Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն ու Քաջարան քաղաքը երկվորյակներ են և միասին են անցել 70-ամյա ճանապարհը

31.03.2023 10:05
3033

Կոմբինատի հոբելյանը, անշուշտ, իրադարձություն է նաև Քաջարան քաղաքի համար, որը, կարծեք, դարձել է լեռնահանքային արդյունաբերության յուրօրինակ մայրաքաղաք ամբողջ հանրապետությունում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի կապակցությամբ զրուցեցինք Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ:

- Պարոն Փարամազյան, նախ՝ Ձեր շնորհավորանքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի կապակցությամբ:

- Քաջարանցիներիս համար մեծ պատիվ է, որ Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունը Քաջարանում է, որը ներկայիս արտադրական ծավալներին է հասել և դարձել երկրի թիվ մեկ հարկատուն՝ առաջին հերթին աշխատավոր քաջարանցիների շնորհիվ՝ հիմնադրման ժամանակներից մինչև այսօր։ Ու մեր պապերի բնօրրանը քաղաքի կարգավիճակ է ստացել հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհիվ: Ուստի ուզում եմ շնորհավորել կոմբինատի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր երախտավորներին, կայացման և հզորացման յոթ տասնամյակ ընդգրկող ճանապարհն անցած բոլոր արժանավորներին: Նրանց մեծ փորձի շնորհիվ է, որ այսօր քաջարանցին շարունակում է աշխատել ու արարել Քաջարանում և կոմբինատում։

Ուզում եմ շնորհավորել բոլոր քաջարանցիներին, որովհետև նրանցից ամեն մեկը՝  թե՛ արմատներով ու թե՛ հիշողություններով կապված է ընկերության հետ։

Առանձնահատուկ խոնարհվում եմ կոմբինատի ստեղծման և կայացման գործում իրենց մեծ ներդրումն ու ավանդն ունեցած այն արժանավորների առջև, որոնցից շատերն արդեն հեռացել են երկրային կյանքից, որոնց  անունները ոսկե տառերով են գրված Քաջարանի տարեգրության մեջ։

Շնորհավորում եմ վաստակած հանգստի անցած բոլոր լեռնագործներին, ովքեր պատրաստ են (հարկ եղած դեպքում) իրենց փորձով և գործով աջակցել մերօրյա հերթափոխին։

Շնորհավորում եմ ԶՊՄԿ ինժեներատեխնիկական և ղեկավար անձնակազմին՝ Ռոման Խուդոլիի գլխավորությամբ։

Վստահաբար կարող եմ ասել՝ կոմբինատի հոբելյանն իրադարձություն է նաև ողջ երկրի համար, որովհետև հանրապետությունում չկա մի ոլորտ, որ 70 տարվա ընթացքում իր մասնակցությունն ու աջակցությունը ցուցաբերած չլինի։  

- Տարիներ շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ակտիվ դերակատարություն է ունեցել և ունենում Քաջարանում, նաև խոշորացված ամբողջ համայնքում իրականացված և իրականացվող սոցիալական ու համայնքային զարգացման ծրագրերում:

Փորձեք ամփոփել 2022-ին Քաջարան համայնքում իրականացված ներդրումները, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կազմում է 1.5 մլրդ դրամ:

- «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության դերը շատ մեծ է և անուրանալի՝ համայնքում իրականացվող մշակութային, կրթական, սոցիալական, քաղաքաշինական և ամենատարբեր ոլորտների ծրագրերում։

Կարող եմ թվարկել 2022 թ. Քաջարան համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները, որոնց շոշափելի մասնակցություն է ունեցել ԶՊՄԿ-ն. դրանցից են՝ Գեղի-Գեղավանք ներհամայնքային ճանապարհի, Մ2 միջպետական ճանապարհից դեպի Խաչինա բնակավայր տանող ճանապարհի, Քաջարան քաղաքի տարբեր շենքերի բակերի, Բաբիկավան բնակավայրի բակերի և Քաջարան քաղաքի Գայ ու Խանջյան փողոցներից դեպի Մ2 մայրուղի ձգվող անցուղու հիմնանորոգումները։

Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրում ևս ԶՊՄԿ-ն՝ համայնքի, պետության և ՄԱԶԾ-ի հետ միասին, իր մեծ մասնակցությունն ունի։

Մի կարևոր հանգամանք. նշված ծրագրերը պետք է իրականացվեին 2021-ին, սակայն հասկանալի պատճառներով  կատարվեցին 2022-ին։ Դրանք են՝ Քաջարան համայնքի Գետիշեն, Ձագիկավան, ք. Քաջարան բնակավայրերի ջրամատակարարման ու համայնքի գրեթե բոլոր գյուղական բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցումը և մեքենասարքավորումների ձեռք բերումը, որում անուրանալի մասնակցություն ունի «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը։

Նաև մշակութային, սոցիալական, կրթական, սպորտի, առողջապահության բնագավառներում են նշանակալից «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ներդրումները:

Բազմաթիվ ներդրումներ էլ ընկերությունն իրականացրել և իրականացնում է սեփական  ծրագրերով ու իր ենթակայության ներքո գտնվող համայնքային հաստատություններում՝ մարզադպրոց, մարզադաշտ, նախակրթարան, մշակույթի պալատ։

Ընկերության հիմնադրամի միջոցներից բազմաթիվ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել և ցուցաբերվում համայնքի բնակիչներին, ինչպես և սպորտի, կրթության, առողջապահական ոլորտներին՝ լուծում տալով բազմաթիվ խնդիրների։

Իհարկե, կան նաև քաղաքաշինական ծրագրեր, որոնք բացառապես համայնքի միջոցներով են իրականացվել, այն է՝ Քաջարան քաղաքի տարբեր փողոցների և շենքերի խաղահրապարակների կառուցումը, համայնքապետարանի շենքի մի մասի հիմնանորոգումն ու տարածքի բարեկարգումը, մի քանի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքները, նստարանների ձեռք բերումը և այլն: Դրանք էլ առանց ԶՊՄԿ աջակցության անհնար կլիներ իրականացնել։ 

Ընդհանուր առմամբ ԶՊՄԿ-ի հետ առողջ համագործակցության շնորհիվ և համատեղ միջոցներով կարողանում ենք կյանքի կոչել համայնքի առջև ծառացած խնդիրները։

- Իսկ ի՞նչ ծրագրեր են իրականացվում ընթացիկ տարում և՛ Քաջարան քաղաքում, և՛ համայնքի գյուղական բնակավայրերում:

- 2023 թվականը Քաջարանում նույնպես կարող ենք համարել ծրագրերի իրականացման տարի։ Ըստ ծրագրի՝ կհիմնանորոգվեն քաղաքի մի շարք բակեր, մայթեր ու աստիճանավանդակներ։ Կհիմնանորոգվեն Գեղի-Գեղավանքի, Լեռնաձոր-Փուխրուտ-Կաթնառատի, գ. Քաջարանցի ներհամայնքային ճանապարհները։ Կավճուտ բնակավայրի համար նոր ջրագիծ կկառուցվի։ Քաջարան քաղաքի թիվ 1 ՆՈՒՀ-ի համար նոր շենք կկառուցվի։ Եվ համայնք-պետություն սուբվենցիոն ծրագրերում կրկին շոշափելի է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ներդրումը։

2022 թ. մեկնարկած աշխատանքների մի մասը նույնպես տեղափոխվել է 2023 թվական։

Համայնքապետարանում գործում է սոցիալական աջակցության ծրագիր, որը հիմնականում ուղղված է միայնակ կենսաթոշակառուներին, սահմանափակ կարողություններով անձանց, զոհված ազատամարտիկների ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով հիվանդություն ունեցողներին։

Առհասարակ համայնքն առաջիկա 5 տարվա համար ունի ռազմավարական ծրագիր, որը կյանքի կոչելուց հետո կունենանք հիմնովին վերափոխված և նոր ենթակառուցվածքներով հագեցած Քաջարան։

