Զորավար Անդրանիկ. «Անգլիացիք մեզի ամեն քայլափոխի խաբում են», կամ այն մասին, թե ինչպես անգլիացիները խաբեությամբ խափանեցին Անդրանիկի Ղարաբաղյան արշավանքը

05.04.2024 12:30
454

...Դուրս գալով քաղաքից, զորքը թեքվեց աջ, ուղղություն վերցրեց դեպի Տեղ, ուր հասավ գիշերը: Գյուղացիները մեծ խմբերով ընդառաջ էին եկել Զորավարին ու նրա զորքին:

Տեղը մեղվանոցի էր նման, ամենքը գործի վրա էին: Գրեթե բոլոր տներն ու մարագները լեցուն էին զինվորներով։ Չորս հարյուր ղարաբաղցիներից և գանձակցիներից բաղկացած զորամասն էլ տեղավորվեց խճուղուն կից երեք-չորս մարագներում:

Նոյեմբերի 28-ի ողջ օրը եռուզեռ էր գյուղում և հարակից տարածքներում: Անդրանիկը հանգիստ ու դադար չուներ. ամբողջ ժամանակ կարգադրություններ էր անում, հրահանգներ տալիս, հաճախ համբերությունից դուրս գալով զայրանում: Չնայած Զանգեզուրի՝ հոկտեմբերի 31-ի համաժողովը միաձայն որոշել էր զորքին տրամադրել անհրաժեշտ ամեն բան, բայց շատերը դանդաղում էին իրենց պարտականությունների կատարման մեջ, ձգձգում հանձնարարությունները: «Ահա այդ վայրկյաններին է, — գրել է Հովակ Ստեփանյանը, — որ ահավոր էր դառնում Անդրանիկի զայրույթը և նրա հզոր կամքը ծեծի ու բռնության միջոցով էր ի կատար ածում ժողովի գրավոր որոշումները»1:

Զայրալից պահերից մեկի ժամանակ Զորավարին են հանձնում Գորիսից հենց նոր բերած մի նամակ: Գրել էր Գեդեոն Տեր-Մինասյանը, որը Երևան և Թիֆլիս կատարած ուղևորությունից հետո նոյեմբերի 28 (15)-ին հասել էր ք. Գորիս և իմանալով, որ մեկ օր առաջ Անդրանիկն արշավանքի է դուրս եկել, բայց դեռ գտնվում է Տեղ գյուղում, շտապ նամակ էր գրել նրան և արտահայտել իր մտահոգություններն ու տագնապները:

Վերևում ասվեց, որ զանգեզուրյան գործիչների մի խումբ Գ. Տեր-Մինասյանի գլխավորությամբ դեմ էր ղարաբաղյան արշավանքին: Այս նամակում նույնպես Գեդեոնը չէր թաքցնում իր վերաբերմունքն արդեն փաստորեն սկսված ռազմական գործողության նկատմամբ: «Ո՞ւր եք գնում, փաշա, — գրում էր նա, — տաճիկները հեռանում են. չլինի՞ թե Ձեր ներկայությունը [Ղարաբաղում] խուճապ առաջ բերե և կոտորածի առիթ լինի, որ գոնե այժմ ցանկալի չէ: Երևանում խոսվում էր, որ հայկական զորամասերը պետք է առաջնորդեն գաղթականներին դեպի Նախիջևան, Շարուր, Սարդարապատ և այլն: Անշուշտ այս խնդրում Դուք ևս խոշոր պատմական դեր պիտի կատարեք, սակայն թողնում և Շուշի եք մեկնում. «բայց ոչ իմ, այլ քոյդ եղիցին կամք»»2:

Առանց այն էլ ջղային վիճակում գտնվող Զորավարը, դուրս գալով ափերից, բռունցքը թափ տալով կողքին կանգնած Արշակ Շիրինյանի վրա, գոռում է. «Աս ալ ձեր դավաճան ինտելիգենցիան, աս եք դուք՝ բոլոր վարժապետները»:

Հրահանգները տրված էին: Մութը կամաց-կամաց տիրեց լեռնաշխարհին, և երկնակամարում փայլեցին աստղերը: Տեղ գյուղի եզերքին, մանր բլուրների կողքին սկսեցին վառվել խարույկներ։ Զինվորները խումբ առ խումբ տաքանում էին, դժվարին երթի վերջին պատրաստությունները տեսնում:

***

Ղարաբաղ տանող ճանապարհը ձգվում է Զաբուղ և Հագարո գետերի անցումների վրայով: Չորս կողմը ժայռեր են ու անդունդներ, դժվարանց կիրճեր և խիտ անտառներ՝ բլուրների հետզհետե աճող կուտակումներով: Բնակիչները՝ թուրք թե քուրդ, կատաղի թշնամանքով էին լցված հայերի հանդեպ: Այդ ձորերի ու անտառների ավազակաբարո բարքերով բնակիչները իսկական պատուհաս էին մերձակա հայկական գյուղերի համար: Զանգեզուրի ու Ղարաբաղի ծայրամասային գյուղերի վրա մշտապես ուխտադրուժ ասպատակություններ էին կատարում շրջակայքի տասնյակ մուսուլմանական գյուղերի մարդիկ։

Թուրք-քրդական ուժերին աջակից էին այդ վայրերում ապաստան գտած Նուրի փաշայի տաճկական զորամասերի մնացորդները:

Անդրանիկի արշավանքի լուրը տարածվել էր բոլոր կողմերում: Հաջի Սամլուի և Մազմազակի շրջանների թուրք և քուրդ բեկերն իմանալով այդ մասին, Սուլթան բեկ Սուլթանովի գլխավորությամբ ոտքի հանեցին իրենց ողջ ուժերը: Մուսավաթական զինված խմբերը բռնեցին Զանգեզուրի հյուսիս-արևելյան շրջանի հայկական գյուղերին իշխող բոլոր բարձունքները՝ Ծիծեռնավանքի դիմաց, Զեյվա գյուղի գլխից մինչև Մարքիզ լեռը, ինչպես նաև այդ բարձունքները շրջապատող լեռնաշղթաները:

Սուլթան բեկը մեծ ուժեր կենտրոնացրեց հատկապես սարերին փռված Ավդալար գյուղաքաղաքում և նրան իշխող բարձունքների վրա: Ավդալարից ներքև ընկած ձորերի և կիրճերի միջով էր անցնում Գորիսից սկսվող միակ խճուղին, որը մերթ բարձրանալով լեռնաշղթաները, մերթ իջնելով ձորերը, օձապտույտ գալարումներով գնում էր դեպի Ղարաբաղի դարպասը՝ Շուշի քաղաքը: Սարերի լանջերին և ձորահովիտներում ընկած թուրքական և քրդական գյուղերն իրար հետ կապված էին հատուկենտ դժվարանց կածաններով։

Նոյեմբերի 29-ի լուսածեգի մշուշը դեռ նոր էր ցրվել, երբ տրվեց վերկացի ազդանշան՝ որոտաց զորախմբի միակ թնդանոթը, և ղողանջել սկսեցին գյուղի եկեղեցու զանգերը: Քիչ հետո բոլորը ոտքի վրա էին: Անդրանիկը տվեց վերջին հրահանգները, և զորքը շարժվեց:

Նկատի ունենալով, որ գորիսեցիները քաջածանոթ են առջևում ընկած տարածքներին, Զորավարի հրամանով տեղական ջոկատները նաև ուղեցույցերի դեր պիտի կատարեին: Երկու թևերով գրոհ տալով, զորամասերը պետք է իջնեին ձորերը, թուրքական և քրդական գյուղերից քշեին զինված խմբերը, ապա կռվելով բարձրանային սարն ի վեր, գրավեին քարերով, թփերով ու փշերով ծածկված Մարքիզ բարձր լեռը և կտրեին Սուլթան բեկ Սուլթանովի թիկունքը: Հսկա լեռան վերին հատվածում դիրք էր բռնել հակառակորդի ստվար մի զորամաս, որը բարձունքից հսկում էր ստորոտները, հետևում ներքևում ընկած ձորերի անցուդարձին:

Առանց դիմադրության հանդիպելու զորքն արագ մտավ Զաբուղի կիրճը: Հակառակորդի առաջապահ ջոկատներն սկսեցին նահանջել: Հրացանների կրակոցները, կենդանիների բառաչը և շների հաչոցը իրար խառնված տարածվում ու արձագանքում էին հեռուներում3:

Ուղիղ գծով Զաբուղի ձորից մի քանի կիլոմետր էր մինչև դիմացի լեռները կպած Ղարաղշլաղ ավերված գյուղը: Մի քանի կիլոմետր, որը հաղթահարելը, սակայն, դժվարին խնդիր էր։ Այդ փոքր տարածության ձորերում որքա՜ն հայի կյանք էր մարել: Անդրանիկը մտաբերում էր հենց վերջին ամիսներին կատարված արյունալի դեպքերը: Ղարաղշլաղի բնակիչների մի մասը կոտորածից խույս տալով դեռ թաքնված էր շրջակա անտառներում: Մարքիզ լեռան մոտ, մի ձորի մեջ իրենց գերեզմանն էին գտել Էրզրումի ճակատից նույն տարվա փետրվարին Անդրանիկին ենթակա զորամասերից դասալիք եղած 217 ղարաբաղցի զինվորները, որոնք փորձել էին Գորիսից այս տարածքով անցնել հայրենի օջախները: Դրանից հետո Անդրանիկին ապավինած սովահար և համարյա անզեն գաղթականների մի խումբ օգոստոսին փորձել էր Զանգեզուրից Ղարաբաղ գնալ՝ այնտեղ ուտելիք գտնելու հույսով: Անցնելով Զաբուղ գետի կամուրջը, գաղթականների խումբը մոտեցել էր մյուս՝ Հագարո գետի կամրջին, որից քիչ անդին Ղարաբաղի հայկական հողն էր: Բայց այստեղ տեղի էր ունեցել արյունալի ողբերգություն: Հենց որ գաղթականները մոտեցել էին կամրջին, քարերի հետևում դարանակալ թուրքերը և քրդերը թաքստոցներից փոթորկալի կրակ էին տեղացել: Տալով 83 զոհ, գաղթականները հետ էին փախել և իրենց հազիվ գցել Տեղ գյուղը:

Ժամը 11-ի մոտ Հարվածող Զորամասը Զաբուղ գյուղից սկսեց բարձրանալ դեպի վերև ընկած Ավդալարի ստորոտները: Ճանապարհի որոշ մասն անցնելուց հետո զորքը դեմ առավ Զաբուղի կիրճից նահանջած և քարաժայռերի վրա ամրացած թշնամական ջոկատների ուժգին հրացանաձգությանը: Բայց Անդրանիկն ուշադրություն չդարձրեց դրան, և վաշտերը լեռների կրծքով անցնող ճանապարհով շարժվեցին առաջ, դեպի կամուրջը: Ճանապարհի դեմ-դիմաց, քարերով ու փոքր անտառներով ծածկված տարածքներում, ուր թուրքական ու քրդական փոքր գյուղեր էին, հարմար դիրքեր էին գրավել մուսավաթական ջոկատները, իսկ իր ենթականերին հրամաններ էր տալիս սարի բարձունքին թառած Ավդալար գյուղաքաղաքում նստած Սուլթան բեկը:

Ինչպես միշտ, Անդրանիկը շատ անզգույշ էր մարտի ժամանակ: Ձեռքերը վերարկուի գրպանը դրած, նա ետուառաջ էր գնում առանց ուշադրություն դարձնելու կարկտի նման թափվող գնդակներին: Զինվորների, իսկ հետո նաև Զանգեզուրի ժողովրդի մեջ խորացավ այն համոզմունքը, թե «Անդրանիկին գնդակ չի վերցնում»:

Դեմ առնելով գետի մյուս ափին ամրացած հակառակորդի ուժեղ կրակին, Անդրանիկը դեռ կամրջին չհասած, ստիպված կանգ առավ և հրամայեց պատասխան ուժեղ հրացանաձգություն սկսել։ Ծայր առավ արյունալի մարտ, Զորամասն ունեցավ բավականաչափ սպանվածներ և վիրավորներ: Սպանվեց վաշտապետի օգնական Հովհաննես Աղաջանյանը: Քյարավուզի ամրացած դիրքը գրավելու ժամանակ սպանվեց նաև ռուսական բանակում ծառայություն անցած կապիտան Ստեսարը (Ստեփան Սարգսյան)՝ մի քաջ ու անվախ մարդ: Դա ամենամեծ զոհն էր այդ արշավանքի ժամանակ: Զոհվածի մարմինը տարան Գորիս և հողին հանձնեցին մեծ շուքով:

Փոթորկալի կրակի տակ Անդրանիկի զորքն անցավ կամուրջը: Ձորերի անցումների և բարձունքների վրա ամրացած թուրքերը և քրդերը շարունակում էին ուժգին կրակ տեղալ: Երբ մութը տարածեց իր թևերը, կրակոցներն առժամանակ դադարեցին: Նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան կռիվը վերսկսվեց: Քրդական Զեյվա գյուղի գլխից մինչև հայկական Կոռնիձոր գյուղի դիմացի սարերը որոտմունքի մեջ էին:

Հաղթահարելով խոչընդոտները, հայ կտրիճներն առաջացան դեպի Ավդալարին նայող լեռները, հայտնվեցին գյուղաքաղաքից վերև ընկած սարերի վրա:

Անդրանիկի համար պարզ էր, որ եթե չգրավվի Մարքիզ լեռը, ապա առաջ շարժվելը շատ դժվար կլինի, և կորուստները կբազմապատկվեն: Նոյեմբերի 30-ի առավոտյան Զորավարը կարճատև խորհրդակցություն ունեցավ իր մոտ գտնվող հրամանատարների հետ, որից հետո արեց անհրաժեշտ կարգադրություններ. Հովակ Ստեփանյանն առաջադրանք ստացավ իր «պահեստի» ուժերով կենտրոնից անընդհատ գնդակոծել Քյարավուզի ամուր դիրքերը, խմբապետ Աղաջան Բալասանյանի հեծյալների խումբը պիտի անցներ Հագարո գետը, աջ թևով հարվածեր թշնամուն՝ ջանալով մտնել թիկունք, իսկ ձախ թևով՝ Մարքիզի ուղղությամբ ուժեղացվելու էր ճնշումը հակառակորդի վրա:

Կատարելով հրամանը, Հ. Ստեփանյանի մարդիկ կենտրոնից ուժգին կրակ բացեցին, իսկ Աղաջանի ձիավորների խումբն իր հերթին փորձեց անցնել գետը, բայց թշնամին հեծյալներին անմիջապես առավ դժոխային կրակի տակ: Խումբը ստիպված նահանջեց՝ տալով կորուստներ:

Մարքիզի ուղղությամբ կռիվը հայերի համար զարգանում էր հաջողությամբ: Հետևակ և հեծյալ ուժերը, գրավելով օժանդակ դիրքեր, թեպետ դանդաղ, հետզհետե դիմում էին դեպի լեռան գագաթը:

Երկօրյա լարված կռվից հետո Անդրանիկն ուզում էր մի փոքր հանգիստ առնել: Հենց խճուղու կողքին նա պառկեց և գլխին քաշեց յափունջին, նախապես խիստ պատվիրելով լինել աչալուրջ և անակնկալի դեպքում անմիջապե իրեն արթնացնել:

Ուղիղ կեսօրին Անդրանիկը մեկեն ոտքի ելավ և պահանջեց իր Ասլանին: Նստելով ձին, նա սլացավ դեպի Մարքիզ: Տղաները հազիվ հասցրին հեծնել իրենց ձիերը և հետևել Զորավարին:

Հովակ Ստեփանյանը հետագայում այսպես է նկարագրել այդ դեպքը.

«Հրաշալի էր Անդրանիկի վերելքը դեպի Մարքիզ։ Թշնամին պարզ նկատեց, թե ով է եկողը և ջղայնացած գնդակների կարկուտ տեղաց նրա վրա, սակայն քաջասիրտ և խիզախ երիվարը իր նույնքան քաջորդի հեծյալով շարունակ դիմում էր դեպի վեր: Տղաներն իրենց դիրքերից գոռացին՝ «Փաշան գալիս է, փաշան գալիս է», և մեկ էլ լսվեցին գոռ ուռաները: Զինվորներն իրենց դիրքերից մեկեն պոկվեցին և փոթորկի պես սլացան դեպի Մարքիզ։ Մի քանի րոպեից հետո Մարքիզ լեռան գագաթին ծածանվեց մեր կարմիր դրոշակը։ Հետո մերոնք գրավեցին համանուն Մարքիզ կամ Մարքյազ գյուղը, արյունարբուների որջը»4:

Մարքիզ լեռը գրավելուց հետո, հայկական վաշտերն առաջ շարժվեցին ու գրավեցին Սուս և Զեյվա մեծ գյուղերը։ Միաժամանակ հեծյալ 2-րդ հարյուրյակը ձախ թևով անցավ Հագարո գետի կամուրջը և, դիմադրության չհանդիպելով, մտավ Ավդալար:

Ճանապարհի վրա եղած հիմնական խոչընդոտներն արդեն հաղթահարված էին: Մասնավորապես Ավդալարի գրավումով չեզոքացվել, ըստ էության, ավելորդ էր դարձել Քյարավուզի անառիկ դիրքը, որովհետև այժմ Ավդալարից անարգել կարելի էր բարձրանալ Ղարաղշլաղի բարձունքը, գնալ Թթու ջուր (Լիսագորսկ), իսկ այնտեղից առաջանալով մտնել Շուշի:

Հայերի արագ հաղթանակներն անսպասելի էին տեղի թուրքական և քրդական գյուղերի բնակիչների համար, որոնք ավելորդ համարելով հետագա դիմադրությունը, իրենց ընտանիքները և ունեցվածքը հավաքած սկսեցին փախչել Հագարոյի ձորն ի վար։

Երբ Անդրանիկի զորքը Զաբուղ և Հագարո գետերի ավազաններում ջախջախում էր թուրք-քրդական ուժերին, այդ նույն ժամանակ կարևոր հաղթանակներ էին տանում նաև Մեղրու և Ղափանի շրջանների ինքնապաշտպանական ուժերը:

Մեղրիում բարդ իրադրություն էր ստեղծվել այն պատճառով, որ այնտեղի ինքնապաշտպանության ղեկավարների շրջանում, մասնավորապես Բոնապարտյանի, Պանդուխտի և Բաղդասարյանի միջև ծագել էին լուրջ տարաձայնություններ հետագա անելիքների շուրջ: Բոնապարտյանը գտնում էր, որ գերմանա-թուրքական դաշինքի պարտությունից հետո պետք է դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել դաշնակիցների հրահանգներին, մյուսներն այն կարծիքին էին, որ չպետք է սպասել, այլ օգտվելով նպաստավոր իրադրությունից պետք է ուժեղացնել ճնշումն ահաբեկված թուրքերի վրա, մասնավորապես՝ ազատագրել Գողթանը:

Այդ առիթով Ղափանի Ազգային Խորհրդի նախագահ Սմբատ բեկ Մելիք-Ստեփանյանն Անդրանիկին տեղյակ էր պահում, որ ինքը «քայլեր է ձեռնարկել» Բոնապարտյանի, Պանդուխտի և Բաղդասարյանի միջև տեղի ունեցող «մեծ վիճաբանությունները» հարթելու համար5: Նա նշում էր, որ չնայած ծագած բարդություններին, Մեղրու շրջանում թուրքերը ծանր պարտություններ են կրում և մեկը մյուսի հետևից թողնում իրենց բնակավայրերը6:

Ադրբեջանական մամուլն անասելի աղմուկ էր բարձրացրել Մեղրու շրջանում հայկական ինքնապաշտպանական ուժերի հաջող գործողությունների կապակցությամբ:

Այսպես, «Անդրանիկի գործողությունները» վերնագրի տակ «Ազերբայջան» թերթը տպագրել էր հետևյալ տագնապալից հեռագիրը՝7 ոմն Գաջիևի ստորագրությամբ.

 

«Զանգեզուրի գավառում, Օրդուբադից 15 վերստ հեռավորության վրա տեղի հայերը Անդրանիկի ջոկատի հետ ավերել են թաթարական ավելի քան 10 գյուղեր՝ Կիլիտը, Լեհվազը, Ն. Վարդանազուրը, Վ. Վարդանազուրը, Տեյը, Կուգաքարը, Թագամիրը եւ ուրիշներ։ Անդրանիկի ջոկատները պատրաստվում են պաշարել հետեւյալ գյուղերը. Ալիդարա, Թուգութ, Մարզիիթ, Նյուվադի եւ Էրնազուր: Բնակչությունը խուճապի մեջ փորձել է փախչել Պարսկաստան, շատ կանայք ու երեխաներ կոտորվել են Արաքսում: Փրկված բնակիչները թափառում են բաց երկնքի տակ, Արաքսի ափերին։ Առաջիկայում նման ճակատագիր է սպասվում նաեւ Զանգեզուրի գավառի եւ Օրդուբադի անպաշտպան մուսուլմաններին: Անդրանիկի ջոկատները որոշել են վերջնականապես կործանել որեւէ պաշտպանությունից զուրկ մուսուլմաններին: Ներկայումս ողջ Եվրոպան եւ ողջ աշխարհը, վար դնելով զենքերը, գոչում են խաղաղության մասին, իսկ Անդրանիկի ջոկատները հրի ու սրի են մատնում մուսուլմաններին, չքաշվելով եւ հաշվի չառնելով դաշնակից տերությունների ներկայությունը Կովկասում: Թախանձագին աղաչում ենք անհետաձգելիորեն եւ շտապ ձեռնարկել խաղաղ մուսուլմաններին պաշտպանելու միջոցներ եւ դաշնակից տերությունների ներկայացուցիչներին խնդրում ենք անհապաղ այստեղ գործուղել ադրբեջանական եւ վրացական կառավարությունների կողմից կազմված մի հանձնաժողով՝ տեղում համոզվելու Անդրանիկի կատարած գործողությունների մեջ: Օրդուբադը եւ հարեւան շրջանը՝ Զանգեզուրի գավառը, մեկ տարուց ավելի է, ինչ կտրված են դրսի աշխարհից: Փոստի եւ հեռագրի բացակայության պատճառով բնակչությունը հնարավորություն չունի բարձրագույն իշխանություններին իր վիշտը արտահայտելու, ուստի խնդրում ենք Ձեր ուշադրությունն ուղղել այս խնդրի վրա»8:

Դեկտեմբերի 3-ին (նոյեմբերի 21) Ղաթարի հանքերից Ս. Մելիք–Ստեփանյանը Զորավարին գրում էր, որ Ղափանի շրջանում նույնպես «դեպքերը ընդունել են լայն ծավալ և բոլոր ճակատների վրա ուժեղ կռիվներ են գնում թուրքերի դեմ: Առայժմ հաջողությունը մեր կողմն է, թրքությունն աներևակայելի խուճապի է ենթարկված և գլխակորույս, գրեթե առանց դիմադրության, փախուստի է դիմում: Բոլոր հարկավոր կարգադրություններն արվում են և հաջողության հասնելու համար ձեռք են առնվում բոլոր միջոցները: Մինչև այժմ ավերված են թուրքական մեծ ու փոքր 30 գյուղեր»9: Ղափանում տարած հաղթանակը, այնուհետև նշում էր Մելիք-Ստեփանյանը, տեղական նշանակություն չունի միայն, այլ «շատ նպաստավոր հետևանք կարող է թողնել Ձեր՝ Զաբուղի ձորում` ունենալիք ընդհարումների վրա»10:

Ելնելով ստեղծված նպաստավոր վիճակից, Ս. Մելիք-Ստեփանյանը Զորավարին առաջարկում էր փոփոխություն մտցնել ռազմական ծրագրի մեջ: «Չէի՞ք գտնի ավելի նպատակահարմար, — գրում էր նա,— Զաբուղի հովտից պտույտ գործել դեպի Դամիրչի-Դոնդարլու՝ «Իզզեթ» բազան, որտեղ ամբարված է ահագին քանակությամբ զինամթերք և հացի պաշար, որից հետո՝ էլի ինչպես կուզենայիք: Կ'խնդրեի տեղեկացնել Ձեր անելիքի մասին»11:

Զաբուղ և Հագարո գետերի ավազանների մի կարևոր հատվածին տիրացած հայ մարտիկները սրտատրոփ սպասում էին Անդրանիկի հրամանին, որպեսզի առաջ շարժվեն դեպի Շուշի:

Սակայն, ցավոք, Զորավարին այնպես էլ չվիճակվեց ավարտին հասցնել սկսած պատմական ռազմերթը:

Ադրբեջանի կառավարությունը եւ Բաքվում հաստատված անգլիական օկուպացիոն իշխանությունները ուշի-ուշով հետեւում էին Անդրանիկի գործողություններին եւ երբ տեսան, որ իրադարձությունները զարգանում են հօգուտ հայերի, շտապ դիմեցին զանազան հակամիջոցների՝ հատկապես դիվանագիտական:

Բաքվում մեկը մյուսի հետևից ստացվում էին թուրք ղեկավարների կողմից՝ Շուշիից եկած հեռագրերը, օգնության հասնելու եւ հայկական զորքի առաջխաղացումը կասեցնելու նրանց տագնապահար կանչերը:

Մուսավաթական կառավարությունը շտապ պաշտոնապես դիմեց Բաքվում հաստատված անգլիական սպայակույտին: Կովկասում դաշնակից զորքերի ներկայացուցիչ և Ադրբեջանում անգլիական զորքերի հրամանատար զոր. Ու. Մ. Թոմսոնի հետ մի քանի հանդիպումներ ունեցան վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին, ցարական բանակի հրետանու գեներալ- լեյտենանտ Ալի աղա Շիխլինսկին, որը ստանձնել էր ադրբեջանական բանակի ստեղծման ընդհանուր ղեկավարությունը, ռազմական նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամեդբեկ Մեհմանդարովը, հեծելազորի գեներալ-լեյտենանտ Հուսեին խան Նախիջևանսկին և ուրիշ զինվորական ու պետական գործիչներ:

Դեկտեմբերի 1-ի առավոտյան Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին հետևյալ պաշտոնական նամակն է հղում զոր. Թոմսոնին.

«Կից ուղարկում եմ Ձերդ Գերազանցությանը երեկ գիշեր իմ ստացած երկու հեռագրերի պատճենները: Այդ հեռագրերից Ձերդ Գերազանցությունը կտեսնե, թե ինչպիսի տմարդի բնաջնջման է ենթարկվում մահմեդական ազգաբնակչությունը հանցավոր հայկական հրոսակախմբերի ձեռքով, որոնց հրամանատարն է Անդրանիկը:

Օգտվելով առիթից, խնդրում եմ հավատաք դեպի Ձեզ տածած իմ կատարյալ հարգանքին:

 

Մինիստր-նախագահ ԽԱՆ ԽՈՅՍԿԻ.

Հեռագրերի պատճենները.

1) «Կարյագինից: Արդեն մի քանի օր է, ինչ Զանգեզուրի գավառում հայերն Անդրանիկի գլխավորությամբ անխնա բնաջնջում են մահմեդականներին: Ավերված ու հրդեհված են հետևյալ գյուղերը՝ Ալդարա, Մանվիր, Տուուտ, Շամիլու, Բիթնազեր, Կարզալիեմ, Մալանի, Րաղե-դամ և այլն։ Մնացած գյուղերը ևս ավերման վտանգի տակ են: Կան շատ սպանվածներ և վիրավորներ: Փրկված բնակիչները` մասամբ անցել են Պարսկաստան, մասամբ էլ` թափառում են բաց երկնքի տակ՝ Արաքսի ափերին: Այդպիսի վիճակ է սպասվում նաև Ջեբրայիլի և Շուշու գավառների մահմեդականներին: Անդրանիկի ղեկավարությամբ հայերը վճռել են անկասելիորեն ոչնչացնել մահմեդականներին, որոնք ըստ էության զրկված են որևէ պաշտպանությունից: Մեզ ապշեցնում է այն, որ այժմ, երբ ամբողջ Եվրոպան և ամբողջ աշխարհը զենքերը վար դրած հաշտություն են աղաղակում, հայերը հայտնի հրոսակապետ Անդրանիկի առաջնորդությամբ հրի ու սրի են մատնում մահմեդականներին՝ չքաշվելով Կովկասում դաշնակից պետությունների ներկայությունից: Խնդրում ենք ձեռնարկել շտապ արագ միջոցներ՝ պաշտպանելու համատարած բնաջնջվող մահմեդականներին, և խնդրում ենք, որպեսզի անմիջապես այստեղ ուղարկվի դաշնակից պետությունների և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներից կազմված մի հանձնախումբ՝ տեղում համոզվելու համար, թե ինչպիսի գազանություններ են գործում հայերը:

Ջեբրայիլի գավառի ներկայացուցիչներ՝

ՀԱՍԱՆԲԵԿՈՎ, ՋԱՄԻԼ. ՎԵԶԻՐՈՎ, ԱՂԱԵՎ, ԱՅՎԱԶՈՎ»

2) Ջեբրայիլից։ «Զանգեզուրում հայերը ավերել են թաթարական ավելի քան 50 գյուղեր։ Սպանվածների և վիրավորների թիվը հազարներով է հաշվվում։ Անդրանիկը 500 զինվորի գլուխ անցած արդեն երրորդ օրն է, ինչ պաշարել է Զաբուղը, նպատակ ունենալով անցնել Շուշի: Թուրքաց մասի (Շուշիի։— Հ. Ս.) բերդապետը մեկնել է։ Գավառապետն անգործության է մատնվել: Ազգաբնակչությունը սարսափահար փախչում է Պարսկաստան: Կազմակերպվածություն չկա։ Աղերսում ենք գոնե այժմ` անգլիական և ամերիկյան կառավարությունների ուշադրությունը դարձրեք Զանգեզուրի վրա: Ավերված են հինգերորդ գավառամասի բոլոր գյուղերը, երկրորդ, երրորդ և չորրորդ գավառամասերի գյուղերի մի մասը:

Ազգային Խորհրդի նախագահ՝

ՋԱՄԻԼ ՍՈՒԼԹԱՆՈՎ»» 12

 

Չափազանցություններով և կեղծիքներով լի սույն երկու հեռագրերին և դրանց ուղեկցող վարչապետական երկտողին զոր. Թոմսոնն անմիջապես արձագանք տվեց: Ժամը 10։35-ին անգլիացի զորավարի ստորագրությամբ հետևյալ N 501 հեռագիրն ուղարկվեց Անդրանիկին.

«Շուշի, Բաքվից, շտապ

Չորս հասցեով. Շուշիի գավառապետին, մուսուլմանական ջոկատի հրամանատարին, Շուշիում Հայկական Ազգային Կոմիտեին, Ազգային կոմիտեին՝ հանձնելու համար Անդրանիկին և Շուշիում հայկական զորքերի հրամանատարին:

Ինձ հաղորդում են, որ Դուք մտադրվել եք գրոհել Շուշիի վրա: Թուրքական զորքերին դաշնակիցները հրամայել են թողնել Կովկասը: Ադրբեջանական զորքերին դաշնակիցների կողմից հրամայված է հայերի դեմ ռազմական գործողությունների չդիմել: Որպես դաշնակիցների ներկայացուցիչ հրահանգում եմ չգրոհել թուրքական կամ ադրբեջանական զորքերի վրա: Եթե Դուք չգործեք այս կարգադրության համաձայն, Ձեզ նախազգուշացնում եմ, որ անձամբ պատասխանատու կլինեք Ձեր գործողություններով արյունահեղության տեղիք տալու համար: Այսօր մի սպա եմ ուղարկում Շուշի հանդիպելու Ձեզ հետ:

Անգլիական զորավար»13:

 

Ընթերցողը նկատում է, որ հեռագրի տակ չկա զոր. Թոմսոնի ստորագրությունը։ Տեքստից նաև երևում է, որ անգլիացի զորավարը կարծում էր, որ մինչ հեռագիրը կհասնի Անդրանիկին, նրա զորքն արդեն կլինի Շուշիում և իր ներկայացուցիչը նրա հետ կհանդիպի այնտեղ:

Նույն ժամին Շուշի է հաղորդվում նաև վարչապետ խան Խոյսկու հետևյալ հեռագիրը՝ հասցեագրված Շուշիի գավառապետին, քաղաքագլխին, Հայոց Ազգային Խորհրդին և Հայկական զինվորական հրամանատարին՝ անգլիական զորավարի հեռագիրն անհապաղ Անդրանիկին հասցնելու հրահանգով: «Առաջարկում եմ ձեզ սույն ճեպագիրն անհապաղ հասցնել զորավար Անդրանիկին եւ Շուշիում հայկական զորքերի հրամանատարին:

Մինիստր-նախագահ՝ ԽՈՅՍԿԻ»14:

 

Զոր. Թոմսոնի և վարչապետ խան Խոյսկու հեռագրերն առաջինը ստացան Շուշիի հայկական կառավարության նախկին անդամները և Վարանդայի հրամանատար Սոկրատ բեկը: Նրանք, որ ոչնչով չէին նպաստում Անդրանիկի արշավանքին, գոնե կարող էին ուշացնել չարաբաստիկ հեռագիրը Զորավարին հանձնելը՝ մինչև որ նա կմտներ Շուշի: Բայց այդ բանը չարվեց, ընդհակառակը, նրանք հերթական երկչոտությամբ որքան հնարավոր է արագ, առանց վայրկյան կորցնելու, հեռագրերն ուղարկեցին Անդրանիկին:

 

Զաբուղի կամրջի զանգեզուրյան ականջին խփած իր վրանում Անդրանիկը զրուցում էր քարտուղար Եղիշե Քաջունու և թարգմանիչ Հարությունի հետ, երբ Կոռնիձոր գյուղից շտապ եկած հեծյալը ներկայացավ Զորավարին և նրան հանձնեց հեռագրերը: Նա նաև հաղորդեց, որ դրանք դարձյալ Հարար գյուղի15 վրայով Կոռնիձոր է հասցրել մի ծեր գյուղացի, որն այնտեղ սպասում է պատասխանը տանելու համար:

Ծանոթանալով Թոմսոնի հեռագրին, Անդրանիկը տարակուսանքի մեջ ընկավ և կասկածի տակ առավ տեքստը՝ նկատելով նրա տակ անգլիացի զորավարի ստորագրության բացակայությունը: Նույն տարակուսանքը հայտնեցին նաև հեռագրին ծանոթացած սպայակույտի անդամները: «Հավանաբար թուրքերի հերթական խաղն է»,— մտածում էին նրանք։

Անդրանիկը, այնուամենայնիվ, որոշեց պատասխան ուղարկել և՛ անգլիացի զորավարին, և՛ խան Խոյսկուն16։

Թոմսոնին ուղարկած պատասխանում Անդրանիկը կասկած էր հայտնում, թե հեռագրի տակ նրա ստորագրությունն է: Նույնը նա հաղորդում էր խան Խոյսկուն հասցեագրած հետևյալ ընդարձակ պատասխանում (№ 636).

 

«Բաքու,

Ադրբեջանի մինիստր-նախագահ Խոյսկուն, չորս պատճենը՝ Շուշի՝ մուսուլմանական զորքերի Շուշիի հրամանատարին, Շուշիի Մուսուլմանական Ազգային Կոմիտեին, Շուշիի Հայկական Ազգային կոմիտեին եւ Ղարաբաղի հայկական թեմի Առաջնորդին.

