ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Մենք միայն մեզ կարող ենք վստահել և Աստծուն՝ մեր անդավաճան դաշնակցին...»

04.01.2022 20:58
2530

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ.

-Սրբազան, սկզբից կուզենայինք իմանալ, թե քրիստոնեական ի՞նչ սրբավայրեր մնացին Շուշիի տարածքում:

– Նախ ասեմ, որ Շուշին 1992  թ. ազատագրումից հետո դարձավ Արցախի թեմի առաջնորդարան, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էլ դարձավ առաջնորդանիստ, քանզի Ստեփանակերտի եկեղեցին դեռևս կառուցված չէր:

Դեռ խորհրդային տարիներից Վոլոդյա Բաբայան ճարտարապետը պարտավորվեց իրականացնել բոլոր վերանորոգչական աշխատանքները: Շուշիի ազատագրումից և Արցախյան շարժումից հետո արդեն Արցախի թեմը հանձն առավ այդ շինարարական աշխատանքներն իր վրա վերցնել ու արագ ավարտին հասցրեց, և Ղազանչեցոցը վերաօծվեց, վերաբացվեց: Դրան զուգահեռ՝ ունենք Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ ժողովուրդը Կանաչ ժամ է անվանում, դա ևս վերադարձվեց իր նախկին կարգավիճակին:

Եկեղեցին առողջարան էին դարձրել, լողավազաններ կային՝ տաք և սառը հանքային ջրեր էին քաշել այդտեղ, մարդիկ լոգանք էին ընդունում:

Երբ ազատագրեցինք Շուշին, շտապեցինք այդտեղ: Սուրբ սեղանը դարձրել էին ջրավազան, իսկ ավանդատան ներքին մասում կաթսաներ էին դրված: Անշուշտ, ամբողջը քանդվեց, վերանորոգեցինք, հրաշք եկեղեցի դարձավ: Դրան գումարած՝ առաջնորդարանը, որտեղ սրբազանն էր նստում:

...Ամբողջ արխիվը, մեր ունեցվածքը, սրբությունները մնացին Շուշիում: Ոչ մի բան այնտեղից չենք կարողացել հանել: Եվ 30 տարվա ամբողջ արխիվային փաստաթղթերը, սրբություններ, համակարգիչներ մնացին այնտեղ՝ ողջ հարստությունը: Մենք Շուշիից ոչ մի բան չկարողացանք հանել: Անշուշտ, նյութականը՝ նյութական, հոգևորն է, որ արժեքավոր է մեզ համար, շատ կարևոր: Ինչպես ասում են՝ թղթի վրա նորից կգրենք, կարձանագրենք, բայց սրբությունները շների բերանը մնացին, դա է մեզ համար շատ ահավոր և ցավալի:

Եվ շատ դաժան ճակատագիր բաժին հասավ այդ երկու տաճարին. Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը երկու անգամ հրթիռակոծվեց, իսկ Կանաչ ժամի երկու գմբեթը պայթեցվեց: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկուսն էլ հիմա վերանորոգում են՝ ըստ իրենց ճարտարապետական հայեցողության: Հետագան ի՞նչ կլինի, մենք չգիտենք: Անշուշտ, վստահաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանը կրկնում է նույն ձեռագիրը, ինչ թուրքերն են արել, ովքեր ուղղափառ եկեղեցիները վեր են ածել՝ սկզբից թանգարանի, հետո՝ կամաց-կամաց, իրենց նամազաներն են այնտեղ անում: Հուսով եմ, որ այդ պատկերը չպիտի լինի, գոնե Ղազանչեցոցը կլինի որպես թանգարան կամ հնարավորություն կտան գոնե ամիսը մեկ անգամ այնտեղ այցելել, հոգևոր բարեպաշտական արարողություններ կատարել: Մենք այդպես ենք մտածում, բայց իրականությունն այլ բան է հուշում:

– Իսկ Շուշիում այլ սրբավայրեր չունեի՞նք:

– Շուշիում այլ եկեղեցիներ են եղել խորհրդային տարիներին: Օրինակ, ռուսական ուղղափառ եկեղեցին, քրիստոնեական այլ կառույցներ, բայց պայթեցրել, հողին են հավասարեցրել: Միայն վերը նշված երկու եկեղեցին էին կանգուն ու գործող...