- Ինչպե՞ս եք գնահատում Քաջարանի տեղական ինքնակառավարման մարմինների և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ներկայիս ղեկավարության համագործակցությունը:

- Որպես համայնքի ղեկավար կարող եմ փաստել՝ համագործակցությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ղեկավարության հետ ամուր հիմքերի վրա է, և յուրաքանչյուր հարց քննարկում ենք միասին ու խնդիրներին լուծում տալիս փոխհամաձայնությամբ: Արդյունքում շահում է համայնքը, ինչը նաև տրամաբանական է, որովհետև երբ ասում ենք Քաջարան՝ հասկանում ենք կոմբինատ, երբ ասում ենք կոմբինատ՝ հասկանում ենք Քաջարան. դրանք իրարից առանձնացնելն ուղղակի հնարավոր չէ։

Եվ փառք Աստծո, որ այդ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, ու վստահաբար կարող եմ ասել՝ այն ավելի կամրանա, որովհետև երկկողմանի համագործակցության հիմքում համայնքի և համայնքի բնակիչների շահն է:

- Որոնք են, ըստ Ձեզ, համայնքի առջև ծառացած առավել մտահոգող խնդիրները, որոնց լուծման գործում ակնկալում եք կոմբինատի աջակցությունը:

- Հիմնականում աշխատատեղերի ապահովման խնդիրն է, որովհետև չենք կարող պատկերացնել, թե քաջարանցին, առանց կոմբինատում աշխատելու, ինչպես պետք է ապրի  Քաջարանում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներին ու այն ընտանիքներին, որոնցում աշխատող չկա կոմբինատում։ Այդ հարցերը քննարկել ենք «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ու ընկերության ղեկավար կազմի հետ:

Եվ մի կարևոր խնդիր նույնպես՝ բնակֆոնդի խնդիրը…

Քաջարանը Հայաստանի եզակի քաղաքներից է, որտեղ անշարժ գույքի՝ հիմնականում բնակարանի նկատմամբ մեծ պահանջարկ կա։ Քանի որ այստեղ կայուն աշխատատեղեր են՝ հիմնականում բարձր աշխատավարձով, ուստի արտագաղթի խնդիր չկա, և առաջիկայում նշված հիմնախնդրին լուծումներ տալու համար հանդես կգամ առաջարկներով՝ ի շահ երիտասարդ ընտանիքների։

- Ճշմարիտ է ասված՝ Քաջարան քաղաքն ու կոմբինատը երկվորյակներ են:

Ուստի և կուզենայինք շատ համառոտ ծանոթանալ Քաջարան քաղաքի ձևավորման սկզբնական փուլին:

Տեղափոխվենք 1940-ականների վերջը...

- Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1939-45-ին, կատարվել է ընդերքի մանրամասն հետազոտում։

1945-ից շահագործվել է Գանձասարի պղնձամոլիբդենային հանքը, իսկ 1952-ին գործարկվել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը:

Քաջարան քաղաքի կազմավորումը կապված է հանքի շահագործման և կոմբինատի ստեղծման հետ։ 1958-ին Քաջարան և Ողջի ավանների միացումով առաջացել է Քաջարան քաղաքը՝ 11 հազար բնակչով, որի գլխավոր հատակագիծը մշակվել է 1965 թվականին՝ ճարտարապետներ Ա. Հարությունյանի, Հ. Դավթյանի և ուրիշների կողմից։

1968 թ. երկրաշարժից հետո քաղաքը հիմնովին վերակառուցվեց։

Մի փոքրիկ դրվագ՝ կապված քաղաքի պատմության հետ, որ հավանաբար շատերը չգիտեն։ Քաջարան քաղաքում եղել է ուղղիչ աշխատանքային գաղութ, և քաղաքի վերակառուցման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև դատապարտյալները, ու ներկայիս Տերյան փողոցի տարածքը, որտեղ ժամանակին եղել է այդ հիմնարկը, մինչև այսօր էլ ժողովուրդն անվանվում է «Գաղութի թաղամաս»։

