Թույլ չեմ տա որևէ մեկը քար նետի իմ կնոջ վրա

20.01.2019 20:20
775

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Տևական ժամանակ չգրելուս պատճառը շոկն էր՝ պայմանավորված իմ ընտանիքին վարկաբեկելու ագրեսիվ, ինտենսիվ, սառը հաշվարկով, հատուկ դիտավորությամբ, քաղաքական նպատակներով այս հարցը շահարկող մի խումբ անձանց մոլուցքով: էմոցիաներն ու ասելիքն այնքան շատ են, որ անհնար է այս մեկ նամակով անդրադառնալ այն ամենին, ինչ վերջին օրերին կատարվում է մեր հասարակությունում` 23 տարվա վաղեմության քրեական գործի, կնոջս և իմ անձնական կյանքի, մեր արժանապատվության նվաստացման, մեր նկատմամբ թշնամանք քարոզելու վերաբերյալ: Այդ իսկ պատճառով կփորձեմ լինել հնարավորինս լակոնիկ ու փաստերից չշեղվել:

Բայց մինչ այդ ասեմ՝ թույլ չեմ տա իմ կնոջ ուղղությամբ որևէ մեկը քար նետի: Միայն այն հանգամանքը, որ Զարուհին ձեռք է մեկնել ինձ՝ հասարակության կողմից մերժված մարդուն, այն փաստը, որ ես դեռ նրա կողքին չեմ ֆիզիկապես, որևէ մեկին իրավունք չի վերապահում կարծելու, որ նա անպաշտպան է, ինչ ուզեք՝ կանեք: Ես նույնպես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին գլխավոր դատախազություն՝ սահմանադրությամբ երաշխավորված մեր ընտանիքի անդամների մի շարք իրավունքների ոտնահարման վերաբերյալ: 

23-րդ տարին բատում եմ՝ ծանրագույն հանցանքների մեջ մեղադրված մարդկանց հետ, որոնցից ոմանք արդար, ոմանք անարդար են դատապարտվել, բայց միևնույնն է՝ բոլորիս մոտ կա չգրված ոսկե կանոն՝ ընտանիքներին, կանանց առավել ևս որևէ մեկն իրավունք չունի անվանարկելու անգամ: Այս ամենն իմ ընտանիքի դեմ կազմակերպողի անունը չեմ տա ամբողջ նամակումս, քանի որ դա իմ պատվից վեր եմ համարում ու կփորձեմ պահպանել կոռեկտություն, որքան էլ դժվար է ինձ մնալ կոռեկտության սահմաններում: Ավելին՝ ասացի, որ նրա դեմ հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն:

Ինչ վերաբերում է տուժող կողմին, ապա նրանց վիշտը 23 տարի գիտակցել և զգացել եմ, կիսել Իոսիֆի կորստի ցավը, այդ մասին գրել նաև իմ գրքերում: Բայց ինձ վրա թող առաջինը քար նետի նա, ով գիտի, թե ինչ է 22 տարի անարդար լինել դատապարտված:

Խտրականություն համար 1

Ցմահ դատապարտյալներիս համար իրավական պաշտպանության միջոցները տարիներ շարունակ եղել են անգործունակ: Իմ պայքարը հանուն արդարության և ազատության երկու տասնամյակից ավելի է տևում, սակայն անարդյունք: Պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետն իմ պարագայում հետաձգվել է ևս 10 տարով՝ մինչև 2028 թվականը՝ երկու հուսահատ փախուստների հետևանքով, որոնք ես կատարել եմ 2004 և 2009 թ-ին հետախույզ, իմ ընկեր, անարդարության զոհ դարձած Սողոմոն Քոչարյանի հետ: Վճռաբեկ դատարանում դեռևս փոփոխություն չկա, արդարացման հասնելը դեռ երազանք է մեզ համար, ուստի թավշյա հեղափոխությունից հետո ազատության հույս էր արթնացել. դիմել էի ներման խնդրանքով՝ նշելով, որ ազատություն վերադառնալու դեպքում կշարունակեմ պայքարել արդարացման հասնելու համար:

Մինչ օրս ես՝ որպես դիմող կողմ, տեղեկացված չեմ ներման հանձնաժողովի եզրակացության բովանդակությունից, չգիտեմ՝ արդյոք դրական է, թե բացասական: Եվ դա օրինական է, քանի որ պիտի տեղեկացվեմ միայն այն ժամանակ, երբ կայացվի անհատական իրավական ակտ՝ կամ իմ խնդրանքը մերժելու կամ բավարարելու մասին: Որևէ այլ անձ չի կարող այդ մասին տեղեկացվել, քան ես: Սա մենք չենք հորինել, սա օրենքի պահանջն է: Փոխարենը՝ ներման հանձնաժողովից ինֆորմացիայի արտահոսք է եղել, և իմ հարցի քննարկման մանրամասները անօրինական կերպով հասանելի են դարձել այս գործով տուժող ճանաչված ընտանիքին: Սակայն մյուս դատապարտյալների ներման հարցերի քննարկման պարագայում օրենքի տառը պահպանվել է:

Ի դեպ, տուժողներին՝ Աղաջանովներին, դեռևս մի քանի ամիս առաջ էին ցանկանում ապօրինաբար տեղեկացնել ներման գործընթացի մասին, երբ, չկանխատեսելով մեր հակազդեցությունն ու օրենքի շրջանակներից դուրս չգալու մեր պահանջը, փորձեցին ինձնից ճշտել՝ արդյոք հեռախոսահամար ունեմ տուժողներից, թե՝ ոչ: Այդ ժամանակ մայրս, կինս, ես նամակներ, դիմումներ գրեցինք վարչապետին, արդարադատության նախարարին: Ապօրինությունը կանխվեց այդ ժամանակ, սակայն ամիսներ անց քննարկվող գաղտնի ինֆորմացիան հասանելի դարձավ այն կողմին, որը օրենքով մաս չի կազմում այդ քննարկմանը, ավելին՝ նույնիսկ պիտի չիրազեկվի որևէ ելքի մասին: Սա նորմ է եղել միշտ, բայց իմ պարագայում դիտարկվեց որպես սխալ մոտեցում: Սա նորմ է, քանի որ պետությունն է կողմը, պետության հաստատությունում եմ 22 տարի պատիժ կրել: Մարդասիրական ակտը պետությունն է կայացնում, ըստ իմ վարքագծի, ձեռքբերումների:

Խտրականություն համար 2

Զարուհու և իմ անձնական կյանքը նույնքան անձեռնմխելի է, որքան բոլորինդ: Մեր Սերը փորձել այդքան ցածր, բնազդների մակարդակով ներկայացնել՝ նշելով մեր տեսակցությունների նպատակը, որևէ մեկը իրավունք չունի: Դա արվել է հատուկ եղանակով, որ հոգեկան խորը ցավ պատճառվի իմ կնոջը, նրան հանրության մեջ ներկայացվի որպես անարժանապատիվ մեկը: Իմ կարգավիճակով պայմանավորված իմ կնոջը թիրախավորել են, նվաստացրել նրան, ոտնահարել սահմանադրությամբ երաշխավորված արժանապատվության իրավունքը: Մեր ամուսնության, տեսակցություններ ունենալու մասին տեղեկատվությունը մեր անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքով է պահպանվում: Որևէ մեկն իր կեղտոտ կամ թեկուզ մաքուր ձեռքերով իրավունք չունի մտնելու մեր հարաբերությունների դաշտ, առավել ևս՝ դրանք դարձնել հանրային քննարկման, ծաղրի կամ ատելության սերմանման, թշնամանքի մթնոլորտի ձևավորման պայման:

Խտրականություն համար 3

Իմ կինը թիրախավորվեց նաև իր սեռային պատկանելության պատճառով: Հենց կին լինելու համար նրա կյանքը թունավորեցին, անվանարկեցին ամենաագրեսիվ ձևով: 

