Տիգրան Փարվանյան. «Թող թնդանոթներն ու մյուս զինատեսակները կրակեն միայն զորավարժարաններում»

27.01.2016 17:25
3618

(Հարցազրույց ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հետ)


Այցեքարտ

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 21-ին Ապարան քաղաքում: 1974-75 ուստարում ընդունվել եւ 1984-85 ուստարում ավարտել է Ապարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ ընդունվել է Օրջոնիկիձեի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: 1983 թվականին ուսումնարանն ավարտելով՝ նշանակվել է Հունգարիայում տեղակայված Հարավային զորքերի խմբավորման 19-րդ տանկային դիվիզիայի մոտոհրաձգային գնդի դասակի հրամանատար:

Այնուհետեւ զինծառայության է անցել Ուկրաինայում: 1991-ի վերջին տեղափոխվել է Հայաստան՝ ընդգրկվել ինքնապաշտպանական ջոկատների կազմում: Երբ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերը, անդամագրվել է նորաստեղծ հայոց ազգային բանակին, վարել տարբեր պաշտոններ, ծառայել բանակային տարբեր կորպուսներում: 1995 թվականին ուսումնական բրիգադի գումարտակի հրամանատար էր, այնուհետեւ եղել է բրիգադի հրամանատարի պաշտոնակատար: 1998 թվականին գործուղվել է ուսանելու Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցությամբ: 2001 թվականից ծառայել է մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում, վարելով բարձր պաշտոններ: 2013թ. գարնանը նշանակվել է առաջին բանակային կորպուսի հրամանատար:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացի է:

Պարգեւները՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, «Մարտական ծառայության» մեդալ-ՀՀ, «Մարտական ծառայության» մեդալ-ԼՂՀ, «Անդրանիկ Օզանյան» մեդալ, «Դրաստամատ Կանայան» մեդալ, «Նելսոն Ստեփանյան» մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի մեդալ, «ՀՀ ԶՈւ 20 տարի» հոբելյանական մեդալ եւ այլն, պարգեւատրվել է անվանական զենքով, տասնյակ պատվոգրերով:


- Պարոն գնդապետ, հրապարակայնության, թափանցիկության հանդեպ ձեր դրական վերաբերմունքը ողջունելի է: Միշտ չէ եւ բոլոր հրամանատարները չեն, որ նման բաց աշխատանքի կողմնակից են եղել: Կարծում ենք՝ այսուհետ եւս կշարունակենք մեր համագործակցությունը:

- Պատրաստ եմ համագործակցելու լրատվամիջոցների հետ, որովհետեւ բանակը մեր պետության, մեր ժողովրդի ամենաթափանցիկ գերատեսչություններից մեկն է, որ միշտ ժողովրդի հետ է, ծնվել է նրա ծոցից եւ պաշտպանում է նրա անվտանգությունն ու անդորրը:

- Այսօր մեր ընթերցողին եւ հասարակությանն ընդհանրապես մտահոգում է, թե ինչպես եք գնահատում օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:

- Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում վիճակը բավականին լարված է, որովհետեւ այն, ինչ ասում են Ադրբեջանի ղեկավարությունն ու բանակի հրամանատարությունը, իրականությանը չի համապատասխանում, ոչ մի անգամ իրենց խոսքի տերը չեն եղել, միշտ ստի եւ կեղծիքի վրա են հիմնված նրանց քաղաքականությունն ու գործողությունները, միգուցե այդ ամենն անում են, որ երկրի ներքաղաքական վիճակը լարված պահեն, որ ժողովուրդը չըմբոստանա, չընդվզի… Բայց ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, պատերազմը վերսկսելու հռետորաբանությունն էլ չի օգնում: Քանզի եթե ամեն ինչ հանգիստ լինի շփման գծում, ժողովուրդը կմտածի եւ իր կենցաղի, եւ իր սոցիալական վիճակի մասին: Իսկ այսօր մարդիկ զանգվածաբար դուրս են գալիս փողոցներ, բողոքում են պետական այրերի վարած քաղաքականության դեմ: Այն հաստատ համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը փորձում է շփման գծում լարվածություն ստեղծել, որ մարդկանց ուշադրությունը շեղի սոցիալական հարցերից:

- Անվերապահորեն կարելի է ասել, որ 1-ին բանակային կորպուսը փառապանծ ուղի է անցել, այստեղ են հրամանատարական մկրտություն ստացել հայոց ազգային բանակի երեւելի դեմքերից շատերը, միջանցքում փակցված վահանակին նրանց լուսանկարներն էին, ինչը վկայում է, որ գործ ունենք հայոց ազգային բանակի ամենամարտունակ զորամիավորումներից մեկի հետ, որի ավանդույթները ոչ միայն պահպանվում, այլեւ բազմապատկվում են:

- Ինչ վերաբերում է ձեր դիտարկմանը, լիովին համաձայն եմ ասվածին: Բանակն ու հասարակությունը մի ընդհանուր օրգանիզմ են, մեկը մյուսից անկախ ապրել ու գործել չի կարող: Դեռ ավելին՝ քիչ առաջ արդեն նշեցի, որ բանակը ծնվել է ժողովրդի ծոցից, հետեւաբար մեր զորամիավորումը, որ տեղակայված է Հայաստանի ռազմավարական տեսակետից կարեւոր մարզում, եւ ժողովուրդը, որ դարեր ու հազարամյակներ շարունակ միշտ ըմբոստացել է բռնակալների դեմ, միասնական են. այդ ոգին ժողովրդի մեջ միշտ կա, կանգնած է բանակի թիկունքին, բանակն էլ պահապան է այդ ժողովրդին: Սյունեցին հզոր է իր բանակով, իր խելքով, իր մտքով, իր սառնասրտությամբ:

- Մի խնդրի մասին այժմ շատ են խոսում: Եվ նույնիսկ համեմատություններ են անում 1990-ականների հետ: Երբեմն որոշ վատատեսներ բարձրաձայնում են, թե իբր մեր ժամանակի զինվորը չունի բարոյահոգեբանական այն վիճակը, ինչ կար Արցախյան գոյամարտի տարիներին: Հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի, տրամադրության մասին կուզեինք ձեզնից իմանալ, որպես երկարամյա հրամանատարի:

- Այսօրվա զինվորի բարոյահոգեբանական վիճակն ավելի բարձր է, քան շատ-շատ ժամանակներ առաջ՝ մեր բանակի հիմնադրումից ի վեր: Եթե խոսքը 1990-ականների սկզբի մասին է, այն ժամանակ ոչ բանակ ենք ունեցել, ոչ զինվորական կառույցներ: Մենք ունեցել ենք սահմանը հսկող ջոկատներ՝ որսորդական հրացաններով զինված, որոնց անվանում էինք ֆիդայական ջոկատներ՝ կոչված իրենց հողն ու ջուրը պաշտպանելու: Բոլորս գիտենք, որ մեր բանակը դառնում է 24 տարեկան: 1992 թվականին առաջին անգամ հայ զինակոչիկը զորակոչվեց զինծառայության: Հետեւաբար չէր կարող զինուժն ավելի մարտունակ, ավելի հզոր, ավելի ուժեղ լինել: Բայց որ հայի ոգին միշտ եղել է զինվորի մեջ, ոչ թե հիմա, այլ դարեր շարունակ, դա փաստ է, քանզի 1992 թվականին զորակոչված զինվորներն առյուծի պես կռվել են մինչեւ տարածաշրջանում հրադադար հաստատելը, որն այժմ պարբերաբար խախտում է մեր հակառակորդը: Եվ 1994 թվականից հետո մինչ հիմա ժամ առ ժամ, օրեցօր շարունակում է զարգանալ եւ հզորանալ: Եվ այսօր մարտունակությամբ շատ երկրների բանակներին գերազանցում ենք, որովհետեւ մեր զինվորը զբաղվում է մարտական պատրաստականությամբ, դա առաջնայինն է: Եթե զինվորը տեսականորեն եւ գործնականում չի կարողանում իր խնդիրը լուծել, նա ինչպե՞ս կարող է կանգնել առաջնագծում, դիրք պահել, սահման հսկել, հայրենիք ու օջախ պահպանել:

Բանակի մասին չարախոսներն էլ, երեւի դրսից հովանավորողներ ունեն՝ բանակը մրոտելու, նրա հաջողությունները նսեմացնելու: Նրանց ազգի թշնամիներ եմ համարում: Եթե նրանցից մեկը գա բանակ, ծառայի, առնչվի բանակային կյանքին, գուցե կգիտակցի՝ բանակն ինչ է, ում հետ գործ ունի եւ ինչ կարող է գրել: Ամեն գրիչ չէ, որ ճշմարիտ է ներկայացնում իրականությունը:

- Արդեն մի քանի ամիս է, ինչ 1994-ի մայիսին հաստատված զինադադարի մասին այլեւս չենք խոսում: Փոխարենը խոսում ենք պատերազմական իրավիճակների մասին: Ադրբեջանում օրեցօր աճող պատերազմի հռետորաբանությունն էլ այլեւս մեզ չի զարմացնում: Եթե լայնամասշտաբ գործողություններ ծավալվեն, Աստված մի արասցե, ինչպիսի զարգացումներ եք ակնկալում…

- Նախ՝ ինձ չի թվում, որ լայնածավալ գործողություններ կսկսվեն: Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ կարելի է բնորոշել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ: Երբ սահմանին անընդհատ զինվոր է զոհվում, երբ դիվերսիոն խմբերը պարբերաբար փորձում են ներխուժել մեր դիրքերը, երբ նրանց դիպուկահարները փորձում են խոցել առաջնագծում հերթապահող մեր զինվորներին, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Խաղաղությունը մենք ենք պահում, քանզի մեր խոսքի տերն ենք: Տարբեր մակարդակի հանդիպումներում հանրապետության նախագահն ու պաշտպանության նախարարը քանիցս կրկնել են, որ կողմնակից ենք խաղաղության: Հարցի լուծումը պիտի լինի խաղաղ ճանապարհով: Իսկ մեր վայ-հարեւանները կարծում են, որ եթե մենք իրենց նման չենք սպառնում, տեղյակ չենք, չգիտենք: Եթե հակառակորդը մտածում է լայնածավալ գործողությունների մասին, թող սկսի: Համոզված եմ, որ շատ արագորեն զղջալու են, որ նման գործողություններ են սկսել: Արժանի հակահարված կստանան, եւ դեռ մի բան էլ մեզ օգուտ կմնա՝ կշարունակենք մեր պատմական տարածքներն ազատագրել:

- Վերջին մեկ տարում անընդհատ լսում ենք սպառազինության ոլորտում Ադրբեջանի աճող առաջընթացի մասին: Մասնավորապես, նկատի է առնվում Ռուսաստանից զենքի վաճառքը Ադրբեջանին: Մի՞թե իրական է շրջանառվող տեսակետը, որ Ադրբեջանը սպառազինության ոլորտում առաջընթաց ունի, եւ առհասարակ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այդ ոլորտում:

- Ինչ վերաբերում է սպառազինությանը, տեսնելով եւ լսելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, գալիս ես եզրակացության, որ բանը ցանկանում են հասցնել սպառազինությունների մրցավազքի: Բայց մեր երկրի ղեկավարությունը, մեր ժողովուրդը նման խնդիր չեն դնում: Ի՞նչ սպառազինության մրցավազքի մասին է խոսքը: Ունենք այն, ինչ ունենք, մեր եղածը մեզ բավական է: Եթե հակառակորդը թե մարդկային ռեսուրսներով, թե զինատեսակներով փոքր-ինչ մեզ գերազանցում է, դա դեռեւս ոչ մի բան չի նշանակում, էլի մեր օգտին է այդ ամենը, մեկ է՝ մեզ է անցնելու այդ ռազմամթերքը: Այդքան քանակը չէ կարեւոր, որքան այդ զենքը յուրացնելը եւ օգտագործելը: Կարող է՝ նրանք քանակապես շատ են, բայց մի կարգին ռազմական օդաչու չունեն: Տարբեր վայրերից հրավիրում են ռազմական մասնագետներ, բայց իրենք իրենցը պիտի ունենան: Այս առումով կարծում եմ՝ հաղթանակը ոչ թե քանակով է պայմանավորված, այլ որակով: Այսօր պաշտպանության նախարարության կողմից խնդիրն այնպես է դրված, որ փոքր ուժերով մեծ խնդիր լուծվի: Միայն այս ուղիով ենք հասնելու մեր վերջնական հաղթանակին: Եվ հաստատ հասնելու ենք: Մեր զինվորի ոգին այնքան բարձր է, որ անհնար է ընկրկի: Արցախյան պատերազմում դրանում համոզվեցինք:

- Գաղտնիք չէ, որ Հայոց ազգային բանակը ձեւավորվեց հիմնականում ազատամարտիկների, ոչ պրոֆեսիոնալների բազայի վրա: Բայց տարիներ են անցել. կարո՞ղ ենք հիմա արձանագրել, որ հատկապես սպայական անձնակազմը համալրված է հիմնականում կամ գրեթե հիմնականում պրոֆեսիոնալներով:

- Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ովքեր ցանկություն ունեցան մնալ բանակում, նրանք լիարժեքորեն կատարելագործվեցին եւ բոլորը դարձան պրոֆեսիոնալ զինվորականներ: Մեր բանակում չկա ոչ պրոֆեսիոնալ զինվորական, ոչ պրոֆեսիոնալ սպա: Չունենք զորամասի հրամանատար, ով պրոֆեսիոնալ չէ: Բոլոր զորամասերի հրամանատարներն ուսանել են ռազմական ակադեմիաներում, սովորել ռազմական ինստիտուտներում, նույնը՝ գումարտակի հրամանատարները, նրանց տեղակալները: Իսկ ազատամարտիկներից նրանք, ովքեր չշարունակեցին զինվորական գործը, անցան թիկունք, մասնակցեցին մեր նորանկախ պետության կայացմանը, միասին կայացրին եւ մեր պետությունը, եւ մեր բանակը: Իսկ բանակն աստիճանաբար առնականանում է եւ ամենամարտունակն է՝ գոնե տարածաշրջանում:

- Հարցը փորք-ինչ նուրբ է. որպես հարմանատար, մեկ-երկու նախադասությամբ ի՞նչ կցանկանայիք ասել խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին:

- Ոչ մի խոսքով չես կարող սփոփել զոհված զինվորների ծնողներին, քանզի վերքն այնպես խորն է, ցավն՝ անամոք: Ընդհանրապես որդեկորույս հոր թե մոր հոգիները չեն սփոփվելու: Հայ ժողովուրդը հզոր ժողովուրդ է, ուղղակի այնպիսի կամք պիտի ունենա, որ ընդունեն, թե իրենք հերոս որդի են դաստիարակել: Մարդ կա 80 կամ 100 տարի ապրում է, բայց երկրային կյանքում ոչ մի հետք չի թողնում: Բայց 20 տարեկանում անմահանալ՝ դա ինքնին հերոսություն է: Նման հերոսների արյան գնով եւ հզորանում է բանակը, եւ երկրի խաղաղությունն է պահպանվում, եւ մեր արժեքային համակարգն է ամրապնդվում: Ուշագրավ է, որ զինվորը, տեսնելով ընկերոջ մահը, ոչ թե ընկճվում է, այլ նրա մեջ ավելի է ամրապնդվում ոգին, նրա նեջ ավելի է բարձրանում հոգու հզորությունը, հավատն իրեն վստահված տարածքը պահպանելու:

- Պարոն գնդապետ, մենք՝ խորհրդային բանակում ծառայածներս, ականատես ենք եղել զինվորների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների մի դրսեւորման՝ «դեդովշչինա», երբ առավել հին ծառայողները ճնշում, երբեմն ծաղրուծանակի են ենթարկում նորակոչիկներին: Իսկ մեր բանակում նկատվո՞ւմ են ոչ կանոնադրական դրսեւորման դեպքեր:

- «Դեդովշչինա» բառն ինձ համար դարձել է խորթ, հեռավոր մի հուշ, քանի որ ինքս էլ խորհրդային բանակում եմ ծառայել: Իսկ ընդհանրապես 31-րդ տարին է, ինչ ուսադիրներ եմ կրում: Այդ «դեդովշչինային» ես էլ ականատես եմ եղել եւ եկել-հասել եմ մինչեւ այս օրերը: Բայց երեւի 5-6 տարի չէի լսել այդ բառը: Մի օրինաչափություն կա մեր բանակում. ծառայողների 99 տոկոսը հայ է: Մեկուկես տարվա ծառայողը եւ օրերս զորակոչված զինվորը երկուսն էլ հայ են: Ինչպե՞ս կարող է մեկը մյուսին նեղացնի, բանակային միջավայրում դա չի ընդունվի: Պատահում են նվազ դաստիարակությամբ, ցածր կրթական մակարդակով զինվորներ: Հնարավոր է մեկը խախտի զինվորական կանոնադրությունը, փորձի «եղանակ» ստեղծել: Նման դեպքերն արագ կանխվում են: Ի վերջո բանակն էլ ունի իրավապահ մարմիններ՝ ռազմական ոստիկանություն, զինվորական դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, որոնք միտված են նման դեպքերը կանխելուն: Եթե ոմանք էլ չեն գիտակցում, որ իրենք քրեորեն պատժելի արարք են թույլ տվել, ստանում են իրենց արժանի պատիժը, ինչը մեր բանակային կորպուսում շատ քիչ տոկոս է կազմում: Դիմելով զինվորներին՝ հաճախ եմ կրկնում. դուք ձեր հոր եւ մոր դեմքն եք, ձեր ընտանիքի հայելին, այնպես արեք, որ ձեր ընտանիքի մասին վատ կարծիք չկազմեն: Այս խոսքերը, ըստ իս, ավելի դաստիարակչական նշանակություն են ունենում, քան ձայնը բարձրացնելը, պատժելը եւ այլն: «Դեդովշչինա» եզրույթն անչափ խորթ է ինձ համար, եւ հաստատ նման բան մեր կորպուսում չկա:

- Տեղային գործո՞նն էլ այլեւս դեր չի կարող խաղալ միջանձնային հարաբերություններում:

- Տեղային գործոնն էլ չի կարող գործել: Գորիսեցին չի կարող Գորիսում ծառայել, եւ դա շատ ճիշտ է: Բոլորս գիտենք, որ զինակոչիկների ծառայության վայրը որոշվում է վիճակահանությամբ: Այս գործում կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի, հասել ենք մաքսիմալ արդարության, որ բոլոր բացասական երեւույթները դուրս մղենք բանակից: Իսկ ինչ վերաբերում է զինվորների միջեւ միջանձնային հարաբերություններին, երեք-չորս օրվա ծառայող զինվորը կարող է այնպիսի խախտում անել, ինչը իրեն թույլ չի տա երկու տարվա ծառայողը: Սա ասում եմ վերը նշած «դեդովշչինան» հերքելու համար: Իսկ թե ով ինչքան է ծառայել, ինչպես է ծառայել, որեւէ նշանակություն չունի: Եթե հարցազրույցի միջոցով նա կվերադաստիարակվի, կզղջա թույլ տված արարքի համար, հնարավոր է ներվի:

- Ընթացքի մեջ է ձմեռային զորակոչը, հունվարը սերնդափոխության ամիս է, թարմացվում է նաեւ առաջին բանակային կորպուսի կազմը: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է՝ ֆիզիկական ի՞նչ պատրաստականությամբ են նորակոչիկները ներկայանում զինծառայության:

- Տարեցտարի բարելավվում է զինակոչիկների ֆիզպատրաստականությունը: Այս զորակոչին բանակ են կանչվում 1997-1998 թվականներին ծնվածները: Բոլորս քաջատեղյակ ենք, թե Հայաստանն ինչպիսի ցնցումներ ապրեց. երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում, մութ ու ցուրտ տարիներ, պատերազմ: Այդ տարիներին ո՞վ էր մտածում երեխաների ֆիզդաստիարակության մասին: Բայց երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը դրականորեն անդրադարձավ զինակոչիկների ֆիզպատրաստության վրա: Արդեն հասցրել եմ լինել մի քանի զորամասերում, զրուցել զինակոչիկների հետ, բոլորն էլ պինդ, առողջ, նորմալ տղաներ են, հաստատ համոզված եմ, որ բոլորն էլ տրամադրված են ծառայության եւ իրենց հանձնարարված առաջադրանքները կատարելուն:

- Վերջերս շատ են դիմում պայմանագրային հիմունքներով ծառայելու: Ըստ ձեզ՝ դա զբաղվածության խնդրո՞վ է պայմանավորված, թե՞ մարդկանց ոգին է բարձրացել:

- Ի սկզբանե պայմանագրով ծառայողներ եղել են, վարորդներ են եղել, տարբեր մասնագետներ: Բայց ընդհանուր մարտական կազմը պայմանագրային ծառայողների, որ մարտական հերթապահության պիտի մասնակցեր, քիչ հետո ձեւավորվեց: Սկզբում տարիքային ցենզը բարձր էր, ընդհուպ մինչեւ 40 տարեկան: Զգացվում էր, որ պայմանագրայինների նպատակը սոցիալական խնդիրների լուծումն էր, մարդն աշխատանք չի գտնում, արտագաղթելու հնարավորություն չունի եւ այլն, եւ այլն: Բայց վերջին տարիներին տարիքային ցենզը զգալիորեն իջել է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ պայմանագրայինների մի մասն ընդամենը վեց ամիս առաջ է զորացրվել զինված ուժերից եւ դիմում է պայմանագրային հիմունքներով ծառայելու: Այնպիսի մի սահմանագծի ենք հասել, որ ոչ բոլոր դիմումներին է դրական լուծում տրվում, որովհետեւ հաստիքացուցակով թափուր տեղ չկա: Եթե նախկինում դիմող եւ ծառայության անցնողները տարբեր դաստիարակություն ունեին, մեկը կարգը խախտում էր՝ ազատում էինք, հիմա յուրաքանչյուրն «ատամներով» իր տեղը պահում է, եւ նրանց կարգապահությունը ոչնչով չի տարբերվում պարտադիր զինծառայության անցնողներից: Տարիքային ցենզը զգալիորեն իջել է, եւ դա ընդհանրապես ուրախացնող է: Դա խոսում է այն մասին, որ մարդն իր կենսագրությունն արդեն կապում է բանակի հետ: Սյունիքի մարզում այդ միտումը կա, ես դա տեսնում եմ, քանզի յոթերորդ տարին է, ինչ տարածաշրջանում եմ ծառայում: Եվ ժողովրդի բնավորությունը, եւ գրագիտության աստիճանը գիտեմ եւ ժողովրդի բարքերը:

- Մենք նաեւ մի դիտարկում ունենք: Այն քչերից մեկն եք, որ շատ եք հասարակության հետ շփվում: Ձեզ կարելի է տեսնել ամենուր, մարզի տարածաշրջաններում, մարզում չի լինում մի նշանակալի միջոցառում, որ 1-ին բանակային կորպուսի հրամանատարը ներկա չլինի իր անմիջականությամբ, իր ակտիվությամբ: Դա հետաքրքիր գիծ է ձեր կերպարին, անմիջական շփումների մեջ եք հասարակության հետ, դուք էությա՞մբ եք այդպիսին, թե՞ անում եք բանակ-հասարակություն կապն ավելի սերտացնելու համար:

- Նախ՝ եթե մարդու արյան մեջ չլինի, դա ինքնաբուխ չի ստացվի, երկրորդ՝ ինչո՞ւ եմ կարեւորում բանակ-հասարակություն կապը: Ինչքան ժողովուրդը մոտ լինի բանակին, ժողովուրդն ինչքան մոտ լինի որդուն, երկուստեք շահավետ կլինի, ինչո՞ւ, որովհետեւ զինվորը լոկ զինվոր չէ, նա ռոբոտ չէ, նա պիտի շփվի քաղաքացիական անձանց հետ, հասարակության հետ, որ զինվորը զգա, որ կյանքը սահմանափակված չէ սոսկ զորավարժություններով, զինվորական կացարանով, առաջնագծով: Եթե վաղը մեր զինվորը կանգնի առաջնագծում, Աստված մի արասցե, պատերազմ լինի եւ զգա, որ Սյունիքի ժողովուրդը տեղահանվել է, տնից-տեղից գնացել է, իր հողը մեր զինվորն իր ատամներով կպահի, բայց, հնարավոր է, ոգին կոտրվի: Իսկ եթե զգա, որ իր մեջքին կանգնած է մի ամբողջ ժողովուրդ, նրա մեջ ոչ միայն մարտական ոգին, այլեւ պատասխանատվությունը մի քանի անգամ կբարձրանա, քանզի այն գիտակցումն կունենա, որ իր հետեւում կա ժողովուրդ՝ կին, երեխա, ծերունի, մայր, քույր, եղբայր, ինչպե՞ս ես թողնեմ դիրքերս, չէ՞ որ թշնամին հասնելու է այդտեղ: Այդ պատճառով ժողովուրդն ու բանակը բոլոր ժամանակներում միասին պիտի լինեն: Առանց մեկը մյուսի գոյատեւելը չափազանց դժվար է լինելու:

- Հունվարի 28-ին մեր բանակը դառնում է 24 տարեկան: Ձեր մաղթանքը բանակի օրվա առթիվ:

- Այո, մեր բանակը դարձավ 24 տարեկան: Դա տղամարդու համար այն տարիքն է, որ կարող է երկնքից աստղեր իջեցնել: 24 տարեկանում անձն իրեն զգում է որպես լիարժեք տղամարդ: Հիմա մեր բանակն այդ տղամարդկային տարիքում է: Ուզում եմ շնորհավորել 1-ին բանակային կորպուսի ողջ անձնակազմին, Սյունյաց ժողովրդին, քանզի Սյունիքի յուրաքանչյուր բնակիչ զինվոր է, որովհետեւ իր կաշվի վրա զգացել, իր տան-դռանը տեսել է պատերազմը, կորուստներ ունեցել, նաեւ վայելել հաղթանակի բերկրանքը: Նաեւ ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել Հայոց ազգային բանակին, մեր ժողովրդին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, թող յուրաքանչյուր զինվորի գլխավերեւում լինի կապույտ երկինք, խաղաղություն հայ ժողովրդին մայր հայրենիքում եւ ի սփյուռս համայն աշխարհի: Թող թնդանոթներն ու մյուս զինատեսակները կրակեն միայն զորավարժարաններում:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ     

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25