Վարչապետը հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած ՀՀ մասնագետների առաջին խմբին

01.07.2019 19:22
1043

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելության իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց՝  առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ այդ առաքելության ամենակարևոր և թերևս միակ բովանդակային կողմը դա մարդասիրական առաքելությունն է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետև այն մեր ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, որը 1915թ. Հայոց ցեղասպանությունից  մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան է տվել:

«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը ներկայացրել է առաքելության ընթացքում արձանագրված արդյունքը՝ թվերով. այս ընթացքում, հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է, մասնավորապես,  27 հազար 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 626 քաղաքացու, իրականացվել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:          

«Սրանք իսկապես թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետևում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում: Իհարկե, մեր առաքելության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հալեպի մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը, նաև Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը: Սա նաև խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա տարածքից դուրս»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը:

«Եվ շատ կարևոր եմ համարում, որ բոլորովին վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությանը շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ: Սկսած սիրիական ճգնաժամի ծագումից, բռնկումից, Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չի եղել Սիրիայի բարեկամ ժողովրդի և պետության ճակատագրի նկատմամբ: Այս ընթացքում 2016թ., 2017թ., 2018թ. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա, և մենք, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ ենք  գծագրել, մենք Սիրիային և նրա ժողովրդին ցանկանում ենք խաղաղ կյանք, ցանկանում ենք, որպեսզի ճգնաժամն օր առաջ հաղթահարվի և ցանկանում ենք, որ սիրիացի ժողովուրդն օր առաջ  վերադառնա խաղաղ կյանքի»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և հաջողություն մաղթել այս պահին Սիրիայում առաքելություն իրականացնող մեր հայրենակիցներին, բժիշկ մասնագետներին, սակրավորներին, մյուս մասնագետներին: «Ուզում եմ ընդգծել, որ ահա այս վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, և մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետև ինչպես արդեն ասացի, մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է»,- ասել է վարչապետը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24