– Հնարավո՞ր է, որ Ադրբեջանի հոգևոր իշխանությունների հետ կապ ունենաք և որոշ խնդիրներ հարթեք:

– Մենք վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում՝ եռակողմ հանդիպման շրջանակում, մասնակցությամբ՝ Վեհափառ հայրապետի, ադրբեջանական շեյխի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի: Ես ներկա եմ եղել հանդիպմանը: Բազում հարցեր են քննարկվել եկեղեցիների, գերիների, այլ ոլորտների վերաբերյալ: Մեր բարձրացրած հարցերն իրենց համար պարունակում էին տարօրինակություններ, այն է՝ իրենց մոտ ռազմագերի չկա, այդ գերիները պատերազմից հետո հայտնվել են՝ որպես դիվերսանտներ և այլն: Դա շեյխի պատասխանն էր:

Եկեղեցու վերանորոգման մասին նշեցինք: Ասում են՝ մենք պետք է վերանորոգենք՝ ըստ մեր պատկերացրածի և ձեռքի տակ ունեցած նկարների: Վեհափառն ասում էր, թե եկեղեցու վերանորոգման դեպքում տրամաբանական է, որ պետք է լինի հայ ճարտարապետ, ով մասնակից կլինի գործընթացին և ուղղություն կտա: Իրենք քաղաքավարի մերժեցին, թե մենք ամեն ինչ գիտենք՝ ինչն ինչպես անել:

Մեր կողմից այլ հարցեր էլ բարձրացվեցին, բայց լիարժեք պատասխանի կամ կառուցողական մոտեցման իրենք պատրաստ չէին:

– Եվ ոչ մի լուծո՞ւմ բարձրացված հարցերին, մտահոգություններին:

– Լուծում չի լինում: Մենք հարց լուծող չենք: Մենք հարցը բարձրացնում ենք: Եկեղեցին չի կարող գերիների հարց լուծել...

Եկեղեցին հարցը բարձրացնում է համապատասխան մակարդակի: Եվ որպես բողոքի նոտա է ներկայացնում:

– 2021-ի նոյեմբերի 9-ից հետո որքա՞ն սրբավայրեր անցան թշնամու տիրապետության ներքո:

– 1500 սրբավայր, եթե ոչ ավելի: Որովհետև պատմական Արցախում (նկատի ունեմ նաև Դաշտային Արցախը, Քաշաթաղի և Քարվաճառի տարածաշրջանները) խաչքարեր, սրբատեղիներ՝ որքան ասեք: Գիտեք, որ հայերն իրենց գերեզմանների վրա խաչքարեր են տեղադրում, որոնք, բացի գերեզմանաքար լինելուց, տարիների, տասնամյակների, դարերի ընթացքում մշակութային նշանակություն են ձեռք բերում:

– Եվ այդ ամենի մեջ Դադիվանքի պատմությունը, ասես, բացառիկ է:

– Դադիվանքի վերաբերյալ ասեմ՝ եթե քաղաքական դաշտում մտածեին ու գործեին, ինչպես կաթողիկոսն է մտածում, Արցախն այսօր այս վիճակում չէր լինի: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն իմաստուն գործեց, անհնարինը հնարավոր դարձրեց զուտ մարդկային փոխհարաբերությունների և իր հետևողական աշխատանքի շնորհիվ: Հետևեց, բարձրաձայնեց, որ Դադիվանքը ոչ միայն հայ քրիստոնեական, մշակութային արժեք է, այլև համաքրիստոնեական, ու զորքը կանգնեց այդտեղ, և հիմա ունենք այն, ինչ ունենք: Հետագան, չգիտենք՝ ինչպես կլինի, բայց որ մեկ տարի է՝ Դադիվանքը պահում ենք, դա ուշագրավ փաստ է: Մեր հոգևորականներն այնտեղ են գիշեր-ցերեկ, աղոթում են...

