TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար

03.09.2026 15:05
84

2025-ի օգոստոսին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ կնքվեց «Թրամփի ուղու» (TRIPP) մասին փաստաթուղթ, որի նպատակը Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստեղծելն է։ Ավելի վաղ՝ 2023-ին, Երևանը ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է  տարածաշրջանի փակ հաղորդակցությունների բացումը վերածել ավելի լայն տարանցիկ հնարավորության և Հայաստանը ներառել Արևելք–Արևմուտք ու Հյուսիս–Հարավ կապուղիներում։

Այս զարգացումները նոր հարց են առաջադրում Հարավային Կովկասի տարանցիկ համակարգի համար, որտեղ Վրաստանը տասնամյակներ շարունակ առանցքային դիրք է զբաղեցրել՝ ձևավորելով գործող երկաթուղային ցանց, զարգացնելով իր սևծովյան նավահանգիստները և միջազգային բեռնափոխադրումների հաստատված երթուղիները։ Հայաստանի տարածքով նոր ուղիների բացումը կստեղծի մրցակցությո՞ւն երկու երկրների միջև և կնվազեցնի՞ Վրաստանի բացառիկ տարանցիկ դերը, թե՞, հակառակը, կմեծացնի տարածաշրջանով անցնող ընդհանուր բեռնահոսքերն ու Հայաստանի և Վրաստանի տարանցիկ ներուժի փոխլրացման հնարավորությունները։ 

ԱՄՆ-ի առաջարկած TRIPP ծրագիրը բացի երկաթուղուց ու ավտոճանապարհից, ենթադրում է նաև այլ ենթակառուցվածքների՝ նավթագազային խողովակաշարերի, մալուխների անցման հնարավորություն։ Թեև TRIPP-ի ենթակառուցվածքների շինարարության մեկնարկը դեռ չի տրվել, ԱՄՆ-ն ու Հայաստանն արդեն աշխատում են երկաթուղային ինժեներական ուսումնասիրությունների, ներդրումային մեխանիզմների և մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ։

«Թրամփի ուղին»

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP — Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը համաձայնեցվեց 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ Վաշինգտոնում։ Հայաստանի հարավով մոտ 42 կմ երկարությամբ այս ճանապարհը կապելու է Ադրբեջանի հիմնական մասը նրա էքսկլավ Նախիջևանին, որն էլ իր հերթին միանալու է Թուրքիայի տարածքին։ Թուրքիայում արդեն սկսվել է Կարս-Դիլուջու երկաթգծի կառուցումը, որը շրջանցելու է Հայաստանը և միանալու է Նախիջևանին։TRIPP-ի իրականացումը պետք է դիտարկել նաև ավելի լայն՝ Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային ուղու՝ (Trans-Caspian International Transport Route - TITR)՝ «Միջին միջանցքի» համատեքստում, որը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի, Հարավային Կովկասի ու Թուրքիայի միջոցով կապում է Եվրոպային։ TRIPP-ի հնարավոր ինտեգրումը այս հաղորդակցային համակարգին, ի թիվս այլ երկրների,  հետաքրքրություն է ներկայացնում Միացյալ Նահանագների ու Եվրամիության համար, որոնք Միջին միջանցքը դիտարկում են որպես այլընտրանք Արևելքի հետ իրենց հաղորդուղիներում։

Միջին միջանցքը

Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային ուղին (The Trans-Caspian International Transport Route - TITR) կամ Միջին միջանցքը Չինաստանը Եվրոպային կապող բազմամոդալ առևտրային և բեռնափոխադրումների ցանց է, որը հիմնականում անցնում է Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

Ի տարբերություն Հայաստանի, որի տարանցիկ դերը դեռ ձևավորման փուլում է, Վրաստանը տևական ժամանակ առանցքային դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասի տարանցիկ համակարգում։ Նրա տարածքով է անցնում Միջին միջանցքի կարևոր հատվածներից մեկը, որը Եվրոպային կապվում է ինչպես վրացական սևծովյան նավահանգիստների, այնպես էլ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու միջոցով։ 

Վրաստանով են անցնում նաև Ադրբեջանի նավթն ու գազը հիմնականում եվրոպական շուկաներ հասցնող խողովակաշարերը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Հարավային Կովկասում Միջին միջանցքի ամենաառանցքային ուղիներից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, որի երկարությունը 826 կմ է։ Շինարարությունը մեկնարկել է 2007-ին, երկաթգիծը շահագործման է հանձնվել 2017-ին։  

Վրաստանի դերը առանցքային է Հայաստանի համար. Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 70 տոկոսն անցնում է այդ երկրով։

Վրաստանի երկաթուղով են իրականացվում նաև 2025-ի վերջից սկսված ադրբեջանական դիզելային վառելիքի ներկրումները Հայաստան, ինչպես նաև ադրբեջանական տարածքով ղազախական և ռուսական մի շարք ապրանքների փոխադրումները։ Մայիսին Հայաստանը ու Թուրքիան հայտարարեցին հայկական կողմի համար Կարս-Ախալքալաք երկաթուղու հասանելիության մասին։ 