Խտրականություն համար 4

Այս հարցը շահարկվեց քաղաքական նպատակներով, նախորդ իշխանության ականջները երևում են, անխոս: Իմ ազատմանը դեմ են արտահայտվում նրանք, ովքեր եղել են նախկին իշխանության ներկայացուցիչներ և որևէ բառ չեն արտասանել յուրայիններին ազատելիս: Որևէ այլ գործ նման կերպ չի շահարկվել, որևէ այլ տուժող մի՞թե չի եղել կամ չկա մեր պետությունում: Տուժող կողմը ուժեղ է, էլիտայից է, ուրեմն պիտի իմ իրավունքը չիրացվի՞, ուրեմն պիտի թույլ չտան՞ գործի վերաբացում: Մի՞թե պետության ֆունկցիաները պիտի կիրառվեն՝ ըստ կողմերի դիրքի, ֆինանսների չափի, ատելության մակարդակի, ստորագրահավաքների քանակի:

Տեսանյութը նորություն չէր

Զարուհու հանդեպ այս արշավը սկսվել է դեռ 4 տարի առաջ, երբ նա Սողոմոն Քոչարյանի գործով բացահայտումներ արեց, ցույց տվեց նրա մահապատժի դատավճռի քաղաքական հետքը: 20 տարի անց նա հասավ ցմահ դատապարտյալ Սողոմոնի ազատմանը՝ փաստաբան Գրիշա Բալասանյանի հետ: Ճիշտ է՝ դատական սխալը չճանաչվեց, ծանր առողջական վիճակը հաշվի առնելով եղավ պատժից ազատումը, բայց միևնույնն է, դա հենց Զարուհու տարիների բարձրաձայնումների արդյունքն էր: Սողոմոնն ազատության մեջ ապրեց ընդամենը 2 շաբաթ (արդեն կործանված էր նրա ողջ ընտանիքը), իսկ թաղման օրը նույն անձը, ում դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, սկսեց կեղծիք հրապարակել իմ գործով, լավ իմանալով, որ շուտով Զարուհին հասնելու է իմ գործով ճշմարտության բացահայտմանը նույնպես: Նույն անձը գրեց սուտը, թե Իոսիֆի դին մասնատել եմ: Ես դատական գործ սկսեցի: Ոստիկանական համակարգի արդեն նախկին ներկայացուցիչը, իր դիրքը օգտագործելով, ոստիկանության արխիվից հանեց այդ տեսանյութը, որ գործի մաս չի կազմում: Նրան կամ նրա փաստաբանին այդ տեսանյութը պիտի չփոխանցվեր, քանի որ իմ համաձայնությունը չկար: Դա քրեական գործի նյութ չի եղել ու չէր կարող լինել: Ինչևէ, 2016-ին այդ տեսանյութը նա դարձյալ հրապարակեց՝ է՛լ ավելի մանտաժված՝ առանց Արամ Հարությունյանի կադրերի: Տեսանյութը միայն հերքեց 20 տարի շրջանառվող կեղծիքը դիակի մասնատման մասին: Ես դիմեցի ոստիկանություն և մեծ դժվարությամբ, միայն 2 անգամ դիմելուց հետո կարողացա իմ անձի վերաբերյալ նույն տեսանյութի ամբողջական տարբերակը ստանալ: Ասեմ, որ այն այս անգամ էլ է մոնտաժված հրապարակվել: Այն ժամանակ մեկ տարի անց նա ջնջեց բոլոր հրապարակածները՝ համարելով իր ֆունկցիան կատարված, իսկ հիմա նորից տարածեց: Այսինքն՝ երբ պետք է դիակի կադրերը օգտագործել, անում է մեծ հմտությամբ և առանձնակի հաճույքով: Մարդկանց միտքը ցնցող կոկորդի վնասվածքն էլ, ըստ դատավճռի, հասցրել է Արամ Հարությունյանը, որը 8 տարի ազատության մեջ է: Ու այդ կադրը իմ լուսանկարի կողքին հրապարակելը շատ էժան մանիպուլյացիա է: Փաստորեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը հանրությանը, որը իրավաբանությունից հեռու է բնականաբար, նորից է հրամցնում քրեական գործում գոյություն չունեցող, ոստիակնության արխիվներից հայթայթած տեսանյութը, որը որևէ կերպ չի ճանաչվել որպես ապացույց և այդ իսկ պատճառով չկա գործի նյութերում, հակառակ պարագայում այն կճանաչվեր անթույլատրելի ապացույց, քանի որ ոստիկանների կողմից ոստիականական բաժանմունքում մեզ նկարահանել են առանց դատավարական կարգավիճակի, առանց քննիչի, առանց փաստաբանի ներկայության, առանց իրավունքները բացատրելու և այն անում էին՝ մինչ այդ բռնության ենթարկելով, որ տեսախցիկի առաջ ասենք իրենց թելադրածը, այսպես ասած`վիզ վերցնենք: Այնուամենայնիվ, ես սկզբից մինչև վերջ իմ որևէ ցուցմունքներում սպանության խոստովանություն չեմ արել:

Դիակի առկայությունը միայն վկայում է այն մասին, որ սպանություն է կատարվել, այն որևէ կերպ չի ապացուցում, թե ով կամ ովքեր են կատարել հանցագործությունը: Իսկ կոկորդի խորը-թափանցող հարվածը (վերքը) հենց դատավճռի համաձայն, հասցրել է Արամ Հարությունյանը և նա ընդունել է դա: Իսկ դատաբժշկական փորձաքննության համաձայն`հետմահու վնասվածքներ չկան և անմիջական մահվան պատճառը եղել է հենց այդ`պարանոցին Արամի կողմից հասցված հարվածը:

Այսօր՝ 22 տարի անց, փորձ է արվում ինձ ներկայացնել որպես վտանգավոր մի հանցագործի, ում հայտնվելը ազատության մեջ անթույլատրելի է: Սրա դեմ նորից կխոսեմ փաստերով: Ես ու Սողոմոնը երկու անգամ առանց մեկ բանտային հսկիչի մազին դիպչելու 2 անգամ  հայտնվել ենք ազատության մեջ ու 32 օր շրջել Երևանում, հասարակության մեջ և այն էլ գտնվելով ամենածայրահեղ իրավիճակներում, սակայն մեր կյանքով փաստացի ապացուցել ենք թե՛ հանրությանը, թե՛ իշխանություններին, որ մենք հասարակության համար վտանգավոր չենք: Մեր միակ պահանջն է եղել`վերաբացել անօրեն, խայտառակ, պատվերով կայացված մեր մահապատժի դատավճիռները:

Իսկ հիմա մոռացության է տրվում իմ ուսումը, գրքերը, օրենսդրական առաջարկներ հեղինակելը, թարգմանությունները և այլ հասարակական գործողություններ:

Զարուհին բազմաթիվ քրեական գործերով է բացահայտել կեղծիքներ, այդ թվում՝ իմ

2010 թվականին բանտում հանդիպեցի լրագրող Զարուհի Մեջլումյանին: Նա, մամուլում կարդալով իմ «Փախուստ գերզմանոցից կամ իրական պատմություն» պատմվածքը, եկել էր Սողոմոնի և իմ 2-րդ փախուստի գործով դատավարությանը, որտեղ մենք դիմեցինք ներկա լրագրողներին, ասելով`խնդրում ենք, մի՛ հավատացեք այն ամենին, ինչ ականջից ականջ փսփսում են մեր գործերի մասին, գնացեք և արխիվներում ուսումնասիրեք ՓԱՍՏԵՐԸ: Հենց Զարուհին եղավ այն լրագրողը, որ արձագանքեց, նրան հետաքրքրեց ճշմարտությունը:

Զարուհի Մեջլումյանը նախ բարձրաձայնեց այն խայտառակության մասին, որ Հայաստանում մինչ օրս չեն պահպանվում իրեղեն ապացույցները, դրանք վերացվում են օրենքով: Նա ցույց տվեց, որ ողջ քաղաքակիրթ աշխարհն տասնյակ տարիներով պահպանում է իրեղեն ապացույցները և գիտության զարգացմանը համընթաց, օգտագործում դրանք ԴՆԹ և այլ փորձաքննւոթյուններ անելով`բացահայտում են ճշմարտությունը և հազարավոր մահապատժի, ցմահ դտապարտված մարդիկ ճանաչվում են անմեղ: Զարուհու շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանության մասին դրույթը ամրագրվեց Նոր քրեական դատավարության օրենսգրքի մախագծում, սակայն ռեժիմի օրոք այն այդպես էլ կյանքի չկոչվեց:

Նա հիմնեց դատական սխալներով զբաղվող կազմակերպություն՝ կատարելով իրավապաշտպան գործունեություն, հանդես գալով բազմաթիվ օրենսդրական առաջարկներով:

Զարուհին բարձրաձայնեց`տերով ու անտեր, ազդեցիկ կապեր ունեցող ու չունեցող թե՛ տուժողների, թե՛ ազատազրկվածների հայաստանյան «արդարադատության» մասին: Ռեժիմի օրոք նա մշտապես գործուն ձևով կանգնած էր իրավազուրկ և՛ տուժողների, և՛ ազատազրկվածների կողքին:

Զարուհին իմ գործում հայտնաբերեց դատական էական սխալները՝ կեղծիքները, դրանք հանձնեց փաստաբաններին, մենք դարձյալ վիճարկեցինք անօրեն մահվան դատավճիռը, սակայն դարձյալ ապարդյուն:

Վերջին 8 տարիների ընթացքում ես ծանոթացա և բարեկամացա բազմաթիվ ազնիվ, արդարամիտ, մարդասեր Մարդկանց` մեր հասարակությանը հայտնի մտավորականների, արվեստագետների, իրավապաշտպանների, հոգևորականների, գիտնականների, լրագրողների, բարերարների հետ ու պարզապես ազնիվ շատ  Քաղաքացիների` Մարդկանց հետ: Հենց նրանք ինձ աշխատանքի և ուսման հնարավորություն տվեցին, հենց նրանց շնորհիվ լուսյ աշխարհ եկան իմ գրքերը: Դուք` Մարդիկ, գնացիք, ոչ թե ատելության, վրեժխնդրության, այլ Սիրո, Արդարության, Ազատության ճանապարհով`հնարավորություն տվեցիք ինձ դսևորելու իմ դրական կողմերը, զարգանալու, աճելու որպես անձ: Եվ այս ընթացքում, այո՛, առանց  Զարուհու նվիրվածության անհնար կլիներ իմ կապը հասարակության հետ և պայքարը հանուն արդարության, ազատության:

Այո՛, Զարուհին, հայտնվելով իմ մռայլ բանտային ճակատագրում, որտեղ ես ինքնասպանության փորձ էի արել` այլևս չուզենալով ապրել 2-րդ փախուստից հետո բռնվելիս, իմ մեջ արթնացրեց Սերը Մարդու, Կյանքի նկատմամբ: Այո՛, նա երկրորդ Կյանք պարգևեց ինձ: Այո՛, նա Ձեզ հետ միասին ինձ հնարավարություն տվեց խավարի մեջ Լույս տեսնել և գալ դեպի այդ Լույսը, որի անունն է Սեր: Այս տքնաջան աշխատանքը՝ գումարած մեր սերը, չի «ներվում» նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից:

Զարուհի Մեջլումյանը՝ որպես իրավաբան, իրավապաշտպան, փաստաբան և ես՝ որպես իրավաբան, մասնագիտացած լինելով դատական սխալների ասպարեզում, համառորեն շարունակելու ենք մեր պայքարը նախ իմ արդարացման, ապա նաև Հայաստանում իրական արդարադատության կայացման համար` առանց  խտրականության, առանց քաղաքացիներին տարանջատելու ունևոր, թե  աղքատ տուժողների ու մեղադրյալների: Ես գիտակցում եմ, որ մենք հեղափոխություն ենք կատարում դատաիրավական ոլորտում մեր պայքարով:

Ամփոփում

Սողոմոն Քոչարյանի ու Արմենակ Մնջոյանի տառապալից կյանքն ու առանց ազատությունը վայելելու`վաղաժամ կյանքից հեռանալը ինձ վրա շատ է ազդել: Անդառնալի կորուստները մի՛ փոխհատուցեք անդառնալի կորուստներով:

Թավշյա, Սիրո հեղափոխությունից հետո ցմահ ազատազրկվածներս հույսով ու հավատով սպասում ենք ներկայիս ժողովրդավարական իշխանության կողմից մեր բազմաչարչար հարցի անդրադարձին` կասկածելի գործերի վերաբացմանը, ներման ինստիտուտի գործունակությանը, պայմանական-վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառմանը` առանց խտրականության` անկախ նրանից, որ ազդեցիկ, փողատեր տուժողը վրեժխնդրություն է պահանջում, այլ օբյեկտիվ գնահատականի վրա`վտանգավոր է, թե՞ ոչ տվյալ մարդը:

Այսօրվա դրությամբ առկա է երկու խնդիր, որնք պահանջում են անհապաղ որոշումներ:

  1. Նոր Հայաստանում  թավշյա, Սիրո հեղափոխությունն ներման ինստիտուտի կիրառման հարցում ցուցաբերելու է մարդասիրական, քրիստոնեական մոտեցում, թե՞ գնալու է նախկին ռեժիմի ճանապարհով`տաբու դնելով ներման ինստիտուտի վրա, կամ այն կիրառելով` կախված տերով ու անտեր, փողատեր ու աղքատ տուժող կամ դատապարտյալ բանաձևից:
  1. Նոր Հայաստանում վերջապես այս հարցում դատական իշխանության կողմից կիրականացվի արդար դատաքննություն, թե կգնան նախկին ռեժիմի ճանապարհով`տաբու դնելով կասկածելի գործերի վերաբացման վրա, տաբու Վճռաբեկ դատարանում`դատական սխալի վերաբերյալ բաց դատական նիստում հրապարակավ արդար դատաքննության իրավունքի վրա հիմնված:

Մենք`ցմահ բանտարկյալներս ու մեր ընտանիքները հավատով սպասում ենք, որ մեր ներկայիս իշխանությունները կցուցաբերեն մարդասիրական մոտեցում, որպես առաջին քրիստոնեական պետության ղեկավարներ, իսկ դատարաններում վերջապես կիրականացվի իրապես ԱՐԴԱՐ դատաքննություն:

hetq.am

Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով

13.10.2024 14:21

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին առնչվող երկու բանաձև

13.10.2024 12:04

Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը․ Արմեն Գրիգորյան

13.10.2024 11:53

Գուրոսի լուսանկարների ցուցահանդես Գորիսում

13.10.2024 11:19

ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան

13.10.2024 11:06

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. վարչապետը շնորհավորել է Երևանի 2806-ամյակը

13.10.2024 11:00

«ԵՄ առաքելությունը պետք է շարունակի կատարել կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա»․ ՀՀ ԱԽ քարտուղար

12.10.2024 23:05

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մասնակցել է Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի տոնակատարությանը

12.10.2024 21:48

Դավիթ Դանիելյան. «Սյունիքի տարածաշրջանը կարող է հպարտանալ Գորիսի պետական քոլեջի փառավոր պատմությամբ և ձեռքբերումներով»

12.10.2024 21:37

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը

12.10.2024 21:29

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը Գորիսի պետական քոլեջին է փոխանցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը

12.10.2024 21:13

ՌԴ դեսպանն այցելել է Գյումրու 102-րդ ռազմաբազա ու ՌԴ Սահմանապահ ջոկատ

12.10.2024 16:39