բանակում:

- Ոչ միայն այսօր, այլեւ ընդհանրապես զինվորի գրագիտությունը միշտ է եղել առաջին պլանին, զինվորի գրագիտությունից շատ բան է կախված մարտական խնդիրը լուծելու համար: Զինվորը հստակ գիտակցում է, որ մարտի դաշտում զենքն իր քույրն է, իր մայրն է, իր ամեն ինչը:

- Շատ ոգեպնդիչ է, որ հակամարտության գոտում հանդիպում ենք նաեւ զինվորական կանանց:

- Զինվորական կանայք զինվորական կոլեկտիվի անփոխարինելի մասն են կազմում: Նրանք իրենց կյանքը կապել են զինվորական ծառայության հետ: Եվ դաշտում, եւ մշտական տեղակայման վայրում, որտեղ էլ լինի, նրանք իրենց ծառայությունը պատվով են տանում, երբեւէ ոչ մի բանից էլ չեն վախենում կամ դժգոհում:

- Աստված Ձեզ պահապան ու օգնական, նաեւ շնորհակալություն, որ աջակցում եք հակամարտության գոտում աշխատող լրագրողներին:

- Ես էլ շնորհակալ եմ մեր գործունեությունը լուսաբանելու, զինվորին քաջալերելու համար:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19