Վալերի Բրյուսովը, ում ժամանակին շնորհվեց «Հայաստանի ժողովրդական բանաստեղծ» կոչումը

14.02.2025 11:50
339

    Վալերի Յակովլևիչ Բրյուսովը սովորել է նախ մասնավոր գիմնազիայում, այնուհետև՝ Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի պատմության բաժնում, որն ավարտել է 1899 թվականին։ Դեռ ուսանողական տարիներին՝ 1894-1895-ին, լույս է ընծայել երեք չափածո ժողովածու՝ «Ռուս սիմվոլիստներ» խորագրով, որտեղ զետեղված էին հիմնականում նրա գործերը՝ գրված Պ Վեռլենի, Ա Ռեմբոյի և ուրիշների ազդեցությամբ։ Գրական ասպարեզ մտնելուց շատ չանցած, ճանաչվել է որպես ռուս սիմվոլիզմի առաջնորդ։ Իր բանաստեղծություններում և հոդվածներում քարոզում էր «մաքուր արվեստի» տեսությունը, անհատապաշտություն, հանդես էր գալիս ռեալիզմի դեմ։ Բայց արդեն նախահեղափոխական տարիներին Բրյուսովի ստեղծագործության մեջ երևան եկան երանգներ, որոնք նրան տարբերում էին մյուս սիմվոլիստներից։ Մի շարք բանաստեղծություններում («Ի պատասխան», «Քարտաշը», «Աշխատանք») նա գովերգում էր ստեղծագործական աշխատանքը, ցույց տալիս կյանքի սոցիալական հակասությունները, կանխատեսում հեղափոխության անխուսափելիությունը։ Բրյուսովի ստեղծագործության մեջ այս մոտիվներն ամրապնդվում էին Ռուսաստանում հեղափոխական շարժման ծավալմանը զուգընթաց։ Սակայն Բրյուսովը հեղափոխության խնդիրներն ըմբռնում էր միակողմանի և, ըստ էության, տեսնում ու փառաբանում էր միայն նրա կործանարար կողմը՝ չկռահելով հասարակության զարգացման օրինաչափությունները։

    Բազմազան ու արգասավոր է եղել Բրյուսովի գրական գործունեությունը։ Իր գրական կյանքի 30 տարում հրատարակել է ավելի քան 80 գիրք՝ բանաստեղծությունների, պատմվածքների, թարգմանությունների ու քննադատական ժողովածուներ, վեպեր, պիեսներ, ուսումնասիրություններ։ Բրյուսովը, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից  հետո ակտիվորեն ներգրավվեց խորհրդային գրական-հասարակական և կուլտուր-լուսավորական աշխատանքներում։ Նա ղեկավարել է Մոսկվայի գրապալատը, ՌՍՖՍՀ լուսժողկոմատի գիտական գրադարանները, ապա նաև գրական բաժինը, ակտիվորեն մասնակցել Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությանը, դասախոսել կոմունիստական ակադեմիայում և Մոսկվայի համալսարանում։ 1921 թվականին Բրյուսովը հիմնադրել է գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը, որին 1923-ին շնորհվեց նրա անունը։ Այդ ինստիտուտի ռեկտոր եղած տարիներին Բրյուսովը դասավանդել է մի շարք առարկաներ՝ ռուս և անտիկ գրականությունների պատմություն, տաղաչափություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, նույնիսկ՝ մաթեմատիկայի պատմություն։ Հետհոկտեմբերյան տարիներին լույս տեսած «Վերջին երազանքները» 1920 թվականին, «Այդպիսի օրերին» 1921 թվականին ժողովածուները։ Բրյուսովին բնութագրում են որպես խորհրդային պոեզիայի հիմնադիրներից մեկի։

