Մեղրիում կա ջրային ռեսուրսների կառավարման խնդիր. այդպես է կարծում համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը

11.09.2023 14:38
1146

Սեպտեմբերի 5-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Մեղրիում էր: Այցելության նպատակն էր ծանոթանալ ոռոգման համակարգի գործունեությանը՝ նկատի ունենալով հանգամանքը, որ օգոստոս-սեպտեմբերը ոռոգման ամենածանր շրջանն է՝ պայմանավորված նաև ջրի սակավությամբ:

Այդ օրը բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարածաշրջանի գյուղերում, այցելեցինք պոմպակայաններ ու այգիներ:

Հանդիպեցինք նաև Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանին: Նրա հետ մեր զրույցի թեման, բնականաբար, ոռոգման սեզոնին առնչվող հարցերի ամբողջությունն էր:

- Պարոն Զաքարյան, այսօր եղել ենք համայնքի մի շարք վայրերում, ծանոթացել ոռոգման համակարգի աշխատանքներին, զրույց ունեցել «Սյունիք» ՋՕ ընկերության պատասխանատուների հետ։

Հիմա կուզենայինք Ձեր գնահատականը լսել՝  Մեղրու տարածաշրջանում ոռոգման համակարգի ներկա վիճակի վերաբերյալ:

- Երբ 2021 թ. նոյեմբերի 15-ին ստանձնեցի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, սկսեցի ավելի խորն ուսումնասիրել ջրային ռեսուրսների կառավարման վիճակը մեր տարածաշրջանում: Ու տեսա, որ լուրջ խնդիրներ ունենք կառավարման ոլորտում: Մտահոգիչ էր նաև ջրավազանների վիճակը, որտեղ Արաքս գետից ջուր պետք է մղվի: Չկար մեկ ջրավազան, որ բերնեբերան լցված չլիներ տիղմով, որոշ ջրավազաններում նույնիսկ ծառեր էին աճել, 3-4 տարվա ծառեր էին: Չեմ չափազանցում, լուսանկարները կան: Դա նշանակում էր, որ նախորդ 2-3 տարում ջրավազանները չեն մաքրվել:

Պոմպերի 70-80 տոկոսն էլ չէր աշխատում, այգիները չորացման լուրջ սպառնալիքի առաջ էին կանգնած:

Առկա խնդիրների մասին տեղյակ պահեցինք ՋՕԸ-ի ղեկավարությանը:

2022 թվականին համայնքապետարանի և ՋՕԸ-ի համատեղ ուժերով կատարվեցին մաքրման աշխատանքներ:

Մեկ ուրիշ հարցի վրա եմ Ձեր ուշադրությունը հրավիրում. չորս ամիս առաջ Կարմիր խաչի միջոցով կարողացել ենք ձեռք բերել երկու նոր պոմպ: Եվ մինչև այսօր տեղադրվել է միայն մեկը, այն էլ՝ մեր ուժերով: Մենք տեղադրեցինք, միացումները կատարեցին ՋՕԸ-ի աշխատակիցները:

Մյուս պոմպն առայսօր պահեստում է և չի տեղադրվում: Երբ հարցնում ենք՝ ինչո՞ւ չեք տեղադրում, այնքա͂ն պատճառներ են բերում...

- Ո՞ր պոմպերի մասին է խոսքը:

- Նռնաձորում գտնվող՝ Կարմիր խաչի կողմից տրամադրված պոմպի մասին, որ ՋՕԸ-ի պահեստում է:

Այդ մասին բարձրաձայնել եմ նունիսկ վարչապետի՝ Մեղրի կատարած վերջին այցի ժամանակ, երբ մանկապարտեզի մոտ զրուցում էր մեղրեցիների հետ:

Վարչապետին բոլորը խաբում էին, թե պոմպը տեղադրված է և աշխատում է, իսկ համայնքի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին:

Ես առաջարկեցի՝ եթե տեղադրված է՝ բոլորիդ հրավիրում եմ տեսնելու, բայց դրական պատասխան չհաջորդեց:

Հիմա էլ Ձեզ եմ հրավիրում՝ գնանք ու տեսնենք՝ երկրորդ պոմպը տեղադրվա՞ծ է, թե՞ ոչ:

Թող պարզաբանեն՝ ինչո՞ւ չեն տեղադրում Կարմիր խաչի կողմից Նռնաձոր հասցված պոմպը, որը (օգտագործելու դեպքում) էապես կբարելավեր բնակչության սպասարկման մակարդակը:

Նմանատիպ ուրիշ հարցեր էլ կան, որոնց մասով վերջերս դիմել եմ Սյունիքի մարզպետին: Երեք օր առաջ ինձ են ուղարկել «Սյունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի պատասխանը, որում մասնավորապես գրված է. «Հայտնում եմ Ձեզ, որ Մեղրի համայնքի Նռնաձոր, Ալվանք, Շվանիձոր բնակավայրերում, Մեղրի և Ագարակ քաղաքներում ջրօգտագործողները չունեն ոռոգման խնդիր: «Նռնաձոր-2» պոմպակայանում տեղադրվել է նոր պոմպ, որը հին պոմպի հետ անխափան աշխատում է: Ինչ վերաբերում է պոմպերի և շարժիչների խափանմանը, ապա դրանց մաշվածության պատճառով առաջանում են խնդիրներ, որոնք (շնորհիվ «Սյունիք» ՋՕ ընկերության բարեխիղճ աշխատանքի) արագ կարգաբերվում են»:

- Դուք, ինչպես երևում է, կասկածի տակ եք առնում այդ պատասխանի հավաստիությունը:

- Իհարկե, պատասխանը չի համապատասխանում իրականությանը, կարող եք հարցնել քաղաքացիներից: Մտեք այգիներ և բազմաթիվ տեղերում խորը աշնան տպավորություն կստանաք՝ տերևաթափ, թառամած ծառեր և գետնին թափված միրգ:

Օգոստոսի 18-ին Արաքսաշեն թաղամասից՝ մոտ 50 հոգի, եկել էին Մեղրի, ջրի պատճառով  միջպետական ճանապարհն էին ուզում փակել: Խնդրել եմ, որ նման քայլի չդիմեն:

- Բայց, որքան տեղյակ ենք, Արաքսաշենի սպասարկումը «Սյունիք» ՋՕԸ-ի գործառույթների տիրույթում չէ:

- Մարդիկ ասում են՝ տվեք ջուր և մենք կվճարենք...

Լավ, Արաքսաշեն թաղամասը մի կողմ դնենք: Խոսենք «Շեբզավոդի» ձոր կոչվող տեղամասի մասին... Ո՞ւմ եք ուզում՝ զանգահարեմ և հարցնեմ՝ ջուր ստանո՞ւմ  եք, թե՞ ոչ: Թզի ծառը, որպես քիչ ջուր սիրող ծառ, տերևաթափ է եղել, խակ թուզը ծառի վրա չորանում է ու թափվում: Խնդրեմ, հենց հիմա կարող ենք գնալ Խճաքարի գործարանի տարածք, և ինքներդ կտեսնեք...

- Արդյո՞ք նման պատկերը պայմանավորված է սակավաջրությամբ, Արաքս գետի սակավաջրությամբ:

- Արաքս գետի վիճակով չէ պայմանավորված հիմնախնդիրը, գետում նորմալ ջուր կա: Իհարկե, լինում են օրեր, երբ Նախիջևանում ջրերի մի մասն ուղղում են իրենց ջրամբարներ...