– Մամուլից տեղեկացանք, որ ուդիներ են հայտնվել Դադիվանքում:

– Ուդիները գալիս-գնում են, դա իրենց պայքարն է, ուզում են դա էլ իրենցով անել: Բայց դա չէ էականը, կարևորն այն է, որ կաթողիկոսը կարողացավ պահել այդ տաճարը, և դա պահում ենք: Կրկնում եմ՝ եթե նույն տրամաբանությամբ աշխատեին զինվորական հրամանատարները և քաղաքական գործիչները, մենք չէինք կորցնի ո՛չ Հադրութը, ո՛չ Շուշին, ոչ մի բան չէինք կորցնի:

– Փաստորեն սխրանքի նման մի բան է, որ եկեղեցականները Դադիվանքում հոգևոր ծառայություն են մատուցում:

– Սխրանք, թե իրենց պարտականությունների կատարում ասեմ... Երբ ուդիներն ադրբեջանցիների հետ առաջին անգամ եկան Դադիվանք, հետո լրագրողներ եկան, բոլորին դիմավորեցի այստեղ, ներկայացրի իրականությունը, բացատրեցի խնդրի էությունը: Իրենք հարցին մոտենում էին այն հայեցակետով, թե դա իրենց տարածաշրջանն է, իրենք են որոշողը: Ադրբեջանական կողմին ասացի՝ հիմա դուք շատ լավ փոխհարաբերություններ ունեք Իսրայելի հետ, գնացեք և տեսեք, թե Իսրայելում որքան գործող եկեղեցիներ կան՝ և՛ հայկական, և՛ ռուսական, և՛ մզկիթներ, և յուրաքանչյուրը գործում է իր օրենքներով, ապրում վանական իր կյանքով: Եվ պետությունը տեղի-անտեղի չի կարող մտնել այդ վանքի տարածք ու պարտադրել՝ այս կամ այն հարցն այսպես լուծել, որովհետև կա հաստատված օրենք: Դա չի նշանակում՝ քո հողն է, երբ ուզես՝ գաս դուռը ջարդես, մտնես, վախեցնես: Այդպիսի բան գոյություն չի կարող ունենալ... Ասածներս որոշակի տպավորություն թողեցին նրանց վրա: Նույնն ասացի Թուրքիայի առնչությամբ՝ ունենք պատրիարք, պատրիարքարան, հայկական եկեղեցի: Անշուշտ, գործում է պետության օրենքը, բայց այդ օրենքի շրջանակում գործում է եկեղեցական օրենքը, իսկ այդ օրենքի համաձայն՝ իրավունք չունես մտնել վանքի տարածք: Ես իրենց հետ խոսում էի փաստերով այնպես, որ՝ իրենք շատ հարցերում չեն կարող միանգամից ասել՝ մենք փակում ենք, մենք թույլ չենք տալիս... Հիմա ոտնձգություններ են անում՝ ուդիներին մեջտեղ բերելով, իբր նոր եկեղեցի ձևավորելով: Փորձեր են անում, բայց բոլոր փորձերն ի չիք պիտի դառնան, երբ որ ազգը միասնական լինի, ազգն առաջնորդվի մի լուրջ գաղափարախոսությամբ, և այդ գաղափարախոսությունը բոլորը կրեն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ ուսադիրներից և այն բանից, թե ինչ աթոռի վրա է նստած, ինչ օծում ունի: Բոլորը մի գաղափարի կրողը պիտի լինեն: Եվ այդ գաղափարը հայապահպանության գաղափարն է: Ինչպես պիտի դա իրականացնենք: Մտածելու բան է...

