Ժողովրդական բանահյուսության պատառիկներ

20.02.2020 16:46
1121

Խորհրդային տարիներին բավականին տեւական ժամանակ Վաղատուր, Խանածախ եւ Խոզնավար գյուղերը միավորված էին մի գյուղական խորհրդի մեջ, այսօրվա հասկացությամբ` ապրում էին խոշորացված համայնքի կյանքով, առաջին նախագահն էլ խանածախցի Սուրեն Հովակիմյանն էր, կամ, ինչպես նրան պատվում էին, Սուրեն Միխայլովիչը:

Հայրենական պատերազմի հաշմանդամ էր, մի աչքը չկար, եղածով էլ վատ էր տեսնում. Շրջկենտրոնում լինելիս անպայման այցելում էր ակնաբույժին:

 Իր հագուստ-կապուստով, շարժ ու ձեւով, կենցաղով ոչ թե տարբերվում, այլ ուղղակի առանձնանում էր մյուս գյուղացիներից: Կլոր տարին պատերազմից բերած կաշվե բաճկոնով եւ նույն կաշվից կարված գլխարկով՝ կեպկայով էր:

 Հայտնի բան է, շատերս ենք վախենում օձից, բայց Սուրեն Միխայլովիչը ոչ թե վախենում էր, այլ ուղղակի սարսափում էր, նույնիսկ սատկած օձից: Դա իմանալով եւ խրախուսվելով ավագներից` ջահելները հաճախ էին սատկած օձ կամ նույնիսկ օձանման թոկ, պարանի կտոր թողնում նրա տան դարպասի մոտ ու ծածուկ հետեւում նրա արձագանքին:

 Երեք գյուղերի մեջ միայն նրանց ընտանիքն այդպես էլ նոր տուն չկառուցեց, չնայած գյուղերի մյուս ղեկավարները, հարեւան-բարեկամները հորդորում էին նրան` ձեռնարկել տան կառուցումը` խոստանալով համակողմանի օգնություն, չնայած, ինչպես ասում էին, նրա ձեռքերն էլ քարի տակ չէին, բայց միշտ հրաժարվում էր՝ պատճառաբանելով՝ ես կուլակ չեմ:

 Սրանք Սուրեն Միխայլովիչի հետ կապված բոլոր մեծ ու փոքր դիպվածները չէին, որի շնորհիվ նա մնացել է մեր հիշողության մեջ: Ամենահիշվողն ուրախության կամ էլ սգո սեղանին նրա արտասանած բաժակաճառերն են, ավելի ճիշտ բաժակաճառն է: Հասկանալի է, որ որպես գյուղխորհրդի նախագահ նրան հրավիրում էին բոլոր երեք գյուղերում տեղի ունեցող հարսանիքներին, իսկ հուղարկավորություններին էլ նա իր բարոյական պարտքն էր համարում անպայման մասնակցել: Որպես կանոն, բոլոր ուրախ սեղաններին ելույթ էր ունենում եւ իր մտքի գոհարները շաղ տալիս, բայց միայն երկար-բարակ խնդրելուց հետո, իսկ սգո սեղաններին սեղանը ղեկավարողից բացի իր խոսքն էր ասում նաեւ Սուրեն Միխայլովիչը: Բովանդակային առումով հարսանիքի եւ սգո սեղաններին նրա արտասանած ճառերի մեջ տարբերություն չկար, որովհետեւ միայն Սուրեն Միխայլովիչին հայտնի շարահյուսությամբ իրար հետ կապակցված բառերը որեւէ բովանդակություն չէին պարունակում: Մի քանի տասնյակ անգամ նույն գործողությունները, խոսքերը կրկնելուց այնքան էին հղկվել նրա շարժումները, որ դրանց հեղինակը վաստակած արտիստի տպավորություն էր թողնում: Կանգնում էր տեղում՝ սեղանի ղեկավարին չզգուշացնելով: 5-6 վայրկյան պաուզայից հետո մի բառ արտասանում՝ մարդս, ու շարունակում լռել, մինչեւ այդ բառը հասնում էր բոլոր սեղանակիցների ունկերին, եւ դահլիճում տիրում էր ոչ թե քար, այլ գրանիտե լռություն:

- Եվ ով է նա, մարդը,- հարցնում էր, իսկ դու սպասում ես հաջորդ հանճարեղ նախադասությանը: Այն արդեն չի ուշանում. լսարանը պատրաստ է: Ու անընդհատ աճող պաթոսով հոսում է Սուրեն Միխայլովիչի հայտնի խոսքը.