- Ալեքսան Հովհաննիսյանը, օրինակ, ասաց՝ մեկ օրվա մեջ 35 սմ-ով իջել է Արաքսի ջրի մակարդակը:

- Չեմ բացառում, բայց իրենք պարտավոր էին ժամանակին ռիսկերը գնահատել և պատրաստ լինել՝ խողովակներն արագ իջեցնելու և հարմարեցնելու գետի մակարդակին: Իրենք մասնագետներ են և պետությունից աշխատավարձ են ստանում: Գյուղերի բնակիչներն էլ միշտ օգնում են նրանց, մենք նույնպես աջակցում ենք: Չկա հարց, որ ՋՕԸ-ի պատասխանատուները բարձրացնեն մեր առջև և մենք դրականորեն չարձագանքենք:

- Այսինքն՝ պատշաճ համագործակցություն  կա՞ համայնքապետարանի և «Սյունիք» ՋՕԸ-ի Մեղրու կառույցի միջև:

- ՋՕԸ-ի հետ մշտական կապի մեջ ենք...

Ոռոգման համակարգի արդյունավետ գործունեությունը մեզ համար կարևոր է մեկ այլ տեսակետից նույնպես: Ոռոգման ջրի կանոնավոր մատակարարմամբ է պայմանավորված քահրիզներից խմելու ջուր ստանալը Նռնաձորում, Ալվանքում, Շվանիձորում:

Երբ ՋՕԸ-ն իր աշխատանքները նորմալ կատարի՝ այդ գյուղերում կստանանք նաև նորմալ խմելու ջուր:

- Շվանիձորում հետաքրքիր հանդիպման մասնակից եղանք, գյուղացիները գնահատանքի խոսք էին հնչեցնում պոմպակայանի աշխատակից Մանվել Առաքելյանի հասցեին՝ նշելով, որ նրա խելամիտ գործունեության շնորհիվ գյուղում այս տարի վիճակն էականորեն բարելավվել է: Այդ օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ոռոգման գործի արդյունավետ կազմակերպումը նախևառաջ մարդկային-կադրային գործոնով է պայմանավորված:

- Այո, Շվանիձորում վիճակն այս տարի համեմատաբար լավ է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը հիմնովին լուծվել է:

Հենց ՋՕԸ-ի ոչ բավարար աշխատանքի հետևանքով է, որ Շվանիձորում խմելու ջրի խնդիրն այդպես սրվել է այս օրերին:

- Ոռոգման համակարգի ներքին ցանցում էլ խնդիրներ կան, որոնց հետևանքով ջրի մեծ կորուստներ ենք ունենում. այդ հանգամանքը գյուղացիները մեզ փոխանցեցին:

Ունե՞ք ծրագրեր ներքին ցանցի բարելավման ուղղությամբ:

- Մոտ 80-90 տոկոսով ներքին ցանցը գտնվում է նորմալ վիճակում: Մնացած մասում խնդիրներ ունենք, ընթացքում էլ հարցեր են առաջանում, և լուծում ենք ծագող հարցերը:

Դեռևս գարնանը մենք ասացինք՝ ի՞նչ օգնություն է պետք համայնքապետարանից, որպեսզի Նռնաձորում, օրինակ, որևէ խնդիր չլինի ոռոգման սեզոնի ընթացքում: Բարձրացված բոլոր հարցերին դրական ընթացք տվեցինք, բայց... ֆեյսբուքյան հարթակում մեկ լուսանկար տարածելով փորձում էին տպավորություն ստեղծել, թե գարնան նախապատրաստական աշխատանքները լավագույնս են կատարվել:

Իսկ Դուք՝ ինքներդ, փորձեք ճշտել՝ նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են կատարվել Մեղրու տարածաշրջանում այս տարեսկզբին: Փորձեք ճշտել՝ որքա՞ն գումար է հատկացվել Մեղրու  տարածաշրջանում գարնան  նախապատրաստական  աշխատանքների նպատակով և  կոնկրետ (հասցեական)  ի՞նչ հարցեր են լուծվել։

Մենք մեզանից կախվածն անում ենք, բնակիչն էլ իրենից կախվածն է անում, սակայն հիմնական բեռը ՋՕԸ-ի վրա է, որն էլ պետք է պատասխանատվությամբ կրի այդ բեռը:

- Փորձենք ընդհանրացնել մեր զրույցը. Մեղրիի բնակչության զգալի մասի հույսն այգիներից ստացվող եկամուտն է: Եվ ուրեմն՝ ի՞նչ անել, որ ոռոգման ջրի մատակարարումը խնդիրներ չառաջացնի:

- Ընդամենը հարկավոր է պատասխանատու վերաբերմունք գործի հանդեպ...