Քաղաքի հիմնական բնակիչները սկզբնական շրջանում հարակից գյուղերից են եկել, և կոմբինատի աշխատանքի ծավալման հետ միասին ընդլայնվել է բնակչության ընդգրկվածությունը։

Քաղաքի տարածքում են եղել պատմական հիշատակություն ունեցող բնակավայրեր՝ Քաջարանց (Կաճաճուտ), Վերին Հանդ (Բանիս), Ողջի, Արալըղ (Արալեզ)  գյուղերը և Բաղաբերդ, Զևա, Բաղակու քար, Աչաղու բերդերն ու ամրոցները։

Այնպես որ՝ այդ 70 տարիները նաև քաղաքի կենսագրության տարիներն են, որը ժամանակի ընթացքում խոշորացվեց ու այսօր արդեն դարձել է Քաջարան խոշորացված համայնք։

- Անշուշտ, հարյուրավոր, նույնիսկ հազարավոր երախտավորների անուններ կարելի է տալ, ովքեր անցած տասնամյակներում ակտիվ մասնակցություն են ունեցել Քաջարան քաղաքի, նաև կոմբինատի կառուցմանն ու զարգացմանը:

 Եվ, այդուհանդերձ, կուզենայինք լսել քաղաքի երախտավորներից մի քանիսի անունը, որոնց պարտավոր են հիշել նաև գալիք սերունդները:

- Դուք ճիշտ եք, կարելի է տալ հազարավոր երախտավորների անուններ և ազգանուններ, որովհետև գրեթե բոլորն էլ քրտինք են թափել՝ կոմբինատի ստեղծման և կայացման յոթ տասնամյակի ճանապարհին, բայց կանդրադառնամ խորհրդային հասարակարգի փլուզման և անկախության ձեռքբերման ժամանակաշրջանին, երբ սկսվեց նաև Արցախյան ազատամարտը։

Մինչև այսօր էլ հիշում ենք՝ այդ տարիներին հանրապետությունում գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները փակվել էին ու դրանց գույքը օտարվել, բայց ԶՊՄԿ հսկա ձեռնարկությունը բացառիկներից էր Հայաստանում, որ պահպանվեց ու պատերազմից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, անխափան վերագործարկվեց: Այդ առիթով է, որ ուզում եմ տալ այն երախտավորի անունը, ում շնորհիվ նույնիսկ մեկ դետալ այդ տարիներին չպակասեց կոմբինատից: Այդ երախտավորը կոմբինատի տվյալ ժամանակաշրջանի տնօրեն Ֆրունզե Հմայակի Պետրոսյանն էր՝ մարդ և մետալուրգիայի ոլորտի ռահվիրա, ում դասերով նաև քաջարանցին պահպանեց կոմբինատը, որն էլ դարձավ այդ տարիների մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը։

Գործարկումից հետո՝ 1990-ականների երկրորդ կեսին, կոմբինատի կայունությունն ապահովեց մեր մյուս երախտավորը՝ Ռոման Շմավոնի Նավասարդյանը, ով որպես Ֆրունզե Պետրոսյանի հետևորդ՝ պատվով և արժանապատվորեն կատարեց տնօրենի պարտականությունները՝ օգտագործելով նախորդ տարիների փորձն ու ավանդույթները։

1990-ականների վերջից և 2000-ականների սկզբից՝ ձեռնարկության նորամուծությունները, վերազինումը և ծավալների մեծացումն իր ուսերին վերցրեց հանքարդյունաբերության մյուս երախտավորն ու հրամանատարը՝ երջանկահիշատակ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը, ում ինժեներական հարուստ փորձն ու մասնագիտական կարողությունները դարձան նաև կադրերի թրծման դարբնոց՝ հսկա ընկերության հետագա կայացման ու զարգացման ճանապարհին։