    Բրյուսովի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում թարգմանությունները։ Տիրապետելով եվրոպական մի շարք լեզուների՝ նա դեռ երիտասարդ տարիքից սկսեց ռուս ընթերցողներին ծանոթացնել տարբեր երկրների ու դարաշրջանների բանաստեղծների գրական գործերին։ Թարգմանել է Դանթեի, Գյոթւի, Հյուգոյի և այլ գրողների չափածո երկերը։ 1915-ի հունիսին Բրյուսովը Մոսկվայի հայկական կոմիտեի առաջարկությամբ սկսեց աշխատել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան կազմելու, խմբագրելու, նաև՝ որոշ երկեր թարգմանելու վրա։ Նա ամենից առաջ ուսումնասիրեց հայոց պատմության ու պոեզիայի վերաբերյալ ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն, և իրեն մատչելի այլ լեզուներով գրականությունը։ Միաժամանակ զբաղվեց հայոց լեզվի ուսումնասիրությամբ։ Հետազոտական լուրջ աշխատանքի արդյունք էր «Հայ պոեզիան և նրա միասնությունը դարերի ընթացքում»՝ անթոլոգիայի ներածական հոդվածը։ Հայ գրականության շատ երևույթների ու գործիչների բրուսովյան գնահատականներն այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։ Բրյուսովը գրել է նաև «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի տարեգրությունը» աշխատությունը։ 1916-ի հունվարին, երբ անթոլոգիայի նախապատրաստությունը հիմնականում ավարտված էր, Բրյուսովը մեկնեց Հարավային Կովկաս՝ ժամանակի հայ իրականությանն անձամբ ծանոթանալու և իր կատարած աշխատանքի արդյունքը հասարակությանը ներկայացնելու համար։

    Եղավ Բաքվում, Թիֆլիսում, Երևանում ու Էջմիածնում, որտեղ մեծ հաջողությամբ զեկուցումներ կարդաց հայոց պատմության ու պոզիայի մասին, հանդես եկավ իր թարգմանություններով։ Այդ ուղևորության ընթացքում Բրյուսովը մտերմական կապեր հաստատեց ականավոր գրական ու հասարակական գործիչների, ամենից առաջ Թումանյանի հետ։ Հայ պոեզիայի անթոլոգիայի նախաբանում Բրյուսովը գրել է. «…Հայաստանը ուսումնասիրելու մեջ գտա վեհ, հոգևոր հրճվանքների անսպառ աղբյուր… Որպես պատմաբան, որպես գիտության մարդ, ես Հայաստանի պատմության մեջ տեսա մի ամբողջ ինքնատիպ աշխարհ, որի հազարավոր հետաքրքիր, բարդ հարցերը գիտական հետաքրքրություն էին հարուցում, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ՝ հայ պոեզիայի մեջ տեսա գեղեցկության նույնպիսի մի ինքնատիպ աշխարհ, նոր, մինչ այդ ինձ անհայտ տիեզերք, որտեղ փայլատակում ու լուսավառվում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձրարժեք կերտվածքները»։

    Բրյուսովը թարգմանել է հայ պոեզիայի՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի առաջին քառորդը ներկայացնող 170-ից ավելի գործեր։ Նա ռուս ընթերցողին առաջին անգամ ծանոթացրեց հայ ժողովրդի հին ու միջնադարյան պոեզիայի նմուշներին, նոր ժամանակի հայ բանաստեղծների ստեղծագործությանը։ Նրա թարգմանություններում ներկայացված են 40-ից ավելի բանաստեղծ և մի ամբողջ հազարամյակի հայ պոեզիայի գրեթե բոլոր անունները՝ Գրիգոր Նարեկացուց մինչև Վահան Տերյան։  Բրյուսովի թարգմանությունների մեծ մասն այսօր էլ պահպանում է իր գեղարվեստական արժեքը։ «Հայաստանի պոեզիան» ժողովածուի համար հայ բանաստեղծների գործերը թարգմանելու աշխատանքում Բրյուսովը ներգրավեց Ռուսաստանի բանաստեղծական լավագույն ուժերին։ Նրա արխիվում պահպանվել է «Հայաստան» պայմանական անունով ծավալուն արձակ ժողովածուի մանրամասն ու հանգամանալից ծրագիրը, որով մտադիր էր ռուս ընթերցողին ներկայացնել բոլոր ժամանակների հայ պատմիչների ու գրողների ստեղծագործությունների առավել բնորոշ ու հետաքրքիր հատվածները՝ Մովսես Խորենացուց մինչև Րաֆֆի և այլն։ Բրյուսովը Հայաստանի ու նրա գրականության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեց մինչև իր կյանքի վերջը։ Մահից մեկ տարի առաջ նա թարգմանեց Ե․ Չարենցի «Ամենապոեմը»։ Հայաստանն ու նրա պատմական անցյալը Բրյուսովին ոգեշնչեցին ստեղծելու բանաստեղծությունների շարք՝ «Հայերին», «Հայաստանին», «Արարատին», «Արարատը Երևանից», «Տիգրան Մեծ»։