 - Մարդս մարդ է, մարդկության եւ մարդս հանուն մարդկության: Մարդ մարդկային, թե մարդ անմարդկային, իհարկե, մարդկային, որովհետեւ մարդ ծնվել է մարդ լինելու համար եւ ոչ թե անմարդկային: Ուրեմն մարդ մարդկային մարդկության եւ մարդս հանուն մարդկության:

 Այս մի քանի բառը տարբեր հաջորդականությամբ, փոփոխվող առոգանությամբ կրկնելուց հետո ավարտում էր իր խոսքը եւ իրենից անչափ գոհ, սեղանակիցների ծափերի ուղեկցությամբ, նստում տեղը:

 Նրա մասնակցությամբ մեկ-երկու հարսանիքի էլ ես եմ մասնակից եղել: Նրա խոսքից հետո հարսանքավորների մեծ մասը ծափահարում էր: Առավել ոգեւորվածներից մեկն էլ իմ կողքին էր նստած: Երբ ամեն ինչ հանդարտվեց՝ դիմեցի նրան:

- Ի՞նչ ասաց Սուրեն Միխայլովիչը,- հարցս հանկարծակիի բերեց նրան: Չէր սպասում։

- Հը:

- Ասում եմ՝ ի՞նչ ասաց Սուրեն Միխայլովիչը, որ այդքան ոգեւորվեցիր:

- Է, չգիտեմ, բայց դե լավ խոսա՜ց…

- Եթե նմանատիպ միջոցառմանը չմասնակցած մեկը հարցնում էր միջոցառման մասին, նրան ավելի շատ հետաքրքրում էր` մասնակցո՞ւմ էր Ս. Միխայլովիչը, թե՞ չէ: Եթե պատասխանը դրական էր լինում, անպայման հնչում էր նաեւ երկրորդ հարցը.

- Խոսա՞ց:

- Հա …, - հիացած, երանությամբ ու ծոր տալով պատասխանում էր զրուցակիցը` հետն էլ ավելացնում:

- Ադա, պիրանան նուր ա թափվում է՜ …

 

 

 Ասում են Աստված լավերին է տանում:Բա այդ դեպքում ու՞ր են մնում մեր միջի վատերը, թե՞ այդպիսիք չկան: Ուրեմն ամեն ինչ այնքան էլ այդպես չէ. Աստված բոլորի տեղը գիտի, եւ ամեն ոք ստանում է այն, ինչ վաստակել է:

Ահա մի այդպիսի օր էլ իր մոտ է կանչում մեր տարածաշրջանի խոշոր գյուղերից մեկի ամենավատ մարդուն: Այս անհատն այնքան բացասական էակ է լինում, որ մահանալուց հետո հարեւան-բարեկամներից, համագյուղացիներից ոչ մեկը չի բացում նրանց դուռը, չի բռնում նրա հարազատների ձեռքը, մխիթարանքի խոսք չի ասում: Հարազատները հանգուցյալի կենդանության ժամանակ կատարածների պտուղները շարունակում են քաղել նրա մահից հետո էլ: Գյուղի ներքեւից տալիս՝ վերեւով դուրս են գալիս, բայց այդպես էլ ոչ ոք հանձն չի առնում դամբանական երկու խոսք ասել: Միայն գյուղապետի խնդրանքով դպրոցի ուսուցիչներից մեկը, տեղի տալով նրա եւ հարազատների խնդրանքին, համաձայնվում է` պայմանով, որ ասելու է այն, ինչին արժանի է հանգուցյալը, նեղանալ չկա:

Գյուղապետը հարցական նայում է հարազատներին, վերջիններս, ճար չունեն, համաձայնում են:

 Գերեզմանոցում. ՍԻՐԵԼԻ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ, ՁԵՐ ՍԱԿԱՎԱԹԻՎ ԼԻՆԵԼԸ յուրահատուկ պատասխան է երկրային կյանքում հանգուցյալի արարքներին: Այս մարդը գիտակցական կյանքի ընթացքում ոչ մի դրական արարք չկատարեց ոչ իր գյուղի, ոչ իր հարազատների եւ ոչ էլ նույնիսկ իր ընտանիքի համար: Ասում են` վերջին տարիներին փորձում էր իր սխալներից մեկ-երկուսը ուղղել, բայց ապարդյուն: Նա մի հոռու արմատակալ տնկեց ներքին ձորի աղբյուրից առաջացած առվակի եզրին, բայց դա էլ չորացավ: Թող որ նրա նմաններն այլեւս լույս աշխարհ չգան, թող որ ՆՐԱ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ՓՈՒՇ ՈՒ ՏԱՏԱՍԿ ԷԼ ՉԲՈՒՍՆԻ։ Ժողովուրդ, վեղավ արեք, ես հազար գործ ունեմ:

 

Պատմել է Քաջիկ Միքայելյանը

Մեծ հայրենականից երկու- երեք տարի հետո Տաթեւի ենթաշրջանի կոլտնտեսություններից մեկի պահեստապետին թվում է, թե պահեստում պակասորդ ունի: Սկսում է ինքնուրույն հաշվառում անցկացնել: Մի երկու օրում գործն ավարտում է ու… քիչ է մնում արյունը սառչի՝ մեծ պակասորդ է, այնքան մեծ է, որ ուղղակի Սիբիրի հոտ է փչում: Գրառումները թղթապանակով թաքցնում է սերմացու ցորենի հակերի տակ, հետո է պարզում ու սկսում նոր գույքագրում: Արդյունքը նույնն է...