Եվ առհասարակ, ինչպես արդեն նշեցի, անցած 70 տարում բոլորն էլ կոմբինատի կառուցման և կայացման գործի երախտավոր են, որովհետև ամեն մի ժամանակաշրջան իր խնդիրներն ու պահանջներն է ունեցել, բայց աշխատասեր և աշխատավոր քաջարանցին այդ ամենն արժանապատվորեն հաղթահարեց:

Եվ ուրեմն փառք ու պատիվ բոլորին, ովքեր այս մեծ ժառանգությունը թողել են մեզ ու գալիք սերունդներին, որպեսզի կարողանանք պահել ու պահպանել մեր բնակավայրը:

- Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում 2017-ին խոշորացված Քաջարան համայնքը և՛ տարածքի ու բնակավայրերի, և՛ բնակչության ու ենթակառուցվածքների առումով:

- Քաջարանը մեծ ընտանիք է՝ բառիս բուն իմաստով։ Ճիշտ է, Դուք հարցը տալիս եք՝ շեշտելով խոշորացված համայնքի իմաստով, բայց կարող եմ փաստել՝ մինչև խոշորացումն էլ այդ բնակավայրերը միշտ էլ իրենց խնդիրներով դիմել են մեզ, իսկ մենք դրանց սիրով ենք լուծում տվել մեր հնարավորության սահմաններում, ուղղակի խոշորացումն ավելի օրինականացրեց խնդիրների լուծման ճանապարհները։

Քաջարանը նաև հանքարդյունաբերական խոշոր կենտրոն է ու եզակի քաղաք, որտեղ մշտական և կայուն աշխատավարձով աշխատանքն ամենատարբեր բնակավայրերի մշակույթի, ավանդույթի և բարբառների մեկտեղման կենտրոն է դարձել, որտեղ մշտական բնակության են գալիս նաև Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններից։ Սա մի կողմից դրական է, մյուս կողմից՝ խորքային խնդիրներ է առաջացնում։ Դրական է, որ մարդիկ ուզում են ավելի հարմարավետ կյանքով ապրել՝ դառնալով քաղաքաբնակ, բայց խնդիրներ են առաջանում, երբ գյուղացին փակում է իր տան դուռը և գալիս Քաջարան, ինչը վատ է անդրադառնում տարածաշրջանի գյուղատնտեսության վրա և դառնում գյուղերից բնակիչների հեռացման պատճառ։

Քաջարանը նաև տարանցիկ կենտրոն է, որտեղով անցնում է Իրան-Հայաստան միջպետական նշանակության ճանապարհը։

Եվ այն եզակի քաղաքներից է, որտեղ Կապանից ու  հարակից բնակավայրերից ամենօրյա ռեժիմով մի քանի հազար մարդ է հաճախում աշխատանքի ու օրվա ավարտին տուն վերադառնում, ինչն առօրյա շփումներում քաջարանցիներից պահանջում է ուշադրություն՝ որպես հյուր ընդունողի և ճանապարհողի։

- Քաջարանը 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո դարձել է նաև սահմանապահ համայնք:

Ու, որքան տեսնում ենք, Քաջարանը՝ և՛ համայնքը, և՛ կոմբինատը մեծ գործեր են կատարում մեր սահմանների պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ. նկատի ունենք (նախևառաջ) Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Քաջարան համայնքի սահմանը:

- 44-օրյա պատերազմը սկսելուն պես համայնքը մեկ բռունցք դարձավ...

Իմ մարտակոչից րոպեներ անց ստեղծվեց մոտ 300 հոգուց բաղկացած գումարտակ: Եվ տարբեր հերթափոխերով, նորաստեղծ գումարտակն ու ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի կամավորականները՝ միասին, գումարած զորահավաքով (մոբիլիզացիայով) մեկնածները, մարտական ողջ գործողությունների ընթացքում ու դրանից հետո ակտիվ մասնակցություն ունեցան Ջրականից մինչև Կովսական, այնտեղից մինչև Ծավ, Ներքին Հանդ և Շիկահող տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Եվ պետք է նշեմ՝ ինչպես 1990-ականներին, այնպես էլ 2016-ի քառօրյայի ու 44-օրյա պատերազմի, նաև 2022 թ. սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ քաջարանցին իր  ակտիվ մասնակցությունն ունեցավ բոլոր գործողություններին՝ ամենատարբեր ուղղություններով։

