Վախճանվել է Շչորս Դավթյանը

26.05.2016 12:46
3269

Մայիսի լույս 26-ի գիշերը տեւական հիվանդությունից հետո մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, բանաստեղծ, պատմաբան, պետական-հասարակական գործիչ Շչորս Բագրատի Դավթյանը:

Ծնվել է 1938թ. մարտի 12-ին Էջմիածին քաղաքում զինվորականի ընտանիքում: Նրա ծնողները սերում են Գորիսի Արեգունի (Ազատաշեն) գյուղից:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, կուսշրջկոմի 2-րդ եւ 1-ին քարտուղար (1965-1988), ապա աշխատել է հանրապետական «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր (1988-1991): Տասնհինգ տարի (1980-1995) եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Այնուհետեւ կատարել է լրագրական, պետական ու հասարակական աշխատանք:

Պարգեւատրվել է ԽՍՀՄ, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով:

Հեղինակ է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական եւ այլ գրքերի, այդ թվում՝ «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը» (1997), «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» (1997), «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք» (1996), «Ականավոր սյունեցիներ» (Սիսիան-1998, Գորիս-2001), «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը» (2004), «Մովսես Գ Ամենայն հայոց կաթողիկոս» (2001), «Մարզպան Վասակը պատմիչների (եւ ոչ միայն նրանց) դատաստանի առջեւ» (2004), «Լոր. հնամենի գյուղ, 100-ամյա դպրոց» (2005), «Աշնան արահետ» (բանաստեղծություններ, 2000), «Վարպետ Անդրանիկ» (2001), «Համո Սահյան. կյանքը եւ գործը» (2007):

Խմբագրել, կազմել եւ հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն (1999, 2003, 2005, 2014), «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» (2001), «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» (2003) գրքերը, «Համո Սահյան. 60 եւ մեկ հայրեն» պատկերագիրքը (2003), «Համո Սահյան. Դաղձի ծաղիկ» ժողովածուն (2006), «Համո Սահյան. Արցունքով լվացված սերեր» (2007), «Ակսել Բակունց. Մթնաձոր-Կյորես» (2007), Համո Սահյանի, Եղիշե Չարենցի եւ Սայաթ-Նովայի պակերազարդ քառյակներ, Դանիել Վարուժանի «Հարճը» (2007), «Աշոտ Սաթյան-100» (2007), ինչպես նաեւ պատկերազարդ օրացույցներ:

Կազմել եւ թողարկել է Համո Սահյանի բանաստեղծությունների տեքստերով գրված երգերի ձայնասկավառակներ ու նոտագրված ժողովածուներ:

Որպես «Համո Սահյան. գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ անց է կացրել բազմաթիվ գիտաժողովներ, գիտական թեզերի պաշտպանություններ, միջոցառումներ Համո Սահյանի գրական ժառանգության եւ անցած ուղու վերաբերյալ, Երեւանի Կասյան փողոցի գրողների շենքի վեմին, որտեղ ապրել է Համո Սահյանը, 2007թ. տեղադրել է հուշաքար:

Ամուսնացած էր, ունի երեք որդի, յոթ թոռ եւ մեկ ծոռ:

Շչորս Դավթյանը «Սյունյաց երկիր» թերթի բարեկամն էր, ժամանակ առ ժամանակ հոդվածներ էր հրապարակում թերթի էջերում եւ հարցազրույցներ տալիս:

Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հատուկ համարում տպագրվել էր բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանի հրաշալի հոդվածը Շչորս Դավթյանի մասին՝ «Համո Սահյանի եւ նրա պոեզիայի նվիրյալը» վերտառությամբ (8 ապրիլի 2014թ.):

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը իր ափսոսանքն է հայտնում Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին:

«Սյունյաց երկիր»

