Ցավում եմ, որ Հայաստանը Իսրայելից դեսպանին հետ կանչեց այն ժամանակ, երբ նա այստեղ շատ էր պետք. Ալեքսանդր Ցինկեր

06.11.2020 11:20
855

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԻսրայելՀայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր,  Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը։

– Պարոն Ցինկեր, մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Jerusalem Post-ին տված հարցազրույցը, որտեղ նա կոշտ գնահատականներ էր հնչեցրել Իսրայելի կառավարության հասցեին։ Նա մասնավորապես նշել էր, որ Իսրայելը հովանավորում է Արցախի դեմ կռվող ահաբեկիչներին, և այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ հրաժարվել էր Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնությունից։ Երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակն ինչո՞վ կպայմանավորեք։ Գուցե մինչև այս իրավիճակը բավարար աշխատանք չի՞ տարվել։

– Նախևառաջ ես կցանկանայի ցավակցություն հայտնել բոլոր այն ընտանիքներին, ովքեր հարազատ են կորցրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Ղարաբաղում, հայկական  ու իսրայելական մամուլում՝ շատ ցավալի է։ Մեր ֆորումի նպատակն այն է, որ մենք  միմյանց ավելի լավ հասկանանք։ Առանց այն էլ երկու երկրների միջև հարաբերությունները շատ զարգացած չէին, այսօր դրանք առհասարակ զրոյացել են։ Ես շատ մեծ հույսեր ունեի, երբ Հայաստանը Իսրայել դեսպան ուղարկեց։ Չնայած կորոնավիրուսի պատճառով կարանտին էր հայտարարված, Հայաստանի դեսպան Ա. Սմբատյանը կարճ ժամանակահատվածում կարողացավ աշխատանք տանել, ու այդ շրջանում նա սկսեց հանդիպումներ անցկացնել Իսրայելի տարբեր պաշտոնյաների հետ ու ավելի առարկայական աշխատանք իրականացնելու համար կոնտակտներ հաստատել։ Ավելին՝ արդեն այդ ժամանակ նա բարձրացրեց Ադրբեջան մատակարարվելիք  իսրայելական ռազմական տեխնիկայի նպատակահարմարության հարցը։  Նա դա արեց այն ժամանակ, երբ դեռ չկար Ադրբեջանի ագրեսիան։ Բայց ես այդպես էլ չհասկացա, թե ինչու Հայաստանը դեսպանին կանչեց կոնսուլտացիաների համար։ Հայաստանը հետ չկանչեց Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Չեխիայի ու այն երկրների դեսպաններին, որոնք Ադրբեջանին զենք են մատակարարում։ Չգիտես ինչու, Հայաստանը հետ կանչեց միայն Իսրայելի դեսպանին։ Սակայն իմ կարծիքով՝ հենց այդ օրերին Իսրայելում դեսպանի ներկայությունը շատ կարևոր կլիներ։ Այստեղ ներկայացուցիչ ունենալով՝ կարելի էր հանդիպել պաշտոնատար մարդկանց, ինչ-որ քննարկումներ անցկացնել այդ թեմայի շուրջ։ Բայց այսօր այստեղ դեսպան չկա։ Միակ բանը, որ այսօր առկա է Իսրայելում, դուք հավանաբար գիտեք՝ հայկական համայնքի  ու  այն իսրայելցիների աշխատանքն է, որոնք աջակցում են հայ ժողովրդին։ Նրանք հանդիպումներ, ցույցեր են անցկացնում, որպեսզի Իսրայելի պաշտպանության նախարարությունը գոնե այս պատերազմական իրավիճակում Ադրբեջանին զենք չմատակարարի։ Այդ պատճառով էլ ես շատ եմ ցավում, որ Հայաստանը հետ է կանչել  դեսպանին հենց այն ժամանակ, երբ նա շատ պետք էր այստեղ։

Ես այսօր ընթերցում եմ հայկական մամուլը, նաև պաշտոնատար մարդկանց հայտարարություններն եմ լսում ու հետևություն եմ անում, որ մեր հարաբերությունները ոչ միայն չեն մոտենում, այլև հակառակը՝ հեռանում են։ Ես սրա համար միայն ցավում եմ։ Մի կողմից՝ ինձ համար իսկապես ցավոտ է, որ Իսրայելը շարունակում է զենք մատակարարել այն պայմանավորվածության հիման վրա, որ նա ունի Ադրբեջանի հետ։ Բայց մյուս կողմից՝ երբ Հայաստանի պաշտոնյաներն ասում են, թե Իսրայելը զենք է մատակարարում մարդասպաններին, վարձկաններին ու ահաբեկիչներին՝ դա ճիշտ չէ։ Կա ընդամենը  կնքված համաձայնագիր։ Եվ ինչո՞ւ  մամուլում չեն գրում, որ  սիրիական վարձկանները այլ պետություններից գնած զենքն էլ են օգտագործում։ Սա Հայաստանում բարձրացված հակասեմիտական ալիք է։ Ես նայել եմ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի հարցազրույցը, ՀՀ ղեկավարի հարցազրույցը, նրանք չեն էլ թաքցնում, որ Հայաստանում այդպիսի ալիք կա։ Բայց դա իր համապատասխան արձագանքն է ստանում նաև այստեղ՝ Իսրայելում։ Ստացվում է, որ Հայաստանում կարող են ասել, որ հակասեմիտական ալիք է բարձրանում, որովհետև Իսրայելը շարունակում է զենք մատակարարել, իսկ Իսրայելում էլ ասում են՝ ինչո՞ւ պետք է մտածենք զենքի մատակարարումը դադարեցնելու մասին, երբ կարդում ենք Հայաստանի ներկայացուցիչների հարցազրույցները, որոնք ոչ հաճելի բաներ են ասում մեր պետության հասցեին։ Ուստի եթե մենք այսօր երկու կողմերին չկանգնեցնենք, լավ հետևանքներ չեն լինի։ Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմն ավարտվում է, բայց մենք պետք է շարունակենք գոյություն ունենալ։ Կարծում եմ՝ մեր երկու ժողովուրդները կարող են գտնել ընդհանուր հետաքրքրություններ համագործակցության համար։ Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր կամուրջները չայրվեն, որ հետո նորից ամեն ինչ վերակառուցենք։