44-օրյա պատերազմը սկսելուն պես, կարելի է ասել, քաջարանցին երեք ճակատով է մասնակցել իրադարձություններին:

Առաջինը՝ ռազմաճակատի առաջնագծում, երկրորդը՝ որոշակի ուժեր ենք թողել համայնքի՝ Նախիջևանի հետ սահմանի հատվածում, երրորդը՝ սակավաթիվ մարդկանց ներգրավվածությամբ, առանց հանգստի, թույլ չենք տվել, որ խաթարվի «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության աշխատանքը, որը թիկունքի և սպառազինության հարցում հսկայածավալ աջակցություն է ցուցաբերել այդ օրերին։

44-օրյա պատերազմի ժամանակ, հիշում եմ, ադրբեջանական մամուլի նախիջևանյան ծագումով որոշ լրագրողներ հիվանդագին կերպով արձագանքեցին մեր ձեռնարկումներին: Կարծում էին, թե քաջարանցի կամավորականներից ձևավորված գումարտակը կմեկնի միայն Նախիջևանի սահմանապահ հատված։

Հպարտությամբ պիտի նշեմ՝ նույնիսկ մեկ ընտանիքից հայր ու որդի, հարազատ եղբայրներ՝ առանց վարանելու, խնդրում էին, որ օր առաջ առաջնագիծ մեկնեն։ Շատ դեպքեր եղան, երբ որդին որպես ժամկետային զինծառայող պատերազմին մասնակցում էր Արցախում, հայրը կամավոր մեկնեց այդ նույն հատված՝ որդու կողքին լինելու համար։

Քաջարանն այդ պատերազմում, ցավոք, ժամկետային զինծառայողներից մինչև կամավորականներ ու զորահավաքով մեկնածներ, տվեց 19 զոհ։

Այո, որպես սահմանապահ համայնք միշտ էլ ուշադրության կենտրոնում ենք պահում համայնքի հետ Նախիջևանի սահմանների պաշտպանության հարցը։ Գրեթե ամենօրյա շփումների մեջ եմ համայնքի տարածքում տեղակայված N զորամասի հրամկազմի հետ։

Բայց այսօր մեր գերխնդիրն է՝ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել սահմանապահ գյուղական բնակավայրերի բնակիչների համար, որպեսզի վերջիններս չլքեն իրենց բնակավայրերը, որովհետև ամենաուժեղ սահմանապահն առաջին հերթին նրանք են։ Եվ այստեղ է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավարության հետ համատեղ իրականացնում ենք ամենատարբեր ծրագրեր՝ առաջին հերթին Քաջարան համայնքի հենց այդ բնակավայրերում։ Արված հսկայածավալ աշխատանքի արդյունքում այդ բնակավայրերում ապրելն այսօր դարձել է գրավիչ և դյուրին:

Բայց արվածով չենք սահմանափակվում, առաջիկա ծրագրերում դեռ բազմաթիվ խնդիրներ կլուծենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության հետ միասին։

44-օրյա պատերազմը սկսելուն պես «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության միջոցներով առաջին հերթին ձեռնամուխ եղանք համայնքի՝ Նախիջևանի հետ ունեցած սահմանագծի ամրացման աշխատանքներին, որն այսօր էլ շարունակական բնույթ է կրում։

- 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Քաջարան համայնքը նույնպես կանգնել է նոր մարտահրավերներին դեմ հանդիման, ինչն էլ առաջ է բերել նորանոր և առաջնահերթ խնդիրներ: Դրանցից են համայնքի բնակչության քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը, երեխաների ու երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

- Քաջարանում միշտ էլ ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա է եղել, ինչի վառ ապացույցը քիչ առաջ թվարկված գործերն են, թե ինչպես պատերազմի ժամանակ քաջարանցին կարողացավ րոպեների ընթացքում համախմբվել...

