Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի հողային աշխատանքներն ավարտական փուլում են

23.11.2022 10:49
4395

Գորիս-Կապան միջպետական (Մ-2) ճանապարհին այլընտրանք հանդիսացող Կապան-Տաթև-Շինուհայր ավտոճանապարհի ծանրաբեռնվածությունը թոթափող՝ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը նախատեսել էինք լուսաբանել շաբաթներ առաջ, բաց միայն հոկտեմբերի 25-ին հնարավորություն ունեցանք այցելել ճանապարհաշինարարներին: Նպատակ էինք դրել ծանոթանալ «ՎԻ ԵՄ ՎԻ քամփնի» ընկերության (տնօրեն՝ Վահան Խալոյան) ճանապարհաշինարարների գործունեությանը: Ընկերություն, որը 11 կմ երկարությամբ ճանապարհի հողաշինական աշխատանքներն է կատարում, որ սկսվել է 2021 թ. դեկտեմբերի 10-ին:

Ասֆալտապատ ճանապարհից թեքվեցինք դեպի աջ և առաջինը հանդիպեցինք «Ապառաժ» ՍՊ ընկերության շինարարներին, ովքեր ջրահեռացման աշխատանքներ են կատարում: Հակիրճ զրույցից հետո շարունակեցինք ճանապարհը…

«ՎԻ ԵՄ ՎԻ» ընկերության աշխղեկ Միրզաջան Բեգլարյանը, ում հանդիպում ենք «Հալդի քոնսալդ» ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Էրիկ Թումանյանի հետ, թեև երիտասարդ տարիքին՝ նոր մարդ չէ ճանապարհաշինության ոլորտում: Տասը տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, երեք տարի է՝ «ՎԻ ԵՄ ՎԻ» ընկերությունում է: Նախ տեղեկացնում է, որ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, անհրաժեշտ կադրերով, դժվարություններ եղել են եղանակի հետ կապված (հիշենք՝ այս տարվա մարտի կեսերին այս կողմերում տեղացած մոտ մեկ մետր բարձրությամբ ձյունը): Պատահել է՝ իրենց արած գործին ձնհալի ջրերը, անձրևաջրերը մեծ վնաս են հասցրել…

Ինչևէ, տղաների հետ զրուցելուց և որոշակի տեղեկություններ ստանալուց հետո ճանապարհաշինարարների «կենտրոնակայանից» շարժվում ենք դեպի շինարարության վերջնակետը, այնտեղ, որտեղ նոր բացված ճանապարհը (առայժմ հողածածկ) հատվում է Վերին Խոտանան-Տանձավեր ճանապարհի հետ:

Աշնանային երանգներով բռնկված բնությունը, արևոտ օրը նույնքան տրամադրող են, որքան ճանապարհաշինարարների կատարած գործը: Ընթանում ենք լայնահուն ճանապարհով: Ճանապարհին տրված բնորոշումը բնավ էլ հավուր պատշաճի ասված խոսք չէ, այլ միանգամայն համապատասխանում է իրականությանը:

Որոշ տարածություն անցնելուց հետո մետաղյա խողովակներ ենք տեսնում ճամփեզրին: Պարզվում է՝ այս ճանապարհի շինարարությունում երեք կազմակերպություն է աշխատում, բացի վերը նշած «Ապառաժից» այստեղ է նաև Աբովյանի գազամատակարարման ձեռնարկությունը, որն անց է կացնում ճանապարհը հատող գազախողովակները (երկու տեղում):

«Աշխատանքներն այնպես ենք կազմակերպել, որ մեկս մյուսին չխանգարենք»,- հավաստիացնում են մեր ուղեկիցները:

Ինչևէ, ոչ միայն ճանապարհն է հնարավորինս լայնացվել, այլև դրան հարակից լեռնալանջերը «քերվել» են, որ քարաթափության դեպքերը հասցվեն նվազագույնի: Հասնում ենք մի տեղանքի, որտեղ ճանապարհը քարաժայռի միջով է անցնում. դժվար չէ կռահել, որ պայթեցումների շնորհիվ է գործը գլուխ եկել:

«Տեղանքներ կան, որ ժայռային կարծր զանգվածների ենք հանդիպել, պայթեցումներով ենք առաջ գնացել: Ճանապարհի սկզբնամասից՝ յոթերորդ կիլոմետրի հատվածում մոտ 17-18 մետր իջել ենք, հետո լիցք պիտի կատարենք: Իսկ այնտեղ, որտեղ կարող է պայթեցումը թուլացնել ժայռը՝ հետագայում քարաթափության պատճառ դառնալով, օգնության է եկել հիդրավլիկ մուրճը: Դրանով է ճանապարհի ժայռոտ կողը տեսքի բերվել»,- մանրամասնում է աշխղեկը:

Այս համատեքստում մեր զրուցակիցը գնահատանքի խոսք է ուղղում աշխատանքային տեխնիկան սպասարկողներին. «Եթե ոչ ամեն օր, ապա օրումեջ փչանում էր հիդրավլիկ մուրճը, բայց սպասարկողները չեն թողել, որ տեխնիկան մի ժամից ավելի կանգնի»:  

Տեղեկանում ենք այլ մանրամասների. Վերին Խոտանան-Տանձավեր ներկայիս գործող ճանապարհի ոլորաններն ավելի շատ են, քան այս կառուցվողինը: Բացի այդ՝ անտառային հատվածներ կան, որոնք ձմռանը խնդիրներ են ստեղծում երթևեկության համար: Գործող ճանապարհը ձգվում է բարձրադիր գոտիով, որտեղ մառախլապատ եղանակն ավելի հավանական է…

Իսկ կառուցվող ճանապարհը ձգվում է ծովի մակարդակից 1200-1500 մետր բարձրությամբ, ուստի ճանապարհի սառցակալումն ու մառախուղը նվազ հավանական են: Համեմատության համար նշենք, որ ներկայումս կառուցվող Տաթև-Լծեն ճանապարհի՝ ծովի մակարդակից ամենաբարձր կետը 2150 մետր է:

Էրիկը հսկում է աշխատանքների ընթացքը, դրանց որակը, որ ամեն ինչ կատարվի ըստ նախագծի և սահմանված նորմերի, թե որ «պիկետաժում» ճանապարհը որքան պիտի իջնի, որքան բարձրանա: Հընթացս հետաքրքրվում ենք, թե որպես մասնագետ, ի՞նչ գնահատական կտա արվածին:

«Գնահատականը վերադասը կտա,- պատասխանում է, - գերազանց չեմ ասի, լավ»:

Զրուցակիցս նաև այլ մանրամասներ է հաղորդում. նոր կառուցվող ճանապարհը նախորդից կարճ է լինելու 700 մետրով, երթևեկելու համար ավելի կարճ ու հարմար և ամենակարևորը՝ ոլորաններն ու շրջադարձերն ավելի քիչ են: Հիշենք, թե միայն Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ գտնվող շրջադարձն ինչ խնդիրներ է ստեղծում վարորդների համար, երբեմն-երբեմն կաթվածահար անում միջպետական համարվող ճանապարհով երթևեկելը: Բացի այդ՝ հսկա բեռնատարների աղմուկն անհարմարություններ է ստեղծում Վերին Խոտանանի բնակիչների առօրյայում, խախտում նրանց անդորրը:

Այնուհետև՝ կառուցվող ճանապարհի ամենամեծ թեքությունն ինը տոկոս է, ինչը միանգամայն տեղավորվում է ճանապարհաշինական նորմերի մեջ: Եվ դեռ ասֆալտապատումից հետո նշված թիվը կարող է մեկ տոկոսով իջնել: Այլևս չխոսելով այն մասին, որ նորակառույց ճանապարհը ձգվում է գեղատեսիլ տեղանքով և առանձին մի հաճույք է այդտեղով երթևեկելը:

Մնում է հուսանք, որ «ՎԻ ԵՄ ՎԻ» ընկերությունը շրջանցիկ ճանապարհին կատարվող աշխատանքներն ավարտին կհասցնի դեկտեմբերի սկզբին:

Եվ մի պատմական անդրադարձ. 1992-94 թթ. Արցախյան առաջին պատերազմի օրերին Գորիս-Կապան միջպետական (Մ-2) ճանապարհը հակառակորդը շրջափակել էր, և Կապան-Տաթև- Շինուհայր խճուղին դարձել էր յուրօրինակ «Կյանքի ճանապարհ»:

Ցավալի է, որ պատմությունը կրկնվում է՝ մեզ համար տխուր վերջաբանով...

 Վահրամ Օրբելյան

Մենք պետք է վերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր, որ այստեղ լինեն հարյուրավոր նոր աշխատատեղեր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

29.01.2026 22:27

ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Օրբելյան (Տեսանյութ)

29.01.2026 21:13

300,000 նոր աշխատատեղերը շատ մեծ խնդիրների լուծում են տալու․ մարդիկ ստիպված չեն լքելու իրենց հայրենիքը․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

29.01.2026 20:49

ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

29.01.2026 17:49

Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները

29.01.2026 17:36

Ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին. Փաշինյան

29.01.2026 17:33

Ռուսաստանից դրական ազդակներ կան. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին

29.01.2026 17:30

ՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց ինչպիսինն է լինելու՝ կամ առանց Սյունիք, կամ առանց Հայ առաքելական եկեղեցի. Ռոբերտ Քոչարյան

29.01.2026 15:22

Քաջարանի Մշակույթի պալատում կայացավ հիշարժան միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին

29.01.2026 15:12

«ՏԱՇԻՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 90-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

29.01.2026 12:48

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին հայկական իշխանությունների միջամտությամբ

29.01.2026 12:27

ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. երկրորդ նախագահ

29.01.2026 12:21