Վերջին հեռախոսազրույցս Աղասի Հակոբջանյանի հետ

26.07.2021 10:27
7852

Մեկ տարի առաջ այս օրը՝ հուլիսի 26-ին, որեւէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Աղասի Հակոբջանյանը ժամեր անց հրաժեշտ է տալու երկրային կյանքին…

Ընդհակառակը՝ հուսադրող տեղեկություններ էինք ստանում, որ կորոնավիրուսի դեմ ավելի քան մեկ ամիս բուժումներ ստացող Աղասի Հակոբջանյանը հաղթահարել է դժվարությունները եւ ուր որ է դուրս կգա հիվանդանոցից ու կվերադառնա բնականոն կյանքին:

Սակայն տեղի ունեցավ անսպասելին… Հուլիսի 27-ի օրվա վերջին մեզ հասավ բոթը՝ մահացել է Աղասի Հակոբջանյանը…

Ճակատագրի կամոք նրան հուղարկավորեցինք առանց դեմքը բացելու. ըստ էության այդպես էր Covid-ով մահացածներին հուղարկավորելու պարտադիր կարգը:

Որքան էլ անսովոր ու ցավագին էր այդ արարողակարգը, բայց եւ, կարծեք, մեկ ուրիշ խորհուրդ կար դրանում. մինչեւ այսօր թվում է, թե Աղասի Հակոբջանյանը ողջ է եւ շատ շուտով վերադառնալու է ժամանակավոր բացակայությունից…

Ավա՜ղ, այդ ամենը երազ է: Բայց երազը հյուսվեց նաեւ ողջամիտ մտածումների արդյունքում. նա դեռ այնքա՜ն ասելիք ու անելիք ուներ, այնքա՜ն ծրագրեր ու կիսատ թողած գործեր , որ, թվում է, չէր կարող թողնել ու ընդմիշտ հեռանալ…

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ մեր կապը չընդհատվեց. պարբերաբար ինքս էի զանգահարում կամ ինքն էր զանգահարում, հիվանդատեսություն չէր թույլատրվում:

Վերջին անգամ ինքը զանգահարեց. հուլիսի 17-ն էր… Շատ ուրախացա՝ հերթական անգամ լսելով նրա ձայնը, որն իր մեջ յուրօրինակ առույգություն էր պարունակում: Առավել ուրախացա եւ նույնիսկ հիացա, երբ իմացա հերթական հեռախոսազանգի առիթը, որ հայտնեց ողջունելուց եւ իր որպիսության մասին հուսավետ տեղեկություններ հաղորդելուց հետո:

- Այսօր մեր նահապետի՝ Համո Սահյանի մահվան օրն է, ինքս չեմ կարող որեւէ բան ձեռնարկել, տեսեք՝ ինչ կարող եք անել բանաստեղծի հիշատակի օրվան նվիրված…

Իմ պատասխանը միանշանակ էր՝ «Աղասի Մամիկոնի, Դուք մի անհանգստացեք, Ձեր առողջությանը հետեւեք, մենք անպայման պատշաճորեն կնշենք Համո Սահյանի հիշատակի օրը…»:

- Պատկերացնո՞ւմ եք, առավոտվանից նրան եմ հիշում, նրա գործերից եմ մտաբերում, հատկապես հիշում եմ «Տարիներս» սքանչելի բանաստեղծությունը, - շարունակեց Մամիկոնիչը:

Ես ընդհատեցի նրան եւ փորձեցի յուրովի կարեւորել այդ բանաստեղծությունը՝ բարձրաձայն հիշելով ստեղծագործության առաջին քառատողը.

Տարինե՜րս, տարինե՜րս,

Ուր մնացին տարիներս,

Կանաչ-կարմիր,

Սեւ-սպիտակ տարիներս,

Իմ սառն ու տաք,

Ծուռ ու շիտակ

Տարինե՜րս, տարինե՜րս…

Հակոբջանյանի տրամադրությունը բարձրացավ, բայց ես համարձակվեցի կատակել. «Անշուշտ, լավ գործ է, սակայն մենք դեռ մեր ապրած տարիներն ամփոփելու խնդիր չունենք, վաղաժամ է այդ մասին մտածել…»:

- Համո Սահյանի 100-ամյակի առիթով Սիսիանում կազմակերպված միջոցառումները տեսանկարահանել ենք, գտեք այդ նյութերը եւ օգտագործեք, - մեր զրույցն այսպես ավարտեց Աղասի Հակոբջանյանը:

Ով կմտածեր, թե սա մեր վերջին զրույցն է…

Հետո, երբ ինքս ինձ հետ զրուցում էի, երիցս հանգեցի մտքին, որ այդ հեռախոսազրույցն էլ պատահական չի եղել: Հիշեցի, որ նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ Սիսիանի նշանավոր զավակների նկատմամբ, որ նա մեր երկրամասի հոգեւոր-մշակութային կյանքի հանդեպ, կարծեք, պարտավորվածություն ուներ ի վերուստ: Եվ ուզում էր այդ ամենը ոչ միայն պահել-պահպանել, այլեւ հարստացնել…

Համո Սահյանի հոբելյանը կազմակերպեց ե՛ւ Սիսիանում, ե՛ւ մայրաքաղաքում, նրա անունով կոչեց Սիսիանի մշակույթի կենտրոնը:

Մեծարվեց Սիսիանի մեծանուն զավակ, համաշխարհային համբավ ունեցող Նիկողայոս Ադոնցը, ում գիտական ժառանգությունը նորովի ամփոփվեց Սիսիանում կազմակերպված հայագիտական հավաքում:

Նրա ջանքերով Սիսիանը հանրապետությունում ճանաչվեց սպորտի եւ երիտասարդության առաջին մայրաքաղաք:

Նրա նախաձեռնությամբ էր, որ Սիսիանը յոթ տարի շարունակ՝ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 12-ին,  դարձավ սպորտային եւ մշակութային տոնախմբությունների վայր, որտեղ օջախի կանչով հավաքվում էին աշխարհի տարբեր ծագերում ապրող սիսիանցիները:

Եվ, այդուհանդերձ, մշակութային ոլորտում արած-դրածը նրան շատ քիչ էր թվում ու նոր ծրագրեր էր կազմում նաեւ մեր պարբերականի հետ՝ Սիսիանի տարածաշրջանին առնչվող թեմաներով:

Մշակույթի եւ ազգային արժեքների հանդեպ հոգածությունը տեղական հայրենասիրության դրսեւորում չէր սոսկ: Դա նրա հավատամքն էր առ այն, որ ազգի ու երկրի հզորության հիմքը հոգեւոր-մշակութային արժեքներն են, որ ազգի ու երկրի պարտությունը (Աստված մի արասցե) կարող է սկսել հենց այդ արժեքներից նահանջելու դեպքում:

Նաեւ այդ աշխարհայեցությամբ էր բացատրվում նրա անսահման ներողամտությունը, անչար, ոչ քինախնդիր պահվածքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր իր ճանապարհին ժամանակ առ ժամանակ եւ հանիրավի որոգայթներ էին հյուսում:

Նման արժեքներ դավանող մարդը կարող էր այդչափ նվիրված լինել իր համաքաղաքացիներին, ընկերներին: Մարդու այդ տեսակը կարող էր ընկերոջ ե՛ւ ուրախությունը, ե՛ւ ցավն իրենը համարել:

Անշուշտ, երբեւէ կփորձենք նրա հոգեւոր-մշակութային մտահղացումները կյանքի կոչել…

Կփորձենք նաեւ (երկրում կայուն եւ հարատեւ խաղաղություն հաստատվելու դեպքում)           «Սյունյաց երկրի» հատուկ համարներից մեկը նվիրել նրան, որը յուրօրինակ հուշարձան կլինի Աղասի Հակոբջանյան մարդուն, պետական ու հասարակական-քաղաքական գործչին:

Իսկ հիմա… Հիմա պիտի կրկնեմ այն, ինչ ասել եմ մեկ տարի առաջ, քանզի ժամանակը (որքան էլ զորավոր սպեղանի է) դեռ չի հասցրել փոքր-ինչ անգամ ամոքել Աղասի Հակոբջանյանի վաղաժամ կորստյան ցավը:

Ուստի եւ՝ երիցս ցավակացում եմ որդեկորույս Եվգենյա մայրիկին:

Ցավակցում եմ Աղասի Հակոբջանյանի ընտանիքին ու ամբողջ գերդաստանին, հատկապես տիկին Կարինեին, եղբայր Բենիկ Հակոբջանյանին, որդի Մամիկոնին եւ դուստրերին:

Հրաշալի մարդու եւ ընկերոջ՝ Արմեն Զաքարյանի միջոցով պարբերաբար տեղեկանում էի Հակոբջանյանի գերեզմանավայրում կատարվող աշխատանքների մասին…

Աղասի Հակոբջանյանին պատշաճող հուշաքար է կանգնեցվել, որի առջեւ վաղը՝ տարելիցին, կխոնարհվենք:

Բայց նրա հիշատակի հավերժությունը չափվելու է նախեւառաջ իր իսկ փառահեղ ու պատվելի օջախի կենսունակությամբ, իր իսկ զավակների տոկունությամբ, մեկ տարի առաջ սկիզբ առած սուգը եւ տրտմությունը հաղթահարելու պատրաստակամությամբ եւ Աղասի Մամիկոնիչի կիսատ թողած գործերն ու երազանքներն իրագործելու վճռականությամբ:

Լույս իջնի շիրիմիդ, Սիսիական տան արժանավոր զավակ, մեր ընկերության պսակ Աղասի Մամիկոնիչ:

 

Սամվել Ալեքսանյան

26.07.2021 թ.

 

Մենք պետք է վերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր, որ այստեղ լինեն հարյուրավոր նոր աշխատատեղեր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

29.01.2026 22:27

ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Օրբելյան (Տեսանյութ)

29.01.2026 21:13

300,000 նոր աշխատատեղերը շատ մեծ խնդիրների լուծում են տալու․ մարդիկ ստիպված չեն լքելու իրենց հայրենիքը․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

29.01.2026 20:49

ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

29.01.2026 17:49

Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները

29.01.2026 17:36

Ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին. Փաշինյան

29.01.2026 17:33

Ռուսաստանից դրական ազդակներ կան. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին

29.01.2026 17:30

ՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց ինչպիսինն է լինելու՝ կամ առանց Սյունիք, կամ առանց Հայ առաքելական եկեղեցի. Ռոբերտ Քոչարյան

29.01.2026 15:22

Քաջարանի Մշակույթի պալատում կայացավ հիշարժան միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին

29.01.2026 15:12

«ՏԱՇԻՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 90-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

29.01.2026 12:48

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին հայկական իշխանությունների միջամտությամբ

29.01.2026 12:27

ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. երկրորդ նախագահ

29.01.2026 12:21