Ես կարող եմ միայն ասել, որ Իսրայելի իշխող կոալիցիայի ոչ մի անդամ ոչ մի վատ բան չի ասել այն մասին, որ ինքը պաշտպանում է կողմերից մեկին։ Երբեմն  ավելի լավ է լռել, քան ասվածից հետո  ավելի բացասական հայտարարությունների ականատեսը լինել։

– Դուք խոսեցիք հակասեմիտական ալիքի մասին, բայց  թե՛ Հայաստանում ու թե՛ նաև Արցախում շեշտում են, որ բոլոր հայտարարությունները ոչ թե Իսրայելի ժողովրդի, այլ Իսրայելի կառավարությանն են ուղղված։ Սա մի փոքր չի՞ մեղմում իրավիճակը։

– Երբ արդեն նման մանրուքների մեջ են խորանում՝ ասում, թե իրականում ինչ նկատի ունեին, իրենք էլ են հասկանում, որ ինչ-որ բան այնպես  չեն ասել։ Երբ ես լսում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի ասուլիսը,  նա ուղիղ խոսքով ասում է՝ Իսրայելը մասնակցում է հայ ժողովրդի ցեղասպանությանը։ Դրանից հետո թե ինչ կասեն իր խորհրդականները՝ արդեն այնքան կարևոր չէ։ Կարևորն այն է, թե նա ինչ է ասել։ Ասեմ ավելին՝ դա շատ հարմար է, և դա շատ լավ օգտագործում է  ադրբեջանական կողմը։ Ես տեսել եմ մի քանի հոլովակ, որտեղ նրանք քննարկում են Լեռնային Ղարաբաղի նախագահի ելույթը, ՀՀ վարչապետի ելույթը ու Իսրայելի տարբեր ներկայացուցիչներից հարցազրույցներ են վերցնում, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ ելույթներին։ Այսինքն՝ ստացվում է՝ կա հիմք, որ ադրբեջանական պրոպագանդան դա օգտագործի իր նպատակների համար։ Սա շատ ցավալի է։ Հետո մենք ստիպված ենք  բացատրել, որ շատ ելույթներ էմոցիոնալ բնույթ ունեն, որ իրականում դա այնքան էլ այնպես չէ։

– Պարոն Ցինկեր, այս ընթացքում եղավ Հայաստանի ու Իսրայելի նախագահների հեռախոսազրույցը,  իրավիճակի շուրջ մտքերի փոխանակումը։ Կարծում եք՝ չկա՞ անհրաժեշտություն առաջին դեմքերի մակարդակով կապ պահպանելու, քանի որ մինչ այս պահը ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև որևէ զրույց ու քննարկում չի եղել։

– Իսկապես մեր երկրների նախագահների միջև շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ են հաստատված։ Եվ եթե մենք խոսում ենք այս մասին, ապա նկատի ունենանք նաև, որ մարդասիրական օգնությունը Իսրայելի նախագահն է առաջարկել։ Նա մաքուր սրտով ասել է այն, ինչ ցանկանում է  ասել։ Բայց մեր երկու պետություններն էլ խորհրդարանական են, ու առաջին դեմքը և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում վարչապետն է։ Նորմալ կլիներ, որ այդ կապը լիներ։ Ինչքանով ես եմ հասկանում՝ Փաշինյանը սիրում է հեռախոսով խոսել, ու իմ իմանալով՝ նա որևէ անգամ չի զանգել Իսրայելի վարչապետին։ Դժվար թե նրան մերժեին, համենայնդեպս այդ զրույցից  ոչ մի վատ բան  չէր հետևի։ Ես համաձայն եմ ձեզ հետ՝ շփվել պետք է։ Ավելին, երբ պետությունների միջև կա խնդիր, ապա պետք է երկու անգամ ավելի շատ շփվել, որ այդ խնդիրները լուծվեն։ Երկու կողմերի ուլտիմատումները  չեն աշխատում՝ հատկապես, եթե այդ ուլտիմատումները հնչում են դիվանագիտական մակարդակով։ Բոլոր լուրջ դիվանագիտական քայլերն արվում  են լուռ կաբինետներում և ոչ ԶԼՄ-ներում։

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25