Բաքվի հրամանատարի՝ անգլիական զորավարի № 501 հրահանգը ստացել եմ այսօր: Այդ կարգադրությունն իմ մեջ որոշ կասկած հարուցեց դրա իսկության վերաբերյալ:

Նախ նրանում չի հիշատակվում անգլիական զորավարի, նույն ինքը՝ Բաքվում դաշնակիցների ներկայացուցչի ազգանունը, երկրորդ, եթե այն կրել է պաշտոնական բնույթ, թվում է, ինձ պետք է հանձնվեր Շուշի քաղաքի հայ և մուսուլմանական բնակչության ընտրովի ներկայացուցիչների կամ որևէ պաշտոնական անձի կողմից, բայց, համենայն դեպս, ոչ հայի՝ Հարար գյուղի կույր ծերունու։

Ինչ վերաբերում է Զանգեզուրից դեպի Շուշի իմ շարժմանը, դրա համար ես ունեմ բազմաթիվ ծանրակշիռ պատճառներ: Ահա մեկ տարի է, ինչ թաթարները կտրել են ամեն տեսակի հաղորդակցություն Զանգեզուրի և Ղարաբաղի հայերի միջև:

Զաբուղ և Հագարո գետերի խորխորատներում ընկած են մի քանի հարյուրի հասնող դիակներն այն զինվորների, որոնք ռազմաճակատից Զանգեզուրի վրայով վերադառնում էին Ղարաբաղ։ Հուլիսին և օգոստոսին բարբարոսաբար սպանվել են հազարավոր թուրքահայ գաղթականներ, որոնց ցանկությունն է եղել բնակություն հաստատել Ղարաբաղում: Կալադարասի հայկական գյուղի լիակատար ոչնչացումը, թաթարների կողմից Զանգեզուրի հայերի վրա կատարվող հարձակումները, կողոպուտներն ու ասպատակությունները, իրենց երկրամաս վերադառնալու հնարավորությունից զրկված ղարաբաղցիների կուտակումները Զանգեզուրում և, վերջապես, մուսուլմանների թշնամական վերաբերմունքը Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ, — այս բոլորն ինձ պարտադրում են իրար հետ կապել այդ երկու երկրամասերը»17։

Հեռագրերի պատասխաններն ուղարկվեցին նույն ճամփով՝ հարարցի ծերունու միջոցով:

Բաքվից եկած հեռագիր-հրրահանգը չկանգնեցրեց Անդրանիկին: Սպաներն ու զինվորները լրացուցիչ պատրաստություններ էին տեսնում, բոլորը սպասում էին վաղվա օրը բացվելուն պես անցնել Ղարաղշլաղ, ապա՝ Շուշի:

Դեկտեմբերի 2-ի առավոտյան զորքը կազմ ու պատրաստ սպասում էր Զորավարի հրամանին:

Հանկարծ լուր բերեցին, թե խճուղու վրայով դեպի Ավդալար է գալիս մի ավտոմոբիլ՝ սպիտակ դրոշակ պարզած: Կամուրջը հսկող զինվորներին հրահանգ տրվեց ավտոմոբիլին թույլ տալ անցնելու և ընկերակցել եկողներին: Հետևակ և հեծյալ մեկական վաշտեր զինվորական պատիվ բռնեցին: Մեքենան կանգ առավ, և նրանից դուրս եկան երկու սպաներ՝ անգլիացի կապիտան Սքուերը և ֆրանսիացի կապիտան Գասֆիլդը: Ընդունելով վաշտերի ողջույնը, նրանք խնդրեցին իրենց առաջնորդել Անդրանիկի մոտ: Դա «հաշտարար պատվիրակություն» էր Բաքվից, զոր. Թոմսոնի կողմից: Սպաների հետ եկել էին նաև մի հայ թարգմանիչ և Մազմազակի Ավդալանլու գյուղացի, Ղարաբաղ-Զանգեզուրի շրջաններում իր թալաններով հայտնի Շիրինը։

 Այդ պահին Անդրանիկը գետի եզերքին էր, այգիներում: Նրան հայտնեցին Բաքվից ժամանած պատվիրակների մասին, և նա եկավ վրան: Քիչ անց այնտեղ եկան նաև պատվիրակները։ Ողջունելով Հայոց Զորավարին և արտահայտելով իրենց գոհունակությունը գերմանա- թուրքական խմբավորման նկատմամբ դաշնակից տերությունների տարած հաղթանակի առթիվ, նրանք այնուհետև Անդրանիկին հանձնեցին զոր. Թոմսոնի ստորագրությամբ, բայց առանց ամսաթվի, հետևյալ նամակը18.

«Անդրանիկին կամ Շուշի քաղաքի շրջակայքում գտնվող մյուս հայկական հրամանատարներին:

Ես տեղեկություններ ունեմ, որ Դուք մտադիր եք հարձակում գործել Շուշի քաղաքի վրա, որտեղից այժմ էվակուացված է այնտեղ գտնվող թուրքական զորքը՝ դաշնակիցների կարգադրության համաձայն:

Ադրբեջանական զորքերին դաշնակիցների կողմից հրամայված է թշնամական գործողություններ չձեռնարկել հայերի դեմ և այժմ ես, որպես դաշնակիցների ներկայացուցիչ, Ձեզ առաջարկում եմ ձեռնպահ մնալ որևէ թշնամական գործողություններից՝ ուղղված թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ:

Ես Ձեզ` նախազգուշացնում եմ, որ եթե Դուք չկատարեք ինձնից ստացած այս հրահանգը, անձամբ պատասխանատու կլինեք` Ձեր գործողությունների հետևանքով առաջացած արյունահեղության համար:

Ես Ձեզ այդ կապակցությամբ երեկ ուղարկել եմ հեռագիր: Դուք չեք կարող չիմանալ, որ իմ հրահանգների կատարումից Ձեր ամեն մի խուսափումը անպայման լրջորեն կազդի հայերի հարցի վրա, երբ այն քննարկվի Խաղաղության Վեհաժողովում:

Ես Ձեզ սույն նամակն ուղարկում եմ դաշնակիցների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության միջոցով և խնդրում եմ նրանց ստորագրություն տալ նամակի ստացման մասին:

 

Բաքվում դաշնակիցների զորքերի հրամանատար՝

գեներալ-մայոր ԹՈՄՍՈՆ

ք. Բաքու19։

 

Անգլիացի զորավարի սպառնալից և անտակտ տոնով գրած նամակից Անդրանիկը եզրակացրեց, որ Մեծ Բրիտանիան հակվում է պաշտպանելու Ադրբեջանի շահերը: Դա էր վկայում նաև Հ. Յ. Դաշնակցության՝ Ապառաժի կենտրոնական կոմիտեից ստացած նամակը, որը Զորավարին հանձնեց պատվիրակների հետ եկած հայ թարգմանիչը: Նամակում շեշտված էր, որ անգլիացիները մտադիր են Լեռնային Ղարաբաղը Զանգեզուրի հետ կցել Ադրբեջանին, ուստի բոլոր միջոցներով պետք է խափանել այդ ծրագիրը։ Կոմիտեն Զորավարին խնդրում էր կանգ չառնել կես ճանապարհին, անպայման մտնել Շուշի և կատարված փաստի առաջ կանգնեցնել դաշնակիցներին ու Մուսավաթին20:

Անդրանիկը տանջալից մտորումների մեջ էր. «Եթե արհամարհեմ անգլիացիների հրահանգը, — մտածում էր նա,— կարող եմ վնասել գործին: Շուշի մտնելով ես պետք է բնականաբար ընդհարվեմ ոչ միայն Ադրբեջանի թուրքերի, այլև անգլիացիների հետ: Թուրքերը հենց դրան էլ ձգտում են»:

Վրանում զրույցը երկար տևեց: Կողմերը վերջնական համաձայնության չեկան, բայց երկուստեք պայմանավորվեցին, որ առաջիկայում դաշնակիցների ներկայացուցիչները գալու են Գորիս և շարունակելու են բանակցություններն Անդրանիկի հետ:

«Հաշտարար պատվիրակությունը», այնուամենայնիվ, իր նպատակին էր հասել գլխավոր հարցում՝ ստացել էր հրացանաձգությունը դադարեցնելու և զորքը Գորիս վերադարձնելու մասին՝ Անդրանիկի համաձայնությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև, որ հայկական զորքը մնում է գրաված շրջանում, և Հագարո գետը սահման է դառնում Զանգեզուրի և Ադրբեջանի միջև: Քանի որ, ինչպես Զաբուղի շրջանում, այնպես էլ Գորիսում չկային հարմար շինություններ՝ զորքը ձմռանը տեղավորելու համար, ուստի Անդրանիկն առաջարկեց, որ դաշնակիցների հրամանատարությունը իրեն թույլ տա խաղաղ կերպով մտնելու Շուշի կամ Նախիջևան, որտեղ կան ընդարձակ զորանոցներ: Սպաները խոստացան այդ առաջարկը ներկայացնել զոր. Թոմսոնին և խնդիրը լուծել 10 օրվա ընթացքում։

Մութը դեռ չէր ընկել, երբ Անդրանիկը զորքին հրաման տվեց դադարեցնել հրացանաձգությունը և այլևս առաջ չշարժվել:

Դեկտեմբերի 3-ին զոր. Թոմսոնի ներկայացուցիչները մեկնեցին Շուշի: Անդրանիկը նրանց տվեց Ազգային Պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշային հասցեագրած հեռագրի մի տեքստ և խնդրեց հաղորդել Փարիզ: Զորավարը Նուբարից ակնկալում էր ծանրակշիռ աջակցություն թուրքահայ գաղթականներին սովից փրկելու համար:

Սպաների հետ Շուշի գնացին նաև Զանգեզուրի Ազգային Խորհրդի ներկայացուցիչներ Արշակ Շիրինյանը և Նիկոլայ Հովսեփյանը, որոնք այնտեղից պետք է մեկնեին Բաքու՝ դաշնակիցների հրամանատարության հետ պարզելու Զանգեզուրի հետ առնչվող մի շարք խնդիրներ։

Դեկտեմբերի 4-ին Անդրանիկի զորքը թողեց Զաբուղի ձորը, վերադարձավ սահմանային Տեղ գյուղ և գիշերեց այնտեղ: Հագարո գետի երկայնքով մնացին միայն փոքրաթիվ ջոկատներ՝ հսկելու համար նոր սահմանը:

Դեկտեմբերի 5-ին զորամասերը մտան Գորիս քաղաք. բնակիչները հաղթողներին ընդունեցին ցնծությամբ:

Դեկտեմբերի 6-ին Մանուչարյանի փողոցում զորքը տողանց կատարեց: Մ. Պարոնյանի տան դրսի պատշգամբից Զորավարն ստուգում էր զորամասերի պահվածքը և մարտունակությունը: Հաջորդ 2—3 օրերին տեղական վաշտերի մեծ մասը ցրվեց, և մարդիկ վերադարձան իրենց աշխատանքներին: Հարվածող Զորամասի ստորաբաժանումները տեղաբաշխվեցին քաղաքում և շրջանի գյուղերում:

Գորիսից Անդրանիկը հրաման հղեց «Վարանդայի, Դիզակի, Խաչենի և Ջիվանշիրի ռազմական գլխավոր հրամանատարներին, բոլոր կոմիսարներին և հայ բնակչությանը», որում ասված էր.

«Սույն հրամանն ստանալուց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները թաթարների եւ թուրքերի դեմ: Դաշնակիցները մեզանից պահանջում են վերջ դնել կռվին: Ինձ են ներկայացել դաշնակիցների ներկայացուցիչներ՝ անգլիացի եւ ֆրանսիացի կապիտաններ եւ հայտարարել, որ արդեն որոշված է Կովկասում թույլ չտալ պատերազմ: Թուրքական զորքերը պետք է հեռանան: Բաքուն եւ Բաթումը գտնվում են անգլիացիների ձեռքին, որոնք շարժվում են Թիֆլիսի վրա: Բոլոր հարցերը պետք է վճռվեն Խաղաղության կոնգրեսում: Դաշնակիցների ներկայացուցիչների միջոցով ինձ ուղարկած նամակով գլխավոր հրամանատար, անգլիական զորավար Թոմսոնը նախազդուշացնում է, որ այսուհետ ցանկացած թշնամական գործողություն կարող է բացասաբար անդրադառնալ հայկական հարցի լուծմանը»21:

Հրամանը տալուց հետո Անդրանիկը դեկտեմբերի 6-ին (նոյեմբերի 23) դիմեց «Զանգեզուրի գավառի հայ և մուսուլման բնակչությանը», որով երկու հարևան ազգերին կոչ էր անում անառարկելիորեն կատարել դաշնակիցների հրամանատարության հրամանը և անհապա դադարեցնել ընդհարումները22:

Միաժամանակ Զորավարն ընդհարումները դադարեցնելու մասին նամակներով կոնկրետ հրահանգներ ուղարկեց Ղափանի Ազգային Խորհրդին և Սիսիանի շրջանային կոմիսար Զախար Տեր-Ղազարյանին:

Ղափանի Ազգային Խորհրդին հղած նամակում Անդրանիկն անդրադառնում էր դեպի Ղարաբաղ իր առաջխաղացմանը և զոր. Թոմսոնի նամակին: «Այդ նամակով զորավարը կըներ նոյն այն հրահանգը, — նշում էր Անդրանիկը,— որը ըրած էր հեռագրով: Նոյն այդ նամակով զորավարը` կավելացներ, որ եթե երբեք շարունակվեն ընդհարումները, ապագա արյունահեղութեանց համար ևս անձամբ պատասխանատու պիտի նկատվիմ:

Այդ հիման վրա ես դադարեցուցի որեւէ ռազմական գործողություն և խոստացա ապագային եւս չընել: Ես վերադարձա Գորիս, սպասելով զորավարի նոր կարգադրութեան՝ իմ ընելիքի մասին:

Դրությունն այսպես է ուրեմն. խոստացած ենք այլևս ոչ մի ռազմական գործողություն չկատարել:

Հետեւաբար հրամայում եմ իսկույն եւեթ դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները թուրքերու դեմ, որ հակառակ իմ նախազգուշացումին եթե երբեւէ շարունակվի թշնամական գործողությունը, ես իմ վրայից վերցնում եմ որեւէ պատասխանատուություն եւ կհայտնեմ, որ այդ արյունահեղութեանց [պատասխանատուն դուք եք]...»23:

Ինչպես տեսնում ենք, Հայոց Զորավարն ավելորդ հավատ էր տածում դաշնակիցների արդարամտության և նրանց ներկայացուցիչների խոստումների նկատմամբ, մասնավորապես գերագնահատում էր զոր. Թոմսոնի հրահանգների ու կարգադրությունների արժեքը:

Այսպես վերջացավ դեպի Ղարաբաղ իր ավարտին չհասած արշավանքը։

Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ, ենթարկվելով անգլիացիների ճնշմանը, Զորավարը գործել է անուղղելի սխալ: Այդ սխալը հետագայում շատ թանկ նստեց Ղարաբաղի հայության վրա: Եթե Անդրանիկը չլսեր «դաշնակիցներին», այլ Զաբուղի ձորերը գրավելուց հետո առաջ գնար ու մտներ Շուշի, ապա Լեռնային Ղարաբաղը Զանգեզուրի հետ կցված կլիներ Հայաստանին: Անդրանիկի՝ իրեն ոչ հատուկ այդ ոչ վճռական վարմունքը ժամանակին այդպիսի գնահատական է ստացել նույնիսկ բոլշևիկյան պատմաքաղաքական գրականության մեջ24:

Ինքը՝ Անդրանիկը, հետագայում շատ է զղջացել ղարաբաղյան արշավանքը տրամաբանական ավարտին չհասցնելու համար: Տխուր մտորումների մի պահի նա դառնությամբ ասել է. «Աս անգլիացիք մեզի ամեն քայլափոխի խաբում են, բայց ի՞նչ ընենք, ո՞ւմ դիմենք, ինչո՞ւ փոքր ազգ մնացինք, բաժան-բաժան եղած, ցրված աշխարհի չորս կողմերը»25:

Զանգեզուրցին նորից առօրյա կյանքի մեջ մտավ, բայց միշտ արթուն, միշտ աչալուրջ, հույսը դրած սեփական ուժին ու կորովին:

 

 

Ծանոթություններ
 

1 «Վեմ», N 3, 1936, էջ 57: պաղա մանայ մարցեգով։

2 ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 370, ց. 1, գ. 32, թ. 18։

3 «Ալիք», 22 մայիսի 1974 թ.։

4 «Վեմ», N 3, 1936, էջ 60։

5 ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 370, ց. 1, թ. 18։

6 Նույն տեղում:

7 Հեռագիրը հավանաբար տրված էր Կարիագինոյից, որտեղ կար հաղորդիչ սարք:

8 «Азербайджан», N 56, 10 декабря  (27 ноября), 1918 г.

9 ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 370, ց. 35, թ. 19։

10 Նույն տեղում, թ. 18։

11 Նույն տեղում, թ. 19։

12 Ադրբեջանի ԽՍՀ ՊԿՊԱ, ֆ. 419, ց. 2, գ. 13, թթ. 36-37։

13 ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 370, ց. 1, գ. 52, թ. 2։

14 Նույն տեղում, թ. 3։

15 Դիզակի Հարար հայկական գյուղը, որը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, նշանակալի դեր է խաղացել Ղարաբաղ-Զանգեզուրի 1918—1921 թթ. ազատագրական պայքարի ընթացքում՝ գաղտնի հաղորդակցության համար գլխավոր կամուրջ հանդիսանալով հայկական այդ երկու գավառների միջև 19-րդ դարի վերջին Հարարն ուներ մի քանի հազար բնակիչ, Հարավային Արցախի կրթության կարևոր օջախներից էր, որտեղ միջնադարում գրվել են արժեքավոր ձեռագրեր: Գտնվելով տարանցիկ ուղիների վրա, գյուղը նաև առևտրի նշանավոր կենտրոն էր, ուներ ընդարձակ քարվանսարաներ, ուր իջևանում էին Պարսկաստանից` Շուշի, Գանձակ և ավելի հեռուներ գնացող առևտրական քարավանները: 1918 թ. Հարարը ենթարկվեց թուրքերի հարձակմանը, ավերվեց, իսկ բնակչության մեծ մասը սպանդի ենթարկվեց կամ հեռացավ այլ վայրեր: Գյուղում մնացին սակավաթիվ հայեր: 1920 թ. Դրոն և Նժդեհը ազատագրեցին Հարարը և Կոռնիձոր-Հարար-Խծաբերդ գծով Ղարաբաղը միացավ Հայկական Հանրապետությանը: Խորհրդային իշխանության տարիներին ինչպես Ղարաբաղի շատ գյուղեր, Հարարը նույնպես թուրքացվեց և 1925 թվին Ղարաբաղի Հադրութի շրջանից հանվելով, մտցվեց Ադրբեջանի Լաչինի շրջանի մեջ: Երկու հազարամյակ «Հարար» անունը կրած հայկական նշանավոր գյուղը 30-ական թվականներին վերանվանվեց Ջաֆարաբադ՝ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախկին քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովի պատվին, իսկ 1953 թ. նրա մերկացումից, պաշտոնազրկումից և գնդակահարությունից հետո վերանվանվեց Աշաղա Փարաջան։

16 Գրականության մեջ, այդ թվում Եղիշե Քաջունու՝ «Հայկական Առանձին Հարուածող Զորամասը. Գեներալ Անդրանիկ» գրքում (էջ 153) սխալմամբ նշված է, թե Անդրանիկը պատասխանել է միայն զոր. Թոմսոնի հեռագրին:

17 ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 370, ց. 1, գ. 52,  թ. 1։

18 Չնայած նամակը անթվակիր էր, բայց տեքստից հասկացվում է, որ գրված է նույն օրը՝ նոյեմբերի 2-ին, ավելի ճիշտ՝ տեքստը Բաքվից հեռագրով հաղորդվել էր Շուշի որպես ոչ թե հեռագիր, այլ՝ նամակ։

19 ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 370, ց. 1, գ. 39,  թ. 2։

20 «Վեմ», N3, 1936, էջ 62։

21 Այս հրամանը լույս է տեսել «Aзepбайджaн» թերթում: Հրամանի տակ խմբագրությունը ծանոթացրել էր, որ գեներալ-մայոր Անդրանիկի ստորագրության ճշտությունը հաստատել են Շուշիի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսը և Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարովը: Անդրանիկի սույն հրամանը «Азербайджан» թերթից ծանոթագրությամբ հանդերձ արտատպել էր «Bneред» (Բաքու) թերթը (24 հունվարի 1919 թ.), «Մշակը» (Թիֆլիս, 28 հունվարի 1919 թ.) և այլն:

22 ՀՀ ՊԿՊԱ, 1. 370, ց. 1, գ. 50, թ. 13: Հրամանի տեքստի տակ Անդրանիկն իր ձեռքով ավելացրել է. «Զանգեզուրի հայ և թաթար ժողովրդին՝ հայտարարությունը տպել և տարածել թռուցիկներով» (նույն տեղում):

23 ՀՀ ՊԿՊԱ, 1. 370, ց. 1, գ. 50, թ. 13: Հրամանի տեքստի տակ Անդրանիկն իր ձեռքով ավելացրել է. «Զանգեզուրի հայ և թաթար ժողովրդին՝ հայտարարությունը տպել և տարածել թռուցիկներով» (նույն տեղում):

24 Այստեղ փաստաթուղթն ընդհատվում է։ ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 370, ց. 1, գ. 50, թ. 15։

25 Տե’ս «Новый восток», №3, 1923, էջ 186։

26 «Ալիք», 23 մայիսի 1974 թ.։

 

 

Հրաչիկ Սիմոնյան

«Անդրանիկի ժամանակը», Գիրք Բ, Երեւան 1996 թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25