Համո Սահյանի եւ նրա պոեզիայի նվիրյալը

Համո Սահյանը ոչ միայն նորագույն շրջանի, այլեւ, ընդհանրապես, հայոց բանաստեղծության ամենաինքնատիպ երեւույթներից է՝ քարի պես պինդ, հողի պես փխրուն: Նրա մասին գրվել են ուսումնասիրություններ, տարաբնույթ հոդվածներ, հուշեր եւ ամբողջական գրքեր: Եւ շարունակվելու են գրվել, որովհետեւ, ինչպես յուրաքանչյուր սերունդ, այնպես էլ յուրաքանչյուր ընթերցող ունենալու է իր Համո Սահյանը: Եթե համադրենք բանաստեղծի եւ նրա վաստակի շուրջ գրված ուսումնասիրությունները՝ կզգանք եւ կտեսնենք, որ Սահյանն էլ ունի ի՛ր Շչորս Դավթյանը:
Շչորս Դավթյանը Համո Սահյանի նվիրյալ եւ անկաշառ ընկերն է եղել ու բարեկամը, եւ շարունակում է մնալ այդպիսին: Նա հրաշալի գիտի բանաստեղծի քաղաքացիական նկարագիրն ու ստեղծագործական խառնվածքը, գիտի նրա բանաստեղծության ուժն ու մարդկային թուլությունները՝ անսահման ներողամտությունն ու հանդուրժողականությունը: Եվ, պատահական չէ, որ Սահյանին նվիրված նրա գրքերում գիտական շահագրգռությունը, ոչ սակավ դեպքերում, խմորվում է մեծ բանաստեղծին այդքան մոտիկ զգալու անխաբ հպարտությամբ: Այդ գրքերում ձեւակերպվում եւ ընդգծվում են կանխադրույթներ, որոնք ընդհանուր շարադրանքի մեջ աստիճանաբար միահյուսվելով՝ տեսանելի են դարձնում Սահյանի բանաստեղծական տիրույթի առանձնահատկություններն ու բացառիկ ինքնատիպության, աշխարհընկալման անհատական որակները:

Նա իր ուսումնասիրություններում բանաստեղծի  ապրած կյանքի, կորուստների ու ձեռքբերումների, սերերի ու կարոտների, ստեղծագործական որոնումների խաչուղիներում հայտնաբերում է Սահյանի բանաստեղծական դաշտանկարը՝ մասերը միավորում, դարձնում մի միասնական ու անտրոհելի ամբողջականություն:

Նա ճշգրիտ հերթագայությամբ բացում է սահյանական աշխարհի խորքն ու խորհուրդը, ընդգծում նյութի դրսեւորման կերպերն ու եղանակները, գույներն ու երանգները, մտքի թանձրույթը եւ դրանից ածանցվող հոսքերը: Իսկ այդ հոսքերը ոչ միայն լիցքավորում, ինչպես կարծում են ոմանք, այլեւ ուղղակի որոշակիացնում եւ հաստատում են բնության մարդեղացման սահյանական փիլիսոփայությունը:

Բնության մեջ, բնության հետ, բնությունն իր մեջ կրող բանական մարդու փիլիսոփայությունն է դա, որ բոլորովին կապ չունի գրքային-ստացական, շինծու քաղքենիությամբ եւ մուրացիկ, բայց եւ պարտադրված, քաղաքականությամբ մերանված դրսեւորումների հետ:

Դա ժամանակի շունչն ու շնչառությունն իրենց բնական ընթացքին դարձնելու ստեղծագործական հրավեր է՝ բանաստեղծությունից դուրս մղելու հորթային հրճվանքն ու կեղծն ու սուտը, արհեստականն ու շինծուն:

Ինչպես կարեւորում է բանաստեղծը. «Մարդը բնության մեջ է բնական դառնում, իսկ երբ բնությունն է մարդու մեջ, այս դեպքում արդեն մարդը մեծ անհատականություն է, որ այլեւս ոչ մի բանով չի խաթարվի»(1):

Բանաստեղծի վերակերտած, ստեղծած աշխարհն իր գույներով, բույրերով ու համերով, հոգսերով ու ցավերով, մարդ-բնություն կապերով, տեսանելի ու անտեսանելի, արդար ու անարդար, չար ու բարի հարաբերություններով, անձնավորված քար ու քարափներով, Լորով ու լորերով, մասրենիներով ու բարդիներով, Խաչուպապով, գյազբելներով, սալվարդներով, ծառ ու ծաղիկներով, հորթերով ու եզներով… խորապես ինքնատիպ ու անկրկնելի աշխարհ է՝ բնական ու անկրկնելի: Անհատականացված են նաեւ այդ աշխարհի դրսեւորման կերպերն ու եղանակները, ձայներն ու հնչերանգները, բանաստեղծության սահյանական խոսքարվեստը: Իրարահաջորդ բանաստեղծական ժողովածուների քննությամբ Շչորս Դավթյանը նկատում է, թե ինչպես աստիճանաբար որոշակիանում են բանաստեղծի ստեղծագործական կենսադաշտը, մտածումի ուղղությունը, զգացական կուտակումների դրսեւորման պոետական հնարանքները, բնության անձնավորման կերպերն ու եղանակները: Ասել է թե` Սահյանի պոեզիան մարդերգություն է: Սա է հաստատում եւ ինքը՝ բանաստեղծը, եւ հիշեցնում իր ընթերցողին. «Անձնավորված, մարդացած բնություն ու բնական մարդ. ահա իմ հավատո հանգանակը կյանքում եւ արվեստի մեջ»:

Շչորս Դավթյանն անընդհատ բացում է բանաստեղծի ներաշխարհը, երեւույթների ընկալման եւ դրանց արժեւորման, մոտեցումների ներհոգեկան բաղադրությունը՝ ընդգծելով այս կամ այն խնդրի ներիմաստային առանձնահատկությունը՝ առանձնացնում, շեշտում Սահյանի բերած ստեղծագործական այն որակները, որոնք հաստատում են բանաստեղծի անկրկնելի ինքնությունը:
Մարդ-բնություն համադրումն արվեստի մեջ մեկը մյուսով պանծացնելու ստեղծագործական փորձառությունը հատուկ է գրականությանը:

Թվում է, թե, ինչպես պատահում է նման պարագաներում, Դավթյանը պիտի բավարարվեր գոյություն ունեցող երեւույթի մեջ Սահյանի բերած նոր ու թարմ հավելումներով, հոգեբանական տարաբնույթ վիճակների բանաստեղծական բյուրեղացումներ վկայակոչելով: Բայց նա գնում է դեպի խորքերը եւ որոնումների արդյունքում հայտնաբերում նոր ու ինքնատիպ որակներ, որոնք «նոր աստիճանի են բարձրացնում Սահյանի բանաստեղծությունը»:

Խոսքը վերաբերում է հոտին՝ իբրեւ գեղագիտական միավորի, որ Սահյանի մոտ դառնում, խմորվում է իբրեւ բնափիլիսոփայական առանցք եւ տարաբնույթ զգացողությունների համակարգ:
Շչորս Դավթյանն իր աշխատություններում անդրադառնում է Համո Սահյանի՝ գրականության հետ ունեցած շփումներին, ստեղծագործական առնչությունների խնդիրներին եւ իրավացիորեն հաստատում. «…նրա ստեղծագործական ճանապարհի ինչ-որ հատվածների վրա ազդեցություններ, անշուշտ, եղել են, թեեւ ուղղակի անմիջական կապի մասին դժվար է խոսել…»:
Սա ճշմարիտ է: Եղած, կամ ավելի ստույգ, ենթադրվելիք ազդեցություններն այնպես են հալվել նրա բյուրեղացած կարոտների մեջ, որ դրանց հետքերը փնտրելը բացարձակապես ավելորդ են: Նա սովորել է բնությունից, ջրի ու քարի հավերժական կռվից, միջավայրից, ծնողներից:

Մի առիթով բանաստեղծը հիշում է գյուղից հեռանալու պատմությունը:

«Խմբի մեջ մի տարեց մարդ կար, նայեց դիմացի սարերին եւ հառաչեց՝ հե՜յ, սարեր:

Գուցե իմ մեջ այդ օրն առաջին անգամ զարթնեց բանաստեղծը…»:

Իրավացի է Դավթյանը, երբ գրում է. «Անկասկած Համո Սահյանի անհատական ոճի վրա մեծ ազդեցություն է թողել Ակսել Բակունցը, հատկապես, միջավայրի առումով»: Եվ, սակայն, ինչպես նկատում ենք, ընդհանրացումը կտրուկ է ու միակողմանի, ուստի եւ կարոտ առավել հանգամանալից բացատրության:

Ի՞նչ ասել է «հատկապես միջավայրի առումով» արտահայտությունը:

Բակունցի ազդեցությունը պետք է փնտրել Սահյանի խոսքարվեստի ծալքերում, ներքին մեղեդայնության, նյութի նկատմամբ դրսեւորած մոտեցումների մեջ, բնաշխարհի բարքերի, մարդ ու հող, մարդ ու աշխատանք խորթացումների, տոհմիկ առաքինությունների նահանջի տխուր հետագծերի միգամած կեռմաններում, բնություն-մարդ հարաբերումի բակունցյան կենսափիլիսոփայության խորքերում:

Սահյանի քնարական հերոսը կորուստների համար լաց լացող, կյանքի իմաստը, խորքն ու խորհուրդը պարզելու համար «ծառի փչակում նստած՝ աստծու հետ լռությամբ զրույցի բռնված» Աթա ապոր զրուցընկերն է: Երկուսն էլ կանգնում են մի ինքնատիպ ու տարօրինակ աբսուրդի առաջ: Սա գրական ազդեցություն լինելուց առաջ մտքի ու մտածողության հարազատություն է, տագնապահարույց իրականության առաջադրած, ապա բնական խնդիրների պատասխանները հասկանալու եւ ապա հերքելու բնական մարդկանց մաքառում:

Հինը նահանջում է, կործանվում, իսկ նորի ինչ եւ ինչպիսի լինելը ոչ միայն հայտնի չէ, այլեւ, այդ նորն աղավաղում է միջավայրի, հող ու հանդի հետ մարդու ունեցած հարաբերությունները, դառնության ու հուսախաբության թույն կաթեցնում դարերով սրբագործված մարդ-բնություն կապերի վրա:

Լեզվաոճական դրսեւորումների, բանաստեղծական գյուտերի, հայրենի եզերքի նկատմամբ ունեցած սիրո, մարդ-բնություն կապերի առումով նկատելի է երկու գրողի հարազատությունը:
Եվ, սակայն, Բակունց-Սահյան հարաբերումի խնդիրը հեռու է միանշանակ լինելուց, նրանց՝ հայրենիքի քաղաքական ճակատագրի շուրջ ունեցած մոտեցումների առումով: Սա աշխարհայացքային հարցադրում է. որի քննությունը հաստատում է նրանց տարբերությունը: Այս պարագայում նրանք կանգնած են բոլորովին հակառակ դիրքերում:

Բակունցը խորքային մի հարցադրում ունի, որի ելեւէջումների մեջ պատեպատ է խփվում մեր ազգային միտքն ու ոգին, խաբկանքն ընկալվում իբրեւ առաքինություն, նվաճումն իբրեւ ազատագրություն, մեծապետական շովինիզմը՝ իբրեւ բարիք եւ ապերախտությունը ներարկում սերունդների մեջ իբրեւ երախտագիտություն:

Եվ, իսկապես, ի՞նչ տվեց Ռուսաստանը 1828-ից մինչեւ 1928թթ. …. միայն հուսախաբություն եւ հիասթափություն: Սա է մեր պատմությունն Աբովյանից  մինչեւ Չարենց ու Բակունց, մինչեւ այսօր…

Հայաստանը հենակետ, պլացդարմ է Ռուսաստանի հեռահար նպատակների համար:

Բայց, ինչպես ասացի, բոլոր կարգի ազդեցությունները (Բակունց թե Մահարի, Եսենին թե Պաստեռնակ, Մեծարենց թե Լորկա) այնպես են հալվում, միախառնվում, մերանվում նրա բանաստեղծական աշխարհում, որ դառնում են սեփական արյան բաղադրություն եւ նրա քարակոփ ինքնության նշանագրեր:

Մեծ բանաստեղծների մոտ գրական ազդեցությունները վերաճում են եւ դառնում ինքնուրույն որակներ: Այս կամ այն գրողից ստացած ինֆորմացիան նրանց զգայությունների աշխարհում բացում է փակ դռներ, կյանքի կոչում նրանց զգայությունների աշխարհում եղած նախնական բխումները:

Համո Սահյանը քաղաքում ազատվում, պարպվում է հուշերի ու հիշատակների, սերերի ու կարոտների, բանաստեղծական տարաբնույթ զգայությունների կուտակումներից, նորից վերադառնում ծննդավայր, մեջքը հենում քարափներին, լսում Լորագետի, Որոտանի հառաչանքն ու կռվի ձայներ, քարեղեն ափերի հղկման տնքոցներն ու հավաքում  ձորերի արձագանքները, խամրած կամ նոր գունախաղերով հարստացած  գեղեցկությունները, թախիծներով ու տխրություններով խմորված հին կարոտները, լիցքավորվում հզոր էներգիայով ու նորից գալիս քաղաք՝ հնչեցնելու իր սիրո ու բարության երգերը:

Ինքն իր բանաստեղծություններում հաստատում է պոետական իր խառնվածքի  հուրքավորման ակունքները, գյուղ-քաղաք երթեւեկի ներքին անհրաժեշտությունը.