– Իսկ հնարավո՞ր է շաբաթը մեկ այցելել Դադիվանք:

– Նախկինում՝ մինչև մայիս, ուխտավորներ գնում էին, հետո դադարեցվեց՝ պատճառաբանեցին, թե համավարակ է, Թարթառ գետն է վարարել, սողանքներ կան, ճանապարհը փլուզվել է... Հետո էլ ասացին՝ քաղաքական հարց է՝ չենք թողնում և վերջ, հարց ունե՞ք՝ դիմեք Ադրբեջանի նախագահին: Ահա այսպես՝ կարճ ու կոնկրետ: Եվ մինչև հիմա չենք կարողանում ուխտավորներ տանել Դադիվանք...

– Իսկ մեր սպասավորների ելումուտն ինչպե՞ս է:

– Սպասավորների խնդիրը փոքր-ինչ այլ է, որովհետև նրանք այնտեղ ծառայում են: Եթե, Աստված մի արասցե, ունենան առողջական խնդիրներ կամ անհետաձգելի գործեր, կենցաղային հարցեր, մենք կարողանում ենք իրենց ժամանակ տրամադրել, իրենց անձնական հարցերով զբաղվել...

– Դա արվում է ռուս խաղաղապահների օգնությա՞մբ:

– Ռուս խաղաղապահները վանքի պարսպի ներսի տարածքում են...

– Սրբազան, Դուք, որպես Արցախ աշխարհի հոգևոր պետ, ինչպե՞ս եք գնահատում արցախյան հասարակության տրամադրությունը և արդյո՞ք Ձեզ հաջողվում է մարդկանց մեջ հույս ներարկել վաղվա օրվա հանդեպ:

– Երբ Վեհափառ հայրապետի օրհնությամբ ու կոնդակով նշանակվեցի Արցախի թեմի առաջնորդ, առաջին իսկ խոսքը, որ արտաբերեցի քահանայաց ժողովի ժամանակ, հետևյալն էր՝ մեկ տարվա մեր բնաբանը պիտի լինի՝ հույսը երբեք չի ամաչեցնում: Հույսն՝ առ Աստված: Եվ բոլոր մեր քարոզներում, բոլոր մեր խոսքերում՝ հանդիպումների ժամանակ, այդ հույսը պիտի ներարկենք մեր ժողովրդին: Դա եկեղեցու դիրքորոշումն ու քայլն է, այդ հույսով պիտի ապրենք ու այս երկրում մեզ չպիտի ամաչեցնենք: Անշուշտ, մեր հոգևորականները սակավաթիվ են, բայց մենք ծխերի ենք բաժանել՝ յուրաքանչյուր քահանայի բաժին է ընկնում յոթից տասը ծուխ, որ այդ ծխին պատասխանատու լինի:

Բայց Արցախի ժողովրդի հոգեբանության վրա շատ ավելի բացասական են անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող երևույթները... Եվ ամեն մի բացասական հանգամանք, ամեն մի բացասական եղելություն, քաղաքական դաշտում տեղի ունեցող ամեն մի վրիպում՝ հետևանք է ունենում Արցախում: Միանշանակ, այդ ազդակները շատ վտանգավոր են: Մեր չարչարանքը ջուրն է լցվում...

