TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրագործումը բարդ գործընթաց է, որը լուրջ աշխատանք է պահանջում. Ալեքսանդր Իսկանդարյան

19.11.2025 10:40
445

Հարավային Կովկասում տարբեր նախագծերի իրագործման միջոցով հաղորդակցային ուղիների բացումը և տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերի համատեղումը հեշտ չէ, սակայն սա չի նշանակում, որ դա անհնար է․ պարզապես սա բավականին լուրջ և նուրբ աշխատանք է պահանջում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադարձ կատարելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև ՀՀ տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ ջանքերով ստեղծվելիք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրագործման հեռանկարներին։

Խոսելով այդ նախագծերի իրականացման և Հայաստանի Հանրապետության համար դրանց կյանքի կոչման կարևորության մասին՝ քաղաքագետը նկատել է, որ ՀՀ կառավարության կողմից խթանվող այդ նախագծերի իրականացումը տրամաբանական է և հասկանալի։  

«Ճանապարհներ և հաղորդակցություններ բացելով՝ Հայաստանի ներկա իշխանությունները նպատակ ունեն ապահովել ավելի կայուն իրավիճակ տարածաշրջանում և նվազեցնել ռիսկերը, որոնք կարող են գալ Ադրբեջանից։ Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա սրանք շատ տարբեր բաներ են: Ի վերջո, տեղի ունեցողը հեռու է վերջից, սա դեռ սկիզբն է: Վաշինգտոնում ստորագրվածը հռչակագիր է․ հռչակագիր, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ հաղորդակցություններն անհրաժեշտ են»,-նշել է Իսկանդարյանը։ 

Վերջինիս բնորոշմամբ՝ մասնավորապես «Թրամփի ուղի» նախագծի իրականացման հարցում կան քաղաքական, տեխնիկական խնդիրներ, որոնց շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում։ 

«Կան քաղաքական, տեխնիկական խոչընդոտներ, և այս ամենը պետք է լուծվի։  Պետք է նաև հասկանանք, որ իրավիճակը բարդություններ ունի․ Արաքս գետի մյուս ափին կան իրանցի սահմանապահներ, Հայաստանի կողմում՝ ռուս և հայ սահմանապահներ, շատ մոտ տեղակայված են նաև եվրոպացի դիտորդներ, ձախ և աջ կողմում են ադրբեջանցիները, մի փոքր ավելի հեռու՝ թուրքերը։ Միևնույն ժամանակ, իրանցիները ճանապարհ են կառուցում դեպի Հայաստանի հյուսիս, Կապանում կա Իրանի հյուպատոսություն, Գորիսում կա Ֆրանսիայի հյուպատոսություն, Ռուսաստանը նույնպես ցանկանում է Կապանում հյուպատոսություն բացել, և մենք պետք է դրան ավելացնենք ամերիկացիներին և տեսնենք, թե ինչպես է լուծվելու այս գործը, քանի որ Իրանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ու Հայաստանի շահերի համատեղումը հեշտ չէ։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ դա անհնար է, պարզապես նշանակում է, որ սա բավականին լուրջ աշխատանք է պահանջում, լուրջ ճանապարհ, որը դեռ պետք է անցնել»,-ընդգծել է քաղաքագետը։  

Իսկանդարյանը բնութագրել է այս գործընթացը որպես բարդ և երկարատև՝ մատնանշելով, որ աշխարհում կան շատ ու շատ նմանօրինակ իրավիճակներ։ 

«Ես միշտ օրինակ եմ բերում այն ​​ճանապարհը, որը ձգվում է Բելառուսից մինչև Ռուսաստանի Կալինինգրադի մարզ․ այն անցնում է Լիտվայով, որն, ի դեպ, ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, այդուհանդերձ, համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Կալինինգրադի մարզ՝ առանց որևէ վիզայի և նույնիսկ առանց անձնագրի։ Այսպիսով, նման բաները հնարավոր են, բայց դա պահանջում է բավականին նուրբ աշխատանք»,-նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մաս է։ 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22