Սյունիքում նշվեց ոստիկանության մասնագիտական օրը
2001թ. ապրիլի 16-ին էր, երբ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը: Նույն տարվա դեկտեմբերի 12-ին էլ հանրապետության կառավարության որոշմամբ ապրիլի 16-ը հայտարարվեց ոստիկանության մասնագիտական օր:
Այս անգամ ոստիկանության օրը մարզում նշվեց երեք օր առաջ՝ ապրիլի 13-ին, պատճառը թերեւս այն էր, որ մարզային ոստիկանության ներկայացուցիչներն ապրիլի 16-ին պետք է մասնակցեին մայրաքաղաքային միջոցառումներին: Սյունիքյան տոնակատարությունը նախորդ տարիներից տարբերվում էր հանդիսավորությամբ, ոստիկանների եւ հյուրերի առավել ներկայացուցչական կազմով: Դա էլ իր պատճառն ուներ. այս տարի լրանում է մեր ոստիկանության կազմավորման 95-ամյակը, եւ օրն առիթ էր անդրադառնալու ոստիկանության անցած ճանապարհին, ինչպես եւ գնահատելու լավագույններին: Իսկ ոստիկանությունը մեզանում հիմնադրվել է 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրերին: ՀՀ կառավարության բաղկացուցիչ մաս համարվող ներքին գործերի նախարարությունը, որ սկզբնական շրջանում գլխավորում էր մեր հայրենակից Արամ Մանուկյանը, խնդիր ուներ դարեր հետո անկախությունը վերագտած երկրում հաստատել իրավակարգ, ապահովել քաղաքացիների անձի եւ գույքի անձեռնմխելիություն, ինչպես եւ համակարգել կապն ու հեռահաղորդակցությունը, երկաթուղին, կրթական գործը:
Տոնական օրը սկսվեց ոստիկանության Կապանի բաժնի մուտքի մոտ կանգնեցված հուշաքարի պատվանդանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով: Պսակադրությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը, մարզի դատախազ Նորայր Հակոբյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ոստիկանության վետերաններ, ոստիկանության Կապանի, Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու բաժինների ու հասարակայնության ներկայացուցիչներ: Ի դեպ՝ հուշաքարը խտացված այն հիշողությունն է, որին տոնական բոլոր առիթներով առնչվում են Կապանի ոստիկանները: Հուշաքարը հիմնվել է 1995թ. նոյեմբերի 5-ին՝ պահպանության բաժնի գումարտակի ստեղծման օրը՝ ի հիշատակ Սյունիքի մարզի այն ոստիկաննների, ովքեր նահատակվեցին Արցախյան ազատամարտում՝ Անդրանիկ Հովհաննիսյան, Մարտուն Գրիգորյան, Վահրամ Մարտիրոսյան, Նորայր Ղուկասյան, Գրիգոր Մնացականյան, Ալբերտ Հովհաննիսյան, Սամվել Ավագյան, Սամվել Ղազարյան, Ֆելիքս Միրզոյան, Էդիկ Սարգսյան, Արմեն Մաթեւոսյան, Ավետիք Հայրապետյան (հուշաքարը կառուցվել է ոստիկանության գնդապետ Օնիկ Ստեփանյանի նախաձեռնությամբ եւ ճարտարապետ Յուրա Գեւորգյանի նախագծումով):
Տոնակատարությունը շարունակվեց Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, որտեղ եւ կայացավ հանդիսավոր նիստ՝ նվիրված ոստիկանության մասնագիտական օրվան:
Հավաքվածների առջեւ ելույթ ունեցավ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը, ով, շնորհավորելով հանրապետության եւ հատկապես Սյունիքի մարզի ոստիկաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մասնավորապես ասաց. «Հետադարձ հայացք ձգելով անցած ճանապարհին՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանարապետության ոստիկանությունն իր գործունեության ողջ ժամանակաշրջանում պատվով կատարեց առաջադրված խնդիրները: Սակայն ժամանակը կանգ չէր առնում, եւ հասարակական-տնտեսական զարգացող հարաբերությունները նոր խնդիրներ էին առաջադրում իրավապահ համակարգին: Ներկայումս արմատական փոփոխություններ են կատարվում հատկապես հասարակությանը ծառայություններ մատուցող աշխատանքներում: Արդեն իսկ նոր որակներով են ներկայանում հասարակական կարգի պահպանման ծառայությունները: Փոխվել են աշխատաոճը, քաղաքացիների սպասարկման մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները եւ, որ ամենակարեւորն է, փոխվել են սկզբունքները: Առաջնային է դարձել «Ամեն ինչ քաղաքացու, նրա բարեկեցության ու հարմարավետության համար» սկզբունքը, որն այսօր հիմնարար արժեք է ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում: Ակնհայտ է առաջընթացը ոստիկանության հանդեպ հանրության հավատի, վստահության, ինչպես եւ հասարակություն-ոստիկանություն կապի սերտացման գործում, սակայն դեռեւս ծավալուն եւ համակողմանի աշխատանքներ պիտի կատարենք այդ ուղղությամբ: Ոստիկանությունը, որդեգրելով համակարգը բարեփոխելու ընթացակարգ, գնում է սխալներն ու թերությունները հետեւողականորեն շտկելու ճանապարհով: Մեր նպատակն է հասնել այն որակներին, որ հասարակության մեջ ոստիկանն ընկալվի իբրեւ ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու: Այդ առումով յուրաքանչյուր ոստիկան շատ անելիքներ ունի»:
Ելույթ ունեցավ նաեւ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ալիկ Ղահրամանյանը, ով մի ուշագրավ արձանագրում կատարեց. «Բարեփոխումներն արդեն սկսել ենք, եւ սկսել ենք մեզնից: Նախորդ տարիներին կատարված հանցագործությունների բացահայտումը, հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումը, երիտասարդ կադրերի ներհոսքը, փորձառուների ակտիվությունը, վետերանների վերադարձը շարք եւ ընդհանրապես համակարգում տիրող եռանդուն շարժը վկայում են, որ մեր ոստիկանական ընտանիքը համարժեք է արձագանքում վերափոխման հրամայականին: Ցավոք, կան նաեւ անտարբեր, անսիրտ, անկամ ոստիկաններ, որոնց չի փոխի ո՛չ հրամանը, ո՛չ հորդորը, ո՛չ էլ արժանապատվության կոչը: Համոզված եմ՝ նմաններին ինքը համակարգն է դուրս մղելու»:
Մասնագիտական տոնի առթիվ մարզի ոստիկաններին շնորհավորեց եւ մաղթանքներ հղեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Այնուհետեւ՝ ոստիկանության համակարգում երկարամյա անբասիր աշխատանքի, մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման գործում մատուցած ծառայությունների համար Սյունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Ադամյանը, Սարմեն Ղազարյանը, Լյովա Հարությունյանը, Գագիկ Օհանյանը, Սենիկ Ամիրխանյանը, Վաչագան Աղայանը, Անդրանիկ Զաքարյանը, Ավո Պողոսյանը, Վիլեն Ներսիսյանը:
Տոնի առիթով, ինչպես եւ ակնկալվում էր, բազմաթիվ ոստիկաններ ու ոստիկանության վետերաններ արժանացան ՀՀ ոստիկանապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ոստիկանության մարզային վարչության պետի գնահատանքին: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով (ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման, հանցավորության դեմ պայքարի եւ մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար) ՀՀ ոստիկանության պատվոգրով պարգեւատրվեց Վարդան Ծատրյանը (ոստիկանության փոխգնդապետ, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ): «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգեւատրվեցին Արտաշես Մարտիրոսյանը (ոստիկանության մայոր, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ), Անուշ Ղազարյանը (ոստիկանության մայոր, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ավագ փորձագետ), Աշոտ Այվազյանը (ոստիկանության մայոր, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ), Վիլեն Փարսադանյանը (ոստիկանության ավագ սերժանտ, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ՊՊԾ դասակի 2-2-րդ ջոկի հրամանատար): ՀՀ ոստիկանապետի հրամանով (հանցագործությունների բացահայտման, բնակչության շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպման, սպորտային եւ մասսայական միջոցառումների անցկացմանն ակտիվ մասնակցություն ունենալու համար) շնորհակալություն հայտնվեց Բենիամին Մարգարյանին եւ Նավասարդ Օհանջանյանին:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով պարգեւատրվեցին ոստիկանության վետերաններ Պետիկ Ավետիսյանը, Վոլոդյա Պետրոսյանը, Աշոտ Հայրումյանը, Աշոտ Հայրապետյանը, Անատոլի Հակոբյանը, Վիտալի Գրիգորյանը, Բորիս Պետրոսյանը, Ժորա Օրբելյանը, Հրաչիկ Կարապետյանը:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանի հրամանով (ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման եւ հասարակական կարգի ապահովման ու հանցավորության դեմ պայքարի գործում ակտիվություն ցուցաբերելու համար) շնորհակալություն հայտնվեց Մուշեղ Գեւորգյանին (ոստիկանության մայոր, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ), Արմեն Պողոսյանին (ոստիկանության մայոր, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ օպերլիազոր), Վարդան Մկրտչյանին (ոստիկանության ավագ լեյտենանտ, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր), Արա Աղաջանյանին (ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ), Վիլեն Գալստյանին (ոստիկանության ենթասպա, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկան):
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալագիր հանձնեց Կարեն Առաքելյանին (ոստիկանության փոխգնդապետ, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ), Դավիթ Մեսրոպյանին (ոստիկանության ավագ ենթասպա, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի հրամանատարի օգնական), Հերմինե Սողոմոնյանին (ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ):
Վերջում հանդիսավոր ցերեկույթի մասնակիցների համար Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով կազմակերպվեց գրական-երաժշտական համադրություն:
ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