Որովհետև մարդկանց շրջանում սպասողական վիճակ է՝ ի՞նչ է լինելու վաղը: Որքան էլ մենք բացատրենք, թե վաղվա օրվա մասին մի մտահոգվեք, Աստված այնտեղ է, բայց միևնույն ժամանակ մարդ ուզում է շոշափի, տեսնի՝ հրաշք տեղի կունենա՞, թե՞ ավելի վատթար վիճակի կհասնի: Եվ այս ամենն ազդում է մարդու հոգեբանության վրա, քանի որ, նախևառաջ, նա մտածում է իր երեխայի ապագայի մասին: Եթե երեխայիդ ապագան անորոշ է, լույս չկա թունելի վերջում, ի՞նչ պիտի անես: Ինչքան էլ դու ասես՝ նյութականդ եմ ավելացնելու, կենցաղային պայմաններդ եմ բարելավելու, բայց բարոյականը չկա, անվտանգայինը չկա՝ հոգևոր անվտանգությունը, քաղաքական անվտանգությունը... Պատմությունը ցույց տվեց, չէ՞, 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով մենք միացանք Ռուսաստանին, 1921թ. նույն այդ ռուսը մեզ հանձնեց թուրքին: Վատ նախադեպը մեր աչքի առաջ է, հիմա՝ ի՞նչ պիտի լինի տասնամյակներ հետո: Եվ եթե նախադեպը չլիներ, գուցե վտանգի զգացողություն չունենայինք: Մենք միայն մեզ կարող ենք վստահել և Աստծուն՝ մեր անդավաճան դաշնակցին:

– Սրբազան, տեղափոխվենք դավանաբանության տիրույթ, ովքե՞ր են ի վերջո ուդիները:

– Մեսրոպ Մաշտոցը, երբ Ամարասում առաջին անգամ դպրոց բացեց՝ գիր ու գրականություն ստեղծեց վրացիների ու Աղվանքի համար: Աղվանական երեսուն և ավելի ցեղերի մեջ կային ուդիներ, ովքեր մասնատվեցին՝ կեսը դարձավ Հայ առաքելական եկեղեցու զավակ, կեսը՝ ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ, մի մասն էլ իսլամ ընդունեց: Այսօր Ադրբեջանն օգտագործում է ուդիներին, որպեսզի ձևավորի պատմական Աղվանքի եկեղեցու հետևորդ, ժառանգորդ, ինչը մեծագույն խեղկատակություն է, քանզի ժառանգորդն Արցախի թեմն է...

– Սրբազան, հավատո՞ւմ եք Շուշիի վաղվա օրվան:

– Ես ներքուստ խաղաղ եմ և վստահ՝ այն, որ մարդուն չի դավաճանում՝ դա նրա ներքին ձայնն է, լսենք մեր ներքին ձայնին և ներքին ձայնով ընդունենք մեր որոշումները, և ոչ թե փիլիսոփայենք ու անիրական որոշումներ կայացնենք: Մասնատված հայը, լիարժեք հայ չէ...

– Իսկ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներից չի՞ հնչել որևէ դիրքորոշում, բողոք այս ամենի հանդեպ, չէ՞ որ, փաստորեն, գրոհ է սկսված քրիստոնեական աշխարհի հանդեպ, քրիստոնեական արժեքների դեմ:

– Այդ կռիվը նոր չէ սկսվում, հիշենք Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացումը: Ինչպե՞ս արձագանքեցին՝ «Ցավում ենք, ափսոսում ենք», այդքանը: Հույսդ դնես ուրիշի վրա, կկորցնես ունեցածդ...

– Պատեհ առիթ է հետաքրքրվելու, թե ինչպիսի՞ն է աղանդավորության վիճակն Արցախում ներկա ընթացքում:

– Աղանդավորներն այնտեղ են, որտեղ իրենց չեն սպասում...

– Սրբազան, շնորհակալ ենք ընդունելության և անմիջական զրույցի համար:

– Աստված օրհնի ձեզ, քրտնաջան աշխատանք և նվիրյալ ծառայություն եմ մաղթում ձեր խմբագրակազմին, Սյունյաց աշխարհին՝ աստվածային օրհնություն: Իսկ որպեսզի լիարժեք լինի կյանքը Արցախում՝ ներքին հոսք է պետք, ներքին շարժ է պետք: Որպեսզի Արցախն ապրի, պիտի այցելես Արցախ: Եվ դուք դա անում եք...

ԶՐՈՒՅՑԸ՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25