    Բանաստեղծի կինը պատմել է, թե ինչպիսի եռանդով է ուսումնասիրել Բրյուսովը հայերենը. «Դասախոսությունները սկսվեցին և շարունակվեցին ոչ մեծ ընդհատումով, մոտ 3 ամիս…. Մակինցյանը հետաքրքիր, բայց անչափ պահանջկոտ ու համառ ուսուցիչ էր։ Դասերը տեղի էին ունենում շաբաթը մի քանի անգամ։ Պարապմունքների համար ընտրված էին շատ սեղմ, խելացի և, եթե կարելի է այսպես ասել, խտացված ձևեր, այնպես որ՝ առաջին, նախնական պատկերացումը լեզվի մասին Վալերի Յակովլևիչը ստացավ շատ շուտ։ Դասերին հաճախ մասնակցում էի և ես։ Վալերի Յակովլևիչը և ես սովորեցինք կարդալ և գրել հայերեն»։

    Ընդամենը երեք ամսում անհնար էր հայոց լեզվին տիրապետել այնքան, որ ինքնուրույն կերպով կարելի լիներ թարգմանել հայկական պոեզիան, մանավանդ հնադարյանը և միջնադարյանը։ Բրյուսովը իր առջև այդպիսի նպատակ չէր էլ դրել, նրա համար կարևոր էր ծանոթանալ լեզվին, սովորել կարդալ ու գրել հայերեն, որպեսզի կարողանար վերարտադրել և լսել լեզուն, նրա հնչույթը և իմաստը։ Կանգ առնելով հայ բազմաթիվ բանաստեղծների գործունեության վրա՝ Բրյուսովը ջանացել է գտնել նրանց առավել էական ու առանձնահատուկ գծերը, որոշել նրանցից յուրաքանչյուրի տեղն ու նշանակությունը պոեզիայի պատմության մեջ։ Ընդ որում՝ նա ոչ միայն բացահայտում էր նրանց ստեղծագործության գաղափարական բովանդակությունը, հիմնական մոտիվները, այլև շատ դեպքերում բնութագրում բանաստեղծական արվեստը, գեղարվեստական վարպետությունը։ Այս առումով հատկապես հետաքրքրական են ակնարկի այն էջերը, որոնք նվիրված են Սայաթ–Նովային, Պատկանյանին, Թումանյանին, Իսահակյանին և այլոց։ Հավատարիմ մնալով թարգմանչական իր հիմնական սկզբունքին (թե՛ բովանդակության, թե՛ ձևի մեջ հարազատ մնալ բնագրին)՝ Բրյուսովը միշտ ձգտում էր թարգմանվող բանաստեղծին վերարտադրել անհատական տարբերիչ գծերով, նրա ամբողջ ազգային առանձնահատկությամբ։

    Նա կարողացավ ընթերցողին հաղորդել հայ ժողովրդական երգերի անկրկնելի հրապույրը։ Նրա թարգմանությամբ առաջին անգամ ռուսերեն լեզվով ամբողջ ձայնով հնչեցին Նահապետ Քուչակը և Սայաթ–Նովան, նա ընթերցողի սեփականությունը դարձրեց Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի և շատ այլ ականավոր բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ։ «Միջնադարյան հայկական քնաերգությունը մարդկային հոգու այն սքանչելագույն հաղթանակներից է, որոնք երբևէ ճանաչել է համայն աշխարհի տարեգրությունը։ Բոլորովին յուրակերպ մի պոեզիա, իր ձևերով մեզ համար նոր, խոր բովանդակությամբ, տեխնիկայի փայլուն վարպետությամբ…»,- ասել է Բրյուսովը։