Ներկայում Վրաստանը շարունակում է աշխատել իր տարանցիկ հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ։ Արդիականացվել է Թբիլիսի-Բաթումի երկաթուղային ուղղությունը, շարունակվում են Ադրբեջանի սահմանից Բաթումիի միջոցով Թուրքիայի սահման ձգվող Արևելք–Արևմուտք ավտոմայրուղու զարգացման աշխատանքները, իսկ Սև ծովի ափին ընթանում է Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը։ 

Տարածաշրջանային կապուղիների տնտեսական հեռանկարները

Հաղորդակցությունների մասին քննարկումներն ու առաջարկվող նախագծերը էապես բարձրացրել են Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը, որը միջազգային նշանակության երկու անցուղիների՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ (INSTC) միջազգային միջանցքների հատման կետում է։

Թբիլիսիում տեղակայված Տրանսպորտային միջանցքների հետազոտությունների կենտրոնի (Transport Corridor Research Center) տնօրեն Պաատա Ծագարեիշվիլիի համոզմամբ՝ Հայաստանի տարածքում նոր կոմունիկացիաների ստեղծումը, մրցակցություն է առաջացնելու Հարավային Կովկասում: Այդ հաղորդուղիները, ըստ նրա, իրենց արդյունավետությամբ մրցելու են Վրաստանով անցնող Միջին միջանցքի հատվածի հետ։ Վրացի փորձագետը նկատի ունի ինչպես TRIPP նախագիծը, այնպես էլ Հայաստանի հաղորդուղիների հնարավոր ապաշրջափակումը, այդ թվում՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը։

Հայաստանցի տնտեսագետ Սուրեն Պարսյանը նույնպես կարծում է, որ հաղորդակցությունների, այդ թվում՝ TRIPP-ի բացումով, կապուղիների հարցում մրցակցություն կստեղծվի տարածաշրջանում, որը կարող է հատկապես արտահայտվել՝ Ադրբեջանը Թուրքիային կապող ուղղության (Բաքու-Թբիլիսի-Կարս երթկաթուղի) հետ համեմատությունում։ Նա կարծում է, որ TRIPP-ը կարող է այլընտրանքային ուղղություն լինել, սակայն այն լրջորեն չի ազդի Վրաստանի տարանցիկ դերի վրա։

«Միջին միջանցքն արդեն գործող լոգիստիկ համակարգ է՝ նավահանգիստներով, երկաթուղով, օպերատորներով, մաքսային ընթացակարգերով և ձևավորված հաճախորդներով»,- ասում է նա։ Այնուամենայնիվ, Պարսյանն ընդունում է, որ կախված ժամանակի, մաքսատուրքերի և մի շարք այլ գործոններից՝ Վրաստանը շրջանցող ճանապարհները կարող են իրենց գրավչությունն ունենալ։ Ճանապարհների հուսալիությունը իր հերթին կարող է հանգեցնել տարածաշրջանում բեռների հոսքի ավելացմանը, ինչպես նաև գների նվազեցմանը։

Թեև վերջին տարիներին Միջին միջանցքով անցնող բեռնափոխադրումներն աշխուժացել են, բայց դրանց ծավալը համեմատության մեջ մեծ չէ. 2024-ին Միջին միջանցքով տեղափոխվել է 4,5 մլն տոննա բեռ, մինչդեռ, օրինակ, մինչև ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանի տարածքով անցնում էր տարեկան  ավելի քան 170 մլն տոննա բեռ։ Ներկայում Չինաստանը Եվրոպային կապող հիմնական ուղղությունն անցնում է Հնդկական օվկիանոսով ու Սուեզի ջրանցքով։ 

Ծագարեշվիլիի գնահատմամբ՝ 4,5 մլն տոննա բեռի մեծ մասը վերաբերում է ղազախական հատվածին, և նրա ընդամենը քիչ տոկոսն է բաժին հասել վրացական նավահանգիստներին։

Օրբելի կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանի գնահատմամբ՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումները աճի միտում ունեն։ Նա չի բացառում հայկական և վրացական ենթակառուցվածքների միջև որոշակի մրցակցությունը, բայց նաև նշում է, որ տարանցիկ փոխադրումների աճի պարագայում երկու երկրները կարող են սիներգիա ստեղծել։ 

Հայ փորձագետները, բացի Միջին միջանցքով անցնող կապուղիներից, կարևորում են Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի դերը, որի նշանակությունը կտրուկ կարող է ավելանալ  Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների բացման պարագայում։ Առաջին հերթին հաշվի է առնվում Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային ուղին, որը Հայաստանի տարածքով կարող է միանալ վրացական երկաթուղիներին և դուրս գալ Եվրոպա։ 

Սուրեն Պարսյանի խոսքով՝ դա հայկական կողմին թույլ կտա ոչ միայն պարզապես մրցակցել Միջին միջանցքի վրացական հատվածով անցնող բեռների հետ, այլև դառնալ լոգիստիկ հանգույց, որտեղ բեռների տեղափոխումից բացի կիրականացվեն պահեստավորում, մաքսային տեսակավորում և այլ ծառայություններ։

