Վարդան Դավթյան. «Յուրաքանչյուրս բարեխղճորեն կատարենք մեր առջեւ դրված խնդիրները»

08.06.2016 11:12
2696

Բեռլին կատարած աշխատանքային այցի, ինչպես նաեւ մարզում իրականացվող տարածքային քաղաքականության որոշ հարցերի մասին է զրույցը Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանի հետ:


 

- Պարո՛ն Դավթյան, մայիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում Բեռլինում մասնակցել եք ԵԱՀԿ նախագահության (ԵԱՀԿ-ում հիմա նախագահում է Գերմանիայի Դաշնությունը) կազմակերպած «Առեւտրի եւ ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով գործարար համաժողովին: Ինչպե՞ս կգնահատեք համաժողովի արդյունքները:

- Ձեր նշած ժամանակահատվածում մասնակցել եմ «Առեւտրի եւ ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով գործարար համաժողովին, որ բավականին լուրջ միջոցառում էր: Այն նպատակ ուներ խթանել աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպության ներուժի զարգացմանը եւ առավել հզորացնել նրա երկրորդ՝ տնտեսական եւ բնապահպանական ուղղությունը:

Մայիսի 19-ին Ավստրիայի փոխարտգործնախարար դոկտոր Մայքլ Լինհարտն իր ելույթում անդրադարձավ ԵԱՀԿ 2017 թվականի՝ իր երկրի նախագահության ժամանակաշրջանի գերակա ուղղություններին, այդ թվում՝ համագործակցության ամրապնդում եւ վերականգնվող էներգիայի ու կանաչ տնտեսության զարգացում ուղղությանը: Ելույթից հետո հանդիպեցինք Լինհարտին եւ տեղեկացրինք մեր մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման ներկայացուցչության հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգիայի օգտագործման հնարավորությունների հետազոտության մասին: Փոխարտգործնախարարը հայտնեց իր հետաքրքրությունը եւ առաջարկեց ավելի սերտ համագործակցել Ավստրիական զարգացման գործակալության հետ՝ այդ ծրագրերի հնարավոր իրականացման համար:

Մայիսի 20-ին՝ ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական 24-րդ վեհաժողովի նախապատրաստական նիստի ժամանակ, հանդիպեցինք ԵԱՀԿ-ում Ավստրիայի ներկայացուցիչ Անդրեաս Ստադլերին, ով նույնպես ողջունեց մեր ծրագիրը՝ նշելով, որ անհրաժեշտ կլինի ԵԱՀԿ քարտուղարության հիմնավորումը ծրագրի իրականացման վերաբերյալ, որը հիմք կհանդիսանա 2017թ. ԵԱՀԿ֊ի կողմից ծրագրի իրականացմանը հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար քննարկումը կազմակերպելուն: Քննարկումների ժամանակ հանդիպեցինք նաեւ ԵԱՀԿ քարտուղարության բնապահպանական ծրագրերի ավագ խորհրդատու Էսրա Բութանրիի հետ՝ խնդրելով օժանդակություն՝ 2017թ. ծրագիրը ներկայացնելու Ավստրիական նախագահություն:  Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանի հետ պայմանավորվեցինք ծրագիրը պատրաստելուց հետո ներկայացնել քարտուղարություն: Է.Բութանրին նշեց, որ ծրագրերի իրականացման նախադրյալ է նաեւ երկրի կառավարության՝ ծրագրին կարեւորություն տալը եւ մասնակցությունը դրա իրականացմանը:

Թբիլիսիում հունիսին կայանալիք նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչը կհնչեցնի նաեւ այդ հարցի մասին, որի համար պատրաստել ենք համապատասխան նամակ: Այն է՝ ԵՍՀԿ ծրագրերի իրականացման ներկայացուցչության օժանդակությամբ 2016թ. Սյունիքի մարզում սկսվել են իրականացվել հետազոտություններ վերականգնվող էներգիայի օգտագործման ուղղությամբ՝ մարզի մի շարք համայնքներում այն գործնականում կիրառելու նպատակով: Նախատեսվում է մշակել առնվազն 11 պիլոտային ծրագիր, որ հնարավորություն կտա խնայել հանրային ծառայությունների մատուցման համար միջոցներ, պահպանել բնությունը՝ նպաստելով համայնքների էներգետիկ անվտանգության աստիճանի բարձրացմանը: Պիլոտային ծրագրերում նախատեսվում է անդրադառնալ վերականգնվող էներգիայի միջոցով համայնքներին խմելու ջրի մատակարարմանը, կրթական, առողջապահական, համայնքային, սպորտային եւ մշակութային օբյեկտների ջեռուցմանը՝ օգտագործելով գեոթերմալ, արեւային եւ այլ վերականգնվող ռեսուրսները: Սյունիքի մարզպետարանը ներկայումս աշխատում է միջոցների (այդ թվում՝ միջազգային դոնորներից) ներգրավման ուղղությամբ: Իրականացվող աշխատանքներին օժանդակում է նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը, որի համար չափազանց կարեւոր են խնդրի նկատմամբ ՀՀ կառավարության շահագրգիռ վերաբերմունքն ու հետաքրքրվածությունը:

Այնպես որ՝ բեռլինյան այցս համարում եմ արդյունավետ եւ ակնկալում առաջիկայում ստանալ դրա արդյունքները:

- Ներկայացրեք, խնդրեմ, 2016թ. մարզում նախատեսվող ծրագրերի իրականացման մասին համառոտ տեղեկատվություն:

- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից մարզում 2016թ. նախատեսվող ծրագրերն են՝ Ակների, Հարթաշենի, Խնձորեսկի խմելու ջրի բաշխիչ ցանցերի, Տաթեւի խմելու ջրի ներքին ցանցի, Ախլաթյանի խմելու ջրի ջրընդունիչների եւ ջրատարի կառուցում, Նորավանի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցում, Հարժիսի, Քարաշենի, Կոռնիձորի դպրոցների, Որոտանի ջրընդունիչի եւ ջրատարի, Կապանի արվեստի դպրոցի, Շուռնուխի ջրամատակարարման համակարգի, Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի վերակառուցում: Նշված համայնքները ծրագրի իրականացման համար 4-10% համաներդրում պիտի կատարեն, ինչը վերոնշյալ համայնքներից ոչ բոլորն են ի վիճակի: Ծրագրերի իրագործման ուղղությամբ որոշակի աշխատանքներ մարզպետարանն իրականացնում է: Մարզպետարանի եւ ԵԱՀԿ գրասենյակի հետ համատեղ նախաձեռնում ենք իրականացնել աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիր, որ հանրապետությունում նախադեպը չունի: Սա օպերատիվ կառավարման համակարգ է, որ հնարավորություն կտա տեղեկություն ստանալ տվյալ համայնքի, նրա կառույցների մասին: Ենթադրենք՝ տեղի է ունեցել ուժեղ քամի, առանց դեպքի վայր մեկնելու արդեն իսկ համակարգը հնարավորություն կտա պատկերացում կազմել վնասի մասին եւ ուղարկել համապատասխան օգնություն: Այսինքն՝ սա ծառայության օպիտմալացման, առանց լրացուցիչ մեծ ծախսերի որոշակի աշխատանքներ իրականացնելու ծրագրերից մեկն է: Համակարգը բազմաֆունկցիոնալ է եւ արդյունավետ:

2016թ. բյուջեով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ հատկացվելիք գումարի չափի մասին դեռեւս վաղ է խոսել, քանի որ դեռեւս հաստատված չէ: Քաղաքաշինության վարչությունը 26 ծրագիր է ներկայացրել, որ կառավարության հաստատման դեպքում մոտ 1 մլրդ դրամ պետք է հատկացվի մարզին: Ծրագրերը հիմնականում ներառում են մարզի համայնքների ճանապարհների ու շենքերի բակերի ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների, տարբեր ուսումնական հաստատությունների վերանորոգում եւ այլն: Քանի դեռ հստակ չէ այս ծրագրերի ճակատագիրը, ցանկալի չէ դրանք հասցեական նշելը: Իսկ պետբյուջեով արդեն հատկացվել է 149 մլն 217 հազար դրամ՝ մարզում չորս ծրագիր իրականացնելու համար, այն է՝ Սիսիանի Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի անվան տուն-թանգարանի վերանորոգում, Մեղրու N1 դպրոցի հիմնանորոգում, Ագարակ քաղաքի դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցում, Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի հատակի վերանորոգում: Մրցութային հարցերն ավարտելուց հետո անմիջապես կանցնենք շինարարական աշխատանքներին:

- Ձեր վերահսկողությամբ, որքանով տեղյակ ենք, իրականացվում է նաեւ ներքին աուդիտը:    

- Ներքին աուդիտի նպատակն է մարզային ենթակայության կառույցներում ուսումնասիրություններ կատարել՝ ստուգելու տարածքային ստորաբաժանումների աշխատանքը, ժամանակին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը եւ այլն: Պարբերաբար իրականացվող ստուգումների ընթացքում բոլոր ոլորտներում էլ հայտնաբերվում են թերություններ, որոնք ժամանակին ձգտում ենք վերացնել: Օրինակ՝ կրթության ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դպրոցներում մրցութային կարգով արված գնումների գործընթացում կան թերություններ: Սա էլեկտրոնային եղանակով գնումներ իրականացնելու նոր գործընթաց է, որ որոշակի մասնագիտական հմտություններ ու կարողություններ է պահանջում: Գործը ճիշտ կազմակերպելու համար համապատասխան խորհրդատվություն ենք անցկացնում: Պարբերաբար ստուգումներ ենք անցկացնում նաեւ մարզի բժշկական կենտրոններում: Քաղաքաշինության բնագավառում հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական մատչելիության համար քաղաքաշինական նորմերի համապատասխանության հարցը դեռեւս շատ հաստատությունների համար օրակարգային է մնում: Նորակառույց շենքերի համար պարտադիր է, նախեւառաջ, թեքահարթակների, համապատասխան սանհանգույցների առկայությունը եւ այլն: Սպասարկման կենտրոններում գոնե առաջին հարկի ֆիզիկական մատչելիությունը պիտի ապահովված լինի: Բավականին լուրջ աշխատանքներ իրականացվում են, բայց դրանք դեռեւս բավարար չեն այս հարցի վերջնական լուծման համար: Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից՝ կարեւոր են նաեւ մանկասայլակների, հետիոտնի անցման մատչելիության եւ մի շարք այլ հարցեր: Մեր նախաձեռնությամբ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հարցերով արագ արձագանքման համար թեժ գիծ է գործում:

-  Ի՞նչ կասեք կրթության ոլորտում ներկայումս իրականացվող աշխատանքների մասին:

- Մարզի 40-ից ավելի դպրոցներում իրականացվում է «Տաք սնունդ» ծրագիրը, որի ընդլայնման ուղղությամբ տարբեր աշխատանքներ ենք կատարել: ՌԴ-ից դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելեցին մարզ եւ բարձր գնահատեցին ծրագրի իրականացման որակը՝ պատրաստակամություն հայտնելով Տամբով քաղաքում վերապատրաստման դասընթացներ անցկացնել տնօրենների, խոհարարների համար: Նախատեսվում է նաեւ առանձին տարածաշրջաններում ուսուցման կենտրոններ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի խորհրդատվություն  կազմակերպել խոհարարների համար՝ ծրագրի շրջանակներում տրամադրվող սննդի չափաքանակի, կալորիականության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում շահագրգիռ անձանց մի մասը՝ մարզի տարածքում, մյուս մասը՝ Արտաշատում, որտեղ ավելի վաղ է սկսվել իրականացվել այդ ծրագիրը, մասնակցել են փորձի փոխանակման դասընթացների:

Մարզպետ Սուրեն Խաչատրյանը շատ է կարեւորում կրթության կազմակերպման արդյունավետ գործընթացը: 2015-16 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադայում մարզից 42 մրցանակային տեղ ունենք, որից՝ տարբեր կարգի 24 դիպլոմ: Ոսկե մեդալի շատ հավակնորդներ ունենք: Այս տարի Կապանի N2 ավագ դպրոցի սան Աննա Ավագյանը կմասնակցի Բեռլինում կայանալիք գերմաներենի միջազգային օլիմպիադային, որին մասնակցում են աշխարհի 68 երկրի ներկայացուցիչներ: Կրթության որակի բարձրացումն առաջնահերթ է բոլորիս համար, այն նաեւ սյունեցու համար պատվի հարց է, մեր մարզի ներկայացուցիչն իր գիտելիքներով կարծես այցեքարտ լինի, եւ մենք իրավունք չունենք աչքաթող անել հանրակրթության ոլորտը:

Քանի որ արդեն ավարտվել են վերջին դասի միջոցառումները, պետք է արձանագրեմ, որ դրանք հնարավորինս համեստ կազմակերպելու մեր հորդորները հասան իրենց նպատակին:

- Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առհասարակ ինչպիսի՞ աշխատանքներ եք կատարում:

- Օրերս նշվեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ բոլոր մանուկներին, ցանկանում, որ մանկության մոլորակում, իրենց պայծառ, լուսավոր հոգիներում միշտ լույս, կրակ եւ վառվռուն ժպիտներ լինեն, իսկ մեր գործունեությունն ու ընդունած որոշումները նպատակուղղված են նրանց ապագային: Մեծերը միշտ էլ փոքրերի կյանքը հարմարավետ դարձնելու պարտավորություն ունեն. այս իմաստով երեխաների սոցիալական ապահովության երաշխիքների ստեղծումը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է:   Սոցիալական աջակցության մշտական հանձնաժողովի վերջին նիստում հավանություն տվեցինք առանց ծնողական խնամքի մարզի երեխաներից, թվով՝ 15 հոգու, տոնի առթիվ յուրաքանչյուրին 20 հազարական, իսկ քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների երկու անչափահաս երեխայի՝ 50 հազարական դրամ հատկացնելու մասին առաջարկությանը: Ընտանիքի միջազգային օրվա առթիվ (մայիսի 15-ին) մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը մարզպետի կողմից տասներկու անապահով ընտանիքի դրամական աջակցություն ու նվերներ հանձնեց:

- Որո՞նք են մարզի առջեւ ծառացած խնդիրները, որոնց լուծման հեռանկարները մշուշոտ են:

- Յուրաքանչյուր բնագավառում, ինչքան էլ աշխատանքներ կատարենք, միեւնույնն է, լուծում պահանջող խնդիրներ շարունակում են լինել: Բայց, ինչպես հանրապետության մյուս մարզերում, մեր մարզում նույնպես առաջնայինը մնում է բնակչության զբաղվածության հարցը, եւ այդ առումով որոշակի աշխատանքներ կատարվում են. օրինակ՝ Կապանի պահածոների գործարանի բացում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնների վերամշակման գործարանի հնարավոր կառուցում, որոշ համայնքներում փոքրիկ արտադրամասերի հիմնում եւ այլն: Ես նաեւ սոցիալական աջակցության հանձնաժողովի անդամ եմ, որի նիստերում պարբերաբար քննարկում ենք մարզի քաղաքացիների դիմումները, որոնք հիմնականում ֆինանսական օժանդակության, առողջության, աշխատանքի տեղավորման հետ են կապված: Աշխատանքի տեղավորման համար հիմնականում դիմում են հանքարդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի ընդունվելու ակնկալիքով: Բացի դրանից՝ նաեւ մարզի համայնքներում, մարզպետի նախաձեռնությամբ, հավաքել ենք բարձրագույն կրթություն ունեցող անձանց տվյալները, որպեսզի աշխատատեղ բացվելու դեպքում առաջնահերթությունը տանք տեղի կադրերին:

Վերոնշյալ ծրագրերը նույնպես մարզում բավականին խնդիրներ կլուծեն՝ դպրոցաշինության, ջրատար ցանցերի հիմնանորոգման եւ այլն: Բավականին լուրջ ծրագրի իրականացումը, այն է՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը մարզում, ենթադրում է նոր, շենքային համապատասխան պայմաններով սոցիալական բազմաբնույթ ծառայությունների համախմբում մեկ հարկի տակ` մեկ պատուհանի սպասարկման սկզբունքով: Ծառայություններ կիրականացնեն սոցիալական աջակցության տարածքային, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնները, կենսաթոշակային ապահովման հիմնադրամը եւ այլն: Բնակիչը մեկ դիմումով կներկայացնի խնդրի մասին, ինչպես օրինակ, սոցիալական մեկուսացվածությունը, կոնֆլիկտն ընտանիքում եւ այլն, ու համապատասխան կառույցները հնարավորության սահմաններում կլուծեն    խնդիրը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել տարբեր կազմակերպությունների հետ, նմանատիպ համաձայնագիր կստորագրի նաեւ մարզպետարանը տարբեր անհատների, կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների հետ, որոնք պատրաստակամություն կհայտնեն կյանքի դժվարին իրավիճակում գտնվող մարդու խնդիրը լուծել համալիր` ինտեգրված սոցիալական ծառայությունների առաջարկած մոդելով: Դեռեւս քննարկման եւ ուսումնասիրության փուլում է նաեւ Սիսիանի, Գորիսի գիշերօթիկ դպրոցների, Կապանի խնամքի կենտրոնը տարածքային հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնների վերածելու ծրագիրը:

- Մարզի համայնքները 2015թ. սեփական եկամուտների հավաքման գործում առաջատարներից էին:

- 2015թ. արդյունքներով համայնքների եկամուտների հավաքման գործում հանրապետությունում Սյունիքի մարզը լավագույնն էր, եւ դա՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի պահանջկոտության, հստակ ժամանակացույց կազմելու եւ ամենօրյա մեր աշխատանքի շնորհիվ: Եռամսյակային կտրվածքով ամփոփում ենք համայնքների եկամուտների հավաքման գործընթացը, հետ մնացող համայնքներում կատարում որոշակի աշխատանք: Ընդհանուր առմամբ խնդիրները շատ են, որոնց լուծման բնականոն ընթացքին խանգարում են անսպասելի առաջացող հարցերը:

- Դուք համակարգում եք նաեւ տրանսպորտի բնագավառը: Ինչպիսի՞ն է պատկերն այդ առումով մարզում:

- Տրանսպորտային երթուղիների համար պարբերաբար անց են կացվում մրցույթներ` որոշակի չափորոշիչներին համապատասխան: Ցանկություն կա, իհարկե, դրանք հարմարեցնել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, բայց, ինչպես գիտեք, նմանատիպ տրանսպորտային միջոցներ միայն մայրաքաղաքում կան: Երթուղիներ իրականացնող կազմակերպությունները մասնավոր են եւ մեծ հնարավորություններ չունեն, բայց պարբերաբար թարմացվելու որոշակի աշխատանքներ կարողանում են կատարել:

- Մարզում նոր շենք կառուցելու ծրագրեր չե՞ն նախատեսվում: 

- Ինչ վերաբերում է բնակարանաշինությանը, ապա մոտ ապագայում նոր շենք կառուցելու ծրագիր չկա, բայց ցանկություն կա: Քաղաքաշինության վարչությունը զբաղվում է նաեւ զոհված ու վիրավոր ազատամարտիկների բնակարանային պայմանների հաշվառման հարցերով՝ բարելավման համար: Համապատասխան փաստաթղթերն ուղարկում ենք ՀՀ պաշտպանության նախարարություն, որի սոցիալական ծրագրերի շրջանակներում ամեն տարի զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներն ստանում են գումար բնակարանային պայմանները բարելավելու համար:

- Ապրիլյան վերջին իրադարձությունների Ձեր գնահատականը:

- Կցանկանամ, որ ժողովրդի միասնականության այն ալիքը, որին 1988թ. շարժման տարիներին ենք ականատես եղել եւ ապրիլյան վերջին իրադարձությունների ժամանակ, որ ազգային զարթոնքի, հայրենապաշտության եւ միասնականության արթնացում էր, ուղեկցի մեզ ողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուրս բարեխղճորեն կատարենք մեր առջեւ դրված խնդիրները, որով կնպաստենք մեր բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31