    Բրյուսովի կարծիքով՝ հայ պոեզիան միշտ արտահայտել է ժողովրդի պատմական կյանքը, նրա երազանքներն ու խոհերը, հույսերն ու ձգտումները, ուրախությունն ու վիշտը։ Բրյուսովի գլխավոր վաստակը հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ ոչ այնքան այն է, որ նա ճիշտ հասկացավ և բարձր գնահատական տվեց հայկական պոեզիայի լավագույն ստեղծագործություններին, այլև այն, որ նա ցույց տվեց, որ այդ գործերն արժանի են բարձր գնահատականի։

    Խորապես հարգելով հայերի վիշտը՝ Բրյուսովն ասել է.«Թուրքերը շարունակում են իրենց վաղեմի քաղաքականությունը։ Նրանք չեն դադարի իրագործել զանգվածային և չափազանց սարսափելի ջարդեր, որ նույնիսկ Լենկթեմուրը  չէր համարձակվի անել»։

    Վալերի Բրյուսովի իրականացրածը հայ մշակույթի նվաճումների թարգմանության ու մասսայականացման գործում մի կատարյալ հասարակական սխրագործություն էր։ Նա զգալի ավանդ ներդրեց ռուս և հայ մշակույթների մերձացման, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ Ահա թե ինչու 1923 թվականին, Բրյուսովի 50-ամյակի օրը, նրան շնորհվեց Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչում։

    ՀԳ

    Ստորև Վալերի Բրյուսովի բանաստեղծությունը «Հայերին» վերտառմամբ

    Այո, դուք կանգնած եք միջնաբեմում
    Երկու տարակարծիք աշխարհների,
    Բայց ձեր ոգուն անվերջ ուժ է բերում,
    Ձեր դարավոր նախնյաց պատգամը հին:

    Ալեկոծումն ու հողմն աշխարհների,
    Թեկուզ թևի ծայրով, կառչել են ձեզ,
    Կրեսոսի ահեղ արշավների
    Եվ Մակեդոնացու որոտը մեծ...

    Խոնարհել եք, թողած շփոթի մեջ,
    Փառքը կայսերական դրոշների,
    Եվ Հուստինիանոսի զորքերի հետ
    Ձեր այրուձին նետել ընդդեմ նեռի:

    Քիչ չեն խոնարհել ձեզ հողմերը նենգ,
    Ինչպես փոթորիկը մանուշակին,
    Չինգիզ խանի օրոք, Լենկ Թեմուրի,
    Լուսնի փառքի մռայլ խրախճանքի…

    Սակայն, արի զինվոր, հարվածի տակ,
    Ձեր ոգին չի զիջել ճակատագրին,
    Եվ զուր չէ, որ երկու հսկա բանակ
    Կռվում են դեռ, թե ո՞վ ձեզ կտիրի:

    Դժվար էիք հղկվում, ոնց ադամանդ`
    Պահպանելով ձեր մեջ շողերը նուրբ,
    Հանց գույներով հարուստ շիրազի վարդ,
    Հանց Հոմերյան փառքի ճաճանչը լուրթ:

    Եվ ապրեց երկիրը ձեր Նաիրյան,
    Գահանկումների մեջ ու դավերի,
    Բայց ձեր միտքն ու գիրը ապրեցին, կան,
    Ինչպես նրանց պաշտպան վանքերը հին:

    Սուրբ կարոտով, հոգին ձեր ավերված,
    Այնտեղ միտքն է պահել չարից հեռու,
    Գրված Քրիստոսից մինչ Արամազդ,
    Գրված երկրագնդի չորս ծագերում:

    Եվ ձեր ստեղծագործ ու բորբ ոգին,
    Վառված ճաճանչներից հելենական,
    Անհնազանդ մռայլ ժամանակին,
    Լույսին է միշտ կառչել սուրբ արարման:

    Եվ հիմա, մեզ հասած նոր աշխարհում,
    Ամբոխի մեջ մթար շատ ցեղերի,
    Անտիկ սարսուռն է ձեր դեմքից բուրում
    Մեզ անծանոթ ու խորթ հին դարերի:

    Անցյալ դասերը ձեր լրջախոհ են
    Եվ հավերժ է նրանց լուսե սահքը,
    Դուք իրավունք ունեք, հպարտորեն,
    Կրել բազմադարյան ձեր պսակը:

    Ձեր ժառանգությունը լուրջ է, հզոր,
    Մենք այն ըմբոշխնում ենք ու զարմանում,
    Թե անցյալ է ոնց է իր հին զարկով
    Կոչնակն ալեկոծում նոր օրերի:

    Հավատ ունեմ, ազգդ Մեծ Տիգրանի,
    Հաղթահարելու է ողջ հեղեղ ու հողմ
    Եվ ձեր փառքը պիտի հավերժ ճախրի
    Սխրանքների իր նոր ուղեծիրով,

    Որ մի օր, կենսախինդ ձեր քնարը,
    Արարչագործ հոգու իր սուրբ երգով,
    Երկու օտար ու խորթ աշխարհները
    Կշաղկապի ինչպես երկինք ու ծով:


    К армянам

    Да! Вы поставлены на грани
    Двух разных спорящих миров,
    И в глубине родных преданий
    Вам слышны отзвуки веков.

    Все бури, все волненья мира,
    Летя, касались вас крылом, —
    И гром глухой походов Кира,
    И Александра бранный гром.

    Вы низили, в смятеньи стана,
    При Каррах римские значки;
    Вы за мечом Юстиниана
    Вели на бой свои полки;

    Нередко вас клонили бури,
    Как вихри — нежный цвет весны, —
    При Чингис-хане, Ленгтимуре,
    При мрачном торжестве Луны.

    Но, — воин стойкий, — под ударом
    Ваш дух не уступал Судьбе, —
    Два мира вкруг него недаром
    Кипели, смешаны в борьбе.

    Гранился он, как твердь алмаза,
    В себе все отсветы храня:
    И краски нежных роз Шираза,
    И блеск Гомерова огня.

    И уцелел ваш край Наирский
    В крушеньях царств, меж мук земли:
    Вы за оградой монастырской
    Свои святыни сберегли.

    Там, откровенья скрыв глубоко,
    Таила скорбная мечта
    Мысль Запада и мысль Востока,
    Агурамазды и Христа, —

    И, ключ божественной услады,
    Нетленный в переменах лет,
    На светлом пламени Эллады
    Зажженный — ваших песен свет!

    И ныне, в этом мире новом,
    В толпе мятущихся племен,
    Вы стали обликом суровым
    Для нас таинственных времен.

    Но то, что было, вечно живо,
    В былом — награда и урок,
    Носить вы вправе горделиво
    Свой многовековой венок.

    А мы, великому наследью
    Дивясь, обеты слышим в нем...
    Так! Прошлое тяжелой медью
    Гудит над каждым новым днем.

    И верится, народ Тиграна,
    Что, бурю вновь преодолев,
    Звездой ты выйдешь из тумана,
    Для новых подвигов созрев,

    Что вновь твоя живая лира,
    Над камнями истлевших плит,
    Два чуждых, два враждебных мира
    В напеве высшем съединит!

    January 23, 1916. Tiflis

    Պուտինի հետ իմ հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր․ Թրամփ

    18.03.2025 23:43

    Պուտինն ու Թրամփն ավարտել են հեռախոսազրույցը

    18.03.2025 21:18

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

    18.03.2025 21:14

    Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

    18.03.2025 18:51

     Շախմատային պայքար Կապանում և Քաջարանում. չեմպիոնները որոշված են

    18.03.2025 16:06

    Շախմատային մրցաշար Մեղրիում. չեմպիոնը որոշվեց եզրափակչում

    18.03.2025 15:58

    Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

    18.03.2025 15:38

    Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ համաձայնագիրը. Պեսկով

    18.03.2025 14:31

    Զինված ուժերում ավտովթարների թիվն ավելանում է

    18.03.2025 14:16

    Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

    18.03.2025 12:58

    ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

    18.03.2025 12:53

    Սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ

    18.03.2025 12:52