 Երեկոյան տուն չի գալիս: Մտածում են, որ ծանոթ -բարեկամների մոտ կլինի, բայց երբ կես գիշերն էլ է անցնում, սկսում են փնտրել: Լուսադեմին գտնում են պահեստում, օճորքից կախված: Գործին խառնվում է օրենքը, արագորեն կազմակերպվում է պահեստի պաշտոնական գույքագրում, ու երբ պարզվում է, որ ոչ մի պակասորդ էլ չկա, հարազատներին թույլատրում են հուղարկավորել հանգուցյալին:

 Դամբանական խոսք ասողը կենսագրական տվյալները ներկայացնելուց հետո ուղիղ դիմում է հանգուցյալին.

 - Վալոդ ջան, քո մահվելուց հետո ընկեր Սուջոյանի հանձնարարությամբ հանձնաժողովով от и до ստուգեցինք քո պահեստը, դեբեդն ու կրեդիտը զրո-զրո կանգնեցին, կոպեկի տարբերություն չկար, էնպես վեր տու ետ պանը չպիտի ընեիր, էտ չաթվի կտորը վիզդ քցած չպիտի լինեիր…

 Ու նորից դիմելով հուղարկավորողներին, շարունակում է.

 «Այնուհամենայնդեպս Վալոդը, չնայած պահեստապետ էր, բայց ազնիվ աշխատող էր: Նա իր բոլշեւիկյան բոլոր մանրամասնություններով նվիրված էր գործին, որն էլ նրա գլուխը կերավ: Այնուհամենայնդեպս գնաս բարով, համոզված եղիր, որ քո պահեստում պակասորդ չկա»:

 

Պատմել է երջանկահիշատակ Ազնիվ Առաքելյանը

 

 Էդոյի հայրը ծանր հիվանդ է: Գյուղում մասնավոր անասուններն արոտի հանող հոտաղ չունեն, հերթով են պահում, ու հերթն էլ եկել հասել է Էդոյին, բայց նա չի ցանկանում հորն այդ վիճակում թողնել:

 - Մի վախեցիր, բան չի լինի, հերթդ բաց մի թողնի, չեմ մեռնի, գնա,- համոզում է հայրը:

 Գյուղը հարթության վրա է: Երեկոյան նախիրը հետ բերելուց Էդոն հեռվից նկատում է իրենց դարպասի մոտ հավաքված համագյուղացիներին: Ամեն ինչ պարզ է: Մեր օրերում էլ առանձին գուղերում թաղման ժամանակ կարող եք տեսնել հեթանոսական շրջանից մնացած ծիսական որոշ արարողություններ: Օրինակ՝ հանգուցյալի արժանիքների փառաբանումը երգելու միջոցով: Էդոն մի քիչ էլ մոտենում իրենց տանը, այնքան, որ ձայնը լսելի լինի հավաքվածներին, գլխից վերեւ բարձրացնում է հոտաղի մահակն ու…երգում.

 - Վայ ապեր, հեյ, ա սուտիկ շոն, բա ասում էիր մեռնելու չեմ, խե ինձ խաբեցիր...

 Նրա ձայնի վրա հանգուցյալի մոտից պատշգամբ է դուրս գալիս մայրը եւ բակում հավաքվածների գլխի վրայով պատասխանում որդուն.

 - Ադա ասիլ չեն է, ասիլ չեն, այ եթիմ մնաս տու, հունց վեր մնացել ես: Քու ապերը հինչ մարդ էր՝ գյուղասեր, մարդասեր, ապրանքասեր, հատկապես շատ էր սիրում մեր էշին: Էշն առաջ ըրած քինում էր ծմակը փեդի, քնալուց էշը չէր նստում, կալուց էլ էշի պեռն էր թեթեւացնում...

 Հետո վերադառնում է հանգուցյալի մոտ ու շարունակում` դիմելով դագաղի շուրջ նստած կանանց.

- Լավն էր, շատ լավը: Մի էրկու օր առաջ սերտը ծու ուզեց: Քսան հավ ունենք, մինը մի ծու չի ածում: Հարեւան Աշխենից չուս հատ ծու պերեցի, օղորմի նրա հորը, ասեց՝ լոխ էփի, ուտելու եմ: Էփեցի, էրկուսը կերավ, երկուսը մնաց, ես մեռնեմ քո էն մնացած էրկու ծվին:

 Հետո անցնում է սովորական խոսակցականին.

 - Ա կնանիք, տուք լաց իլաք, քանի լուս ա, ես քնամ կովերը կթեմ…

 

 Ռեդիկ Հայրապետյան

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01