Ընտանիք, որի համար ամենամեծ արժեքը հայրենի հողն

14.11.2019 17:12
1834

Խնածախցի Հայրապետյանների ընտանիքը գյուղում հարգանք, պատիվ, ճանաչում ունեցող գերդաստան է: Այս ընտանիքում հարգի են աշխատանքը, հյուրասիրությունը, մարդասիրությունը: Տան ավագն ընտանիքի պապն է` Վլադիկը, ով «սովետի» ժամանակ պաշտոններ է զբաղեցրել, եղել Հայաստանի  կոմունիստական կուսակցության համագումարի պատգամավոր...

Ունի չորս աղջիկ,  մեկ տղա:

- Աղջիկներս Վահագնի խաթեր են ծնվել, - կես-կատակ, կես-լուրջ ասում է Վլադիկը:

Կինը՝ Արմենուհին (ի դեպ, նրան Զոյա են կոչում), լուռ է, երեւի համամիտ է ամուսնու հետ:

- Տղան տղա է մնում, ինչ ուզում եք, ասեք, - միջամտում է Վահագնը, - նա է օջախի ծուխը ծխացնողը, գերդաստանի շարունակողը:

 Վահագնը ամուսնացած է. հետաքրքիր է, ի՞նչ երեխաներ ունի, որ այդպես «մեծ -մեծ» խոսում է:

- Հայոց բանակն եմ հզորացնում` երկու տղա եւ մեկ աղջիկ ունեմ:

Սուրեն   Վարդանյանը, ով ժամանակին եղել է Հայկոմկուսի Գորիսի շրջկոմի քարտուղար, Գորիսի դատախազ, նկատում է.

- Տղա ջան, պահվածքով չզարմացրիր, բայց գոհացրիր:

Վահագնը  ինքն իրեն ժպտում է: Թեեւ շատ երիտասարդ է, բայց փիլիսոփայում է, որը բխում է նրա կենսափորձից:

- Սեւ խաղողից է այս գինին, դեռ մաճառի կարգավիճակում է, բայց լավ խմվում է: Իմիջիայլոց, գինին պետք է ձկան հետ համտեսել:

 Ներկաներից մեկը թե՝ որ իմանայինք, մեզ հետ ձուկ կբերեինք:

- Բոլոր գինիները չի կարելի նույն ձկան հետ խմել, ամեն գինի ձկան համապատասխան տեսակի  հետ պետք է խմել: Օղին էլ սեւ թթից է…

 Գինին՝ սեւ խաղողից, օղին՝ սեւ թթից,  այս հավը, որ մորթել-եփել -դրել են սեղանին, հետաքրքիր է, սեւ հա՞վ է եղել:

Վահագնը հավի գույնի մասին բան չի ասում, ես էլ չեմ հարցնում, բայց դրա փոխարեն հարցնում եմ.

- Երբ մի բան  շատ ուշ է եփվում, մարդիկ ասում են՝ հո Խնածախի ազնիվ  քենու  հավը չէ՞:

Ինչպես է ծագել  ասացվածքի ուժ ստացած այս արտահայտությունը:

Ռեդիկ Հայրապետյանը` Վլադիկի եղբայրը, ով տարածաշրջանի ավանդույթներին շատ քաջատեղյակ անձնավորություն է, ասում է.

-  Դա երգի տողից է,  քարաշենցի Աշուղ Աթան է գրել՝

 Խնածախի ազնիվ քենիս

Ինձ մի ընծա հավ էր բերել

Հավ մի ասա, գոմեշ ասա,

Ինչքան էփեց, այնքան պնդեց,

Վառելիքի տունն էլ քանդեց…

 Փաստորեն` երգի իմաստը ժողովուրդն ասացվածք է դարձրել, եւ Գորիսում ու տարածաշրջանում, երբ մի բան ուշ է եփում, ասում են՝ Խնածախի ազնիվ քենու հավն է…

Դրա «ստուգաբանությունն» էլ իմացանք…

 Վահագնը մեկը մյուսի հետեւից կենացներ է առաջարկում հյուրերիս պատվին բացված ճոխ սեղանի շուրջ:

Որքանով հասկանում եմ, տան գլխավորը՝ Վլադիկը, որդուն լավ «նախապատրաստել» է կյանքի համար, եւ Վահագնը «գերազանց»   է ավարտել կյանքի դպրոցը:

 - Այս տարի ավելի շատ  օղի կթորեի, - ասում է Վահագնը, բայց ինքն էլ չգիտի, թե որտեղ մի քիչ ծուլացավ, մի քիչ թուլացավ:

Փոխարենը ձմեռվա փայտը վաղուց է պահեստավորել. ընտանիքը տաք եւ ապահով ձմեռ կանցկացնի:

- Հիմա աշխատելու-արարելու-ստեղծելու դար է: Ով աշխատի, նա էլ կուտի: Տղա ես,  գլուխ դուրս բեր ժամանակի քաոսից, - շարունակում է Վահագնը։

 Վլադիկ հայրը նրան սովորեցրել է  ժամանակի դժվարությունները հաղթահարելու «գաղտնիքը»: Գիտի` որդին  գերդաստանի պատիվը գետնով չի տա եւ որդին  իրեն  այնքան իրավունք է վերապահում, որ ներկաներին առաջարկում է կենացներ...

Մենք էլ առաջարկում ենք Ռեդիկ Հայրապետյանի, ավելի ճիշտ այս օջախի կենացը, Գեւորգ Հայրապետյանի օջախի կենացը, ով մեր հասարակությանը եւ հատկապես Գորիսին Ռեդիկ Հայրապետյան ճանաչված մտավորական է տվել…

Այդ ժամանակ Վահագնի կինը՝ Սիլվան, մեզ գաթա է հյուրասիրում՝ թոնրի գաթա:

- Գաթան տնական է, գաթայի յուղն էլ  մեր տնից է,  տնական է, օգտվեք...

Այնուհետեւ Վահագնը սկսում է գովերգել Խնածախի դպրոցի վոլեյբոլիստներին, որ միշտ էլ համբավ են ունեցել։

- Մի քանի օր առաջ են տուն վերադարձել, դպրոցական վոլեյբոլիստները մասնակցել են   վոլեյբոլի  մարզային  մրցաշարին եւ առաջին տեղը գրավել:  Վոլեյբոլից մերոնք ի ծնե ուժեղ են, նրանք միշտ հաղթում եմ, միշտ ուժեղ մրցակիցներ են  բոլորի համար:

- Բնակավայրում փոփոխություն կա, մարդը (նկատի ունի համայնքապետ Արթուր Շադունցին), հնարավորության սահմաններում հարցեր է լուծում, բնակավայրի փողոցներն է բարեկարգում, հիմա հեշտ է անց ու դարձ անելը, - նկատում է Վահագնը:

 Երիտասարդ այս տղայի՝ Վահագնի համար  Խնածախի ցեխն ավելի մեծ արժեք ունի, քան  քաղաքի ասֆալտը: Իսկ հայրենիքը սկսվում է նաեւ այս բնակավայրից՝ Խնածախից, Հայրապետյանների գերդաստանից:

- Գյուղում մաքրություն, ազնվություն կա, սրբություն կա, - ասում է Վահագնը:

Իսկ ես մտքումս ավելացնում եմ` հարազատները մեկմեկու հետ սկայպով չեն «տեսակցվում»:

Հ.Գ.

Այս հանդիպումից մի քանի օր հետո Վահագնը  ուղեկցում էր «Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին` Բահավորի եկեղեցի կատարած ուխտագնացության ժամանակ։

 

 

Ալվարդ Մեսրոպյան

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46