Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար․․․

28.09.2026 11:37
412

44-օրյա պատերազմի վեցերորդ տարին լրացավ, էլի կանցնեն տարիներ, տասնամյակներ, բայց նրա պատճառած վերքը երբեք չի սպիանա։ Աղետաբեր պատերազմի մի զարկն էր քաջարանցի Արմեն Ալիքի Առաքելյանը, ում 30-րդ տարեդարձը լրացավ սեպտեմբերի 25-ին։ Նախախնամությունը նրան ընդամենը 24 տարվա կյանք էր շնորհել։ Ընդամենը 24 գարուն ապրեց, և բոլորի մտապատկերում կմնա որպես 24 տարեկան՝ կենսախինդ ու պատրաստակամ երիտասարդ։

Ընտանիքի կրտսեր որդին էր Արմենը, եղբայրներից փոքր էր 6-7 տարով՝ աչք է բացել 1996-ին Քաջարանում, սովորել Ստ․ Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Հետո ընդունվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի բաժինը։ Երկրորդ կուրսի կեսից զորակոչվեց պարտադիր զինծառայության։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի այն զորամասում էր, որն առաջինը մարտի մեջ մտավ հակառակորդի հետ։ Ծնողները, բնականաբար, անհանգստանում էին, իսկ նա հուսադրող պատասխաններ էր տալիս։ Արմենի և նրա նմանների նվիրումի շնորհիվ թշնամին հրադադար խնդրեց, և խաղաղություն հաստատվեց։ 2016 թ․ սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ ցուցաբերած խիզախության համար, պարգևատրվեց «Արիության» մեդալով։

2017 թ․ զորացրվել է, անմիջապես աշխատանքի անցել «Զանգեզուրի  ՊՄԿ» ՓԲ ընկերությունում՝ անվտանգության աշխատակից, կրթությունը շարունակել է հեռակա ուսուցմամբ և ավարտել 2020 թվականին։ Հոր և եղբայրների հետ բազմաթիվ ծրագրեր էին կազմել․ տունը վերակառուցել, տնտեսությունը խոշորացնել և ամենակարևորը՝ ընտանիք կազմել։

Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Թշնամին սանձազերծեց նոր և արյունալի պատերազմ։ 2020 թ․ սեպտեմբերի 28-ին կամավորագրվեց և մեկնեց Արցախ։ Օրեր անց Արցախ է մեկնել նաև ավագ եղբայրը։

Արմենը ռազմաճակատի հարավում միացել է Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատին, որի հրամանատար Ռզգո Սարհանգյանը նախապես զգուշացրել էր կարգապահական բացառիկ պահանջների և ջոկատում ընդունված խիստ կարգապահության մասին։ Ի պատասխան Արմենն ասել է, որ հենց կարգապահությունն ու կազմակերպվածությունն են իրեն գրավել այդ ջոկատում։

Մի քանի օր ծառայելուց հետո տուն էր վերադարձել, վերցրել իրենց «Վիլիսը» և կրկին մեկնել ռազմաճակատ։ Ականատեսները պատմում են, որ նրան կարելի էր տեսնել ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Զարմանալիորեն հասցնում էր թե՛ վիրավորներին տեղափոխել, թե՛ սնունդ ու ջուր հասցնել, թե՛ ռազմամթերքով ապահովել զինակիցներին։

Ավաղ, հոկտեմբերի 13-ը աղետաբեր եղավ 24-ամյա երիտասարդի համար։ Թշնամու անօդաչու թռչող սարքի արձակած արկի բեկորը մահացու խոցեց նրան։ Արցախի պաշտպանության համար կյանքը չխնայած Արմեն Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայրենիքի պաշտպանը հուղարկավորվել է Քաջարանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում՝ նահատակ զինակիցների կողքին։

2026 թ․ սեպտեմբերի 25-ին նշվեց Արմեն Առաքելյանի ծննդյան 30-րդ տարեդարձը։ Նախ հարգանքի տուրք մատուցվեց Քաջարանի զոհված մարտիկների հուշահամալիրում։ Ապա արարողության մասնակիցներն այցելեցին նրա ծննդավայր Խաչինա գյուղը։ Նրա պատվին կառուցված մատուռի մոտ տեղադրվել է նահատակ մարտիկի բրոնզաձույլ արձանը (քանդակագործ՝ Ռաֆայել Առաքելյան)։

Քաջարանի համայնքի ղեկավարի օգնական Դավիթ Համբարձումյանը հիշատակի խոսք հնչեցրեց, նաև ներկայացրեց Արմեն Առաքելյանի մարտական ուղին։ Արձանի բացման պատիվը վերապահվեց Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանին և Արմեն Առաքելյանի եղբորը՝ Գուրգեն Առաքելյանին։

Քաջարանի երգիչ-երգչուհիները հանդես եկան հայրենասիրական երգերով։

․․․Հայրենիքի զինվորի համար հավերժի ճամփորդ դառնալուց հետո սկսվում է մի այլ՝ երկրային կյանք․նա ապրում է բոլորի հուշերում ու մտորումներում։ Հին ժամանակներում էին ասում՝ վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար․․․

 

Վահրամ Օրբելյան

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11