Երկու-երեք-չորս ամսով ՋՕԸ-ի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, ՋՕԸ-ի պատասխանատուներն էլ պատճառաբանում են՝ կառավարությունից գումարը չեն փոխանցել...

Պոմպավարն էլ ասում է՝ աշխատավարձ չեմ ստանում, չեմ աշխատում:

Մենք էլ ասում ենք՝ այգին չորանում է, պոմպակայանն աշխատեցրու, աշխատավարձ ամպայման կվճարեն: Եվ այսպես շարունակ...

- Տպավորություն ստացանք, որ Դուք այնքան էլ համաձայն չեք շրջանառվող տեսակետին, թե ջրի սակավությունն է ներկայիս  խնդիրների հիմնական պատճառը։

- Ճիշտ է, ջրի սակավություն կա, բայց այնպես չէ, որ ջուրը չի հերիքում: Ջուրը բավարարում է, թող ոչ ոք չասի՝ ջուրը չի հերիքում:

Մեղրիում ոչ թե ոռոգման ջրի պակասություն կա, այլ համակարգի կառավարման խնդիր:

Ամեն տարի՝ օգոստոս-սեպտեմբերին ասում են՝ Արաքսի ջուրը պակասել է, և ջուրը չենք կարողանում հասցնել պոմպակայաններին: Ու տարբեր առաջարկություններ են հնչում՝ ջուրը պոմպակայաններին մոտեցնելու համար, որոնք, մեծ հաշվով, լուրջ չեն:

Իսկ մենք առաջ ենք քաշել խնդրի լուծման առնվազն երկու տարբերակ, որոնց իրականացման դեպքում Արաքսի ջուրը մշտապես հասանելի կլինի պոմպակայաններին:

Նկատի ունեմ Արաքսի հունի ջրառատ տեղից՝ դահնայից մինչև պոմպակայան խողովակով ջուր հասցնելը (Շվանիձորի դեպքում՝ մոտ 400 մ հեռավորությունից), որով մշտապես ջուրը կհասնի պոմպակայան:

Նկատի ունեմ նաև Արաքսից՝ ոռոգման ինքնահոս համակարգին (Մեղրի-Ագարակ խաչմերուկի մերձակայքում) ջուր հասցնելը, որի դեպքում նույնպես խնդիրը լուծված կլինի:

Մինչև այն ժամանակ, երբ վերջապես կկառուցվի Լիճքի ջրամբարը...

- Պարոն Զաքարյան, կա՞ հարց, որին մեր զրույցի ընթացքում չանդրադարձանք՝ թեմային առնչվող, որի վերաբերյալ ասելիք ունեք:

- Բավականին նուրբ մի հարց. երբ ինչ-ինչ ակնհայտ հարցեր չեն լուծվում Մեղրիում, երբ նույնիսկ ոռոգման համակարգում կամ խմելու ջրի մատակարարման հարցում խնդիրները չեն լուծվում՝ ժողովրդի մոտ այլ խոսակցություններ են ծավալվում կամ այլ կարծիք է ձևավորվում Մեղրիում իրականացվող պետական քաղաքականության հանդեպ, կասկածներ են առաջանում Մեղրու վաղվա օրվա հետ կապված...

Իսկ մենք ասում ենք՝ Նռնաձորում սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ ենք կառուցում, ուրիշ ծրագրեր ենք իրականացնում...

Մի խոսքով՝ որևէ մեկը չպետք է իր գործունեությամբ կամ անգործությամբ բնակչության շրջանում մտահոգություններ առաջացնի կամ կասկածներ սերմանի...

 

Զրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

26.12.2024 18:51

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

26.12.2024 18:43

Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն

26.12.2024 18:29

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10

Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

26.12.2024 16:04

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

26.12.2024 14:50

ՌԴ-ում ավտոգազի ավելցուկ է․ գինը կիսով չափ էժանացել է

26.12.2024 14:39