Դրանում իր մեծ ներդրումն ունի ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքը, որտեղ պատանի երկրապահները ռազմահայրենասիրական դասեր են առնում՝ ընդհուպ սովորելով զենքի գործածությունը։ Մեծ է նաև համայնքի դպրոցական հաստատություններում ՆԶՊ առարկան դասավանդող մասնագետների ներդրումը և համայնք-դպրոց-ԵԿՄ կապը։ Համայնքում գործում են ամենատարբեր մարզական խմբակներ, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ են նաև աչքի ընկնում մեր մարզիչները։ Համայնքապետարանի կողմից կազմակերպվում են զանազան միջոցառումներ, որում ընդգրկվում են ուսանողներ, աշակերտներ, կրտսեր տարիքի երեխաներ, ինչի շրջանակում ռազմահայրենասիրության դասերը նշանակալի տեղ ունեն։

Քաղաքացիական պաշտպանության հարցում համայնքն ապաստարանի խնդիր ունի՝ հաշվի առնելով խոշորացման հանգամանքը։ Մեզ բաժին է հասել հետխորհրդային ժամանակների ապաստարան, որն ուղղակի չի կարող բավարարել բնակչության անվտանգությունը. հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Ու ելնելով խնդրի նրբությունից, չեմ կարող մանրամասնել կատարվածն ու կատարվողը, բայց նշված ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում։

- Քաջարան համայնքի մեջ, ինչպես նշեցինք, 2017 թվականից մտնում են (քաղաքից բացի) Քաջարանց, Լեռնաձոր, Փուխրուտ, Կաթնառատ, Ձագիկավան, Բարիկավան, Անդոկավան, Հովշուտ, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Աջեբաջ, Կարդ, Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ և Կիցք գյուղերը:

Այդ գյուղերը բազմաթիվ խնդիրների տակ կքած բնակավայրեր են:

Հետաքրքիր է, ինչպե՞ս եք պատկերացնում լեռնային այդ գյուղերի վաղվա օրը, որոնք մեր նախնիների կողմից հիմնադրվել են հազարամյակներ առաջ և դիմացել դարերի փորձություններին:

- Ես կասեի՝ բազմաթիվ խնդիրների տակ կքած էին, որովհետև Ձեր իսկ ակնարկած բազմաթիվ խնդիրներին որոշ չափով արդեն լուծում ենք տվել։

Երբ 2017 թվականին համայնքը խոշորացվելուց հետո երկրորդ անգամ վերընտրվեցի համայնքի ղեկավար, արդեն կար հստակ ծրագիր, որը պետք է իրագործվեր, բայց համավարակն ու պատերազմը խանգարեցին։

Սակայն հպարտությամբ պետք է նշեմ, որ բազմաթիվ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են միջգյուղական ճանապարհների հիմնովին բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները, բնակավայրերի լուսավորության հարցը, լուծվել են։

Առաջիկա ծրագրերում ընդգրկվել և այս պահից արդեն իրականացվում են նոր ակունքներից ջրագծերի կառուցման աշխատանքներ։

Այս պահին գյուղական բնակավայրերից միայն Փուխրուտ ու Կաթնառատ գյուղերի ճանապարհները չեն բարեկարգվել և ասֆալտապատվել, ինչը ներառված է ծրագրում և առաջիկայում կյանքի կկոչվի։

Ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում են գյուղական բնակավայրերի  խնդիրները, և պետք է նշեմ՝ այդ բնակավայրերում հիմնական խնդիրները նույնպես լուծում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության աջակցությամբ։ Ու եթե այսօր որևէ մեկն այցելի այդ բնակավայրեր, հաճույքով ականատես կլինի հսկայածավալ  աշխատանքներին ու փոփոխություններին, որ կատարվել են 2017-ից հետո:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Հ.Գ.

Սույն հարցազրույցի հրապարակումը համընկավ  մեր զրուցակցի՝ Մանվել Փարամազյանի ծննդյան տարեդարձին, ուստի և «Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ և ցանկանում հաջողություններ:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53