Սրտիս վրա լույս է մանում
Մի տնարար թախիծ…
Մորս կաթի համն եմ առնում
Աղբյուրներիդ ակից:
Ոտք եմ դնում հորս ջնջված
Ոտնահետքերի վրա…
Դանդաղ մեջս է լցվում
Բարությունը նրա:

Գնալն անհրաժեշտ է, հոգեւոր պահանջ - հենց այնտեղ, իր քարափների գլխին խաբեության, խանդ ու խայթի շաղախից հեռու. «Ծիածանի լացով հոգիս լվանամ» , Զորզորի գետափնյա այգում՝ Հարություն Հովնաթանի հետ հյուրասիրվի Բագրատի որդի Շչորս Դավթյանի կողմից, մաքրվի քաղաքային հոգսերից, հպարտանա բնության  մաքրությամբ, քար ու թփերով օղակված այգու բնական պաշտպանության կարելիությամբ:

Լսեք բառերս ջոկված
Հատիկ առ հատիկ,
Ներս ու դրսից մրոտված,
Մոլորված մարդիկ:
Քանի դեռ կա այսպիսի
Մաքուր մի գետակ,
Ձեր մաքրության հանդեսին
Պիտի հավատաք:

Մարդկային այս պարզ հարաբերությունները՝ անկեղծ ու անկաշառ, բարի ու մտերմիկ շփումները, բնության այսօրինակ ընկալումները, ինքնամաքրումի բնական կարելիությունները պարտադիր են դարձնում քաղաք վերադառնալու անհրաժեշտությունը, որպեսզի «Գութ առնի աշխարհն իմ տոհմից», որ փորձն ու անփորձությունը միախառնվեն ու դառնան բանաստեղծություն.

Փորձը քեզ ճարտար մի ձեռք է դարձնում,
Եվ սիրտդ՝ կարած-կարկատած մի վերք:
Փորձի մեջ երգի սերմը չի ծլում…
Անփորձությունը
Եվ փորձություններն են, որ դառնում են երգ:

Իսկ, ընդհանրապես, Համո Սահյանի ուսուցիչը, ինչպես մի առիթով նշում է նա, եղել է ժողովուրդը, որն իր հավաքական զգայությունների շաղախում ունեցել է բանաստեղծին վերապահված գույներն ու երանգները, կարոտներն ու երազները: Բանաստեղծի ծննդավայրից մի քիչ հեռու, Լծեն գյուղի թիկունքում, Որոտանի ափամերձ քարափի գլխին կա մի հրաշալի հարթություն, որ կոչվում է մեծ դյուզ: Շչորս Դավթյանն այնտեղ մի փայտաշեն տնակ է տեղադրել այդ գեղեցկությունը վայելող եկվորների համար: Հարթությունը եզրող անտառի մեջ կան պատվաստված խնձորենիներ, որոնցից ազատորեն կարող են օգտվել մարդիկ՝ ծանոթ-անծանոթ:  Լծենում ապրող մորաքրոջս տղաները, եւ, ընդհանրապես, տեղացիներն ասում են, որ այդ ծառերը պատվաստել է Խաչի ապերը - Խաչի դային, որ վաղուց չկա… Բայց գործը մնում է: Ակամայից հիշում եմ Բակունցի «Կարմրաքար» վեպից Ավան ամուն, որ գարունը բացվելուն պես՝ այգու մկրատը ձեռքին, մտնում էր գյուղի տնամերձերը, կտրում ծառերի չորուկները, գեղեցկացնում այգիները:

Վայրի ծառերը պատվաստեց Խաչի դային, տնակը տեղադրեց Շչորս Դավթյանը:

Սերնդափոխությունն օրերի ու տարիների զիգզագներում կամ շարունակում է հների իմաստուն վարքաբանությունը, կամ կորցնում է բարոյահոգեբանական ինչ-ինչ որակներ:

Ես հիմա չգիտեմ, վաղուց չեմ եղել այդ չնաշխարհիկ վայրում: Ի՞նչ են անում նորերը, շարունակո՞ւմ են խաչուպապերի բարեգործությունը, թե՞ օրերի դառնությամբ վարակված ու հուսախաբության մատնված՝ կորցրել են ստեղծումի հպարտությունը:

Այս եզերքը սարերի երկիր է. սարը սարին պատվար, սարը սարին պաշտպան: Այդպիսին են եւ մարդիկ, այս եզերքը երգի ու բանաստեղծների երկիր է. դառնամ եւ ողորմի տամ  տաղանդավոր բանաստեղծ Աղվան Մինասյանին, ով ինքն իրեն զոհաբերեց ազատամարտում:

Սահյանը լիցքավորում, ներշնչվում, ափեափ լցվում էր, լցվում էր բարությամբ ու սիրով: Գնում է աշխարհին պատմելու, աշխարհին հաղորդելու մարդ-բնություն հարաբերումի ներդաշնակ մեղեդին:  Հոգսերն ու ցավերը, որոնք ժառանգել է նա, բանաստեղծությունների բյուրեղացած տեսքով վերադարձրել է նույն ժողովրդին: Շչորս Դավթյանն առանձին քննության նյութ է դարձնում Համո Սահյանի քնարերգության ժանրային առանձնահատուկությունները եւ դրանց կիրարկման մեջ հատկապես ընդգծում հայրենները՝ իբրեւ նոր ու նորացված թեմաների դրսեւորումների առավել հայեցի միջոցի:

Հայեցիություն, հայկականություն, ազգային ոգի, ազգային ճակատագիր:

Համոյի բանաստեղծությունն ընթերցողին մղում է ոչ թե ազդեցությունների չսահմանազատվող հետքեր փնտրելու, այլ տանում է ինքնատիպ զուգորդումների:

Ազգային ոգու ու ճակատագրի բացահայտման արդյունքում նրա քնարական հերոսը դրսեւորում է բավականին լայն ընդհանրություններ մեր գրականության ազգային դեմքն ու դիմագիծը բնորոշող այլ կերպարների հետ:

Իր մոտեցումներն ու եզրահանգումներն առավել ամբողջական դարձնելու համար Դավթյանն անդրադարձել եւ առանձին քննության նյութ է դարձրել բանաստեղծի՝ տարբեր առիթներով հրատարակած գրական-քննադատական հոդվածները, նրա գրական վաստակը քննության ենթարկել ժամանակի եւ շարունակվող ավանդների համատեքստում:

Հայ բանաստեղծության վաղվա օրվա, ընդհանրապես, հայ բանաստեղծության ու ժողովրդի ճակատագրի շուրջ ունեցած տագնապներով մտահոգ՝ բանաստեղծը հայտնվեց նոր հարաբերությունների մեջ, նոր միջավայրում: Երկրաշարժ, պատերազմ, եւ, ինչպես Դավթյանն է բնորոշում, «տխուր նորագոյացումի» անորոշ ու անշող տարածքում:

Նորերը սկզբից կոշտացրին եւ ապա կտրուկ ընդհատեցին մտավորականություն եւ իշխանություն երկխոսությունը, որ նման պարագաներում գործընթացներն ուղղորդելու պարտադիր պայման է:
Հեռացող իշխանության մեջ կային փորձառու, բանիմաց, ազգային թանձր նկարագիր ունեցող, ժողովրդի վաղվա օրով մտահոգ ղեկավարներ, ովքեր ավելի սահուն կարող էին անցկացնել հին համակարգի փլուզման վայրիվերո ընթացքը: Այդ մարդկանցից էր Շչորս Դավթյանը, ով երկար տարիներ աշխատել էր հայրենի եզերքում, ղեկավարել Սիսիանի կառուցապատման, բարեկարգման, շրջանի շենացման աշխատանքները:

Նրա գործունեությունը քաջալերում էր բանաստեղծը: «Սիսիանն իմ բնաշխարհն է, իմ ծննդավայրը, ամեն քարն իմ հոգու մի բեկորն է, ամեն պտղունց հողը՝ իմ սրտի մի մասունքը: Բոլորն իմ մեջ են, բոլորի մեջ ես  եմ»:

Եվ, սակայն, նոր ժամանակներում Շչորս Դավթյանին, ինչպես ինքն է գրում. «… Արգելեցին զբաղվել քաղաքականությամբ, նույնիսկ տնտեսական գործունեությամբ»: Այս պարագայում պետք է ասել՝ « Չիք չարիք առանց բարիք»:

Նա իրեն նվիրաբերեց մեծ բանաստեղծի կյանքի եւ գրական ժառանգության ուսումնասիրության գործին, դարձավ նրա ինչպես հոգեւոր, այնպես էլ նյութական հենարանը: Ի դեպ ասեմ, որ Համո Սահյանն է ինձ ծանոթացրել Շչորս Դավթյանի հետ: Գրողների միությունում ինչ-որ միջոցառում էր, բակը եւ դիմացի մայթը լցված էին մարդկանցով: Ես մոտեցա մի խմբի մեջ մենակ կանգնած բանաստեղծին, ձեռքս բռնեց ու քաշեց մի կողմ, արի, ասաց, արի, քեզ ծանոթացնեմ, դու չես ճանաչում նրան. նա է ինձ ապրեցնում, նա չլիներ, ես վաղուց մեռած պիտի լինեի, նա է ինձ պահում: Հեռվից բանաստեղծին նկատելով՝ Շչորսը, ինքը մոտեցավ, ողջագուրվեցին:

Մեզ ծանոթացրեց՝ զորավիգ եղեք    իրար այս տխուր կյանքում:

Նորերի անփորձությունը փորձանք դարձավ: Եվ եղավ այն, ինչ եղավ: Փորձեցին ստվերել նրա հեղինակությունը, պղտորել ապրած կյանքի հպարտությունը, մասնակից դարձնել կատարված ձախողումներին: (Իսկապես, «Դու ինձ ներել չես կարող մեղքերիդ համար»): Քավության նոխազներ էին պետք: Հեռուստատեսային մի հաղորդման մեջ թանձրացրին բանաստեղծի հիասթափությունը, թույն կաթեցրին նրա կյանքի վերջին օրերի վրա: Այդ մասին հրաշալի է գրում Հարություն Հովնաթանը, իր նույնքան հրաշալի «Զրուցարանում»:

Տրտնջում է մեծ բանաստեղծը. «Ցուրտ կա մեջս, ներսից է գալիս: … Աշխարհը ցուրտ դարձրին, եւ հետո էլ ասում են, բոլորս ենք մեղավոր: Ինչո՞ւ: Ո՞րն է իմ մեղքը… Բայց դեռ ասելիք ունեմ, ասեմ ու գնամ.

Փոխվել են դերերն ու տեղերը.
Բայց նույնն է երախը վիշապի…
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի…

Ասաց ու գնաց` երկրի ու երկնքի հետ հաշտ ու խաղաղ, բնությունից հեռացած մարդու համար մտահոգ, բայց եւ բնության մարդեղացման եւ մարդու բնականացման աղոթքով…

Սահյանից հետո նրա գրական վաստակն արժեւորելու եւ մասսայականացնելու առումով մեծ դերակատարություն ունի Շչորս Դավթյանը: Նա ստեղծեց «Համո Սահյան մշակութային կենտրոն», հրատարակեց եւ շարունակում է հրատարակել  մեծ բանաստեղծի ժողովածուները, որոնց կողքին, կորսվելու մեծ հավանականությամբ, բախտի քմահաճ վայրիվերումներին թողնված «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն:

Նա գրել  եւ հրատարակել է բանաստեղծին նվիրված աշխատություններ, որոնցից, առայժմ, վերջին խիզախումը «Համո Սահյան. հանրագիտարան» գիրքն է: Այսօրինակ գիրք ստեղծելու համար հարկավոր է ծանր ու տքնաջան աշխատանք, համառ ու անզիջում կամք եւ մեծ համբերություն: Համոզված եմ, որ նրա գրքերը սկզբնաղբյուր են դառնալու Սահյանի պոեզիայով զբաղվող նորերի համար: Շչորս Դավթյանը բանաստեղծի հոբելյանին ներկայանում է ծանրակշիռ վաստակով:

Նա Սահյանի եւ նրա պոեզիայի անմնացորդ նվիրյալն է:

Ծանոթագրություն
1. Հարություն Հովնաթան- «Խոսում է Համո Սահյանը»,1992, Երեւան, էջ 16:

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01