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի՝ 2026-ի ապրիլին հրապարակած վերլուծությունը նշում է, որ լիակատար ապաշրջափակումը կբարձրացնի տարածաշրջանի մակրոտնտեսական դիմակայունությունն ու ներդրումային գրավչությունը։ Ըստ զեկույցի՝ ամբողջական ապաշրջափակումից Հայաստանը կշահի դեպի Թուրքիա և Ադրբեջան արտահանման ու զբոսաշրջային հոսքերի ակտիվացմամբ, Նախիջևանի միջոցով դեպի Իրան ուղիղ երկաթուղային ելք ստանալով և սուվերեն ֆինանսական ռիսկերի նվազմամբ; Ադրբեջանը կշահի Նախիջևանը Հյուսիս-Հարավ առանցքային տարանցիկ հանգույցի վերածելով, դեպի Թուրքիա ավելի էժան ու արագ երկաթուղային այլընտրանք ստանալով և տարանցիկ եկամուտների հաշվին նավթագազային գներից կախվածությունը թուլացնելով, իսկ Վրաստանը կշահի Միջին միջանցքում իր առանցքային դերի պահպանմամբ, ինչպես նաև Պարսից ծոց–Սև ծով երթուղու գործարկման շնորհիվ Իրանից դեպի իր սևծովյան նավահանգիստներ ուղիղ երկաթուղային բեռնահոսքերի և տարանցիկ եկամուտների ավելացմամբ։ 

Ճանապարհների բացումը տեսականորեն նվազեցնում է տարածաշրջանի անվտանգային ռիսկերը՝ նպաստելով տարանցիկ ուղիների գրավչությանը։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ, այնուամենայնիվ, Հարավային Կովկասի տրամաբանությունը հակառակն է։

«Նախ պետք է քաղաքական հարցերը լուծել, հետո նոր անցնել հաղորդակցություններին,- ասում է նա։-  Մեծ հաշվով բոլոր հարցերը կախված են քաղաքական կամքից»։ Նա բերում է աբխազական երկաթուղու օրինակը, որը աշխարհագրորեն ու ֆինանսապես ձեռնտու է, սակայն գերի է քաղաքական գործոններին։

Վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն ևս նշում է, որ  աշխարհաքաղաքականությունը վեր է տնտեսական նպատակահարմարություններից։ Նա թերահավատորեն է վերաբերվում TRIPP-ին՝ նշելով, որ դրան դեմ են Իրանն ու Ռուսաստանը։

Նա չի կարծում, որ «Թրամփի ուղու» գործարկումը կարող է էապես ազդել Վրաստանի տարանցիկ դերի վրա։ Վրաստանը, ըստ նրա, տարանցիկ նշանակությունը կպահպանի ձևավորված ենթակառուցվածքների և սևծովյան նավահանգիստների դերի շնորհիվ։

Իսկանդարյանը կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ի գործարկման հեռանկարները մշուշոտ է գնահատում, բայցևայնպես նշում է, որ դրա իրականացման պարագայում Վրաստանի բացառիկ դերը որոշ չափով կփոխվի։ 

Այսպիսով, Հարավային Կովկասում նոր հաղորդակցությունների՝ TRIPP-ի կամ առավել լայն ապաշրջափակման նախաձեռնությունների գործարկումը ոչ այնքան սպառնում է սասանել Վրաստանի տարանցիկ դերը, որքան առաջ է մղում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերադասավորման և հնարավոր փոխլրացման նոր օրակարգ: Թեև նոր երթուղիների բացումն անխուսափելիորեն կառաջացնի որոշակի տնտեսական մրցակցություն և կթուլացնի Վրաստանի բացառիկ մենաշնորհային դիրքը, այն միաժամանակ կարող է էականորեն ավելացնել տարածաշրջանով անցնող ընդհանուր բեռնահոսքերը՝ հատկապես Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց–Սև ծով առանցքներում: Այս տնտեսական հեռանկարների իրագործումը շարունակում է կախված մնալ ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներից։

https://civilnet.am/

Փաշինյանը չի բացառում, որ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունը կարող է լինել ռուսականը

03.09.2026 15:36

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով

03.09.2026 15:15

TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար

03.09.2026 15:05

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

03.09.2026 15:01

Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար

03.09.2026 14:57

Արդյունքներն այսօր հեռու են բավարար լինելուց

03.09.2026 14:25

Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը. ռուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան

03.09.2026 12:27

О выборах депутатов в Государственную Думу на территории Армении

03.09.2026 11:53

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

03.09.2026 10:31

Անհասկանալի դադար Սյունիքի դպրոցների օպտիմալացման հարցում․ խա՞ղ, թե՞ բնակչության օրինաչափ զայրույթի զսպում

03.09.2026 10:13

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

02.09.2026 20:33

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

02.09.2026 17:41